Ալանիսի հարցերը 2018֊ի մասին ու դեպի 2019

2018թ. որո՞նք էին իմ ամենասիրած պահերը
– Առաջին այցելությունս Օրհուս որպես իրենց աշխատկցուհի
– Սանդբյերգում երեկոն, երբ մեր գիտական խմբով վիսկի էինք խմում ու դեբիլ խաղեր խաղում
– Դեպի Հռոմ կատարած ճամփորդությունն իր բոլոր դետալներով՝ սկսած պատշգամբում երգելուց, վերջացրած կատուների ապաստարան այցելությամբ
– Փարիզն ամբողջությամբ՝ քաղաքում զվռնելով, Քորթնի Բարնեթի ու Վաքսահաչիի համերգով գրախանութներով անցնելով
– Դուբլինը հուլիսին, երբ արևի տակ քաղաքը ոտքի տակ տվեցինք
– Ալանիս Մորիսեթի համերգը Դուբլինում
– Ալանիս Մորիսեթի համերգից հետոյի փարթին Դուբլինում (դա երևի կյանքիս ամենաերջանիկ պահերից էր, գտնված մի բան)
– Երևանում Անուկին սկզբում առանձին, հետո նաև ընտանիքով ու Ամառուի հետ հանդիպելը
– Երևանում Աննայի ու Սոնայի հետ Շանթիում թեյ խմելը
– Դիլիջանում Լիլիթի հետ սար բարձրանալը
– Դիլիջանում Լիլիթի տանը ինքնաբուխ համերգը
– Մեծ պապիս արձանի բացումը Գյումրիում
– Երևանի վերջին երեկոն Նանեի, Նարեի ու մյուսների հետ
– Կոպենհագենում ծովափին Մագդայի հետ վերընկնել ու պաղպաղակ ուտելը
– Կոպենհագենում Մորթենի հետ մի քանի անգամ ծովափ գնալն ու ջրում լողալը, մինչ Մորթենը ափին գիրք կկարդար
– Օրհուսում կին գիտնականների վորքշոփը ու մարդիկ, որոնց հետ այնտեղ ծանոթացա
– Օգոստոսին Օրհուսում գործից հետո ծովափ գնալը
– Վենետիկում Սիլվիայի, Սեչկինի ու մյուսների հետ ընթրիքը
– Վենետիկի Սուրբ Ղազար կղզի այցելությունը
– Դուբլինը հոկտեմբերին, երբ արդեն կարդացել էինք Սալլի Ռունիի երկու գրքերը, ու քաղաքի ամեն անկյունը գրքից մի դրվագ էր հիշեցնում
– Դուբլինում Սեդային հանդիպելը ու ինչ֊որ պարտեզներ գնալը (անունը չեմ հիշում)
– Բերգենում յոգայի դասերը
– Բերգենում Ստոլցըկլայվեն բարձրանալը
– Բերգենի առավոտները, հատկապես երբ անձրև չէր գալիս
– Քորթնի Բարնեթի համերգը Կոպենհագենում
– Վալերիայի հետ տաք շոկոլադ խմելու գնալը
– Յոենսու վերադառնալը ու իմ սիրելի սրճարանում մի քանի ժամ նստելը
– Մարի֊Լուիզի պաշտպանությունը
– Մանուի այցելությունը Կոպենհագեն

2018թ. սիրածս գրքերը
Էս տարի ահագին շատ եմ կարդացել ու ահագին շատ լավ գրքեր։ Փորձեմ մի քանիսն առանձնացնել.
– Հելլե Հելլե ֊ «Տուն֊տեղ»
– Հելլե Հելլե ֊ «Նրանք»
– Սյուզան Բրյոգեր ֊ «Նեֆրիտե կատուն»
– Սալլի Ռունի ֊ «Նորմալ մարդիկ»
– Սալլի Ռունի ֊ «Զրույցներ ընկերների հետ»
– Ռոբերտո Բոլանյո ֊ «2666. մաս I ու II» (ուղղակի շարունակությունը դեռ չեմ կարդացել, բայց առաջին ու երկրորդ մասերն իրենք իրենցով առանձին գրքեր են)
– Դորթե Նորս ֊ «Կանադայի քարտեզ» պատմվածքների ժողովածուից մի քանի պատմվածք


2018թ. սիրածս ֆիլմերը
«Մեղավորը»

2018թ. սիրածս հոդվածները
Որևէ բան չեմ մտաբերում։

2018թ. սիրածս համերգները
Ալանիս Մորիսեթի, Քորթնի Բարնեթի և Լիզա Հանիգանի երկու համերգները, Վաքսահաչիի մեկ համերգը

2018թ. սիրածս երգերը/կատարողները
– Lisa Hannigan – էլի At Swim ալբոմը․ երևի էս ալբոմն ամեն տարի նշելու եմ։ Արդեն պայմանական ռեֆլեքս ա առաջացել, որովհետև ամեն անգամ կենտրոնանալ փորձելիս հենց էս ալբոմն եմ միացնում
– Waxahatchee – Great Thundar
– Courtney Barnett – ամբողջ դիսկոգրաֆիան
– Լիլիթ Բլեյանի «Թափանցիկ երգերը»

2018թ. սիրածս հեռուստահաղորդումները
Առանձնապես բան չեմ նայել։

Ինչո՞վ եմ ամենաշատը հպարտացել 2018թ.
Միաժամանակ երկու քաղաքում ապրելու դժվարությունը պատվով հաղթահարելը ու քչից֊շատից աշխատող լուծումներ գտնելը

Ինչի՞ համար եմ ինձ ներում
Ներում եմ ընկերական շրջապատիցս ու ընտանիքիցս սովորականից ավելի կտրված լինելու համար։

Ո՞րն է 2017 և 2018թթ. դեկտեմբերների ամենամեծ տարբերությունը
Անցյալ տարվա դեկտեմբերն ահավոր էր, ահավոր բաներ էին կատարվում։ Հիմա ամեն ինչ ավելի լավ է, ավելի լավատես եմ, ու ապագայից չեմ վախենում։

Բավականաչափ զվարճացե՞լ եմ
Հենց բավականաչափ։

Արդյոք բավականաչափ հաճա՞խ եմ ասել «այո»
Հենց բավականաչափ

Արդյոք բավականաչափ հաճա՞խ եմ ասել «ոչ»
Երևի մի քիչ ավելի քիչ, քան պետք էր, բայց էս տարին առանձնահատուկ էր նաև նրանով, որ ահագին խորացել էի «ոչ» չասելու պատճառների մեջ, ու թե ինչն է դրդում ինձ անել բաներ, որոնք չեմ ուզում։ Ու էդ ինքնավերլուծության ֆոնի վրա ահագին բան սովորեցի։

2019-ի մասին.
Ի՞նչն է ինձ ամենից շատ ոգևորում
Գժական զբաղված կիսամյակը, որի ընթացքում պիտի թե՛ հիմնական գործերս անել, թե՛ նոր հմտություններ ձեռք բերել։ Ընդհանրապես, 2019֊ին ավելի եմ կենտրոնանալու սովորելու վրա ու կանոնավոր կերպով նոր հմտություններ ձեռք բերեմ։ Մասնավորապես, անհամբեր սպասում եմ բայեզյան ստատիստիկայի գրքիս։

Ի՞նչ նոր բաներ եմ փորձելու, որ մինչ այդ չեմ արել
Գիրք տպագրել

Ի՞նչ նոր բաներ կուզենայի անել ու ավարտել, որ 2018-ի դեկտեմբերին ուրախությամբ արձանագրեմ դրա մասին
– Գիրքս տպագրել
– Առնվազն երկու տպագրված հոդված, առնվազն մեկը՝ ընթացքի մեջ
– Նոր աշխատանք/ֆինանսավորում գտնել 2020֊ի համար
– Բայեզյան ստատիստիկան գոնե էն մակարդակով իմանալ, որ իմ աշխատանքում կարողանամ օգտագործել
– Ավելի շատ մասնագիտական գրականություն կարդալ ու սովորություն դարձնել պարբերաբար նոր հոդվածներ կարդալը
– Դանիերեն վարժ խոսել (ենթադրում ա զրույցի կեսից անգլերենի չանցնելը)
– Յոգայի գլխիվայր դիրքն առանց պատի անել
– Մի բան էլ, բայց չեմ ասի

Ի՞նչն է ինձ վախեցնում, և ես գիտեմ, որ պետք է անեմ
Գրանտներ գրելը/նոր աշխատանք ճարելը, բայց հավատում եմ, որ լավ կլինի։

Նոր ընկերնե՞ր, մտերիմնե՞ր, միջավայրե՞ր
Կուզեի Օրհուսի նոր֊նոր ձեռք բերածս շրջապատն ավելի ամրապնդել։ Կուզեի նաև արդեն եղած ընկերներիս հետ մտերմությունն ավելի ամրապնդել, որովհետև 2018֊ին աշխարհագրական խնդիրներով պայմանավորված գրեթե բոլոր ընկերներիս բարձիթողի էի արել ու գրեթե ոչ մեկի հետ չէի շփվում ո՛չ իրական կյանքում, ո՛չ վիրտուալում։

Ինչ-որ բան, որ չէի ուզենա այլևս անել
Սոցիալական ցանցերում ու ակումբում ժամանակ ու նյարդեր քայքայել։ Էդ ժամանակը կարելի ա ավելի կարևոր բաների վրա ծախսել։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s