Ամենուր և ոչ մի տեղ

Գրեթե բոլորի շնորհավորանքներում մի ընդհանուր գիծ կար. «Ե՞րբ ես գալիս…»։ Կետերը կարելի է փոխարինել բազմաթիվ քաղաքներով. Երևան, Բրյուսել, Գենտ, Փարիզ, Լիոն, Դուբլին, Լոնդոն, Կոպենհագեն, Լոս Անջելես, Պրահա, Բեռլին, Խրոնինգեն, Ուտրեխտ և այլն, և այլն, և այլն։

Նորվեգիայի Բերգեն քաղաքի իմ սենյակում նստած հերթով պատասխանում էի բոլորին, հերթով պլաններ էինք կազմում, թե մոտ ապագայում ով ում է այցելելու։ Բերգենում բացարձակապես ոչ մեկի չեմ ճանաչում ու առավոտից իրիկուն մեր ինքնաշեն երկու լաբերում նորվեգացիներին եմ հետազոտում։ Հետազոտվողներից մեկը դանիական հեռախոսի համար ուներ։ Հարցրի, թե արդյոք դանիացի է։ Ասաց, որ չէ, բայց Կոպենհագենի համալսարանում հանդիպել ենք։

DSC_2772.JPG
Բերգենը վերևից

Հիշեցի այն երեկոն, երբ Լանգեբրոյում գարեջուր էինք խմում, ու մի նորվեգացի կար մեզ հետ։ Հիշեցի, թե ինչպես էի փորձում հետը դանիերեն խոսել, ինքն էլ նորվեգերեն, ու իրար գրեթե չէինք հասկանում։ Դիթեն էլ էր մեզ հետ։ Դիթեն գրել էր՝ մյուս անգամ հետ գամ Կոպենհագեն, հանդիպենք։ Վերջին անգամ մի տարի առաջ ենք հանդիպել։ Ինքը Անգլիայից էր եկել, ես՝ Ֆինլանդիայից։ Երկուսս էլ նույն խնդիրներն ունեինք մեր նոր աշխատանքային միջավայրերում։ Դիթեն դեռ Անգլիայում է, իսկ ես այլևս Ֆինլանդիայում չեմ։

Բայց Բերգենում, միևնույն է, ոչ մեկի չէի ճանաչում։ Ու այդքան անծանոթ լինելն ինձ լրիվ անդեմ ու անտեսանելի էր դարձնում։ Դրա համար երբ յոգայի դասատուն ինձ հիշեց նախորդ դասից ու առաջարկեց դասն անգլերեն վարել, հաճելիորեն զարմացա. ուրեմն այնքան էլ անդեմ չեմ այստեղ։ Միջանցքներում ինձ բարևում են հետազոտությանս մասնակցած ուսանողները։ Իսկ ես շարունակում եմ հագնվել ինչպես ուզում եմ ու անել ինչ ուզում եմ. միևնույն է, ոչ ոք ինձ չի ճանաչում այստեղ։

Օրինակ անցյալ գիշեր չդիմացա իռլանդական փաբի կենդանի երաժշտությանը. բլյուզ էին զոռ տվել, իսկ ես հավես չունեի։ Դուրս եկա փաբից համերգի ավարտից շատ առաջ, ականջակալներս հագա, միացրեցի Լիզա Հանիգանի We, the Drowned֊ը ու սկսեցի վազել Բերգենի կենտրոնի նեղլիկ փողոցներով։ Այդ ժամին քաղաքի կենտրոնում երևի միակ մարդն էի, որ մենակ էր։ Երգն ավարտվում էր, նորից էի միացնում, նորից ու նորից։ Այնքան վազեցի, մինչև այլևս չէի կարող։

Ես ամենուր եմ ու ոչ մի տեղ։ Երևի չկա մարդ, որ էնքան շատ մարդկանց ճանաչի, ինչքան ես։ Երևի չկա մարդ, որ էնքան մարդկանց մտերիմ համարի, ինչքան ես։ Ու հանկարծ հայտնվել եմ մի քաղաքում, որտեղ ոչ ոք չկա, որտեղ ոչ մեկի չեմ ճանաչում ու չեմ էլ ուզում հետները ծանոթանալ. միևնույն է, կարճ ժամանակով եմ այստեղ։ Ոչ այնքան կարճ, որ չզգամ մենակությունն ու շփման պակասը։ Ու ոչ այնքան երկար, որ նոր ծանոթությունները որևէ իմաստ ունենան։

Հիմա Բերգենում եմ, իսկ Մառլենը՝ Կոպենհագենում։ Գրել էր, որ ծննդյանս օրվա մոտակայքում գալու է Կոպենհագեն։ Ափսոսանք էի հայտնել, որ չենք հանդիպի։ Մառլենին շատ եմ կարոտում։

Ալիրեզան գրում է՝ «Երեկ «Գիտություն և կոկտեյլներին» չկայիր»։ Գրում եմ՝ նոյեմբերին կգամ։ Վերենան գրում է՝ հանդիպենք սուրճ խմելու։ Ասում եմ՝ Դանիայում չեմ։ Շառլոթն իր ծնունդին է հրավիրում։ Ասում եմ՝ Օրհուսում գտնվելու օրերս դեռ չգիտեմ։ Ես չգիտեմ՝ ինչ եմ անում Բերգենում։ Ավելի ճիշտ, գիտեմ։ Բայց չգիտեմ՝ ինչու։ Մորթենն ասում է՝ հերթով բոլոր քաղաքները գրավում եմ, գնալով ընդլայնում եմ իմ աշխարհը։

Գնալով ընդլայնում եմ իմ աշխարհը ու գնալով ավելի անկարևոր է դառնում տարածությունը ու թե որտեղ եմ։ Գնալով ավելի անհնար է դառնում մտերիմ հարաբերություններ կառուցելը մի երկրում։ Ու ես ընտրում եմ արձակուրդային ընկերությունները. շաբաթ֊կիրակիներս ու արձակուրդներս նվիրվում են ճամփորդելուն։ Նվիրվում են սիրելի մարդկանց համար ճամփորդելուն։

 

12 thoughts on “Ամենուր և ոչ մի տեղ

      1. Հա, անուղղակի ձևով գրել էիր, նոր նորից նայեցի, տեսա: Բայց վերջում նենց էիր խճճել, որ էն անուղղակի գրածդ մի տեսակ չէր մնացել: :)))

  1. բայց շատ հավես ա ամբողջ աշխարհը “գրավելը”: ես էլ ուզեցի մի քանի րոպեով: ինչքան շատ ու տարբեր բան ա աչքդ տեսնում, էդքան բարդ ու հետաքրքիր ներքին կառուցվածք ես ունենում, աշխարհով շրջած ու մանավանդ մի որոշ ժամանակ տարբեր վայրերում ապրած մարդուն ուրիշ ոչ մեկի հետ չես համեմատի:
    ի դեպ, հաջորդ գրառմանդ տակ չկարողացա մեկնաբանել, հատու՞կ ես փակել:

    1. Հա, իրոք հավես բան ա. սկսում ես աշխարհը բազմակողմանի տեսնել, տարբեր անկյուններից՝ տակով, վրայով։ Բայց մյուս կողմից էլ հետո ահագին բարդ ա լինում աշխարհը երկչափ տեսնող մարդկանց հետ։ Մի խոսքով, տարոսը քեզ։
      Չէ, հատուկ չեմ փակել, ինքնիրան էր փակվել։ Էդ գրառման հետ կապված լիքը խորհրդավորություններ կան. մե՛կ պոստ էի արել, բայց բլոգումս չէր հայտնվել, մե՛կ հայտնվեց, բայց առանց քոմենթների հնարավորության։ Հիմա բացել եմ, կարաս քոմենթես 🙂

  2. հա, ապրես: բայց ինձ թվում ա էս կյանքում չեմ ճամփորդի, ուրիշ պլաններ ունեմ, տեսնենք ինչ կլինի:

      1. Պատկերացրու, ես էլ առանձնապես չեմ սիրում։ Ուղղակի կյանքս ա տենց դասավորվել, որ անընդհատ փոխում եմ։ 😀

      2. տեսնենք իմ կյանքը ոնց կդասավորվի:
        որ տատիներ դառնանք մի հատ էլ կխոսանք էս թեմայից :)))))

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s