Starsailor-ը տասներեք տարի անց

Ինձ հիշում եմ տասնվեց տարեկանում, երբ երեկոյան կենսաբանության պարապմունքից տուն էի գնում ու ականջակալներով Starsailor-ի Tie Up My Hands-ն էի լսում: Հիշում եմ նաև մեր հավաքույթները Նոնայենց տանը: Երբ այդ երգը միանում էր, անջատվում ու պառկում էի գետնին ու մյուսները ֆոտոներ էին անում: Հիշում եմ Պրահայում խմբի առաջին ալբոմը գնելն ու այն երգերն անգիր անելու աստիճանի լսելը: Հիշում եմ նաև, թե ինչպես էին ընկերներս դիսկը ձեռքից ձեռք խլում, կասետների վրա ձայնագրում կամ կոմպերի, իսկ ավելի ուշ՝ հեռախոսների մեջ գցում երգերը:

2003-ին խմբի երկրորդ ալբոմը դուրս եկավ, որը ճարվում էր նաև Երևանում: Լսեցի: Լավն էր, բայց շատ լավը չէր: Ու դրանից հետո չիմացա՝ ինչ եղավ նրանց: Մի քանի երգ հեռախոսիս մեջ ման էի տալիս, ընկերական հավաքույթներին էլի լսում էինք նրանց, բայց միայն այդքանը: Իսկ երբ Եվրոպա տեղափոխվեցի ու սկսեցի փորփրել, թե երբևէ իմացածս կատարողներից ով երբ է համերգ տալու, հայտնաբերեցի, որ Starsailor-ը 2009-ից հետո ցրվել է: Ուրեմն նրանց երբևէ կենդանի տեսնելու հույս չկար: Բայց այս տարվա օգոստոսին հանկարծ պարզում եմ, որ այս աշուն շրջագայում են ու Կոպենհագենում համերգ են տալու: Այդ համերգը երեկ էր: Գնացի համերգին ու գնացի ոչ մենակ: Գնացի մեկի հետ, որի հետ համերգները նույնիսկ ավելի լավ են անցնում, քան երբ մենակ եմ լինում:

Պիտի տեղի ունենար մեծ Վեգայում, բայց համերգից մոտ մի շաբաթ առաջ տեղափոխեցին փոքր Վեգա. տոմսերը շատ չէին ծախվել: Իսկ փոքր Վեգան ցածր բեմով պստիկ դահլիճ է, ու եթե առաջին շարքում ես կանգնում, թվում է՝ կատարողի հենց քթի տակ ես: Եվ անգամ փոքր Վեգան առանձնապես լիքը չէր. մարդիկ իրարից հեռու-հեռու էին կանգնել:

Համերգը սկսվեց Four to the Floor-ի ձայնագրությամբ, որի ընթացքում երաժիշտները բեմ բարձրացան: Վերջում նոր հենց ուղիղ մեր գլխավերևում հայտնվեց խմբի առաջնորդ Ջեյմս Ուոլշը: Համերգը բացեցին Poor Misguided Fool-ով: Երևի խմբի ամենահայտնի երգն է: Եթե այս գրառումս կարդացողները երբևէ լսել են Starsailor, ապա ամենայն հավանականությամբ հենց այդ երգն է:

Հետո հերթով կատարեցին երգեր հիմնականում առաջին՝ Love Is Here դիսկից (ալբոմի տասնմեկ երգերից յոթը հնչեց բեմից), բայց արանքներում մտցնելով նաև մնացած ալբոմների երգերից: Հետաքրքիր էր, որ բեմի վրա ավելի ռոքոտ էին, քան ձայնագրություններում: Ջեյմսն էլ մի տեսակ ոնց որ մեծացած լիներ էդ երգերի համար ու էնքան էլ չսազեր դրանց: Համենայնդեպս, ձայնի մելանխոլիկ տոնը չկար: Բայց մեկ է, հավեսով էր կատարում դրանք: Էն նույն սիրուն Սքոթն էր՝ նրբիկ դիմագծերով ու թիթիզ սանրվածքով: Ձախ ձեռքին ամուսնական մատանին էր, որը պարզ երևում էր, երբ կիթառի գրիֆի վրայով անցնում էին մատները:

Հանդիսատեսը հիմնականում իմ հասակակիցներից էր բաղկացած՝ էն ժամանակվա տասնվեց տարեկաններից: Ու զգացվում էր, որ շատերը լավ ծանոթ են խմբին, որովհետև ամբողջ ընթացքում հետները երգում էին: Անգամ ինքս ինձ վրա զարմացա, որ էդքան երգ անգիր գիտեմ: Ամենահավեսն Alcoholic-ն էր, երբ Ջեյմսը տեղ-տեղ միկրոֆոնը պարզում էր հանդիսատեսին, ինքը լռում: Ու ամբողջ ընթացքում անհամբեր սպասում էի Tie Up My Hands-ին: Տեսնես ի՞նչ կլիներ ինձ հետ այն վերջապես կենդանի լսելիս:

Բայց քանի որ բեմի վրա ավելի ռոքոտ էին, ռոքոտ էր նաև Tie Up My Hands-ը, այսինքն՝ շատ ուրիշ էր ձայնագրությունից: Ու մեկ է էդ լավ էր: Լավ էր, որ այն չէր հնչում այնպես, ինչպես լսել եմ տասներեք տարի շարունակ: Լավ էր, որ գետնին պառկելու փոխարեն կարող էի ուղղակի գրկել կողքինիս:

Իսկ երբ բեմից հեռացան ու լույսերը հանգեցին, հանդիսատեսը սովորականի պես սկսեց encore-ի կանչելը: Վերջում երկու երգ կատարեցին. Four to the Floor-ը և Good Souls-ը: Վերջինիս անունով է կոչվում նաև նրանց լավագույն հիթերի հավաքածուն, ու սիրուն երգ էր համերգն ավարտելու համար:

Լավ համերգ էր: Լավ էր իմ տասնվեց տարեկանի սիրելի խմբին բեմի վրա տեսնելը: Ու հատկապես լավ էր, որ այնտեղ էի սիրելի մարդու հետ. նրա ներկայությունից էմոցիաներս բազմապատկվում էին: Բայց կարծում եմ՝ Starsailor-ը սպառված խումբ է: Նրանց համերգներին էլ չեմ գնա:

Լանքասթերի երաժշտական փառատոնը

Վերցրի ուսապարկս, ուղևորվեցի Անգլիայի Լանքասթր քաղաք, որտեղ հոկտեմբերի 8-12-ը տեղի էր ունենալու Լանքասթրի երաժշտական փառատոնը, Լիլիթ Բլեյանն էլ ելույթ էր ունենալու:

Տրամադրություն. անձրևի մեղմ երգով

Սա մեր իմացած սովորական փառատոններից չէ, երբ մեծ բեմերին մեծ երաժիշտներ են ելույթներ ունենում, խելառ հանդիսատեսն էլ յոթ օր-յոթ գիշեր քեֆ է անում: Լանքասթրի փառատոնն էնպես էր կազմակերպված, որ գալիս էին մարդիկ ընտանիքներով՝ երեխաների հետ: Համերգները տեղի էին ունենում փաբերում, սրճարաններում, հյուրանոցների դահլիճներում, մեկ էլ Լանքասթրի պալատի բացօթյա տարածքում: Ելույթ ունեցողներն էլ տեղացի կամ միջազգային ոչ այնքան հայտնի կատարողներ էին: Ընդ որում, համերգներն իրար զուգահեռ էին: Թե հավես ունեիր, մեկից մյուսին վազիր:

Լիլիթենք The Hall-ում

Ու էդպես ուրբաթ երեկոյան հասա Լանքասթր՝ Լիլիթից բացի գաղափար չունենալով, թե ինչ կատարողներ են լինելու փառատոնի ընթացքում: Լանքասթրն էնքան պստիկ էր, որ կայարանից դուրս գալուց երեք րոպե անց հայտնվեցի Robert Gillow փաբում, որտեղ շատ շուտով Լիլիթենք էին երգելու: Ուրբաթ երեկո, քաղաքն աշխույժ, գարեջրի բաժակները ձեռքներին փաբից փաբ են գնում: Հաստատ Լիլիթի մեղմ երգերը փաբում հանդիսատես չեն հավաքի, իսկ երաժշտությունն այնքան էլ բարձր չէ, որ լռեցնի բոլոր շատախոսներին: Դրա համար առաջին համերգը լսեցի շուխուռի մեջ՝ ականջներս լարելով ու փորձելով երաժշտությունը որսալ:

Լիլիթ Բլեյան տրիո

Լիլիթենցից հետո The Balkanics տեղական խումբն էր: Բալկանների երաժշտություն էին նվագում ու էնքան բարձր, որ ոչ ոք չէր կարող զրույցի բռնվել: Կա՛մ պիտի պարեիր, կա՛մ թողնեիր, գնայիր: Երբ վեր կացա, որ շարժվեմ, կողքիս կինը թե՝ էս ու՞ր, Լանքասթրը հիմա աշխարհի կենտրոնն է: Փաբում շարժվելու տեղ չկար: Հանդիսատեսի մի մասն էլ դրսի կողմից էր կուտակվել: Մի խոսքով, էս խմբից էլ բան չհասկացա:

Հաջորդ օրը Լիլիթենք դիմացի մայթի հյուրանոցի ռեստորանում նվագեցին: Էնտեղ արդեն քար լռություն էր տիրում, ու հանդիսատեսը սուս արած լսում էր: Երևի ամենալավ համերգն էր էդ մեկը: Վերջապես կարգին լսեցի նոր երգերը (ասեմ, իմանաք, ահագին լավն են): Իսկ հին երգերը մի նոր ձևով սիրեցի: «Սպասող գնացքները» հիշեցրին, որ Կոպենհագենում ինչ-որ մեկի կարոտում եմ, իսկ «Տրամադրությունը» լրիվ դանիական hygge-ն էր:

Տեղացիներից Մոլլի Վարբուրթոնը

Հետո արդեն մի փաբից մյուսն էի վազում, մեկ Լիլիթենց լսում, մեկ տեղական զանազան կատարողների: Քաղաքը լրիվ երաժշտական էր դարձել. դուրս ես գալիս փողոց, անպայման մի անկյունից մի երգ լսվում է: Գնում, մտնում, լսում ես մի քիչ, դուրս ես գալիս: Ու փողոցներում էլ լիքը փողոցային երաժիշտներ են:

Ինձ ամենաշատը The Hall սրճարանը դուր եկավ: Երբ չէի իմանում՝ ինչ անեմ, գնում էի, որ տեսնեմ՝ էնտեղ ինչ կա-չկա: The Balkanics-ն էստեղ էլ ելույթ ունեցավ, ու լրիվ ուրիշ էֆեկտ էր: Հանդիսատեսն ավելի փոքրաթիվ էր, լիքը տարածք կար պարելու, լիքը էրեխեք կային: Ու բոլորով միասին մի լավ տժժացինք:

The Balkanics խումբը պատրաստվում է ելույթին The Hall-ում

Կիրակի Լիլիթենք պալատում ելույթ ունեցան: Դա լրիվ ուրիշ՝ իսկական բեմով իսկական հանդիսատեսով իսկական համերգ էր: Հավես էր, որ հայկական երաժշտությամբ հետաքրքրվողներ կային: Ինձ էլ մի քանի անգամ հարցրին, թե արդյոք Լիլիթի քույրն եմ (դե միշտ առաջին շարքերում, ոգևորված, ֆոտոներ ու վիդեոներ անելով, լրիվ ֆանատ վիճակների մեջ):

The Hall-ի կրեատիվ զուգարանը

Երկու օր անց արդեն էնպիսի զգացողություն էր, որ ամբողջ քաղաքին դեմքով ճանաչում եմ: Փողոցներում մարդիկ իրար բարևում էին, մի խմբի երաժիշտները մյուսի համերգներին ներկայանում էին որպես հանդիսատես, խոսում իրար հետ, քննարկում էս կամ էն կատարողին:

Իսկ երեկոյան կողմ գնացի երաժշտական փաբ քուիզի: Ինձ խցկեցի մի թիմի կազմում: Ու նորից առաջս եկավ փաբ քուիզների հարաբերականությունը, այն, որ խելքն էնքան կապ չունի, ինչքան՝ թե ինչ մշակույթից ես ու ով ես: Իմ թիմակիցներից մեկը, որը բավական դեբիլոտ աղջիկ էր, կարողացավ պատասխանել այն հարցին, թե ՄԹ-ում այս տարվա առաջին յոթ շաբաթներին որ երգն է առաջին հորիզոնականում գտնվել:

Fake Hearing Disorder. ինձ ամենաշատը դուր եկած տեղական խումբը

Հարցերի մեծ մասը շատ ՄԹ-ոտ էին, ու երբ ասացի, որ տեղացի չեմ, տեղական հարցերին չեմ կարող պատասխանել, թիմի անդամներից մեկը վրա տվեց.

-Տեղական չեն, ամբողջ ՄԹ-ի մասին են:

Ու դրա համար գաղափար չունեին, որ Ռոսկիլդե փառատոնը Դանիայում է տեղի ունենում, հարց, որը Դանիայի որևէ փաբ քուիզում երբևէ չէիր լսի:

Քուիզից հետո գնացի Robert Gillow, որտեղ իսկական տժժիկ էր. երգ-պար-ուրախություն, մինչև եկավ ավտոբուս նստելու ու տուն վերադառնալու ժամը:

Փաթի Սմիթը թագավորական թատրոնում

Horses ալբոմի շապիկը: Համերգի ժամանակ ֆոտո անելն արգելված էր, դե ես էլ դեռ նոր կամերա չունեմ: 

Իմ երաժշտական ճաշակն ինքնուրույն է ձևավորվել: Շատ քիչ կատարողներ կան, որոնց ծնողներիցս եմ «ժառանգել»: Էդ քչերից մեկը Փաթի Սմիթն է:

90-ականներին հայրս Փաթի Սմիթ էր լսում: Կարծեմ Պրահայում համերգին էլ է գնացել: Ինձ նրա Gone Again ալբոմի կասետն էր տվել, մեկ-մեկ լսում էի: Հետո որ մի քիչ մեծացա, Փաթիի մյուս ալբոմներն էլ փորփրեցի, ահագին դուրս եկան: Էդպես Փաթին հայտնվեց սիրելի կատարողների ցանկում, բայց ոչ ամենասիրելի, որի համար կճամփորդեի մի երկրից մյուսը:

Երբ արդեն տեղափոխվել էի Եվրոպա, միշտ մտածում էի՝ մի օր գնամ Փաթիի համերգին: Բայց ամեն անգամ հետաձգում էի, ասում էի՝ լավ, մյուս անգամ: Թարսի պես էլ Փաթին հաճախ էր հայտնվում հենց այն քաղաքներում, որտեղ ապրում էի:

Էս տարի որոշեցի, որ ոչ մի դեպքում բաց չեմ թողնելու: Բայց քանի որ Փաթին բացի Կոպենհագեն գալուց նաև ինձ հետաքրքրող երկու փառատոններում էր ելույթ ունենալու, մտածում էի՝ էդպես կբռնացնեմ:

Փառատոններին չգնացի, իսկ Կոպենհագենի համերգի տոմս շատ մեծ դժվարությամբ ճարեցի, որովհետև տոմսերն արդեն սպառվել էին: Ուրեմն համերգից մի քանի ժամ առաջ վերջապես տոմսը ձեռքիս էր, ու ես անհամբեր սպասում էի, թե երբ եմ գնալու թագավորական թատրոն:

Ես թագավորական թատրոն ասեմ, դուք հենց էդպես էլ պատկերացրեք: Ճոխ, միջնադարյան դահլիճ էր: Համերգից առաջ շուրջս ուսումնասիրեցի: Բոլորը զուգված-զարդարված էին եկել: Ու զարմանալիորեն հանդիսատեսը բավական երիտասարդ էր, չնայած Փաթին յոթանասունականներից եկած երգչուհի է: Հեչ մտքովդ չէր անցնի, որ րոպեներ անց էնտեղ Փաթի Սմիթի համերգն էր տեղի ունենալու:

Բայց շուտով բեմ բարձրացավ Փաթին, ու պարզվեց, որ այդ միջավայրին ամենաանհամապատասխան հագնվածը հենց ինքն է. սև ջինս, հասարակ մայկա՝ վրան եսիմինչ նկարած, հին պիջակ, որը հետո շոգելու էր ու հաներ: Երկար, սպիտակ մազերնով, ոչ մի շպար, ոչ մի զարդարանք, բացի ամուսնական մատանուց: Ինքը լրիվ հասարակ, կանացիության ստերեոտիպներից դուրս, յոթանասունին մոտ, մեկ-մեկ էլ թքում էր բեմին, բայց պետք էր տեսնել, թե ինչ օրը գցեց դահլիճը հաջորդ երկու ժամերի ընթացքում:

Էս տարի Փաթիի Horses ալբոմի քառասուն ամյակն է լրանում: Դրա պատվին համերգների ժամանակ Փաթին հերթով կատարում է ալբոմի բոլոր երգերը: Ու Կոպենհագենում էլ սկսեց Gloria-ով: Հանդիսատեսը ոգևորված էր, բայց բոլորը նստած էին: Անսովոր բան է ռոք համերգին նստած լինելը:

Եթե Horses-ը լսել եք, ուրեմն գիտեք, որ այն միայն երաժշտական ալբոմ չէ, մեջը պոեզիա էլ կա. Փաթին իր բանաստեղծություններն է կատարում, որոնք տեղ-տեղ սահուն անցնում են երգերի: Համերգն էլ էր էդպիսին: Փաթին մենակ երգչուհի չէր, նաև պոետ էր ու դերասան: Իսկ հանդիսատեսը տաքանալ էր որ տաքանում էր:

Break It Up-ի ժամանակ փորձեց հանդիսատեսին երգացնել: Բայց քանի դեռ ներկաները նստած էին, շատ բան չէր ստացվելու: Ու Land-ի ժամանակ էր, երբ առաջին շարքերում մեկը կանգնեց, սկսեց պարել: Հետո մնացածներն էլ կանգնեցին ու սկսեցին պարել:

-Եկեք, այստեղ եկեք,- ասաց Փաթին, ու հանդիսատեսը լցվեց ուղիղ բեմի դիմաց, ես էլ հետները:

Կանգնել էի առաջին շարքում՝ հենց բեմի դիմաց, Փաթիից սանտիմետրերի հեռավորության վրա: Բեմը շատ ցածր էր: Էդ պահից սկսած հանդիսատեսը դարձավ համերգի մասնակից: Փաթին ժամանակ առ ժամանակ մոտենում էր որևէ մեկին, միկրոֆոնը պարզում, երգացնում: Ինձ էլ պարզեց, բայց ես բառերը չգիտեի, պապանձվեցի:

Horses-ի երգերը ճիշտ հերթականությամբ ավարտելուց հետո Փաթին մի քանի երգ էլ կատարեց ու սկսեց արանքներում ավելի շատ խոսել: We Three երգը, ասաց, որ Ջիմի Հենդրիքսի մասին է, բայց նվիրում է բոլոր մահացածներին: Երգի վերջում սկսեց անուններ թվարկել. Ջիմի Հենդրիքս, Ջիմ Մորիսոն, Քուրթ Քոբեյն, Էյմի Ուայնհաուզ, Ֆրեդ Սոնիք Սմիթ (Փաթիի հանգուցյալ ամուսինն է): Աչքերը լցվել էին: Ու եթե Փաթին լացում էր, էլ ո՞վ պիտի ամաչեր արցունքներից: Բեմի մոտ հավաքվածներից բոլորի աչքերը լցվել էին:

Հաջորդ երգը նվիրեց «կյանքին»: Ասաց, որ ինքը մի հարյուր տարի ապրել է, ու հաստատ արժե ապրել:

Պատմեց նաև Because the Night-ի պատմությունը: Ասում է՝ իր պրոդյուսերը գրել էր երաժշտությունն ու կրկներգի բառերը, կասետը տվել, ասել՝ լսի: Ինքն էլ հա հետաձգում էր: Էդ ժամանակներում ինքը Նյու Յորքում էր ապրում, ընկերը՝ Դեթրոյթում: Շաբաթը մեկ էին հեռախոսով խոսում, որովհետև թանկ էր: Էդպես մի օր անհամբեր սպասում էր զանգին, կասետը վերցրել, լսել է, ընթացքում գրել բառերը: Իսկ Դեթրոյթում բնակվող ընկերը Ֆրեն Սոնիք Սմիթն էր:

Մի քանի երգ էլ կատարեց Փեթին՝ հանդիսատեսին լիքը մեսիջներ ուղարկելով.

-Դուք եք ապագան, իսկ ապագան հիմա է… Դուք եք աշխարհի տերը, վեր կացեք, տեր կանգնեք:

Չեմ հիշում՝ որ երգի ժամանակ էր, բայց բառերը փոխել էր, Կոպենհագենն ու Քրիստիանիան էր հիշատակում: Քրտինքի մեջ կորել էր: Մազերը կպել էին դեմքին: Վերջում էլ կիթառի լարերը հերթով պոկեց, հանդիսատեսի վրա վարդի թերթիկներ շաղ տվեց ու գնաց:

Երբ լույսերը վառվեցին, հեչ մտքովդ չէր անցնի, որ րոպեներ առաջ էդտեղ Փաթի Սմիթը երկրաշարժներ էր անում: Համերգից ինձ մնաց պարզ ու հասարկ, փոքրամարմին Փաթին՝ մերթ բղավելիս, մերթ արտասվելիս, մերթ ժպտալիս, մի քանի վարդի թերթիկ, սեթլիսթն ու երկու մեդիատոր՝ վրան գրված. “Patti Smith, Horses.” Երկրորդը մեկին նվեր եմ տալու: Դեռ չգիտեմ ում:

Ջոան Բաեզը Վիեննայում

Հինգ տարի առաջ Երևանում Սերժ Թանկյանի համերգից հետո սովորության համաձայն իրար հարցրինք՝ հաջորդն ո՞վ է: Պատասխանն այն ժամանակ ֆանտաստիկայի ժանրից էր թվում. Ջոան Բաեզ կամ Ալանիս Մորիսեթ:

Հինգ տարի անց այս պատմությունը վաղուց արդեն մոռացած ես ապրում եմ Կոպենհագենում, իսկ Լիլիթը երկու ամսով մեկնում է Վիեննա: Որոշում ենք, որ անպայման համերգ պիտի գնանք: Ու բռնացնում ենք. Ջոան Բաեզը Վիեննայում:

Մայիսի սկզբերին Քիրսթենն էր ինձ հյուր եկել: Մեր ընդհանուր երաժշտական թեմաները սպառելուց հետո ասաց, որ իրեն միայն մի կատարող է մնացել, որ կենդանի չի տեսել ու չի բռնացնում: Անունն էլ ասաց, անծանոթ էր: Ասացի, որ ինձ էլ է մեկը մնացել, բայց տոմսն արդեն ունեմ. Ջոան Բաեզ: Պարզվեց՝ Քիրսթենն էլ նրան նկատի ուներ, ուղղակի անունը չգիտեմ ոնց էր արտասանել, որ չէի հասկացել:

Ու էդպես երեքով հավաքվեցինք Վիեննայում, գնացինք Ջոան Բաեզի համերգին:

Հանդիսատեսը բաղկացած էր մեզ նման ջահելներից, բայց մեծերն էլ քիչ չէին: Կային սպիտակած մազերով նախկին հիպիներ, միջին տարիքի տիկնայք ու պարոններ, թինեյջերներ: Բացօթյա տարածքում հավաքված սպասում էինք, թե երբ պիտի Ջոանը բեմ բարձրանա:

Բոբ Դիլանին մի քանի տարի առաջ կենդանի տեսնելուց հետո Ջոան Բաեզից սպասելիքներս մեծ չէին, ու վախենում էի՝ նույն կարգի ձանձրալի համերգ տա: Բայց չէ…

Ջոանը ժամանակին բեմ բարձրացավ: Ու հա՛, ծերացել է, հա՛, յոթանասունն անց է, հա՛, ձայնն ահագին նստել է, ու դժվարանում է բարձր նոտաներ վերցնել: Հա՛, շարժուձևն արդեն ահագին տատիկական է, տեսնում ես, որ վաղուց արդեն ջահել չէ: Բայց Ջոանը սիրում է իր հանդիսատեսին, խոսում է, կատակներ անում, պատմություններ պատմում:

Նայում ես տարիքն առած էդ կնոջը, նայում շուրջդ հավաքված նախկին հիպիներին ու պատկերացնում վաթսունականները, Վուդստոկը, նրա անցած երկար ճամփան երաժշտական աշխարհում ու ախմախ Բոբ Դիլանին, որ էդպես էլ էդ կնոջ ղադրը չիմացավ:^97072617CE523A3181D21A6077F0968C4081D78F3755D16FFB^pimgpsh_thumbnail_win_distr

Լսում ես չհնացող Diamonds & Rust-ը, ու ամեն մի տողն աչքիդ առաջ է գալիս: Էս երգը չէ՞ր, որ մի անգամ Ալիսա Քալանթարյանը միացրեց ռադիոյով, ու միանգամից Ջոանը քեզ տարավ: Հենց էս մեկն էր՝ Ջոանի երգացանկի հիմնը, աշխարհի ամենալավ ինքնակենսագրական երգերից մեկը, որ մարդիկ գլուխ են ջարդում, որ իմանան՝ ում մասին է, որ Ջոանը լռում է, իսկ Բոբ Դիլանը համոզված ասում է, որ իրեն է նվիրված, որտեղ օրիգինալ տարբերակի «Տասը տարի առաջը» հիմա «Հիսուն տարի առաջ» է երգում, ու, միևնույն է, հանդիսատեսը սիրում է այն:

Իսկ հանդիսատեսին ամբողջ երկու encore նվիրեց, առաջինը՝ երեք, երկրորդը՝ երկու երգից բաղկացած: Ու այդ վերջին հինգ երգերը բոլորը միասին էին երգում: Իմ ամենասիրած համերգային զգացողություններից է, երբ հանդիսատեսը բեմի հետ մեկ է դառնում: Իսկ Ջոանի ընտրած երգերն այնպիսին էին, որ էդ էֆեկտը կրկնապատկում, բազմապատկում էին: Մի հատ պատկերացրեք էդքան մարդ միասին Imagine-ը երգելիս: Երգի ամեն տողը հասկանում ես, զգում ես մաշկիդ վրա, ու էմոցիաներն էնքան ուժեղ են, որ արցունքներդ չես կարողանում զսպել:

Երգեց նաև Sag mir wo die Blumen sind-ը: Հետաքրքիր է, որ համերգից առաջ երեքով հենց էդ երգն էինք քննարկում ու ափսոսում, որ հայերեն տարբերակ չկա, թե չէ բոլորս միասին կերգեինք:

Ավարտեց համերգը Blowin’ in the Wind-ով: Ավարտեց նույն երգով, ինչ Բոբ Դիլանը, բայց դա ոչ թե «դե լավ, որ էդքան խնդրում եք, էս մի երգն էլ ձեզ շպրտեմ» տոնով էր, այլ. «ուրախ էի, որ երգեցի ձեզ համար, էլի կերգեի, ուղղակի շատ եմ հոգնել, կներեք, գնամ քնելու»:

Մտածում եմ՝ Ջոանին արժե անպայման Հայաստան կանչել: Արժե, քանի դեռ երգում է:

Տասնհինգ ժամ Հելսինկիում

Երկար էի մտածում՝ հիմա, երբ ստիպված եմ մենակ գնալ, արժե՞ հասնել Հելսինկի: Կամ գուցե գրեմ ու հարցնեմ, թե արդյոք գալու է ինքը: Չէ, ոչ մի դեպքում կոնտակտի չեմ գնա: Ուրեմն տեղը տեղին ճամփորդելու փոխարեն ուղղակի կվազեմ Հելսինկի, կլսեմ համերգը և հետ կգամ Կոպենհագեն: Ինձ ավելին պետք չէ:

Բայց ունեմ լրացուցիչ տոմս, որի հետ չգիտեմ՝ ինչպես վարվել: Մեկ անվճար էի առաջարկում, մեկ փորձում էի վաճառել: Ոչ ոք չէր հետաքրքրվում: Ինձ սարսափեցնում էր այն միտքը, որ կողքիս աթոռը դատարկ է լինելու, ու չեմ կարողանալու երգերի ընթացքում ծանոթ աչքերի մեջ նայել: Ես սովոր եմ մենակ համերգ գնալուն, բայց երբևէ չէր եղել, որ պլանավորեի ինչ-որ մեկի հետ գնալ, ու նա չգար: Չգար էն պատճառով, որ իրար հետ չէինք խոսում:

Վախենում էի իմ էմոցիոնալ վիճակից, վախենում էի՝ դեպրեսվեի ողջ ընթացքում ու փոշմանեի, որ գնացել եմ, վախենում էի ուշքի չգալ օրերով: Քանի՜ անգամ է պատահել, որ առավոտյան արթնացել եմ, որոշել երկու տոմսերն էլ վաճառել, հետո միտքս փոխել եմ, ասել եմ՝ չէ, պիտի գնամ: Ու միայն հիմա եմ հասկանում, որ դա իմ կյանքի ամենակարևոր որոշումներից է եղել:

Դեռ առավոտյան, երբ տնից դուրս եկա ու նստեցի մետրո, երբ կարդում էի Թորի Էյմոսի «Կտոր-կտոր» գիրքը, աչքերս սկսեցին լցվել: Դա այն դեպքերից էր, որ եթե գրքի նույն էջերը ցանկացած մարդու տայիր, կկարդար ու կասեր՝ բայց ի՞նչ կա հուզվելու: Նույնը կասեի նաև ես, եթե կարդայի ինչ-որ այլ ժամանակ, այլ վիճակում: Զգացի, որ ներսիցս ինչ-որ բան սկսել է դուրս գալ, ու դա լավ էր, թեթևացնում էր: Զգացողությունը հիշեցնում էր Once ֆիլմը, և ուրախ էի, որովհետև գիտեի, որ հաջորդ օրն արդեն լավ եմ լինելու:

Համերգասրահի մոտ
Համերգասրահի մոտ

Իսկ ինքնաթիռս ուշացումով Հելսինկի հասավ: Զարմանալիորեն արագ ու առանց մտածելու կարողացա համերգասրահ հասնել: Եվ իմ արագության վրա զարմացա միայն այն ժամանակ, երբ վերջապես ճարված գնորդն հարցրեց, թե արդյոք ինձ դիմավորել են օդանավակայանում:

Հետո տեսա Սեմիին ու Ռիկկային՝ ֆին երկրպագուներին, որոնց հետ ֆեյսբուքով էի շփվում, ու պայմանավորվել էինք համերգից առաջ ու հետո հանդիպել: Գնացին մոտակա բլրի գագաթին պիկնիկի, իսկ ես վազեցի սուպերմարկետից ուտելիք գնելու:

Հելսինկին գիտեի: Չնայած այնտեղ նախկինում միայն մի քանի անգամ եմ եղել մի քանի ժամով, բայց ինձ քարտեզ պետք չէր կողմնորոշվելու համար: Հարազատություն կար քաղաքի մեջ: Երեք տարի անց վերադարձել էի: Վերադարձել էի ամռանը: Ու մեկ էլ այստեղ սկսեցի լացել: Դուրս էի թողնում: Ներսումս կուտակվածը դուրս էր թափվում, ազատագրում, մաքրում ինձ: Ու գիտեի, որ հաջորդ առավոտ արդեն լավ էի լինելու:

Սուպերմարկետից պուլլա ու Կարելիայի բրնձակարկանդակ գնեցի, քայլեցի դեպի բլուրը: Անձրևից հետո դեռ թաց էր ու ցուրտ: Սեմիի ու Ռիկկայի հետ փորձարկեցի ֆիններենիս մնացորդները, իսկ նրանց դուր էր գալիս, երբ իմ բերանից իրենց մայրենի լեզուն էին լսում:

Իսկ համերգի ժամանակ կողքիս նստատեղն իրոք դատարկ էր, բայց ոչ այն մեկը, որի տոմսը սկզբում գնել էի: Մյուս կողքս Վիվին էր՝ տոմսի գնորդը: Թորիից շատ տեղյակ չէր: Զգուշացրի, որ գուցե հիասաթափվի, որովհետև Թորին համերգների ժամանակ հիթեր չի կատարում, ու նրան լավ չճանաչողները դժգոհ են մնում: Էդպես էլ չիմացա՝ ինչ տպավորություն ստացավ, որովհետև encore-ներից առաջ բեմի մոտ վազեցի, հետո էլ չտեսա նրան:

Թորին
Թորին

Բայց համերգն ամեն ինչով վերջն էր: Թորին երկու օր առաջվա համերգից ընդամենը երկու երգ կրկնեց: Մնացածն ուրիշ կազմ էր: Իսկ համերգասրահի ակուստիկան հզոր էր, Թորիի ձայնն էլ հիանալի վիճակում: Հզոր էր հնչում համերգը: Անգամ եթե չիմանայիր, չսիրեիր, մարմնովդ սարսուռ էր անցնում նրա ձայնային ելևէջներից: Ու սովորականի պես հաղորդակցվում էր հանդիսատեսի հետ, ինչպես ֆիննական թերթերն են գրում, «Թորին հանդիսատեսին ափի պես գիտի»:

Չգիտեմ՝ The Power of Orange Knickers-ն արդյոք ի պատասխան Դամիեն Ռայսի պատվերի՞ս կատարեց, թե՞ մեկ ուրիշն էր հատուկ խնդրել, բայց երբ սկսեց, մտածեցի՝ Թորին լավ հումոր ունի (նամակով խնդրել էի Դամիեն Ռայսի վերակատարում, իսկ նշված երգի ալբոմային տարբերակում Դամիենը ձայնակցում է Թորիին):

Ժամը տասնմեկն էր, երբ դուրս եկանք համերգասրահից: Լրիվ լույս էր, ոնց որ ցերեկ:

– Էս չի մթնել,- ասում եմ:

– Չի մթնում հիմա,- բացատրեցին ֆինները:

Համերգից հետո Ռիկկան, Սեմին, Տուլլան (մեկ այլ ֆիննուհի), Յանը (շվեդ, որին անցյալ տարվա Կոպենհագենի համերգից գիտեմ) և Կլեմենսը (երկու օր առաջ Դանիայում գնացքում բռնացրել էր ինձ) գնացինք գեյ բար՝ կարաոկե երգելու: Ճամփին Կլեմենսը խոստովանեց, որ ոչ թե գրքի կազմից էր հասկացել, որ Թորիի համերգին եմ գնում, այլ փորձել էր հասկանալ, թե ինչ լեզվով է գիրքը, հայացք էր գցել ու կարդացել տվյալ հատվածի վերնագիրը. The Power of Orange Knickers:

Կարաոկեում զանազան մարդիկ հետույքները ճղելով երգում էին էնպես, որ հնարավորինս լավ ստացվի: Ի՞նչ լավ երգելու մասին է խոսքը: Սեմին արագ-արագ Թորիի մի քանի երգ պատվիրեց: Հինգ-վեց հոգով կանգնում էինք, միասին երգում: Սկսեցինք Spark-ով: Երբ Թորիի պես մռնչում էինք, մեզ չէին հասկանում, թարս էին նայում: Հետո երգեցինք նաև Precious Things-ն ու Caught a Lite Sneeze-ը: Professional Widow-ն էլ էինք պատվիրել (գնալ ու ստուգել երգի բառերը 😀 ), բայց բարը փակվեց, մեզ դուրս հանեցին:

Իսկ դրսում մի խումբ հարված ժողովուրդ էր ման գալիս: Ծանոթ դեմքեր էին. նրանք էլ համերգին կային: Օրորվելով փորձում էին կարաոկե մտնել, քֆրտում էին, որ փակ է:

– Էս ինչ հարբած են,- ասացի:

– Ես էլ եմ հարբած,- ասաց Ռիկկան:

– Դու հարբած չես:

– Ֆիններն էսպես են հարբում,- ասաց,- շատախոս են դառնում:

Ֆինները մի հետաքրքիր հատկանիշ ունեն. իրենք իրենց ազգային ստերեոտիպներից լավ տեղյակ են ու ոչ թե քաշվում, խուսափում են դրանցից, այլ իրենք իրենց ձեռ առնում: Ռիկկան ցերեկն էլ էր շփվող, երբ դեռ ալկոհոլ չէր ընդունել:

Մութը լրիվ չէր ընկել: Երկնքի մոտ մեկ քառորդը բաց կապույտ էր:

– Սա Հելսինկիի ամառային գիշերն է,- բացատրեց Տուլլան:

Սեմին մեզ ուղեկցեց կողքի գեյ բարը, որտեղ ակումբային երաժշտություն էր հնչում, ու պարահրապարակ կար: Հարբած խումբը չուզեց մեզ միանալ՝ դժգոհելով, թե էնտեղ մարդ չկա, ու գնացին «ավանդական ֆիննական կարաոկե ճարելու», չնայած Սեմիի հորդորներին, թե երկուշաբթի գիշերով Հելսինկիում ամեն ինչ փակ է, ու, միևնույն է, մյուս կարաոկեները Թորի չունեն:

Ակումբում ոչ ոք չէր պարում: Չորսով էինք մենակ (Կլեմենսն ու Յանն արդեն գնացել էին): Սեմին երգը երգի հետևից պատվիրում էր, դիջեյը միացնում էր: Մեկ էլ Թորիի Professional Widow-ն միացավ: Ու էդ պահին որտեղից որտեղ բարի տարբեր անկյուններից թորիասերները հայտնվեցին, սկսեցին պարել: Գժանոց բան էր, երբ բոլորս միասին երգում էինք (նորից. ստուգել երգի բառերը 😀 ): Երգի ավարտից հետո ոնց հայտնվել էին, էդպես էլ նորից անհետացան, ու էլի մնացինք չորսով:

Ժամը երեք անց կես այս ակումբն էլ փակվեց, ու մենք դուրս եկանք փողոց, որտեղ արևն արդեն փայլում էր: Դրսում հատուկենտ հարբած մարդիկ էին ման գալիս:

– Երկուշաբթի գիշերով Հելսինկիում միայն Թորիի համերգին եկածներն են,- ասացի:

Կայարանի խաչմերուկին հասնելով պիտի բաժանվեինք: Չորսով իրար պինդ գրկեցինք. չորսս էլ ահագին երջանիկ էինք: Սեմին, Ռիկկան ու Տուլլան ուղևորվեցին տներով, ես՝ դեպի օդանավակայան, որ վերադառնամ Կոպենհագեն:

Ու ժամեր անց Կոպենհագենում էի՝ երջանիկ, հանգիստ, տպավորությունների տակ ու աշխույժ, չնայած գիշերը չէի քնել:

Հիմա նստած մտածում եմ, թե ինչքան լավ բան արեցի, որ գնացի Հելսինկի, ինչքան լավ էր, որ մենակ գնացի, ինչքան լավ էր, որ հյուրանոց չվերցրի: Սա հաստատ իմ կյանքի եզակի փորձառություններից է, ու միշտ հիշելու եմ, միշտ հետս ման եմ տալու: Ու մտածում եմ՝ էս ամենը չէի զգալու, եթե համերգին մենակ չգնայի:

Երբ հասկանում ես, որ առանց մի կոնկրետ մարդու շատ ավելի լավ է, քան նրա հետ, մտնում ես ապաքինման մի նոր փուլ ու կյանքիդ կոնկրետ մի հատված խորը թաքցնում հիշողություններիդ անկյունում՝ վրան կպցնելով պիտակը. «անցած»:

Այլևս երբեք համերգի երկու տոմս չեմ գնի:

Եվրատեսիլ. թուլացեք ու հաճույք ստացեք

Անհամբեր սպասում ենք
Անհամբեր սպասում ենք

Հենց տարվա էս հատվածը գալիս է, ֆեյսբուքում պարբերաբար ստատուսներ են հայտնվում, թե՝ դուք էլ, ձեր Եվրատեսիլն էլ, էժանագին երգի մրցույթ է, ցածրաճաշակ է, էս է, էն է, ոնց էլ նայում եք ու էսպես շարունակ:

Իմ կոմպի բազմահազարանոց փլեյլիսթի մեջ Եվրատեսիլին երբևէ մասնակցած մեկ-երկու երգ հազիվ կգտնեք: Բայց երբեք չեմ թաքցրել, որ ուշադիր հետևում եմ, իսկ վերջին տարիներին, ինչ Հայաստանից գնացել եմ, Եվրատեսիլն ինձ համար դարձել է տարվա կարևորագույն իրադարձություններից մեկը: Իմ ընկերուհի Օլիվիան ասում է. «Բայց դու լավ երաժշտական ճաշակ ունես: Ինչու՞ ես Եվրատեսիլով տարված»:

Եվրատեսիլի նկատմամբ հետաքրքրությունս մեծացավ հատկապես այն ժամանակ, երբ հայտնաբերեցի, թե ինչքան հավես բան է տարբեր ազգերի ներկայացուցիչների հետ հավաքվել ու պաշտոնական կայքից միասին նայելը: Ո՛չ մուննաթ-զուննաթ, ո՛չ խնդրանք-աղաչանք, որ սփյուռքը Հայաստանին ձայն տա, ո՛չ սեփական բարձունքից արած հայտարարություն, թե՝ ես տենց ցածրաճաշակ բաներ չեմ նայում:

Իսկ մենք մրցույթին սկսեցինք «պատրաստվել» Զատիկի արձակուրդից անմիջապես առաջ, երբ Մառլենի տանը ես ու Անդրեասը հյուր էինք, ու մի քանի գարեջրից հետո սկսեցինք հերթով էս տարվա երգերը լսել: «Եզրափակիչն անպայման միասին ենք նայելու»,- որոշեցինք:

Անցյալ տարի Կոպենհագենում էր, հետևաբար էստեղ աժիոտաժը շատ էր, ու բնական էր իրադարձություններին հետևելը: Բայց արի ու տես, որ նույնիսկ այս տարի, երբ Դանիան սկի եզրափակիչ չանցավ, էստեղ էլի մեծ երևույթ էր. զանազան փաբեր հեռարձակում էին, իսկ մրցույթից հետո կարելի էր փողոցներում հարբած դանիացիների տեսնել, որոնք Եվրատեսիլի մասին էին խոսում:

Կիսաեզրափակիչը Մառլենի հետ դիտեցի: Իսկ եզրափակչին մենք մեր ընկերական խմբով (այսինքն՝ ավստրիացիներ, գերմանացիներ ու ես) որոշեցինք դիտել ուսանողական տուն կոչվող վայրում, որտեղ պարզվեց, որ մենք տարիքով ամենամեծն էինք. քսան-քսաներկու տարեկան ուսանողների կողքին մենք էինք՝ ասպիրանտներ ու դասախոսներ: Ու չնայած մեր տարիքին ու ստատուսին, ամենաշատ ուրախացողն ու շուխուռն անողն էինք:

Մինչև Եվրատեսիլը կսկսվեր, մրցույթ անցկացրին: Հարցերը Եվրատեսիլի ու Ավստրիայի մասին էին: Ջախջախելով հարցերին պատասխանեցինք ու ավստրիական քաղցրավենիքներ մրցանակ ստացանք: Հետո արդեն սկսվեց մրցույթը, ու դահլիճում ոգևորված ծափեր, բացականչություններ էին ու դրոշներ էին ծածանվում: Սերբ ընկերս՝ Սրջանը, Նիդեռլանդներից էս-էմ-էս գրեց, թե՝ հաջողություն ձեզ: Ես էլ Սերբիային հաջողություն մաղթեցի: Մառլենն էլ Վիեննայում ապրող իր աղջկա հետ էր անընդհատ էս-էմ-էսներ փոխանակում:

Ամեն մեկս մեր հերթին ամաչեցինք մեր երկրների երգերի համար ու սկսեցինք կողմնորոշվել, թե որ երգն է դուրներս գալիս: Բելգիան մի քանիսիս դուր եկավ: Մի երկուսը Սերբիային էին բալետ անում: Շվեդիայի երգը մեր ճաշակով չէր, բայց համաձայնեցինք, որ հիթ կդառնա հաստատ:

Մի ձայն Հայաստանին տվեցի, բայց ահավոր չուզենալով: Էստեղ տեղին կլինի ասելը, որ մինչև Եվրատեսիլը սփյուռքի նախարարությունն էսպիսի նամակ էր տարածել, որով խնդրում էին հայությանը քվեարկել Հայաստանի օգտին: Ահագին կատաղել էի, որովհետև մեջը ոչ մի բառ չկար երգը հավանել կամ չհավանալու մասին: Մի տեսակ նվաստացուցիչ է, ոնց որ ասեն՝ մենք ինչ աղբ ուզում, ուղարկում ենք, բայց դուք ոչինչ, քվեարկեք, որովհետև Հայաստանն են ներկայացնում: Սրանից հետո լավ երգ լինի, կքվեարկեմ, վատը լինի, չեմ քվեարկի:

Իսկ մինչ միավորները կհայտարարեին, սկսեցինք Merci chérie-ն երգել. 1966-ին այդ երգով էր Ավստրիան հաղթել, ու իմ ավստրիացի ու գերմանացի ընկերներն արդեն քանի ամիս է ինձ համոզում են, որ երգը սովորեմ:

Միավորները հայտարարելի սեղանի շուրջ ամենամանթո մնացողը չէի, որովհետև Գերմանիան ու Ավստրիան լրիվ զրոյի վրա լռվեցին: Բայց դե հենց նկատեցինք, որ մեր երկրներից ոչ մեկը հաղթելու շանսեր չունի, սկսեցինք Շվեդիային բալետ անել: Տեսնել էր պետք. դահլիճի մնացած բոլոր ազգերն էլ միացել ու Շվեդիայի համար ուրախանում էին: Մենք ընկերներով որոշեցինք, որ մյուս տարի եթե Մալմյոյում անեն, անպայման գնալու ենք:

Էկա տուն, տեսնեմ՝ ֆեյսբուքն էլի լիքն է Եվրատեսիլ չնայողներով, սրան-նրան քֆրտողներով ու ներվային քոմենթներով, թե՝ Շվեդիայի երգն ախմախ երգ էր, էդ ո՞նց հաղթեց, թե՝ սաղ քաղաքականություն է: Իսկ ես մի դանիացի ընկեր ունեմ, որը Եվրատեսիլի մասին բացարձակապես ամեն ինչ գիտի ու որը մրցույթից ժամեր առաջ հնգյակը ճիշտ հերթականությամբ գուշակել էր: Նա ասում է, որ ինչքան էլ խոսեն արևելաեվրոպական, բալկանյան ու սկանդինավյան մաֆիայի մասին, միևնույն է, հաղթում է լավագույն երգը:

Ամեն տարվա պես ֆեյսբուքը լիքն էր նաև «էսքան վատ Եվրատեսիլ չէր եղել» տեսակի խոսակցություններով: Ես կասեի՝ էսքան լավ Եվրատեսիլ չեմ հիշում, որ տեսած լինեմ: Սովորաբար երգերը մեկը մեկին նման, ձանձրալի ու հոգնացնող են, ու մեջների մեկ-երկու աչքի ընկնողները առաջատար են դառնում: Իսկ էս անգամ տասնյակի բոլոր երգերը լավ տպավորվել են:

Ու մտածում եմ՝ ինչքան տարբեր է վերաբերմունքը Հայաստանում ու Դանիայում: Հայաստանում ներվային ու թունավոր վիճակները, իսկ Դանիայում նույնիսկ Դանիայի եզրափակչում չհայտնվելու դեպքում մարդիկ միասին նայում, ուրախանում են, անցնում, գնում է: Լավ կլիներ՝ հայ հանդիսատեսն էլ մյուս տարի ֆեյսբուքներից կտրվեր, հավաքվեին խմբերով տարբեր տեղերում, միասին նայեին ու հաճույք ստանային: Դրանից լավ բան չկա:

Լորա Մարլինգի համերգը Կոպենհագենում

Լորա Մարլինգի համերգին որոշեցի գնալ, երբ փողոցում պատահաբար պաստառ տեսա, թե՝ գալիս է Կոպենհագեն: Երգչուհուն մի քանի ամիս առաջ էի բացահայտել ու շատ ծանոթ չէի գործունեությանը, բայց մի քանի երգ հասցրել էի սիրել: Ու մի հավես բան էլ. Մալթայից Կոպենհագեն վերադառնալիս օդանավակայանում Լորա Մարլինգ էր հնչում: Համերգի տոմսն արդեն ունեի ու էնքան ուրախացա, երբ լսեցի այնտեղ: Ես միշտ ուրախանում եմ, երբ իմ սիրած փախած կատարողների երգերը պատահական տեղերում լսում եմ:

Համերգը տեղի ունեցավ Վեգայի փոքր դահլիճում: Անսովոր բան էր. սկզբից մի ժամ առաջ դանդաղ ինձ համար ներս մտա, ու առաջին մարդն էի դահլիճում: Բեմը ցածր էր՝ գոտկատեղիցս: Տեղավորվեցի ուղիղ բեմի դիմաց ու սկսեցի իմ սովորական նախահամերգային գործով զբաղվել. գրելով:

Լորան բացող խմբի հետ. իմիջիայլոց, ձեռքերը գրպանում
Լորան բացող խմբի հետ. իմիջիայլոց, ձեռքերը գրպանում

Բացող կատարողը քանթրիոտ մեկն էր, որ ԱՄՆ-ից էր եկել: Վերջին երգերի ընթացքում Լորան էլ հայտնվեց բեմին՝ ոտաբոբիկ, գրեթե անգույն կարճ մազերով, շատ իմիջիայլոց տոնով մի երկու տող երգեց, գնաց: Ձայնը լավն էր, մտածեցի՝ հրաշալի համերգ է սպասվում:

Չարաչար սխալվում էի: Վատ համերգների հազվադեպ եմ լինում: Սա դրանցից մեկն էր:

Ընդմիջումից հետո Լորան իր խմբով բեմ բարձրացավ: Ես եկել եմ ակուստիկ ֆոլկ համերգ լսելու, բայց բեմին ռոք խումբ է՝ ամբողջական կազմով: Դահլիճի ակուստիկան էլ ահավոր: Լորայի բոյը չէր հասնում միկրոֆոնին, ոտնաթաթերի վրա էր կանգնում: Իսկ ձայնը կարգին չէր լսվում:

Արագ-արագ մի երգը մյուսից հետո կատարեց, կարծես շտապում էր վերջացնել: Սկի դադար չէր տալիս, երգերը մեկը մյուսին կպած էին: Եվ միայն մի չորս երգ հետո թեթևակի բարևեց, շարունակեց երգել:

DSCF7330

Վերջերում նոր մի քիչ բացվեց, սկսեց խոսել: Ասաց, որ ռոք խումբն իր բանը չէ: Մի քանի երգ ակուստիկ կատարեց, որոնք երևի համերգի ամենալավն հատվածն էին, բայց դահլիճի ահավոր ակուստիկայի պատճառով էլի էն չէին:

Մեկ էլ հավեսն էն էր, որ վերջին երգը սկսելուց առաջ հայտարարեց, որ իրենք encore-ներ չեն կատարում, նենց որ դա իսկականից վերջին երգն է:

Սեթլիսթում հիմնականում վերջին ալբոմի երգերն էին, ու երևի ծանրությունը դրանով էր պայմանավորված: Ճիշտ է՝ եկա տուն, նորից վերջին ալբոմը լսեցի, ու գործիքավորումն ավելի հարուստ էր, քան նախորդ ալբոմների պարզ երկու-երեք գործիքները, բայց ամեն դեպքում այնքան ծանր չէր, որքան համերգի ժամանակ էր:

Որպեսզի Լորայից ոչ թե հիասթափվեք, այլ սիրեք նրան ու որպեսզի հասկանաք, թե ինչու էր այդքան անսպասելի ինձ համար բեմի վրա ռոք խումբ տեսնելը, առաջարկում եմ, օրինակ, այս երգը լսել: Իմ սիրած երգն է, բայց համերգի ժամանակ չկատարեց:

Դիտարկում (ստեղծագործական վարժություն)

Խոստացված ստեղծագործական գրառումս: Տեքստը գրել եմ որպես դիտարկում-գրական վարժություն: Մեծ մասը գրվել է հենց համերգի ընթացքում:

Վեգա: Երկուշաբթի երեկո: Համերգից առաջ: Մեծ կատարողների դեպքում երբ ասվում է, որ դռները բացվում են ժամը յոթին, նշանակում է՝ պետք է առնվազն հինգին դռների մոտ լինել բեմի մոտ լավ տեղ ապահովելու համար: Իսկ երբ ելույթ է ունենում մի խումբ, որը մեկ այլ մեծ կատարողի համերգներն բացում, կարող ես գալ յոթ անց կես, ու բարը կիսադատարկ է լինում:
Եվ դա բար է՝ փոքր տարածքով, ցածր բեմով, անգամ նստելու տեղեր ունի ու սեղաններ, որովհետև կազմակերպիչները գիտեն, որ չկան բավականաչափ խելառ երկրպագուներ, որոնք կխցկվեն սեղանների դիմաց՝ բեմին մոտ:

Յոթ անց կես բարում հազիվ վեց զույգ մարդ կա: Բոլորը նստած են: Զույգ ասելով բնավ նկատի չունեմ տղա-աղջիկ զույգերին, այլ մարդկանց, որոնք միասին են եկել: Ես մենակ եմ: Ուսումնասիրում եմ տարածքն ու նկատում, որ միայն բարձր սեղանների մոտ ազատ տեղ կա: Բարից լցնովի Թուբորգ կլասիկ եմ վերցնում, նստում բարձր սեղաններից մեկի մոտ՝ բարձր աթոռին: Հիմա հանդիսատեսին ուսումնասիրելու ժամանակն է:
Բարը կամաց-կամաց լցվում է, ավելի աղմկոտ դառնում: Զույգերից մի քանիսը եռյակներ ու քառյակներ են դարձել: Միակ մենակ եկածը հիսունին մոտ մի տղամարդ է՝ կարճ կտրած ալեխառն մազերով, մի երկու օր առաջ սափրված, բարձրահասակ, ակնոցավոր, խոժոռ հայացքով: Երևում է՝ բարի մշտական հաճախորդներից է: Մեջքով հենվել է աթոռի թիկնակին, մի ձեռքին գարեջրի շիշ է: Ոտքը գցել է ոտքին ու օդում մնացած ոտքը դանդաղ օրորում է՝ երաժշտությանը համահունչ: Հատուկ Մեֆի համար. Երաժշտությունը 2010-ականների ինդի ինչ-որ մի բան է, որը ճանաչելու համար մի քիչ շատ մեծ եմ:

Ներս է մտնում տիպիկ դանիական արտաքինով միջին տարիքի մի կին. բլոնդ, բարձրահասակ, ուժեղ, ինքնավստահ, թանկարժեք, բայց զուսպ հագուստով: Ժպտաց: Երկու ցածր աթոռ է գտնում, դնում է ուղիղ կողքս, նստում: Գլուխն ուղիղ արմունկիս տակ է:

Բացող խումբը բեմ է բարձրանում: Տասնվեց-տասնյոթ տարեկան դանիացի տղաներ են: Դանիերեն դեպրեսիվ երգ են երգում: Վատը չեն: Դանիուհին ժպիտը դեմքին գոհունակությամբ ռիթմի հետ գլուխը թափահարում է:
Ներս է մտնում լպստած մազերով միջին տարիքի մի տղամարդ: Դանիուհին ձեռքով է անում: Մոտենում է, նստում նրա կողքի դատարկ աթոռին:
– Ի՞նչ կխմես,- անգլերեն հարցնում է տղամարդը:
Կնոջ պատասխանը չի լսվում: Քիչ անց տղամարդը վերադառնում է երկու գարեջուր ձեռքին: Կորոնայի շիշը տալիս է կնոջը, ինքը լցնովի Թուբորգ է խմում: Կինը բեմի վրայի տղաներից մեկին ցույց է տալիս, ականջին ինչ-որ բան ասում:
Երգն ավարտվում է: Հանդիսատեսը ծափահարում է: Կինը ոգևորված գոռում է:
– Սա մեր երկրորդ համերգն է,- հայտարարում է երկար մազերով, նուրբ արտաքինով մենակատարը:
Կինն նորից գոռում է:
– Լա՞վն էր երգը,- հարցնում է մենակատարը:
– Շա՜տ լավն էր,- գոռում է կինը:
Սկսվում է երկրորդ երգը: Կինը նայում է ինձ, ժպտում է, նայում է բեմին: Երբեմն գարեջրից կում է անում, երբեմն՝ ինչ-որ բան ասում տղամարդուն, որը չի լսվում:
Հայացքս բլոկնոտից բարձրանում է բեմին: Իրոք լավն են տղաները: Անունը ֆիքսեմ. Profeti: Դանիայում հաստատ մի օր հայտնի են դառնում:
Հայացքս թեքում եմ հանդիսատեսին: Մեծ մասը տղաների տարիքին են: Երևի նրանց ընկերներն են:
Մենակատարը հերթական երգը ներկայացնելիս ասում է, որ իր մայրն այն ծիծաղելի է համարում ու նայում է հանդիսատեսի խորքերը: Անկյունի բարձր սեղանի մոտ նստած միջին տարիքի կանանցից մեկը ժպտում է: Երգը Նիկոլայ Նորլունդին է հիշեցնում:
Տղան հայտարարեց, որ վերջին երգն են կատարում, խնդրեց իրենց հետևել Ֆեյսբուքում, հետն էլ էլի բաներ ասաց, որ չհասկացա: Կինը շիշը վերցրեց և շրխկացրեց տղամարդու բաժակին: Երաժշտության տակ նրա օրորվելու ամպլիտուդը մեծացավ: Երկու մատները դրել է բերանին, ու մատնեմատին փայլում է ամուսնական մատանին:
Կինը հեռախոսը հանեց, որ ֆոտո անի: Նայեցի էկրանին, որ տեսնեմ, թե ֆոկուսը տղաներից որի վրա է բռնում: Բայց բոլորին հավասարապես ֆիքսեց:
Տղամարդը հեռախոսի էկրանին ինչ-որ բան է ցույց տալիս կնոջը: Ինչ-որ բան են խոսում անգլերեն, որից որսում եմ.
– Կգրեմ նրան,- ասում է կինը:
– Ընտանեկան հիվանդություն է,- նորից կինը:
Տղամարդը հյուսիսամերիկյան առոգանություն ունի, բայց կոնկրետ աշխարհագրությունը չեմ կարողանում ֆիքսել: Կնոջ դանիական առոգանությունը հազիվ է զգացվում:
Տղաները վերջացնում են, ու բարը սկսում է դատարկվել: Մինչև The Once-ի ելույթն ընդմիջում է: Բեմը վերադասավորում են:
– She did trouble and… – կինը սկսեց ինչ-որ երգ երգել: Կոնտեքստից մի կերպ հասկանում եմ, որ տղամարդու դստեր մասին են խոսում:
– Ես բրիտանական իքս-ֆակտորն եմ սիրում,- ասում է տղամարդը:
Կանգնում է:
– Հույս ունեմ՝ տղայիս լանչին կբռնացնեմ,- տղամարդը հանում է հեռախոսը և դուրս գնում:
Նոր մարդիկ են գալիս, գրկելով ողջունում ավելի վաղ եկած իրենց ծանոթ մարդկանց:

Խմբի կիթառահարը մտնում է բար, մոտենում կնոջը, գրկում նրան, միանում հանդիսատեսի մի այլ խմբի ու զրույցի բռնվում: Գալիս է նաև հարվածահարը: Նույնպես գրկում է կնոջը, սկսում նրա հետ զրուցել: Հարվածահարի վրայից ծխախոտի հոտ է փչում: Ձեռքին Թուբորգի շիշ է: Կանգնել են ուղիղ դիմացս, ինչը ներվայնացնող է. բեմը չեմ տեսնում:

Մենակատարը նույնպես մոտենում է կնոջը, գրկում ու թուշը պաչում:

Տղամարդը վերադառնում է, ինձնից թույլտվություն խնդրում, որ բաժակը սեղանին դնի: Բաժակի մեջ ջուր է: Մի քանի քայլ հետ է կանգնում, մինչ կինը զրուցում է մենակատարի հետ: Մենակատարը դեմքով դեպի ինձ է, կինը՝ մեջքով: Կնոջ ուսի վրայից նայում է ինձ ու ժպտում է:

Տղամարդն ինձ հարցնում է, թե ինչ եմ անում: Ասում եմ, թե՝ գրելու վարժություն է, դիտարկում եմ անում: Հարցնում է՝ օգնու՞մ է: Ասում եմ՝ կերպար զարգացնելու համար լավ է:
– Լավ, չեմ խանգարում,- ասում է ու մի քայլ հետ գնում:
Մի քանի վայրկյան անց նորից մոտենում է.
– Իմ մասին հո չե՞ս գրում:
– Չէ, շատ մոտիկ եք կանգնած դրա համար,- ասում եմ ու գլուխս բարձրացնում՝ ձևացնելով, թե խորքերում կանգնածներին եմ դիտարկում:
Կինը շրջվում է, տղամարդուն ներկայացնում մենակատարին:
– Իմ second cousin-ն է,- ասում է:
– Ամեն ինչ անում եմ, որ առաջինը դառնամ,- կատակում է տղամարդը:
Սկսում են ընտանեկան կապեր քննարկել: Կինն ու տղամարդն ընդհանուր մեծ պապ ունեն:
– Նրա հայրն իմ մոր զարմիկն է,- շարունակում է տղամարդը,- Դանիան փոքր երկիր է, բոլորը բարեկամ են:
Զրույցից կտրտանքներ են հասնում ինձ: Տղամարդը գովում է կատարումը:
– Կանադայից եկել եմ այստեղ, որ ձեզ լսեմ:
Բեմ է բարձրանում The Once-ը՝ Էնդրյուն, Ջերին ու Ֆիլը: Դիտարկումը դադարեցնում եմ: Կանգնում եմ հենց իմ սեղանի դիմաց՝ բեմից ընդամենը մի մետր հեռու, առաջին շարքում:
Համերգի ընթացքում լիքը կատակներ են հնչում, զրույց հանդիսատեսի հետ, պատմություններ: Երգացնում են հանդիսատեսին:
Երգում եմ, պարում, արձագանքում նրանց հարցերին: Իսկ երբ հասնում են վերջին երգին ու անունը հայտարարում, բացականչում եմ: Ֆիլը զարմանում է, որ երգն իմացողներ կան: Առաջարկում է, որ ես էլ հետները երգեմ: Ծիծաղում եմ:
Համերգից հետո խմբի դիսկն եմ գնում: Ջերին ինքնագիր է տալիս: Գրկում է ինձ:
– Կարևոր էր իմ կյանքի այս պահին այստեղ գտնվելը,- ասում եմ:
– Հասկանում եմ՝ ինչ ես զգում,- ասում է ու ձեռքս սեղմում,- պինդ կաց:
Հեռանում եմ՝ մյուսներին Ջերիի հետ շփվելու հերթ տալով: Հագնում եմ կուրտկաս: Բացող խմբի մենակատար տղան կողքս կանգնած է:
– Կանադայի՞ց ես եկել,- հարցնում է:
– Չէ՛, այստեղ եմ ապրում:
– Բա ո՞նց է, որ նրանց բոլոր երգերը գիտեիր:
– Ծանոթ եմ նրանց Փասենջերի համերգից:
– Ռիվյու՞ ես գրում:
– Չէ, գրող եմ, ստեղծագործում եմ,- իմ ասածից ծիծաղս գալիս է,- դուք էլ էիք շատ լավը, կհետևեմ ձեզ:
– Հա, կապի մեջ մնա,- ասում է,- ֆեյսբուքով,- ու գրկում է:
Դուրս եմ գալիս: Վեգայի մեծ դահլիճում մեկ այլ համերգ է ավարտվել, ու դրսում լիքը մարդ կա: Անկյունում Ֆիլը կանգնած ծխում է, շուրջը ոչ ոք չկա: Մոտենում եմ:
– Լավ տժժում էիր,- ասում է:
– Ապրեք,- ասում եմ,- ընտիր համերգ էր: Հույս ունեմ՝ մյուս անգամ ավելի մեծ բեմերում կլինեք:
– Սա էլ էր լավ,- ասում է,- կապի մեջ մնա,- ու գրկում է,- էլի կգաս մեր համերգներին:
– Անպայման: Եթե Կոպենհագեն գաք:
– Գալու ենք: Հրաշալի քաղաք է:

The Once-ի համերգը Կոպենհագենում

DSCF7169Կիրակի օրը սովորականի պես Լիլիթի հետ Սկայփով զավզակելիս շատ պատահաբար հայտնաբերեցի, որ կանադական The Once ֆոլկ խումբը Կոպենհագենում համերգ ունի: Հաջորդ օրը: Երկար-բարակ մտածելու ժամանակ չկա: Հաստատ գնում եմ: Ո՞վ կգա հետս: Չէ, էս անգամ ավելի լավ է՝ մենակ գնամ: Գնամ, մի լավ լացեմ, էմոցիաներս դուրս թափեմ, ճանաչող մարդ չլինի տարածքում:

Վերջին անգամ ուղիղ կես տարի առաջ էի մենակով համերգ գնացել: Էն ժամանակ Փասենջերն էր, բայց տարօրինակ զուգադիպությամբ Փասենջերի համերգը հենց The Once-ն էր բացել: Այս անգամ նրանք գլխավորն էին լինելու, ինչ-որ դանիական խումբ էր բացելու:

Համերգը Վեգայում էր: Վեգան մի քանի դահլիճ ունի, բայց The Once-ը բարում էր: Ահագին փոքր տեղ էր ցածր բեմով: Հազիվ 30 հոգի տարածքում հավաքված լիներ, այն էլ՝ դժվար է ասել, թե քանիսն էին հենց The Once-ի համար եկել, քանիսը՝ բացող դանիական խմբի:

Ինչպես անցյալ անգամ, այս անգամ էլ սկսեցին Լեոնարդ Կոհենի Coming Back To You երգի ակապելլա կատարմամբ: Եթե ինձ հարցնեն, թե խմբի կատարումերից որն եմ ամենաշատը սիրում, անպայման այս մեկը կլինի ամենասիրելիներից: Շատ ավելի լավ են կատարում, քան օրիգինալն է:

Ընթացքում երգերի մասին պատմելով, լիքը կատակներով, հանդիսատեսին երգացնելով ու խոսացնելով շարունակում էին համերգը: Ի՞նչ լացել: Տրամադրությունս ահագին բարձրացավ:

Ամեն մի երգի հետ մի պատմություն էին պատմում, մի կատակ անում: Պատմություններից մի քանիսը ծանոթ էին, ինձ էլ էի տեսնում այնտեղ: Երգերից գրեթե բոլորը լսել էի. դեռ առաջին անգամ նրանց համերգին ներկա գտնվելուց հետո ամբողջ երգացանկը փորփրել էի:

Հաճելիորեն զարմացել էին, որ իրենց ճանաչողներ կան:

Պատմեցին նաև Փասենջերի հետ իրենց անցած ճանապարհի մասին՝ նրան անվանելով բարձրահասակ մորուքավոր անգլիացի: Պատմեցին We Are All Running երգի մասին՝ ասելով, որ իրենց բախտավոր մարդիկ են համարում, որ աշխարհով մեկ պտտվել են: Այ հենց այդ երգի ժամանակ էր, երբ Ջերին՝ մենակատարուհին, թաքցնում էր արցունքները:

Encore-ին հայտարարեցին, որ կատարելու են այն երգը, որը Շոտլանդիայում կատարելիս են եղել, երբ Փասենջերը նրանց լսել է. By The Glow Of The Kerosene Light: Էստեղ ես գոռացի: Զարմացան, որ երգն իմացողներ կան: Սա էլ մեկ այլ սիրել երգ է:

Ավարտվեց համերգը: Վերջում դիսկ գնեցի, Ջերիին ստորագրել տվեցի: Ասացի, որ իմ կյանքի այս փուլում շատ կարևոր էր իրենց համերգը: Գրկեց ինձ, ասաց՝ գիտի, թե ինչ եմ զգում:

Իրադարձության ավելի ստեղծագործ մեկնաբանությունը շուտով

Երազանքն իրականանալու երեկո. Լիլիթ Բլեյանի համերգը Երևանում

2012-ին, երբ մեկնեցի Իռլանդիա ու ներկա գտնվեցի Ալանիս Մորիսեթի համերգին, հանկարծ հայտնաբերեցի, որ մանկության բոլոր երազանքներս արդեն կատարվել են, և ժամանակն է նորերը մոգոնելու: Հենց այդ տարի էր, երբ նոր երաժշտության փնտրտուքներիս ընթացքում հանկարծ հիշեցի, որ ամիսներ առաջ լսել էի Լիլիթ Բլեյանի «Սպասող գնացքները», ու պիտի որ նոր երգեր ունենար արդեն: Փորփրեցի YouTube-ը: Գտա: Լիքը լավ երգեր գտա: Ու սկսեցի անընդհատ լսել:

Հիշում եմ Պոտսդամի բնակարանս, երբ դասից հետո ինձ ներս էի գցում ու միացնում YouTube-ը, որ իրար հետևից անդադար լսեմ Լիլիթի երգերը: Հիշում եմ պատշգամբս, պատուհանիս հարվածող անձրևի կաթիլները, դիմացի լիճն ու ջրերի վրա քնած երկրորդ լուսինը: Լիլիթի երգերը Պոտսդամի և հետագա կյանքիս անբաժան մասը դարձան, «Քաղաքից քաղաքը»՝ իմ հիմնը: Ու ծնվեց նոր երազանքը. ներկա գտնվել Լիլիթի համերգին:

Համերգի ընթացքում
Համերգի ընթացքում

Ավելի քան երկու տարի պիտի սպասեի այս օրվան, պիտի քաղաքից քաղաք գայի, որ վերջապես ներկա գտնվեմ համերգին, որ լրացնեմ նախորդ բաց թողածներիս տեղը: Ու չեմ փոշմանել. Լիլիթի ձայնագրությունները լսելն իհարկե հրաշալի է, բայց կենդանի համերգին ներկա գտնվելը լրիվ ուրիշ փորձառություն է: Նա չի եկել արագ-արագ պարտականություն կատարելու, այլ վայելում է յուրաքանչյուր երգը նույնքան, որքան հանդիսատեսը, հաղորդակցվում է ներկաների հետ թե՛ երգերով, թե՛ դրանց արանքում խոսելով ու տրամադրություն է ստեղծում դահլիճում, ստիպում հավատալ, որ այդ երեկո պահածդ երազանքն անպայման իրականանալու է:

Համերգը բացվեց Corazón como prisión իսպանալեզու երգով, ու հանդիսատեսը միանգամից մտավ երազանք պահելու տրամադրության մեջ: Հետո «Տրամադրությունն» էր, որն ինձ տարավ դեպի Պոտսդամի սենյակս, երեկոները, պատշգամբս, աթոռներն ու անձրևը.

Ծանոթ մի տուն, հին մի սենյակ
Ու պատշգամբ` ծառին թիկնած,
Երկու աթոռ` իրար կողքի.
Պարզ երեկո` հոգնած ու թաց:

Բայց բեմից այլ գործիքներով ուրիշ, թարմ հնչողություն ուներ:

El después-ը լրիվ տեղին էր. երազանքի իրականանալու հետոյի մասին էր, այն հետոյի, որ պիտի լիներ, երբ համերգն ավարտվեր: Իսկ ես անհամբեր եմ, ես տեղում երազանք պահեցի:

«Հին հետքերովը» «Ուրիշ քաղաքում» ալբոմի իմ ոչ ամենասիրելի երգերից է, բայց կենդանի տարբերակը լսելիս ահագին հուզվեցի, իսկ երգի բառերը նորովի կպան սրտիս.
Այն քաղաքում, որտեղ տեսա քեզ
դեռ ապրում է մեր հեքիաթը
Այն քաղաքում այլ է երկինքը,
այլ են խոսքերը
այլ է կյանքը:

Sogni-ն՝ երազանքները, երեկոյի ընթացքում հնչած միակ իտալերեն երգն էր: Թեթև էր, ուրախ, տրամադրություն բարձրացնող:

Հետո՝ Siempre tú-ն, «Մութ սենյակումը», որը նույնպես թարմություն էր այլ գործիքավորմամբ, Un día-ն…

Առաջին կեսն ավարտվեց Rêve marin-ով և «Կապույտով»: Դրանցից առաջինի միայն բառերի հեղինակն է Լիլիթ Բլեյանը, երաժշտությունը կիթառահար Տիգրան Տեր-Ստեփանյանինն է, իսկ երկրորդի միայն երաժշտության հեղինակն է, բառերը Չարենցինն են:

Երկրորդ կեսը սկսվեց «Քաղաքից քաղաքով»՝ իմ երգով: Տարիներ են անցնում, բայց երգն էլի ակտուալ է մնում, էլի իմ մասին է, որովհետև դեռ «Փախչում եմ անվերջ քաղաքից քաղաք», ու հոգուս խորքում գիտեմ, որ Կոպենհագենը դեռ վերջինը չէ:

Հետո՝ Volverás, որին հաջորդեց Coloreando-ն իր թեթևությամբ ու դրական լիցքերով: Վերջապես հնչեց «Սպասող գնացքները»՝ այն առանցքային երգը, որով շատերը ճանաչել են Լիլիթին, այն երգը, որը միշտ միացնում եմ գնացքով ճամփորդելիս ու անպայման ուշադրություն դարձնում «մանկությունից պոկված կղմինդրե տանիքներին», այն երգը, որի ընթացքում հանդիսատեսը թեթևակի համարձակություն հավաքեց ու փորձեց «վարա՜ր, վարա՜ր» երգել:

Paciencia-ն իմ անհամբերությունը հաղթահարելու երգն է: Ու այն հաջորդեց «Գնացքներին»: Տեղին հիշեցում էր: Լիլիթին պիտի շնորհակալություն հայտնեմ ինձ համբերել սովորեցնելու համար:

No Name-ն իմ նոր սիրելին է, նոր մեսիջը, որ ստացա: Մարմնովս սարսուռ է անցնում երգը լսելիս: Էնքա՜ն ուղիղ, էնքա՜ն հստակ է հրահանgը. “Don’t fight your feeling, for it has no sense.”

No Name-ին հաջորդեցին երկու անգլերեն երգեր. Steps on Water և Dizzy: Իսկ հետո Լիլիթի երազանքի հերթն էր. Ժակ Բրելի Ne me quitte pas-ի սեփական թարգմանությունը: Ու ի՜նչ աստիճանի հաջող էր ստացվել, ի՜նչ նման բնօրինակին, ի՜նչ հուզիչ միևնույն ժամանակ: Համերգը եզրափակվեց թեմատիկ «Ծննդյան գիշեր» երգով, որը բավական հետաքրքիր հնչողություն ուներ կիթառով:

Լիլիթն ու մի խումբ երկրպագուներ համերգից հետո
Լիլիթն ու մի խումբ երկրպագուներ համերգից հետո

Բայց հանդիսատեսն էդքան հեշտ հանձնվողը չէր: Ու ծափահարությունների հետ սկսեցինք գոռալ՝ էլի: Լիլիթը կարծես պատրաստ չէր encore-ին (ու դա ինձ ահագին դուր եկավ, որովհետև պատրաստի, ծրագրված encore-ներից մեկ-մեկ ներվայնանում եմ), ուղղակի կրկնեց առաջին երգն ուշացողների համար:

Եվ ավարտվեց համերգը: Ես չեմ կարող բառերով նկարագրել իմ բոլոր զգացողությունները, որ ունեցա այդ ընթացքում, չեմ կարող բացատրել, թե որքան կարևոր էր այն ինձ համար, ու չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ սա տարվա լավագույն իրադարձություններից էր, մի երեկո, որից ապաքինված դուրս եկա՝ հավատալով, որ նոր երազանքս կատարվելու է: