Կին գրողներ

Փոքր ժամանակ համոզված էի, որ կին գրողները չեն կարող լավը լինել։ Չգիտեմ՝ որտեղից էր այդ համոզմունքը, որովհետև նախ կին գրողների քիչ էի կարդացել, երկրորդ ինչ էլ կարդացել էի, բավական դուրս եկել էին։ Ընտանիքից դժվար գար, որովհետև իմ հիմնական գրական խորհրդատուները՝ մայրս, հայրս ու տատիկս, կին գրողների գրքեր նույնպես խորհուրդ էին տալիս։

Երևի հասարակությունից էր գալիս կամ ինչ-որ տեղից լսել էի ու մտածել, որ ճիշտ են ասում։ Ասում էի՝ տղամարդիկ մտածելով են գրում, իսկ կանայք՝ էմոցիոնալ։ Ասում էի՝ կանանց գրածները միշտ ինքնակենսագրական են, իսկ տղամարդիկ միշտ լրիվ նոր պատմություններ են հորինում։ Հետո պիտի հասկանայի, որ իմ սիրած տղամարդ գրողների գործերից շատերում բազմաթիվ ինքնակենսագրական տարրեր կային, իսկ կին գրողները տղամարդկանցից ոչ պակաս են հորինում։

Իսկ ամենազարմանալին այն է, որ եթե տասնվեց տարեկանում ինձ հարցնեին, թե որն է իմ սիրած գիրքը, կասեի՝ Ֆրանսուազ Սագանի «Բարև, թախիծը»

Չգիտեմ՝ պատկերացումներս ինչպես փոխվեցին, որովհետև, միևնույն է, կյանքիս գերակշիռ մասն անցկացրել եմ տղամարդկանց հեղինակած գրքեր կարդալով։ Հատուկ չեմ անում․ տղամարդ գրողներն իհարկե ավելի շատ են կամ գոնե ավելի շատ էին մինչև քսաներորդ դարի վերջ։

Երևի Ամելի Նոթոմբից սկսած էր, որ գոնե սկսեցի չխորշել կանանց գրած գրքերից։ Հետո սահմանափակվեցի միայն ամերիկացի կին գրողներին հայհոյելով։ Լայոնել Շրայվերի «Մենք պետք է խոսենք Քեվինի մասին» գրքի մասին ռիվյուի մեջ նույնիսկ կպել էի ժամանակակից ամերիկացի կին գրողներին, ու ընկերուհիս հարցրել էր՝ ինչու՞։ Իրոք, ասենք կարդացածս երկրորդ ժամանակակից ամերիկացի կին գրողն էր Շրայվերը։ Ու միայն երկուսով ո՞նց կարելի էր որոշել, թե բոլորը վատն են։ Բայց լավ էր, որ Շրայվերը վերջինը չեղավ, որովհետև բազմաթիվ հիանալի ամերիկացի ու ոչ ամերիկացի կին գրողների պիտի հայտնաբերեի։

Իսկ ժամանակի ընթացքում հասկացա, որ կին գրողներ պետք են մեզ, որովհետև գրականությունն ամբողջական չէ առանց կանանց։ Կին գրողներ պետք են, որ գրքեր գրեն կին-կին ընկերական կամ սիրային հարաբերությունների, դաշտանի ցավերի, երեխա ունենալ ուզենալ-չուզենալու, հետծննդաբերական դեպրեսիայի, սիրո ու բաժանման, մայր-դուստր հարաբերությունների ու կնոջ ապրած լիքը այլ երևույթների մասին, որոնց տղամարդիկ առաջին ձեռքից ծանոթ չեն։

Չգիտեմ՝ ոնց ստացվեց, բայց էս տարի կարդացածս ու կարդացվելիք գրքերի մեծ մասի հեղինակները կանայք են։ Իրոք հատուկ չեմ արել։ Երևի պատճառներից մեկն այն է, որ այս տարի հիմնականում քսանմեկերորդ դարի գրքեր եմ կարդում, մյուսը՝ որ դանիացի գրողների եմ սկսել կարդալ, իսկ Դանիայում գոնե գրականության մեջ երբևէ տղամարդ-կին բաժանում չի եղել, ու միշտ կին և տղամարդ գրողների թիվը գրեթե հավասար է եղել։

Ուզում եմ մի քանի բառով անդրադառնալ կանանց հեղինակած կարդացածս բոլոր տասը գրքերին։ Մի մասը հրաշալի էին, մի մասը՝ ուղղակի լավն էին, իսկ մեկը էնքան դուրս չեկավ, որ չկարողացա վերջացնել։ Զարմանալիորեն դրա հեղինակը աշխարհով մեկ ամենահայտնի կին գրողներից մեկն է՝ Կարեն Բլիքսենը։ Բայց նրան հանգիստ թողնենք, անցնենք այն տասը գրքերին, որոնք ավարտել եմ։

  1. Սալլի Ռունի – «Զրույցներ ընկերների միջև»
    Իռլանդացի հեղինակի առաջին գիրքն է։ Պատմում է Դուբլինում ապրող երկու ուսանողուհիների՝ Ֆրենսիսի ու Բոբիի մասին, որոնք մտերիմ ընկերուհիներ են ու միասին պոեզիա են կարդում։ Նրանք ծանոթանում են Մելիսա և Նիք ամուսնական զույգի հետ, և էստեղից պատմությունը զարգանում է։Գրքում Ռունին մանրադիտակով ուսումնասիրում է ընկերական, սիրային, ամուսնական, ծնողական և այլ տիպի հարաբերություններ։ Կերպարներից ոչ մեկը կատարյալ մարդիկ չեն, բայց հենց էդ ոչ կատարելություններով, կռվել-բարիշելով, իրարից նեղանալով ու ներողություն խնդրելով է, որ հարաբերությունները պահպանվում են կամ վերականգնվում։
    Գլխավոր հերոսուհին՝ Ֆրենսիսը, հաղորդակցման խնդիրներ ունի․ լիքը բաներ ուզում է ասել, բայց մեջն է պահում ու փոխարենը ինքն իրեն վնասում։ Ինքը շատ ջահել է՝ 21 տարեկան, ու էն սխալներն է թույլ տալիս, որոնք 21 տարեկանում մարդիկ թույլ են տալիս։ Հերոսուհին ինձ ահագին ծանոթ ապրումների միջով էր անցնում։ Ու էդ առումով էս գրքի հետ մի այլ կարգի էմոցիոնալ կապվածություն ձևավորվեց։Սալլի Ռունիի հաջորդ գիրքը՝ «Նորմալ մարդիկ», լույս է տեսնելու սեպտեմբերին, ու արդեն Բուքերյան մրցանակի լոնգլիսթում է։
  2. Հելլե Հելլե – «Նրանք»
    Դանիացի հեղինակի վերջին գիրքն է։ Առայժմ անգլերեն չկա, բայց ասում են՝ թարգմանվելու է։ Անբուժելի հիվանդ մոր ու դստեր հարաբերությունների մասին է։ Հելլե Հելլեն էստեղ իր լեզուն լրիվ կատարելության է հասցրել, իսկ մինիմալիստական մոտեցումը՝ այնքան հեռու, որքան Հելլե Հելլեն ի վիճակի է գնալ․ ամեն բառն էնպես խնամքով է ընտրված, որ եթե հանես, վեպը կխարխլվի։ Իսկ կարդալիս պետք է ուշադիր լինել, որ կարևոր ինֆորմացիա բաց չթողնես, որովհետև ամբողջ ինֆորմացիան բառերի մեջ է։ Հրաշալի գիրք էր։ Հենց անգլերեն տարբերակը լույս տեսնի, անպայման իմաց կտամ։
  3. Դորթե Նորս – «Միննան փորձի տարածք է փնտրում»
    Դանիացի այս հեղինակն անգլալեզու ընթերցողին ավելի վաղուց է հայտնի, քան դանիացիներին։ Միջազգային հաջողությունից հետո նոր վերադարձավ Դանիա, ու նրա գրքերի անգլերեն թարգմանություններն ավելի շուտ են տպագրվում, քան դանիերեն բնօրինակները։Գիրքը միջին տարիքի կնոջ՝ Միննայի մասին է։ Միննան երաժիշտ է։ Միննան չի կարող տանը փորձ անել։ Միննան փորձի տարածք է փնտրում։

    Գրքի նախադասություններն այ էս տիպի են։ Հելլե Հելլեի մինիմալիզմը ոչինչ է Դորթե Նորսի մինիմալիզմի կողքին․ կարճ նախադասություններ, ամեն նախադասությունը նոր տողից։ Երբ գիրքը բացում ես ու նայում տեքստին, թվում է՝ պոեզիա է։ Բայց արձակ է կարճ պարբերություններով։ Կամ պարզապես կոտրում է պոեզիա-արձակ բաժանումը։ Էլի շատ լավ գիրք էր։

    Դորթե Նորսի պատմվածքների ժողովածուն՝ «Կանադայի քարտեզը», վերջերս է լույս տեսել։ Թեթևակի թերթել եմ, «Միննայի» ոճով չի գրված։ Երևի մոտ ժամանակներս կկարդամ։

  4. Քոնի Փալմեն – «Դու ասացիր»
    Հոլանդացի Քոնի Փալմենի գրքերից վաղուց էի ուզում կարդալ, ու երբևէ մտքովս չէր անցնի, որ առաջինը կլինի «Դու ասացիր» գիրքը, որը մեկ այլ կին գրողի՝ Սիլվիա Փլաթի կենսագրականն է ամուսնու՝ Թեդ Հյուզի տեսանկյունից։ Գիրքը հենց առաջին դեմքով էլ գրված է։ Ու ահագին հետաքրքիր էր Սիլվիա Փլաթի կյանքը «մյուս կողմից» տեսնելը, իսկ ցանկացած կասկածելի, իրականությանը չհամապատասխանող հատվածի մասին կարելի է պարզապես պատասխանել, որ սա Թեդ Հյուզի տեսանկյունն է։
  5. Նորա Նաջարյան – «Սելֆի և այլ պատմություններ»
    Կիպրահայ Նորա Նաջարյանի հետ ծանոթացել եմ Կոպենհագենում, երբ եկել էր մեր գրողների խմբի հանդիպմանը։ Կարդացել եմ նաև նրա բանաստեղծություններից։ «Սելֆին» անցյալ տարի լույս տեսած կարճ արձակի ժողովածու է։ Պատմվածքները կարծես կրկնվող թեմաներ ունենան ու անընդհատ նույն հուսահատ կերպարին վերադառնան, բայց որպես ընթերցող էդպես էլ մինչև վերջ վստահ չես լինում, թե որտեղ ես նույն կերպարի հետ գործ ունենում, որտեղ՝ ոչ։ Բայց ահագին ուժեղ էմոցիոնալ ազդեցություն է ունենում։ Շատ լավն էր։
  6. Քարսոն ՄաքՔուլերս – «Սիրտը միայնակ որսորդ է»
    Ամերիկացի Քարսոն ՄաքՔուլերսի գոյության մասին չէի էլ իմանա, եթե Սյուզան Վեգան նրան նվիրված մի ամբողջական ալբոմ չթողարկեր։ Ասում են՝ անարդարացիորեն Հարփեր Լին հաջողության է հասել գրելով նույն բաների մասին, ինչի մասին Քարսոն ՄաքՔուլերսն ավելի շուտ էր գրել։ Հարփեր Լի չեմ կարդացել, չգիտեմ։ Բայց ՄաքՔուլերսի վեպը խուլուհամր մի երիտասարդի ու նրան շրջապատող հասարակ մարդկանց մասին է։ Շշմելու բան է, թե ինչպես է ՄաքՔուլերսը էդպիսի վարպետությամբ խուլուհամր գլխավոր հերոս ստեղծել։ Ահագին հետաքրքիր գործ է, հետն էլ դասական։ Կարդացեք անպայման։
  7. Սյուզան Բրյոգեր – «Նեֆրիտե կատուն»
    Դանիացի գրող Սյուզան Բրյոգերի այս գրքի մասին ասում էին՝ դանիական «Հարյուր տարվա մենություն»։ Այս բնորոշումը ճիշտ է այն իմաստով, որ «Նեֆրիտե կատուն» ընտանեկան սագա է, որն ավարտվում է ընտանիքի կործանմամբ, Մարկեսի վեպի հետ նմանություններն այսքանն են։ «Նեֆրիտե կատվի» կենտրոնական կերպարները ընտանիքի կին անդամներն են՝ Կատզեն, Լին ու Զեստեն։ Գիրքը բազմաթիվ ինքնակենսագրական տարրեր է պարունակում ու սկսվում է քսաներորդ դարի դարասկզբից, շարունակվում մինչև 90-ականններ։ Անցնում է երկու համաշխարհային պատերազմներով ու աշխարհի տարբեր մասերով (Դանիա, Լատվիա, ԱՄՆ, Թայլանդ, Շրի Լանկա և այլն)։ Վեպն այն մասին է, թե ինչպես երբեմնի հարուստ ու ամուր ընտանիքը կամաց-կամաց քայքայվում է։ Թեև դանդաղ է կարդացվում, բայց արժե կարդալ․ ահագին լավ է գրված։ Անգլերեն թարգմանությունը կա։
  8. Հելլե Հելլե – «Տուն-տեղ»
    Այս գրքի մասին առանձին գրել եմ, դրա համար շատ չեմ ծավալվի։ Էլի տիպիկ Հելլե Հելլե-ական գիրք, որը պատմում է ծննդավայր տեղափոխված մի կնոջ մասին, ու թե ինչպես է փորձում նոր տան մեջ տուն-տեղ դնել, վերականգնել հին ընկերական հարաբերությունները, նորերը ստեղծել։ Անգլերեն չկա, բայց գուցե ուրիշ լեզուներով լինի։
  9. Փաթի Սմիթ – «Նվիրում»
    Ամերիկացի Փաթի Սմիթին երևի որպես երգչուհի-երգահան գիտեք, բայց ոչ որպես գրող։ Վերջին տարիներին սկսել է նաև գրքեր գրել («Պարզապես երեխաներ», «Մ գնացք»)։
  10. Միրանդա Ջուլայ – «Առաջին վատ մարդը»
    Ամերիկացի գրողի առաջին վեպը քառասունն անց մի տիկնոջ՝ Չերիլի մասին է։ Չերիլը մենակ է ապրում ու տարված է մի երեխայով, որին հանդիպել է վեց տարեկանում։ Նրա կյանքը հիմնովին փոխվում է, երբ իր կամքին հակառակ իր տուն է տեղափոխվում իր տնօրենների դուստրը՝ Քլին։

Իսկ հիմա կարդում եմ ֆրանսիացի գրող Դելֆին դը Վիգանի «Ոչինչ չի հակառակվի գիշերվան» գիրքը, որը հեղինակի մոր մասին է, որն ինքնասպանություն է գործել, ու մարմինը դը Վիգանն ինքն է հայտնաբերել։ Դրանից հետո որոշել է մոր մասին գիրք գրել, ինչպես ինքն է ասում՝ որպես սիրո խոստովանություն։

Ու դեռ ցուցակագրված լիքը գրքեր կան, որ պիտի հասցնեմ մինչև տարեվերջ կարդալ, որոնցից մի մասի հեղինակները նույնպես կանայք են, ավելին՝ բոլորի գրքերից էլ նախկինում կարդացել եմ, այսինքն՝ այնքան են դուրս եկել, որ ուզում եմ նորից վերադառնալ նրանց։

Հույս ունեմ՝ ցուցակը հետաքրքրեց, ու կփորձեք կարդալ։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s