Թե ինչու չեմ սիրում Վենետիկը

Անկեղծ չեմ հասկանում, թե մարդիկ Վենետիկի ինչն են այդքան սիրում ու ինչու է այդքան մեծ թվով տուրիստների գրավում։ Մտածում էի՝ երկրորդ այցելությանս ժամանակ գուցե ուրիշ տպավորություն կստանամ, գուցե կտարվեմ այդքան ռոմանտիկ թվացող ջրանցքներով, կամրջակներով ու նավակներով։ Բայց առաջին օրվանից հետո տպավորություններս շատ քիչ են տարբերվում նախորդ անգամվանից։

dsc_2606

Վենետիկը ոնց որ դեկորացիա լինի. ոչինչ այնտեղ իրական չէ։ Ճաշի համար նորմալ ռեստորան ճարելը, որ քսանմեկերորդ դարում պիտի որ տրիվիալ մի բան լինի, ահագին բարդ էր. ամեն քայլափոխին տուրիստական թակարդներ, որոնցում սնվելուց հետո չգիտես՝ կենդանի կմնա՞ս, թե՞ չէ, իսկ համի մասին էլ չեմ էլ խոսում։ Ու ամեն քայլափոխին տուրիստների անվերջանալի հոսք է։

Երբ ավտոբուսից դուրս եկա ու խրվեցի մարդկանց հեղեղի մեջ, մտածեցի՝ մի քիչ առաջանամ, տուրիստական հատվածներից դուրս գամ։ Բայց փոխարենը մարդկանց բազմությունն է՛լ ավելի էր խտանում։ Իսկ նորմալ ռեստորան գտնելուց ու ճաշելուց հետո փորձեցի շարժվել դեպի Լիդո կղզի, որտեղ մեր կոնֆերանսն էր տեղի ունենալու։ Դրա համար պետք էր ավտոբուս֊նավ նստել։ Դրա համար պետք էր կենտրոն հասնել։ Բայց մինչ հասնելս հեռախոսիս լիցքը նստեց, ու մնացի Վենետիկի կենտրոնում էդպես առանց իմ տեղի մասին հստակ տեղեկության։ Կանխատեսելով նման ընթացքը՝ օդանավակայանից թղթե քարտեզ էի վերցրել։ Բացեցի քարտեզը ու չկարողացա գտնել՝ որտեղ եմ։ Փորձեցի սլաքներին հետևելով Ռիալտոյի կամուրջ հասնել։ Քայլում էի ու քայլում, մի նեղլիկ փողոցից մյուսը, մի հրապարակից մյուսը, մի կամրջից մյուսը։ Քայլում էի ու նորից հայտնվում նույն կետում, այնքան, մինչև շունչս սկսեց կտրվել, սկսեցի տագնապել։ Մարդկանց բազմության մեջ անընդհատ թվում էր, թե ինչ֊որ մեկը ծանոթ է, կպտտվի, ու ինձ հարազատ դեմք կլինի։ Ու դա անընդհատ Don’t Look Now ֆիլմն էր հիշեցնում, ինչից է՛լ ավելի էի վատանում։

Անցորդներից ճանապարհ հարցնելու իմաստ չկար. բոլորը տուրիստ էին, բոլորը հոսքերով շարժվում էին ու չգիտեին՝ ուր են գնում։ Ի վերջո, երբ հերթական անգամ նորից նույն տեղում հայտնվեցի, սլաքին հակառակ շարժվեցի ու շուտով հայտնվեցի Ռիալտոյի կամրջին։ Լիդո հասնելն իսկական թեթևացում էր։ Լիդոյում Յոենսուի ուսանողներիս հանդիպեցի։

Հյուրանոցում Սիլվիան էր։ Գնացինք միասին տեկիլա խմելու։ Խոսեցինք ակադեմիայից, խոսեցինք մեր անհանգստություններից։ Դժգոհեցինք, տխրեցինք, ուրախացանք։ Ու մտքիս մեջ անընդհատ չորս տարի առաջվա կոնֆերանսի վերջին գիշերն էր, երբ նավի վրա վեր ընկած աստղերին էինք նայում։ Չորս տարի առաջ մտքներովս կանցնե՞ր, որ Սիլվիան Կոպենհագեն կգա, իսկ հետո գործազուրկ կլինի։ Մտքներովս կանցնե՞ր, որ չորս տարի անց Օրհուսում կաշխատեմ, որ Մորթենը կլինի։ Էնքա՜ն հեռու ու էնքա՜ն միամիտ են թվում այդ ժամանակները։

Չէ՛, Վենետիկը չսիրեցի որպես քաղաք, բայց սիրում եմ որպես իմ ակադեմիական ընտանիքի հավաքատեղի։

2 thoughts on “Թե ինչու չեմ սիրում Վենետիկը

  1. Այն, որ Վենետիկը լաբիրինթոս է՝ նեղլիկ փողոցներում անվերջ պտտվելու և նույն կետին վերադառնալու առումով, երկրորդ հատկությունն էր, որով տպավորվել եմ այդ քաղաքից։ Իսկ առաջինն, այնուամենայնիվ, ռոմանտիկայի ոգին էր, որը, չնայած տուրիստների անդադար պարսին ու ժխոր-խաժամուժին, թևածում էր հնաբույր ջրանցք-փողոցների վրա՝ տռուզ վենետիկցիների երգերի միջով՝ կանգնած գոնդոլաների մեջ և նվագելով ինչ-որ գործիք, ճաշելու գողտրիկ սեղանիկները՝ ջրանցքներին նայող։ Ես ընդհանրապես ռեկլամին ու հանրային ընդունված կարծիքներին ի սկզբանե թերահավատորեն եմ տրամադրված, բայց պիտի խոստովանեմ, որ Վենետիկում մի պահ ուզեցի լինել նոր-նոր սիրահարված աղջնակ՝ զուգընկերոջ հետ արձակուրդի, քան թե ընտանիքով-երեխաներով, թեև գոհ եմ անշուշտ, որ ընտանիքով էի 🙂

    1. Վենետիկում ռոմանտիկայի ոգի ընդհանրապես չզգացի, չնայած որ տուրիստների մեջ լիքը զույգեր կային: Ոչ էլ ջրանցքներին նայող սեղանները գրավեցին. որպես կանոն, դրանք ամենաթանկ ու ամենաանորակ ուտելիքով տեղերն են: Չգիտեմ, ես երևի նաև երես եմ առել Եվրոպայում ապրելով ու էնքան բան տեսնելով, որ Վենետիկն էլ զարմանալի չի ու նույնիսկ տհաճ ա:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s