Ջինա Ռիփոնի «Գենդերացված ուղեղը» կոտրում է կանացի ուղեղի մասին միֆերը

Ընդհանրապես, ոչ գիտահանրամատչելի գրքեր խիստ հազվադեպ եմ կարդում. իմ մասնագիտական գիտական հոդվածներն ինձ լրիվ հերիք են։ Բայց նեյրոգիտնական Ջինա Ռիփոնի «Գենդերացված ուղեղ. թարմ նեյրոգիտությունը, որ մաս֊մաս է անում կնոջ ուղեղի մասին միֆերը» պատվիրեցի մի գեղեցիկ օր, երբ լսեցի, թե ինչպես է տղամարդ զեկուցողը հայտարարում, որ մտավոր ռոտացիան ինտելեկտի ամենալավ ցուցանիշն է, ու թե ինչպես են տղամարդիկ մտավոր ռոտացիայից ավելի լավ։

Image result for mental rotation task
Մտավոր ռոտացիայի առաջադրանք. արդյոք ձախ կողմի պատկերը նու՞յնն է, ինչ աջ կողմինը

Հիշեցի շաբաթներ առաջ Քրիստիանիայի գիտություն և կոկտելյների հյուրը Ջինա Ռիփոնն էր, որ մոտ մեկ ժամանոց հանրամատչելի դասախոսություն կարդաց կանացի ուղեղի, դրա մասին հետազոտությունների ու էն մասին, որ կանանց ու տղամարդկանց ուղեղներն առանձնապես չեն տարբերվում։ Ու պատվիրեցի Ռիփոնի գիրքը, որ ավելի մանրամասն ու խորությամբ ծանոթանամ թեմային ու որ անհրաժեշտ գրականությունն ամբողջությամբ ձեռքիս տակ լինի. հաստատ էլի է պետք գալու։

Image result for gendered brain

«Գենդերացված ուղեղը» Ռիփոնը սկսում է պատմական ակնարկով՝ անդրադառնալով, թե ինչպես դարեր շարունակ անընդհատ առիթներ են փնտրվել կանանց ստորադասությունն ընդգծելու համար։ Դրանցից մեկը, օրինակ, ֆրանսիացի գիտնական Լը Բոնի այն պնդումն է, թե բարձր ինտելեկտով կանայք այնքան հազվադեպ են հանդիպում, ինչքան երկգլխանի գորիլան։

Երկգլխանի գորիլայից իհարկե երկար ճանապարհ ենք անցել, ու հիմա մեծ մասամբ նման հարցադրումների չենք հանդիպի։ Բայց դա չի խանգարում, որ անգամ քսաներորդ դարի վերջին ու քսանմեկերորդ դարում գիտնականները կանանց ու տղամարդկանց ուղեղների տարբերությունների որսի դուրս գան ու ամեն ինչ անեն այդ տարբերությունները ցույց տալու համար։

Ջինա Ռիփոնը հերթով վերլուծում է այդ հետազոտությունները, ցույց տալիս թերացումները կամ էֆեկտի շատ փոքր լինելը, ինչը նշանակում է, որ շատ դեպքերում կանանց ու տղամարդկանց ուղեղներն ու վարքը շատ ավելի նման են իրար, քան տարբեր։ Անդրադառնում է նաև այդ չարաբաստիկ մտավոր ռոտացիային, որ այն տղամարդ գիտնականն այդքան հպարտությամբ նշել էր։ Այո, մտավոր ռոտացիայի հանձնարարություններում տղամարդիկ ավելի բարձր միավորներ են հավաքում, քան կանայք։ Բայց պարզվում է՝ այդ տարբերությունը վերանում է, երբ կանայք մի քանի ժամ տետրիս են խաղում, վերանում է նաև, երբ հաշվի է առնվում համակարգչային խաղերի հետ ունեցած փորձը։

Գրքում Ջինա Ռիփոնը պնդում է, որ գենդերացված աշխարհն է ստեղծում գենդերացված ուղեղ։ Նույն մտավոր ռոտացիայի օրինակով ցույց է տալիս, որ կանայք շատ ավելի լավ են կատարում առաջադրանքը, երբ իրենց ասվում է, որ այդ առաջադրանքից կանայք լավ են, ու ավելի վատ, երբ ասվում է, որ կանայք մտավոր ռոտացիայից վատ են։

Ավելին՝ գենդերացված աշխարհը սկսվում է շատ վաղ՝ երեխային կապույտ կամ վարդագույն հագցնելուց, գենդերացված խաղալիքներ երեխաների դիմաց դնելուց ու «աղջիկը չպիտի, տղան չպիտի» արտահայտություններից սկսած։ Բայց պարզվում է՝ նույնիսկ այսպիսի գենդերացված աշխարհում կանանց ու տղամարդկանց նմանությունները շատ ավելին են, քան տարբերությունները (էստեղ չենք խոսում որոշակի անատոմիական ու ֆիզիոլոգիական, այլ զուտ մտավոր վարքային տարբերությունների մասին)։

Գրքում քննարկվում է նաև, թե ինչու են կին գիտնականներն այդքան քիչ։ Նախ, փոքրուց եկած ազդակներն են իրենց դերը խաղում. աղջիկները մաթեմատիկայից վատ են, գիտությունը կնոջ համար չէ և այլն։ Հետո, հենց գիտական միջավայրերն են, որտեղ կանանց ներկայությունն այնքան էլ չի ողջունվում. ի վերջո, կանանց ու տղամարդկանց ուղեղների միջև տարբերություններ գտնելու հուսահատ փորձերը հենց գիտական միջավայրերից են դուրս գալիս։

Հետո, անդարդարձ է կատարվում հասարակական նորմերի պատճառով առաջացած վարքային տարբերություններին։ Մասնավորապես, հաճաճ տղամարդիկ շատ ավելի ինքնավստահ են ու ոչ միշտ համապատասխանաբար կոմպետենտ, մինչդեռ կանայք հաճախ անինքնավստահ են ու ցածր ինքնագնահատականով, ինչի արդյունքում էլ հաճախ սխալ պատկերացում է ստեղծվում տղամարդկանց ու կանանց ունակությունների տարբերությունների մասին։ Թե ինչպես է այս վարքագիծը ձևավորվում, լրացուցիչ հարցեր տալու ու հետազոտելու միջոցով կարելի է պարզել։

Վերջում Ջինա Ռիփոնն անդրադառնում է գենդերին՝ որպես հասարակության ստեղծած երևույթ։ Առաջարկում է գենդերային ինքնության խնդիրները նույնպես տեսնել հենց այդ լույսի ներքո. եթե հասարակությունը որոշել է, որ կոնկրետ անատոմիայով մարմինը կոնկրետ տեսակի վարք պիտի ունենա, կոնկրետ մասնագիտություն ընտրի, ուրեմն իհարկե այդ ամենին հակասող վարք ունեցողը պիտի անհաշտ լինի իր անատոմիայի հետ ու վիրաբուժական լուծում փնտրի։

Ջինա Ռիփոնը գիրքը եզրափակում է նրանով, որ կանանց ու տղամարդկանց տարբերությունների մասին հարցադրումները պետք է ճիշտ կատրավեն. ինչու՞ է դեպրեսիան կանանց մոտ ավելի հաճախ, աուտիզմը՝ տղամարդկանց։ Սա ֆիզիոլոգիական տարբերություններո՞վ է պայմանավորված, թե՞ այլ գործոններով։

Եթե երբևէ ֆեյսբուքում տեսել եք կամ անգամ կիսվել եք կանանց ու տղամարդկանց տարբերությունների մասին պսևդոգիտական նյութերով, եթե հավատում եք այդ տարբերություններին կամ ուզում եք հարցին խորապես ծանոթանալ հենց գիտական տեսանկյունից, խորհուրդ եմ տալիս կարդալ Ռիփոնի «Գենդերացված ուղեղը»։ Ինձ համար այս գիրքը մասնագիտականի ու հավեսի համար կարդալու մի հրաշալի համադրություն էր. մի կողմից, կոգնիտիվ նեյրոգիտություն՝ իմ հիմնական զբաղմունքը, մյուս կողմից՝ կոգնիտիվ նեյրոգիտության այն հատվածներից, որոնք իմ ուսումնասիրման թեման չեն, բայց որոնք կարևոր է իմանալը։ Կարևոր է յուրաքանչյուր կին գիտնականի, յուրաքանչյուր կնոջ, յուրաքանչյուր տղամարդու համար, որովհետև պակաս գենդերացված աշխարհը ավելի շատ պայծառ մտքեր կծնի։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s