2022-ը սարսափելի տարի էր. թե՜ անձնական, թե՜ ազգային իմաստով։ Չնայած դրան, 2023 մտնում եմ ֆիզիկապես ու հոգեպես շատ ավելի ուժեղ, քան երբևէ եղել եմ, իսկ մեր տանն ավելի շատ սեր կա, քան երբևէ եղել է։ Այս տարում մեզ նետված դաժան մարտահրավերների շնորհիվ ես ու Մորթենը շատ աճեցինք ոչ միայն որպես ամուսնական զույգ, այլ որպես թիմ։ Ես, որ երևի աշխարհում ամենից շատ թիմային աշխատանք եմ սիրում, ուղղակի հպարտանում եմ, որ ամենալավ թիմը հենց մեր տանն է։ 2022-ը նաև նրանով էր առանձնանում, որ աշխատանքս իմ կյանքի ամենակայուն ու ամենահաճելի ասպեկտն էր։ Դրա համար հեչ չեմ փոշմանում համալսարանը թողնելու ու դեղերի արտադրության մեջ խորանալու համար։ Երբ իմ կյանքում ինչ-որ բան էն չէր լինում, աշխատանքի գնալն ու ամեն ինչից պոկվելն ուղղակի փրկություն էր։ Իսկ ակադեմիայում անձնականն ու աշխատանքը շատ էին միախառնված, ինչի արդյունքում մեկը մյուսի վրա էնպես էին բացասաբար ազդում, որ ի վերջո ուժասպառ էի լինում։ Պատերազմի ժամանակ դաս տալն էր անհնար դառնում, պայմանագրի լրանալուն մոտ՝ ազատ ժամանակս թեթև ու ուրախ անցկացնելը։
- Կարգին գործ – ինչո՞վ եմ ամենաշատը հպարտացել անցնող տարում:
Իմ հոգեկան ուժեղությամբ։ 2022-ը կորուստների տարի էր, երեք անձնական մեծ կորուստների ու նաև ազգային կորուստների։ Երբեք իմ կյանքում մի տարում այսքան շատ ու մեծ կորուստ չեմ ունեցել, բայց միաժամանակ երբեք այսքան ամուր ու ուժեղ չեմ եղել։ Հպարտացել եմ նաև Մորթենով, իմ ընտանիքով ու իմ ընկերական շրջապատների բազմազանությամբ։ Երևի երբեք այդքան լավ չէի նկատել այս բազմազանությունը, ինչքան 2022-ին, երբ ահագին շատ ժամանակ անցկացրեցի ընկերներիս հետ։
Նաև մասնագիտությունս փոխելով ու նոր աշխատանքային միջավայրում լիովին ինտեգրվելով։ Երևի իմ կյանքում կայացրածս ամենալավ որոշումներից էր։ - Ներում – ինչի՞ համար կարող եմ ինձ ներել:
Ներում եմ Արցախ չգնալու համար, որ չնայած սեպտեմբերին հենց Արցախի համար էի առանց Մորթենի Հայաստան մեկնել, էդպես էլ չկարողացա ինքս ինձ հոգեպես համոզել էնտեղ գնալ, ու երկու օր Սիսիանում մնալուց հետո Երևան վերադարձա։ - Երախտիք – ինչի՞ համար եմ շնորհակալ:
Շնորհակալ եմ իմ աշխատանքի համար, որ բոլոր տեսակի սպասելիքներս գերազանցեց ու դուրս եկավ, որ իմ կյանքի ամենաճիշտ որոշումներից էր։ Շնորհակալ եմ աշխարհի ամենալավ շեֆն ունենալու ու հրաշալի կոլեգաների համար։ Շնորհակալ եմ Մորթենի համար, որ աշխարհի ամենալավ ամուսինն է, ու անգամ յոթ տարի անց ամեն օր էլ ավելի եմ սիրահարվում նրան։ Շնորհակալ եմ ընտանիքիս ու ընկերներիս համար, որ բոլորը մեկը մեկից հրաշք են։ - Խաղաղություն – ո՞ր պահերին եմ ամենախորը խաղաղությունը զգացել:
Պորտոյում մեր վարձած տան բնակարանի պատշգամբում նստելով ու սարերին նայելով, ինչպես նաև հեծանիվով աշխատանքի գնալիս-գալիս։ - Աջակցություն – ովքե՞ր էին այն մարդիկ, որոնք ամենաշատն աջակցեցին:
Մորթենը միանշանակ։ Ի՞նչ էի անելու առանց նրա։ Պրոֆեսիոնալ կյանքում՝ շեֆս, որի մասին տպավորությունս առաջին հարցազրույցից մինչև հիմա մի գրամ չի փոխվել։ Ընկերներից Մանուն, Ռուբին, Եվան։ - Իմ մասերը – իմ անձի ո՞ր մասերը նորովի բացահայտվեցին:
Հոգեկան ուժը, որ երբ բոլորն իրենց կորցնում են, ես ինձ հավաք եմ պահում ու կարողանում հարցեր լուծել։ - Անսպասելին – անցյալ տարում ի՞նչն ամենաշատն ինձ զարմացրեց:
Որ ընդամենը աշխատանք փոխելը կարող է էսքան մեծ դրական ազդեցություն ունենալ կյանքիս վրա։ - Հումոր – ո՞րն էր ամենածիծաղելի պատմությունը, ինչքա՞ն հաճախ եմ ծիծաղել:
Մենք ընտանիքում վիշտը սիրում ենք հումորով ողողել, ու պարադոքս էր, որ ամենաշատը ծիծաղել եմ ամենատխուր պահերին։ - Ոլորտներ, որոնք ուշադրության կարիք ունեն – ո՞ր ոլորտներն ավելի մեծ ուշադրության կարիք ունեն:
Իմ անձնական ժամանակն ինձ համար կազմակերպելը։ Սոցիալական ցանցեր քիչ մտնելն ու անիմաստ կռիվների մեջ չներգրավվելը հաջողվում է, բայց փոխարենը ինձ ինչ կամավորական նախագծի մեջ ասես չեմ մտցրել։ Ժամանակն է առաջնահերթություններ կազմել ու ինձ համար ժամանակ ազատել։ - Սահմաններ – ի՞նչ սահմաններ եմ դրել, որոնց մասին հպարտությամբ կխոսեի:
Դեռ չեմ դրել, բայց վերևի նշածի մասին։ Պիտի սովորեմ կամավորական ու հետաքրքիր նախագծերի առաջարկները մերժել։ - Վիշտ – վշտի ի՞նչ զգացողություններ եմ ունեցել:
Հորս ու տատիկիս մահը։ - Սնունդ – ի՞նչ նոր սննդային սովորություններ ունեմ, որոնցով հպարտանում եմ:
Սկսել եմ նորմալ նախաճաշել, բայց դե անխուսափելի բան է, երբ գիտես, որ պիտի մի ժամ հեծանիվով ճանապարհ գնաս։ Մի երկու անգամ կիսասոված փորձում ես, էներգիադ չի հերիքում, հետո արդեն նախաճաշելն անհրաժեշտություն է դառնում։ - Առատաձեռնություն – որքա՞ն առատաձեռն եմ եղել այս տարի:
Աշխատավարձիս բարձրացման զուգահեռ առատաձեռնությունս էլ է մեծացել, ու իմ միջոցներից ահագին շատ Հայաստան ու Արցախ են գնացել այս տարի։ - Ուշադրություն – ինչի՞ն եմ ամենաշատն ուշադրություն դարձրել: Իսկ ամենաքի՞չը:
Ամենաշատն ընկերներիս ու հարազատներիս եմ ուշադրություն դարձրել, իսկ ամենաքիչը՝ իմ անձնական հանգստին։ Հանգստի կարիք ունեմ, ավելի ճիշտ՝ ժամանակ ազատելու, որ ինքս ինձ հետ մնամ (մոտավորապես ոնց որ հենց հիմա, երբ էս տեքստն եմ գրում) - Կորուստ – ի՞նչ ափսոսանքներ կան, որոնք խանգարում են առաջ գնալ:
Ափսոսանքներ չունեմ։ Անգամ հորս դեպքում հպարտ եմ ինձնով, որ հասցրի մոտը լինել կյանքի վերջին օրերին, հպարտ եմ, որ վերջին երկու տարիներին փորձեցի լրացնել մեր կորցրած ողջ ժամանակը։ - Ընկերություն – ի՞նչ նոր ընկերական հարաբերություններ կան, որոնց համար շնորհակալ եմ: Ի՞նչ հին հարաբերություններ կան, որոնք ինձ ուրախացնում են:
Նորերից Ջանեթան (Դանիայում)։ Մանուն (Նիդեռլանդներ), Ռուբին (Շվեդիա), Թերեզը (ԱՄՆ), Լիլիթը (Հայաստան), Տիրանը (Շոտլանդիա), Եվան (Կանադա), Անան (Սլովենիա), Մայան (Ուզբեկստան, հետո Բոսնիա), Դանիայից՝ Լիլիթը, Նատալին, Նարինեն։ Այ էսպիսի աշխարհով մեկ սփռված ընկերական շրջապատ ունեմ։
Նայելով առաջ
- Ոգևորություն – ի՞նչն է ամենաշատը ոգևորում 2023-ի մասին:
Եվս մեկ անգամ գիրք տպագրելը։ - Նպատակներ – ի՞նչ ռեալիստական նպատակներ ունեմ:
Շատ կոնկրետ ուզում վեպս տպագրել, ավելի շատ գրել ու հրապարակել ավելի բազմազան հարթակներում, ուզում եմ նաև վերջապես նորմալ յոգայի դպրոց ճարել, Բերգենի որակի հասնող։ - Աջակցություն – ի՞նչ աջակցություն ունեմ դեպի ապագա շարժվելու համար:
Մորթենը միանշանակ։ Իր շնորհիվ 2022-ից ողջ-առողջ դուրս եկա թե հոգեպես, թե ֆիզիկապես։ - Մտքեր և գործողություններ – ի՞նչ նոր սովորություններ եմ ուզում ձեռք բերել և ամրապնդել մյուս տարի:
Ուզում եմ վերադառնալ «կարճ գրելուն», այսինքն՝ ուզում եմ առնվազն ամիսը մեկ մի բլոգային գրառում, էսսե կամ պատմվածք վերջացնեմ։ - Դեպի անիմանալին – բացի սովորական ընտրություններից, կա՞ն այնպիսի բաներ, որ փորձելու եմ մյուս տարի: Դիմելու՞ եմ ռիսկերի, որոնցից վախենում եմ։
Մի ռիսկ կա, որ դիմելու եմ, բայց հրապարակային չեմ ասի։ - Ամենակարևորի մասին – եթե իմանայի, որ շատ կարճ ժամանակ է մնացել ինձ ապրելու համար, ի՞նչ կանեի:
Նույնը. հնարավորինս շատ ժամանակ կանցկացնեի սիրելի մարդկանց հետ։ - Ամենախորը երազանքները – եթե իմանայի, որ կորցնելու բան չունեմ, ինչո՞վ կուզեի զբաղվել:
Իմ կյանքն արդեն էնպես է ընթանում, որ գոհ եմ ամեն տեսակի դասավորվածությունից։ - Ձեռքերը տարածած – ի՞նչ կուզենայի ստանալ հաջորդ տարի:
Կուզեի ուղղակի կորուստներ չունենալ։ Կուզեի, որ 2023-ը 2022-ից լավը լիներ, իսկ դրա համար շատ բան չի պահանջվում։ - Մաղթանքներ – ի՞նչ մաղթանքներ ունեմ ինձ և իմ շրջապատին։
Նույնը. արժանապատիվ խաղաղություն