Այդ հեռու ու մոտիկ Երևանը

Ինչ֊որ զուգահեռ իրականության մեջ ես պիտի հիմա Երևանում լինեի, մերոնց հետ նստած պիտի մամայիս ծնունդը նշեինք, պիտի պապս գար, նեղանար, որ ավելի շուտ չեմ բարձրացել իրեն տեսնելու։ Ինչ֊որ զուգահեռ իրականության մեջ պիտի այստեղից չորս հազար կիլոմետր այն կողմ լինեի։ Բայց նստած եմ Կոպենհագենի մեր տանը, Երևանից բերած երիցուկի թեյ եմ խմում ու Կոպենհագենից ինձ ծանոթ մի երաժշտի մի քիչ առաջ թողարկած ալբոմն եմ լսում, որովհետև Երևան չհասա։

Վիեննա

Չնայած Հայաստանից հեռանալուց հետո կարծես երկու զուգահեռ իրականության մեջ եմ ապրել՝ Հայաստան ու մնացած աշխարհ, որտեղ մեկում իմ մանկությունն ու վաղ երիտասարդությունն են, մյուսում՝ հասունությունն ու ինքնուրույնությունը, մեկում ընտանիքս ու հին ընկերներս, մյուսում՝ Մորթենը, գործընկերներս ու նոր ընկերներս, մեկում հայերենը, մյուսում՝ անգլերենն ու դանիերենը։ Թեև երկու իրականությունները երբեմն հանդիպում են իրար, երբ Հայաստանից որևէ մեկն ինձ հյուր է գալիս, երբ Հայաստանի ընկերներիս տեսնում եմ եվրոպական այլ քաղաքներում կամ երբ Մորթենի հետ գնում ենք Հայաստան, այդ երկու աշխարհները շարունակում են իրենց առանձին գոյությունը, ու Հայաստանը թվում է հեռավոր, ուրիշ մոլորակում ու դարաշրջանում գտնվող մի տեղ։

Վերջին տարիներին Հայաստանը գնալով ավելի է հեռանում, որովհետև այցելություններս ավելի ու ավելի են կարճանում ու ավելի ու ավելի շատ եմ ստիպված լինում կա՛մ անգլերեն շփվել, կա՛մ անընդհատ թարգմանել, որ Մորթենը դուրս չմնա շփումներից։ Իսկ Հայաստանում անգլերեն խոսելով այդ չորս հազար կիլոմետրերի վրա էլի մի քանի հազարն է ավելանում, ու ճանապարհը ավելի է երկարում։

Բայց եթե Ռայանէյրը կարող է Հայաստան հասնել, ուրեմն Երևանն էնքան էլ հեռու չէ։ Եթե կարելի է շաբաթ֊կիրակի Միլանում սուրճ խմել, ուրեմն կարելի է նաև նույնն անել Երևանում։ Ու հատկապես վերջին ժամանակներս, երբ հեռավորության մեծանալու հետ մեկտեղ մոտենալու պահանջս ավելի էր մեծանում, երբ լարված քաղաքական վիճակում Հայաստանի ու այնտեղ ապրողներից շատերի հետ հարաբերություններս ավելի փխրուն էին դառնում, ընտանիքիս հետ շփվելու, նրանց ժամանակ տրամադրելու ու հայերեն խոսելու պահանջն ավելի էր մեծանում, իսկ Երևանում շաբաթ֊կիրակի սուրճ խմելն ավելի հավանական էր դառնում։

Երբ պարզեցի, որ շաբաթ֊կիրակի Երևանում գտնվելու համար մատչելի տոմսեր կան, որ համարյա ուղիղ չվերթի նման են՝ վեց ժամից էլ կարճ է տևում ճամփորդությունը, երբ ճշտեցի, որ ուրբաթ կարող եմ աշխատանքից հետո մեկնել, իսկ երկուշաբթի առավոտյան աշխատանքի հասնել, ամրագրեցի տոմսերը ու ճամփորդությանս պատրաստվեցի ճիշտ այնպես, ինչպես եվրոպական մեկ այլ քաղաք մեկնելիս կանեի. ընդամենը մի ուսապարկ, իրերս հավաքելը տնից դուրս գալուց կես ժամ առաջ, ճամփորդության մասին մտածելը մեկնելուց մի օր առաջ։ Կհասցնեի նաև փակվելուց առաջ Իլիկ մտնել. Իլիկն իմ իրականությունների հատման կետն էր, Իլիկն էն տեղն էր, որտեղ ինձ միաժամանակ երևանցի ու կոպենհագենցի էի զգում, որտեղ իմ երկու աշխարհները միաձուլվում էին, որտեղ առաջին անգամ Կոպենհագենում գրածս ու Երևանում տպագրածս գիրքը ներկայացնում էի։

Բայց դեռ Կոպենհագենի օդանավակայանում էի, երբ իմացա, որ չվերթս քսան րոպեով հետաձգվում է։ Ինքնաթիռ նստելիս հարցրի, թե արդյոք իմաստ ունի իմ՝ Վիեննա հասնելը։ Իմ մասին գիտեին. միակն էի, ով Երևան էր գնում։ Զարմացել էին նաև, որ այդքան կարճ տրանզիտով տոմս են վաճառել։ Ասացին, որ վայրէջքից առաջ ինձ առաջ կբերեն, որ ինքնաթիռից շուտ դուրս գամ, Երևանի չվերթն էլ հավանաբար կհետաձգվի, կհասցնեմ։

Վայրէջքից առաջ ինձ ասացին, որ չեմ հասցնելու։ Ասացին, որ Աերոֆլոտով չվերթ կա։ Ասացին, որ գուցե մեկը գա, ինձ վերցնի, հասցնի Երևանի ինքնաիթիռին։ Իսկ ինքնաթիռը վայրէջք կատարեց Երևանի չվերթի նախատեսված ժամից յոթ րոպե առաջ։ Ու ես վազեցի։ Վազում էի ծանր ուսապարկով ու սապոգներով, վազում էի էնքան արագ, ինչքան ընդհանրապես իմ մարմինն ընդունակ էր։ Անձնագրային ստուգման ժամանակ խնդրեցի, որ ինձ առաջ թողնեն։ Ու շարունակեցի վազել նույն արագությամբ։ Շնչակտուր հասա Երևանի չվերթի ելքին, որտեղ ինձ ժպիտով տեղեկացրին, որ ինքնաթիռն արդեն մեկնել է։ Նայեցի պատուհանից դուրս։ Ինքնաթիռը դեռ էնտեղ էր։ Սկսեցի գոռգոռալ, հայհոյել, թե բայց ես վազել եմ, բայց ես իմ կարողացածի չափ արել եմ, բայց ինչու եք էսպիսի տոմս վաճառում, եթե չեմ հասցնում։ Ինձ ուղարկեցին նոր տոմս ձեռք բերելու։

Իսկ նոր առաջարկն էր՝ Աերոֆլոտով դրանից մեկուկես ժամ անց մեկնել Մոսկվա, էնտեղից՝ Երևան։ Երևանում կլինեի դրանից տասներկու ժամ հետո։ Ճամապարհի մեկ երրորդն արդեն անցել էի, բայց Երևանը դեռ տասներկու ժամ այն կողմ էր, մնացած տարբերակները՝ ավելի քան 24 ժամ, իսկ դրանից էլ 24 ժամ անց արդեն պիտի Երևանից մեկնեի։ Գոռգոռում էի նաև, որ Մոսկվա չեմ ուզում գնալ, որ էնտեղ գիշերը չեմ կարող մնալ, գոռգոռացի այնքան, մինչև էլ չէի կարողանում խոսել։ Ու մենակ էի, ահավոր մենակ, իսկ Երևանը հեռու էր՝ ուրիշ մոլորակի վրա, ուրիշ դարաշրջանում, անհասանելի, որտեղ շաբաթ֊կիրակի սուրճ խմելու չես կարող գնալ։

Խնդրեցի ինձ հետ ուղարկել Կոպենհագեն։ Գրեցի Վիեննայում բնակվող ընկերուհուս՝ Մառլենին, որն առավոտյան միասին նախաճաշելու ժամանակ ուներ։ Մառլենն իմ Կոպենհագենի մտերիմներից էր, որ արդեն երկու տարի է՝ վերադարձել է Ավստրիա։ Գիշերն ամբողջովին ուժասպառ հասա հյուրանոց, փռվեցի մահճակալին ու մտածեցի, որ բախտավոր եմ, որ Եվրոպայում չկա քաղաք, որտեղ առնվազն մի հոգու չճանաչեմ։

Առավոտյան Մառլենին տեսա։ Միասին նախաճաշեցինք, հետո դուրս եկա թափառելու։ Քայլեցի Վիեննայով ու մտածեցի՝ ինչքան շատ եմ այս քաղաքում եղել Երևանից կամ Երևան գնալիս։ Ինչքան տարբեր մարդկանց հետ եմ եղել իմ երկու իրականություններից։ Մտածեցի՝ հենց այստեղ են այդ իրականությունները հատվում, բայց երբեմն, ինչպես այս անգամ, Երևանն անհասանելի է դառնում։ Ու հետ եկա Կոպենհագեն։ Մամայիս ծնունդն առանց ինձ նշեցին։ Երևանը մնաց մյուս անգամ՝ մանրամասն պլանավորելով, ավելի շատ օրերով ու ոչ այսքան հաճախ։ Երևանը հեռու է, այնտեղ հասնելու համար մի քանի ինքնաթիռ է պետք փոխել։

3 thoughts on “Այդ հեռու ու մոտիկ Երևանը

  1. Բարև, Անունս Կարինե է՝ Գուգազարյան, գեղեցիկ ես գրում, հաճույքով եմ կարդում… Մի ծանոթ էլ ավելացրա քո ցանկում…համբուրգից այնքան էլ հեռու չեմ ապրում (~50կմ) …

    1. Ողջույն Կարինե, շնորհակալ եմ շատ մեկնաբանության համար։ Եթե չեմ սխալվում, մենք ազգակցական կապ էլ ունենք, չէ՞։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s