Կորոնավիրուս. Դանիան փակվում է

Աշխատանքից տուն գնալիս դասագիրքը հետս վերցրի. եթե անցնենք առցանց դասավանդման, դասախոսությունները պատրաստելիս գիրքը պետք կգա։ Վերջին օրերին ամեն ինչ այնքան արագ է զարգանում, որ հաջորդ օրվա դասախոսությունս կարող է չեղարկվել, Դանիայում ամեն ինչ կարող է կանգնեցվել ես մնամ Օրհուսում՝ իմ վաթսունն անց տնկիցի հետ մի բնակարանում փակված։ Սարսափում էի այդ մտքից, որովհետև չէի ուզում վարակել տնկիցիս։ Դեռ առավոտյան համալսարանի բոլոր միջոցառումները, բացի դասավանդումից չեղարկվել են։ Նախորդ օրը հայտարարվել էր, որ հասարակական տրանսպորտից հնարավորինս խուսափենք։ Կոպենհագեն֊Հռոմ և Հռոմ֊Երևան չվերթները չեղարկվել են։ Հռոմ գնալը հետաձգեցինք հունիս, Երևան գնալը՝ չգիտեմ։

Երկու ժամից վարչապետը մամլո ասուլիս էր տալու, ու ըստ դրա հասկանալու էի՝ հաջորդ օրը դաս ունեի՞, թե՞ ոչ։ Տուն մտա ու ուսապարկս հավաքեցի։ Տարօրինակ զգացողություն էր. չգիտեի՝ ինչ վերցնել, ինչ տանել հետս։ Չգիտեի անգամ գնալու՞ էի, թե՞ չէ։ Մորթենը Օրհուս֊Կոպենհագեն վերջին գնացքի տոմս ուղարկեց, որ եթե ամեն ինչ փակվի, հասցնեմ Կոպենհագեն գնալ։

Վարչապետը ելույթ ունեցավ։ Զարմանալիորեն ամեն ինչ հասկանում եմ։ Խոսում է դանդաղ ու հստակ։ Ասում է, որ բոլորիս պատասխանատվությունն է խոցելի խմբերին պաշտպանելը։ Հետո անցնում հատուկ միջոցառումներին. ուրբաթ օրվանից դասերը դադարեցվում են ամեն տեղ, ամբողջ պետական սեկտորը փակվում է, մասնավորը շարունակում է աշխատել առայժմ, որ տնտեսությունը շատ չտուժի, սովի չենք պատրաստվում, համաճարակի ենք պատրաստվում, զուգարանի թուղթ ու սնունդ կուտակելու կարիք չկա։

Տոմսս հետ եմ տալիս, հաջորդ օրվա տոմս գնում, որ դասախոսությունից հետո գնացք նստեմ։ Շեֆիս մեյլ եմ գրում, հարցնում՝ դասախոսությունս չեղարկե՞մ, թե՞ չէ։ Պատասխանում է, որ չեղարկեմ։ Նորից վերջին գնացքի տոմս եմ գնում ու ինձ գցում կայարան. կես ժամից գնացքը մեկնում է։ Օրհուսում չեմ կարող ևս մի գիշեր մնալ. հասնեմ տուն, գոնե ապահովության մեջ լինեմ։ Նստում եմ գնացք։ Դանիացիները սուպերմարկետներում սնունդ ու զուգարանի թուղթ են կուտակում, իսկ ես՝ գնացքի տոմսեր։

Գնացքում բոլորն անհանգիստ են երևում։ Վերջին գնացքով Կոպենհագեն մեկնողներն են։ Այս անգամ ուղևորությունս անսովոր երկար է թվում։ Անընդհատ շուրջս եմ նայում. հասնելու եմ տուն ու տասնչորս օր կամ ավելի փակվեմ տանը։

Ամբողջ ճանապարհին խոսում եմ տարբեր մարդկանց հետ։ Համալսարանից նամակ է գալիս, որ վաղվանից ոչ մեկս աշխատանքի չգնանք. ուրեմն լավ արեցի, որ հասցրեցի վերջին գնացքը նստել։ Մտածում եմ, երկար մտածում, թե որտեղ կուզեի լինել էս պահին։ Ահավոր սուր եմ զգում, որ օտար երկրում եմ։ Երբեք էսքան սուր չեմ զգացել։ Դեռ առավոտվանից ինչ֊որ ներքին բնազդ ինձ ստիպում էր Հայաստանի տոմս առնել։ Բայց լավ էի հասկանում, որ ավելի ապահով է Դանիայում վարակվել, քան Հայաստանում։ Իսկ վարակվելու ենք բոլորս։ Մտածում եմ՝ նորից Հայաստան չհասա, վերջին կես տարվա մեջ երկրորդ անգամ։ Ու մտածում եմ՝ահավոր, ահավոր բախտավոր եմ, որ Դանիայում եմ։

Խոսում եմ Իտալիայում գնտվող ընկերներիցս մեկի հետ։ Հարցնում եմ՝ ոնց է ամեն ինչ։ Ասում է՝ առաջին օրերին տնեցիներով կռվում էին ու միասին լացում։ Հիմա կամաց֊կամաց սովորել են։ Ասում է՝ կանցնեն այս օրերը, ու կհիշենք էս բոլորը որպես անցյալում մնացած մի մղձավանջ։

Նայում եմ շուրջս ու վայելում ազատությունս վերջին անգամ։ Կհանդիպենք մղձավանջի մյուս կողմում։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s