Մեզ չհասնող լավ երաժշտությունը

Մի քանի ամիս առաջ անդրադարձել էի քսանմեկերորդ դարում երաժշտության անկման պատճառներին՝ նշելով, որ լավ երաժշտություն ստեղծվում է մեր օրերում, պարզապես մեզ չի հասնում։ Մինչ կշարունակեք կարդալ, լսեք այս երգը.

Լսեցի՞ք։ Լավ լսվում է, չէ՞։ Ականջին հաճելի ձայն, հեշտ հիշվող կրկներգ, պարզ, բայց սիրուն բառեր։ Երգն ավարտվում է, ուզում ես նորից լսել. հաջողված փոփ երգ է։

Երգը Lady Lamb֊ի՝ այս ամիս թողարկված Even in the Tremor ալբոմից է։ Lady Lamb֊ը (իսկական անունը՝ Էլի Սպալտրո) հեղինակ֊կատարող է, ինչպես մեզ հայտնի բազմաթիվ այլ կին հեղինակ֊կատարողներ՝ Ալանիս Մորիսեթ, Շինեդ Օ՛Քոննոր, Քեյթ Բուշ, Ջոնի Միթչել, Բյորք և այլն։ Ու Deep Love երգն էլ երևի հիմա հիթ կլիներ. սրճարաններում, խանութներում, ռադիոյով, ամենուր կհնչեր, ինչպես 90֊ականներին կին հեղինակ֊կատարողների հիթերով էր աշխարհը ողողված։ Բայց Սպալտրոն մի լուրջ թերություն ունի. ալբոմներ թողարկում է քսաներորդ դարի երկրորդ տասնամյակում, ոչ թե 90֊ականներին, հետևաբար նրա նոր ալբոմի առաջին սինգլը՝ Deep Love֊ը, թողարկվելուց երկու ամիս անց ընդամենը տասնմեկ հազար դիտում ունի, վիքիպեդիայի հոդվածը կարգին չի թարմացվում, նոր ալբոմը ԱՄՆ֊ից դուրս չի թողարկվում, ու երգչուհու անունը շարունակում է անհայտ մնալ երաժշտասեր հանրությանը։ Իսկ երաժշտասեր հանրությունը շարունակում է հայհոյել քսանմեկերորդ դարի աղբը, որ երաժշտության հետ ոչ մի աղերս չունի՝ ապրելով 90֊ականների նոստալգիայով։

Even in the Tremor֊ը Սպալտրոյի երրորդ ալբոմն է, ու թեև հնչողությամբ ու բովանդակությամբ ամենափոփն է, ամենադյուրամարսն ու հեշտ սիրվողը, հավանաբար նաև ամենաանհաջողը կլինի, որովհետև այն թողարկելիս երգչուհին մի սարսափելի սխալ է թույլ տվել. թողել է համեմատաբար խոշոր լեյբըլը, որը կարող էր ավելի մեծ շրջանառություն ու գոնե չափավոր հաջողություն ապահովել, հետ գնացել իր հին ու փոքր լեյբըլ, որի ձեռքերը շատ երկար չեն։

Կմտածեք՝ ո՞ր մի հիմարը նման բան կանի, որ Սպալտրոյի էշ խելքից է, որ նոր ալբոմը հաջողություն չի ունենում։ Բայց Even in the Tremor֊ի համար նրան կցել էին մի հայտնի պրոդյուսերի, որը խորհուրդ էր տվել երգերը վերամշակել (ասել կուզի՝ դարձնել էնպիսին, ինչպիսին մեր օրերի հիթերն են, ասել կուզի՝ ծախվել), իսկ Սպալտրոն չի համաձայնել։ Թողել է պրոդյուսերին, թողել է լեյբըլը, ճարել մի ուրիշ պրոդյուսերի ու թողարկել ալբոմն այնպես, ինչպես ինքն է ուզել՝ կորցնելով հաջողության հնարավորությունը, բայց պահպանելով ստեղծագործական անկախությունը։

Իսկ Էլի Սպալտրոյի նախորդ ալբոմները թեև նորից ոչ այնքան, ինչքան արժանի է, բայց փոքր հաջողություն ունեցել են։ Այնքան, որ գոնե ես լսել եմ։ Ու չնայած նրա երաժշտությունը համապատասխանում է իմ խիստ նեղ երաժշտական ճաշակին, երբևէ ո՛չ յություբը, ո՛չ սփոթիֆայը պատահաբար չի միացրել նրա երգերից և ոչ մեկը, նրանց ալգորիթմները երբեք չեն կռահել, որ Lady Lamb֊ը կարող է ինձ դուր գալ։ Էլի Սպալտրոյին հայտնաբերել եմ մոտ չորս տարի առաջ (այն ժամանակ անունը Lady Lamb the Beekeeper էր). առաջին երգն երգն էր, որ ընկերս՝ Մորթենը, ինձ ուղարկեց։ Իսկ Մորթենը լսել էր Սպալտրոյին, որովհետև իր երաժշտության աղբյուրները յություբն ու սփոթիֆայը չեն, ինքն ակտիվորեն փնտրում է նոր որակյալ երաժշտություն։

Մենք հիմա 90֊ականներում չենք, հիմա որակյալ երաժշտություն ստեղծելը հաջողության նախապայման չէ։ Բայց նաև երաժշտությունը շատ ավելի հասանելի է, քան 90֊ականներին էր։ Ուրեմն երևի պետք է օգտվել այդ հնարավությունից։ Եթե երգը ձեզ դուր եկավ, կիսվեք սոցիալական ցանցերում, թող ուրիշներն էլ լսեն ու իմանան, որ քսանմեկերորդ դարում ստեղծվում է որակյալ երաժշտություն։ Պարզապես մեզ չի հասնում։

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s