Տարօրինակ օր

Երեկ տարօրինակ օր էր։ Ամբողջ օրն ընկած նորվեգացի էի փնտրում։ Անհավատալի էր, որ ամբողջ Դանիայով մեկ, իսկ հետո նաև ամբողջ աշխարհով մեկ անհնար էր գտնել մի նորվեգացի տղամարդու, որը կհամաձայներ ձայնագրվել։ Հետո տուն եկա, որ պատրաստվեմ յոգայի գնալ։ Պառկած սպասում էի՝ երբ է ժամը գալու։ Մեկ էլ վեր կացա, գրանցումս հանեցի ու որոշեցի չգնալ։ Չգիտեմ՝ ինչ բզիկ էր մոտս։ Անցյալ շաբաթ այս նույն ուսուցիչը դուրս չէր եկել։ Ու այս յոգա դպրոցում էլ անընդհատ նույն հերթականությամբ նույն ասանաներն են անում, նույնիսկ երբ ուսուցիչները տարբեր են։ Ամեն դեպքում, մինչև հիմա չէի ձանձրացել ու հավեսով էի գնում։ Երեկ դասից քսան րոպե առաջ գրանցումս չեղարկեցի։

Ամբողջ երեկոն անցավ թեյի հսկայական բաժակը ձեռքիս։ Սկզբում Բայեզյան ստատիստիկայի օնլայն դասն էի անում։ Անում էի ու մտածում՝ խելքս լրիվ թռցրել եմ։ Գործից հոգնած գալիս եմ տուն, հետո նստում կոմպի դիմաց ու մաթեմատիկական հաշվարկներ անում։ Տանտիրուհիս ասում է՝ շատ եմ աշխատում, պիտի մի քիչ հանգստանամ։ Իսկ ես մտածում եմ՝ ինչ պոստդոկը սկսել եմ, լրիվ խելքս թռցրել եմ։ Ամբողջ կյանքս ձեռ եմ առել երեկոյան աշխատող ակադեմիկներին, իսկ հիմա երեկոներս անցկացնում եմ նոր բան սովորելով, որն անմիջականորեն կապված է աշխատանքիս հետ։

Ընդհանրապես, պոստդոկ լինելը հետաքրքիր բան է։ PhD֊ի ընթացքում կարծես սովորում ես սովորել, իսկ պոստդոկի ընթացքում՝ էդ հմտություններդ գործածում ես ուղեղդ հնարավորինս շատ բան լցնելու համար։ Մի օր երևի առանձին կգրեմ պոստդոկի կյանքի մասին։

Բայեզյանի կուրսն անելուց հետո պառկեցի մահճակալին ու հարյուր էջ կարդացի։ Ավելի երկար էլ կկարդայի, եթե քնելու ժամը չգար։ Հետաքրքիր է. տարիքի՞, թե՞ փորձի հետ երեկոն սոցիալ մեդիայում անցկացնելու սովորույթը գնալով վերանում է։ Մի չորս տարի առաջ ֆեյսբուքի դեմ միջոցներ էի ձեռնարկում, որ ժամանակս չուտի։ Իսկ հիմա դրա կարիքը նույնիսկ չեմ տեսնում։

Երեկ տարօրինակ օր էր, որովհետև յոգայի դասս չեղարկեցի ու ամբողջ երեկոն նվիրեցի ուղեղի աշխատանքին ամբողջ օրն ուղեղի աշխատանք անելուց հետո։ Յոենսուում նման բան չէր լինի. էնտեղ ուղեղը քամվում էր մինչև վերջ։

2 thoughts on “Տարօրինակ օր

  1. Բյուր, բայց տես, սովորություն չդարձնես ֆիզիկականը մտավորով փոխարինելը: Լավ հետևանքներ չի ունենա:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s