Բերգեն. վերադարձ

Այն քաղաքները, որոնցում մի շաբաթից երկար եմ մնացել, իրենց երգերն ու տրամադրությունն ունեն, համն ու զգացողությունները, որոնք վերադառնում են հենց այն վայրկյանին, երբ նորից ոտք եմ դնում տվյալ քաղաք։ Բերգենում ինչ֊որ հոգևոր ընդարձակության զգացողություն եմ ունենում։ Ինչ֊որ ներքին ուժ ու համարձակություն է իջնում վրաս, ու մարմնիս հետ ավելի խորը կապ եմ հաստատում։

Դեռ ինքնաթիռում էի, երբ անցանք ծիածանի վրայով, տեսա ինքնաթիռի մի քանի սանտիմետրանոց ստվերը դիմացին ամպին, իսկ երբ ամպերի միջով անցանք, զգացի, թե որքան մեծ ու հզոր է ինքնաթիռը ու որքան փոքր է երկնքի ու ամպերի համեմատ։ Իսկ հետո արդեն Բերգենն էր՝ իր անդադար անձրևով, որ տեղացիների համար այնքան սովորական է, որ փողոցները նույնքան մարդաշատ են, որքան արևոտ օրերին։ Բերգենն էր՝ իր սարերով ու լույսերով, ու ես էի՝ անանուն ու անտեսանելի, որովհետև քաղաքում ոչ մեկի չեմ ճանաչում յոգայի ուսուցիչներիցս բացի։

Ինքնաթիռից իջնելուց ու վարձով սենյակս գտնելուց հետո անմիջապես վազեցի յոգայի։ Ինգվիլդը տեսավ ինձ, նայեց֊նայեց ու.

-Լա՛նգա սի՛դեն։

Ասել կուզի՝ երկար ժամանակ է անցել։ Տարօրինակ զգացողություն էր հասկանալը, թե ինչ է ասում, բայց պատասխանել չկարողանալը։ Անգլերենի անցա, բացատրեցի, որ Բերգենում չէի, որ Դանիայում եմ ապրում, որ նորվեգերեն հասկանում եմ, որովհետև դանիերեն գիտեմ։ Ու ի տարբերություն նախորդ անգամվա, Ինգվիլդն այս անգամ դասը նորվեգերեն անցկացրեց։ Ընդամենը մի տարուց մի քիչ շատ է անցել, ինչ վերջին անգամ Բերգենում եմ եղել, բայց էնքա՜ն բան է փոխվել. Ինգվիլդն արանքում հասցրել է ևս մեկ երեխա ունենալ, իսկ Բենեդիկտի մազերը երկարել են, սև է ներկել։

Սովորաբար երբ որոշ ժամանակ անց նորից նույն քաղաքն եմ վերադառնում, էնպիսի զգացողություն եմ ունենում, թե ոչ մի տեղ չէի գնացել, միշտ այնտեղ էի եղել, ու իմ կյանքն այդ ընթացքում երազ է եղել։ Բայց նախորդ անգամ Բերգենում լինելս թվաց նախորդ կյանքում, ուրիշ իրականության մեջ։ Ու յոգայի դասից հետո տուն քայլեցի՝ այն ժամանակվա երգերը բարձր միացրած, երգելով Քորթնի Բարնեթի հետ, երգելով բարձրաձայն, որովհետև, միևնույն է, ոչ ոք ինձ չի ճանաչում էստեղ, ու ինչ կուզեմ, կանեմ։

Ու հիշողությունները հերթով սկսեցին վերադառնալ. այն մի քանի օրը, որ Մորթենը եկել էր ծնունդս միասին նշելու, Ստոլցեկլայվեն բարձրանալս, որ այս անգամ, ցավոք, չեմ հասցնի, բոլոր այն ռեստորանները, որտեղ մենակով ընթրել եմ, իմ տան տակ գտնվող սուպերմարկետը, որտեղից այս անգամ էլ գնումներ արեցի, բայց այս անգամ տունս ուրիշ տեղ է, դիմացի բլուրը՝ վառվռուն լույսերով, լուսաբացները, որոնցից աչքս կտրել չէի կարողանում ու երեկոները Դորթե Նորսի պատմվածքների հետ, որ այնքա՜ն սազում էին այս քաղաքին։

Կապրեի Բերգենում։

One thought on “Բերգեն. վերադարձ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s