Մոդիանոն ու Պորտոն

Պորտոյի մի գրախանութում գրքերն եմ ուսումնասիրում։ Պորտուգալական գրականություն եմ փնտրում մի լեզվով, որ կարող եմ կարդալ։ Պորտոյի գրականություն եմ փնտրում։ Հետաքրքրող վերնագրերը հերթով վերցնում, թերթում, վերադարձնում եմ իր տեղը։ Հասնում եմ ֆրանսերեն գրականության բաժին։ Արդեն պորտուգալականի մասին մոռացել եմ։ Ծանոթ հեղինակների նոր գրքերն եմ վերցնում, թերթում, նորից տեղը դնում։ Պատրիկ Մոդիանոն նոր գիրք ունի. «Անտեսանելի թանաք»։ Բացում եմ գիրքը, կարդում առաջին նախադասությունը. «Այս կյանքում դատարկություններ կան, դատարկ էջեր, որ կարող ես գուշակել բացելով «գործը». երկնագույն կազմով մի պարզ թղթապանակ, որ տարիների ընթացքում խամրել է»։

Շարունակում եմ կարդալ։ Ինձ մոտենում է աշխատողը և անգլերեն հարցնում, թե արդյոք օգնության կարիք ունեմ։ Պատասխանում եմ, որ ոչ։ Երբ հասնում եմ գրքի երկրորդ էջին, որոշում եմ, որ սա է որ կա Պորտոյի գիրքը, գնում եմ գիրքը, դուրս գալիս գրախանութից։

Մոդիանոյի գրքերից շատերը Փարիզում են տեղի ունենում։ Փոփոխվող քաղաքի, անցյալի հուշերի ու հիշողության բացերի, անցած երիտասարդության, ինքնության փնտրտուքի մասին են։ Անցյալը կորցնում է իր մանրամասները, պատառիկներ են, ստվերներ, ուրվականներ, հաճախ ոչ ճշգրիտ, անվստահելի։

Ու հենց էդպիսի քաղաք է Պորտոն։ Անցնում ես լքված տների մոտով ու մտածում՝ ի՞նչ պատմություններ, ի՞նչ հիշողություններ ունեն այս տները։ Ինչ-որ ժամանակ էստեղ մարդիկ են ապրել, արարել, սիրել, իրենց գաղտնիքներ ունեցել։ Ու այս պատմությունները գուցե դեռ ապրում են ոմանց հիշողություններում։ Հենց Պորտոյում է տիրում Մոդիանոյի գրքերի տրամադրությունը։ Փարիզում դա չես զգում։

Իսկ «Անտեսանելի թանաքը» հերթական տիպիկ մոդիանոյական գործն է, որ Մոդիանոն գրել է 2014-ին Նոբելյան մրցանակ ստանալուց հետո։ Ժամ Այբենը հիշում է երեսուն տարի առաջվա մի չփակված գործ, որով որոնում էր Փարիզից անհետացած մի կնոջ՝ Նոել Լըֆեբվրին։ Այս փնտրտուքները նրան տանում են ֆրանս-շվեյցարական սահման, սեփական անցյալ, սեփական երիտասարդություն ու սեփական հիշողության բացեր։ Հիշատակվում են տարբեր անուններ ու հասցեներ։ Փնտրտուքները հասցնում են Հռոմ, որը չունի տարիք, փոփոխվող չէ, չունի անցյալ ու ապագա, ունի միայն ներկա։ Շատ բաներով «Մութ կրպակների փողոցն» է հիշեցնում, բայց չկա հետպատերազմյան համատեքստը։

Մոդիանոյի կերպարները, ընդհանուր առմամբ, կարծես ժամանակին փորձել են մոռանալ, իսկ հետո ջանք են գործադրել, որ հիշեն։ Հետպատերազմյան տրավմա՞ն է։ Հավանական կոլաբորացիոնիստ հա՞յրը։ Ամեն դեպքում, Մոդիանոն նորից ու նորից է վերադառնում այս թեմաներին, իսկ ես, որպես ընթերցող, նորից ու նորից եմ վերադառնում Մոդիանոյին. իմ առաջ ոչ թե մոռանալու, այլ հիշելու խնդիր է դրված, նախնիներիս, ծնողներիս ու իմ սերնդի հիշողությունները պինդ պահելու, որովհետև ամեն ինչ արվում է, որ մոռանանք։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s