Վստահություն

Էս շաբաթ Օրհուսում սենյակ ճարելն ահագին բարդ գործ էր։ Ավելի ճիշտ, ուզում էի նաև շաբաթ֊կիրակի մնալ, ու Մորթենը գար մոտս, բայց որևէ խելքին մոտ տեղում գտնվող սենյակ էդ ընթացքում հասանելի չէր։ Վերջը որոշեցի գոնե երեք օր մնալ, Մորթենը հինգշաբթի կգա մոտս, ուրբաթ իրար հետ կվերադառնանք Կոպենհագեն։ Իսկ հինգշաբթի էստեղ գալու իմաստն էն էր, որ պիտի միասին լինելու մեր երրորդ տարեդարձը նշենք։

Էդպես ամրագրեցի ոչ այնքան հարմար մի սենյակ, որը մնացած անհարմարություններից բացի նաև խոհանոց ու վայֆայ չուներ ու որոշեցի, որ ամեն դեպքում Օրհուսում մշտական սենյակ ունենալու հարցը լուծել վերջապես. ամեն շաբաթ դեսուդեն չեմ ընկնի, ու շաբաթ֊կիրակի քաղաքում մնալն էլ խնդիր չի լինի։ Իրականում վերջին երեք ամիսների ընթացքում լիքը սենյակներ էի գնում նայելու, բայց ոչ մեկը չէի վերցնում. համալսարանից հեռու, կասկածելի տանտեր, ոչ հաճելի ռումմեյթ, անբավարար կահավորում և այլն, և այլն։ Այս ընթացքում միայն մի սենյակ էր եղել, որ ուզեցել եմ վերցնել, այն էլ տանտիրուհին գրել էր, թե լողարանի վերանորոգումը հունվարից տեղափոխվում է օգոստոս, ու սենյակը չի կարողանա վարձով տալ։

Այս շաբաթվա սենյակն ամրագրելիս նաև նորից փորփրեցի բնակարանային հայտարարությունները, չնայած հույս չունեի, որ մի բան կգտնեմ. ուսանողների սեզոնն էր։ Ամեն դեպքում, համալսարանի պորտալում հարմար գնով երկու սենյակ գտա ու կապվեցի տանտիրուհիների հետ։ Երկուսի հետ էլ պայմանավորվեցի այս շաբաթ հանդիպել։

Երեկ, երբ հասա այս շաբաթվա սենյակս, քիչ էր մնում՝ լացեի։ Սպասածիցս ահավոր էր. սենյակում մահճակալից բացի ուրիշ ոչինչ չկար, դարակները լիքն էին տանտիրոջ իրերով, հետևաբար ուսապարկիս պարունակությունը պիտի գետնին լցնեի։ Ու թեև գիտեի, որ խոհանոց չկար, բայց չէի պատկերացնում, թե որքան բառացի էր դա. որևէ տեսակի հարմարանք՝ թեյնիկ, գդալ, ափսե, բաժակ և այլն չկար, այսինքն՝ այս շաբաթ լրիվ դրսում եմ ուտելու։

Էս բոլորը հերիք չէ, առավոտյան պարզվեց, որ այսօր տաք ջուր չի լինելու։ Բարեբախտաբար, գործից հետո պիտի լողավազան գնայի, ու էնտեղ կարող էի ցնցուղ ընդունել։ Սառը ջրով մարմինս շփեցի ու հետո սուրճս սարքեցի. աչքաչափով մի քիչ սուրճ լցրեցի թերմոսիս մեջ, վրան սառը ջուր ավելացրի ու սկսեցի թափահարել։ Սովորաբար սառը սուրճ խմում եմ միայն շոգ ժամանակ, բայց այսօր կարծես այլընտրանք չկար։

Օրվա վերջին պիտի սենյակներից մեկը տեսնեի։ Ուրեմն այս շաբաթվա տեսնելիք երկու սենյակներն էլ քաղաքի կենտրոնում էին ու համալսարանից հեռու չէին։ Սա Օրհուսի համար բացառիկ համադրություն է. քանի որ համալսարանը բլրի վրա է, բլրի ստորոտում կամ մոտակա մեկ այլ բլրի վրա գտնվող բնակարաններից համալսարան հասնելն ահագին լուրջ տանջանք է։

Երկու տանտիրուհիներն էլ նույն անունն ունեին, ու երկու սենյակների գներն էլ նույնն էին։ Միակ տարբերությունն այն էր, որ նրանցից մեկը բավական ջերմ ու հետաքրքիր էր իր նամակներում, իսկ մյուսը չոր ու մի տեսակ վերևից նայողի տոնայնությամբ։ Առաջինի հետ հենց այսօր էի հանդիպելու, ու եթե ամեն ինչ լավ գնար, երկրորդի հետ հանդիպումս պիտի չեղարկեի։

Ուղիղ ժամը հինգին հասա բնակարան։ Բլուրն ի վար գնացող իմ սիրած փողոցի վրա էր։ Էդտեղից Օրհուսը հատկապես սիրուն է երևում, ու ի՜նչ հավես պիտի լիներ գործից տուն գնալիս ամեն օր հենց էդտեղով անցնել։ Տանտիրուհին տարիքն առած մի շատ հաճելի կին էր։ Տարածքը ցույց տվեց։ Տեսա, որ լիքը գրքեր ունի։ Ասաց, որ թոշակի անցած ուսուցիչ է, իսկ հիմա գրող է, ու իրեն լռություն է պետք, որ գրի։ Էստեղ պիտի ասեմ, որ ի տարբերություն Հայաստանի, Դանիայում ուսուցիչներն ամենազարգացած, լայնախոհ ու խելացի խավերից են։ Երբ նոր էի եկել Դանիա, Հայաստանի փորձից ելնելով՝ թերահավատությամբ էի լցված նրանց հանդեպ։ Բայց հետո տեսա, որ իմ ընկերներից շատերն իրենց PhD֊ն վերջացնելուց հետո դպրոցներում են աշխատանքի ընդունվում, շփվեցի նաև ուսուցիչների հետ, որոնք իրենց աշակերտների համար գիտությունը գովազդող ծրագրեր էին անցկացնում, ու համոզվեցի, որ քանի էսպիսի ուսուցիչներ կան էս երկրում, կարող ենք հանգիստ լինել, որ դեբիլ սերունդ չի մեծանա։

Մի խոսքով, այս տանտիրուհին էլ, սենյակն էլ անմիջապես դուրս եկան, ու դեռ էնտեղից դուրս չեկած ասացի, որ սենյակը վերցնում եմ։

֊ Էդքան արա՞գ։ Գուցե մտածե՞ս,֊ ասաց։
֊ Լիքը սենյակներ եմ տեսել։ Սրանից լավը չկա։ Ես սա եմ ուզում։
֊ Լավ,֊ ասաց,֊ ահա քեզ բանալին։

Ու միանգամից բանալին տվեց։ Վերցնելիս տատանվեցի.
֊ Ինձ էսքան վստահու՞մ ես։
֊ Դանիացիներս վստահող ազգ ենք,֊ ասաց,֊ միայն թե վարձը փոխանցիր։
Ես գիտեմ, որ դանիացիները վստահող ազգ են, բայց վստահում են միայն իրար, ու նրանցից շատերը իրենց երկրի հետ կատարվող ցանկացած վատ բան օտարերկրացիների վրա շառ անում։ Ու երևի հասկացավ մտքերիս ընթացքը, որովհետև անմիջապես ավելացրեց.
֊ Ես օտարեկրացիներին վստահում եմ։

Ու էստեղ հասկանում ես, որ էս երկրում մարդկայնությունը բնավ կորած չէ։ Երանի՜ բոլորն այս երկրում այս տիկնոջ նման լինեին։ ԴՖ֊ն այլևս երբեք քսան տոկոս չէր հավաքի։

Նրա տնից դուրս գալուց հետո հենց համակարգչովս նստեցի, վարձը փոխանցեցի, իսկ մյուս տանտիրուհուն գրեցի, որ չեմ գա սենյակը նայելու, որ արդեն գտել եմ սենյակ։

 

 

7 thoughts on “Վստահություն

  1. Իրոք հավես բան ա, երբ քեզ առանց ճանաչելու ի սկզբանե վստահում են: 🙂
    Սա կարդալիս ակամա հիշեցի Իտակայի էկոավանի էն պահը, երբ վճարովի մորի հավաքելու էինք գնացել, որտեղ դարպասը բաց էր, ու ոչ ոք չէր ստուգում, թե ինչքան հավաքեցիր, ինչքան վճարեցիր կամ արդյոք վճարեցիր հավաքածիդ դիմաց, թե չէ, չնայած նրան, որ կոնկրետ չափաբաժնի դիմաց կոնկրետ գին էր սահմանված ու գրվա, բայց վճարելը թողնված էր եկողերի հայեցողությանը: Նենց հաճելի էր էդ վստահությունը: :))) Տենց պահերին ես ուժեղ զգում, որ մարդկայնությունը վերացած չի էս աշխարհում:

    1. Ահա, շատ հավես ա 🙂 Դե էդ մորի֊ելակի պահերը ստեղ մշակույթի մաս ա, սենց թե նենց կա։ Էլի տենց վճարում, մտնում, հավաքում ես, ոչ ոք չի տեսնում ինչքան ես հավաքել։ Հետո նաև կարող ա անցնես փողոցով, ելակը կամ մորին տուփերով դրած լինի, գինը վրան, մարդ չլինի։ Տուփը վերցնում ես, վճարը բանկայի մեջ գցում ու ճամփա ընկնում։ Ոչ ոք չի ստուգում ճիշտ վճարեցիր, թե չէ։ Ու ոչ ոք չի խաբում։ Բայց դա ստեղ համատարած ա ու ամեն տեղ։

      Այ բնակարանային հարցերում պարանոյիկ են, ընդ որում՝ երկու կողմն էլ։ Թե՛վարձով տվողը, թե՛ վարձակալողը, ու դա դրսևորվում ա հիմնականում օտարերկրացիների նկատմամբ։ Այսինքն, մինչև դեպոզիտ կամ վարձ չմուծես, բանալի չես ստանա, վարձակալողն էլ ասում ա՝ չեմ մուծի, մինչև պայմանագիր չստորագրես կամ բանալի չտաս։ Ու խաբեություններ ահավոր շատ են լինում ու հենց դանիացիների կողմից։

      1. Հա, էդ պահերի հետ կապված, հիշում եմ, տարբեր առիթներով պատմել ես: Ուրեմն կարելի ա շնորհավորել քեզ հաջող գործարքի համար: :)))

      2. Հա, շնորհակալություն 😀 բայց ինձ իմ պարանոյան առայժմ հանգիստ չի տալիս։ Անընդհատ ուզում եմ մտածել՝ ինձ սխալ բանալի տվեց, փողերս առնելու ա, փախնի (ի դեպ, բավական տարածված պրակտիկա ա ստեղ)։ Բայց ինքն ահագին վստահելի մարդ էր էրևում։

      3. Անընդհատ ուզում ես հասկանալ, թե որտեղ ա փորձում քեզ գցած լինի, հա՞: 😀

      4. 😀 էնքան էլ չէ։ Որտև եթե գցել ա, ուրեմն կոնկրետ մի տեղ ա. սխալ բանալի ա տվել, փողն իրանով ա արել 😀 բայց դե իրոք շատ վստահելի էր էրևում։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s