Ի՞նչ գիտելիք է տալիս հեռավար ուսուցումը

Երբ մարտի 11-ին ուշ երեկոյան Դանիայի վարչապետը հայտարարեց, որ համալսարանները փակվում են՝ անցնելով հեռավար ուսուցման, ինձ մնում էր միայն մարտի 12-ի դասախոսությունը չեղարկել ու ընթացքում փորձել հասկանալ, թե ինչպես եմ անցնելու հեռավար ուսուցման։ Ու հաջորդ շաբաթվանից արդեն անցա Զումով դասախոսությունների։

20 Tech Tools and Apps for Distance Learning - IntelligentHQ

Բայց այն, ինչ մենք հիմա անում ենք, հեռավար ուսուցում չէ, ճգնաժամային ուսուցում է։ Հեռավար ուսուցումը ենթադրում է լուրջ պատրաստվածություն՝ թե՛ նախապես համապատասխան հմտություններ ձեռք բերելով, թե՛ դասընթացը մանրամասն պլանավորելով հենց հեռավար ուսուցման համար։ Իսկ հիմա, երբ կիսամյակի կեսից հանկարծ պարզվում է, որ պիտի հաջորդ օրվանից անցնենք հեռավար ուսուցման, լավագույնը, որ կարող ենք անել, մեր կարողացածի ու իմացածի սահմաններում նյութը մատուցելն է։ Բայց այն, ինչի պիտի անեինք լսարանում, փոխարենը Զումով մատուցելը հեռավար ուսուցում չէ։ Ու դա շատ լավ հասկանում են թե՛ դասախոսները, թե՛ ուսանողները․ դասախոսները դասին ներկա գտնվելու ոչ իրատեսական պահանջներ չեն դնում, իսկ ուսանողները ներողամիտ են, եթե նյութը նույն որակով չի մատուցվում։

Համալսարանը խորհուրդ է տալիս դասախոսությունները տեսագրել․ մի տարբերակ, որին դասախոսական անձնակազմը խիստ դեմ է, որովհետև մենք բոլորս վարժված ենք դասավանդման ինտերակտիվությանը, ու մեր դասախոսությունները հենց էդպես էլ կառուցում ենք։ Տեսագրության անցնելը ենթադրում է լրիվ ուրիշ տրամաբանություն․ հանել նյութի կարևորագույն ու դժվար հասկանալի մասերը, կենտրոնանալ դրանց վրա ու հինգ-տասը րոպեանոց տեսանյութեր սարքել։ Ահագին ժամանակատար է այս պայմաններում, երբ մեզ պատրաստվելու ժամանակ չի տրվել։

Բայց ուսանողների հետ խորհրդակցելու արդյունքում նաև հնարավոր եղավ պարզել, թե ինչն է ստացվում, ինչը՝ չէ։ Ըստ դրա որոշ փոփոխություններ մտցրեցի․ դասախոսությունները կրճատեցի, դարձրեցի մեկ ժամանոց, հանեցի բոլոր ինտերակտիվ վարժությունները, դրանք դարձրեցի տնային աշխատանք։ Ուսանողներին հնարավորություն տվեցի տնային աշխատանքները կատարել նույնիսկ վերջնաժամկետից հետո։ Էլի կատարյալ չէ, բայց ճգնաժամային պայմաններում ոչինչ կատարյալ չէ, ու մեր ու ուսանողների խնդիրն է անել այն, ինչ հնարավոր է՝ առանց միմյանց վրա գերմարդկային պահանջներ դնելու։ Մենք ամեն դասախոսության ավարտից հետո միմյանց շնորհակալություն ենք հայտնում, ես, որ ճգնաժամային պայմաններում կարողացել են ներկայանալ, ուսանողները՝ որ ճգնաժամային պայմաններում անում եմ ամեն ինչ, որ կարողանամ գիտելիք տալ։

Դասախոսությունները, որ կարդում եմ կոգնիտիվ գիտության բակալավրի առաջին կուրսի ուսանողների համար, «Կոնգիտիվ նեյրոգիտության ներածություն» առարկայի մաս են կազմում։ Այս դասընթացի մի մաս է կազմում նաև ֆունկցիոնալ ՄՌՏ հետազոտությունները, որ ուսանողները պիտի անեին համալսարանական կլինիկայում, հետո դրա հիման վրա էսսե գրեին, հետո գային բանավոր քննության։ Դեռ մարտի 11-ից առաջ գիտեինք, որ ՄՌՏ հետազոտությունները չեն լինելու, որովհետև հիվանդանոցը դադարեցրել էր ցանկացած ոչ անհրաժեշտ գործունեություն։ Ու դասընթացի ղեկավարը այլընտրանքային լուծումներ էր փնտրում, մինչև որ պարզվեց որ այդ լուծումներից ոչ մեկը չի աշխատելու․ համալսարանն ամբողջությամբ փակվում է։ Միակ տարբերակը մնաց արդեն հավաքված տվյալների հետ աշխատելը։

Թվում է՝ արդար լուծում է։ Բայց կան ուսանողներ, որոնք չունեն բավականաչափ հզոր համակարգիչներ, որ այդքան մեծ ծավալով տվյալների հետ աշխատեն։ Ու լուծումներ պետք է գտնել նաև նրանց համար։ Չի կարելի քննությունից կտրել ուսանողին միայն նրա համար, որ բավականաչափ գումար չունի, որ նոր համակարգիչ գնի։

Իհարկե, քննությունները հետաձգելը մի լուծում է։ Բայց քննությունները հետաձգել չհաջողվեց․ Դանիայում ամբողջ տարին շաբաթ առ շաբաթ այնքան մանրամասն է պլանավորած, որ օգոստոսին դասի գնալը կամ քննաշրջանը հունիսից օգոստոս տեղափոխելը ենթադրում է ամբողջական օրացույցի փլուզում։ Դանիացիներն իրենք էլ չեն պատկերացնում, թե դա ինչպես կարող է տեղի ունենալ․ մութուցուրտ տարիներ չեն տեսել ու չեն լսել շաբաթ օրերը դասի գնալու կամ ձմեռային արձակուրդը երկարացնելու հաշվին ամառայինը կրճատելու մասին։

Արդյունքում ունենք այն, ինչ ունենք․ այս տարվա ուսանողներն առարկայից չեն ստանա նույն գիտելիքներն, ինչ նախորդ տարիներինը, քննությունը նույն գիտելիքները չի արտացոլի։ Անգամ Դանիայի պես պետությունում, որտեղ ուսումն անվճար է, ուսանողներն էլ պետությունից գումար են ստանում իրենց կարիքները հոգալու համար, սոցիալական անհավասարությունը շատ ուժեղ է իրեն զգացնել տալու։

Հայաստանում այս խնդիրը շատ ավելի սուր է՝ հաշվի առնելով, որ բազմաթիվ ուսանողներ նաև աշխատանք են կորցրել կամ չունեն սեփական համակարգիչ ու տարածք, որ կարողանան դասերին հետևել։ Իսկ դասախոսները և համալսարանները նույնիսկ շատ ավելի պակաս տեխնիկական պատրաստվածություն ունեն հեռավար ուսուցում իրականացնելու համար։ Հետևաբար, կարևոր է այս իրավիճակում հասկանալ, որ բոլորը, բացարձակապես բոլորը, ճգնաժամային իրավիճակում են ու փորձում են իրենց կարողացածի չափ կատարել իրենց աշխատանքը։ Այն կատարյալ չէ, բազմաթիվ թերություններ ունի, մատուցված գիտելիքի որակը տուժում է, բայց անհրաժեշտության դեպքում այդ պակասը մի օր կլրացվի։ Մեր օրերում փոխըմբռնումն ու կարեկցանքը շատ ավելի կարևոր են, քան կիսատ-պռատ կիսամյակը ու գնահատականի արդարությունից խոսելը․ ի վերջո, եթե դու քո համակարգչով կարողանում ես պարտաճանաչ կերպով հետևել քո դասերին ու անել բոլոր տնայինները, քեզ բախտավոր համարիր, որովհետև շատերը նույնիսկ դրանից են զրկված։

3 thoughts on “Ի՞նչ գիտելիք է տալիս հեռավար ուսուցումը

  1. Գիտե՞ս ինչն ա խնդալու, որ շատերը ոգևորված պնդում են, թե օնլայնվ կարելի ա նույն որակը ստանալ դասավանդման: Պարզ ա, մեր համալսարանը հիմնականում դրսի ուսանողների փողերով ապրում, վախենում են, որ հանկարծ ուսանող չկորցնեն եկող տարվա համար, բայց էս պնդւոմները արդեն ինքնախաբեություն չեն, այլ խարդախություն: Մենք չենք կարող հենց սեպտեմբերից նույն որակի օնլայն կրթություն ապահովել, որը ասենք մեզ դարձրնում էր երկրի երեք լավագույն բուհերից մեկը: Սա չընդունելը իմ կարծիքով խարդախություն ա:

    1. Որ խորանաս, օնլայն կարաս նույն որակի կրթություն ապահովես (իհարկե խիստ սահմանափակ մասնագիտությունների կամ դասընթացների դեպքում մենակ)։ Բայց դա ահագին պատրաստվածություն ու ֆինանսներ ա պահանջում։ Պիտի ամեն առարկայի համար մի քանի ամիս ֆուլ-թայմ տրամադրես, պլյուս համապատասխան տեխնիկական անձնակազմ կցես։ Բայց ներկայիս պայմաններում, բնական ա, ոչ ոք չունի էդ մի քանի ամիսն ու էդ տեխնիկական անձնակազմը, դե էլ չասած, որ ասենք կոնկրետ մեր առարկաներից ոչ բոլորն ա հնարավոր օնլայն դարձնել (ասենք ո՞նց օնլայն ՄՌՏ հետազոտություն անես)։ Ու հա, հեչ արդար չի պնդելը, թե որակը նույնն ա մնում։ Կուրսերայով հեչ որևէ դասընթաց անցե՞լ ես։ Ես լիքը անցել եմ, ու որակի սարեր-ձորեր տարբերություններ կան։ Միանգամից էրևում ա, թե ովքեր են լավ պատրաստված, ովքեր են՝ կամերայի դեմը հավայի խոսում։ Էս էլ էն դեպքում, երբ կուրսերան արդեն պատրաստի պլատֆորմ ունի զանազան տեխնիկական հնարավորություններով։

      1. Հենց Կուրսերայի օրինակն էի մտածում, իրանք հլա էդքան փորձառություն ունեն: Համաձայն եմ, որ ռեսուրսներ ծախսելով հնարավոր ա հասնել մեծ որակի, բայց ես որ դեռ չեմ տեսնում էդ ուղղությամբ քայլեր, ժամանակ առ ժամանակ ինչ-որ օնլայն դասախոսության լինք են ուղարկում՝ էս կամ էն հնարքը ոնց օգտագործենք, ոնց բացում եմ, ոչ էլ էն ա: Այսինքն՝ եթե դա լուրջ բան լիներ, պարտադիր մասնակցություն կպահանջեին և վերջում քննության պես ինչ-որ ան կլիներ և այլն: Նաև բնականաբար պիտի լրացուցիչ մեզ վճարեն, որ խրախոսեն, բայց բնականաբար էս պահին իրանց մենակ հետաքրքիր ա փող չկորցնելը: Հասկանում եմ՝ էդ փողից եմ ես էլ աշխատավարձ ստանում, բայց էդպես միանշանակ պնդում են, թե նույն որակն լինելու, առնվազն տարակուսում եմ:Եթե դասավանդողը ես եմ լինելու, ոնց կարան իրանք իմ անունից նման պնդում անեն:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s