Գրքերի ֆետիշացում

Հունիսին Օրհուսում գրական փառատոնի գլխավոր հյուրերից մեկը՝ պորտուգալացի֊անգոլացի գրող Խոսե Էդուարդո Ագուալուսան, խոսեց գիրք կարդալու մասին։ Գրողը կյանքի մի մասն Անգոլայում է անցկացրել, ու պատմում էր, թե ինչպես գիրք կարդալու մշակույթը կտրուկ փոխվեց կապիտալիստական հեղափոխությունից հետո։ Ասում է՝ երբ իր առաջին գիրքը լույս տեսավ, ինքը հայտնի գրող չէր, Անգոլայում էլ սոցիալիստական կարգեր էին, բայց գիրքը մի ամսում 50 000 օրինակով վաճառվեց. էժան էր ու բոլորին հասանելի։ Իսկ հիմա Անգոլայի բնակչության մեծ մասի համար գրքերն անհասանելի են, հետևաբար իր ընթերցողն ընդհանրապես Աֆրիկայից դուրս է։ Ասում է՝ ինքն ու իր պես բազմաթիվ այլ գրողներ կարծես ամբողջ աշխարհի համար Աֆրիկայի դեսպան լինեն, Աֆրիկայի համար չեն գրում, որովհետև էնտեղ մարդիկ չեն կարդում։ Չեն կարդում, որովհետև փող չունեն, որ գիրք առնեն։

Image result for books

Բայց Ագուալուսան կարդալը շատ էր կարևորում։ Ասում է՝ իր ընկերներից շատերը լրագրողներ են ու հաճախ զանազան աֆրիկյան պետությունների բռնապետներից հարցազրույց են վերցնում։ Ընկերներին խնդրում է, որ հարցնեն, թե այս կամ այն բռնապետն ինչ գրքեր է կարդում։ Պարզվում է՝ բռնապետները գեղարվեստական գրականություն ընդհանրապես չեն կարդում։ Ագուալուսան եզրակացնում է, որ դա կարող է պատճառներից մեկը լինել, որ նրանք բռնապետ են, որովհետև գեղարվեստական գրականություն կարդացող մարդը բավական լավ զարգացած էմպաթիա ունի։  Իսկ այս պահին Ագուալուսան զբաղված է Անգոլայում հանրային գրադարաններ կազմակերպելով, որ գրքերը բոլորին հասանելի լինեն, որ բոլորը կարողանան կարդալ։

Հարցազրույցից հետո վաճառվում էր Ագուալուսայի «Մոռացության ընդհանուր տեսություն» վեպի դանիերեն թարգմանությունը։ Որպես փառատոնի մաս, գիրքը զեղչով էր վաճառվում ու արժեր 300 դանիական կրոն (մոտ 23 000 դրամ, զրոները ճիշտ եմ տեղադրել)։

Այդ գնից սարսափած՝ սկսեցի գրախանութներ գնալ ու ուսումնասիրել, թե ինչ արժեն դանիերեն գրքերը. մինչ այդ պահն ինքս դանիերեն գրքեր միայն նվեր էի ստանում ու գնում էի միայն անգլերեն կամ ֆրանսերեն գրքեր, որոնք թեև ավելի թանկ էին, քան այլ եվրոպական երկրներում, բայց նաև համեմատական էին Դանիայում կյանքի թանկությանը (անգլերեններն արժեն 100 – 120 կրոն, ֆրանսերենները՝ մի քիչ ավելի էժան)։ Իսկ 300 կրոնը չափից դուրս թանկ էր։

Պարզեցի, որ, այո՛, դանիերեն գրքերն անգլերեններից մի քանի անգամ ավելի թանկ են։ Դա վերաբերում էր նույնիսկ Կարեն Բլիքսենի պես դասականների գրքերին, որոնք վաղուց հանրային սեփականություն են։ Փորձեցի հարցուփորձ անել, թե ինչու է այդպես։ Ինձ պատասխանեցին, որ դանիերենը փոքր լեզու է, ու որպեսզի հեղինակներն ու թարգմանիչները (բայց ամենից շատ հրատարակչությունները) եկամուտ ունենալ, ստիպված են գրքերը թանկ վաճառել։

Իհարկե, Դանիան լրիվ անվճար բաժանորդագրությամբ հանրային գրադարաններ ունի, որտեղից կարելի է ձեռք բերել այդ թանկարժեք գրքերը, բայց ամեն գրքի համար հաճախ հերթեր են լինում, ու պատահում է, որ պիտի մի քանի ամիս սպասես, մինչև հերթդ հասնի։ Հետևաբար, հաճախ ընտրության առաջ ես կանգնում. ամիսներ շարունակ սպասել, չկարդալ գիրքը կամ գնել չափից դուրս թանկ տարբերակը։

Բայց թանկ վաճառելով կանգնում ենք մի այլ խնդրի առաջ. ովքե՞ր են գնում այդ գրքերը։ Հարցի պատասխանը կարելի է ստանալ գրական փառատոններ գնալով։ Բարձրագույն կրթություն ստացած, սպիտակ գինի խմող, դասական երաժշտություն լսող ու «բարձր գրականությունից» զրուցող միջին խավն է։ Այս խավը նաև ծաղրում ու քննադատում է չկարդացողներին՝ առանց հաշվի առնելու, որ գրքերը ավելի ստորին խավերին ուղղակի հասանելի չեն։

Սպիտակ գինի խմողների խավին անդրադառնում է նաև իռլանդացի երիտասարդ գրող Սալլի Ռունին իր «Նորմալ մարդիկ» վեպում. «Գրականությունը ֆետիշացվում է կրթություն ստացած մարդկանց կեղծ հուզական ճամփորդությունների տանելու ունակության համար, որպեսզի հետո վերևից նայեն կրթություն չստացած մարդկանց, որոնց հուզական ճամփորդությունների մասին սիրում են կարդալ»։

Գրականության ֆետիշացումը Սալլի Ռունին քննադատում է նաև իր հարցազրույցներից մեկում. «Գրքերը դարձել են կարգավիճակի խորհրդանիշ, ապրանք։ Կարդալու մեջ լիքը սնոբիզմ կա։ Իմ ընկերն այնքան էլ շատ չի կարդում։ Չգիտեմ՝ ինչու պետք է դա քեզ անհանգստացնի, եթե դու ողջամիտ մարդ ես։ Իհարկե, ավելի կարևոր է, որ մեկը բարի ու պարկեշտ լինի։ Ինտելեկտի շատ նեղ մի տեսակի ֆետիշացում կա, որը սահմանվում է բարձրագույն կրթությամբ ու բազմաթիվ գրքեր ունենալով։ Կարծում եմ՝ այդ բոլորն անիմաստ է։ Ուրիշներին նվստացնելու մի ձև է»։

Եվ իրոք. միջին խավի ցանկացած տուն մտնելիս կտեսնես բազմաթիվ գրքերով լի գրադարակներ։ Սովորաբար այդ տան բնակիչները գրքերից ոչ մեկը չեն կարդացել, իսկ երբեմն նույնիսկ ձևացնում են, թե կարդացել են։ Հիշում եմ՝ մի անգամ ընկերներիցս մեկի տուն էի գնացել, որը Սիլվիա Փլաթի ողջ գրական ժառանգությունը հատորներով ուներ։ Ասում էր, որ ինքն է գնել։ Ասում էր, որ չի կարդալու, բայց դրանք կարևոր գրքեր են, որ պետք է տանը ունենալ։ Հետո նաև ասում էր, որ ինքն ընդհանրապես գիրք չի կարդում, բայց կարդում է վիքիպեդիայում այս կամ այն գրքի համառոտ ամփոփումը, որ հանկարծ ոչ ոք չիմանա, որ այս կամ այն գիրքը չի կարդացել։

Ու նրա նման էսպես շատերը կան։ Եկամուտի մի կլորիկ մաս ծախսում են գրքերի վրա, վերցնում են գինու գավաթը, նստում իրենց տաքուկ տներում կամ ներկայանում զանազան գրական միջոցառումների, խոսում «բարձր գրականությունից» ու իրենց աղքատ, կրթություն չստացած խավից բարձր դասում։ Այդ շրջանակներում ընդունված է կոնկրետ գրքեր սիրել, կոնկրետ գրքեր՝ չսիրել։ Ու որևէ տարբերվող կարծիք ունեցողներին (օրինակ՝ «Էդպես էլ «Ուլիսեսը» չսիրեցի»), անպայման  վերևից են նայում. «Նա գրականությունից բան չի հասկանում»։ Եվ եթե հանկարծ այս կիրթ խավում գտնվեն մարդիկ, որոնք չեն սիրում կարդալ, անպայման պիտի ձևացնեն, որ կարդում են, որովհետև հակառակ դեպքում կստորադասվեն մյուսներից, կկորցնեն իրենց կարգավիճակը։

Գրքերի նկատմամբ նման ֆետիշացում կա նաև Հայաստանում։ «Անտարես» հրատարակչության պաստառներից մեկի վրա, օրինակ, գրված էր «Միայն ուղտը չի սիրում գիրք կարդալ»։ Փաստորեն, հասարակության մի հսկայական զանգված, որը չի կարդում, միանգամից վիրավորական պիտակ է ստանում։

Իհարկե, ինչպես Ագուալուսան է նշում, կարդալը կարևոր է ու մեծացնում է մարդու էմպաթիան։ Բայց գրականությունը սեփական առավելությունն ընդգծելու միջոց դարձնելու փոխարեն պետք է այն հասանելի դարձնել բոլորին։ Իսկ հասանելի դարձնելու միջոցներից մեկը դրանք էժանացնելն է, դրանք կարգավիճակի խորհրդանիշ չդարձնելն է ու չպարտադրելը, որ մարդիկ կարդան։

Ի վերջո, գիրք կարդալը բազմաթիվ հետաքրքրություններից մեկն է, որ մարդ կարող է ունենալ կամ չունենալ, ինչպես կինո նայելը, ֆուտբոլը, համակարգչային խաղերը և այլն, կարող է անել շատ կամ քիչ, կարող է գրքեր գնել, օնլայն կարդալ կամ գրադարանից վերցնել դրանք՝ նայած հարմարության։ Դարձնելով այն հարստության (դրամական և մտավոր) խորհրդանիշ՝ այն սահմանափակվում է կոնկրետ խավով, դառնում այդ խավի սեփականությունը, դուրս մղում բոլոր նրանց, ովքեր այդ խավից չեն։ Բայց նույն Սալլի Ռունիի ծնողները ու նրանց պես շատերը թեև բարձրագույն կրթություն չեն ստացել, սիրում են կարդալ ու սիրում են ոչ թե որովհետև իրենց սոցիալական կարգավիճակը պարտադրում է դա, այլ որովհետև պարզապես սիրում են։

Եվ եթե իսկապես ուզում եք կարդացողները շատանան, պարզապես պետք է գրքերի գներն իջեցնել, գրադարաններն ավելի հասանելի ու բազմազան դարձնել։ Այդ ժամանակ կտեսնեք, որ կարդալը միջին խավի մենաշնորհը չէ, իսկ տանը գրքեր կուտակել կարող են իրենց թույլ տալ նաև նրանք, ովքեր բարձրագույն կրթություն չեն ստացել ու չունեն նույն եկամուտները, ինչ միջին խավը։

4 thoughts on “Գրքերի ֆետիշացում

  1. Կարծեմ սեփական անձը ավելի բարձր “ինտելեկտուալ” հարթակի վրա դնելու միտումներից մեկն էլ արտահայտվում է, երբ սովորական, ընդհանուր /ոչ մասնագիտական ուղղվածությամբ/ հավաքույթներում, հենց էդպես՝ գինու բաժակի շուրջ զրույցների ժամանակ, որոշ “կարդացածներ” իրենց խոսքը սկսում են համեմել տարբեր հեղինակներին կամ գրքերին ինչ-որ հղումներով, բայց ոչ թե կոնկրետ բացատրությամբ՝ անտեղյակի համար, այլ այնպես՝ հպանցիկ, ասես այդ գիրքը կամ հեղինակը այնպիսի հայտնի երևույթ է, որ չիմանալը կդիտվի առնվազն տգիտություն։

    1. Հաաա։ Ու որ հանկարծ համարձակվում ես ասել՝ ո՞վ ա էսինչը, միանգամից նենց են նայում վրադ, ոնց որ աշխարհի վերջին անգրագետը լինես 😀

      1. Էդ լավագույն դեպքում՝ եթե մի րոպե դադարեցնեն սեփական գիտունիկությունը ցուցադրելու հեղեղը ու շանս տան դիմացինին արտահայտվելու 🙂

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s