Թերեզա Ամրյանի «Այն եզդի կնոջ ճամպրուկը»

Թերեզա Ամրյանի «Այն եզդի կնոջ ճանպրուկը» կարդալիս շարունակ մի հարց էի տալիս ինքս ինձ. ինչու՞ մենք եզդիների մասին այսքան քիչ բան գիտենք։ Ամեն դեպքում, այս գրքով Թերեզա Ամրյանը բացը լրացրել է ինչ-որ չափով. իր ընտանիքի պատմությունը համադրելով եզդիների մասին ակադեմիական գիտելիքներով՝ Թերեզա Ամրյանն ընթերցողին է ներկայացնում եզդիների մշակութային առանձահատկություններն ու պատմության կարևոր կետերը։ Ու դա անում է սիրով ու հպարտությամբ, գրքի էջերից զգացվում է սեփական ժողովրդի նկատմամբ անմնացորդ սերը։ Հեղինակը, խորությամբ հասկանալով իր ժողովրդի ավանդույթները, նաև մատնացույց է անում, թե որտեղ դրանք պետք է փոխվեն (օրինակ՝ կանանց կրթություն ստանալու հարցը)։

Եզդի կինը, որի ճամպրուկի մասին խոսվում է գրքում, հեղինակի նախատատն է՝ ընեն։ Ու այս ճամպրուկի մեջ Թերեզա Ամրյանը հավաքում է իր համար թանկ հիշողությունները, պատմությունները, զգացողություններն ու իրերը։

Գիրքն ընդհանուր առմամբ գրված է բարի, միամիտ տոնով։ Որպես ընթերցող հեղինակի սերը սեփական ժողովրդի նկատմամբ փոխանցվում է նաև քեզ։ Ավելի լավ ես հասկանում եզդիներին, ավելի շատ գնահատում Հայաստանի գոյության փաստը, որովհետև այս պետությունը ոչ միայն հայ, այլև եզդի ժողովրդի անվտանգության երաշխիքն է. եզդիներին էլ մեզ նման անընդհատ հալածել ու ցեղասպանել են, ու Հայաստանը մի պետություն է, որտեղ եզդի ժողովուրդն անվտանգ է։

Հեղինակն անդրադառնում է նաև արևմուտքի կեղծավորությանը, ու թե ինչպես քսանմեկերորդ դարում եզդի ժողովրդի ցեղասպանություն թույլ տվեցին բոլորի աչքի առաջ. մի բան, որ հազվադեպ էր արևմտյան լրատվամիջոցներ մտնում։ Տողերի արանքից տեսնում ես առաջադիմության ու առաջադեմ արևմուտքի նկատմամբ քննադատական վերաբերմունքի հազվագյուտ համադրություն։

Ընդհանրապես, ես ու ամուսինս հաճախ ենք քննարկում պետությունները ոչ թե որպես ազգերի տարածքային միավոր, այլ որպես կոնցեպտ։ Էդ կոնտեքստում Դանիան օրինակ դիտարկում ենք որպես քաղաքացու ու իշխանությունների, ինչպես նաև քաղաքացիների՝ միմյանց միջև փոխադարձ վստահության համակարգ, որտեղ եթե ընկնես, պետությունը քեզ ոտքի կկանգնացնի, որտեղ պետությունը քո մասին հոգ կտանի նեղ իրավիճակներում։ Իհարկե, դրա դիմաց «վարձն» էլ բարձր հարկերն են։ Եթե այս արժեհամակարգի հետ մարդ համաձայն չէ, կարող է գնալ, ապրել մի տեղ, որտեղ հարկերն ավելի քիչ են, իսկ սեփական բարօրրությունը կախված է միայն ու միայն իրենից։

Պետություն-կոնցեպտների կոնտեքստում շատ դժվար է Հայաստանը ձևակերպել։ Պատերազմից հետո հայ ընկերներիս հետ հաճախ եմ քննարկում այս հարցը. ի՞նչ է Հայաստանը որպես կոնցեպտ, ի՞նչ է ուզում լինել։ Անկախության երեսուն տարիներին մենք էդպես էլ չենք ունեցել այդ կոնցեպտը։ Գուցե Արցախի ազատագրումն ու ինքնորոշումը, հայերի՝ իրենց պատմական հայրենիքում ապրելու իրավունքը լիներ այդ կոնցեպտը, բայց պատերազմը, դրա հետևանքները ու այդ հետևանքների նկատմամբ մարդկանց վերաբերմունքը ցույց տվեց, որ ամեն դեպքում այդքան ուժեղ չէր կոնցեպտը կամ գուցե այնքան էլ աշխատող չէր։

Իսկ Թերեզա Ամրյանի «Այն եզդի կնոջ ճամպրուկը» կարդալուց հետո հասկացա, թե ինչ կոնցեպտ պիտի լիներ Հայաստանը, որ էդպես էլ չեղավ. Հայաստանը պիտի լիներ այն պետությունը, որտեղ կպատսպարվեին թուրք-իսլամական ագրեսիայից տուժած ժողովուրդները՝ առաջին հերթին հայերն ու եզդիները, որովհետև Հայաստան (ու այստեղ Հայաստան ասելով նկատի ունեմ նաև Արցախ) պետության գոյության իմաստը հենց դա է. մեզ պետություն պետք է ոչ թե նրա համար, որ դե ազգ ենք, լավ կլինի ազգային պետություն ունենանք (ու ի դեպ, արևմուտքում էլ շատերը հատկապես Արցախի հարցը այդ ուղղությամբ շուռ տալով՝ պնդում են, թե տարբեր ժողովուրդներ կարող են ապրել մի պետությունում), այլ նրա համար, որ պաշտպանվենք հարևանների ցեղասպանական գործողություններից, իսկ այդ հարցը ոչ միայն հայերին, այլև եզդիներին, ասորիներին ու այլ ազգերի է վերաբերում։

Գրքի լեզուն մի քիչ կաշկանդված էր, ու լավ խմբագրումից հաստատ կշահեր։ Ամեն դեպքում, եթե ուզում եք մեզ հարազատ եզդի ժողովրդի մասին ավելին իմանալ, անպայման կարդացեք այս գիրքը. սա անձնականի ու գիտականի հրաշալի համադրություն է։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s