— Էս մեկը մեմուար է,- ու Էնջըլը հաստ կազմով մի գիրք ձեռքս դրեց։
Ինչ կորոնան մեջտեղ է ընկել ու մեր ընթերցանության ակումբը կանգնել է, ես ու Էնջըլը պարբերաբար հանդիպում ենք ու գրքերով փոխանակվում։ Կա մի կարևոր կանոն․ նախապես միմյանց չենք ասում, թե ինչ ենք բերելու։ Մեր գրապահարանից որևէ գիրք մեր ճաշակով ընտրում, բերում ենք, հետո քննարկում ենք։ Էս անգամ որոշել էր Կարմեն Մարիա Մաչադոյի «Երազների տանը» գիրքն ինձ տալ։

Հուշագրությունն իմ սիրած ժանրերից չէ, հեղինակն էլ անծանոթ էր։ Սկզբում մտածում էի՝ բռնեմ ու չկարդամ։ Բայց երբ մտա Գուդրիդս ու պարզեցի, որ գիրքը նույնասեռական հարաբերությունում բռնության մասին է, երբ կարդացի առաջին մի քանի էջը ու նկատեցի, որ շատ լավ է գրված, հետաքրքրեց, մինչև վերջ գնացի։
Երկու կանանց նույնասեռական հարաբերություններում կարծես բռնությունն անպատկերացնելի է․ բռնությունը հայրիշխանության ծնունդն է, ուրեմն այնտեղ, որտեղ չկա տղամարդ, պիտի որ չլինի նաև բռնություն։ Համենայնդեպս, այդ նախատրամադրվածությամբ սկսեցի կարդալ գիրքը, որտեղ Մաչադոն քննում էր իր հարաբերությունը մի այլ կնոջ հետ։ Սկզբում ամեն ինչ լավ էր ու սիրուն, հետո սկսվեցին սարսափները։ Թեև Մաչադոյի ընկերուհին ֆիզիկական բռնություն չէր գործադրում (չնայած կարելի է վիճել, որ որոշ դրվագներ ֆիզիկականի էին հասնում), հոգեբանորեն լրիվ քայքայում ու ոչնչացնում էր հերոսուհուն։ Մաչադոն քննում էր այդ քայքայումը․ որտեղից էր գալիս, ինչ արմատներ ուներ, ինչու էր տեղի ունենում նույնասեռական հարաբերության մեջ։
Գիրքն ընդհանուր առմամբ խիստ մասնատված էր․ կարճ գլուխներն առանձին դրվագներ էին կամ նույնասեռական հարաբերությունների մասին վերլուծություններ, գծայնություն գրեթե չկար։ Խորանալով իր սեփական և նույնասեռական հարաբերությունների մասին գրականության մեջ՝ հեղինակը ոչ միայն փորձում է ապաքինվել հին վերքերից, այլև կարևոր հարց բարձրացնում․ երկու կանանց նույնասեռական հարաբերություններում բռնությունը կարո՞ղ է տեղ ունենալ, թե ոչ։ Լինելով բռնության զոհ՝ Մաչադոն ինքը կարծես կռվում է ԼԳԲՏ անձանց՝ հենց այդ բռնության իրավունքի համար․ «Մենք արժանի ենք, որ մեր սխալ պահվածքը ներկայացված լինի ճիշտ նույնքան, որքան մեր հերոսությունը, որովհետև երբ հերքում ենք մարդկանց մի խմբի սխալ վարքի հավանականությունը, մենք հերքում ենք նրանց մարդկայնությունը»։
Այսպիսով, Մաչադոն նաև մարդկայնացնում է բռնարարին՝ բռնությունը համարելով ոչ թե հայրիշխանական, այլ մարդկային, որ սեռ, գենդերային ինքնություն, սեռական կողմնորոշում, ազգություն, ռասսայական պատկանելություն չի ճանաչում․ բռնարարը միշտ գտնում է իրեն հարմար զոհին։
Գիրքը տեղ-տեղ սարսափի մոտիվներով է, տեղ-տեղ՝ խիստ գիտական, տեղ-տեղ՝ վառ, դրական հիշողություններով։ Ընդհանուր առմամբ հրաշալի է գրված ու կարևոր հարցեր է բարձրացնում։ Արժե կարդալ։