Թոնի Մորիսոնի «Սիրեցյալը»

Black Lives Matter շարժման ժամանակ իրենց առաջադեմ համարող բազմաթիվ սպիտակներ իրենց նետեցին գրախանութները ու սկսեցին ռասիզմի մասին գրքեր փնտրել։ Հրատարակչություններն իրենց չկորցրեցին ու արագ-արագ սկսեցին ցուցակներ կազմել՝ խորհուրդ տալով զանազան գեղարվեստական և ոչ գեղարվեստական գրքեր։ Այդ բոլոր ցուցակներում կային կարդացածս գրքերից ու կար նաև Թոնի Մորիսոնի «Սիրեցյալը»։ Բայց եթե աշխարհում կա մի գիրք, որը պետք է կարդալ սևերի տառապանքն ու ամերիկյան ռասիզմը հասկանալու համար, դրա ամբողջ ահավորությունը տեսնելու ու ի վերջո սևերին ապրումակցելու համար, ապա դա հենց Թոնի Մորիսոնի «Սիրեցյալն» է, ոչ թե Չիմամանդա Նգոզի Ադիչիեի «Ամերիկանան» կամ Քենդիս Քարթի-Ուիլյամսի «Քուինին», որ այսօր մեծ պոպուլյարություն են վայելում։

Beloved

Համեմված մոգական ռեալիզմի ու սարսափի տարրերով՝ Թոնի Մորիսոնը հրաշալի ձևով պատմում է ստրկատիրության, ազատության, ստրկությունից փախած սևերի ապրումների, վախերի ու սիրո մասին։ Եթե կա մի գիրք, որ ամեն սպիտակ ամերիկացի պարտադիր պետք է կարդա, հենց Թոնի Մորիսոնի «Սիրեցյալն» է․ այն տանում է դեպի ռասիզմի ակունքներ, դեպի այնտեղ, որտեղից ամեն ինչ սկսվել է։ Ոչ մի գիրք Ամերիկայի պատմությունն այնքան լավ չի պատմում, ինչքան «Սիրեցյալը»։ Ամերիկյան գրականության ոչ մի գիրք այնքան քննարկելու նյութ չունի, ինչքան «Սիրեցյալը»։ Իզուր չէ ուրեմն, որ Թոնի Մորիսոնը Նոբելյան մրցանակի է արժանացել։

Մորիսոնի «Սիրեցյալի» դեպքերը տեղի են ունենում Ամերիկայի քաղաքացիական պատերազմից հետո․ ստրկությունից փախած Սեթն իր դստեր՝ Դենվերի հետ ապրում է Օհայո նահանգի Սինսինաթի քաղաքում։ Բայց Սեթի ու այլ կերպարների հիշողություններով հեղինակը մեզ տանում է դեպի ստրկություն՝ դրա բոլոր սարսափներով, ֆիզիկական ու հոգեկան տանջանքներով, որոնց ենթարկվում էին սևերը։ Սեթի մեջքին բալենի է աճել՝ փոխաբերություն մտրակի հարվածների թողած սպիերի համար։ Սեթի սկեսրոջ ութ երեխաները տարբեր տղամարդկանցից էին, որոնցից յոթին իրենից վերցրել, ուրիշի են վաճառել։ Իսկ Փոլ Դին՝ մի տղամարդ, որ Սեթի հետ նույն տանն է ստրուկ եղել, հետո եկել Սինսինաթիում գտել է Սեթին, նրա տանը սկսել բնակվել, եղել է շղթայված բանտարկյալ ու որպես բանտարկյալ սարսափելի կտտանքների է ենթարկվել։

Սևերի կյանքը շատ էր տարբերվում սպիտակներից։ Կային բաներ, որ նրանց թույլատրված չէին, ընդ որում՝ ոչ միայն էսպես կոչված օրենքով նախատեսված բաները։ Օրինակ, Փոլ Դին մտորում է Սեթի՝ իր երեխաներին սիրելու մասին․ «Նախկին ստրուկ կնոջ համար որևէ բան այդքան սիրելը վտանգավոր էր, հատկապես երբ իր երեխաներին էր որոշել սիրել։ Նա գիտեր, որ ամենալավ բանը միայն մի քիչ սիրելն էր, որ երբ մեջքը կոտրեին կամ պարկի մեջ շաղ տային, քեզ երևի մի քիչ սեր կմնար հաջորդի համար»։

Ու հենց այդ սերն էր, որ տարիներ առաջ Սեթին մղել էր սպանել իր դստերը։ Ստրկությունից փախած, սկեսրոջ տանն իր չորս երեխաների հետ հաստատված Սեթը մի օր տեսնում է իր հետևից եկած ստրկատիրոջը։ Չուզենալով, որ երեխաներն արժանանան նույն բախտին, ինչ ինքը՝ փորձում է չորս երեխաներին սպանել, սակայն միայն մեկին՝ ավագ դստերն է հաջողացնում։ Նրա գերեզմանաքարին հետագայում փորագրել է տալիս «Սիրեցյալ» (Beloved), որովհետև գումարը չի հերիքում ավելի մեծ տեքստ դնելու համար։

Գրքում կենտրոնական է Սիրեցյալի կերպարը։ Նա սկզբում մանուկ ուրվական է, որ թխվածքի վրա մատնահետքեր է թողնում, իսկ հետո հայտնվում է երիտասարդ կնոջ կերպարանքով՝ այն տարիքին, որ կլիներ, եթե չմեռներ։ Ու այստեղ առաջ են գալիս Սեթի բոլոր ապրումները՝ մեղքի զգացումը, միաժամանակ իր գործողությունը սիրով արդարացնելը, որ շատ սիրելուց է դստերը սպանել։ Ի վերջո, հենց այս սպանության շնորհիվ է, որ մյուսները՝ Սեթն ու կենդանի մնացած երեք երեխաները, ստրկատիրոջ հետ վերադառնալու փոխարեն շարունակում են ազատության մեջ ապրել (Սեթի՝ կարճատև բանտարկությունից հետո)։ Նաև այս սպանությունն է, որ ստրկատիրությունը վերացնելու քննարկումներն ավելի լուրջ է դարձնում։

Բայց Սինսինաթիի սև համայնքը Սեթի գործողությունը դատապարտում է ու Սեթի հետ չի շփվում։ Նրանց համար սեփական երեխային սպանելը խիստ ծայրահեղ քայլ է, որը չի կարող ներվել։ Սակայն Սեթի այս գործողությունը հիշեցնում է Ցեղասպանության ժամանակ հայ մայրերին, որ իրենց երեխաներին գետն են նետել, մի գործողություն, որ մենք՝ Ցեղասպանությունից փրկվածների սերունդներս, երբևէ մտքներովս չենք անցկացրել, որ դատապարտենք՝ շատ լավ հասկանալով, թե դրա այլընտրանքը որն էր։ Թեև սևերի ստրկացումն ու հայերի Ցեղասպանությունն արտաքնապես իրարից խիստ տարբեր բաներ են (սպիտակներին սևերը կենդանի էին պետք, իսկ թուրքերին հայերը՝ մեռած կամ թրքացած), երկուսի հիմքում էլ նույն գաղափարն է ընկած․ մարդկանց մի խմբի կողմից մյուսի ապամարդկայնացումը։

Հարյուրամյակների ընթացքում ճնշողներն ու ճնշվողները չեն փոխվել, միայն մեթոդն է փոխվել։ Սպիտակ ստրկատերը փոխարինվել է սպիտակ ոստիկանով, յաթաղանը՝ բայրաքթարով։ Ու թեև 21-րդ դարում Սեթը դժվար դստերը սպաներ, հայ մայրերը դժվար իրենց երեխաներին գետը նետեին, որովհետև մեթոդները փոխվել են, այնուամենայնիվ, վտանգը շարունակում է մնալ, քանի դեռ ճնշող կողմը դեռ պատշաճ կերպով ներողություն չի խնդրել ու չի հատուցել իր ապամարդկային արարքների համար։ Ու երևի ճնշողներից ազատվելու միակ ելքն աշխարհի բոլոր ճնշվողների միավորումն է, որքան էլ որ մեր խնդիրներն արտաքնապես միմյանցից խիստ տարբեր թվան։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s