Թովե Դիթլևսենն ու նրա մանկության փողոցը

Թովե Դիթլևսենը

Մեր դիմացի մայթին մի մանկապարտեզ կա, որ կոչվում է «Մանկության փողոց»։ Մոտակա փողոցներից մեկի մայթին սալիկներ կան՝ բանաստեղծական տողերով։ Դրա դիմացի հրապարակում նստարաններ են տեղադրված, նույնպես բանաստեղծությունից տողերով։ Իսկ ընդհանրապես Կոպենհագենի Վեստերբրո թաղամասի մեր հատվածում կա Թովե Դիթլևսենի անվան հրապարակ, դպրոց և այգի։ Տուն-թանգարան չկա։

Ditlevsen, Tove Irma Margit - Nordic Women's Literature

Թովե Դիթլևսենը Դանիայի՝ 20-րդ դարի ամենակարկառուն գրողներից է, գրել է թե՛ չափածո, թե՛ արձակ։ Մեծացել է աշխատավոր դասի ընտանիքում՝ Կոպենհագենի Վեստերբրո թաղամասի Հեդեբյուգեյդ 30Ա հասցեում։ Դա հենց մեր կողքի փողոցն է՝ մանկության փողոցը, «Մանկության փողոցը» վեպի փողոցը։ Բայց այդ հասցեն սովորական մի բնակարան է, տուն թանգարան չի դարձել։

Չնայած հեղինակի հայտնիությանը, գրականագետները Դիթլևսենին միանշանակ գնահատականի չեն արժանացրել։ Վերջին տարիներին անգամ, երբ Դանիայի աջ իշխանությունների հրահանգով դանիական գրականության կանոնն էր ստեղծվում, ըստ որի նաև պետք է դպրոցներում գրականություն դասավանդվեր, Թովե Դիթլևսենի անունը վերջին վայրկյանին պարտադիր ցանկից դուրս մնաց, հայտնվեց ընտրովի ցանկում։ Աշխատավոր դասից լինե՞լն էր պատճառը, կին լինե՞լը, թե՞ ինքնասպանություն գործելը։ Չգիտեմ։ Միայն կարող եմ ասել, որ Թովե Դիթլևսենը դանիական գրականությունից կարդացածս լավագույն հեղինակներից է, որը նաև հայտնի է դառնում անգլախոս աշխարհում․ «Կոպենհագենի եռագրությունը» վերջերս անգլերեն է թարգմանվել ու մեծ հաջողության հասել։ Անգամ Պատի Սմիթն է անդրադարձել Թովե Դիթլևսենին՝ նրան անվանելով մոնումենտալ գրող։

Կարծես Թովե Դիթլևսենն արժանանում է հին ու նոր դանիացի հեղինակների բախտին (Հանս Քրիստիան Անդերսեն, Կարեն Բլիքսեն, Դորթե Նորս և այլն)՝ Դանիայից դուրս գնահատվելով ավելի շատ, քան Դանիայի ներսում։

Մանկության փողոց

«Մանկության փողոցը» Դիթլևսենի երկրորդ վեպն է, լույս է տեսել 1943 թվականին։ Գլխավոր հերոսուհին՝ տասներկուամյա Էսթերը, բնակվում է Կոպենհագենի Վեստերբրո թաղամասի Հեդեբյուգեյդի հետնատանը եղբոր ու աշխատավոր խավի ծնողների հետ։ 20-րդ դարի 30-ականներին փողոցի այդ հատվածում փողոցին նայող շենքում բնակվում էին հարուստները, իսկ բակի ներսի շենքում՝ աշխատավոր խավը։

Վեպի գլխավոր հերոսուհին Էսթերն է, որ բնակվում է 30Ա հասցեում։ Գիրքը պատկերում է նրա մանկությունն ու պատանեկությունը, անցում դեպի հասունություն։ Աղքատների նիստուկացը հակադրվում է նաև փողոցի վրա ապրող հարուստներինով։ Էդպիսի մի ընտանիքի երեխա է Էլենը։ Էլենի կողքին Էսթերի «եղունգները կրկնակի սեւ են դառնում, գուլպաները՝ կրկնակի ծակ»։

Մանկության փողոցը․ Հեդեբյուգեյդ, 30Ա հասցեն ձախ կողմում է

Էսթերն իր ընկերուհի Լիզայի հետ Վեստերբրոյի փողոցներն է չափչփում, միասին նաև շոկոլադ են գողանում։ Վեստերբրոյի ամբողջ անցուդարձին ծանոթանում ես Էսթերի մանկական աչքերով։ Թովե Դիթլևսենը վարպետությամբ է գրում երեխայի տեսանկյունից։ Երևի իզուր չէ, որ ավելի ուշ գրել է «Իմ ներսում մի փոքրիկ աղջիկ է ապրում, որ մեռնել չի ուզում» բանաստեղծությունը։

Ծանոթանում ես նաև ժամանակի դանիական ավանդույթներին։ Օրինակ, մի դրվագում Էսթերին կշռում են դպրոցում։ Պարզվում է՝ քաշը թեթև է։ Դպրոցում որոշում են ամռանն ուղարկել «արձակուրդի երեխա» դառնալու, ինչը նշանակում է, որ ամառային արձակուրդին Էսթերը մեկնելու է քաղաքից դուրս, ապրի մի հարուստ ընտանիքում, որտեղ նրան լավ կսնեն, կվերադառնա։

Էսթերն իր տեղը չի գտնում, անընդհատ միայնակ է զգում իրեն։ Նա մի «անտուն սեր» ունի իր ներսում, որ չգիտի՝ ում տա։ Սիրահարվում է իր երիտասարդ ուսուցչուհուն։ Հետո դպրոցն ավարտում է, բայց ժամանակ առ ժամանակ հիշում է նրան։ Դեռ 40-ականներին Դիթլևսենը համարձակվում է նույնասեռական սիրո մասին գրել։

30-ականների Կոպենհագենում նաև սոցիալ-դեմոկրատական շարժումն է մեծ թափ առած լինում։ Աշխատավոր խավը հավաքվում է «Ժողովրդի տուն» կոչվող վայրում, որտեղ ոչ միայն կուսակցական հանդիպումներն են տեղի ունենում, այլև ջահելների ժամանցն է կազմակերպվում։ «Ժողովրդի տունը» մինչև հիմա կանգուն է, բայց վերափոխվել է «Վեգա» համերգասրահի, որտեղ գոնե մինչև համավարակը հաճախ էինք համերգների գնում։

«Վեգա» համերգասրահ դարձած «Ժողովրդի տունը»

Էսթերը և հասակակիցները նաև քաղաքականացված են։ Տասնվեց տարեկան աղջիկը, որին ծնողներն արդեն ուղարկել են աշխատելու, ընդմիջումներին կապիտալիզմը վերացնելուց ու գործադուլ անելուց է խոսում։ Երևի դրանից է, որ Դանիայում սոցիալ-դեմոկրատիան ամուր հիմքեր ունի, ու դասակարգային տարբերություններն այդքան նկատելի չեն։

Մի հետաքրքիր առանձնահատկություն է նաև, որ չնայած լինելով աղքատ ընտանիքից, Էսթերն էլ, իր եղբայր Կառլն էլ շուտով հեռանում են ծնողների տնից ու վարձով ապրում։ Էսթերի վարձած սենյակը խայտառակ փոքր է․ հազիվ մի մահճակալ է էնտեղ տեղավորվում։ Ամսվա վերջին էլ հաճախ կիսասոված է մնում։ Ծնողներին հյուր գնալիս ընթրիքի համար վճարում են կամ հրաժարվում են ընթրիքից։ Այստեղ հասկանում ես, որ հայրական տնից գնալ-չգնալը ոչ թե ֆինանսատնտեսական հարց է, այլ մշակութային, ու մեր օրերում պետության ստեղծած հնարավորություններն ու ծնողների՝ բարեկեցիկ լինելը պարզապես ավելի է հեշտացնում այդ գործընթացը։

Վեպի հետաքրքիր առանձնահատկություններից է, որ ամբողջությամբ ներկա ժամանակով է գրված, հնարք, որ ժամանակակից դանիացի գրողները շատ են գործածում, բայց 40-ականներին հեղափոխական էր։ Դիթլևսենը տեքստի միջոցով նաև փորձում է փոխանցել ժամանակի ողջ լեզվական կոլորիտը՝ երկխոսությունները գրելով այնպես, ինչպես դրանք արտասանվում են (իսկ դանիերեն իմացողը կիմանա, որ գրավոր լեզուն ահագին հեռու է բանավորից), նույնն անելով նաև հարավ-յուլանդական բարբառի հետ, որն ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր գրեթե անհասկանալի է Կոպենհագենի դանիերենով խոսողի համար։

Համավարակի ժամանակ, երբ ամիսներով տներում փակված ենք ու չենք կարող ճամփորդել, գրքերն են հենց, որ մեզ տարբեր տեղեր են տանում։ Դրա համար տարօրինակ էր կարդալ մի գիրք, որի գլխավոր իրադարձությունները տեղի էին ունենում մեր տնից 200 մետր հեռավորության վրա։ Բայց հենց «Մանկության փողոցն» էր, որ ինձ հաշտեցրեց Վեստերբրոյի հետ, որ այսօր ջենտրիֆիկացիայի էի ենթարկվել, ու որտեղ ինձ օտար եմ զգում բոլոր դանիական միջին խավի անհոգ ապրող ընտանիքների կողքին։ «Մանկության փողոցն» էր, որ ինձ կապեց Վեստերբրոյի հետ էնպես, ինչպես ոչինչ մինչև հիմա չի կարողացել։ Թաղամասի ամեն մի փողոցով անցնելիս գրքից մի դրվագ եմ հիշում, ու դա ահագին հարազատ է։

«Մանկության փողոցի» անգլերեն թարգմանություն չկա, բայց լրջորեն մտածում եմ հայերեն թարգմանելու մասին։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s