Երեք օր կարանտինի մեջ

Մարտի 12֊ին արթնացանք նոր իրականության մեջ. տնից դուրս գալու ենք միայն խիստ անհրաժեշտության դեպքում, բոլոր ժամանցային միջոցառումները չեղարկված են կամ տեղափոխված առցանց տիրույթ։ Մեր երեք սենյականոց բնակարանը երեք հոգու համար անտանելի փոքր էր դարձել։ Մեր շվեդ տնկիցը տեղը չէր գտնում։ Ես չէի կարողանում աշխատել։ Աշխատանքային մեյլս պայթում էր նամակներից. վերջապես համալսարանի ղեկավարությունն առցանց դասավանդման հանձնարարական էր ուղարկել, ու բոլորս խառնվել էինք իրար։ Կոլեգաներիցս շատերը տանն են երեխաների հետ, ինչն աշխատելն անհնար է դարձնում։ Դրան գումարած անընդհատ փոխվող աշխարհը ու անընդհատ լուրերը ստուգելու մոլուցքը. նայում ես թվերին, գլուխդ տարուբերում։ Իսպանիան դեռ չի հասկանում, Ֆրանսիան դեռ չի հասկանում, Միացյալ Թագավորությունը դեռ չի հասկանում։

Պատշգամբում տաք շոկոլադով

Հենց առաջին օրը կամավորական խմբեր ձևավորվեցին, որ ծերերին ու քրոնիկ հիվանդություններ ունեցողների գնումները կատարեն։ Քաղաքական բանավեճերը դադարեցին, ու խորհրդարանը միաձայն կորոնավիրուսի համաճարակի դեմ միջոցառումների օրենք ընդունեց։ Խուճապի մեջ դանիացիները խանութները սրբեցին։

Մարտի 13֊ին մի խումբ կոլեգաներով նախաձեռնում ենք առցանց հանդիպում։ Սովորաբար ուրբաթ օրերը հանդիպում էինք մի սենյակում ու լուռ մեր հոդվածների վրա աշխատում։ Որոշեցինք, որ կարանտինը մեզ չի խանգարի, ու նույնն արեցինք առցանց։ Բայց հենց այդ ժամանակ էր, երբ տնկիցս եկավ ու խորհուրդ հարցրեց. գնա՞մ Շվեդիա, թե՞ չգնամ։ Ասացի, որ եթե ուզում է գնալ, պիտի հենց էդ պահին գնա, որովհետև կամուրջը փակելու են։ «Կարծու՞մ ես»,֊ հարցրեց։ Բայց ճամպրուկը հավաքեց ու գնաց կայարան՝ առաջին Կոպենհագեն֊Ստոկհոլմ գնացքը նստելու։

Ժամը յոթին վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը նորից ասուլիս էր տալու։ Արդեն սովորել ենք, որ երբ վարչապետն ասուլիս տալիս, ուրեմն ինչ֊որ լուրջ բան է հաղորդվելու։ Ես հյուրասենյակում առցանց յոգա էի անում ու մտածում էի՝ կվերջացնեմ, նոր կգնամ, կիմանամ, թե վարչապետն ինչ է ասում։ Բայց երբ խոհանոցից եկող ձայնը լսեցի, վազեցի այնտեղ։ Այդ պահին հայտարարվում էր, որ Դանիայի սահմանները մի ամսով փակվում են։ Մի ամսով ելումուտ չի լինելու՝ որոշ բացառություններով։ Եթե Շվեդիան ու Գերմանիան իրավիճակը լուրջ չեն ընդունում, ուրեմն Դանիան պիտի ավելի կոշտ միջոցների գնա։ Մետտե Ֆրեդերիկսենը շեշտեց, որ սա բոլորիս պատասխանատվությունն է, ու պիտի օգնենք միմյանց այս վիճակից դուրս գալու համար։ Հետո դիտեցինք Թրամփի ասուլիսը, որտեղ գովում էր Ռոշը և Գուգլը որպես լավ բիզնեսներ։

Իսկ այսօր՝ երրորդ օրը, երբ նաև շաբաթ էր, կամաց֊կամաց սկսեցի սովորել նոր իրականությանը։ Օրն արևոտ էր. հազվագյուտ բան Դանիայում։ Նախաճաշից հետո Մորթենն ու ես դուրս եկանք զբոսանքի. կարճ զբոսանքները մեր կարանտինի մի մասն են դարձել։ Դուրս ես գալիս փողոց ու մարդկանցից որոշակի հեռավորություն պահում։ Նման է համակարգչային խաղի. ոմանք արագ են քայլում, ոմանք՝ դանդաղ, ոմանք անկանխատեսելի են, ոմանք նեղ մայթերում են ու անպայման քո մոտով անցնելու են։ Քո խնդիրն է առնվազն 1-2 մետր հեռավորություն պահելը։

Բայց այսօրվա խաղի լեվելը բավական բարդ էր. արևն ամբողջ թաղամասին դուրս էր հանել։ Մարդիկ քայլում էին խմբերով՝ ընտանիքներով, ու միմյանցից խուսափելն ահագին բարդ գործ էր դարձել։ Դրա համար երբ հասանք մոտակա այգին ու տեսանք, որ բոլորն այնտեղ են, շրջվեցինք ու վերադարձանք տուն։ Կառլսբերգ քաղաքի մի կետում կարող էիր արևի տակ կանգնել էնպես, որ շրջակայքում ոչ ոքի չտեսնեիր։ Բայց հազի ձայները բոլոր կողմերից արձագանքում էին։

Որպես քաղաքի պատասխանատու բնակիչներ՝ շուտ վերադարձանք տուն ու որոշեցինք արևի մնացած մասը պատշգամբում վայելել։ Մորթենը վերարկուով, ես՝ ադյալով փաթաթված նստեցինք պատշգամբում։ Կողքի հարևաններն էլ իրենց պատշգամբում էին։ Ժպտացինք իրար. «բոլորս նույն օրի ենք, բայց դե արևը ո՞նց բաց թողնենք»։

Որոշ կուսակցություններ ակտիվացան ու սկսեցին ցեխ շպրտել կառավարության վրա։ Օրվա ընթացքում իմացանք, որ Դանիայում առաջին մահը կա. 81 տարեկան տղամարդ բազմաթիվ ծանր հիվանդություններով, որի մոտ նաև կորոնավիրուս է հայտնաբերվել։ Տխրեցինք. ասես ծանոթ մարդ մահացած լիներ։ Էստեղ համաճարակը բոլորիս խնդիրն ու պատասխանատվությունն է դարձել։

Օրը շարունակվեց գիրք կարդալով (վերջացրեցի Շահրնուշ Պարսիպուրի «Կանայք առանց տղամարդկանց» վեպը), արդեն սովորական դարձած րոպեն մեկ լուրերն ու սոցիալական ցանցերը ստուգելով ու առցանց յոգայի դասով։ Ժամը յոթի պատշգամբային փարթին չստացվեց. դանիացինե՞րն են լուրջ, թե՞ դեռ ցուրտ է։

Երեք օր է՝ խոսում եմ տարբեր երկրներում գտնվող ընկերներիս հետ. ԱՄՆ, Սլովենիա, Իտալիա, Բելգիա։ ԱՄՆ֊ում ոչինչ չեն անում։ Սլովենիայում դեպքերը հայտնաբերելուց անցել են տարածումը կանխելուն։ Իտալիայում երեկոյան բոլորը պատշգամբ են դուրս գալու երաժշտական գործիքներով։ Իմ՝ Բելգիայում բնակվող մի բուլղարացի ընկերուհի Երևանում էր դեռ այս առավոտ։ Վրաստանի սահմանը չեն թողել հատի, որովհետև ԵՄ քաղաքացի է։ Մոսկվայով է Բելգիա վերադառնում։

Վաղը կիրակի է։ Այս անգրաֆիկ ու անշարժ կյանքը հոգնեցնող է, բայց բոլորս գիտենք, որ տանը մնալն այն գինն է, որ վճարում ենք առողջապահական համակարգը չծանրաբեռնելու, բազմաթիվ կյանքեր փրկելու ու Իտալիայի օրը չընկնելու համար։ Ու վաղն առավոտյան նորից պատշգամբ դուրս կգանք ու կբարևենք հարևաններին։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s