Ամենալավ մարդկանցից մեկը

Փորփրեցի բոլոր բլոգներս ու հայտնաբերեցի, որ Ա.֊ի մասին երբևէ չեմ գրել։ Այսինքն, առանձին գրառումներում հիշատակում եմ անունը, բայց երբեք չեմ պատմել, թե ով է ինքը։ Ու կարծում եմ՝ բավական անարդար է դա, որովհետև Ա.֊ն աշխարհում իմ սիրելի մարդկանցից մեկն է, այն քչերից, որի հետ տարիներ անց կապը պահպանում եմ, ոչ միայն պահպանում եմ, այլև հիանում նրանով, անգամ ուզում նրա նման լինել։

Մենք միմյանց ճանաչում ենք 2003֊ից, երբ ես տասնհինգ֊տասնվեց տարեկան էի, Ա.֊ն՝ տասնվեց֊տասնյոթ։ Ճանաչելը չափազանցություն է. մենք ծանոթացել ենք օնլայն մի ֆորումում ու սկսել իրար նամակներ գրել։ Երևանի սենյակիս մի անկյունում երևի դեռ կա այն արկղը, որտեղ պահվում են Ա.֊ից ստացված նամակները։ Ես ապրում էի Հայասանում, Ա.֊ն՝ Սլովենիայում։ Բայց մենք նույն օրն ենք ծնվել՝ մի տարվա տարբերությամբ։

Ես չգիտեմ՝ ինչ էինք այդքան գրում իրար։ Բայց գրում էինք անընդհատ։ Հետո Ա.֊ն նույն ֆորումում բացիկների փոխանակման թեմա բացեց, ու նամակագրությունը կամաց֊կամաց փոխարինվեց բացիկափոխանակությամբ։ Ամեն ամիս գրանցվում էինք, Ա.֊ն պատահական զույգեր էր ընտրում, ու իրար բացիկ էինք ուղարկում։ Էդպես մոտ հիսուն բացիկ ունեմ աշխարհի տարբեր ծայրերից, որ էլի կարելի է գտնել Երևանի սենյակիս անկյուններից մեկում թաքցված։ Ուրեմն հիսուն ամիս պարտաճաչորեն մասնակցել եմ փոխանակությանը։

Առաջին անգամ հանդիպեցինք 2012֊ին՝ Բեռլինում։ Ա.֊ն համերգ էր եկել, իսկ ես այնտեղ սովորում էի։ Հիշում եմ՝ ինձ բլոկնոտ նվիրեց։ Հետո պիտի ստիպեի, որ փոստով երկտող ուղարկեր, որ կպցնեի բլոկնոտի մեջ, որ միշտ հիշեմ, որ դա իրենից նվեր է։

Հիշում եմ նաև, որ Ա.֊ն փորձում էր հայերեն սովորել։ Ամեն օր մի տառ էի ուղարկում, որ իբր օգնեմ։ Հիշում եմ նաև, որ գրքեր էր խորհուրդ տալիս կարդալ։ Ու կարդում էի։

Իսկ մինչ այդ Ա.֊ն նաև Դանիայում է ապրել։ Հետագայում իմ՝ այստեղ հայտնվելը պատահականություն էր, բայց և ավելի հեշտ էր, որովհետև Ա.֊ն լիքը բան գիտեր, որ ես չգիտեի, ու օգնում էր խորհուրդներով։ Ամիսներ անց Ա.֊ի մեկ այլ մտերիմ ընկերուհի՝ Մայան տեղափոխվեց Դանիա։ Ա.֊ն մեզ ծանոթացրեց, ու մենք էլ մտերմացանք։ Մայան հիմա Բրյուսելում է։ Կարոտում եմ նրան։

Բայց որոշ ժամանակ անց Ա.֊ն անհետացավ։ Գիտեի, որ Մերձավոր Արևելքում է, ինչ֊որ ՀԿ֊ում էր աշխատում։ Կորել էր ֆեյսբուքից, մեյլեր չէր գրում։ Ծննդյան օրվա վերջին շնորհավորանքին էլ չէր պատասխանել։ Ես ու Ա.֊ն միշտ իրար շնորհավորում ենք, ու դա եզակի դեպքերից է, երբ կարող ես ասել՝ քոնն էլ։ Բայց այդ մի անգամը պատասխան չեկավ։ Մայային հարցրի, թե արդյոք տեղյակ է։ Ասաց՝ հա, Պրահա է տեղափոխվել։

Ա.֊ին երկրորդ անգամ տեսա այս տարի Պրահայում։ Մեյլ էի գրել, ստացել էր, պատասխանել։ Փետրվարին պիտի Պրահա գնայինք, գրեցի, որ հանդիպենք։ Էնքա՜ն հավես էր ժամերով Պրահայում Ա.֊ի ու Մորթենի հետ զբոսնելն ու զրուցելը։ Էնքա՜ն ջերմ էր, էնքա՜ն մտերմիկ, որ ուղղակի չէի ուզում՝ օրը վերջանա։ Ու էնքա՜ն տարօրինակ էր իմ մանկության քաղաքը նորից վերադառնալն արդեն Մորթենի ու Ա.֊ի հետ։

Պրահայից հետո Ա.֊ի հետ նորմալ կապ եմ պահում։ Շաբաթը մի քանի անգամ գրվում ենք (երևի ոչ մեկի հետ այդքան հաճախ չեմ շփվում)։ Ինչու՞ էսքանը գրեցի։ Ուղղակի ուզում էի ասել, որ Ա.֊ն իմ սիրելի մարդկանցից է։ Ինքն այն մարդն է, որը ոչ միայն գիտի, որ աշխարհում լիքը բաներ կոտրված են, այլև իր հնարավորության սահմաններում ամեն ինչ անում է այն փոխելու համար։

Ես տեսել եմ նրան բնական աղետներից հետո տարբեր երկրներում կամավորություն անելիս։ Տեսել եմ թույլերի ու մերժվածների կողքին կանգնելիս։ Տեսել եմ նաև բողոքի ցույցերում՝ զանազան հարցերի համար պայքարելիս։ Ա.֊ն էն անվախ ու ուժեղ կինն է, որին ուզում եմ նմանվել ու որից սովորելու լիքը բան ունեմ։

Ա.֊ին երրորդ անգամ կտեսնեմ օգոստոսին, այս անգամ արդեն Կոպենհագենում։

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s