Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Մի քանի սխալ, որ արվում է գրիպի ժամանակ

Վերջերս հաճախ եմ Ֆեյսբուքում գրիպոտ ստատուսներ տեսնում: Մարդիկ դժգոհում են, որ սա ծանր գրիպ է: Ու իսկապես. ծանր է, որովհետև գրիպ է, այլ սուր շնչական վարակ չէ: Այդուհանդերձ, շատերը բժշկի չեն էլ դիմում, հույսները դնում իրենց գիտելիքների (իսկ ավելի ճիշտ` դրանց բացակայության) վրա: Մահերի մասին լսելիս էլ խուճապի են մատնվում, կարծում, թե «վերևները» փափուկ բարձ են դնում գլխներիս տակ: Դրա համար որոշեցի նորից անդրադառնալ այս թեմային, չնայած մի քանի տարի առաջ որոշ բաներ գրել եմ:

Առաջին ու ամենակարևոր սխալն այն է, որ գրիպի ժամանակ հիվանդները սկսում են հակաբիոտիկներ խմել: Ընդհանրապես, սխալը սկսվում է նրանից, որ դրանք ազատ վաճառվում են դեղատներում. Եվրոպայում հակաբիոտիկներ միայն դեղատոմսով է հնարավոր ձեռք բերել: Դուք խելոք մարդիկ եք, կփորձեմ բացատրել, կհասկանաք ու այլևս երբեք հակաբիոտիկներ չեք խմի գրիպի ժամանակ (կամ ընդհանրապես առանց բժշկի նշանակման):

Հակաբիոտիկներն ըստ էության ազդում են բակտերիաների վրա, հետևաբար դրանք կիրառելի են այն դեպքերում, երբ կա բակտերիալ վարակ: Իսկ գրիպը վիրուսային հիվանդություն է (հույս ունեմ` գիտեք, որ վիրուսն ու բակտերիան բնավ նույն բանը չեն), այսինքն` ստացվում է, որ հակաբիոտիկի ընդունումը լավագույն դեպքում անիմաստ է, իսկ իրականում` նույնիսկ ավելի վնաս է, որովհետև ոչնչացնում է մեր օրգանիզմի նորմալ միկրոֆլորան ու նպաստում վիրուսների ավելի ակտիվ բազմացմանը: Որոշ դեպքերում, իհարկե, որպես գրիպի բարդություն կողքից կարող է միանալ բակտերիալ վարակը, օրինակ, թոքաբորբի տեսքով, երբ հակաբիոտիկների նշանակումը ցուցված է: Բայց դա պետք է միայն ու միայն բժիշկն անի, ոչ մի դեպքում չի կարելի ինքնաբուժության դիմել: Երբ ձեր կոմպը փչանում է, մասնագետի դիմում եք, չէ՞: Դե պատկերացրեք, որ մենք կոմպերից բարդ կառուցվածքներ ենք, ու մեր մասնագետն էլ բժիշկն է, որը դրա համար կրթություն է ստացել: Հակաբիոտիկներն էլ իրենց տեսակներն ունեն, ցուցումներն ունեն, որոնց մասին դուք չեք կարող իմանալ:

Մեկ այլ սխալ է կանխարգելիչ միջոցառումներին լուրջ չվերաբերվելը: Մասնավորապես, վիտամին C մարդիկ սկսում են ընդունել վարակվելուց հետո միայն, իսկ էդ դեպքում լավագույն օգուտը, որ կարող եք տեսնել, ընդամենը ախտանիշների թեթևացումն է: Վիտամին C պետք է խմել մինչև գրիպով հիվանդանալը: Ես ինձնից չեմ ասում, հայտնագործողին ժամանակին Նոբելյան մրցանակ են տվել:

Երրորդ սխալը ջերմիջեցնողներն են: Եթե հիվանդը չունի ուղեկցող հիվանդություններ, 39 աստիճանից ցածր ջերմությունը չարժե իջեցնել. մեր օրգանիզմը գիտի` ինչ է անում, ջերմությունը բարձրացել է, որ պայքարի վարակի դեմ: Իջեցնելով մենք նվազեցնում ենք այդ պայքարը:

Չորրորդ սխալը բժշկի չդիմելն է: Ասոյանը (իսկ նա լավ մասնագետ է) քանի անգամ կրկնեց, որ եթե բարձր ջերմությունը շարունակվում է երեք օրից ավելի, անպայման դիմել բժշկի: Բայց շատերը նախընտրում են էդպես մնալ, կամ բուժվում են, կամ բժշկի դիմում, երբ բանը բանից անցնում է:

Հետո գալիս է ոտքի վրա անցկացնելը. եթե վարակվել եք, մնացեք տանը: Չասեք, թե գործի տեղը չեն թողնում, էսպես-էնպես: Դուք իրավունք ունեք պոլիկլինիկայից ժամանակավոր անաշխատունակության թերթիկ ստանալու և աշխատանքից բացակայելու, անկախ նրանից, թե որտեղ եք աշխատում: Իմացեք ձեր իրավունքները: Տանը մնալով ոչ միայն կօգնեք ինքներդ ձեզ ու շուտ կլավանաք, այլև կօգնեք մյուսներին, որ չվարակվեն:

Ու վերջիվերջո, լսեք բժիշկներին: Հավատացեք, նրանք ձեզնից մի պուճուր ավելի գիտեն, որովհետև վեց տարի ճռռացել են բժշկական համալսարանում, հետո մի քանի տարի էլ կլինիկական օրդինատուրայում, մինչ դուք ուրիշ բուհերում ջահելություն էիք վայելում:

4 Comments »