Երկու քաղաքում ապրելու լավ ու վատ կողմերը

Նստած եմ Կոպենհագեն֊Օրհուս ավտոբուսում։ Ուսապարկս սովորականից ծանր է թվում, չնայած այս անգամ հետս լրացուցիչ զույգ կոշիկ չեմ վերցնում. ամառային եղանակի հույս չկա։ Ինտերնետում փորփրում եմ, թե որ սուպերմարկետներն են բաց լինելու։ Կոպենհագենում չհասցրեցի տարեկանի հաց գնել, սուրճս էլ մոռացա հետս վերցնել։

Երբ դեռ մշտական վարձով սենյակ ունեի Օրհուսում, նման հարցեր հազվադեպ էին առաջանում. սուրճ ամենայն հավանականությամբ տանը կլիներ այնքան ժամանակ, մինչև վերջանար, տանն էլ միշտ մի որևէ տեսակի ուտելիք լինում էր ուշ երեկոյան տեղ հասնելուց սոված չմեռնելու համար։ Բայց մշտական վարձով սենյակն ուրիշ խնդիրներ ուներ։

DSC_2147-EFFECTS
Ավտոբուսով ճանապարհի մի մասը հենց այս նավի վրա է անցնում

Փաստացիորեն ունենալով երկու բնակավայր՝բնակարանային հոգսերը կրկնակի էին դառնում. նախ, ամեն ինչից ստիպված էի կրկնակի ունենալ (երկու հեծանիվ, երկու սանր, ատամի երկու խոզանակ, կրկնակի թվով ներքնաշորեր, երկու լողազգեստ, երկու ձեռք մարզական հագուստ, երկու բանկա սուրճ, կրկնակի թվով սրբիչներ ու սպիտակեղեն և այլն)։ Ինչից էլ կրկնակի չունեի, միշտ խնդիր էր առաջանում. հիմա յոգայի գորգիկս, քինդլս, հեռախոսի լիցքավորիչս, ամառային կոշիկներս, անձրևանոցս ու այլ ամենօրյա օգտագործման իրեր Կոպենհագենու՞մ են, թե՞ Օրհուսում։ Բնականաբար, ամեն ինչից երկու հատ ունենալը ֆինանսապես ձեռնտու չէ, բայց մյուս կողմից էլ կյանքը բավական անհարմար է դառնում, երբ բոլոր անհրաժեշտ իրերդ ձեռքիդ տակ չեն։

Իհարկե, տարբերակներից մեկն այն բոլոր իրերը, որոնցից մի հատ ունեի, հետս տանել֊բերելն էր, բայց այդ դեպքում շաբաթվա ընթացքում մի քաղաքից մյուսը գնալն այդքան հարթ տեղի չէր ունենա. պիտի ամեն անգամ ճամպրուկ հավաքեի, հետս քարշ տայի մի քաղաքից մյուսը։ Իսկ էսպես գոնե հնարավորություն էր լինում գրեթե դատարկ ուսապարկով գործից հետո հեծանիվով ուղիղ կայարան գնալ։

Հետո գալիս է կրկնակի գործողությունների խնդիրը։ Երկու տեղում պետք է հիշել ու հասցնել լվացք անել, գնումներ կատարել, տունը մաքրել։ Ճիշտ է՝ Կոպենհագենի բնակարանում ընկերս հնարավորինս փորձում էր տան հարցերն իր վրա վերցնել, բայց անհանգստությունը չէր անցնում։Դրան էլ գումարենք, որ Օրհուսում հաճախ չէի հասցնում գնածս ամբողջ սնունդն օգտագործել, ժամկետն անցնում էր, ստիպված թափում էի։

Կյանքիս չպլանավորված, քաոսային վիճակն էլ մի առանձին խնդիր էր։ Թեև ամեն ամիս նախապես իմանում էի, թե որ օրերին եմ Կոպենհագենում լինելու, որ օրերին՝ Օրհուսում, հաճախ էր պատահում, որ որևէ բան մինչև վերջին պահը չէր կոնկրետանում կամ վերջին պահին ինքս էի որոշում, որ լավ կլինի՝ հաջորդ օրը Կոպենհագենում լինեմ, տոմսս փոխում, մի օր շուտ էի հետ գնում։Արդյունքում՝ սոցիալական կյանքս գրեթե հավասարվել էր զրոյի։ Եթե հարմարացնում էի ընկերներիցս որևէ մեկի հետ հանդիպել, իսկական հաջողություն էր։

Երկու քաղաքում ապրելը մեկ այլ խնդիր էր ստեղծել. շաբաթը ուղիղ երկու երեկո ծախսվում էր ճանապարհի վրա, այսինքն՝ այն ժամանակը, որը պիտի ծախսվեր սոցիալիզացիայի, լողի կամ յոգայի գնալու, ընկերոջս հետ որևէ հետաքրքիր բանով զբաղվելու վրա, կորում էր գնացքում, ավտոբուսում կամ նավում նստելու վրա։

Ամառային արձակուրդից անմիջապես առաջ Օրհուսի սենյակս հանձնեցի։ Սկզբում ուզում էի ուրիշ սենյակ գտնել, բայց որովհետև դա իմ մշտական բնակավայրը չէ, ու գոյությունը պայմանավորված է միայն ու միայն Օրհուսում աշխատանքովս, ներկայացրածս պահանջները բավական խիստ էին. համալսարանին մոտ, կայարանին մոտ, կահավորված ու պարտադիր մահճակալով ու գրասեղանով (նախկին սենյակում գրասեղան չկար, ինչի պատճառով մեջքի խնդիրներ էին սկսվել), էժան։ Էդպիսի սենյակ ճարելը պարզվեց այնքան էլ հեշտ չէր, ինչքան կարծում էի, ու մինչև հիմա էլ փնտրտուքների մեջ եմ, չնայած կամաց֊կամաց դանդաղեցնում եմ փնտրտուքներս։

Արձակուրդից հետո սկսեցի միայն Օրհուսում եղած օրերիս համար առանձին սենյակներ վարձել airbnb֊ով։Սկզբում թվում էր՝ դա հսկայական գլխացավանք է լինելու. ամեն շաբաթ հարմար գնով տոմսեր առնելուն գումարվելու էր նաև հարմար գնով ու աշխարհագրությամբ սենյակ ճարելը։ Բայց արդեն երրորդ շաբաթն է, ինչ էսպես եմ ճամփորդում, ու կարծես մի քանի գլխացավանքից ազատվել եմ. լվացք ու մաքրություն բացառապես մի տեղում եմ անում, Օրհուսում սնունդ գնում եմ միայն  կոնկրետ այնտեղ գտնվելու օրերիս համար, հետևաբար թափելու հարց չի առաջանում, ինձ անհրաժեշտ բոլոր իրերս ուսապարկս եմ լցնում ու հետս տանում Օրհուս, հետևաբար որևէ բան մյուս քաղաքում չեմ մոռանում։

Նաև գրաֆիկս է ավելի կոնկրետացել։ Քանի որ Օրհուսի վարձս ըստ այնտեղ մնացած օրերի է, տոմս փոխելիս մի քանի անգամ մտածում եմ ու ընդհանրապես ամիսս բավական մանրամասն եմ պլանավորում ու որոշ հարցերում չզիջող դառնում։ Օրինակ, եթե գարնանը աշխատանքային հանդիպումներս հարմարացնում էի կոլեգաներիս, ապա հիմա չորով շաբաթվա մեջ կան օրեր, որոնք ինձ հարմար չեն։ Դա թույլ է տալիս նաև ընկերներիցս շատերի հետ նախապես պլաններ կազմել։

Բայց այս համակարգով նոր խնդիրներ են առաջացել։ Կոպենհագենում պիտի հասցնեմ լվացքս մինչև Օրհուս մեկնելս, թե չէ կարևոր հագուստիս մի մասը չեմ կարողանա հետս տանել, երբ մի բան վերջանում է, միշտ չէ, որ հիշում եմ։ Օրինակ, առաջին երկու շաբաթների ընթացքում սուրճի հարցը շատ լավ աշխատում էր. ուսապարկիս մեջ տոպրակով սուրճ էի ման տալիս ու չէի հանում, բայց անցյալ շաբաթվա վերջին սուրճս վերջացավ, ու էսօր ճամփից առաջ մոռացա նոր տոպրակ սարքել։ Դե էլ չասեմ, որ ամեն ճամփորդության ընթացքում ուսապարկս շատ ավելի ծանր է, քանի որ ամեն ինչ հետս տանում֊բերում եմ։

Մի խնդիր մինչև հիմա մնացել է. քանի որ երկու քաղաքում եմ ապրում, յոգայի կամ լողի ամսական բաժանորդագրությունը բնավ ձեռնտու չէ, որովհետև վճարելու եմ կրկնակի ու օգտվեմ կիսով չափ։ Բայց այս խնդրի լուծում են էսպես կոչված կլիպ֊քարտերը, որոնք հնարավորություն են տալիս իքս թվով ժամերի հաճախել որոշակի սահմանափակ ժամանակահատվածում (օրինակ, տասը անգամ լողավազան երեք տարվա ընթացքում կամ հինգ անգամ յոգա վեց ամսվա ընթացքում)։ Ճիշտ է՝ հաշվի առնելով յոգայի ու լողի գնալու հաճախականությունս՝ այս տարբերակն ամսական անսահմանափակ բաժանորդագրությունից թանկ է ստացվում, բայց նաև թույլ է տալիս ճկուն լինել։ Բացի դրանից, ամռանը ծովում էի լողում, հետևաբար լողավազանի կլիպներս գրեթե չեմ գործածել։

Միաժամանակ երկու քաղաքներում ապրելու գլխավոր խնդիրը, այնուամենայնիվ, ընկերոջս ամեն օր չտեսնելն է ու միասին ապրելու զգացողությունը կորցնելը։ Խնդիրն էնքան միմյանց կարոտելը չէ, ինչքան անընդհատ մեր ընդհանուր կյանքի ընդհատվածության զգացողություն ունենալը։ Արդյունքում՝ երբ ես Կոպենհագենում եմ կամ նա Օրհուսում է, ավելի շատ կարոտն առնելով ու «ժամադրությամբ» ենք զբաղված, քան ուղղակի միասին ապրելով։ Իհարկե, ամառային արձակուրդից հետո փորձում եմ Կոպենհագենում ավելի շատ ժամանակ անցկացնել, ինչը փոքր֊ինչ մեծացրել է միասին ապրելու զգացողությունը, բայց ամեն դեպքում շաբաթվա մի քանի օրը մեծ բաց է թվում։

Բայց երկու քաղաքներում ապրելն իր առավելություններն ունի։ Նախ, ընդլայնում ես ծանոթություններիդ շրջանակն ու շփվում ավելի մեծ թվով մարդկանց հետ։ Կոպենհագենի ընկերներիցս շատերը երկրից հեռացել են։ Ու Օրհուսում աշխատանք սկսելն ուղղակի հնարավորություն էր նոր մարդկանց հետ ծանոթանալու կամ արդեն ծանոթների հետ ավելի մտերմանալու համար՝ միաժամանակ չկտրվելով արդեն հարազատ դարձած Կոպենհագենից։ Հետո, երկու քաղաքները լիքը կողմերից իրար լրացնում են, ու հնարավորություն ունենալով երկուսում էլ լինել՝ ստանում եմ երկուսի լավագույնը։ Ի վերջո, Օրհուսի աշխատանքային միջավայրս բավական լավն է, երևի լավագույնը Դանիայում, իսկ ապրելով միայն Օրհուսում կյանքից ու աշխարհից կտրվածի զգացողություն կունենայի։

Ու քանի որ առայժմ, միևնույն է, այսպես էլ պիտի ապրեմ երկու քաղաքների արանքում, ավելի լավ է՝ գտնեմ, թե որ սուպերմարկետն է երեկոյան բաց։ Սուրճս ու տարեկանի հացս կգնեմ ու էլ անհագստանալու բան չեմ ունենա։ Իսկ ես արդեն հասա ափ։ Ճամփին գրելն էլ երևի ամենաարդյունավետ զբաղմունքներից մեկն է։

 

6 thoughts on “Երկու քաղաքում ապրելու լավ ու վատ կողմերը

  1. Բյուր, ես ահագին շուտվանից քո բլոգը չեմ կարդացել: Ինչի՞ ես երկու քաղաքում ապրում, լուսաբանիր խնդրեմ 🙂

    1. Ընկերոջս հետ ապրում ենք Կոպենհագենում, բայց քանի որ էնտեղ աշխատանք գտնելու հեռանկար չկար, ընդունեցի Կոպենհագենից 200 կմ էն կողմ գտնվող Օրհուսի համալսարանի աշխատանքի առաջարկը, ու հիմա երկու քաղաքում եմ ապրում։ Բայց սենց լավ ա. մի պահ երկու երկրում էի ապրում, վաբշե կոշմար էր 😀

      1. վայ մամա ջան 😀
        ես կարդալուց ահագին տագնապում էի, որ էդ գնալ գալը պատկերացնում էի:

      2. Սովորելու վրա 😀 հետո որ մի վեց ամիս հետ գնաս, Ֆինլանդիայի գրառումներս կարդաս, կհասկանաս, թե իրականում ինչ կոշմարից եմ փրկվել՝ Օրհուսում աշխատելով։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s