722 աստիճան դեպի դրախտ

— Բնական աստիճաններ են դեպի սարի գագաթը,֊ ասաց ռումմեյթս,֊ Ստոլցեկլայվեն գուգլիր, կգտնես։

722 ուղղաձիգ աստիճան դեպի սարի գագաթը, առաջին մասը հեշտ է, հետո՝ դժվարանում է, ձմռանը խորհուրդ չի տրվում. սղլիկ է։ Միակողմանի է։ Դեպի քաղաք վերադառնալու այլ ճանապարհներ կան։ Բերգենի կենտրոնից վերև ու հետ քաղաք Ֆլոյենով 15 կմ է։

Ու քանի որ կիրակի օրը բացառիկ լավ եղանակ էր լինելու (ես ասեմ՝ լավ եղանակ, դուք հասկացեք՝ արևոտ), որոշեցի օրս նվիրել 722 աստիճաններին. միևնույն է, էսպես թե էնպես նախատեսել էի ոտքով Ֆլոյեն բարձրանալ (անցյալ շաբաթ ճոպանուղով էի բարձրացել), իսկ ավելի բարդ ճանապարհով սար բարձրանալը պիտի որ ավելի հետաքրքիր լիներ։

Առավոտյան նախաճաշից հետո նանայի թեյ լցրեցի թերմոսս, փաթաթվեցի տաք շորերիս մեջ, բայց այնպես, որ շարժվելը դժվար չլինի, ու ճամփա ընկա։ Հեռախոսս ցույց էր տալիս ջերմաստիճանը. մինուս մեկ ըստ Ցելսիուսի։ Լավ է՝ անձրև չի եկել էս մի քանի օրը, ուրեմն աստիճանները սառած չեն լինի։ Սկանդինավիայում ապրելիս մի բան եմ սովորել. երբ արևը դուրս է գալիս, կամ չունի՝ ջերմաստիճանը մինուս ինչքան է, պիտի դու էլ դուրս գաս, որովհետև հետո չգիտես՝ երբ արև կտեսնես։

Միացրել էի Ջուլյան Բեյքերի երգերը ու լսելով գնում էի, որը շուտով փոխարինվեց K’s Choice֊ով։ Ճանապարհի առաջին մասը քաղաքով էր անցնում։ Ես ասեմ քաղաք, դուք հասկացեք՝ սարն ի վեր բարձրացող փողոցներ իրենց առանձնատներով։

DSC_2832.JPG
Դեպի աստիճանները. սկզբում պետք էր այս տների փողոցներով անցնել

Երբ արդեն բավականաչափ բարձրացել էի, առանձնատների շարքերը փոխարինվեցին ծառուղիներով ու աշնանային սիրուն տեսարաններով։ Արևն էլ փայլում էր, ու շուրջն ամեն ինչ շատ սիրուն էր։ Կարճ ժամանակ անց հայտնվեցի աստիճանների ներքևի մասում։ Իրոք, սկիզբը դժվար չէր։ Բարձրացողներն էլ շատ էին։ Այնուամենայնիվ, նվագարկիչս անջատեցի, ականջակալներս հանեցի, որ միայն բարձրանալու վրա կենտրոնանամ։ Ու էդպես սկսեցի առաջանալ մյուսների պես արագ ու հանգիստ։

Աստիճանները գնալով ավելի ուղղաձիգ էին դառնում։ Մի քանի տեղ նույնիսկ ոտքս պլստաց, որովհետև քարերը սառած էին։ Չնայած անձրև չէր եկել, այնտեղ բազմաթիվ մանր֊մունր աղբյուրներ կային, որոնք գիշերային ցրտից ու վերևում ավելի ցածր ջերմաստիճաններում լինելուց սառել էին։ Ընկնելու դեմ միջոց մտածեցի. սկսեցի չորեքթաթ բարձրանալ, որ եթե պլստամ, ձեռքերով որևէ քար բռնած լինեմ։

Առաջին անգամ կանգ առա, որ հանգստանամ, երբ կեսին հասա։ Երկրորդ կեսն ավելի բարդ էր լինելու, իսկ շունչս արդեն կտրվում էր։ Գլխարկս ու շարֆս հանեցի, դրեցի պայուսակս։ Մորթենին գրեցի, որ կեսին եմ հասել ու որ ավելի վտանգավոր ու ուղղաձիգ է շարունակությունը։ Առաջարկեց կանգ առնել։ Գրեցի, որ միակողմանի է, տարբերակ չունեմ։ Եթե նույնիսկ ունենայի էլ, դեռ փոքրուց երբեք սար բարձրանալուց կանգ չեմ առնում, մինչև գագաթին չեմ հասնում։ Հիշում եմ՝ մի անգամ Հանքավանում ոնց մեծ խմբով սկսեցինք սար բարձրանալ ու վերջում միայն չորսով գագաթին հասանք՝ ես, եղբայրս, հայրս ու հորեղբորս տղան։ Բոլորս Իշխանյաններ։ Էդ օրը, էդ պատկերը միշտ աչքիս առաջ է, երբ որևէ բան անելիս հանձնվել֊չհանձնվելու որոշման առաջ եմ կանգնում։

IMG_20181028_183259_477.jpg
Աստիճանների վերջերը

Մի երկու կում թեյ խմեցի ու շարունակեցի։ Չորեքթաթ բարձրանալն օգնում էր նաև, որ շատ չհոգնեմ։ Բայց աստիճանները գնալով ավելի էին նեղանում, ավելի ուղղաձիգ դառնում, ու դադարներ առնելն առանց ճանապարհը փակելու գրեթե անհնար էր դառնում։ Էդպես մի պահ, երբ դանդաղել էի, հետևիցս եկողն ինձ հրեց իր ճանապարհից։ Քիչ էր մնում՝ ընկնեի։ Գիտեմ, որ մարդիկ կան, ստորոտից ժամանակ պահած են բարձրանում, ու իրենց դիմացի դանդաղաշարժները նյարդայնացնում են։

Կարմրած֊քրտնած, շնչակտուր հասա գագաթին։ Իսկ սարի գագաթից սիրուն տեսարան էր բացվում։ Նստեցի էնտեղ, խմեցի թեյիս մնացած մասը ու սկսեցի մտածել։ Ստոլցեկլայվեն բարձրանալը շատ նման է ակադեմիական կարիերայի. սկզբում հեշտ է, բայց ինչքան բարձրանում ես, էնքան ավելի ուղղաձիգ է դառնում։ Չես կարող դանդաղել, որովհետև հետևիցդ եկողը կհրի, կգցի քեզ։ Չես կարող հետ գնալ, որովհետև միակողմանի է։Հաճախ պլստան է։Եթե բավականաչափ ուժեղ չես, պետք է ստեղծագործականությունդ գործի դնես (ինչպես ձեռքերս էի օգտագործում բարձրանալիս)։ Բայց երբ հասնում ես գագաթին, տեսարանը գեղեցիկ է։

DSC_2845.JPG
Տեսարանը սարի գագաթից

Մի քիչ հագնստանալուց հետո սկսեցի մրսել։ Պետք էր համով բանով ու տաք տեղով պարգևատրել ինձ։ Ուրեմն ժամանակն է՝ քայլել սարի վրայով դեպի Ֆլոյեն, դեպի քաղաքակրթություն, որն իմ գտնվելու վայրից 3 կմ այն կողմ էր։ Ճանապարհ ընկա, միացրի նավագարկիչս, սկզբում՝ Քարին Փոլուարթ, հետո՝ Վաքսահաչի։

Իսկ դեպի Ֆլոյեն գնացող ճանապարհն ահավոր սիրուն էր։ Անցնում էր լճերի մոտով։ Լճերի մեջ արտացոլված էին շրջակայքի ծառերը, ու արտացոլանքն էնքա՜ն պարզ էր, որ թվում էր՝ անհատակ մի անտառ է աչքիդ առաջ, ոչ թե լիճ։ Լճերից մի քանիսն էլ լրիվ սառած էին, ու դա ստուգելու համար շատերը քարեր էին նետել։ Քանի որ սառույցը թափանցիկ էր, թվում էր՝ լճի վրա քարեր են լողում։

DSC_2860.JPG
Լճերից մեկը

Անց նաև մամռապատ անտառներով։ Մամուռն էնպես էր տարածվել, որ թվում էր՝ կանաչ գորգ է փռված։ Ոնց որ հեքիաթներից լիներ։ Ու չէի զարմանա, եթե հանկարծ ինչ֊որ անկյունից որևէ տրոլ կամ էլֆ հայտնվեր։

Ֆլոյենում հսկայական հերթ էր։ Անցյալ շաբաթ, երբ բռնացրել էի մի քանի ժամ, երբ անձրև չէր գալիս ու միայն ամպամած էր, արագ֊արագ ճոպանուղով բարձրացել էի։ Հնարավոր էր՝ Բերգենում գտնվելուս ընթացքում միակ երկու ժամն էր, երբ ոչ միայն անձրև չէր գալիս, այլև ես ազատ էի։ Ի՞նչ իմանայի, որ էսքան սիրուն շաբաթ֊կիրակի ենք ունենալու, ու կարողանալու եմ ամբողջ հինգ ժամ դրսում մնալ։Անցյալ շաբաթ էլի Ֆլոյենը մարդաշատ էր, բայց ոչ մի կերպ չէր համեմատվի այսօրվան։

Իսկ Ֆլոյենում՝ քաղաքի սիրուն տեսարանի ֆոնին, Լիլիթի ծննդյան օրվա առթիվ վիդեո նկարեցի։ Անցյալ շաբաթ էլ Թոյվոյի պաշտպանության առթիվ էի վիդեո արել։ Ֆլոյենը դարձել է շնորհավորանքների վայր։

Տաք շոկոլադ խմելուց ու նորվեգական նրբաբլիթ ուտելուց հետո քաղաք վերադառնալու ժամանակն էր։ Կարելի էր, իհարկե, ճոպանուղով իջնել, բայց դե ես մտքիս դրել էի սկզբից մինչև վերջ ոտքով գնալ։ Հետո, ճոպանուղին այնքան ուղղաձիգ է, որ անցյալ անգամ ահավոր վախեցել էի։ Էդպես ոտքով ճամփա ընկա, քայլեցի ևս մի ժամ ու հասա տուն։

Հասա տուն հոգնած՝ մտածելով, թե էս ինչ լավ արշավ էր, մտածելով, թե ինչքա՜ն նման էր դեպի Մոհերի ժայռեր արշավին։ Նորից մենակ, նորից պլստան, արևի տակ ու լիքը մտքերով։ Սիրում եմ լեռները։ Լեռներն ինձ կիրակի օրով ու ցուրտ ժամանակ դուրս կբերեն։

 

 

6 thoughts on “722 աստիճան դեպի դրախտ

  1. հա, ի՞նչ էի ուզում ասել՝ ես, օրինակ կյանքում սար չեմ բարձրացել ու ահավոր երազում եմ բարձրանալ, շատ հետաքրքիր ա՝ ոնց կստացվի մոտս: Վիսոցկին ա չէ՞ ասում՝ ընկերոջդ տար սար ու կհասկանաս ընկերդ ա թե չէ, այ տենց ես կհասկանամ՝ ով եմ, ինչացու եմ: բայց այ մենակով ահագին բարդ ա, զարմացա որ կարդացի գրածդ, ահագին կվախենայի մենակով էն էլ ըտենց սղլիկ աստիճաններով սար բարձրանալ:
    բայց ինչ հետաքրքիր բան կա սար բարձրանալու մեջ, ինձ թվում ա՝ ամբողջությամբ պետք ա փոխվես դրանից հետո:

    1. յաաաաա, հետաքրքիր ա։ Հայաստանում սարերը սկի քչություն չեն անում։ ընդհանրապես, քանի որ ահագին շատ եմ սար բարձրացել, մի հետաքրքիր օրինաչափություն եմ նկատել. սկսում եք մեծ խմբով, մանրից պակասում, որտև ընթացքում տարբեր մարդիկ (հիմնականում աղջիկները) հոգնում են, լռվում֊մնում, ու մենակ մի քանի հոգի են վերջում գագաթին հասնում։ պիտի գլուխ գովամ, որ դեռ երբևէ չի էղել, որ ճամփին մնացողների մեջ լինեմ։
      բայց կոնկրետ էս դեպքում ուրիշ տարբերակ չկար. պիտի բարձրանայի, որտև միակողմանի ընթացք ա, հետևիցս լիքը մարդ էր բարձրանում, ու հետ գնալու ճանապարհ ընդհանրապես չկա։ բայց դե շատ կայֆ էր, դժգոհ չեմ

      1. ինձ թվում ա ես էն հոգնողներից կլինեմ, որովհետև ֆիզիկապես ահագին թույլիկ եմ, կամ էլ տանջամահ կբարձրանամ ու հետո երկար ժամանակ հիվանդ կլինեմ :DD կամ էլ պետք ա սկսել բլուրներից 😀

      2. Ստեղ ֆիզիկական ուժը կապ չունի, ավելի շատ կամքի ուժի հարց ա։ Ես էլ ֆիզիկապես ուժեղ չեմ, ուղղակի եթե մտքիս դրել եմ բարձրանալ, ուրեմն պիտի բարձրանամ։ Սովորաբար ինչքան բարձրանում ես, էնքան հաճախ ու երկար դադարներս ես սկսում տալ, ինչը լրիվ նորմալ ա։ Հա, կարելի ա բլուրներից սկսել։ Ուղղակի ինչին Հայաստանում բլուր ենք ասում, Եվրոպա տեղ սար ա 😀 էս բարձրացածս էլ բլուր էր էլի՝ ընդամենը մի երեք հարյուր մետր բարձրությամբ։

      3. հաա, ես սար որ ասում եմ Մասիսն եմ պատկերացնում 😀
        դե փորձել հաստատ պետք ա, հլը որ մի օր չալարեմ բարձրանամ կասեմ քեզ, կամքս կարողա հերիքի բայց ես ծայրահեղ շուտ եմ հոգնում, դրանից եմ մի քիչ լարվում, բայց դե մոթիվեյն կա, բան կա 😀

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s