Երաժշտության էվոլյուցիան. արդյոք իսկապե՞ս վատն է քսանմեկերորդ դարի երաժշտությունը

Երկար ժամանակ համոզված էի, որ մենք մեր ողջ կյանքում շարունակում ենք լսել այն երաժշտությունը, որը սկսել ենք լսել դեռահասային տարիքից (ու որն այդ ժամանակ հիթային էր)։ Նման եզրահանգման եկել էի, երբ ինչքան հեռանում ենք 2000 թվից, պոպուլյար երաժշտությունն այնքան ավելի մշուշոտ ու միապաղաղ էր դառնում, ու չէի կարողանում գտնել նոր կատարողների, որոնք դուրս կգային։ Ավելին՝ նույնիսկ հիմնավորող տվյալներ կային, որ այն, ինչ լսում ես վաղ դեռահասային տարիքում, շարունակում ես լսել ողջ կյանքում։

Բայց ժամանակի ընթացքում հասկացա, որ լավ երաժշտության վերջին տասնամյակը 90֊ականներն էին, ու դա պարզապես համընկել է իմ դեռահասության հետ։ Իսկ 21֊րդ դարում լավ երաժշտություն ստեղծվում է։ Պարզապես այն մեզ չի հասնում և այլևս պոպուլյար չէ։ Այս գրառումով սկզբում կհիմնավորեմ, որ 21֊րդ դարի պոպուլյար երաժշտությունը շատ ավելի վատն է, քան դրան նախորդող տասնամյակներինը, իսկ հետո կփորձեմ դրա պատճառները քննարկել։ Հիմնականում կենտրոնանալու եմ արևմտյան երաժշտության վրա, բայց կփորձեմ թեթևակի անդրադառնալ նաև Հայաստանի իրավիճակին։

21֊րդ դարում երաժշտության որակն ընկել է

Իսպանացի մի խումբ գիտնականների՝ 2012֊ին Nature ամսագրում տպագրված հոդվածը բավական մեծ աղմուկ հանեց ոչ միայն գիտական, այլև երաժշտասերների շրջանակում։ Հետազոտելով 1955֊ից մինչև 2010 թ. թողարկված կես միլիոն երգերի ձայնագրման որոշակի ցուցանիշներ՝ որոշ կարևոր հայտնագործություններ արեցին։ Մասնավորապես, պարզվեց, որ տարեցտարի երաժշտությունն ավելի բարձրաձայն է դառնում։ Թե դա ինչ կապ ունի որակի հետ, այս տեսահոլովակում մանրամասն բացատրած է։ Մի երկու խոսքով ասեմ, որ ձայնագրելիս ձայնի բարձրացումը ապահովվում է դինամիկ տիրույթի իջեցման հաշվին, ինչի արդյունքում ընկնում է որակը, այսինքն՝ տարբեր գործիքների ձայնային նրբությունները դառնում են աննշմար։

Նույն հետազոտությունը պարզել է նաև, որ տարիների ընթացքում երաժշտության հնչերանգային բազմազանությունը նվազել է, այսինքն՝ երգերը դարձել են ավելի պարզ, նմանատիպ գործիքավորումներով։ Վերևում նշածս տեսահոլովակում ասվում է, որ ժամանակակից փոփ երաժշտության ստանդարտ գործիքներն են ստեղնաշարը, հարվածային֊սարքը (drum machine), նմուշավորողը (sampler) և համակարգչային ծրագրերը։

Բլոգեր Պատրիկ Մեցգերը նկատել է, որ 21֊րդ դարի բազմաթիվ հիթային երգերում անընդհատ կրկնվում է նույն երկու նոտաների հաջորդականությունը։ Այս երևույթի անունը դրել է millennial whoop (օրինակներ), որը կրկնվում է բազմաթիվ փոփ հիթերում։

Image result for millennial whoop

Անգամ երգերի տեքստերն են ավելի կրկնվող ու պարզունակ դարձել։ Դանիել Մորիսը ցույց է տվել, որ թեև տարբեր տասնամյակներում կան անընդհատ նույն տողը կրկնող հիթային երգեր, ընդհանուր առմամբ կրկնությունը գնալով ավելի է աճում, իսկ քսանմեկերորդ դարում այդ աճը շատ ավելի կտրուկ է 90֊ականների համեմատ։

Մի խոսքով, քսանմեկերորդ դարի երաժշտությունն իսկապես միատեսակ է ու իսկապես բոլոր երգերն իրար նման են։

Երաժշտության որակի անկման պատճառները

Իսկ ինչու՞ է երաժշտությունը միապաղաղ ու անորակ դարձել։ Արդյոք չկա՞ն ստեղծագործ երաժիշտներ, որոնք բարդ ու բովանդակալից տեքստեր են գրում ու որակյալ ձայնագրություններ անում։ Իհարկե կան։ Բայց նրանց երբեք ռադիոյով կամ ուրիշ տեղերում չես լսի։ Անգամ երաժշտական սթրիմային ծառայություններում (օրինակ՝ Սփոթիֆայ կամ Յություբ) եթե հատուկ չփնտրես, չես հանդիպի այդ երաժիշտներին։

 

Image result for is music getting worse funny

Երգերը կրկնվող են մի պարզ պատճառով. դրանց մեծ մասի հեղինակները նույն մարդիկ են, ու մեծ բազմազանություն չկա։ Օրինակ, շվեդ Մաքս Մարտինը տարբեր կատարողների բազմաթիվ հիթերի հեղինակ է (“Baby One More Time”, “I Kissed a Girl” և այլն) ու երաժշտությունը սպանած հիմնական մեղավորներից մեկը։ Բայց ինչպե՞ս են Մաքս Մարտինի և նրա նմանների գրած անորակ երգերը հիթ դառնում։

Այսօր կրկնվող ու մեկը մյուսից չտարբերվող երգերը հիթ են դառնում, որովհետև երաժշտություն լսողը դա թույլ է տալիս։ Ծանոթ բառերը, ձայնը, ռիթմը ու նոտաները ավելի հեշտությամբ են ուշադրություն գրավում ու ավելի սիրելի են դառնում։ Այսպիսով, ռադիոյով, մարզասրահում, խանութում, փողոցում կամ յություբի գովազդների մեջ կարող ես մի երգը մի անգամ լսել, չտպավորի, բայց հարյուրերորդ անգամ լսելիս ինքդ քեզ համոզում ես, որ քեզ դուր է գալիս, ու հարյուրմեկերորդ անգամ արդեն դու ինքդ ես միացնում՝ նպաստելով, որ Սփոթիֆայը կամ Յություբը կամ այլ նման ծառայություններ (և հետն էլ ձայնագրման ընկերությունները) գումար վաստակեն քո հաշվին, նույնիսկ եթե դու գովազդներով լեցուն անվճար հաշիվներ ես օգտագործում։ Ու քո այդ լսածից երաժիշտն ինքը շա՜տ, շա՜տ քիչ գումար է ստանում, մինչ ոմանք միլիոններ են դիզում։

Իսկ ինչու՞ են ձայնագրման ընկերությունները էսպիսի մեթոդների դիմում։ Մի՞թե հնարավոր չէ որակյալ երաժշտություն վաճառել երաժշտասերին, ինչպես կատարվում էր 50֊ականներից մինչև 90֊ականներ. այն ժամանակ հասարակությունն էր որոշում երգի որակը։ Եթե լավն էր, մասսայաբար վաճառվում էր, հետևաբար անորակ երգերը հաջողություն չէին ունենա, ու ձայնագրման ընկերությունները անորակ երաժիշտների հետ պայմանագրեր չէին կնքի։

Այստեղ պետք է հետ գնալ 1996 թվական՝ դեպի Քլինթոնի ընդունած հեռահաղորդակցության ակտ, ըստ որի այլևս չէր արգելվում, որ կոնկրետ ընկերություն անթիվ֊անհամար հեռուստառադիոկայաններ ձեռք բերի։ Արդյունքում՝Clear Channel Communications֊ը գնեց բազմաթիվ ամերիկյան ռադիոկայաններ։ Ընկերությանը չէր հետաքրքրում հեռարձակվող նյութի որակը։ Քանի որ գովազդի տեղ տրամադրող ընկերություն էին, ռադիոկայանը պարզապես գովազդ տեղադրելու ևս մեկ տարածք դարձավ։ Ավելին՝ սկսեցին համագործակցել ձայնագրման ընկերությունների հետ և վճարվել յուրաքանչյուր երգ միացնելու համար։

Clear Channel Communications֊ը գնալով ընդլայնվեց ԱՄՆ սահմաններից դուրս՝ գրավելով նաև Եվրոպան։ Երաժշտության միջոցով փող աշխատելու այս մոդելը որդեգրեցին նաև այլ ընկերություններ, ու ձայնագրման ընկերությունների միջև մրցանկցությունը որակից տեղափոխվեց ուշադրություն գրավելու դաշտ, որտեղ մեծ դեր են խաղում կրկնությունն ու ձայնի բարձրությունը։

Այսպիսով, մեր օրերում քանի որ ռադիոն կամաց֊կամաց երկրորդական է դառնում, ու ֆիզիկական մեդիայի վաճառքը գնալով նվազում է, սթրիմային ծառայությունները դառնում են գլխավոր ճաշակ թելադրող։ Դուք կարող եք պնդել, որ օգտվելով նրանց ծառայություններից՝ որևէ ծուղակում չեք հայտնվում, որովհետև ինքներդ եք ընտրում ձեր լսելիքը։ Բայց նախ, միլիոնավոր երգերի հասանելիության շնորհիվ՝ ձեր ուշադրությունն էլ է տուժում, ու պատշաճ ժամանակ չեք հատկացնում երգերին։ Հետո, շարունակում եք լսել հին երգեր, իսկ թե ինչ նոր բան կհայտնաբերեք, թողնված է Սփոթիֆայի քմահաճույքին ու ալգորիթմներին։ Իսկ վերջում՝ չգնելով ձայնագրությունները ու համերգներ չգնալով (հասկանում եմ, որ Հայաստանում սրանց մասին խոսելն ավելորդ է, բայց գիտեմ, որ բլոգս միայն Հայաստանում չէ, որ կարդում են), որակյալ երաժիշտների կյանքն է՛լ ավելի է դժվարանում, որովհետև սթրիմային ծառայություններից նրանք գրեթե եկամուտ չունեն։

Ընդամենը մեկուկես տարի առաջ ինքս էլ Սփոթիֆայի ակտիվ օգտագործող էի։ Ավելին՝ անգամ բաժանորդագրություն ունեի, որ գովազդ չլսեմ։ Բայց մի օր հայտնաբերեցի, որ Սփոթիֆայն անգամ իմ ճաշակին համապատասխան երգերի հերթականությունն ընտրում է ըստ նրա, թե ինչի համար է վճարվել։ Լորա Մարլինգը թեև սիրածս երգչուհիներից չէ, բայց ունի որոշ երգեր, որոնք շատ եմ սիրում։ Ու հենց նրան էլ Սփոթիֆայով եմ հայտնաբերել, երբ Լիզա Հանիգանի երգերի վրա հիմնված ռադիոն էի միացնում։ Բայց երբ թողարկվեց Լորա Մարլինգի նոր ալբոմը, Սփոթիֆայը սկսեց միայն հենց այդ ալբոմից երգեր միացնել ու մոռացավ Լորա Մարլինգի հին ալբոմների մասին, չնայած որ նոր ալբոմը դուրս չէր եկել։ Հետո նաև թողարկվեց Թորի Էյմոսի նոր ալբոմը, որի սինգլներից մի քանիսն ունեի համակարգչիս մեջ։ Միացրեցի Սփոթիֆայով, միացրեցի նաև համակարգչովս ու հսկայական որակական տարբերություն զգացի. Սփոթիֆայի անգամ վճարովի ծառայությունը իրական որակ չէր ապահովում։ Այդ օրվանից հրաժարվեցի բաժանորդագրությունիցս, ու հիմա ինտերնետին չմիացած երաժշտական փլեյեր ունեմ, որտեղ սահմանափակ քանակությամբ երգեր կան։ Սկսել եմ նույն հաճույքով երաժշտություն լսել, ինչ հին ու բարի ժամանակներում էր, երբ միլիոնավոր երգեր ձեռքիս տակ չէին։

Երաժշտության որակը Հայաստանում

Վերևում թվարկված երևույթները, կարծում եմ, հայկական երաժշտության ու Հայաստանի վրա էլ կարելի է տարածել: 90֊ականներին Հայաստանում կային ռադիոկայաններ, որոնք բարձրորակ երաժշտություն էին հնչեցնում։ Բայց ժամանակի ընթացքում դրանք վաճառվեցին կամ քաղաքականություն փոխեցին, ու արդյունքում քսանմեկերորդ դարի անընդհատ կրկնվող աղբը հայտնվեց նաև հայկական ռադիոկայանների եթերում։

Իսկ եթե նայենք հայկական երաժշտությանը, ապա Հայաստանում էլ Մաքս Մարտինի պես կա Ավետ Բարսեղյան ու էլի մի քանիսը, որոնք մի քանի հոգու համար երգեր են գրում, ու այդ մի քանի հոգու կատարումներն են անընդհատ պտտվում եթերում՝ եթերը բազմաթիվ տաղանդավոր երաժիշտների համար անհասանելի դարձնելով։

Բայց քսանմեկերորդ դարի հայկական երաժշտությունը ևս մի խնդիր ունի։ Այսօր բազմաթիվ երիտասարդ երաժիշտներ, ազդվելով արևմտյան երաժշտությունից (թեկուզ հին ու բարի 60-70֊ականների), փորձում են նմանակել այն՝ ընդհուպ մինչև անգլերեն տեքստեր գրելով։ Պատճառաբանությունները տարբեր են. ռոքի լեզուն անգլերենն է, ուզում են միջազգային հաջողություն ունենալ, հայերեն երգեր գրելը դժվար է և այլն։ Բայց արդյունքում՝ մեծ մասամբ ստեղծում են միջակ անգլերենով միջակ երգեր, որոնք աշխարհի ոչ մի երկրում էլ հաջողություն չէին ունենա։

Այնուամենայնիվ, վերջին տարիներին շատացել են հայերեն երգեր գրողները, ու հայկական երաժշտությունը կամաց֊կամաց սկսում է դեմք ձեռք բերել։ Հայ երաժիշտների երգերն անընդհատ պտտվում են ֆեյսբուքում (օրինակ՝ Լիլիթ Բլեյան, Side Project, Դոգմա և այլն)։ Մնում է՝ հայկական երաժշտությունն աջակցող պետական քաղաքականություն լինի, հեռուստառադիոկայաններն էլ սկսեն հայկական երաժշտություն հեռարձակել, ու Հայաստանում, ինչպես ամբողջ աշխարհում, չմեռնի երաժշտությունը որպես արվեստ։

3 thoughts on “Երաժշտության էվոլյուցիան. արդյոք իսկապե՞ս վատն է քսանմեկերորդ դարի երաժշտությունը

    1. Հա, ահագին վաղուց էի ուզում գրել։ Նյութեր էր, որ հավաքում էի։ Էս վերջերս մեկը Լիլիթի գրառման տակ հայտարարեց, թե 21֊րդ դարում լավ երաժշտություն չի ստեղծվում ու թե Սփոթիֆայը շատ լավ բան ա, ինչ ուզում, ինչքան ուզում, լսում ենք։ Դրանից ջղայնացա, ասեցի՝ էլ չեմ հետաձգելու։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s