Թերապևտիկ գրառում ամեն ինչի՝ թարս ընթանալու մասին

Առավոտը քնիցս վեր թռա։ Սովորաբար ութից մի քիչ առաջ աչքերս թեթևակի բացում եմ, կամաց֊կամաց արթնանում ու ուղիղ ութին ոտքի վրա եմ։ Բայց այս առավոտ ութից մի քիչ առաջ ուղղակի վեր թռա։ Երազ էի տեսնում։ Երևանում էի, ուրբաթ երեկո էր։ Հերթով ընկերներիս գրում էի, որ դուրս գանք միասին, ոչ ոք չէր պատասխանում կամ չէի գտնում նրանց ֆեյսբուքի ընկերներիս մեջ։Հենց աչքերս բացեցի, միանգամից անկողնուցս դուրս թռա։

Լողանալուց ու հագնվելուց հետո գնացի խոհանոց, որտեղ սովորաբար ամեն առավոտ տանտիրուհուս հետ մի կես ժամ զրուցում ենք։ Այս անգամ ժամանակ չունեի. ժամը տասին ձայնագրություն էի նշանակել, պիտի մի քիչ շուտ հասնեի, որ հասցնեի կոմպիս մեջ որոշ ֆայլեր պատրաստել, մեյլեր գրել ու այլ մանր֊մունր գործերով զբաղվել։ Էդպես փորձեցի թաքուն սողոսկել դեպի խոհանոց ու սուրճս սարքել, բայց տանտիրուհիս ինձ բռնացրեց ու սկսեց խոսել Շառլ Ազնավուրից, այն մասին, որ չգիտեր, որ հայ է, խոսեց դանիացի Ազնավուրի՝ Քիմ Լարսենի մասին, որը Ազնավուրից մի օր առաջ էր մահացել, խոսեց լիքը այլ բաների մասին։ Հյուրասենյակի մեջտեղում կանգնած էի՝ սուրճի բաժակը ձեռքիս։ Սիրտս էնքան արագ էր խփում, որ թվում էր՝ ուր որ է կուշաթափվեմ։ Բայց տանտիրուհիս խոսում ու խոսում էր։

Երբ մի կերպ պոկվեցի ու մտա սենյակս, արդեն համարյա 9֊ն էր։ Հիշեցի, որ չհասցրի որևէ ուտելու բան վերցնել խոհանոցից, բայց էնտեղ վերադարձողը չէի։ Էդպես սուրճս խմեցի ու ընթացքում մեյլերս գրեցի, որ հասցնեմ։ Հետո սկսեցի պայուսակս հավաքել. երեկոյան Կոպենհագեն էի գնալու։ Հավաքելու պահին էնքան լարված էի, որ համակարգիչս ընկավ գետնին։

Տնից համալսարան ամենաշատը տասնհինգ րոպեի ճանապարհ է։ Երբ հասա համալսարան, արդեն 9:40 էր։ Գրասենյակ գնալու իմաստ չկար. ստուդիան պիտի հասցնեի պատրաստել ձայնագրության համար։ Արագ մտա ճաշարան, մի քրուասան գնեցի ու ճամփին ուտելով բարձրացա ստուդիա։ Սարքավորումները տեղադրեցի, ամեն ինչ պատրաստ էր։ Մնում էր համակարգիչս բացել ու ֆայլերը սարքել։ Ու ինչպիսի երջանկություն. համակարգիչս ընկնելուց փչացել էր։ Արագ լուծում մտածեցի. մասնակցիս կասեմ, որ համակարգիչս չի աշխատում, կխնդրեմ, որ տվյալները մեյլով ուղարկի։

Էդպես էլ արեցի։ Ձայնագրություններն ընդհանուր առմամբ ահագին վատ անցան։ Չգիտեմ՝ ե՞ս էի հրահանգները վատ տալիս, թե՞ մասնակիցներն իմ փնտրած երկլեզուները չէին։ Հետո գնացի գրասենյակս, մի քիչ ուշքի եկա, որ գնամ լանչի։ Բայց ոչ ոք չեկավ ինձ վերցնելու, որ միասին գնանք լանչի։ Մենակով գնացի՝ հուսալով, որ մարդկանց կհանդիպեմ։ Ճաշարանի աշխատողը հրաժարվեց ինձ կարտոֆիլ մատուցել։ Ասաց, որ պիտի ամբողջ ուտեստը վերցնեմ, որը մսային բաղադրիչ ուներ։ Ահագին ջղայնացա։ Առանց էդ էլ ամիսներ շարունակ նեղվում եմ, որ բուսակերական ամբողջական ուտեստ չունեն։ Հիմա էլ մենակ մի մասն էի ուզում, չտվեցին։

Ճաշարանում մենակով նստեցի, երբ նկատեցի, որ կոլեգաներիցս ոմանք էնտեղ են, բայց գնացին ուրիշ սեղանի մոտ։ Ջղայնացած արագ֊արագ վերջացրի ու նստեցի հեծանիվս, որ գնամ մյուս մասնաշենք՝ խորհրդատվության։

Ընդհանրապես, էս խորհրդատվությունների իմաստը չեմ հասկանում։ Սովորաբար ես նրանց մոտ իմ ոտքով չեմ գնում, այլ ինձ կա՛մ քարշ են տալիս, կա՛մ ամբողջական դասընթացի մի մաս են կազմում։ Էս անգամ դասընթացի մաս էր։ Ու ասենք ինչքան էլ խոսեցի վախերիցս ու անհանգստություններիցս, մեկ է, խորհրդատուն իրոք լավ չէր պատկերացնում՝ ինչից եմ խոսում, հետն էլ իր առաջարկած բոլոր լուծումներն անգիր գիտեի, փորձել էի, ու օգուտ տալիս են։ Ասենք օրինակ խորհուրդ տվեց ինձնից կրտսերներին մենթորություն անել։ Ասացի՝ արել եմ, բայց ինքս մենթորության կարիք ունեմ, մենթորական ծրագրին էլ գրանցվել եմ։ Խորհուրդ տվեց հասակակիցներիս հետ նեթվորքինգ անել, ոչ թե ավագների հետ։ Ասացի՝ ավագների հետ չեմ էլ կարողանում, հասակակիցներիս հետ ավելի հեշտ ու բնական է։ Խորհուրդ տվեց ընկերոջս դիմել, որ էս ճամփորդությունների բեռի մի մասն իր վրա վերցնի։ Ասացի՝ խոսել ենք էդ մասին, արդեն վերցրել է։ Վերջում էլ ասաց՝ չգիտի, թե չի հասկանում ինչից եմ դժգոհ։

Խորհրդատվությունից վերադարձա գրասենյակս ու սկսեցի ձայնագրությունները մշակել ու տեսակավորել։ Հետո արդեն ժամը չորսն էր։ Պիտի գնայի մեր գրելու խումբ։ Փչացած սեփական համակարգիչս ու աշխատող աշխատանքային համակարգիչս լցրեցի պայուսակս ու հեծանիվով գլորվեցի ներքև։ Բոլորը զարմացան, երբ ինձ տեսան, որովհետև իվենթում չէի գրել, որ հաստատ գալու եմ։ Ես էլ հաստատ չգիտեի։ Հավես անցավ, բայց ինչպես միշտ է նման դեպքերում, շուտ թողեցի, գնացի, որովհետև գնացքիս պիտի հասնեի։

Հիմա գնացքում նստած եմ ու մտածում եմ՝ երևի խորհրդատուս ճիշտ էր։ Ամեն դեպքում, ամեն ինչ էնքան էլ վատ չի։ Գուցե թուլանամ, այլևս չփորձեմ տպավորություն թողնել ու հանգիստ աշխատեմ առաջիկա մեկուկես տարին։ Հաջորդ աշխատանքիս մասին մյուս տարի կմտածեմ։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s