Առաջին տարին Կոպենհագենում

Կոպենհագենում ապրածս առաջին տարվա մեջ մի տեսակ ռոմանտիզմ կար։ Մենք Կոպենհագեն ժամանած մի խումբ օտարերկրացի երիտասարդներ էինք, որոնց միավորող միակ բանը հենց նոր ժամանած լինելն էր, բայց դրա արդյունքում բախվում էինք նմանատիպ խնդիրների։ Միմյանց ճանաչում էինք հենց նոր ժամանած լինելու շնորհիվ։ Բայց տարիների ընթացքում բոլորս գտանք մեր առօրյան, մեր սովորություններն ու նախասիրությունները, ու մոռացանք միմյանց մասին։ Շատերն էլ վաղուց այլևս Կոպենհագենում չեն։

Կլաուդիան մեկն էր այդ մարդկանցից, ու երբ հրավիրեց իր 30֊ամյակին, ահագին զարմացա, որ ինձ հիշել է։ Մորթենին ասացի, որ շաբաթ օրը ծնունդ ենք գնալու։ Հարցրեց, թե ով է Կլաուդիան։ Երկար֊բարակ պատասխան տվեցի։

 Առաջին անգամ Կլամպենբորգում. Ռեջինայի կազմակերպած հեծանվարշավն է

Բարում միայն մենք էինք, որ Կլաուդիայի գործընկերներից չէինք։ Մեզ հարցնում էին, թե Կլաուդիային որտեղից գիտեմ։ Իսկ ես երկար֊բարակ պատասխան էի տալիս։

Երբ նոր էի տեղափոխվել Կոպենհագեն, Սյուզանը՝ նախկին համակուրսեցիներիցս մեկը, որը հոլանդացի է, բայց այդ ժամանակ Հելսինկիում էր ապրում, գրեց ինձ, որ իր ընկերներից մեկը նույնպես նոր է Կոպենհագեն տեղափոխվել, ու ընկերներ չունի, առաջարկեց ծանոթացնել մեզ։ Անունը՝ Կլաուդիա, պորտուգալացի։

Կլաուդիային առաջին անգամ հանդիպեցի աշնանային մի երեկո, երբ մեդիայով մեկ շուխուռ էր ընկել, թե այդ երեկո Դանիայում հյուսիսափայլ է երևալու։ Առաջարկեց Կոպենհագենից դուրս գնալ, որտեղ քաղաքի լույսերից հյուսիսափայլը չի խամրի։ Ու միասին գնացք նստեցինք, հասանք Կլամպենբորգ՝ ծովի ափի, կատարյալ մթության մեջ։ Բայց հյուսիսափայլ չկար. ամպամած էր։

Հյուսիսափայլ չտեսանք, բայց պարզեցինք, որ Կլաուդիան Կոպենհագենում մի պորտուգալացի ընկերուհի ունի, անունը՝ Անա։ Անան իմ դանիերենի խմբից էր ու Կոպենհագենի համալսարանում էր աշխատում։ Այն ժամանակ ճանաչում էի նաև գերմանացի վիճակագրագետ Ռեջինային, որը Անայի հետ նույն բնակարանում էր ապրում։

Առաջին տարում Կոպենհագենը փոքր էր թվում. բոլորը բոլորին ճանաչում էին։ Բայց քաղաքը փոքր էր միայն այստեղ նոր եկածների համար, որովհետև մենք նույն տեղերն էինք գնում ու բոլորից շատ հենց մենք նոր շրջապատ ձեռք բերելու կարիք ունեինք։

Ամիսներ անց Ռեջինան վերադարձավ Գերմանիա։ Անայից տեղեկություններ չունեմ։ Կլաուդիային վերջին տարիներին մի քանի անգամ եմ տեսել։ Մի անգամ, երբ Սյուզանը Կոպենհագենում կոնֆերանսի էր, գնացինք Կլաուդիայի տուն հյուր։

֊ Հիշու՞մ ես, երբ առաջին անգամ ինձ զանգեցիր,֊ ասում եմ Մորթենին,֊ այդ պահին ես ու Սյուզանը Կլաուդիայի տան ճանապարհին էինք։

Հետո Կլաուդիան եկավ իմ պաշտպանության քեֆին։ Այս դեպքերից բացի մնացած անգամները նրան պատահաբար էի տեսնում տարբեր տեղերում տարբեր միջոցառումների ժամանակ։

֊ Ես նրա Վանլյոսեի տանը եղել եմ,֊ շարունակում եմ պատմել,֊ բայց ինքն էլ էնտեղ չէր ապրում։ Նոր տուն էր գտել, պիտի տեղափոխվեր։ Իր սենյակը Մայային տվեց։

Մայան ու Կլաուդիան իրար չէին ճանաչում։ Կարծեմ մենք միասին էինք սենյակ փնտրում, Կլաուդիան էլ իրենն ինձ առաջարկեց։ Բայց Վանլյոսեում ապրել չէի ուզում. համալսարանից հեռու էր։ Մայային առաջարկեցի։ Վերցրեց։ Հետո մի օր Մայային հյուր գնացի։

Կոպենհագեն տեղափոխվելուս առաջին տարում Մայային հաճախ էի հանդիպում։ Մայային էլ, ինչպես Կլաուդիային, Կոպենհագենում չբնակվող ընդհանուր ծանոթի միջոցով գիտեի։ Հիշում եմ՝ առաջին անգամ հանդիպեցինք Նորեբրոյի «Ռետրոյում»։ Ժամերով խոսեցինք, ու հեչ ոնց որ նոր ծանոթներ չլինեինք։ Նորեբրոյի «Ռետրոն» էլ չկա, Մայան էլ արդեն երկուսուկես տարի է, ինչ Կոպենհագենում չէ. մագիստրատուրան վերջացնելուց հետո ընկերոջ հետ Մոսկվա տեղափոխվեց, հետո՝ Հաագա, իսկ հիմա Բրյուսելում է։

Մորթենը լուր ուղարկեց, որ այդ գիշեր Դանիայում հյուսիսափայլը երևալու է։ Այդ մասին ասացի Կլաուդիային։

— Հիշու՞մ ես,֊ ասաց,֊ գնա՞նք նայելու։

— Հասնե՞նք Կլամպենբորգ,֊ ասացի։ Ու գիտեի, որ այս անգամ Կլամպենբորգ չէինք հասնելու, որովհետև մենք այլևս քաղաքում նորեկ չէինք։ Բայց հաստատ կլինեին մարդիկ, որոնք կնստեին ծովեզրով սլացող գնացքը, կհասնեին Կլամպենբորգ, կփնտրեին հյուսիսափայլը։ Ու մենք այդ մարդկանց երբեք չենք ճանաչի, որովհետև սա նրանց առաջին տարին է Կոպենհագենում։

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s