Ֆրանսիական գրախանութ֊սրճարանը

Կոպենհագենի ֆրանսիական գրախանութ֊սրճարանը ժամանակին իմ սիրած վայրերից էր։ Երբ դեռ ասպիրանտ էի, հաճախ գործից շուտ էի դուրս գալիս, որ հասցնեմ մինչև փակվելը մի բաժակ սուրճ խմել։ Նստում էի պատուհանի մոտ ու գրում ժամերով։ Էնտեղ են գրվել շուտով լույս տեսնելիք գրքիս պատմվածքներից շատերը։ Գրվել են նաև լիքը խզբզոցներ՝ որպես իմ կյանքից վռնդված մի տղայից ապաքինվելու միջոց։

Այդ գրախանութից գնել եմ Պատրիկ Մոդիանոյի գրքերից ու Փոքրիկ Նիկոլայի բացիկներից։ Փորփրել եմ գրադարակները՝ փնտրելով Ֆուադ Լարուիի՝ Գոնկուր մրցանակ ստացած գիրքը։ Ու էդպես էլ չեմ գտել։ Մի անգամ նաև մոռացել եմ քրուասանի համար վճարել, հիշել, վճարել եմ հաջորդ այցելությանս ժամանակ։

Մի ժամանակ ֆրանսիական գրախանութ֊սրճարանն իմ առօրյայի մի մասն էր, բայց միայն մի ժամանակ ու շատ վաղուց։ Այնուամենայնիվ, շարունակում էի ստանալ նրանց նորությունները ու ամեն անգամ բացում էի մեյլերը, ուշադիր կարդում։ Ստուգում էի, թե ով է հերթական հյուրը լինելու. մի օր գուցե Ֆուադ Լարուին գա։

Իսկ մինչ այդ ամեն գրախանութ մտնելիս ֆրանսիական բաժինն էի փնտրում։ Ֆուադ Լարուիի գրքերը հայտնաբերելը հոբբիի նման բան էր դարձել։ Արդեն չեմ էլ հիշում՝ գրքերը գտնու՞մ էի ու չէի՞ առնում, թե՞ չէի էլ գտնում։ Տարօրինակ զգացողություն էր գրողի հետ մի էդպիսի անձնական կապ ունենալը, որից ինքը բնավ տեղյակ չէր։

Բայց մի օր զանազան մեյլերիս մեջ տեսա գրախանութ֊սրճարանի հերթական նամակը. Ֆուադ Լարուին իրենց հաջորդ հյուրն է։ Ուզում էի Կոպենհագենում լինել այդ օրը, ուզում էի ներկա գտնվել միջոցառմանը, բայց ծրագրել էինք, որ Օրհուսում ենք լինելու։

Հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ Կոպենհագենում հայտնվեցի ու գնացի միջոցառմանը։ Երևի ներկաներից ամենաերիտասարդը ես էի. մյուսները դանիացի թոշակառուներ էին։ Անկյունում թաքնված լսում էի, թե ինչպես է Լարուին պատմում իր՝ սև, թե սպիտակ լինելու մասին։ Խոսում էր ինտեգրացիայից, թե ինչպես արևմտյան մշակույթները լրիվ արհամարում են արաբական մշակույթը, ու Եվրոպայում ծնված արաբ երեխաները մեծանում են անլիարժեքության բարդույթով, որովհետև իրենց ծնողների մշակույթով հնարավոր չէ հպարտանալ։ Պատմեց նաև իմիգրանտ լինելու դժվարություններից, թե ինչ ահավոր է, երբ հանկարծ շուրջդ ամեն ինչ անծանոթ է։ Պատմեց, թե ինչպես երկրաշարժի ժամանակ, երբ հայրը եկել է, որ բոլորին արթնացնի, դուրս տանի, ինքը վեր է կացել, գիրքը վերցրել ու սկսել կարդալ. երկրաշարժն իրեն մեկ էր։ Ու վերջապես պատմեց, թե ինչպես 2010֊ին մի հեռախոսազանգով իրեն հայտնեցին, որ իր՝ «Մի տարի ֆրանսիացիների մոտ» գիրքը ներկայացվել է Գոնկուրի, բայց մրցանակը Միշել Ուելբեքին են տալու։

Այն ժամանակ Ուելբեքը դեռ հայտնի չէր, բայց լսել էի նրա մասին, որովհետև գնացել էի Ֆրանսիայի դեսպանատան՝ գրական մրցանակների մասին կազմակերպած միջոցառմանը։ Այն ժամանակ ֆրանսերեն դեռ լավ չէի հասկանում ու միակ բանը, որ հասկացա միջոցառումից, այն էր, որ Ուելբեքի «Քարտեզը և տարածքը» Գոնկուր մրցանակ էր ստացել։ Այն ժամանակ չէի լսել Ֆուադ Լարուիի մասին։ Չէի լսել, որովհետև չէի ճանաչում նրա եղբորը։

Հարցազրույցից հետո տեսա, որ գրքերը վաճառքի են դրված։ Չկար այն մեկը, որ փնտրում էի։ Բայց կային գրքեր, որոնք հայտնվել էին վերջին երեք֊չորս տարիների ընթացքում, երբ Լարուիի գրական գործունեությանն այլևս չէի հետևում։ Գնեցի գրքերից մեկը ու մոտեցա, որ ստորագրի։ Ինչպես միշտ, անունս գրելու դժվարություններ։ Հարցրեց, թե արդյոք կուզենայի, որ կոնկրետ բան գրի գրքի մեջ։ Ասացի՝ չէ, բայց ես ձեր եղբորը ճանաչում եմ։ Ֆոտո արեց, ասաց՝ կուղարկի նրան։

Ֆոտոյում ես եմ ու Ֆուադ Լարուին, ժպիտները դեմքներիս, գրքերը բռնած։ Եղբայրը կստանա այդ նկարը որպես պատասխան այն էլեկտրոնային նամակի, որին հինգ տարի առաջ այդպես էլ չպատասխանեցի։ Գտա այդ անպատասխան նամակը, գտա պատասխանիս սևագիրը. «Ուրախ եմ, որ ստացա նամակդ»։ Եվ այնքա՜ն շատ էի ուզում մի օր գրել. «Ֆրանսերենը մոռանում եմ, ինչպես քեզ եմ մոռանում»։ Ու չեմ հիշում՝ գրեցի՞, թե՞ ոչ. ֆրանսերենը հաստատ ավելի քիչ եմ մոռացել։

 

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s