Նոր տեսակի սոցիալիզացիա

Չէ՜, համավարակը չէր պատճառը, որ Դանիայի իմ գրեթե բոլոր սոցիալական կապերն անհետացան։ Մի կողմից, մի քաղաքում ապրել, մյուսում աշխատելս էր, որ սոցիալիզացիայի շատ քիչ ժամանակ էր թողնում, եղած ժամանակն էլ երկու կես անում Օրհուսի ու Կոպենհագենի միջև։ Մյուս կողմից, ընկերներս էին, որ հերթով հեռացան Դանիայից։ Ու արդյունքում Կոպենհագենում միայն մի կայուն ընկերուհի ունեմ, որը ոչ մի տեղ չի գնալու ու որի հետ ընդամենը երկու-երեք տարի առաջ եմ ծանոթացել։

Իսկ երեք տարի առաջ այս հարցը բարձրացրի Շերոնի մոտ քոուչինգի ժամանակ։ Ասացի, որ երկու քաղաքում ապրելով իրականում ոչ մեկում էլ չեմ ապրում, որ մայրս Հայաստանում է, հայրս՝ Կանադայում, իսկ ես երրորդ մի երկրում, որ մտերիմ կապեր հաստատել, իսկ եղածները պահպանել չեմ կարողանում, ու չգիտեմ՝ ինչ անեմ։

Շերոնն ինձ տնային հանձնարարություն տվեց, բայց չեմ հիշում՝ կոնկրետ ինչ էր։ Միայն հիշում եմ, որ հաջորդ հանդիպումը խնդրել էի, որ օնլայն լինի, որովհետև Նորվեգիա էի գործուղվել (այո, ես օնլայն հանդիպումներ ունենում էի համավարակից դեռ շատ առաջ, ու դա ինձ համար բնավ նորություն չէր)։ Այդ հանդիպման ժամանակ պայծառացած ասացի, որ լուծումը գտել եմ։ Հարցին, թե որն է այն, պատասխանեցի. «Ավելի շատ ճամփորդելը»։

Բնականաբար, Շերոնը զարմացավ ու խնդրեց բացատրել. երկու շաբաթ առաջ բողոքում էի գնացքներում չափից դուրս շատ ժամանակ անցկացնելուց։Բացատրեցի, որ ավելի շատ ճամփորդելով ես կարողանում եմ տեսնել տարբեր ժամանակների ընկերների, որ Եվրոպայում ու գուցե նույնիսկ աշխարհում մեծ քաղաք չկա, որտեղ գոնե մի հոգու չիմանամ, որ ուր գնում եմ, անպայման էնպես եմ անում, որ հանդիպեմ ծանոթ մարդուն։ Կարծեմ Նորվեգիայից առաջ էլ Դուբլինում էի եղել ու Սեդային հանդիպել, իսկ ամիսներ անց Պրահա էի մեկնելու, որտեղ Ա.-ին կտեսնեի։ Դրանից ոգեշնչված էի այդ եզրակացության եկել։ Շերոնը շնորհավորեց, որ լուծում եմ գտել, ու այդքանով մեր հանդիպումներն ավարտվեցին։

Բայց այն ժամանակ դեռ չգիտեի, որ դա պարզապես իմ կյանքի նոր նորմալն է դառնալու, որ մարդկանց հետ մտերիմ հարաբերություններ հաստատելու ունակությունս լրիվ կորցնելու եմ, ու շփումները սահմանափակվելու են իմ կամ նրանց՝ միաժամանակ որևէ աշխարհագրական դիրքում գտնվելով։ Այդ հանդիպումներն անցնելու են ջերմ ու մտերմիկ, առանց որևէ լարվածության, առանց վեճերի ու անհամաձայնության, ավարտվելու են «մինչ հաջորդ հանդիպում» մաղթանքով՝ շատ լավ իմանալով, որ հաջորդ հանդիպումը ամիսներ կամ գուցե տարիներ անց է լինելու։ Չգիտեի, որ գրեթե բոլոր տեսակի տեսազանգերին ու չաթերին հրաժեշտ եմ տալու (Մայայի ու Ա.-ի հետ մեր խմբային չաթը միակն է, որ հաճախ է թարմացվում)։ Չգիտեի նաև, որ հատկապես Հայաստանում շփումներս են էդպիսին դառնալու (հատկապես պատերազմից հետո). գալու եմ Հայաստան, հանդիպեմ հատուկենտ մարդկանց, ոմանք՝ մտերիմներ, ոմանք՝ էնպիսիք, որոնց հետ շատ չեմ շփվել կամ նոր եմ ծանոթացել, հետո գնամ, հետները գրեթե չշփվեմ մինչև հաջորդ այցելությունս։

Էս ամենի մասին մտածեցի վերջերս, մտածեցի, երբ աուդիոգրքի ծրագիրս չէր աշխատում, ու Մոնրեալի փողոցներով թափառում էի առանց որևէ բանի վրա կենտրոնանալու։ Մտածեցի Նաստյային, Լիաննային ու Նազիկին հանդիպելուց հետո. նրանցից մեկին առաջին անգամ, երկուսին՝ մի քանի տարին մեկ տարբեր քաղաքներում։ Ու բոլոր երեքի հետ էլ անչափ հաճելի ժամանակ անցկացնելուց հետո։

Իմ կյանքը սա է. ընտանիքիցս դուրս ես չունեմ մտերիմ հարաբերություններ, բայց աշխարհով մեկ ցրված շատ են մարդիկ, որոնց ուզում եմ հանդիպել, զրուցել հետները, իմանալ՝ ինչպես են, ինչ են մտածում, ուր են հասել, իսկ հետո նորից հանդիպել ամիսներ կամ տարիներ անց, նույն քաղաքում կամ ուրիշ տեղ, նորից նույն հարցերը քննարկել։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s