«Դժվար հիշվող անունը» պատմվածքներիս ժողովածուն լույս կտեսնի այս տարվա հոկտեմբերին։ Պատմվածքները գրվել են հիմնականում 2014֊ից 2018 թվերին։ Կոնկրետ օրը, շնորհանդեսի մասին և այլ մանրամասներ կհայտարարվի շուտով։ Իսկ առայժմ կիսվում եմ գրքի կազմով ու «Թագուհի Լուիզայի կամուրջը» պատմվածքից մի հատվածով։ Պատմվածքն առաջին անգամ տպագրվել է Ինքնագիր 9֊ում։
– Անունդ ի՞նչ է:
Երրորդ, թե՞ չորրորդ անգամ էր հարցնում: Որպես օտարերկրացի Միայի բախտը բերել էր, որ ամենատարածված դանիական անուններից մեկն ուներ. արտասանելու կամ հիշելու խնդիրներ չէին լինում, ինչպես օրինակ իր չեխ կոլեգա Անյեժկայի դեպքում: Միան կրկնեց անունը:
– Բարդ է:
– Հա, դժվար հիշվող անուն է,- Միան փորձեց քաղաքավարի լինել:
– Չէ, նկատի ունեմ՝ բարդ ու խճճված է: Իմը պարզ է, թափանցիկ՝ Նոե՜լ:
Միայն այդ ժամանակ Միան նկատեց, որ մինչ այդ տղամարդու անունը չէր հարցրել:
– Ես տուն հասա,- ասաց Նոելը: Այդ ժամանակ արդեն լճերի Օստերբրո թաղամասի հատվածում էին,- հաճելի էր քեզ հետ ծանոթանալը,- գրկեց Միային, հրաժեշտ տվեց և ուղղվեց դեպի Օստերբրո: Միան զարմացավ հանկարծակի հրաժեշտից, շուռ եկավ, որ հետ գնա Թագուհի Լուիզայի կամուրջ, որ էնտեղից վերցնի հեծանիվը, տուն քշի: Ճամփի կեսին մեկ էլ լսեց՝ մեկը հետևից կանչում է։