Աշխատանքային արգելոց

Ակադեմիան տխուր տեղ է։ Սկզբում նկատում ես, որ դժվար է դրսի մարդկանց հետ շփվելը, հետո սկսում ես հետները չշփվել, իսկ ավելի ուշ նույնիսկ ակտիվ կերպով խուսափում ես նրանցից ու մնում քո ակադեմիական պղպջակում երջանիկ անտեղյակության մեջ։

Իսկ ավելի ճիշտ՝ գիտակցում ես, որ բնակչության մեծ մասը քեզնից տարբեր է, ու դու ես outlier֊ը, ոչ թե նրանք։ Գիտակցում ես, որ ակադեմիայից դուրս մարդկանց հետ շփվելու հմտություններդ կամաց֊կամաց մոռանում ես։ Բայց էլ չես փորձում հետ բերել. քեզ պե՞տք է որ։ Քեզ պե՞տք են բոլոր նորմալ մարդիկ իրենց նորմալ հոգսերով, աջականները, ծաղիկ֊թիթեռ պոստողները, անտիվաքսերը, ֆաշիստները։ Քեզ համար հանգիստ ապրում ես քո պղպջակում, որտեղ բոլոր մարդիկ իրար նման են մտածում, իսկ եթե նույնիսկ որոշ հարցերում համաձայն չեն, քեզ նման են բանավիճում, ընդհանուր լեզու գտնելը հեշտ է։

Ընկերուհուս (էլի ակադեմիայից) երբ մի անգամ ասացի, որ ակադեմիայից դուրս մարդկանց հետ չեմ կարողանում շփվել, ասաց, որ էլիտիստ եմ։ Ասացի՝ էլիտիզմ չկա, էստեղ ինչ֊որ հատկանիշի բացակայություն է, ոչ թե առկայություն, որը հեռու է պահում ինձ ակադեմիայից դուրս մարդկանցից։ Ընկերուհիս ասպիրանտուրայից հետո թողեց ակադեմիան, ես՝ չէ, բայց դեռ մի քանի ամիսը մեկ հանդիպում ենք իմ կամ նրա տանը։

Շեֆիս ասացի, որ ակադեմիայում հավաքված մարդիկ իրար նման են։ Ասաց՝ կան հետազոտություններ, որ իրոք բոլորս ընդհանուր անձնային հատկանիշներ ունենք։ Թվարկեց հատկանիշները. ստեղծագործ, բարեխիղճ, ինտրովերտ, նևրոտիկ և միայն էմպաթիայի մակարդակով են տարբերվում։ Գործընկերուհուս ասացի՝ բոլորս իրար նման ենք։ Ասաց՝ ակադեմիան աշխատանքային արգելոց է մեզ նման մարդկանց համար, որոնք ուրիշ ոչ մի ոլորտում ֆունկցիոնալ չեն։

Մեկ֊մեկ մտածում եմ՝ ի՞նչ կլինի, եթե ակադեմիայում չմնամ։ Ասենք, դուրս գամ ու նորմալ մարդ դառնամ։ Բայց մեկ֊մեկ էլ մտածում եմ ակադեմիան թողնողները հենց մեր միջի քչից֊շատից նորմալներն են, նրանք, ովքեր իրական աշխարհի հետ կապը չեն կորցրել նաև ակադեմիայում եղած ժամանակ։ Իսկ մյուսներս կամաց֊կամաց ավելի ենք կորում։ Կամաց֊կամաց ավելի ենք փակվում մեր պղպջակում։ Մենք միմյանց համար ընկերներ ենք, թշնամիներ, գործընկներներ, հեղինակություններ, ուսուցիչներ, աշակերտներ, մենթորներ։ Ու տվայտվում ենք մեր աշխատանքի անկայունությունից, բայց սիրում ենք այն։ Մենք անվերջ հետաքրքրասեր ենք։ Կարդում ենք բոլոր լուրերը։ Կարդում ու ջղայնանում։ Ջղայնանում, որ մյուսները մեզ նման չեն։ Բայց մենք փոքրամասնություն ենք։ Գիտելիք ստեղծող փոքրամասնություն։ Մտածելուց բացի ուրիշ ոչինչ չկարողացող փոքրամասնություն։

 

Հեղափոխությունից դուրս մնացած ոլորտը

Ամիսներ առաջ, երբ անդրադարձա արդեն նախկին իշխանությունների վերաբերմունքին գիտությանը, դեռ չգիտեի, որ խնդիրն ավելի խորքային էր, քան պատկերացնում էի։ Նոր իշխանությունների մասին դեռ որևէ բան չեմ կարող ասել, որովհետև շուտ է։ Բայց եթե ենթադրենք, որ նոր իշխանությունները հետևելու են հանրային կարծիքին, ստորագրահավանքներին, նամակներին ու հեռախոսազանգերին, ապա դժվար թե Հայաստանում գիտությանն ավելի լավ ապագա սպասվի, քան ՀՀԿ-ական իշխանության օրոք էր։

Գիտության խնդիրների մասին առայժմ չենք բարձրաձայնում։ Ասում են՝ իշխանությունները նոր են, սուս մնացեք, թող աշխատեն, գիտությանն էլ հերթը կհասնի։ Այնուամենայնիվ, ուշադիր հետևելով կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի գործունեությանը՝ նկատեցի, որ գիտության մասին ոչինչ չէր ասում։ Լավ, ըմբռնումով ենք մոտենում․ ավելի հրատապ հարցեր կան։ Բայց այս ընթացքում մի տխուր հետևություն արեցի․ Հայաստանի հասարակության մեծ մասը գիտության կարևորությունը չի գիտակցում ու չի ընդունում։ Գիտությամբ զբաղվելը ոչ պատվաբեր է։ Իսկ շատերը չեն տեսնում նաև, թե ինչ կապ կա գիտության և կրթության միջև։

Հայերենում կա «խելքը գիտությանն է տվել» արտահայտությունը, ինչը, ի դեպ, հենց իմ ու գիտնական ընկերներիս մասին բավական հաճախ էին օգտագործում, երբ իմանում էին, որ ամուսնացած չեմ, երեխաներ չունեմ։ Արտահայտությունն օգտագործողների համար գիտությամբ զբաղվել նշանակում է չզբաղվել կյանքի ամենակարևոր գործերով, որոնք, ըստ իրենց, կայուն եկամուտ ունենալը, ընտանիքն ու երեխաներն են։ Մի կողմ թողնենք, որ գիտությունն ու այս «կարևոր» գործերը կատարյալ աշխարհում այնքան էլ իրար չեն հակասում։ Այստեղ պարզապես վերաբերմունքի հարց է․ գիտությամբ զբաղվել նշանակում է կյանքից հետ մնալ, մոռանալ «կարևորի» մասին, չլինել հասարակության լիարժեք անդամ։

Համեմատության համար ասեմ, որ ամեն անգամ, երբ Դանիայում ասում եմ, որ գիտությամբ եմ զբաղվում, քիչ է մնում՝ դիմացինս խոնարհվի իմ առաջ։ Ու չնայած այստեղ էլ երկրի ղեկավարությունն անընդհատ պակասեցնում է գիտության ֆինանսավորումը, դանիացիները շարունակում են հարգել գիտնականներին, իսկ գիտությամբ զբաղվելը համարվում է խիստ պատվաբեր։

Երբ եվրոպական մաստերս վերջացնելուց հետո եկա Հայաստան, ու փորձում էի աշխատանք գտնել, առողջապահության նախարարություն գնացի։ Երբ ինձ հարցրին, թե ինչ եմ սովորել, ու իմացան, որ կլինիկական լեզվաբանությունը գիտական մասնագիտություն է, ինձ թարս նայեցին ու ասացին․
— Կարծում ես՝ Հայաստանին դա պե՞տք ա։

Կասեք՝ ՀՀԿ-ն ու իրենց ժամանակների նախարարությունը։ Բայց հիմա նոր ժամանակներ են, հնարավորություն կա գիտությանը լուրջ ուշադրություն դարձնելու։ Ու Արայիկ Հարությունյանի՝ Ազատությունով ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ վերջապես մի օգտատեր գիտության մասին հարց է տալիս։ Լրագրողը կարդում է հարցը։ Արայիկ Հարությունյանը սկսում է պատասխանել հարցին։ Լրագրողն ընդհատում է, ինչ-որ ուրիշ բան ասում, անցնում այլ հարցի։ Նույն կերպ Նվեր Մնացականյանը հարցազրույցի ժամանակ գիտությանը ձևի համար մի հարց չի տրամադրում։ Լրագրողի համար գիտությունը կարևոր չէ։ Լրագրողի Հայաստանին գիտություն պետք չէ, կրթության և գիտության նախարարը սահմանափակվում է կրթությունով։ Բայց կրթություն առանց գիտության չի կարող լինել։ Ավելին՝ հաճախ նույնիսկ հնարավոր էլ չէ դրանց միջև սահման դնել։

Վերջերս երբ Հայաստանում էի, մի համալսարանի դասախոս հարցրեց, թե Դանիայում ինչ եմ անում։ Ասացի, որ բժշկությունը թողել եմ, գիտությամբ եմ զբաղվում։ Խղճահարությամբ նայեց ինձ, ասես կյանքս չէր ստացվել ու որպես մխիթարանք առաջարկեց․
— Գոնե քույր աշխատեիր։

Սա ասում է համալսարանի դասախոս։ Ասում է մի մարդ, որն ըստ էության ինքն էլ պիտի գիտությամբ զբաղվի, բայց նրա համար գիտությունն ինչ-որ ցածրակարգ մի բան է, որով մարդիկ զբաղվում են ճարահատյալ, երբ ուրիշ ոչինչ չի մնում անելու։ Ու, փաստորեն, հենց այնտեղ, որտեղ կրթությունն ու գիտությունը պետք է էնպես միահյուսված լինեն, որ չկարողանաս իրարից անջատել, առաջանում է կրթություն-գիտություն անդունդը։ Եվ գիտության բացակայության պատճառով է, որ կրթությունն այս մակարդակի վրա է։

Որպես մի վերջին փորձ փնտրեցի «համալսարան» բառի սահմանումը։ Ագլերեն University բառի վիքիպեդիայի հոդվածում գրված է, որ համալսարանը բարձրագույն կրթական և գիտական հաստատություն է, որը գիտական աստիճաններ է շնորհում։ Իսկ հայերեն հոդվածում համալսարանը դառնում է բարձրագույն ուսումնական հաստատություն, որը «ուսումնական կոչումներ» է շնորհում։ Ոչինչ չկա գիտության մասին։ Ստուգեցի ինձ քչից-շատից ծանոթ մնացած բոլոր լեզուներով հոդվածները։ Բոլորում էլ բառի սահմանման մեջ ինչ-որ կերպ հիշատակվում են «գիտություն» կամ «գիտական» բառերը։

Հիմա կասեք՝ հոդվածը կարելի է խմբագրել։ Իհարկե կարելի է։ Եվ էդպես էլ կանեմ։ Բայց փաստորեն նույնիսկ հայերեն վիքիպեդիայում համալսարանը սահմանվում է որպես կրթական, գիտությունից անջատ մի կառույց։ Իսկ կրթությունն առանց գիտության գոյություն ունենալ չի կարող։

Համալսարանն այն վայրն է, որտեղ գիտելիքը ոչ միայն փոխանցվում է, այլև ստեղծվում։ Լսարան մտնող դասախոսները սովորաբար գիտնականներ են, որոնք ոչ միայն կարող են իրենց ստեղծած գիտելիքով կիսվել, այլև տիրապետում են իրենց ոլորտի վերջին գիտելիքներին (այլ գիտնականների ստեղծածին)։ Եթե տեղյակ չլինեն, իրենց ստեղծածն էլ անարժեք կլինի։ Հենց սա է պատճառներից մեկը, որ Հայաստանում բուհական կրթությունը խայտառակ վիճակում է։ Դասախոսների մեծ մասը գիտությամբ չի զբաղվում, հետևաբար տեղյակ չեն, թե ինչ նոր գիտելիք կա աշխարհում։ Արդյունքում՝ լսարանում նստած ուսանողներին հին մեթոդներով փոխանցում են հնացած գիտելիք, որը ոչ մի բանի պետք չի գալու։

Բայց ուսանողը նաև մասնակցում է գիտելիքի ստեղծման ընթացքին։ Տիպիկ օրինակը PhD-ուսանողները (ասպիրանտները) կլինեն, որոնց կրթություն ստանալը հենց գիտելիք ստեղծելն է, ու ավարտվում է այդ ստեղծված գիտելիքի պաշտպանությամբ։ Հայաստանում, փաստորեն, շատ քիչ ոլորտներում մատների վրա հաշված ասպիրանտներ են նոր գիտելիք ստեղծում։ Մնացածներին գիտությունների թեկնածուի աստիճանն ուղղակի շնորհվում է, ինչպես նշված է վիքիպեդիայի հոդվածում։

Գիտելիքի ստեղծման պրոցեսին կարող են մասնակցել նաև մագիստրատուրայի և անգամ բակալավրիատի ուսանողներ, որոնք իրենց ներդրումն են ունենում գիտելիքի ստեղծման պրոցեսում կամ սովորում են ինչպես գիտելիք ստեղծել։ Դեռ ուսանողական տարիներից բժշկականում անընդհատ հոգեբուժության ամբիոնի դուռն էի ծեծում, որ գիտական աշխատանք անեմ։ Ամբիոնի վարիչն ինձ անընդհատ ուղարկում էր ռեֆերատ գրելու։ Ու երևի մտքով չէր անցնում, որ հանձնածս բոլոր ռեֆերատներն իսկապես գրել էի, որևէ տեղից չէի թխել կամ գնել։ Բժշկականում միայն մի երկու ամբիոն կար, որտեղ ուսանողներն իսկապես ներգրավվում էին գիտական գործընթացներին։ Բժշկականում մատների վրա հաշված դասախոսներ կային, որոնք մեզ ոչ թե քսաներորդ դարի կեսերի, այլ քսանմեկերորդ դարի գիտելիք էին փոխանցում։ Ու տարօրինակ կերպով հենց նրանք էին, որ գիտությամբ էին զբաղվում։ Տարօրինակ կերպով նրանցից շատերն այլևս Հայաստանում չեն ու դժվար՝ վերադառնան, եթե գիտության նկատմամբ նման վերաբերմունքը շարունակվի։

Հետհեղափոխական Հայաստանում իսկապես շատ խնդիրներ կան լուծելու, ու լիովին հասկանում եմ, որ նախարար Արայիկ Հարությունյանն այժմ զբաղված է ավելի հրատապ հարցերով, ինչպիսին դպրոցներում դրամահավաքներն են։ Բայց Այբ հիմնադրամի աուդիտ կազմակերպելու հետ մեկտեղ կարելի է նաև պարզել, թե ինչպես էր ստացվում, որ նախկին իշխանությունները խոստանում էին ավելացնել գիտության ֆինանսավորումն ու էդպես էլ չէին անում, թե ուր են գնում գիտությանը հատկացված փողերը, թե ինչպես է կազմակերպվում ասպիրանտուրայի ընդունելությունը և այլն։ Բայց այս բոլորը չի անի, որովհետև լրագրողը չի հարցնի, անթիվ-անհամար ֆեյսբուքյան ստատուսներ չեն գրվի, թեժ գիծ զանգող չի լինի, ու մեզ կմնա համբերատար սպասելը, թե երբ վերջապես ոչ այդքան հրատապ համարվող գիտությանն անդրադարձող կլինի։

Մի գրանտի պատմություն

Երեկ Մորթենի հետ նստած էինք արևի տակ, ու մինչ Կոպենհագենի ավտոբուսը կնստեր, խոսում էինք այն մասին, թե որքան դժվար է էսպես շաբաթվա կեսն իրարից հեռու անցկացնելը։ Հետո հիշեցրեց ինձ, թե որտեղ էինք անցյալ տարի այս ժամանակ ու թե որքան փոքր են մեր հիմիկվա անհանգստություններն այն ժամանակվա համեմատ։

Խոսելով Կոպենհագեն տեղափոխվելու մասին՝ ասացի, որ այն գրանտից դեռ պատասխան չկա, բայց եթե նույնիսկ լինի, Օրհուսի գործս չեմ թողնելու Կոպենհագենի համար։ Գուցե բանակցեմ, որ Օրհուսի պայմանագրից հետո ինձ վերցնեն, բայց ոչ ավելի շուտ։

Այդ գրանտի դիմումն էդպես էլ առանց իմ անվան էր ուղարկվել, բայց ղեկավարս ներողություն էր խնդրել ու հազար տարբեր ձևերով բացատրել, որ եթե ստանան այն, անպայման իմ ու Սիլվիայի միջև կիսվելու է։ Սիլվիան էլ մյուս կողմից ինձ հավատացնում էր, որ եթե երկուսիս էլ աշխատանքի վերցնելու տարբերակ չլինի, ինքը կհրաժարվի իր տեղից, որ ինձ տան էդ տեղը։ Ասում էր, որ ինքը մի քանի ուրիշ գրանտի էլ է դիմել, ու գուցե դրանք ստացվեն։ Իսկ ես ուղղակի լռում էի։

Էսօր մինչև աշխատանքային օրվա ավարտը փորձում էի գիտափորձիս նախապիլոտի սկրիպտի վերջին փոփոխություններն անել, երբ նախկին ղեկավարիցս նամակ եկավ։ Տեղեկացնում էր, որ գրանտը չեն ստացել ու հույս հայտնում, որ ուրիշ գրանտային ծրագրեր ունեմ, ու որ լավ է, որ Օրհուսի գործը ստացվեց։ Հետո իբր ինձ դուխ տալու համար ավելացնում էր, որ էս ֆոնդն այս անգամ ոչ մի լեզվաբանական ծրագիր չի ֆինանսավորել։

Պատասխանեցի, որ ունեմ ուրիշ գրանտային ծրագրեր ու որ առաջիկա երկու տարին Օրհուսում եմ աշխատելու։ Ղեկավարս գիտե՞ր արդյոք, որ ներկայիս աշխատանքը հենց նույն ֆոնդից է ֆինանսավորվում։ Բայց հաստատ չիմացավ, որ ինչ-որ տեղ ուրախացա, որ գրանտը չեն ստացել։ Ինչ-որ տեղ ուրախ եմ, որ հիմա Օրհուսում եմ աշխատում, չնայած Կոպենհագենում ապրելու ու Օրհուսում աշխատելու պրակտիկ դժվարություններին։ Թեև Կոպենհագենում թե՛ ղեկավարս, թե՛ շատ ուրիշներ վերևից են նայում այս աշխատանքին, որ ընդունել եմ, փաստը մնում է փաստ, որ այս թիմը կարողանում է այդ ֆոնդից գրանտ ստանալ, իսկ Կոպենհագենը՝ ոչ։ Փաստը մնում է փաստ, որ էստեղի գիտական միջավայրը շատ ավելի առողջ ու որակյալ է, ավելի համագործակցային ու թիմային, ու մեկ անգամ չէ, որ Կոպենհագենում այդ մասին բարձրաձայնել եմ։