Նինան

Կոպենհագենում սնկի պես աճում են ընթերցանության ակումբները։ Մի նոր ակումբի առաջին հանդիպումը երեկ էր, գրքերի թեման՝ ֆեմինիզմը։ Անկեղծ ասած՝ չգիտեի, հաճախելու՞ եմ այդ ակումբը, թե՞ ոչ․ նախ, ֆեմինիստական գրականությանը որոշ վերապահումներով եմ մոտենում։ Էս պահին ինձ ավելի շատ ֆեմինիզմին/գենդերային խտրականությանը վերաբերող գիտական նյութերն են հետաքրքրում, որոնք պարբերաբար փորփրում եմ։ Հետո, իմ խառը գրաֆիկի արդյունքում ես երբեք չգիտեմ՝ Կոպենհագենու՞մ եմ լինելու այդ օրը, թե՞ ոչ։ Այնուամենայնիվ, քանի որ Մորթենը քաղաքում չէր, ես էլ ավելի հետաքրքիր անելիք չունեի, որոշեցի առաջին հանդիպմանը գնալ։

Հանդիպումը «Պալուդան» սրճարանում էր։ Դա քաղաքի ամենապոպուլյար սրճարաններից է (նաև իմ ամենասիրածներից), ու միշտ որևէ բան պատվիրելու համար հսկայական հերթեր են (Դանիայում սրճարաններում ինքնասպասարկում է)։ Ակումբի կազմակերպիչը՝ Շառլոթը, մի հսկայական սեղան էր պատվիրել, որ բոլոր տասներեքս տեղ անենք։ Ու քանի որ շատ էինք, հերթով էինք գնում որևէ բան պատվիրելու։ Էդպես հերթական խումբը վեր կացավ, որ գնա հերթ կանգնելու։ Մեկ էլ հենց էդ պահին լսում եմ, որ մի աղջիկ մի տղամարդու հարցնում է, թե որտեղ է ընթերցանության ակումբը, իսկ տղամարդը պատասխանում է, որ չգիտի։ Լսում եմ խոսակցությունը ու ձեռքով ցույց տալիս դեպի սեղանը․

— Այնտեղ,- ասում եմ։

— Որտե՞ղ,- ասում է աղջիկը,- ես չեմ տեսնում։

— Մեջքիդ հետևում,- պատասխանում եմ,- գնա՞նք։

Բռնում է ուսիցս, տանում եմ սեղանի մոտ, բայց ասում է, որ ուզում է հերթ կանգնել։ Միասին հետ ենք գալիս։ Հերթը մի քիչ էլ է երկարել։ Ներկայանում է․

— Նինա,- ու ձեռքը պարզում է օդի մեջ, այլ ուղղությամբ։ Սեղմում եմ ձեռքը, ներկայանում։

Հերթի մեջ կանգնած ժամանակ խոսում ենք։ Նինան մագիստրատուրայի ուսանող է։ Կոպենհագենի համալսարանում համակարգչային լեզվաբանություն է սովորում։ Հիմա թեզի վրա է աշխատում։ Քանի որ հենց այդ նույն ամբիոնում ժամանակին PhD եմ արել, երբ դեռ նույն ամբիոնը չէր (իմ ավարտելուց հետո երկու ամբիոնները միացան իրար) ու քանի որ հիմա աշխատանքս ավելի շատ դեպի համակարգչային լեզվաբանություն է գնում, ահագին ընդհանուր թեմա ունեինք։ Ու հերթի մեջ կանգնած ամբողջ քսան րոպեն զրուցում էինք մեր մասնագիտություններից, ֆեմինիզմից ու լիքը այլ բաներից։ Ժամանակ առ ժամանակ տեղեկացնում էի, թե դեռ քանի հոգի կա մեզնից առաջ կամ որ մի քանի քայլ առաջ գնալու ժամանակն է։ Էդպես քայլերից մեկի ժամանակ Նինան իր ձեռնափայտով դիպավ դիմացի կանգնածին, հասկացավ, որ շատ է առաջ գնացել, ծիծաղեց․

— Անընդհատ լինում են էսպիսի բաներ։

Երբ մեր հերթը հասավ, սկզբում Նինան պատվիրեց։ Վճարելիս չէր գտնում քարտի ապարատը։ Աշխատակցուհին բռնեց ձեռքը, մոտեցրեց ապարատին, որ վճարվի։ Երբ մեր պատվերները պատրաստ էին, Նինան թևս մտավ, ու վերադարձանք սեղան։

Սեղանի շուրջ սկսվեց քննարկումը։ Սկզբում բոլորս ներկայացանք ու պատմեցինք, թե ինչու ենք խմբում։ Պարզվեց՝ ներկաներից շատերը տղամարդկանց գերակշռությամբ ոլորտներից են (ծրագրավորողներ, ֆիզիկոսներ), ու բնականաբար անընդհատ տարբեր խնդիրների առաջ են կանգնում։ Կային նաև այնպիսիք, ովքեր կանանց գերակշռությամբ ոլորտներից էին ու ասում էին, որ իրենց հետաքրքրում է, թե ինչից է, որ ուսանողները բոլորը կանայք են, ղեկավարությունը՝ տղամարդիկ։

Էդպես ընտրեցինք նաև հաջորդ գիրքը, իսկ հետո, քանի որ սեղանի ծայրից ծայր իրար լսելը դժվար էր, մեր ծայրում առանձին խոսակցություն սկսեցինք, որին մասնակցում էին երկու գերմանացի ուսանողներ, Նինան ու ես։ Գերմանացի ուսանողները զարմանում էին, որ Դանիայում կանայք գենդերային խտրականությունն ավելի թեթև են տանում։ Բացատրում էին, որ երևի պատճառն այն է, որ քանի որ համեմատաբար առաջ են այդ հարցերում, այլևս ջղային լինելու պատճառ չեն տեսնում։ Նինան նշեց, որ ինքն իր ուսումնական հաստատությունում որպես ծրագրավորող լիքը խտրականության է արժանանում։

— Միայն թե չգիտեմ՝ կույր եմ, դրա՞ համար, թե՞ որ կին եմ, դրա համար։

Հետո անցանք մեր կարդացած գրքերը քննարկելուն։ Նինան լիքը գրքեր խորհուրդ տվեց։ Գրանցեցի գուդրիդսում, որ հետո փորփրեմ։ Գերմանացի ուսանողները շուտով գնացին։ Ես ու Նինան խորացանք գենդերային խտրականության հարցերի մեջ Դանիայում ու Հայաստանում ու թե ինչքան հետ է Հայաստանը։ Հարցրեց կրոնի դերի մասին։ Փորձեցինք հասկանալ՝ քրիստոնեությու՞նն է, թե՞ հարևաններից վարակված մահմեդականությունը Հայաստանում։ Ու խարացանք լիքը։ Նինան ֆեմինիստական գրականությունը տակնուվրայով գիտեր։ Ու ամբողջ խոսակցության ընթացքում իրար չէինք նայում։ Հանկարծ նկատեցի, թե ինչքան հեշտ ու անջանք է առանց իրար երեսի նայելու զրուցելը։

Շուտով պիտի գնայի։ Նինային հարցրի՝ կարո՞ղ է տուն հասնել։ Ասաց՝ եթե իրեն մեկը մետրո հասցնի, կհասնի։ Ասացի՝ այդ ուղղությամբ եմ գնում, կարող եմ տանել։ Վերցրի հեծանիվս, Նինան մտավ թևս, ու քայլեցինք դեպի մետրո։ Փողոցն ահագին մարդաշատ էր։ Երբ դանդաղում էինք, բացատրում էի, որ դիմացից լիքը մարդ է գալիս։ Մետրոյի մոտ պիտի փողոցն անցնեինք, ասացի՝ կարմիր է։ Հետո ծիծաղեցի․ ախր լուսակիրները ձայներ էլ են հանում, ու Նինան շատ լավ գիտեր, որ կարմիր է։

Երբ հասանք մետրո, հարցրի, թե արդյոք կուզի, որ իրեն հասցնեմ պլատֆորմին։ Ասաց՝ իրեն միայն աստիճաններն են պետք։ Եթե կանգնացնեմ աստիճանների մոտ, ինքը կգնա։ Էդպես էլ արեցի։

“See you next time,” ասաց Նինան ու ձեռնափայտով շոշափելով աստիճանները՝ իջավ ներքև։

Ու ես մտածում եմ հիմա։ Մտածում եմ՝ ի՜նչ հրաշալի է, որ Նինան ազատ շրջում է քաղաքում։ Իսկ դա հնարավոր է, որովհետև պետք եղած դեպքում մարդիկ օժանդակում են իրեն։ Մտածում եմ՝ ինչ մեծ վստահություն ու քաջություն է պետք մարդկանց հենց էդպես հարցնելու համար։ Ու նաև մտածում եմ, թե ինչքան չշփվող եմ ես ու ինչքան հեշտ շփումը ստացվեց Նինայի հետ։ Իհարկե, մի կողմից ինքն էլ էր բավական շփվող ու զրույցներ նախաձեռնող։ Բայց մյուս կողմից երբ դիմացինը քեզ չի տեսնում, մի տեսակ ոնց որ մի առաջնային պատնեշ հաղթահարվում է անմիջապես, հայացքները, դեմքի արտահայտությունը ու մնացած վիզուալ ինֆորմացիան դառնում է անկարևոր, և մարդուն ճանաչում ես շփման հենց առաջին վայրկյաններից։

6 thoughts on “Նինան

  1. Հետաքրքիր փորձառություն էր, փաստորեն: 🙂
    Ի դեպ, ես դա վաղուց եմ հայտնաբերել: Հիշում եմ` դեռ Հայաստանում ուսանող տարիներիս, երբ որևէ մտերիմ մարդու ինչ-որ շատ անձնական բան պիտի պատմեի, կամ նենց էինք նստում, որ ինձ չտեսնեին պատմելուս ընթացքուm, կամ, եթե արդեն մութ էր, լույսն անջատել էի տալիս: 😀 Ինձ լիաժեք անկաշկանդության համար էդ պայմաններն էին պետք: :))) Հիմա էլ, հատկապես ինչ-որ լուրջ, ինձ հետաքրքրող կամ հուզող խոսակցության ժամանակ չեմ նայում դիմացինի դեմքին, իմ բնական վիճակն էդ ա: Էն որ ասում ա` քանի որ խոսելիս պետք ա աչքերի մեջ նայել, էնքան էի կենտրոնացել զրուցակցիս աչքերի մեջ նայելու վրա, որ խոսակցությունից բան չհասկացա: 😀 Ինձ մոտ լրիվ տենց ա: Դրա համար սովորաբար դիմացինի աչքերը հանգիստ եմ թողնում, որ մտքերս էլ համապատասխան ազատ ու անկաշկանդ լինեն: :)))

    1. Դե զրուցակցի դեմքին չնայելն ինտրովերտային հատկանիշ ա: Ես միշտ ինձ ստիպում եմ նայել, ու ահագին էներգիա ա գնում ինձնից

  2. Այդ պատճառով էլ վիրտուալ շփումներն ուրիշ խորություն կարող են ապահովել էն անպայմանականության շնորհիվ։

    1. Եսի՞մ։ Ես վիրտուալ շփումներից սարսափելի հիասթափվել եմ ու աշխատում եմ հեռու մնալ։

      1. Վիտուալ շփումների մեջ միայն մնալն ու խորանալը փակուղի ա ու ի վերջո քայքայելու ա հարաբերությունը։ Ես նկատի ունեի, որ իմ կարծիքով նախընտրելի ա վիրտուալ հարաբերությամբ սկսել առաջին ծանոթացումը, որը թույլ կտա բուն մարդուն բավականաչափ ծանոթանալ առանց արտաքին նախապայմանների (քթի մեծությունը, բոյը, քսակի չափը :)) ), որոնք հետո, եթե մարդը քեզ ներդաշնակ ա, կդառնան երկրորդական։

    2. Այսինքն, ավելի շուտ սենց ասեմ։ Վերջին տարիներին վիրտուալ շփումներն էլ են իրենց որակը փոխել տեխնոլոգիական առաջընթացի հետ։ Գուցե մի օր առանձին գրառմամբ գրեմ, թե ինչ ա տեղի ունենում։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s