2020-ը

2020-ը, ինչպես գրեթե բոլոր նախորդ տարիները, սկսվեց հրավառությամբ։ Կոպենհագենում Անջելայենց տանն էինք։ Մեզ հետ նաև մի քանի այլ հյուրեր էին, որոնց չէինք ճանաչում։ Երեխաներ կային։ Ինչպես ամեն տարի, սկզբում թագուհու ելույթը լսեցինք։ Հետո ընթրեցինք։ Հետո դուրս եկանք պատշգամբ՝ հրավառությունը տեսնելու։ Ամեն րոպե կայծերն ավելի ու ավելի էին մեզ մոտենում։ Ներս մտանք, ներսից շարունակեցինք դիտել։ Ու մեկ էլ՝ կայծն ընկավ ուղիղ պատշգամբին, այրեց մի փոքր հատված։ Եթե ժամանակին ներս եկած չլինեինք, մեզնից մեկին էր դիպչելու։ 2020-ը սկսված էր։

Տխրած Երևանը

2020-ի առաջին օրերին հոգեբանի մոտ էի գնում։ Նստում էի, նայում դեմքին, ինքը՝ իմ դեմքին։ Ես էլ, ինքն էլ չէինք հասկանում, թե ինչու եմ այնտեղ։ Հոգեբանի դիմել էի 2019-ի դեկտեմբերին, բայց մինչև ամբողջ բյուրոկրատական հարցերը լուծվեցին, տարին վերջացավ։ Տարվա վերջին շատ էի հալից ընկել՝ համարյա բըրնաութ վիճակ։ Բայց տոնական արձակուրդը եկավ, մի լավ հանգստացա, հունվարից նոր թափով գործի անցա, ու հոգեբանի օգնությունը լրիվ անիմաստ դարձավ։

Հաջորդ երկու ամիսները պիտի փնթփնթալով աշխատեի․ պայմանագիրս վերջանում էր, իսկ երկարատև լուծում դեռ չէի գտել։ Մինչև հիմա էլ չեմ գտել։ Մի ամսվա մեջ երկու անգամ պիտի Նորվեգիա գործուղվեի։ Այդ երկու ճամփորդություններից ամենալավը վերադարձն եմ հիշում։ Առաջինից վերադառնալիս հիվանդ էի։ Գուցե չարաբաստիկ կորոնավիրուսն էր, գուցե՝ ուրիշ վիրուս։ Բայց անընդհատ կոճապղպեղով թեյ էի խմում ու երազում տուն հասնելու ու տաք անկողնում պառկելու մասին։ Երկրորդից վերադառնալիս երազում էի, որ ինքնաթիռը վերջապես վայրէջք կատարի․ կայծակը խփել էր, բարձրացել էր վեր, վատ եղանակի պատճառով վայրէջք չէր կարողանում կատարել։

Բայց 2020-ի միայն առաջին երկու ամիսներն էին իմ մասին։ Հետո ամեն ինչ տակնուվրա եղավ․ կորոնավիրուսի համավարակն արդեն հասել էր բոլորիս։ Տներում փակված բոլորս մեկ եղած պատմում էինք մեր պատուհանից այն կողմ տիրող աշխարհից, երեկոներին պատշգամբներում երգում էինք, մինչև հոգնեցինք ու էլ դուրս չեկանք, դժգոհում կամ համեմատում մեր պետությունների ու քաղաքների սահմանափակումները, նոր հոբբիներ հորինում, որ չձանձրանանք, գլուխ գովում, որ անչափ պրոդուկտիվ ենք դարձել կամ պրոդուկտիվության պոռնոն ձեռ առնում։ Կարոտում էինք ուրախ հավաքույթները, համերգները, ճամփորդությունները, կինոթատրոնները, սրճարաններն ու ռեստորանները։ Կարոտում էինք մեր ընկերներին ու բարեկամներին, որոնց սկսեցինք ավելի հաճախ տեսնել էկրանից այն կողմ։ Սովորել էինք ամեն ինչ առցանց անել․ սուրճ խմել, սեղանի խաղեր խաղալ, դասավանդել։ Այդ ընթացքում մեր կողքով անցնում էր գարունը, որ այդպես էլ չտեսանք։

Կորոնավիրուսի համավարակից սկսած կորել էր Եսը, դարձել էինք մենք։ Ու 2020-ին այդ մենքն անընդհատ կերպարափոխվում էր, տարբեր կազմ ստանում։ Ոմանք ասում էին՝ լոքդաունը մի՛ ռոմանտիզացրեք, հիմա շատերն աշխատանք են կորցրել, սոված են, շատերը հարազատ են կորցրել, սգում են։ Բայց հիմա՝ 2021-ի հունվարին ես համարձակվում եմ կարոտախտով հիշել այն օրերը, երբ անդարդ փակված էինք տներում ու պարապությունից նոր գործիք նվագել էինք սովորում։ Որքա՜ն կուզենայի, որ 2020-ի մասին հաջորդ սերունդներին մեր պատմելիքը հենց կորոնավիրուսի համավարակի մասին լիներ, թե ինչպես էր ամբողջ աշխարհը կանգ առել, քաղաքների օդը մաքրվել, իսկ վայրի կենդանիները փողոցներ լցվել։

Երբ հասնում եմ 2020-ի աշնանը, չգիտեմ ինչ գրել։ Բառերը կորում են, անէանում, որովհետև ասելու բան չկա։ Ի՞նչ ասես հազարավոր զոհերից ու վիրավորներից ու կորցրած հայրենիքից հետո։ Հիշում եմ էկրանից գամված օրերս, շրջապատող աշխարհից կտրված վիճակս, հայկական ու դանիական զուգահեռ իրականությունները․ մեկում զոհեր ու ավերածություններ, մյուսում՝ սրճարաններում անհոգ հավաքված ջահելություն, մեկում՝ վտանգված գոյություն, մյուսում՝ Թրամփի կորոնավիրուս, իսկ ես՝ այդ երկու իրականությունների մեջտեղում իմ այլ հայրենակիցների պես երկու կես էի լինում։ Հարցեր էին, որ տալիս էի ինքս ինձ իմ ինքնության, իմ արժեհամակարգի ու իմ ընտրությունների մասին։ Հարցեր էին, որոնց պատասխանները փնտրում էի առավոտյան սուրճ խմելիս, ուսանողներիս նամակներին պատասխանելիս, խանութում գնումներ անելիս, գնացքով աշխատանքի գնալիս։ Ու էդպես էլ մոլորված մնում։

Հարցերի պատասխանները պիտի ստանայի նոյեմբերի 9-ից հետո, երբ հայտնաբերեցի, որ իմ շրջապատում շատերից ավելի ազգայնական եմ, որովհետև հենց ազգային ինքնությունս է վտանգված, երբ հասկացա, որ Հայաստանի ապիկար ղեկավարությանը սատարողները ոչ թե չգիտեն, թե ինչ ենք կորցրել ու ինչ վտանգի առաջ ենք կանգնած որպես ազգ, այլ պարզապես ազգային ինքնություն չունեն ու ապրումակցել չգիտեն։ Ավելի շուտ էի հասկացել, բայց չգիտեի, թե ինչ աստիճանի վտանգավոր են։

Ու կապեր խզեցի։ Սկսեցի ջնջել բազմաթիվ ընկերների առանց հետ նայելու ու ափսոսալու։ Ես չէի կարող այլևս ինձ ընկեր համարել մեկին, ով մեր գոյությունը վտանգած գլխավոր մեղավորին դեռ աջակցում էին, հաճախ՝ «անվերապահորեն»։ Հետո նաև մտածում էի՝ ինչ կարելի է անել։ Անօգնականությունից պատեպատ խփվում, ինչպես իմ բազմաթիվ ընկերներ։

Դեկտեմբերի վերջին արդեն Երևանում էի։ Դանիական հերթական լոքդաունից հետո ծանր էր Երևանի աղմուկը, բայց նաև ծանր էր տրամադրությունը։ Ոմանց համար պատերազմն ավարտվել էր «զոհերի մեջ ոչ մի ծանոթ չունեմ, տունս չի վնասվել» պնդումներով, տրամադրությունները՝ բարձր, տոնական։ Բայց մնացածը ոտքից գլուխ ցավի մեջ, ժպիտները կորած, գլխիկոր։ Ու ընկերներս էին, որ անօգնականությունից խելագարվում էին՝ հասկանալով, որ հայրենիքը փրկելու համար օր առաջ պետք է իշխանություններին հեռացնել, բայց չգիտեին ոնց ու չգիտեին ինչ անել հետո։

Եկավ 2021-ը, եկավ առանց հրավառության, լուռ ու խաղաղ փողոցներում։ Ամբողջ աշխարհը թեթևացած շունչ քաշեց, որ այն անիծյալ տարին վերջապես ավարտվեց, իսկ մենք շունչներս պահում ենք, որ հանկարծ 2021-ը 2020-ից վատ չլինի։ Մենք անընդհատ խոսում ենք իրար հետ ու փորձում լուծումներ գտնել, որ հանկարծ 2021-ն ավելի վատը չլինի։ Երանի՜ հաջողենք։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s