Շոգը (շատ կարճ պատմվածք)

Էս գործը ժամանակին մրցույթի համար էի գրել, բայց էդպես էլ չհասցրի ուղարկել: Պարտադիր պայման էր, որ պատմվածքը լինի շատ կարճ՝ մինչև 2000 նիշի սահմաններում: Չգիտեմ՝ ով ոնց, բայց ինձ ահագին դուր ա էկել էս պատմվածքս:

Շոգը

– Կներես, թափթփված եմ: Ուղղակի ուզում էի մի վերջին անգամ քեզ տեսնել… Սուրճ կխմե՞ս:
Կառլան շվարած շուրջը նայեց: Սենյակում շարժվելու տեղ չկար: Ամենուր անփութորեն շպրտած հագուստ էր, թղթեր ու գրքեր, իսկ կենտրոնում մի մեծ ճամպրուկ էր դրված, կափարիչը՝ բաց:
– Սու՞րճ: Շոգ չէ՞: Սառը բան չունե՞ս:
– Լիմոնաջուր կուզե՞ս: Սառույցով:
– Դեմ չեմ:
Կառլան փորձեց առաջանալ սենյակում: Զգուշությամբ մի ոտքը դրեց կապույտ շարֆի դիմաց, մյուս ոտքով ցատկեց հագուստակույտի վրայով ու հայտնվեց սենյակի կենտրոնում: Տաթևը վերադարձավ երկու բաժակ ձեռքին:
– Նստիր:
Կառլան տատանվում էր: Անգամ աթոռներն ու մահճակալն էին ծածկված Տաթևի իրերով:
– Կներես, ես հիմա…
Ու շրջվեց, որ դատարկի մոտակա աթոռը:
– Ոչինչ, ես այստեղ կնստեմ,- Կառլան փակեց ճամպրուկն ու հարմար տեղավորվեց վրան:
– Չէ՜… ստրոուպվաֆելներս… կփշրվեն:
– Արդեն ուշ է,- ժպտաց:
– Նվեր էի տանում… լավ, ոչինչ,- երկու բաժակները ձեռքին Տաթևը թռիչք կատարեց դեպի ճամպրուկը, հարմարվեց Կառլայի կողքին:
Կառլան մի կում արեց լիմոնաջրից:
– Ախ, լավ սառն է:
– Դուք չեք դիմանում շոգին,- ծիծաղեց Տաթևը,- կարմրել ես, կրեմ չե՞ս քսել:
Արևը պատուհանից ներս էր ընկնում ուղիղ ճամպրուկի վրա հարմար տեղավորված աղջիկների դեմքին:
– Ձեզ մոտ ինչպիսի՞ն է կլիման:
– Շատ ավելի շոգ: Ես չէի դիմանում ձեր անձրևներին:
– Ուրա՞խ ես, որ գնում ես:
– Հա, սարսափելի ուրախ: Վերջ անհամ ուտելիքին, վերջ անկապ եղանակին, վերջ հոգնեցնող բյուրոկրատիային, վերջ անընդհատ հնչող «անհնար է» արտահայտությանը…
– Քեզ դուր չեկա՞վ այստեղ:
– Չէ…- Տաթևը գլուխը կախեց,- եթե չհաշվենք մի քանի լավ մարդու հանդիպելը,- գլուխն առավ ձեռքերի մեջ,- Կառլա, ինձ անպայման հյուր կգաս:
Լռություն տիրեց: Կառլան էլ հայացքն իջեցրեց հատակին: Տաթևի ձեռքերից մի քանի կաթիլ ընկավ ցած:
– Քրտնե՞լ ես,- հարցրեց:
Տաթևը ձեռքը երկարեց դեպի քիչ այն կողմ ընկած սրբիչը, դեմքը սրբեց, աչքերը բարձրացրեց:
– Շոգ է,- ժպտաց:

Կունդերայի վեց պատահականությունները (պատմվածք)

Էս պատմվածքով հաղթել եմ էս մրցույթում: Բայց տարօրինակ կերպով ինձ ավելի հաճելի էր ոչ թե հաղթելու փաստը, այլ գրելու ամբողջ ընթացքը. սկսած Ամերիկյան համալսարանի ճաշարանում առանց շուրջս նայելու խորացած գրելով, վերջացրած Պրոցես փաբում խմբագրելով ու ավարտուն տեսքի հասցնելով:

Կունդերայի վեց պատահականությունները

Ամստերդամի կենտրոնից դուրս՝ տուրիստների աչքերից հեռու, ջրանցքներ կան, որոնց եզրին կարելի է նստել ու ոտքերն օդի մեջ օրորելով բադերի լողին հետևել՝ առանց վախենալու, որ որևէ մեկի լուսանկարի ֆոնը կփչացնես: Թերեզան, ծանոթ լինելով քաղաքի բոլոր ծակուծուկերին, ցանկանալով հեռանալ մարդկությունից և օգտվելով հազվագյուտ լավ եղանակից, հարմարվել էր մի այդպիսի ջրանցքի եզրին ու փորձում էր հաշվել, թե քանի պատահականության արդյունքում ծանոթացավ Ժակի հետ:

Եթե այդ տարի Բարսելոնայում հանգստանար, հաստատ Բրյուսելի գիտաժողովին չէր մասնակցի, այնտեղ չէր ծանոթանա Օլգայի հետ, Օլգան չէր հրավիրի Պրահայի ֆորումին: Եթե ֆորումի համար կրթաթոշակ չստանար, Ամստերդամ էլ չէր հասնի. թանկ կնստեր: Եթե Ամստերդամ չհասներ, Պրահայից շուտ կվերադառնար, այն բազմաթիվ բարդ ինքնաթիռային համակցություններն այդ օրը նրան չէին հասցնի  Պրահայի միջազգային օդանավակայան…

Այստեղ Թերեզան խճճվեց: Ինքնաթիռային համակցությունները որքա՞ն են պատահականություն կոչվում, քանի՞ հատ կարելի է հաշվել: «Օլգան ու ինքնանթիռները մեկ»,- մտածեց:

Պատահականությունների ինչ-որ բարդ համակցության արդյունքում այդ օրը Թերեզան Ամստերդամից ու Հռոմից հետո հայտնվեց Պրահա-Երևան չվերթի ելքի մոտ: Պատահականություն էր նաև այն, որ մարդախույս Թերեզան սպասասրահի մի անկյունում թաքնվելու փոխարեն հայտնվել էր ուղևորային եռուզեռի կենտրոնում: Ու պատահականություն էր, որ օդանավակայանում անվճար ինտերնետ կար: «Դեմս սիմպո տղա ա նստել»,- Ֆեյսբուքում գրել էր ընկերուհուն, հետո գլուխը բարձրացել: «Սիմպո տղան» ժպտացել էր ու անգլերեն հարցրել, թե արդյոք Երևանի օդանավակայանից կենտրոն հասնելը թանկ արժե:

«Մարդամեջ տեղավորվելս՝ երկու»,- հաշվեց Թերեզան:

Հետո տղան նկատել էր Թերեզայի կողքին դրված գիրքը ու հարցրել, թե արդյոք դուրը գալիս է: Կունդերայի «Էության անտանելի թեթևության» ֆրանսերեն հրատարակությունն էր: Գրքում էլ Թերեզայի ու Տոմաշի ծանոթությունն էր վեց պատահականության արդյունք: Պատահականություն էր, որ Թերեզայի անունը Թերեզա էր: «Երեք,- հաշվեց,- բայց սա կապ չունի ծանոթության հետ»:

«Ժակ»,- ներկայացել էր տղան՝ ցուցադրաբար փակելով ձեռքի գիրքը. Կունդերա, էլի ֆրանսերեն, այլ գիրք:

Պատահականություն էր, որ Ժակի անունը Տոմաշ չէր, իսկ ձեռքին էլ Կունդերայի մի ուրիշ գիրք էր, որի վերնագիրը Թերեզան ոչ մի կերպ չէր հիշում:

«Ֆրանսերե՞ն ես կարդում»,- հարցրել էր Ժակը:

Պատահականություն էր նաև, որ Թերեզան այդ ժամանակ ֆրանսերեն էր կարդում, որովհետև լեզուն վերջերս էր սովորել ինքն էլ չհասկանալով, թե ինչի համար: «Երևի որ Կունդերա կարդամ,- մտածեց Թերեզան ու մի կտոր հաց նետեց ներքևում աղաղակող բադերին,- ֆրանսերենը չորս»:

Նստեցման հերթի մեջ Թերեզան Ժակի կողքին էր կանգնել՝ ջանալով հնարավորինս երկար նրա հետ մնալ, բայց պարզվում էր՝ դրա կարիքը չկար, որովհետև հինգերորդ պատահականությունն էլ այն էր, որ Ժակի ու իր տեղերը նույն շարքում էին: Հետո պետք է ընդամենը մի ուղևորի խնդրեին՝ տեղափոխվի, որ իրար կողք հայտնվեն:

Ամրագոտին կապելուն պես Ժակն անցել էր ֆրանսերենի, իսկ Թերեզան բնավ չէր հրաժարվել զրույցը Ժակի մայրենի լեզվով շարունակելուց ու ներողություն խնդրել հոգնած գլուխը նրա ուսին դնելու համար:

Ընթացքում Թերեզան հասցրել էր պարզել, որ Ժակը ֆրանսիացի տուրիստ էր, գալիս էր Հայաստանը հետազոտելու: «Ինչու՞ հենց Հայաստան»,- հարցրել էր: «Աչքերս փակ մատս դրեցի քարտեզին, Հայաստան ստացվեց»,- պատասխանել էր:

«Վեց»,- քթի տակ շշջնաց Թերեզան ու պայուսակից հանեց ժակետը, որ հագնի. ցրտում էր:

Ինքնաթիռում Ժակը քնել էր մատը գրքի էջերի մեջ պահած, իսկ Թերեզան ուշադիր զննել էր այդ ամուր ձեռքը և ուզել էր, շատ էր ուզել բռնել այն: «Հոգնած էի»,- հիշեց Թերեզան: Հիշեց, որ մինչև Պրահայի օդանավակայան հասնելը, մինչև Հռոմում մի ինքնաթիռից մյուսը վազելը մի էդպիսի արևոտ օր էլ Ամստերդամում էր անցկացրել: Հիշեց խոնավ տոթը ու շորերին կպչող տաք քրտինքը: «Տեսնես Ժակը վրայիցս հոտեր չառա՞վ»:

Զվարթնոցում Ժակը Թերեզայի համարն էր խնդրել: Մի քանի անգամ ստուգել էր, որ համոզվի՝ ճիշտ է գրանցել:

Թերեզան լավ չէր հիշում, թե քանի օր անցավ, բայց օր ու գիշեր Ժակի մասին էր մտածում: «Ո՞նց գտնեմ»: Մտքով ինչ ասես չէր անցնում. հայտնվել Երևանի ամենատուրիստական տեղերում, հսկել բոլոր հյուրանոցների ելումուտը, ֆեյսբուքում հազարավոր Ժակերի միջից գտնել այդ մեկին ու ընկերության առաջարկ ուղարկել: Հետո ինքն իրեն հանգստացրել էր. «Եթե իրեն պետք լինեմ, գետնի տակից էլ կհանի»:

Որոշ ժամանակ անց անսովոր կիրթ ու գրագետ էս-էմ-էս էր ստացել. «Սիրելի Թերեզա, քեզ գրում է Ժակը: Մենք ինքնաթիռում ենք հանդիպել: Ուրախ կլինեի քեզ նորից տեսնել»:

Պայմանավորվել էին հրապարակում: Ժակը մի քիչ ուշացել էր: «Այնքան անհամբեր էի, որ ճանապարհը շփոթեցի»,- արդարացել էր: Թերեզան նրան տարել էր հին Երևանի մնացորդները ցույց տալու: Ժակն առաջ ընկած, բերանը բաց շուրջն էր նայել, իսկ Թերեզան թաքուն հետևել էր նրան՝ միաժամանակ ամառային թեթև զգեստի վրայից թափ տալով շինարարական փոշին, երբեմն էլ կանգ առնելով ու հիանալով Ժակի՝ արևի տակ փայլող շագանակագույն գանգուրներով:

«Մաշտոցի պուրակն էր… հա, հաստատ էնտեղ էր»,- հիշեց Թերեզան: Այդ ժամանակ էր, երբ Ժակը բռնել էր ձեռքն ու ասել, որ հույս ունի՝ Մարսել կգա իր մոտ: «Այդքան արա՞գ»,- մինչև հիմա զարմանում է Թերեզան:

Հենց այդտեղ էր, որ Թերեզան պատմել էր Ամստերդամում աշխատանքի առաջարկ ստանալու ու շուտով այնտեղ տեղափոխվելու մասին, իսկ Ժակը նստել էր այն ժամանակվա դեռևս քարուքանդ Մաշտոցի պուրակի քարերից մեկին, Թերեզային ձեռքերի մեջ առել, որ այլևս երբեք բաց չթողնի:

«Այլևս երբեք,- քմծիծաղեց Թերեզան,- վեց պատահականություն»:

«Ամստերդամը հեռու չէ»,- շշնջացել էր: Այնուհետև Թերեզայի մազերը նրբորեն հեռացրել էր դեմքից ու համբուրել:

Հետո նրանք միասին Հայաստանը ոտքի տակ են տվել: Արագածի գագաթին ամառ օրով տաք շորեր են հագել, սողացել Մագիլի քարանձավում, Գյումրիում յուղոտ խինկալի կերել, այրվել Սևանում, վերադարձել Երևան ու շրջապատի բազմությանը մոռացած պարել հրապարակի շատրվանների մոտ Շառլ Ազնավուրի La Bohème-ի տակ: «Սա նշանակում է, որ դու սիրուն ես»,- Շառլի խոսքերը Թերեզայի ականջին կրկնել էր Ժակը:

«Սիրելի Թերեզա, հույս ունեմ՝ ինձ հյուր կգաս Մարսելում: Մտածում եմ քո մասին»,- գրում էր Ժակը Հայաստանից մեկնելուց հետո: «Սիրելի Ժակ, այս վիքենդին զբաղված եմ: Կփորձեմ հաջորդ շաբաթ: Համբույրներով»,- պատասխանում էր Թերեզան: Պատասխանում էր երեք ամիս շարունակ:

«Սիրելի Թերեզա, շնորհավոր Նոր տարի: Ես Ամստերդամում եմ: Հյուրանոց Վան Գոգ, սենյակ 203: Սպասում եմ քեզ»:

«Սիրելի Ժակ, շնորհավոր Նոր տարի: Ես Հայաստանում եմ: Համբույրներով»:

«Բայց ինչու՞ Մարսել չգնացի,- ինքն իրեն հարցրեց Թերեզան,- հը՞ն, բադիկ, ինչու՞ Մարսել չգնացի,- մի կտոր էլ հաց շպրտեց ներքևում մնացած միակ բադին,- մի հիմարություն վեց պատահականության կողքին»:

Հանկարծ Թերեզան ուզեց, որ Ժակն այնտեղ լիներ՝ Ամստերդամում, որ միասին բադերին կերակրեին, միասին ոտքերն օրորեին ջրանցքի եզրին նստած, միասին հիշեին իրենց ծանոթության պատճառ դարձած վեց պատահականությունները, ուզեց, որ չլիներ մի հիմարությունը:

Անձրևի մի կաթիլ ընկավ Թերեզայի ձեռքին: Նայեց երկնքին. ամպերը կուտակվել էին: «Էխ հոլանդական եղանակ»: Տեղից վեր կացավ, վերցրեց պայուսակն ու առաջ քայլեց: Քիչ այն կողմ՝ ջրանցքի եզրին, նստած էր մի տղա, ձեռքին՝ գիրք: Անձրևը նրան էլ անհանգստացրեց, ոտքի կանգնեց, հավաքվեց, որ գնա: Ամպերի արանքից ընկնող արևի բարակ ճառագայթների տակ փայլեցին տղայի շագանակագույն գանգուրները: Նկատեց, որ Թերեզան իրեն է նայում: Փակեց ձեռքի գիրքը և ժպտաց:

– Տոմաշ,- ներկայացավ:

Ալիսը տղամարդկանց աշխարհում (պատմվածք)

Մրցույթի մասնակցած ու հերթական չհաղթած պատմվածքս:

Նվիրվում է տղամարդկանց:

Ալիսին չեմ տեսել: Իմ ծնվելուց շատ առաջ հեռացել է մեր թաղամասից, որպեսզի իրականանա Հռիփսիկ տատի՝ սուրճի բաժակով կատարած գուշակությունը, այն է՝ դեռ քսան տարին չբոլորած Ալիսն օտար երկրներ պիտի գնա, որ աշխատի ու պահի իր թամբալ ամուսնուն և մանկահասակ աղջկան: Ասում են՝ երբ Հռիփսիկ տատն Ալիսի բաժակն էր նայում, մեջը յոթանասուներկու հատ կետ է տեսել ու մարգարեացել, որ յոթանասուներկուսի մայր է դառնալու, որոնցից միայն ավագն է աղջիկ լինելու: Իսկ թե ինչպես է կետերի սեռը որոշել, էդպես էլ ոչ ոք չի հասկացել: Իմաստուն տատը ներկաների զարմացած հայացքներն արհմարհելով հայտարարել է, որ բոլորն էլ տարբեր հայրերից են լինելու ու անմիջապես հոգին ավանդել, որ հարցեր չտան:

Հռիփսիկ տատի մահվանից ամիսներ անց Ալիսը հավաքել է ճամպրուկները ու գնացել դեպի օտար երկրներ: Ամբողջ թաղամասը դուրս է եկել ճանապարհելու: Մանկահասակ աղջիկը բռնել է մոր ոտքը, չի թողել՝ մեքենա նստի: Թամբալ ամուսինն էլ երեխայի ոտքերից է բռնել, քաշել դեպի իր կողմը, որ Ալիսը հանգիստ հեռանա:
Ասում են՝ առաջին մի քանի տարիների ընթացքում փող էր ուղարկում, զանգում էր, մանկահասակ աղջկա հետ զրուցում, խորհուրդներ տալիս: Հետո կամաց-կամաց սկսել է ավելի հազվադեպ զանգել ու փող ուղարկել, մինչև մեր թաղամասի ու Ալիսի միջև կապը լրիվ ընդհատվել է: Թամբալ ամուսինը դարդին (թե՞ սովին) չի դիմացել ու շատ շուտ մահացել է, իսկ մանկահասակ աղջիկն անհետացել է: Ասում են՝ գնացել է Ալիսի մոտ կամ էլ փախցրել են կամ էլ մոտակա գետում խեղդվել է:
Իսկ Ալիսի մասին պատմում էին, օտար երկրներում նոր ընտանիք ու երեխեք ունի, չի ուզում վերադառնալ թամբալ ամուսնու մոտ: Ըստ մեկ այլ վարկածի, շատ մութ ու դաժան պայմաններում մահացել է. դիակը յոթանասուներկու կտոր են արել, ծանրոցով ուղարկել մեր թաղ, մանկահասակ աղջիկը տեսել է, ճանաչել մորը, խելագարվել: Մի երրորդ խումբ մարդիկ էլ պնդում են, թե՝ Ալիսն օտար երկրներում վիրահատվել, սեռը փոխել է, վերադարձել մեր երկիր, հիմա որպես տղամարդ ապրում է մեր թաղամասի ծայրի շենքերից մեկում: «Տեսնող է եղել»,- ասում են: Բայց յոթանասունմեկ որդիների և թվով նույնքան հայրերի մասին բոլորը լռում էին՝ չհամարձակվելով Հռիփսիկ տատի նայած բաժակը կասկածի տակ առնել:
Այս պատմությունները շատ փոքր ժամանակվանից կցկտուր լսել եմ, բայց մեծ ուշադրություն չեմ դարձրել մինչև այն օրը, երբ քսաներորդ որդուս ունեցա ու դարդոտած սկսեցի մտածել, որ նա էլ մյուսների պես կմեծանա, կին կառնի, տանը կնստացնի, կգնա օտար երկրներ, այլևս չի վերադառնա: Մտածեցի ու որոշեցի դեմն առնել, որովհետև Հռիփսիկ տատի թոռն իմ բաժակը նայելիս գուշակել էր, որ քառասուն որդու մայր եմ դառնալու, քառասունն էլ մի հորից: Ու որոշեցի գտնել Ալիսին, հարցնել, թե ինչպես է մեծացնում իր յոթանասունմեկ տղաներին, որ մեծանան, անասուն չդառնան:
Ալիսի դեմքը ոչ ոք չէր հիշում, անգամ տեսնողները: Նույնիսկ լուսանկարներ չէին պահպանվել: Միայն ասում էին, որ շատ սիրուն էր, բայց հենց մեկնելու օրը թաղի պառավներից մեկն անիծել է, թե՝ էնպես նիհարես, որ թշերիցդ բալեր կախվեն, սև մազերդ էլ սպիտակ խատուտիկ դառնան, որ փչես, թռնեն, հեռու գնան: Անեծքը միտս պահեցի, որ եթե հանկարծ կարիք լինի մեր թաղի Ալիսին ուրիշ Ալիսներից տարբերելու, նայեմ մազերին ու չեղած թշերից կախված բալերին: Նորածին որդուս թողեցի տանը ու ճամփա ընկա:
Ալիսին գտնելը դժվար չէր: Պարզվեց՝ ոչ մի օտար երկրում էլ չէր, վերջին՝ յոթանասուներկուերորդ երեխան ունենալուց հետո տեղափոխվել է կողքի թաղ ու սուսիկ-փուսիկ բնակվում է մի շենքի յոթերորդ հարկում, որտեղից կարելի էր մեր թաղը տեսնել ու բակում նստած պառավներին, որոնք Հռիփսիկի թոռան գուշակությունները կասկածի տակ էին առնում: «Հեչ տատին չի քաշել»,- ասում էին:
Անմիջապես ճանաչեցի Ալիսին. մազերը սպիտակել էին, խատուտիկներ դարձել: Փչեցի: Թռան թևիկները, պատուհանից դուրս եկան, հասան մեր թաղամաս, մեկն էլ հասավ քեզ, իջավ քթիդ վրա, փռշտացրեց քեզ:
Ալիսն իմ տեսած ամենանիհար մարդն էր: Այտոսկրերն էնպես էին դուրս ցցվել, որ դրանցից զույգ բալեր էին կախված էնպես, ինչպես մենք սիրում էինք փոքր ժամանակ մեր ականջներին հարմարացնել: Ինձ ներս հրավիրեց, բալ առաջարկեց, անմիջապես ավելացրեց, որ սառնարանում էլի ունի, պարտադիր չէ՝ իր դեմքինն ուտեմ: Առանց պատասխանի սպասելու հսկայական ափսեն դրեց սեղանին ու հրամայեց, որ օգտվեմ:
Պատմեցի նրան, որ իրենց թաղից եմ, որ ծնվել եմ իր գնալուց շատ տարիներ անց ու որ լսել եմ նրա բոլոր պատմությունները ու չգիտեմ՝ որն է ճիշտ, որը սուտ, որը դեռ չիրականացած: Ալիսը կռահեց, թե ինչ նկատի ունեմ. Հռիփսիկ տատը ճիշտ էր, ինքը յոթանասուներկու երեխա ունի, որոնք բոլորը տղաներ են, բացի առաջինից, ու բոլոր-բոլորը տարբեր հայրերից են: Տղամարդկանց մասին մանրամասներ բաժակում գրված չեն եղել կամ էլ խորամանկ պառավը թաքցրել է դրանք. Ալիսը նրանցից ոչ բոլորի հետ է ամուսնացած եղել, ոչ բոլորին է ճանաչել ընդհանրապես: Մեկի հետ մի տարի է ապրել, մյուսին միայն մի գիշեր է տեսել: Մեկին սիրել է, մյուսի հետ քնել նախորդից վրեժ լուծելու համար: Մեկը սևամորթ է եղել, մյուսը՝ ալբինոս: «Բայց բոլորն էլ նույն անասունն են»,- Ալիսն ավարտեց պատմությունը:
Հարցրի, թե որտեղ են յոթանասուներկու երեխաները: Ասաց, որ բոլորն իր հետ են ապրում: Շուրջս նայեցի: Թեև խոհանոցում էինք նստած, շատ լավ երևում էր, որ բնակարանն ամենաշատը երկու սենյակ ուներ: Էդտեղ յոթանասուներկու հոգի հաստատ չէր տեղավորվի: Էլ չեմ ասում, որ տանը տիրող լռությունը հաստատում էր, որ մենք էնտեղ երկուսով ենք: Ալիսը հասկացավ զարմանքս: Ասաց, որ բոլոր երեխաները խաղասենյակում են, ու եթե ցանկություն ունեմ, կարող ենք գնալ այնտեղ: Ինձ դուր եկավ այդ միտքը, ու հասկացա, որ վերջապես կսովորեմ ղեկավարել իմ քսան ծնված և քսան ծնվելիք որդիներին:
Խաղասենյակի դուռը բացեց Ալիսը: Էնտեղ միայն մի հոգի կար՝ մանկահասակ աղջիկը, որն ինչ-որ տարօրինակ խաղալիքներով խաղում էր: Հարցրի, թե ուր են մնացած յոթանասունմեկը: Ասաց, որ պահարանում են, բացեց դուռը ու ցույց տվեց կողք կողքի շարված զակատ արած բանկաներ, որոնցից յուրաքանչյուրի մեջ մի որդի կար: Ժամանակ առ ժամանակ մանկահասակ աղջիկն ըստ իր ցանկության ընտրում է մեկին, դուրս հանում, բացում, հետը խաղում, նորից զակատ անում, դնում պահարանի մեջ: Մոտեցա դստերն ու իսկապես նկատեցի, որ այդ տարօրինակ խաղալիքները տղաներ են:
Ալիսը բացատրեց, որ տղաներին պետք է հենց էդպես խեղդած պահել, որ հսկողությունից դուրս չգան ու չգնան ուրիշ կանանց հոգին հանելու: Ասաց, որ եթե ժամանակին իր տղամարդկանց մայրերն էլ նույնն արած լինեին, ստիպված չէր լինի յոթանասուներկուսի մեջ երջանկություն փնտրել ու նորանոր տղաներ աշխարհ բերել, այլ հիմա գոհ ու խաղաղ կապրեր թամբալ ամուսնու ու մանկահասակ աղջկա հետ:
Տղաներին զակատ անելու փայլուն գաղափարն ինձ դուր եկավ, ու Ալիսին խնդրեցի, որ ինձ էլ բանկաներ տա, որպեսզի իմոնց հարցերն էլ էդպես լուծեմ: Ալիսը գոհունակությամբ ժպտաց ու բացեց մեկ այլ պահարան, որտեղ հարյուր դատարկ բանկաներ կային ու սպասում էին ինձ նման մայրերի: Քսան հատ հաշվեց, տվեց, կարգադրեց, որ մյուս քսանի հետևից գնամ միայն այն ժամանակ, երբ մնացածն արդեն ծնված լինեն: Բանկաները շալակած դուրս էի գալիս արդեն, երբ Ալիսը խնդրեց մի քանի վայրկյան էլ մնալ: Բեռս դրեցի գետնին ու սպասեցի, թե հետո ինչ կասի: Ալիսը լուռ մոտեցավ ինձ, գլուխը մոտեցրեց գլխիս, ու այտերիս զգացի բալերի սառնությունը, իսկ խատուտիկների թևիկները սկսեցին խուտուտ տալ: Չոր շուրթերը հպեց իմ շուրթերին ու այդպես մի քանի վայրկյան, մինչև խոնավություն ու դառնահամ զգացի: Ալիսի բոլոր մազերը թռել-գնացել էին: Մարմինը փոշի էր դարձել, ընկել գետնին: Եվ միայն իմ շուրթերին մնացել էր մի թարմ, դեղին խատուտիկ՝ որպես հիշատակ յոթանասուներկուսի մայր խոպանչի Ալիսից:

Սենյակ 007 (պատմվածք)

Վերջապես տեղադրում եմ Արմայելին խոստացածս պատմվածքը հոսթելների մասին:

Սենյակ 007

Ես ճամփորդ եմ: Ուսապարկս գցում եմ ուսիս, ճամպրուկս գլորում ու գնում դեպի օդանավակայան, գնացքի կայարան, նավահանգիստ կամ ուղղակի քայլում, մինչև հասնում եմ նպատակակետին:

Ես ճամփորդ եմ ու ամեն ինչի սովոր եմ: Գիշերել եմ կայարաններում, գնացքներում, անծանոթ մարդկանց ու ընկերներիս տներում, փափուկ մահճակալներին ու չոր գետիններին, հինգ աստղանի հյուրանոցներում ու հասարակ հոսթելներում: Միայն թե վերջինների դեպքում կարևոր կանոն ունեմ. պարտադիր խնդրում եմ, որ միայն կանանց համար նախատեսված սենյակում ինձ մահճակալ տրամադրեն:

Մի օր էլ ուսապարկս վերցրի, քայլեցի, նստեցի գնացք, նստեցի ավտոբուս, նստեցի ինքնաթիռ, նստեցի գնացք, քայլեցի ու հայտնվեցի Դյուսելդորֆի մի հոսթելում, որտեղ պիտի հինգ գիշեր անցկացնեի: Գրանցվեցի, վերցրի բանալիս ու փորձեցի վեց մահճակալանոց սենյակս գտնել:

Քայլեցի հոսթելի լաբիրինթոսներով, մինչև հասա սենյակ 007: Ներս մտա: Դատարկ էր, ինչպես սպասվում էր, որովհետև առավոտ շուտ չէր, երբ ճամփորդները նոր են արթնանում, ոչ էլ գիշերվա կես, երբ հոգնած ճամփորդներն արդեն քնած են: Մութը նոր էր ընկել, հետևաբար սենյակում գիշերողները դեռ չէին վերադարձել:

Ճամփորդի քիթս միացրի, աչքերս լարեցի ու սենյակն ուսումնասիրեցի: Վեց մահճակալներից միայն մեկն էր զբաղված, մյուսն էլ ես էի զբաղեցնելու: Դես նայեցի, դեն նայեցի, կախիչից կախված կոստյում նկատեցի ու հասկացա, որ էդ մի ճամփորդը տղամարդ է: Խփեցի իմ էշ գլխին ու հիշեցի, որ էս անգամ կանանց սենյակի պահանջով նամակ չէի գրել:

Դե լավ, ոչ առաջինն եմ, ոչ վերջինը: Դե լավ, դեռ վաղ երեկո է, օրն էլ շաբաթ: Սենյակը հաստատ կլցվի, հաստատ էլի կին կգա, ինձ մենակ չեմ զգա: Լողարանում կհանվեմ-հագնվեմ: Թքած, թե միայնակ ճամփորդող կանանց խորհուրդ չեն տալիս խառը սենյակներում գիշերել: Եթե հարձակվեն, կգոռամ: Եթե անկողնուս մեջ հայտնվեն, կխփեմ թույլ տեղերին, որ ցավից մղկտան:

Մինչ մահճակալիս ծայրին նստած ծանրութեթև էի անում, դուռը բացվեց ու ներս մտավ միջին տարիքի ճապոնացի: Ինձ տեսնելով անակնկալի եկավ, ոտքից գլուխ չափեց-ձևեց:

– Դու այստե՞ղ ես մնալու,- հարցրեց:

– Հա,- պատասխանեցի:

Ուրիշ ոչինչ չասաց: Մոտեցավ զբաղեցված մահճակալին, ճամպրուկը բացեց, միջից դրամապանակը հանեց ու դուրս եկավ:

Հոգնել էի քայլելուց, գնացքից, ավտոբուսից ու ինքնաթիռից: Հոգնէլ էի գիշերը քնած չլինելուց: Օգտվեմ առիթից, որ մարդ չկա սենյակում: Պիժամաս հագնեմ, վերմակը քաշեմ գլուխս, որ ոչ ոք ինձ չտեսնի: Ուսապարկս էլ դնեմ իմ ու պատի արանքում, վրան՝ ամուր կողպեք, որ ոչ ոք ինձ չթալանի:

Ամեն դռան բացվելուց արթնանում էի ու տեսնում ներս մտնող տղամարդկանց: Նրանք գալիս էին, մարդ ա՝ իր մահճակալի մոտ, հանվում ու պառկում: Ու ամեն նոր մտնողի հետ ավելի խորն էի վերմակի տակ թաքնվում:

Առավոտյան զանազան լեզուներով, ձայներով ու առոգանությամբ հեռախոսներ սկսեցին ճվճվալ ու քնածներին արթնացնել: Ինձ պետք չէր շուտ վեր կենալ, որովհետև ես սովորական ճամփորդ չէի, ու Դյուսելդորֆում ընդունված մեկի փոխարեն ամբողջ հինգ օր էի անցկացնելու: Բայց աչքերս բացեցի ու տեսա շալվարները հագները քաշող տղամարդկանց: Նրանք էլ ինձ տեսան ու ամաչեցին: Իմ ներկայությունից ավելի շատ ամաչեցին, քան ես՝ իրենցինից:

Ցերեկը մի պահ ներս մտա, որ տաք շոր վերցնեմ: Տեսնեմ՝ աթոռին անշարժ նստած է մի տղա, ձեռքերը տարածած, ու իմ ներկայությունը չի նկատում:

– Բարև,- ասացի:

– Բարև,- սթափվեց:

Երևի մեդիտացիա էր անում: Այ քեզ բան: Դե լավ, սա վտանգավոր չի լինի:

Երեկոյան նստեցի հոսթելի սրահում, որ ինտերնետ փորփրեմ: Էս սայթից էն սայթն էի թռնում, էդ մեկից էլ մի ուրիշը, երբ ինչ-որ մեկի ծանրացած հայացքը զգացի ինձ վրա: Գլուխս բարձրացրի ու տեսա դիմացս նստած ինչ-որ տարօրինակ արարածի: Բարձրահասակ, կարճ մազերով, հսկայական փորով ու փոքր ծիծիկներով, եթե կին է, բայց մեծ ծիծիկներով, եթե տղամարդ է: Սեռը ոչ մի կերպ չկարողացա որոշել: Աչքով-ունքով արեց: Մի երկու բառ խոսեցի հետը: Տղամարդու ձայն ուներ, գերմանացի էր՝ Հանովերից: Գերմանացուն բնորոշ պահվածք չէր:

Հետո արարածն անհետացավ, ու ես շարունակեցի ինտերնետ փորփրել: Երբ ժամը ժամից անցավ, գնացի քնելու: Թեև մութ էր, բայց նկատեցի, որ էդ գիշեր տղամարդկանց բոլորովին նոր կազմ էի ստացել: Իսկ կողքիս մահճակալին չաղլիկ տարօրինակ արարածն էր պառկած, խռռացնում էր: Սուսուփուս մտա վերմակիս տակ՝ հույս ունենալով, որ մինչև առավոտ այնտեղ ինձնից բացի ուրիշ ոչ ոք, հատկապես կողքինս, չի հայտնվի:

Լույսը դեռ չէր բացվել, երբ մեկի զարթուցիչը ղժղժաց: Ես էլ արթնացա: Սա վեր կացավ, հեռախոսի լույսը միացրեց, որ տարածքում կողմնորոշվի: Տեսա, որ բեղ-մորուքով է: Լույսը հերթով բոլոր մահճակալներին գցեց: Երևի ուզում էր պարզել՝ մնացած հինգ հոգին տեղու՞մ են, թե՞ ոչ: Հենց իմ դեմքին ընկավ, աչքերս փակեցի, բայց մի ձեռքս էլ թաքուն հանեցի վերմակի տակից, որ տեսնեմ՝ ուսապարկիս կողպեքը տեղու՞մ է, թե՞ ոչ: Տեղում էր: Մտածեցի՝ երևի տեռորիստ է: Հիմա ավտոմատը կհանի ու բոլորիս վերջը կտա:

Հագնվեց ու շատ զգույշ, որ ոչ ոք չարթնանա, դուրս եկավ սենյակից:

Երբ առավոտյան աչքերս բացեցի, առաջին բանը, որ տեսա, կողքիս պառկածի դեմքն էր: Բեղերը եկել էին: Ուրեմն հաստատ տղամարդ է: Բարի լույս ասաց: Չոր պատասխանեցի, շորերս հավաքեցի ու վազեցի լողարան՝ հագնվելու:

Ցերեկը մտա սենյակ: Տեսնեմ՝ տոպրակներով ու մոխրագույն մորուքով մի ձյաձյա է հայտնվել: Հեռախոսով խոսում էր: Լսեցի ու փորձեցի լեզուն տեղը բերել: Ասածները հասկանում էի. ռուսերեն էր: Բայց տարօրինակ թուրքական հնչողություն ուներ: Պահո՜, սա թուրք-ադրբեջանցի հո չի՞:

Մոտս Հայաստանի դրոշ կար: Խորը պահեցի, որ չտեսնի: Կողքիս սեղանին էլ քարտեզների բլոկնոտս էր, մեջը հասցես Հայաստան էր գրած: Էդ էլ խցկեցի ուսապարկիս մեջ, կողպեցի: Հանկարծ ու ազգային հերոս դառնալու պահանջ ունենա: Շառից-փորձանքից հեռու:

Երրորդ առավոտ, երբ աչքերս բացեցի, չաղլիկն էլի կողքիս մահճակալին էր, իսկ դիմացից մի աղջիկ ժպտաց ու բարի լույս մաղթեց: Երկուսս էլ զարմացանք ու ուրախացանք իրար տեսնելով: Մութ ժամանակ սենյակ մտնելով ու փոփոխվող կազմով հինգ տղամարդկանց ներկայությանը սովոր լինելով մտքովս չէր անցել, որ հոսթելային գիշերս մի քիչ փոփոխության է ենթարկվելու:

Չաղլիկն էլ էր արթնացել: Ինձ Ջեք Դանիելզի մայկա նվիրեց: Ասաց, որ վիսկի է գնել, հետը տվել են, իր հագով փոքր է:

Երբ երրորդ երեկոյան հոսթել վերադարձա, չաղլիկը նստած էր սրահում, դիմացը՝ մի տուփ պիցցա ու քսան բանկա վիսկի, որոնցից երեքն արդեն դատարկել էր:

– Միացիր,- ասաց՝ բանկաներից մեկն ինձ պարզելով:

Հրաժարվեցի: Սուսուփուս կոմպս միացրի ու մտա ինտերնետ: Սրահում երաժշտություն էր հնչում: Չաղլիկը մեծ էկրանով հեռուստացույցով ինչ-որ գերմանական էշություն էր նայում:

– Տես, Շտեֆան Ռաբը,- ասաց,- Դյուսելդորֆից ոչ հեռու մի քաղաք կա Քյոլն անունով: Էս հաղորդումն էնտեղ են նկարել:

Ձայն չհանեցի: Ուղղակի սպասեցի, մինչև չաղլիկը գոռոցը դրեց, աչքերին չհավատաց. էկրանին ես էի հայտնվել:

– Ուրեմն դու Շտեֆան Ռաբին տեսել ես իրական կյանքում:

– Ու՞մ:

Հույս ունեմ՝ ներեց անգրագիտությունս: Իսկ թե ինչ գործ ունեի հեռուստատեսությունում, այս պատմության հետ բնավ կապ չունի, հետևաբար չեմ ծանրաբեռնի ավելորդ մանրամասնություններով: Ես ճամփորդ եմ, հասարակ ճամփորդ:

Հեռախոսով երաժշտություն միացրեց: Ռամշտայն: Հոսթելի երաժշտությունը, հեռուստացույցը, չաղլիկի հեռախոսը… մի շուխուռ, մի ղալմաղալ: Էդ էլ հերիք չէ, մեկ էլ ինքն էլ միացավ, սկսեց Ռամշտայն երգել: Գրպանից հանեց համերգի տոմսը, ասաց, որ իր գնացած վերջին համերգն էր:

– Mutter,- երգեց,- գերմաներեն նշանակում է մայր: Այս երգը վատ մայրերի մասին է: Մի էդպիսին էլ ես ունեմ:

– Ինչո՞վ է մայրդ վատը:

– Անգլերենս հերիք չի անում, որ բացատրեմ: Դպրոցում անգլերեն միայն մի տարի եմ անցել:

– Ինչու՞,- հարցրի՝ հույս ունենալով, որ կասի, որ որովհետև օտար լեզուն ռուսերենն է եղել, ու ես կստիպեմ, որ ռուսերեն բացատրի, թե ինչով է իր մայրը վատը:

– Ես ընդամենը մի տարի եմ անգլերեն անցել: Դրանից հետո հատուկ դպրոց եմ գնացել, որովհետև դեբիլ էի:

Այ էստեղ ամեն ինչ տեղն ընկավ: Մինչև այդ երեկո հա զարմանում էի՝ ոնց էր սա նեմեց հալով էդքան շփվող, ասող-խոսող: Մարդ պիտի գերմանացու հետ մեկտեղ մտավոր հետամնաց լինի, որ էդքան հեշտ կոնտակտի մեջ մտնի, հայացքն էլ փախցնելու փոխարեն անընդհատ սևեռի:

– Խմիր,- ասաց՝ պարզելով վիսկիի բանկան: Էդ պահին արդեն հինգ հատ դատարկն էր հայտնվել,- ես խմած եմ, ավել-պակասի համար ներող:

Նորից հրաժարվեցի՝ պատճառաբանելով միգրենը: Իրականում մեն-մենակ ճամփեքին եղած ժամանակ չեմ սիրում ալկոհոլ օգտագործել, որ զգոնությունս չկորցնեմ: Հեռախոսը հանեց, երկուսիս նկարեց: Հետո թե՝ մեր սենյակը 007-ն է, ինչպես Ջեյմս Բոնդը: Ու նորից ավել-պակասի համար ներողություն խնդրեց:

– Գնացի քնելու, բարի գիշեր:

– Հեսա ես էլ եմ գալիս,- ասաց:

Աչքս լույս: Չէ, դու մնա: Ես կթաքնվեմ վերմակիս տակ, հետո նոր արի:

Արդեն աչքս կպչում էր, երբ շուխուռով, օրորվելով ներս մտավ: Ռամշտայնը դեռ միացած էր: Կարծեմ քնածներից մեկը գերմաներեն մի երկու լավ խոսք ասաց, որ նոր անջատեց երաժշտությունը:

– Խմած եմ, ներող,- արդարացավ:

Վախեցա՝ հանկարծ խմած-խմած մի ավելորդություն չանի: Նորից շոշափեցի ուսապարկիս կողպեքը: Տեղում էր:

Գիշերը ժամը հազարը կլիներ, երբ կտկտոցով մեկը ներս մտավ:

– Օլա,- ասաց բարակ ձայնը:

– Օլա, օլա,- լսվեց չաղլիկի խռխռոցը,- իսպանացի՞ ես:

– Չէ:

– Խմած եմ, ներող:

Մի պահ պատկերացրի նոր ժամանած աղջկա վիճակը, որին դիմավորում է կոնծած չաղլիկը մթության մեջ ու ասում՝ խմած եմ, ներող: Լամպը միացրի, որ դեմքս տեսնի, ժպտացի, ձեռքով արեցի, որ իմանա՝ չաղլիկի հետ մենակ չէ:

Առավոտյան, երբ արթնացա, բոլորը գնացել էին: Մենակ չաղլիկն էր մնացել, դեռ պառկած էր: Տեսավ, որ աչքերս բաց են: Բարի լույս ասաց: Քթիս տակ պատասխանեցի, թռա լողարան, արագ-արագ լողացա ու սկսեցի պայուսակս դասավորել, որ դուրս գամ: Ամբողջ ժամանակ չաղլիկի հայացքը մեջքիս վրա ծանրացած էր:

– Մնացինք մենակ,- ասաց:

Ձայն չհանեցի:

– Küsschen կուզե՞ս,- ասաց:

– Ի՞նչ:

– Küsschen: Գերմաներեն նշանակում է պաչիկ: Պաչիկ կուզե՞ս:

Ֆազերս գցեցին: Չէ, պիտի շուտ դուրս թռնեմ սենյակից:

– Չէ, չեմ ուզում,- չոր պատասխանեցի:

– Սա նկատի ունեմ,- նեղացած տոնով ասաց ու ինձ պարզեց շոկոլադի տուփը, որի վրա գրված էր Küsschen:

Չաղլիկն էդ օրը վերադառնում էր Հանովեր: Չնայած համոզվել էի, որ անշառ արարած է, ամեն դեպքում ուրախ էի, որ կողքիս մահճակալը վերջապես դատարկվում է: Տղամարդկանց ներկայությանն էլ սովորել էի. վերջին գիշերը հանգիստ կքնեմ: Հեչ որ չէ, գոնե չաղլիկի խռմփոցը չի լինի:

Երբ գիշերը մտա սենյակ, լույսը վառվում էր: Բոլոր մահճակալները դատարկ էին, բացի իմից ու դիմացինից, որի վրա հրեշտականման ջահել աղջիկ էր նստած: Հազիվ տասնութ տարեկան լիներ: Ծանոթացանք, զրուցեցինք: Ինքն էլ էր մեն-մենակ ճամփորդում, ահավոր վախենում էր հոսթելի խառը սենյակից, ահագին ուրախացել էր, որ տեսել էր՝ միակ աղջիկը չէ:

– Էս գիշեր աչքիս էլ ոչ ոք չի գա:

Իրոք, չորեքշաբթի լույս հինգշաբթի գիշերներն ամենադատարկն են հոսթելներում: Էդ օրերին քչերի ճամփորդելն է բռնում:

Առաջին անգամ հանգիստ աչքերս փակեցի. տղամարդկային վտանգ չկա:

Գիշերը հրեշտականման աղջիկը տեղից վեր կացավ, վիզս կտրեց, աչքերս հանեց, չորս տեղից փորս ծակեց, ուսապարկս առավ ու թռավ:

Լիզայի ձայները (պատմվածք)

Սա էլ մրցույթում հաղթած պատմվածքս: Ներկայացրածս մյուս գործն ու տեսահոլովակը կարող եք կարդալ ու դիտել այստեղ:

Լիզայի ձայները
Ամեն անգամ սիրտս կանգնում է, երբ առաջին էպիզոդի հիվանդ է գալիս, իսկ ավելի ճիշտ՝ երբ բերում են նրան: Աչքիս առաջ է հայտնվում ևս մեկ կործանված կյանք, ևս մեկ դժբախտ ընտանիք, մի երիտասարդ, որը երեկ գուցե հույսեր ու երազանքներ ուներ, բայց այսօրվանից սկսած նրանից անբաժան է լինելու ճակատագրական ու անելանելի ախտորոշումը՝ շիզոֆրենիա: Հարազատները սկսելու են ամաչել նրանից, խուսափել ընտանեկան հավաքույթներին բարձրաձայն խոսել նրա մասին ու միայն խոհանոցում կանայք միմյանց շշուկով հարցնելու են, թե էդ ինչ էղավ, որ խելքը թռցրեց: Ապրելու է դեղերի անվերջ սրվակներով, ծանր դեպքերում՝ հոսպիտալացումներով ու ներարկումներով: Ապրելու է մի կողմից կռվելով դեղերի կողմնակի ազդեցությունների՝ ավելորդ քաշի, ակամա շարժումների, իմպոտենցիայի կամ դաշտանի խանգարումների դեմ, մյուս կողմից տանջվելով հիվանդության ախտանիշների՝ զանազան անդուր կամ հաճելի ձայների ու տարօրինակ, անհեթեթության հասնող մտքերի ձեռքին:

Լիզան էլ մի էդպիսի հիվանդ էր: Սկզբում հայրը եկավ, նկարագրեց աղջկա վիճակը:

– Առանց հիվանդի ոչնչով օգնել չեմ կարող,- ասացի:

Պիտի որ նշանակեր, որ միջին տարիքի այս պարոնը, որը երևում էր՝ կյանքը նվիրել էր երեխաներին մեծացնելուն ու բարեկեցիկ ապագա ապահովելուն ու որն այնքան նիհար էր, որ նույնիսկ հին հայկական ավանդական փոր չուներ, գլուխը կախ կհեռանար ու կգար միայն մի քանի օր անց, երբ Լիզայի վիճակն այնքան անտանելի կլիներ, որ ստիպված շտապօգնությունով պիտի կբերեին:

Բայց չէ: Դուռը փակվեց ու վայրկյաններ անց ներս մտավ վախեցած բարձրահասակ մի գունատ աղջիկ, շագանակագույն երկար հյուսով, նուրբ ու երկար մատներով, չթից հասարակ զգեստով, ոտաբոբիկ:Մտավ ու ոչ մի բառ չասաց, ոչ մի տեղ չնայեց: Դիմախաղը լրիվ մեռած էր, ու կկարծեի՝ դիմակ է հագել, եթե աչքերը չկայծկլտային:

Լիզայի հետ մենակ մնալով անակնկալի եկա, որովհետև չնայած մեր պրակտիկայում կարևոր է հիվանդի հետ առանձին զրուցելը, հայկական իրականության մեջ դա գրեթե անհնար է. հարազատները ցանկանում են ամեն ինչ իմանալ: Ու հաճախ նրանք շատ ավելի անտանելի են դառնում, քան պաշտոնական հոգեբուժական ախտորոշում ունեցողը:

Մինչ ինձ կհավաքեի, որ հրավիրեմ նստելու ու սկսեմ հարցեր տալ, Լիզան ևս երկու քայլ առաջ եկավ ու սկսեց տարօրինակ շարժումներ անել: Ավելի ուշադիր նայելիս նկատեցի, որ պարում է: «Կանդինսկի»,- մտածեցի:

– Լիզա, մի վայրկյան կդադարեցնե՞ս պարդ, զրուցենք:
– Սա ես չեմ,- ասաց,- ինձ ստիպում է:

«Դասական Կանդինսկի»,- համոզվեցի:

Ախտանիշներն ինչքան էլ ակնհայտ լինեն, խուսափում ենք պսիխոզի առաջին էպիզոդից «շիզոֆրենիա» դնելուց՝ փորձելով հնարավորինս երկար խնայել հիվանդի կյանքը, հնարավորինս երկար հուսալ, որ ամեն դեպքում սխալվել ենք: Բայց երբ տեսնում ես Կանդինսկի-Կլերամբոյի հոգեկան ավտոմատիզմի հանրահայտ համախտանիշը, իրականությունից փախչել չես կարող. շիզոֆրենիան է որ կա, նույնիսկ եթե անունն ուղղակի «սուր պսիխոզ» դնես:

– Ո՞վ է ստիպում,- հարցրի՝ փորձելով զառանցանքների բովանդակությունը հասկանալ:

Լիզան նազանքով հենվեց պատին, զսպանակի նման սեղմվեց ու մեծ արագությամբ պոկվեց, կանգնեց սենյակի մեջտեղում, խոնարհվեց ու հայտարարեց.

– Վարդանը:

– Ո՞վ է Վարդանը,- ժամանակն էր հարցազրույցը զարգացնելու և ֆիզիկական ազդեցության զառանցանքի կողքին նաև լսողական ցնորքներ հայտնաբերելու:

– Մեր տակի հարևանը… գիտե՞ս՝ ինքը ինձ սիրում էր…

Սիրո զառանցանք…

– …սկզբում բանի տեղ չէի դնում: Հետո, երբ անտանելի դարձավ, կոպտեցի: Ջղայնացավ: Ինքը մեծ շրջապատ ունի: Կազմակերպեց, գլխիս մեջ չիպ դրեցին: Հիմա զոռով պարացնում են:

Հաստատ ֆիզիկական ազդեցության զառանցանք…
– …հիմա հաշտվել եմ նրա ներկայության հետ: Պատրաստ եմ կինը դառնալ, միայն թե էս չիպը հանեն գլխիս միջից: Էլ պարել չեմ ուզում:

Կանգնեց մի ոտքի վրա ու պտտվեց իր առանցքի շուրջ:

– Լիզա, պատահու՞մ է, որ ձայներ լսես, որոնք ոչ ոք չի լսում,- մասնագիտական սխալ: Էսքան կտրուկ պետք չէր. եթե հիվանդը ցնորքների մասին չի խոսում, ցանկալի է նման հարց տալ վերջում, երբ արդեն շահել ես նրա վստահությունը: Հիմա ինձ էլ կընդգրկի զառանցանքների մեջ:

– Իհարկե, հենց հիմա երաժշտություն եմ լսում, որը դու հաստատ չես լսում ու որի տակ ես պարում եմ,- Լիզան ձգվեց ու պառկեց գետնին:

Շփոթվեցի:

– Վարդանը որտե՞ղ է հիմա:

– Դռան հետևում: Ուր գնում եմ, հետևիցս գալիս է:

Ըհը, հետապնդման զառանցանքն էլ վրայից:

– Լիզա, կուզե՞ս մի քանի օր պառկել հիվանդանոցում,- անվստահ հարցրի ես՝ պատրաստ լինելով «ես հիվանդ չեմ», «դուք էլ եք գլխիս սարքում» տիպի պատասխանի:

– Անպայման: Մենակ թե էլ չպարեմ, մենակ թե չիպն անջատեն…

Սեղմեցի պատի զանգն, ու վայրկյաններ անց սանիտարը ներկայացավ: Ներս մտավ մարտական տրամադրվածությամբ, պատրաստ սպասելով հրահանգի, որ Լիզայի թևերը ոլորի, ներս տանի ու բարձր դոզաներով ամինազին ներարկի:

– Լիզային ուղեկցիր առաջին պալատ:

Սանիտարը հարցական երեսիս նայեց, երկմտեց:

– Չլսեցի՞ր՝ ինչ եմ ասում,- արագ-արագ մի երկու տող գրեցի,- սա էլ նշանակումները:

Երբ աչքի տակով նայեց նշանակված դեղերին, աչքերը թռան ճակատին. ոչ մի ներարկում:

Լիզան մի թռիչքով եկավ դեպի ինձ, հենվեց սեղանին և ասաց.

– Շնորհակալություն, բժիշկ: Հորս չթողնեք ինձ տեսակցության գա:

***

Քսանմեկ օր Լիզան պիտի հոսպիտալացված մնար: Պալատում, որտեղ տեղավորեցի, պառկած էին երկու ստաժավոր-մականունավոր շիզոֆրենիկներ՝ Պուտինան և Անյուտը: Նրանցից առաջինը երբեք տուն չէր գնում. հարազատները մոռացել էին նրա գոյության մասին, իսկ Անյուտը տարին չորս-հինգ անգամ պառկում էր, երբ նրա հիմնական խնամակալը՝ որդին, գործուղման էր մեկնում, կամ երբ սրացումներն այնքան անտանելի էին լինում, որ գիշերով հայտնվում էր հարևանի տանը ու ծեծում նրա ամուսնուն: Տեղավորեցի նրանց հետ, որովհետև չնայած հիվանդության բազմամյա փորձին, նրանք բաժանմունքի ինտելեկտուալներն էին: Երկուսի առաջին էպիզոդն էլ սկսվել էր թեկնածուական թեզը պաշտպանելուց անմիջապես առաջ, ու լավ օրերին կարելի էր թեև հետաքրքիր ու անհասկանալի պատմություններ լսել նրանցից:

Առաջին երեք օրերը հանգիստ անցան: Լիզան խելոք խմում էր դեղերը, բայց շարունակում էր պարել կամ ուղղակի բաժանմունքի մի ծայրից մյուսը վազել: Զբոսանքներ թույլատրում էինք. եղանակը լավն էր, Լիզան էլ փախչող հիվանդներից չէր:

Չորրորդ օրը բաժանմունքի հանգստությունը խանգարվեց, երբ ներսից ճչոցներ լսվեցին, ու Լիզան պահանջեց, որ իրեն տանեն բժշկի մոտ: Նման դեպքերում սովորաբար հարցը լուծվում է նշանակումներն ուժեղացնելով և հիվանդին մի քանի օր քնած պահելով, բայց որովհետև Լիզան առաջին էպիզոդի հիվանդ էր, հետևաբար պետք էր ախտանիշների ամեն փոփոխություն մանրամասն քննության առնել:

Ներս մտավ անվստահ քայլերով, դեմքը՝ կարմրած, բայց որևէ հույզ ցույց չտվող:

– Պուտինան,- ասաց,- ճանկռել է ինձ:

– Ինչու՞,- հարցրի՝ գլուխս բարձրացնելով մեկ այլ հիվանդի պատմագրի վրայից, որը դեռ նախորդ օրվանից կիսատ էր մնացել:

– Նախանձում է: Ինձ նման չի կարողանում պարել:

Ու Լիզան ևս մի քանի պտույտ արեց: Չէ, դեռ շուտ է դեղերի ազդեցությունը նկատելու համար:

– Մմմմմ… ես կխոսեմ նրա հետ:

Երևի Լիզան զգաց, որ ասածները հավատ չեն ներշնչում: Դրա համար թևերը քշտեց, բարձրացրեց վեր, սկսեց թափահարել ու արտաբերեց.

– Չե՞ք հավատում հա… դե տեսեք:

Իսկապես, երկու ձեռքերի նախաբազուկներին երկու զուգահեռ գծեր էին հավասար իջնում: Զարմանալի էր, թե ինչպես էր այդքան համաչափ ստացվել:

Սեղմեցի պատի զանգը և խնդրեցի Լիզային ներս տանել, Պուտինային բերել:

Պուտինան ներս մտավ իր ցնորքների հետ, նայեց վերև ու աջ, ինչ-որ բան մրթմրթաց, հետո ձախ նայեց, հայհոյեց: Առաջ եկավ, պարզեց ոսկրոտ, մերկ ու գունատ մատները:

– Բժիշկ, մատանիս լա՞վն է: Էսօր եմ նվեր ստացել: Վարդանից:

Պուտինան իր շիզոֆրենիայի վատ օրերին միշտ ինչ-որ մատանուց էր խոսում: Կա՛մ խնդրում էր, որ իրեն թանկարժեք մատանի նվիրեն, կա՛մ ինչ-որ բան էր փաթաթում մատին ու բոլորին ցույց տալիս որպես մատանի, կա՛մ մեղադրում, որ ինչ-որ մեկը գողացել է այն:

– Լիզային ինչու՞ ես ճանկռել:

Մի պահ լրջացավ, հետո ժպտաց՝ ցույց տալով բերանում մնացած մեկ-երկու դեղնած ատամները, ձեռքը տարավ գզգզված սպիտակ մազերին, նորից լրջացավ, նորից ժպտաց, նորից լրջացավ ու ասաց.

– Սուրճիս թույնը որ լցրիր, էդ անտեր Լիզան սաղ գիշեր ինձ ծնել ա, որ տանը հաստատ պարում է, իսկ Վարդանը մատանին քեզ պիտի որ հասկացներ:
Անկապ մարդ դուրս էկար, թե չէ սանիտարկեն դուռը կբացեր, որովհետև լրիվ հագցրած տիկնիկի կոշիկը նստած թեյ էի խմում:
Պուտինայի հետ կոնտակտի գնալը շատ դժվար էր: Լինելով բազմամյա հիվանդ և ունենալով շիզոֆրենիայի առավել ծանր՝ անընդհատ ընթացք, արդեն անձն ամբողջությամբ քայքայվել էր, ու հաճախ հնարավոր չէր լինում հասկանալ, թե ինչ է ասում:

Ի վերջո, հոգեկան հիվանդների դեպքում վեճերի պատճառները դժվար էպարզել ու իմաստ էլ չուներ, որովհետև նկատողությունն ու սպառնալիքները երբեք չեն օգնում: Իրականում նրանք հիմնականում բախվում են այն ժամանակ, երբ մեկը հայտնվում է մյուսի աշխարհում: Ինչպես հասկացա,
Լիզայի զառանցանք ու ցնորք Վարդանն ինչ-որ միջոցներով հայտնվել էր Պուտինայի տարածքում ու պատճառ դարձել, որ Լիզան ընդգրկվի նրա սեփական զառանցական մտքերի մեջ: Արդյունքը՝ ագրեսիա, ճանկռոցի:

Զանգը նորից տվեցի: Սանիտարին կարգադրեցի Լիզային տեղափոխել ուրիշ պալատ և հետևել, որ Պուտինային չմոտենա:

Մի քանի օր հանդարտ անցավ: Լիզայի հայրն ամեն օր գալիս էր: Եթե չէր հասցնում, եղբայրն էր այցելում, բայց գալիս էր երեկոյան ժամերին, մի երկու բառ փոխանակում Լիզայի հետ ու հեռանում: Սանիտարներն ու քույրերը միայն դեմքով գիտեին նրան: Իսկ հայրնուտելիք էր բերում, բաժանում նաև մյուս հիվանդներին: Հետո էլ մտնում էր իմ աշխատասենյակ ու հարցնում.

– Բժիշկ, ո՞նց կլինի:

– Չգիտեմ,- պատասխանում էի ու բացատրում, որ առաջին էպիզոդով ոչինչ հնարավոր չէր ասել, որ դուրս գրվելուց հետո էլ դեռ երկար ժամանակ պիտի շարունակի դեղեր ընդունել ու որ չի բացառվում, որ նորից կկրկնվի, բայց եթե դեղերը հետևողականորեն ընդունի ու բժշկի հսկողության տակ լինի, վիճակն ահագին լավ կլինի:

Լիզան բաժանմունքում պարում էր: Շարունակում էր պնդել, որ Վարդանը մութ ուժերի օգնությամբ չիպի վրա ազդելով ստիպում է պարել: Հետո էլ խոստովանում էր, որ Վարդանին կարոտել է, որ կուզեր նրան նորից տեսնել, բայց միշտ դռան հետևում է մնում, չի գալիս:

Տասներորդ օրը դեղի դոզան բարձրացրի: Լիզան շշմեց, սկսեց շատ քնել, շատ սուրճ խմել ու ծխել: Պարերը դադարեցին: Չիպի մասին ասում էր, որ դեղերի շնորհիվ այն «փչացել» է, բայց որ Վարդանը շատ հզոր է, կարող է նորը տեղադրել:

Հիվանդության պատմագրում ավելացրի. «Հոգեկան ավտոմատիզմի ախտանիշները դեղակարգավորվել են: Քննադատությունը մասնակի վերականգնվել է»:

Մինչև տասնիններորդ օրը դեղաչափը նույնը թողեցի: Քանի որ դուրս գրվելու օրը մոտենում էր, կանչեցի ևս մեկ անգամ հարցաքննելու:

Լիզան մտավ իմ աշխատասենյակ, փորձեց մի քանի պարային շարժում անել, հոգնած ընկավ աթոռին.

– Ախ այս դեղերը… կուզեի պարել հիմա:

– Իսկ երաժշտությունը չե՞ս լսում:

– Ոչինչ, ոչինչ չեմ լսում: Վարդանն էլ չի խոսում: Երևի ցնորվել եմ, հա՞: Հիմա որ հիշում եմ ինչեր էի անում, ամաչում եմ:

Ձեռքը դրեց ծնկին: Հենց էդ ժամանակ էր, երբ մատնեմատին փայլփլուն բան նկատեցի:

– Սա ի՞նչ է,- հարցրի:

– Նշանիս մատանին: Վարդանս է տվել:

Շվարած նայեցի դեմքին: Ախր Վարդանը պիտի որ ցնորք լիներ: Հա, էդպես էլ կար: Ձայներ էին, որ Լիզան լսում էր: Պետք էր պարզել, թե որտեղից է ձեռք բերել մատանին:

– Պուտինայի՞ց ես գողացել,- հարցրի:

Նեղացավ:

– Բժիշկ, դուք էլ հո առողջ մարդ եք: Պուտինան խելագար է: Սա իմ նշանի մատանին է:

Ձայն չհանեցի: Չփորձեցի ճշտել, թե դա ինչ էր ու որտեղից էր ճարել: Գրեցի. «Ցնորքներն ու զառանցանքները դեղակարգավորվել են:
Քննադատությունը վերականգնվել է: Հիվանդը պատրաստվում է դուրսգրման: Ախտորոշումը՝ սուր պսիխոզ շիզոֆրենանման ախտանիշներով»:

Քսանմեկերորդ օրը մի երիտասարդ եկավ, ներկայացավ որպես Լիզայի եղբայր և ասաց, որ եկել է քրոջը տանելու: Զանգը տվեցի, սանիտարին կարգադրեցի կանչել նրան:

– Վարդան, արդեն եկե՞լ ես,- աչքերը փայլեցին:

Տղան ժպտաց, ես՝ շփոթվեցի: «Գուցե զուգադիպություն է»,- մտածեցի:

– Ո՞նց ես,- հարցրեց:

– Արդեն բուժվել եմ: Շնորհակալ եմ, որ չիպը հանեցիր… Չպարե՞նք:

Տղան ոտքի կանգնեց, բռնեց Լիզայի՝ նազանքով պարզած ձեռքը, ու նրանք պարելով դուրս եկան հիվանդանոցից: Պատուհանից տեսա, որ բարձրացան գետնից ու սուզվեցին ամպերի մեջ: Սեղանիս մնաց փայլփլուն ինչ-որ իր, որը բարձրացրի ու տեսա, որ Լիզայի մատանին է: Դրեցի դարակումս, որ երբ գա, վերադարձնեմ: Մինչև հիմա սպասում եմ:

Վախեր

Ակումբում վերջերս էքսպերիմենտալ գրական մրցույթ էր: Պիտի էս պարը նայեինք ու ոգեշնչվեինք, մի բան գրեինք: Ես երկու գործ էի ուղարկել, որոնցից մեկը հաղթեց, մյուսը չորրորդ տեղ գրավեց: Անկեղծ ասած, ինձ չորրորդ տեղ գրաված գործս ավելի է դուր գալիս, դրա համար հիմա տեղադրում եմ: Վաղն էլ հաղթածը կդնեմ:
Վախեր

Ուղիղ տասը տարի: Այսօր արդեն տասը տարի է, ինչ դեպրեսիան ինձ հետ է, ես՝ նրա: Թերապիստը հույս է տալիս, ասում է՝ պարելը կփրկի, իսկ ես ամեն օր հազիվ եմ անկողնուցս դուրս գալիս, վախվորած նայում հայելու մեջ, ալարում գզգզված մազերս կարգի բերել, ալարում հագնվել, ալարում ապրել: Վեր եմ ընկնում բազմոցին ու սպասում:

Թերապիստն էդպես էլ չիմացավ, որ ես ամերիկացի չեմ, ու նրա մեթոդներն ինձ վրա չեն ազդի: Չիմացավ նաև, թե ինչից դեպրեսիան սկսվեց: Չկարողացավ իր խաչաձև հարցումներով պատճառը դուրս բերել: Ախտորոշումը մեծ-մեծ տառերով գրեց, ուղարկեց դեղատուն, նստեցրեց հակադեպրեսանտների վրա, կանգեցրեց ասեղների վրա, զանազան նորագույն մեթոդներ փորձեց՝ զբաղեցնելով ինձ, պարացնելով ինձ, խաղացնելով ինձ, լացացնելով ինձ: Ոչինչ, ոչինչ չփրկեց: Որովհետև չիմացավ իմ պատմությունը:

Միամիտ աղջիկ էի տասնութ տարեկան: Չունեի նախանձ ընկերուհիներ, որ հետ պահեին քեզնից՝ համոզելով, որ թողնելու ես ինձ, երեխան էլ փորիս մեջ: Չունեի վախեր, չունեի կասկածներ, չունեի խելք: Չունեի ոչինչ, քեզնից բացի: Ունեի քեզ, դրա համար չունեի ոչինչ կամ ունեի ամեն ինչ, որն ինձնից խլելու էր իմ բոլոր թռիչքները, արցունքները, սպասումներն ու դողերը: Ունեի հարուստ տատիկ, որի վրա աչք էիր դրել:

Խխունջ էի իմ պատյանում կծկված: Ծանր էի ու լպրծուն: Գլուխս դուրս հանեցի, երբ ոտնաձայներ լսեցի: Ձգվեցի ու պտտվեցի: Տաք էր դրսում, սառնարյուն մարմինս էլ չէր փշաքաղվում: Ոտքերիդ ստվերն իջավ մարմնիս, ու պատյանս փշուր-փշուր եղավ: Ես մնացի սառը հողի վրա, մնացի մերկ, մնացի սառած: Գնացիր անձայն, գնացիր թաքուն, գնացիր ոչ նախանձ ընկերուհուս թևանցուկ արած:

Հետո պիտի գիշեր-ցերեկ աշխատեի, ուրիշների տրուսիկները լվանայի, տակաշորերն արդուկեի, սպիտակեղենը քամեի, որ իմ աղջիկն ուտելու բան ունենար: Պիտի խմեի, դատարկ օրորոցը պատով տայի, որ հայտնաբերեի՝ մեջը ոչ ոք չկա: Ու չէր էլ եղել: Չունեի նախանձ ընկերուհիներ, որ ինձ ասեին՝ դու գնացիր, բայց երեխա չթողեցիր փորիս մեջ: Պիտի գտնեիր ինձ փողոցում հարբած, պիտի հարցնեիր՝ ինչ է պատահել: Պիտի քո տուն տանեիր, ուշքի բերեիր, լողացնեիր, փայփայեիր, շոյեիր: Ու պիտի դուրս շպրտեիր, երբ նկատեիր, որ արդեն կանգնում եմ:

Մեծացա մի օր, դարձա պինդ ու անսասան: Դարձա սառնասիրտ, դարձա եսասեր: Եկար, դիմացս կանգնեցիր: Չուզեցի դեմքդ տեսնել: Համառեցիր: Խոսեցիր օտար լեզվով, իսկ ես չհասկացա, բայց պատասխանեցի քեզ: Հոգնած գլուխս ուսիդ դրեցի, քնեցի երկար, մինչև շշնջոցիցդ արթնացա: Չուզեցի դեմքդ նորից տեսնել, այս անգամ ես գնացի: Գնացի, որ դու առաջինը չգնաս: Գնացի ու երբեք քեզ չտեսա:

Եկար ծնկաչոք, որպես աշակերտ: Ուսուցչի ծանր փայտիկը կոտրեցի վրադ: Գոռացի վրադ, հայհոյեցի, կավիճ կերցրեցի, տրորեցի, թքեցի վրադ: Իսկ դու միայն ոտքերս լիզեցիր ու մնացիր այնքան, մինչև քեզ մաս-մաս արեցի ու կամրջից ներքև շպրտեցի, որ գետը տանի, ու էլ երբեք չգաս:

Աղջիկ էի խոտերի մեջ պառկած: Եկար անաղմուկ, եկար քնքնշանքով, եկար շոյանքով, դանդաղ մոտեցար: Աչքերս լիքն էին, կոկորդումս՝ գնդիկ, մարմինս ցնցվում, ջղաձգվում էր: Ձեռքդ ուսիս դրեցիր, խաղաղեցրիր ինձ: Ոչ մի տեղ չգնացիր: Կերպարանափոխվեցիր, դարձար նախանձ ընկերուհի, բայց քեզ ինձ հասկացող հռչակեցիր, հեռու պահեցիր բոլոր տեսակի թերապիստներից, հակադեպրեսանտներից, հոգեվերլուծությունից ու հոգեախտաբանությունից՝ կամաց-կամաց ջրելով, ծաղկեցնելով, փարթամացնելով իմ ներսում ծնունդ առնող կյանքը, որը շուտով անուն պիտի ստանար. դեպրեսիա:

Իսկ ես դեռ սպասում եմ քեզ ու ամեն շշուկից ցնցվում: Սպասում եմ ու երազում, որ չգաս, որ թողածդ դեպրեսիայից բացի ոչինչ չունենամ, որ վայելեմ տառապանքս, որ խուսափեմ որոշումներից, որ ալարեմ ոտքի կանգնել, որ չնկատեմ, թե ինչպես են գիշերները գալիս, որ պաշտեմ հոգնածությունս, որ նվիրվեմ դատարկությանս, որ մոռանամ խաղաղությունս:

Այս երեկո թակոց լսեցի: Եկել էիր նորից ու դռան հետևում սպասում: Եկել էիր, չնայած հույսս կտրել էի: Եկել էիր, չնայած փախչում էի քեզնից, բայց թաքուն սպասում: Եկել էիր բացահայտ, եկել էիր առանց ձևականությունների, առանց ավելորդ խոսքերի, առանց խոստումների, առանց թաքնված մտքերի: Եկել էիր պարզ ու հասարակ, կանգնել իմ դիմաց:

Բացեցի դուռը: Ներս արի, խնդրում եմ: Ներս արի, ընթրիքը պատրաստ է: Ներս արի, այստեղ տաք է: Ներս արի, որ դեպրեսիան գնա: Ներս արի, որ հանձնվեմ ու ասեմ՝ ես թույլ եմ: Մի կողմ թող երկմտանքդ, մի կողմ թող ամաչկոտությունդ, մի կողմ թող անվստահությունդ, մի կողմ թող լարվածությունդ, մի կողմ թող վախերդ. ես էլ եմ վախենում: Ներս արի, որ դուռը մեր հետևից փակենք ու այլևս չհետաքրքրվենք, թե ինչ կա դրա մյուս կողմում:

Սիրիր ինձ, որովհետև սպասում էի: Սիրիր ինձ, որովհետև հոգնել եմ, որովհետև հայտնվեցիր ճիշտ այնպես, ինչպես երազում էի, անցար բոլոր քննությունները առանց վայրկյան անգամ սայթաքելու, եկար որպես կատարելություն, որպես նախորդների հակադրություն ու լրացում: Սիրիր ինձ, որովհետև անհամեմատելի ես, որովհետև դու հենց ճիշտն ես, հենց այն մեկը, որին մարմինս ընտրել է, հույզերս ընտրել են, ուղեղս ընտրել է: Սիրիր ինձ, որովհետև ինձ կորցնում եմ ու գտնում քո մեջ: Սիրիր ինձ, որովհետև քեզ համար եմ պարում, քեզ համար եմ ծռվում ու քեզ համար եմ կծկվում: Սիրիր ինձ, որովհետև աշխարհի անկյունները միասին պիտի ոտքի տակ տանք, միասին պիտի տուն կառուցենք մեր պատկերով ու նմանությամբ երեխաների համար: Սիրիր ինձ, որովհետև հավաքում եմ վերջին ուժերս, որ քեզ սիրեմ:

Իններորդ հարկ (պատմվածք)

1988 խորագրով մրցույթին ներկայացված պատմվածքս, որը հին բյուրական ավանդույթների համաձայն ոչ մի մրցանակի չարժանացավ: Կարծում եմ` մի քիչ սենտիմենտալ գործ է, բայց ինձ համար կարևոր է, որովհետև էստեղ իմ անհանգստություններն եմ ամփոփել:

Իններորդ հարկ

Արտասահմանի սիրուն շենքերից մեկի իններորդ հարկի պատշգամբի բազրիքին ոտքերը գրկած նստած էր Տաթևը: Բավական էր` մի թեթև քամի փչեր, ու կկորցներ հավասարակշռությունը:Թե որ ուղղությունը կնախընտրեր նրա մարմինը, կախված էր մի շարք պատահականություններից ու քամու ուղղությունից:

Չէր ուզում տեղից շարժվել, որովհետև դա կնշանակեր Հայաստան վերադառնալու որոշմանն ընդառաջ գնալ, գիտակցաբար քայլել դեպի սեփական կյանքի կործանումը, հրաժարվել բոլոր հնարավորություններից, որ Արտասահմանում ապրելը տվել էր նրան: Ու չգիտեր` ո՞րն էր լավ. թեթև քամի՞ն, որի պատճառով հավասարակշռությունը կկորցներ ու ներքևում կհայտնվեր` հավերժ ազատվելով սխալ որոշում կայացնելու զզվելի հետևանքներից, թե՞ փոթորիկը, որ գլխին գալու էր երկու շաբաթ անց, երբ կյանքը շուռ էր տալու իր սեփական կամքով ու նախաձեռնությամբ:

Ու քամի սկսվեց: Տաթևը տեղից չշարժվեց, բայց արդեն գիտեր, որ ընկնելու է: Սկզբում տերևները խշշացին: Հետո բաց պատուհանի վարագույրը տարուբերվեց: Գրասեղանի թղթերն ընկան գետնին: Քամին բնավ ամենաթեթևներից չէր, ու Տաթևի՝ բարակ բազրիքի հույսին մնացած մարմինն էնտեղ երկար չէր մնալու: Նա ինքն էլ այդ մասին գիտեր և անհամբեր սպասում էր, թե ինչ կկատարվի իր հետ: Հետո էլ չտեսավ, որովհետև մազերը լցվեցին դեմքին, իսկ հետ հրել չէր կարող. մի սխալ շարժում, ու կպոկվեր պատշգամբից:

Ու ընկավ: Տաթևի մարմինը շխկոցով ընկավ: Ընկավիններորդ հարկի պատշգամբի բազրիքից և գիտակցությունը կորցրեց: Ընկավ դեպի պատշգամբը՝ մի մետր բարձրությունից: Ընկավ դեռևս չփռված թաց լվացքի մեջ և վայրկյաններ անց ուշքի եկավ մարմնին հպված սառնությունից: Պառկած մնաց էնքան, մինչև անձրև սկսվեց: Էդ ժամանակ միայն դանդաղ ոտքի կանգնեց, վերցրեց լվացքի զամբյուղն ու ներս մտավ: Պատշգամբի դուռը պինդ փակեց, որ քամին ու անձրևը ներս չգան: Հետո զանգեց ընկերուհուն:
– Արուս, գնում եմ Հայաստան:
– Հո բան չի՞ էղել:
– Չէ, արխային:
– Դե լավ ա, հետդ բաստուրմա կբերես:
– Արուս…
– Ծա՞նր ա: Վեշ շա՞տ ես ունենալու:
– Չէ… ուղղակի էլ հետ չեմ գալու:
– Իիիիիի՞նչ, դու հո գի՞ժ չես այ աղջի: Բա գո՞րծդ, բա Արտասահմանցի՞ն…
– Արի հանդիպենք էսօր, սաղ կպատմեմ:

Արդեն հինգ տարի էր, ինչ Տաթևն ու Արուսն ապրում ու աշխատում էին Արտասահմանում, ու մեկնելուց ի վեր նրանցից ոչ մեկը Հայաստան վերադառնալու մասին մի բառ չի ասել: Երկուսն էլ գոհ էին իրենց կյանքից, վաղուց արդեն հարմարվել էին ու կեղծ հայրենասեր խաղալ բնավ չէին ուզում: Միայն թե տարին երկու անգամ գնում էին Հայաստան, սփյուռքահայ հյուր խաղում ու հետ գնում Արտասահման: Հիմա ի՞նչ մեղու ա կծել Տաթևին,- մտածում էր Արուսը,-չլնի՞ Արտասահմանցու հետ կռվել ա: Բայց լավ հա… Տաթևը կարգին հավասարակշռված մարդ ատենց ստից պատճառով Հայաստան գնալու համար: Կարո՞ղ ա գործից հանել են:

– Էդ պատճառ չի,- առարկեց Արուսը՝ լսելով Տաթևի «ուղղակի գնում եմ» անորոշ պատճառաբանությունը,- դու ինձ ասա՝ ինչ ա էղել:
– Չե՞ս հավատում, որ կարող ա ուղղակի ուզենամ գնալ:
– Չէ, անհնար բան ա: Կարծում էի՝ ստեղ երջանիկ ես, քեզ լավ ես զգում: Բա Արտասահմանցի՞ն: Ի՞նքն էլ ա հետդ գալիս:
– Իրան դեռ չեմ ասել, բայց երևի չի գա, ու ավելի լավ:
– Տա՛թ… մի հատ նորմալ կբացատրե՞ս ինչ ա էղել:
– Լավ, բայց պիտի խոստանաս, որ մինչև չվերջացնեմ, եզրակացություններ չես անի:
– Ոնց ասես:
– Հիշու՞մ ես, որ Հայաստանից գնալուց առաջ հավաքվել էինք էրեխեքով: Ես էի, դու էիր, տղերքից էլ կային, կարծեմ Նատաշն էլ էր ընդեղ: Հիշու՞մ ես սաղիս վիճակը՝ Հայաստանից զզված, հոգնած, ելքեր փնտրելով, իսկ ավելի ճիշտ՝ միակ ելքը գնալու մեջ գտնելով:
– Ո՞նց չեմ հիշում: Էդ ժամանակ չէ՞ր, որ Արտակն ասեց՝ ցավն էն ա, որ մենք էն ծնողների էրեխեքն ենք, որոնք իննսունականներին ընտրեցին մնալը:
– Ըհը… մինչև հիմա Արտակի ձենն ականջներումս ա: Լսի, ախր ո՞նց կարար 2010-ին Հայաստանում ավելի վատ լինել, քան իննսունականներին: Եթե մեր ծնողները կարողացել են մի կտոր հաց ճարել, որ մեզ մեծացնեն, դեռ մի բան էլ կրթության տան, մենք ինչի՞ց էինք էդքան դժգոհ, որ թողեցինք-գնացինք:
– Տաթ, դու գժվե՞լ ես: Հինգ տարի ա անցել արդեն, նո՞ր ես էդ հարցերը տալիս: Էդքան դուխ ունեիր, էն ժամանակ մնայիր:
– Ասում եմ՝ մինչև չվերջացնեմ, եզրակացություններ չանես: Հենց էդ օրը չէ՞ր, որ նույն Արտակն ասեց՝ պիտի բռնենք, սաղ հանրապետության բժիշկներով գործադուլ անենք, որ սկսեն մեզ բանի տեղ դնել:
– Տենց բա՞ն ա ասել, արդեն չեմ հիշում:
– Ըհը, նայի, մենք երկու ընտրություն ունեինք. Հայաստանից գնալ ու գործադուլ անել: Ո՞րն էր ճիշտը:
– Լավ հա… քեզ պե՞տք ա: Չեմ հասկանում՝ ինչի՞ ես հանկարծակի հիշել: Մենակ չասես՝ վեր ես կենում գնաս, գործադուլ կազմակերպես: Արդեն հինգ տարի ա անցել, մարդ ա մեր կյանքով ապրում ենք: Քեզ թվում ա՝ Հայաստան գնաս, գրկաբաց ընդունելու՞ են: Էլի նույն զիբիլն ա, նույն արհամարհանքը: Հլը հիմա ավելի վատ կլինի: Դու չգիտե՞ս, որ դրսից էկածներին վատ են նայում:
– Արուս, նայի… չընդհատես ինձ: Հիշու՞մ ես՝ Ֆեդերիկան մեզնից մի տարի հետո էկավ: Որ միասին ենք լինում, ու հարցնում են՝ որտեղից եք, ինքը ասում ա Իտալիա, քաշվում մի կողմ, իսկ ես դեռ հազար ու մի բացատրություն պիտի տամ: Իրան նայելուց մարդիկ հասկանում են, որ իտալացի ա: Իսկ ինձ ինչի տեղ ասես չեն դնում: Սկի եքա քթիս ուշադրություն չեն դարձնում: Տո չգիտեն էլ, որ հայը եքա քիթ ունի: Հասկանու՞մ ես, որ զզվել եմ մի աննշան պետությունից լինելուց: Կամ էլ որ ստեղ սաղ նենց են նայում մեզ, ոնց որ իրանց հացն ենք ուտում կամ որ մեզ մեծ լավություն են արել, որ իրանց մոտ գործի են ընդունել: Իրանց թվում ա, թե առանց իրանց կորած էինք: Արդեն ստեղս ա հասել…

Տաթևը լռեց: Վերջապես մի կում արեց դեռ ձեռք չտված սուրճից, որն արդեն փոքր-ինչ սառել էր: Տեսնելով ընկերուհու լարվածությունը՝ Արուսը չէր համարձակվում որևէ բառ ասել: Ու դեռ չէր հասկանում, թե ինչն էր էդպես հեղափոխել նրան:
– Չգիտեմ, երևի պարզ չեմ արտահայտվում,- շարունակեց Տաթևը,- ուղղակի եթե ուզում ենք, որ մեզ բանի տեղ դնեն, պիտի մեր երկրի ներսից անենք: Թե չէ դրսում ուր էլ գնանք, սաղ իրանց բարեգործ են զգալու: Էլ չեն ասելու՝ ընկեր ջան, գիտե՞ս ինչ կա, կարող ա իմ պետության տեղը դու չգիտես, բայց իմ գիտելիքները քոնից պակաս չեն: Այ դրա համար ուզում եմ գնալ Հայաստան: Չէ, գործադուլ-մործադուլ, հեղափոխություն-բան չկա: Ուզում եմ գնալ ու գլուխս կախ աշխատել: Ու եթե էդքան լավ մասնագետ եմ, ուզում եմ, որ ասեն՝ Հայաստանում այ սենց մասնագետ կա:
– Դու հույս ունես, որ քեզ հարգելու՞ են: Ստեղ գոնե օտարի երկիրն ա: Բա որ քո երկրում քեզ չեն հարգում…
– Արխային, էդ ամեն ինչը շատ լավ եմ հիշում, լավ էլ հիշում եմ, որ սաղիցդ վատ վիճակում ես էի, ամենադեբիլ շեֆն իմն էր, ու ինքը հլը ընդեղ ա: Արուս, ես պատրաստ եմ գնում: Չեմ սպասում, որ հանկարծակի դրախտում եմ հայտնվելու կամ որ ամեն ինչ փոխված ա լինելու: Ուղղակի ուզում եմ Հայաստանում ապրել, էդքան բան:
– Դու լրիվ գժվել ես: Փոշմանելու ես:

II
– Քեզ ո՞վ է էնտեղ սպասում,- հարցրեց Արտասահմանցին արտասահմաներեն, երբ Տաթևը հայտնեց, որ վերադառնում է Հայաստան,- էստեղ գոնե ինձ ունես:
– Հետս չե՞ս գա:
– Գամ ի՞նչ անեմ ձեր աղքատ ու փոքր երկրում:
Լավ էր, որ Տաթևն արտասահմաներեն դժվարությամբ էր զայրույթն արտահայտում, այլապես մի երկու վատ խոսք արդեն ասած կլիներ: Դրա համար փորձեց ուղղակի պատասխան տալ հարցին՝ արհամարհելով ծաղրական երանգը.
– Կարող ես, օրինակ, արտասահմաներեն դասավանդել:
– Ես էստեղ էլ եմ լավ ապրում: Ի դեպ, դու էլ: Չեմ հասկանում՝ թե ինչն է քեզ էդպես կանչում քո հետամնաց երկիրը: Չլինի՞ չես կարողանում առանց կաշառք վերցնելու ապրել:
Տաթևը նորից չկարողացավ զայրանալ ու շարունակեց միայն ձայնը թեթևակի բարձրացնելով:
– Ուղղակի էնտեղ եմ ուզում աշխատել: Չի՞ կարելի: Եթե դու մի օր ուզենաս, օրինակ, Անգլիայում աշխատել, չե՞ս գնա էնտեղ: Ես էլ ուզում եմ Հայաստանում աշխատել: Ի՞նչ վատ բան կա դրա մեջ:
– Դե հա, քեզ ուրիշ տեղ չէին էլ ընդունի, իսկ ես խնդիր չունեմ,- Արտասահմանցին մտածեց, որ սա չափից դուրս մեղմ էր, դրա համար շարունակեց,-քեզ ուրիշ տղամարդ էլ չի ընդունի: Ինձնից հետո էլ ոչ ոք չես ունենա: Քեզ ոչ մի հայ տղամարդ չի ուզի:
Էստեղ Տաթևը սկսեց հիստերիկ հռհռալ, որովհետև գոռալ չէր ուզում, ապտակել՝ առավելևս:
– Որ խնդիր լինի, կուսաթաղանթս կարելու փողը քեզնից կուզեմ,- ծիծաղից խեղդվելով ասաց, մինչ Արտասահմանցին շվարած նայում էր՝ չհասկանալով, թե ինչ էր կատարվում իր գրեթե նախկին ընկերուհու հետ: «Հավանաբար խմել է»,- մտածեց ու մոտեցավ, որ բերանից հոտ քաշի:

Իսկ Տաթևը, շատ լավ ճանաչելով Արտասահմանցուն, չէր ուզում շարունակել, որովհետև էլի վիրավորանքներ կստանար, որոնք վերաբերում էին իր՝ հայ լինելուն: Հիմա արդեն մտածում էր, թե ոնց էր էդքան դիմացել հետը, ոնց էր էդքան հանդուրժել Հայաստանի մասին բոլոր կծու խոսքերը: Փորձելով կարճել բաժանումը՝ ուղղակի ասաց.
– Ամուսնանում եմ:
– Սիրելիս, ես քեզ նման առաջարկ չեմ արել:
– Հայաստանի ապագայի հետ,- շրջվեց ու գնաց՝ հետևից շրխկացնելով դուռը: Արտասահմանցու ուղեղի մեջ չտեղավորվեց, թե ինչ կատարվեց, որովհետև հայ աղջիկների մասին միակ բանը, որ գիտեր, այն էր, որ նրանք կապվում են իր հայրենակիցների հետ՝ չուզենալով վերադառնալ Հայաստան:Մտածեց-մտածեց ու Տաթևի մասին միայն մի եզրակացություն կարողացավ անել. «Գժվել է»:

III
– Գժվե՞լ ես,- հարցրեց Տաթևի փոքր քույրը օդանավակայանում դիմավորելուց հետո, երբ տաքսիով ուղևորվեցին դեպի տուն,- ի՞նչ ես ստեղ կորցրել: Արտասահմանում կամուսնանայիր, լավ կյանք կանեիր, մեզ էլ հետդ կտանեիր: Տես, Ռուզիկն արդեն ամեն տարի Արտասահմանում ա ամառային արձակուրդն անցկացնում: Ես էլ եմ տենց ուզում:

– Ուզում ես, ինքդ փորձի ընդեղ ամուսնանալ,- հորանջելով պատասխանեց Տաթևը, որն արդեն զզվել էր այս խոսակցություններից. Արուսի հետ խոսելուց հետո մինչև Երևան վերադառնալը բոլոր կողմերից զանգեր ու նամակներ էր ստանում, որ հանկարծ նման սխալ քայլ չանի, որովհետև Հայաստանն ապրելու տեղ չէ, այնտեղից փախչել է պետք: Տաթևն արդեն սովորել էր, որ նման դեպքերում պիտի ձեռքերը բռունցք անի, ատամներն իրար սեղմի ու ոչինչ չասի: Ու հիմա էլ քույրը…

– Ես արտասահմաներեն չգիտեմ: Ինձ ո՞վ կառնի,- շարունակեց քույրը:

– Դու էլ մարդուդ հայերեն կսովորացնես: Կյանքիդ մեջ գոնե մի անգամ մի լավ բան արած կլինես:
Էստեղ տաքսու վարորդը մեջ մտավ.
– Բալա ջան, դու իրան մի լսի, շատ էլ ճիշտ ես արել, որ հետ ես էկել: Լավ ա, վատ ա, մեր երկիրն ա: Բա որ սաղդ գնաք, ո՞վ ա ստեղ մնալու: Հո մեր երկիրն էս գելերին չե՞նք թողնելու…դու գիտես՝ սաղ վախտ տաքսու շոֆե՞ր եմ էղել…
Տաթևը քթի տակ ժպտաց. կարոտել էր բարձրագույն կրթությամբ ու Սովետի ժամանակ լավ ապրած տաքսու վարորդներին, որոնց պատմածների կեսը սուտ էր:
– Սովետի վախտ նենց լավ էինք ապրում: Էրեխեքիս սև իկրով եմ մեծացրել: Բայց մեկ ա, որ ասեն՝ Սովետ, թե անկախ Հայաստան, կասեմ՝ անկախը: Ավելի լավ ա՝ ես տաքսու շոֆեր լինեմ, դուք ազատ ապրեք:
Քույրերը զարմացած իրար նայեցին: Սովետի գովքն անող վարորդների շատ էին տեսել, բայց առաջին դեպքն էր, երբ անկախությունից չէր դժգոհում:

IV
Տաթևն անհամբեր է: Չկարողացավ գիշերը քնելը: Շուտ արթնացավ ու տնից դուրս եկավ, որ Երևանում մի քիչ թափառի: Շենքի մուտքի մոտ մի խումբ ջահելներ կանգնեցրին նրան ու ասացին, որ ստորագրահավաք են անում, որովհետև ուզում են համալսարաններում դասերն առավոտյան ժամը ութ անց կեսից սարքել, որ դա շատ շուտ է, շատերը մարզերից են գալիս, չեն հասցնի և այլն: Տաթևը սուսուփուս ստորագրեց ու անցավ առաջ:

Տաթևը քայլեց մոտ մի կիլոմետր՝ փորձելով որսալ, թե Երևանում ինչն է փոխվել: Շենքերը ներկել էին: Որոշ շենքեր ընդհանրապես չկային: Քաղաքն ավելի մաքուր էր դարձել: Փողոցն անցնելն այլևս վախենալու չէր: Զանազան անկյուններում ծաղիկներ կային: Բայց նկատեց, որ մարդիկ ընդհանուր առմամբ ավելի քիչ էին: Քայլեց դեպի Կասկադ: Թամանյանի արձանը տեղում էր: Ուրախացավ: Նստեց, որ հանգստանա: Մի քանի վայրկյան անց նորից ջահելներ հայտնվեցին ու ասացին, որ ստորագրահավաք են անում, որովհետև ուզում են համալսարարններում դասերն առավոտյան ժամը ութ անց կեսից սարքել, իսկ մի խումբ ջահելներ դրա դեմ ստորագրահավաք են անում, մինչդեռ այս ջահելները կողմ են, որ դասերն ութ անց կեսից դառնան, որովհետև մարզերից շուտ են հասնում ու կես ժամ անիմաստ սպասում են: Մի խոսքով, ստորագրահավաքի դեմ ստորագրահավաք էր: Տաթևը ստորագրեց ու անցավ առաջ:

Նրան դուր էր գալիս Երևանում լինելը: Դուր էր գալիս Երևանի արևն ու շոգը: Արտասահմանում ամառ հազվադեպ էր լինում. ամբողջ օրն անձրև ու քամի:
Քայլեց Տաթևը դեպի առաջին հիվանդանոց, որտեղ իր ընկերներից Արտակն էր աշխատում ու մեծ հաջողություններ ուներ: Ասում էին՝ հնարավոր էր նույնիսկ, որ բաժանմունքի վարիչ դառնար: Էն նույն Արտակը, որ դասերի ձեռքին հալումաշ էր լինում, որ կյանքում կաշառք տված չկար, ոչ էլ թափով ծնողներ ուներ:

«Սրտաբան Ա. Մարտիրոսյան»,- կարդաց Տաթևն ու դուռը թակեց: Խռպոտ ձայնը ներս կանչեց: Դռան բացվածքից գլուխը ներս մտցրեց ու տեսավ ջահել օրերի ընկերոջը, որը պատուհանի մոտ կանգնած ծխում էր: Արտակը չաղացել էր, փոր գցել: Ճմրթվածու տեղ-տեղ յուղի հետքերով խալաթն այլևս մինչև վերջ չէր կոճկվում:

Ողջույնի գրկախառնություններից հետո.
– Լույս քեզ տեսնողին: Էս ի՞նչ ես կորցրել ստեղ այ աղջի,-
– Դու կնիկ չունե՞ս, որ խալաթդ փոխել տա,- ծիծաղեց Տաթևը, բայց ներքուստ զարմանալով, որ նախ Արտակը ծխում է, երկրորդ որ հիվանդանոցում ծխել կարելի է:
Բժշկի պարանոցին ոսկե շղթա էր հայտնվել: Թշերը մեծացել, կախվել էին: Մազերը մասամբ թափվել էին ու դեղնամոխրագույն երանգ ստացել:
– Էս ի՞նչ օրն ես ընկել, այ տղա,- շարունակեց,- գործիցդ գո՞հ ես:
– Հա, ո՞նց գոհ չլնեմ Տաթ ջան: Ֆարմֆիրմաները լավ պահում են ինձ: Հիվանդներն էլ հետը: Կարգին փող եմ աշխատում: Մենակ մի հատ կնիկն ա պակասում:
– Այսինքն, լեվի փողե՞ր ես վերցնում:
– Դրա ո՞րն ա լեվի: Ամեն մեկը մի ձև պիտի ապրի: Ես էլ սենց եմ ապրում: Հինվանդներս ինձնից գոհ ու շնորհակալ են, փողն էլ տալիս են: Էլ ի՞նչ դարդ ունեմ… Բայց դու էն ասա՝ դու խի՞ ես էկել: Էսի ապրելու տեղ չի: Ոչ հարգանք կա, ոչ բան կա: Բժիշկը ոնց որ մարդու թշնամին լինի:
– Արտ, բայց հենց նոր ասեցիր, որ կյանքիցդ գոհ ես:
– Դե հա, ես գոհ եմ, բայց հո սաղ տենց չեն: Էն ա, Տիկոն չի կարում հիվանդ մոր բուժման համար փող ճարի: Նատաշն էլ հալումաշ էղավ, էնքան էրեխա բերեց, չի կարում մեծացնի: Իրանց որ Արտասահմանի անուն տաս, կվազեն: Էդ ես եմ, որ գլուխս կախ գործ եմ անում:
– Բայց հիշու՞մ ես, որ գնալուցս առաջ ոնց էիր համոզում, որ սաղ բժիշկներով գործադուլ անենք: Չարեցի՞ք տենց էլ:
– Ինչի՞ս ա պետք գործադուլը: Որ էղած հիվանդների՞ս էլ կորցնեմ: Ում պետք ա, թող նա անի: Ես լավ փող եմ աշխատում:
– Արտ, բա ասում էիր՝ Հայաստանը մեր կարիքն ունի: Հիմա ի՞նչ ես անում Հայաստանի համար:
– Ջահել էի, անկապ դուրս էի տալիս: Ինչ Հայաստան, ինչ բան: Ամեն մարդ պիտի իրա մասին մտածի:
– Կարո՞ղ ա մեր ծնողներն էլ էին ջահել ժամանակ անկապ դուրս տալիս, որ էսօր անկախ երկրում ենք ապրում:
– Իրանք կապ չունեն, անկախությունը սենց թե նենց լինելու էր… Տաթ ջան, ի՞նչ ես ծանր թեմաներից կպել: Դու պատմի՝ ոնց ես, ինչ ես, ինչ կար Արտասահմանում, էդ ինչ քամի քեզ բերեց:

Տաթևն արցունքները հազիվ էր զսպում: Չգիտեր՝ ինչ պատասխաներ: Չգիտեր՝ ինչ պատմեր, ինչ խոսեր: Էն մարդը, որի վրա պիտի հենվեր, որը հինգ տարի առաջ Հայաստանի մասին երազանքներով էր ապրում, հիմա մեծ փորը գրկել, նստել էր ու որևէ բանի մասին մտածել չէր ուզում: Լավ էր, որ էդ պահին դուռը բացվեց, ու հիվանդ ներս մտավ: Տաթևը դուրս եկավ՝ խոստանալով, որ երեկոյան ընկերներով հավաքույթ կկազմակերպի:

Քայլեց դեպի տուն: Ճանապարհին էլի ջահելներ կանգնեցրին: Ստորագրահավաք էին անում, որ Ֆեյսբուքը Հայաստանում փակվի, որովհետև հայ աղջկան սազական չէ սոցիալական կայք մտնելը: Տաթևը մեքենայորեն ստորագրեց:
Հասավ շենքին: Էնտեղ էլ ջահելները ստորագրահավաք էին անում, որ Ֆեյսբուքը Հայաստանում չփակվի, որովհետև դա նպաստում էր քաղաքացիական հասարակության ձևավորմանը: Տաթևն անջատված ստորագրեց ու բարձրացավ իններորդ հարկ՝ իրենց բնակարան:

Տանը տոթ էր: Բացեց պատշգամբի դուռը: Նստեց բազրիքին, ինչպես այն օրն Արտասահմանում: Օդը կանգնած էր, քամի չկար: Գրկեց ծնկները, բայց այս անգամ թույլ չտվեց, որ քամին իր փոխարեն որոշում կայացնի: Վայրկյաններ անց Տաթևի մարմինն ընկավ: Ընկավ պատշգամբից դուրս: Ընկավ իններորդ հարկից ու ջախջախվեց:

Հյուսիսի կինը (պատմվածք)

Էս պատմվածքը «Հավաքածու» մրցույթին էի ուղարկել: Ահագին քիչ ձայն հավաքեց, բայց իմ կարծիքով իմ վերջին շրջանի ամենալավ գործերից մեկն է (շատ ավելի լավը, քան որոշ մրցույթներում տեղ գրաված գործերս): Հա, մշակելու (գուցե նույնիսկ վիպակ դառնալու) տեղ ունի, բայց առայժմ ժամանակ ու հավես չունեմ:

Հյուսիսի կինը

Նվիրվում է Շինարարին:

Հյուսիսում տուն գտնելը դժվար գործ է: Էնտեղ մարդիկ խիտ-խիտ են բնակեցված, ջահելները լիքն են՝ ուսանողներ ու նորավարտներ: Եթե ուզում ես հարմար սենյակ ճարել, ոչ թե անհասկանալի խուց, այն էլ՝ աստղաբաշխական գներով, պիտի տեղափոխվելուցդ երկու-երեք ամիս առաջ սկսես փնտրտուքդ, բայց անգամ էդ դեպքում մի բարդություն էլ կա. տանտերերն անձամբ ուզում են տեսնել նոր տնվորին սենյակը վարձով տալուց առաջ, և եթե Հյուսիսից շատ հեռու ես ապրում, չես կարող անձամբ ներկայանալ, ոչ մի տեսակի սկայփ քեզ չի փրկի. պիտի մնաս ստարդոստայնոտ ձեղնահարկերի հույսին:

Տարեսկզբին Լիլիթը պիտի Հյուսիս տեղափոխվեր. հազիվ աշխատանք էր գտել: Չնայած որ ծայր Հարավից էր, լավ ծանոթ էր էնտեղի բնակարանային խնդիրներին. Հյուսիս գնացած շատ ընկերներ ուներ, որոնք մեծ դժվարությամբ էին ապրելու տեղ ճարել: Ամեն դեպքում, մինչև նոյեմբերի կեսերն էշի ականջում քնած էր, ու բնակարանների հայտարարությունների կայքերում գրանցվեց տեղափոխվելուց վեց շաբաթ առաջ:

Գալիս էին հայտարարություններն իրար հետևից: Լիլիթի մեյլն առավոտից երեկո հեղեղվում էր դրանցով: Ամբողջ օրը նստած նամակներ էր գրում, իր անձի գովքն անում, թե՝ ես ձեր սենյակին շատ հարմար մարդ եմ, համով ճաշեր եմ էփում, աղմկոտ չեմ, բայց որ պետք լինի՝ քեֆ էլ կանեմ: Ոչ մի անգամ ոչ ոք չէր արձագանքում:

Օրերն էլ անցնում-գնում էին, իսկ Լիլիթը դեռ մնալու տեղ չուներ: Ու մեկ էլ ֆայմեց, որ ախր էդ հայտարարությունների կայքում ինքն էլ իրեն կարող է ներկայացնել, ասել՝ ես էսին-էնինչն եմ, էս տիպի մարդ եմ, էսքան ժամանակով ու էսքան վարձով Հյուսիսում տուն եմ փնտրում: Էդպես էլ արեց:

Երկու ժամ անց պատասխան ստացավ. «Բարև, ես Ռուդին եմ, 57 տարեկան կին եմ, իմ տանը վարձով սենյակներ եմ տալիս Հյուսիսում ժամանակավոր բնակվող, նորմալ գիշեր-ցերեկ անող ուսանողներին և ջահել մասնագետներին: Եթե հետաքրքրեց, գրի»:

Լիլիթին հենց էդ էլ պետք էր: Լավ գիտեր, որ Հյուսիսի կենտրոններում շուխուռը շատ է, ու ինքը գիշերները քնել էր ուզում: Փարթիների հետ էլ գլուխ չուներ. համարում էր, որ տարիքն անցել է, բայց դե հայտարարություն տեղադրողներին դուր գալու համար էդքանը չէր ասում: Իսկ հիմա արի ու տես հենց իր ուզած պայմաններով սենյակ է հայտնվել:

Բայց Ռուդին պահանջեց, որ Լիլիթը մինչև տարեսկիզբ անձամբ ներկայանա, այլապես ուրիշի կտա սենյակը: Ասենք, դա էնքան էլ անսպասելի չէր: Ու Լիլիթն անմիջապես ճամփա ընկավ, քսանչորս ժամ գնաց-գնաց, մինչև հասավ Հյուսիս: Գիշերեց մետաղյա արկղում բնակվող ընկերուհու տանը, առավոտյան գնաց Ռուդիին հանդիպելու:

Տունը քաղաքի ծայրին էր: Դրանից էն կողմ գետն էր, ու արձակ դաշտեր էին, որոնք պիտի կանաչեին գարնանը: Գետի ափին նստարան կար, կողքը՝ գիշերային լապտեր, շուրջը՝ տերևաթափից դեռ մնացած լխկած տերևներ: Ձմեռը դեռ չէր եկել:

Մինչև Ռուդիի դռան զանգը տալը Լիլիթը մի քանի շրջան արեց տան կողքը, ուսումնասիրեց: Հյուսիսին խիստ հատուկ կարմիր մանր աղյուսից կառուցված երեք հարկանի առանձնատուն էր ու լայն պատուհաններ ուներ, որոնցից վարագույրներ կախված չէին. ներսի ամեն ինչը երևում էր: Հյուսիսցիների՝ իրենց ունեցվածքն ի ցույց դնելու երևույթն էնքան հայտնի էր, որ անգամ Հարավի թերթերն էին դրա մասին գրում ու փորձում գուշակություններ անել, թե ինչով է պայմանավորված մշակութային այդ առանձնահատկությունը՝ թաքցնելու բան չունե՞ն, թե՞ ուզում են թիթիզանալ իրենց ունեցվածքով:

«Ես ուզում եմ էստեղ ապրել»,- քթի տակ ասաց, խորը շունչ քաշեց ու դռան զանգը տվեց:

Դուռը բացեց տիպիկ հյուսիսային արտաքինով հիսունյոթ տարեկան մի կին. բարձրահասակ, նիհար, ոչ շատ կանացի դիմագծերով, չներկած մոխրագույն խուճուճ մազերով, որոնք հասնում էին ուսերին: Ինչպես ընդունված է էնտեղ, ձեռքը մեկնեց, ներկայացավ ու Լիլիթին ներս թողեց:

Դեռ միջանցքում Լիլիթը կոշիկները հանեց: Ռուդին զարմացավ.

– Ցանկալի է տանը կոշիկները հանել, բայց իմ տնվորների հետ նման քաղաքականություն չեմ վարում:

– Հարավում սովոր ենք:

Ռուդին Լիլիթին առաջնորդեց դեպի մի հսկայական սենյակ, որին կպած խոհանոց կար:

– Սա իմ տարածքն է,- ասաց,- վարձով տրվող հատվածը վերևում է, հիմա ցույց կտամ:

Լիլիթն ակնթարթային հայացք գցեց ու նկատեց, որ ամեն ինչ չափից դուրս մաքուր ու կոկիկ է: Սենյակում միայն մի լուսանկար կար: Սևուսպիտակ էր, կարճ մազերով, լայն ժպիտը դեմքին ինչ-որ մեկն էր, ու դիմագծերից դժվար էր սեռը որոշելը: Կարող էր հաջողությամբ Ռուդիի որդին կամ դուստրը լինել կամ հենց ինքը՝ Ռուդին երիտասարդ ժամանակ:

Մեկ էլ հասցրեց նկատել, որ պատի տակ բաց դաշնամուր կա: Նոտաները խառնշտորած էին՝ երևի միակ անկանոնությունը սենյակում: Էնպիսի տպավորություն էր, որ Ռուդին դաշնամուրի մոտից էր վազել դուռը բացելու:

Հաջորդ վայրկյանին տանտիրուհին Լիլիթին առաջնորդեց երկրորդ հարկ:

– Այս երկու սենյակները դատարկվելու են,- ասաց,- բայց վերևինն արդեն ազատ է: Չգիտեմ՝ որը քեզ կտամ:

Բարձրացան երրորդ հարկ, որ ազատ սենյակը տեսնեն:

– Էստեղ ամեն ինչ կա,- ներկայացրեց Ռուդին՝ պահարանների դռները հերթով բացելով,- սրբիչներ, սպիտակեղեն, բարձ, վերմակ… հա, մեկ էլ էս աթոռները… տանն ուրիշ տեղ չկար դնելու, դրա համար էս պահարանում եմ տեղավորել, բայց հույս ունեմ՝ բավարար չափով ազատ տարածք ունես:

Պահարանի ամբողջ ձախ կողմում իրար վրա դարսած ծալովի աթոռներ էին: Լիլիթը մտածեց, որ հյուր ընդունելիս շատ հարմար կլինի. կհանի, կօգտագործի:

– Մյուս երկու սենյակներն էլ են սրա նման, միայն թե գրասեղանը ոչ թե ապակուց է, այլ փայտից: Հիմա չեմ ուզում մտնել, որովհետև չգիտեմ՝ ինչ վիճակում են:

– Չէ, չէ, եթե էնտեղ մարդ է ապրում, չարժե:

Նորից իջան ներքև՝ Ռուդիի տարածք:

– Ես կվերցնեմ սենյակը:

– Էսքան արա՞գ: Գուցե մի քիչ մտածե՞ս:

– Ուրիշ տարբերակ չունեմ: Վաղը գնում եմ Հարավ, չեմ հասցնի:

Ռուդին պայմանագիրը բերեց:

– Հյուսիսի սովորական պայմանագրերից է,- բացատրեց,- մենակ մի կետ է տարբերվում, այն է՝ դու սեփական կողպեք ունենալու իրավունք չունես:

Էդ պահին նոր Լիլիթը հիշեց, որ սենյակներից ոչ մեկի դռան վրա կողպեք չկար:

– Սա սովորական տուն է, հասկանու՞մ ես, սենյակները միշտ չի, որ վարձով են տրվում: Ես հիմա աշխատանք չունեմ, բայց գուցե մի օր նորից գործի անցնեմ, ինչի՞ս են պետք էդ կողպեքները:

Լիլիթը կարդաց պայմանագիրը, ստորագրեց, որից հետո Ռուդին հարցրեց.

– Իսկ ո՞ր ժամերին ես աշխատելու… ուղղակի ուզում եմ իմանալ՝ երբ ես տ, երբ՝ չէ, որ… դե գիտես, հյուրեր-բաներ:

– Դեռ հստակ չէ:

Լիլիթը կանխավճար տվեց, թղթերը ծալեց, դրեց պայուսակի մեջ ու քայլեց դեպի դուռը:

– Ես երևի հունվարի երեքից էստեղ կլինեմ,- ասաց:

– Կայարա՞ն ես գալու, թե՞ օդանավակայան:

– Կայարան:

– Ժամը կասես, կգամ քեզ մեքենայով դիմավորելու:

Լիլիթի աչքերը կլորացան. զարմացավ, որ հյուսիսցուց նման բան լսեց: Ախր շատ լավ գիտեր, որ նրանք սկի սեփական երեխաներին դիմավորելու չէին գնա: Ռուդին նկատեց նրա զարմանքն ու արագ պատասխանեց.

– Դե… եթե հարմար լինի:

Մի ամիս անց, երբ Լիլիթն իր հսկա ճամպրուկով հասավ Հյուսիս, Ռուդին չեկավ նրան դիմավորելու. գիշերվա կես էր: Բայց գոնե դուռը բացեց:

Լիլիթը մեծ դժվարությամբ նեղ աստիճաններով երրորդ հարկ հասցրեց ճամպրուկը, մինչ Ռուդին ներքևում կանգնած սպասում էր, թե երբ պիտի աղմուկը դադարի, որ գնա քնելու:

Մյուս երկու սենյակները, փաստորեն, դատարկվել էին, բայց նոր տնվորներ չէին եկել: Ռուդին հավատացնում էր, որ անընդհատ հայտարարություն է տարածում, բայց ոչ մի արձագանք չկա: Մի քիչ անհավատալի էր, որովհետև ամեն դեպքում այդ տունը մետաղյա արկղերից ու սարդոստայնոտ խցերից հաստատ ավելի լավ էր, բայց դե Լիլիթը պատճառ չուներ առարկելու:

Ռուդիի հետ համարյա չէր շփվում. միայն բարի լույս ու բարի գիշեր: Մեկ էլ կիրակի ցերեկները միասին սուրճ էին խմում, քիչումիչ զրուցում: Հյուսիսցիները շատախոս չեն, ու Լիլիթը չէր ուզում տանտիրուհուն ստիպել, որ երկար պատմի իր մասին: Զանազան ակնարկներից հասկացել էր, որ հոգեբան է կամ ինչ-որ էդ տիպի մի ուրիշ բան, որովհետև պահանջել էր, որ խոհանոցի սեղանը միշտ մաքուր լինի, որ հաճախորդներին էնտեղ ընդունի: Ընտանիքի մասին պատկերացում չուներ. Հյուսիսում նորմալ երևույթ է, որ երեխաները մեծանալուց հետո գնում են տնից ու մոռանում՝ տան պատերին թողնելով մանկության լուսանկարներ: Ծնողներն էլ զավակներին չեն փնտրում, իրենց համար վայելում են մենակությունը:

Ռուդին երբևէ ամուսնացած եղե՞լ է, երբևէ սիրե՞լ է, քույր-եղբայր ունի՞: Գուցե նրա ծնողներն էլ են դեռ կենդանի. Հյուսիսում մարդիկ երկար են ապրում: Վերջիվերջո, ո՞վ էր այն սևուսպիտակ նկարից ժտացողը: Ոչինչ, Ռուդին ոչինչ չէր պատմում:

Երկու ամիս անցավ, բայց տան մյուս սենյակները շարունակում էին դատարկ մնալ: Լիլիթը գիշերները հաճախ վեր էր թռնում աղմուկից ու զարմանում. որտեղի՞ց էր գալիս: Ախր քաղաքի էս մասերում հարբած ջահելներ չկան, փաբեր ու ակումբներ չկան, տանն էլ մենակ ինքն ու Ռուդին էին: Երբեմն նույնիսկ շատ պարզ էր լսում ձայները, զրույցներից պատառիկներ որսում, ծիծաղներ ու կատակներ, որոնք ընդհատվում էին դաշնամուրի հնչյուններով:

Մի գիշեր չդիմացավ, իջավ առաջին հարկ, որ տեսնի՝ ինչ է կատարվում: Ոչինչ: Տեսավ պիժամա հագած Ռուդիին զուգարանից դեպի իր սենյակ քայլելիս:

– Ինչ-որ բա՞ն է պետք,- հարցրեց:

– Չէ… ուղղակի աղմուկ լսեցի, չեմ կարողանում քնել:

– Ի՞նչ աղմուկ: Երևի երազ ես տեսել: Էս տունը շատ հանգիստ է… գնա, գնա պառկի:

Լիլիթը բարձրացավ վերև: Իսկապես, աղմուկը դադարել էր:

Բայց հաջորդ գիշեր նորից էնտեղ էր: Նորից նույն ձայները, կատակները, ծիծաղները, կենացների զրնգոցը ու էս ամենին հետևող դաշնամուրի նվագը, երբեմն նույնիսկ ուղեկցող երգը: Լիլիթն արդեն գժվում էր քնի պակասից: Ռուդիի հետ փորձեց մի քանի անգամ խոսել էս թեմայով, բայց նա միշտ ծիծաղում էր ու խորհուրդ տալիս բժշկի դիմել:

Մի երեկո, երբ Լիլիթը տուն վերադարձավ, դաշնամուրի նվագ լսեց: Այստեղ տեղին է նշելը, որ Ռուդիին երբեք չէր տեսել նվագելուց, ու եթե չհաշվենք գիշերային համերգերը, տնից երբևէ որևէ տեսակի երաժշտության ձայն չէր լսել: Զարմացավ: Զգույշ ներս մտավ ու քայլեց դեպի Ռուդիի տարածք: Դուռը կիսաբաց էր: Արանքից նայեց: Տեսավ Ռուդիին՝ դաշնամուրի մոտ ինքնամոռաց նվագելիս: Շուրջը լիքը մոմեր էին շարված ու գինով լի բաժակներ: Քիչ այն կողմ Լիլիթի սենյակի ծալովի աթոռներն էին երեք շարքով դասավորված: Սենյակում բացի Ռուդիից ոչ ոք չկար, բայց տպավորություն էր, որ հյուրեր ունի:

Լիլիթը լուռ հեռացավ, բարձրացավ իր սենյակ, պառկեց ու չնկատեց, թե ինչպես քնեց: Առաջին անգամ վերջին ամիսների ընթացքում: Էդ գիշեր աղմուկ չեղավ: Միայն թե հանկարծ իր սենյակի դուռը բացվեց, ու Լիլիթը վեր թռավ: Սպիտակ սավանով փաթաթված, մոմը ձեռքին Ռուդին էր ներս մտել: Երբ մոմի լույսն ընկավ դեմքին, Լիլիթը նկատեց թաց աչքերն ու սևուսպիտակ նկարից ժպտացող դիմագծերը, մյուս ձեռքին՝ գինու գավաթ:

Նա, ով ինձնից վատն էր (պատմվածք)

Այս բլոգումս էլ կշարունակեմ տեղադրել մրցույթների մասնակցած, բայց չհաղթած պատմվածքներս տեղադրելու ավանդույթ: Այս մեկն ուղարկել էի Անտարեսի մրցույթին, բայց նույիսկ շորթ լիսթում չհայտնվեց: Ինչևէ, քանի որ այն ընդլայնելու մտադրություն ունեմ, տեղադրում եմ մրցույթին ուղարկված հատվածը՝ որոշ փոփոխություններով, անվանելով այն Մաս 1: Երկրորդ մասը՝ շուտով: Հին բլոգումս տեղադրված պատմվածքներս էստեղ են: 

Մաս 1

Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ Միմին՝ թայվանցի համակուրսեցիս, հարցրեց, թե երբ եմ նախատեսում Ֆինլանդիա մեկնել: Բոլորովին պատահաբար այնպես էր ստացվել, որ միայն չորսով էինք հաջորդ կիսամյակը հյուսիսում անցկացնելու: Երկու գերմանուհիները սեպտեմբերի 28-ի համար արդեն գնել էին Բեռլին-Հելսինկի տոմսը, իսկ ես 29-ին էի մեկնելու, որովհետև մինչ այդ ծնողներս էին ինձ այցելելու: Միմին էլ ենթադրաբար Ամստերդամից առանձին էր գալու, որովհետև ուզում էր սեպտեմբերյան արձակուրդը հոլանդացի ընկերոջ մոտ անցկացնել:
– Ամստերդամ-Հելսինկի տոմսերը թանկ են,- ասաց,- ավելի էժան կլինի, եթե Բեռլինով գնամ: Համ էլ չեմ ուզում մենակ լինել, որ չկորեմ:

Մի քիչ ջղայնացա: Ընդհանրապես, սիրում եմ մենակ ճամփորդել ու սիրում եմ հատկապես այն ժամանակ, երբ անծանոթ երկիր եմ գնում: Էս դեպքում որևէ մեկի ներկայությունը կարող է միայն խանգարել, որովհետև լրացուցիչ զգոնության հետ պետք է նաև ուշադիր լինել, որ իրար չկորցնենք: Իմ ճամփորդական դաժան փորձը ցույց է տվել, որ հատկապես դժվար է հենց այնպիսի մարդկանց հետ, որոնք «չեն ուզում մենակ լինել, որ չկորեն», որովհետև կանգնում ու սպասում են, թե երբ պիտի հրահանգ տաս որևէ ուղղությամբ քայլելու, ընթացքում անհետանում են, ու չգիտես՝ որտեղ փնտրես, իսկ երբ ամեն դեպքում նախաձեռնում են որևէ ուղղություն գտնել, ապա պարտադիր սխալվում են:

Սուսուփուս ասացի թռիչքիս օրն էլ, ժամն էլ, համարն էլ: Տոմսը գնեց: Հաջորդ օրը.
– Կարո՞ղ եմ մի գիշեր քեզ մոտ մնալ: Հոլանդիայից ամսի 28-ին եմ գալու: Գիտես, մեր չվերթն առավոտյան շուտ է:
– Լավ, բայց ծնողներս են էստեղ լինելու: Չգիտեմ՝ այդքան քնելու տեղ կլինի՞, թե՞ ոչ:
Կարծում էի, որ էսքանը հերիք էր հասկանալու համար, որ ինձ մոտ գիշերելն այնքան էլ ցանկալի չէր:

Օգոստոսի վերջին բոլոր համակուրսեցիներս հանձնելու էին իրենց սենյակներն ու մեկնեին հանգստանալու: Միմին էլ նույնն արեց: Ես իմը պահեցի ծնողներիս այցելության համար: Սակայն օրեր անց իմացա, որ նրանք նախընտրում են հյուրանոցում մնալ, հետևաբար իմ բնակարանում մենակ էի լինելու:

– Ընկերս ոնց որ ինձ այլևս չի ուզում,- մի օր ասաց Միմին, սակայն լավ չհասկացա՝ լացակումա՞ծ էր, թե՞ ոչ, որովհետև նրա սովորական խոսքն էլ լացկան երանգ ունի,- երևի չկարողանամ մինչև սեպտեմբերի վերջ մոտը մնալ: Կարո՞ղ եմ կոնֆերանսից հետո քեզ մոտ գալ:

Չմերժեցի, բայց էդպես էլ չհասկացա՝ ասե՞լ էի, որ ծնողներս հյուրանոցում են մնալու, թե՞ իմանալով, որ ինձ մոտ են լինելու, այնուամենայնիվ, հարցնում էր:
Իսկ կոնֆերանսը Նիդեռլանդների Խրոնինգեն քաղաքում պետք է տեղի ունենար, որտեղ մի կիսամյակ սովորել էինք, ու գոնե ես ահագին ուրախ էի, որ նորից էնտեղ պիտի գնայի: Դրա համար ուզում էի տոմսս էնպես պատվիրել, որ մի քիչ երկար մնամ Խրոնինգենում:
– Գալի՞ս ես կոնֆերանսից հետո ճամփորդենք,- հարցրեց
Դեմ չէի. մինչև ծնողներիս գալը մի քանի ազատ օր ունեի:
– Փարի՞զ,- առաջարկեց:
Ընդհանրապես, մտքիս կար մի օր Փարիզ գնալ, բայց միայն էն պայմանով, որ մեն-մենակ էի լինելու: Լավ, ասենք, հենց հասնենք, Միմիին մի կերպ կցրեմ: Դեռ չգիտեի, որ էդքան հեշտ ցրվողը չի:
Փարիզը շատ թանկ դուրս եկավ:
– Բելգիային ի՞նչ կասես:
Եթե հետս մարդ կա, ավելի շատ սիրում եմ գնալ վայրեր, որտեղ նախկինում եղել եմ: Նման դեպքերում նույնիսկ հաճելի է ուրիշի ընկերակցությունը ու ինչ-որ տեղ գիդի դեր կատարելը: Միմին դեմ չէր:
– Ո՞ր քաղաքներն ես ուզում: Բրյու՞ժ, Գե՞նտ:
– Բրյուսել:
– Մենակ էդ չէ:
Ինձ համար Բրյուսելից ապուշ քաղաք չկա աշխարհում:
– Իսկ եթե Կոպենհագե՞ն,- հանկարծ ասաց,- էնտեղ ջրահարս կա:
Խրոնինգենում երկար մնալը ջրահարսի հետ չէի փոխի:

Տարբերակների մեջ մտնում էին նաև գերմանական մի քանի քաղաքներ, բայց էնքան էլ չէր ուզում, որովհետև նոր երկիր չէր տեսնելու, նոր պտիչկա չէր դնելու:
Ամեն դեպքում, ես չէի ուզում իմ հին ծրագրերից հրաժարվել:
– Իսկ եթե Խրոնիգնենու՞մ մնանք, ամսի 15-ին հետ գանք:
– Չեմ ուզում Խրոնինգեն:
– Արի էսպես: Ես իմ գնացքի հետդարձի տոմսն առնում եմ 15-ով: Եթե ուզում ես, կարող ես մենակ Կոպենհագեն գնալ: Արի իրարից կախված չլինենք:
– Լավ, համ էլ գուցե ընկերոջս հետ հաշտվեմ:
Օգոստոսի վերջին Միմին մեկնեց ընկերոջ մոտ, ես՝ Իռլանդիա հանգստանալու: Մի շաբաթ անց պիտի Խրոնինգենում հանդիպեինք:
Եկավ օրը, ու ես ու Միմին հանդիպեցինք Խրոնինգենի կայարանում, միասին քայլեցինք դեպի հյուրանոց, որովհետև նույն սենյակում պիտի մնայինք:
– Ո՞նց են գործերդ ընկերոջդ հետ,- հարցրի:
– Վատ,- ասաց,- ամբողջ օրը եփում, թափում, լացում էի: Էդ էր իմ օրակարգը: Համարյա չէինք խոսում: Նրան պետք էր մեկը, ով իրեն կկերակրեր ու հետը սեքս կաներ: Ուրիշ ոչինչ: Ես նրա մոտ էլ չեմ գնա: Քեզ հետ կվերադառնամ Բեռլին:

Աչքս լույս: Միմիի ընկերոջը երբևէ չէի տեսել: Միայն իր պատմածներից գիտեմ, որ քառասուն տարեկան գործազուրկ հոլանդացի է:
– Ընկերս բավականաչափ հարուստ չէ,- ամիսներ առաջ դժգոհել էր,- երևի թողնեմ նրան:
Իսկ հյուրանոցում հետաքրքիր էր Միմիին հետևելը: Առաջին անգամ էր, որ համակուրսեցիներիցս որևէ մեկին առավոտից երեկո տեսնում էի, հետևաբար իմանում էի, թե ինչով է շնչում, ինչով է հետաքրքրվում:
Քնելուց առաջ ասաց.
– Ես մեյլ չեմ ստանում:
– Էսօր ես էլ չեմ ստացել,- ժպտացի, բայց արագ-արագ կոմպիս մեջ մի կատվի նկար գտա և ուղարկեցի Միմիին,- իսկ դու կստանաս:
Երբ նույն արտահայտությունը հաջորդ օրը նույնպես կրկնեց, ջղայնացա.
– Մեյլ ստանալու համար պետք է մեյլ գրել:
Կոնֆերանսի ավարտից հետո պիտի մնալու այլ տեղ ճարեինք: Խրոնինգենում բնակվող ընկերուհիներիցս մեկն այդ օրերին էնտեղ չէր լինելու: Իր սենյակի բանալիները տվել էր ինձ, որ երեք գիշեր էնտեղ մնամ:
– Մնալու տեղ չունեմ,- նվնվում էր Միմին:
– Հետս արի: Խոսել եմ ընկերուհուս հետ: Դեմ չէ:
– Դու ամեն տեղ ընկերներ ունես,- ու ձայնի մեջ լսվեց նախանձը:
Եկավ օրը, ու տեղափոխվեցինք ընկերուհուս տուն: Առավոտ էր: Ճամպրուկներս տեղավորեցի ու դուրս եկա. կոնֆերանսն արդեն ավարտվել էր, ահագին ժամանակ ունեի, ու կարող էի Խրոնինգենում ապրող ընկերներիս հերթով հանդիպել: Ինչու՞ առիթը բաց թողնել: Երբ վերադարձա, Միմին նստած էր մահճակալին ու բառիս բուն իմաստով ոչնչով չէր զբաղվում: Անգամ կոմպ չկար ձեռքին:
– Էսօր ի՞նչ արեցիր,- հարցնում եմ:
– Ոչինչ:
Նստեցի կոմպի մոտ ու չըխկ-չըխկ, գրում եմ: Պատասխանում եմ մեյլերիս: Բլոգումս գրառումներ եմ անում: Մասնակցում եմ զանազան քննարկումների:
– Էս ինչ շատ մեյլեր ես ստանում,- հանկարծ ասաց:
– Ինչի՞ց որոշեցիր:
– Անընդհատ ստեղնաշարիդ ձայնն եմ լսում:
– Էնքան էլ շատ չի. ընդամենը մեկն էր:
– Բա ի՞նչ ես էդքան չխկացնում:
– Գրում եմ: Պիտի հասցնեմ մինչև ամսվա վերջ:
– Ինչի՞ համար:
– Հավեսի:
Միմիի նեղ ակնաճեղքերը խառնվեցին իրար: Էդպես էլ չհասկացավ, թե ինչ եմ գրում հավեսի համար:

Հաջորդ օրը դուրս չեկա. ուզում էի ամբողջ օրը գրելուն տրամադրել: Վերջիվերջո, որոշել էի, որ այս արձակուրդի ընթացքում իմ հիմնական զբաղմունքը գրելն է լինելու, ու բնավ չէի ափսոսում, որ Խրոնինգենյան անձրևոտ մի օր պիտի տանիքի տակ անցկացնեի:

Երաժշտությունը միացրեցի, ականջակալներս հագա, որ ոչ ոք չխանգարի, մեծ բաժակով գրեյփֆրութի հյութը կողքս դրեցի, նստեցի կոմպի մոտ ու սկսեցի չխչխկացնել: Մեկ էլ լսում եմ՝ ինչ-որ մեկը նվնվում է: Շուռ գամ, տեսնեմ Միմին դեռ անկողնում պառկած, խաղալիք մուկը գրկած ինչ-որ բան է ասում: Ականջակալներս հանեցի ու խնդրեցի, որ կրկնի:
– Ավարտելուց հետո երևի հետ գնամ Թայվան:
– Ես էլ հետ եմ գնալու Հայաստան,- ժպտացի:
– Դա ամենավատ բանն էր, որ կարող էր ինձ հետ կատարվել:
– Իսկ ես ուրախ եմ, որ հետ եմ գնում:
– Մեր երկրում բարձրագույն կրթություն ունեցող ջահելները չեն կարողանում լավ վարձատրվող աշխատանք ճարել:
– Մերում էլ,- ու ավելի լայն ժպտացի՝ նկատելով, թե ինչպես է Միմիի դեմքը կամաց-կամաց մթնում,- բայց ես ուրախ եմ, որ հետ եմ գնում:
– Էդպես էլ եվրոպացի ամուսին չճարեցի, որ ինձ պահի: Դրա համար չեմ կարող մնալ արևմուտքում,- ինձ ինչ-որ բան հասկացնելու վերջին ճիգ արեց, իսկ ես համառորեն չէի հասկանում:
– Փորձիր աշխատանք ճարել ու ինքդ քեզ պահել: Ես այդպես կանեի, եթե ուզենայի մնալ:
– Հավես չունեմ լեզու սովորելու:
Չպատասխանեցի: Ականջակալը նորից խցկեցի ականջս ու շարունակեցի չխկչխկացնել:

Մինչև երեկո Միմին մնաց անկողնում պառկած էդպես էլ որևէ բան չանելով: Մութն ընկնելուն պես քնեց, իսկ ես շարունակեցի մինչև կեսգիշեր չխկչխկացնել՝ անընդհատ՝ մտքիս մեջ ուրախանալով, որ ի տարբերություն Միմիի, բազմաթիվ հետաքրքրություններ ունեմ, որոնք ինձ չեն թողնում ձանձրանալ:

Հաջորդ առավոտ, երբ արթնացա ու նախաճաշեցի, Միմին դեռ քնած էր: Արդեն կոշիկներս էի հագնում, որ տնից դուրս գամ ու վերջին օրս վայելեմ Խրոնինգենում, երբ Միմին աչքերը բացեց ու նվվաց.
– Ու՞ր ես գնում:
– Զբոսանքի: Երեկոյան էլ ընկերուհուս հետ պայմանավորված եմ: Իսկ դու ի՞նչ պլաններ ունես:
– Ոնց ասես:
– Լավ, արի կենտրոնում միասին ճաշենք:
Հույս ունեի՝ մենակ չմնալու հեռանկարը Միմիին տնից կհանի: Ու չէի սխալվում, որովհետև չհրաժարվեց: Ավելին՝ նույնիսկ առաջարկեց, թե որտեղ կարելի է գնալ ու առաջնորդեց այդ ուղղությամբ:

Եղանակը վատն էր: Ճաշելիս նայում էինք պատուհանից դուրս՝ հույս ունենալով, որ անձրևը կկտրվի: Չգիտեի Միմիի ծրագրերի մասին, բայց ես ուզում էի ընկերուհուս հանդիպելուց առաջ մի կուշտ թափառել Խրոնինգենում ու կարոտս առնել: Իսկ ավելի ուշ պիտի հավաքվեինք իմ հոլանդացի ընկերներից մեկի տանը միասին ընթրելու ու իրար երես տեսնելու: Այս մեկին կարող էի Միմիին հրավիրել: Թաքուն շարժառիթս էր նրան ցույց տալը, թե որքան շատ ընկերներ ունեմ Խրոնինգենում, իսկ հետո վայելելը նրա խառնված ու նախանձոտ հայացքը, չհասկանալը, թե ինչպես պատահեց, որ ես այդքան շատ մարդու գիտեմ, ինքը՝ ոչ:

Անձրևը վերջապես կտրվեց, ու մենք դուրս եկանք:
– Ո՞ր ուղղությամբ ես գնում,- հարցրի Միմիին: Սովորաբար սա լավ տարբերակ է, երբ ուզում ես որևէ մեկից ազատվել: Պատասխանը ստանալուն պես կեղծ ափսոսանքով հայտնում ես, որ դու հակառակ կողմ պիտի գնաս, հրաժեշտ տալիս ու աննպատակ քայլում՝ վայելելով մենակությունդ: Բայց Միմիի դեպքում այս հնարքը չգործեց, որովհետև պատասխանեց.
– Որ ուղղությամբ ասես:
Իհարկե, գայթակղիչ է մարդկանց հրամայելն ու քեզ ենթարկեցնելը, բայց սա էդ դեպքերից չէր, որովհետև աշխարհում ամենաշատն ուզում էի Միմիից ազատվել ու մենակ թափառել: Ես մարդկանց սիրում եմ, ինձ էդպես թարս մի նայեք: Պարզապես ժամանակ առ ժամանակ ուզում եմ ինքս ինձ հետ մնալ ու կողքից չլսել որևէ տեսակի մարդկային ձայն, հատկապես երբ այն նման է նվնվոցի կամ մլավոցի:
– Ես ուղղակի զբոսնելու եմ քաղաքում մինչև ժամը հինգը:
– Բայց եղանակը վատն է: Գուցե նորից անձրևի:
– Ես սիրում եմ անձրև,- հայտարարեցի՝ հուսալով, որ գոնե վատ եղանակը նրան ուրիշ տեղ կուղարկի:
– Դե լավ… հուսանք, որ չի անձրևի:
Ու Միմին միացավ թափառումներիս:

Երբ մտնում էի գրախանութ, ներվային շարժումներ էր անում, որ շուտ դուրս գամ: Երբ կանգնում, երկար նայում էի ինձ համար որևէ նշանակություն ունեցած վայրերին, սկսում էր տոննաներով հարցեր տալ: Երբ մեջտեղից ճղվելով փորձում էի սրա-նրա հետ հոլանդերեն խոսել, ինքն անպայման անգլերեն էր մեջ ընկնում ու փչացնում լեզուն մարզելու փորձերս:

Չորս անց կես էր: Արդեն քաղաքը ոտքի տակ էի տվել՝ ոչ մի վայրկյան չկարողանալով ազատվել Միմիի նվնվան ներկայությունից: Մի քանի անգամ էլ անձրևի տակ մնացինք:Սրճարանում թեյ էինք խմում, որ տաքանանք: Երկուսս էլ լուռ էինք: Ես նոթատետրիս մեջ նշումներ էի անում, իսկ Միմին բացակա հայացքով հետևում էր փողոցում անցնող-դարձողին: Սպասում էի, որ էսքան թրջվելուց հետո վերջապես վեր կկենա ու կգնա:
– Կմիանա՞ս մեզ,- բերանիցս դուրս թռավ:
– Բայց դու ընկերուհուդ հետ…
– Դե ամեն դեպքում, եթե ուզում ես, միացիր մեզ:

Ցավոք, Միմին տուն չգնաց: Բայց ես էլ, ընկերուհիս էլ սովորեցինք չնկատել նրան, որովհետև մեզնից մի քանի մետր հետ էր ընկել ու լուռ քայլում էր՝ առանց խոսակցությանը խառնվելու: Նրա ներկայության մասին իմանում էինք միայն մեր հետևից լսվող տիպիկ ասիական մանր քայլերի կտկտոցից:

Երկու ժամ անց հավաքվեցինք իմ հոլանդացի ընկերոջ տանը, որտեղ բացի մեզնից ներկա էին ևս քառասուն միջազգային ուսանողներ: Մեծ մասին չէի ճանաչում. նոր էին եկել: Հին ընկերներիցս շատերն էլ արդեն գնացել էին: Հազիվ մի քանիսը կային, որ դեռ էնտեղ էին, ու գուցե կյանքիս մեջ վերջին անգամ էի տեսնում նրանց: Դրա համար նրանցից պոկ չէի գալիս: Ուրախ-ուրախ կիսվում էինք նորություններով՝ փորձելով մոռանալ, որ շուտով աշխարհի տարբեր ծայրերում ենք հայտնվելու:
Մի պահ էր միայն, որ մոտեցա Միմիին, որը տարօրինակ կերպով մենակ չէր մնացել. հոլանդացիներին հաջողվել էր նրան զրույցի մեջ ներքաշել : Հարցրի, թե ոնց է:
– Մարդիկ,- ասաց,- էստեղ մարդիկ շատ են: Ես չեմ սիրում մարդկանց:

Թեև պայմանավորվել էինք, որ ժամը տասնմեկին ենք դուրս գալու, ժամը իննից Միմին սկսեց բզել ինձ, թե՝ գնանք: Բացատրեցի, որ մենք նախապես էդպես չէինք որոշել, որ կան մարդիկ, որոնց գուցե կյանքիս մեջ վերջին անգամ եմ տեսնում, ու կուզեի մի քիչ երկար շփվել նրանց հետ, որ վերջիվերջո եթե շատ է հոգնել ու ձանձրանում, կարող է ինքը գնալ, ես ավելի ուշ կգամ:
– Ճանապարհը չեմ գտնի,- նվվաց:
Կատաղությունս հազիվ զսպելով արտաբերեցի.
– Կես տարի էս քաղաքում ես ապրել ու ճանապարհը չե՞ս գտնի:
Ասիական անմեղություն իջավ դեմքին, աչքերը սկսեց արագ թարթել: Ասես հենց նոր չարություն արած ու բռնված երեխա լիներ, որն ամեն կերպ ուզում էր մեղքն ընկերոջ վրա գցել: Երևի իրեն պետք էր խղճահարություն առաջացնել, որովհետև ուղղակի պատասխան տալու փոխարեն ցածրաձայն արտաբերեց.
– Էստեղ ընկերներ չունեմ:
– Որ տնից մեկ-մեկ դուրս գայիր, կունենայիր, համ էլ քաղաքը կիմանայիր:

Այնուամենայնիվ, վերադարձա ընկերներիս մոտ ու հերթով բոլորին հրաժեշտ տվեցի: Նրանք զարմացան, որ էդքան շուտ ենք գնում:
– Վաղը երկար ճամփա ունենք գնալու,- արդարացա՝ ինքս ինձ ատելով, որ թանկագին ընկերներիս հետ ևս երկու ժամ անցկացնելը զոհեցի մի թայվանցու կապրիզներին, որին ես չէի ընտրել, բայց գուցե իմ մեղավորությունն էր, որ փորձում էի շրջապատս նրա հետ կիսել. նա իսկապես մարդկանց չի սիրում, հատկապես երբ նրանց տանը չի պատրաստվում երկու շաբաթ անվճար ապրել:

Հաջորդ առավոտ ճամփա ընկանք: Երբ նստեցինք գնացք, Միմին հայացքը հառեց դիմացի նստարանին, ու յոթ ժամ շարունակ նույն դիրքում մնաց: Միայն երբեմն-երբեմն աչքերը փակում էր ու քուն մտնում, մեկ-մեկ էլ գլուխը թեքում էր դեպի ինձ, որ հասկանար՝ ինչ եմ անում: Իսկ ես կարդում էի: Երբ մի գիրքն ավարտեցի, պայուսակիցս մյուսը հանեցի ու սկսեցի կարդալ: Դա զարմացրեց Միմիին, բայց ոչինչ չասաց: Ինձ դուր էր գալիս նրան զարմացնելը: Կուզեի ասել, որ երրորդ գիրքն էլ ունեի, ու եթե նույնիսկ այն չլիներ, կարող էի գրել կամ երաժշտություն լսել: Ուզում էի ճնշվեր, վատանար, նախանձեր, գժվեր, որ իմ կյանքն ավելի հետաքրքիր է, քան իրենը:

Երեկոյան հասանք իմ տուն: Ճամպրուկները գետնին դնելուց հետո առաջին բանը, որ արեց, ջեռուցիչն ամենաբարձր հինգ միավորի վրա միացնելն էր: Նրան ասացի, որ երբ դրսում տասնվեց աստիճան է, սովորաբար ջեռուցումը չեմ միացնում, իսկ հինգի վրա նույնիսկ ձմռանը չի եղել: Բացատրեցի, որ շոգ կլինի, իսկ ջեռուցչի կողքը դրված կոմպս էլ կհալվի: Առաջարկեց կոմպս վերցնել և ուրիշ տեղ գնալ:

Մտա ննջարան, որն այնքան փոքր է, որ միայն մի մահճակալ է տեղավորում ու որը երեք պատ և մի մեծ պատուհան ունի: Մութ էր արդեն: Դուռը փակեցի,պատուհանը լայն բացեցի ու թարմ օդը ներս թողեցի: Դրսի լույսերն արդեն վառվում էին՝ լուսավորելով դատարկ փողոցները: Լռությունն ընդհատվում էր միայն կողքի սենյակից լսվող նվնվոցով, որն ամբողջ սրտով արհամարհում էի: Առավոտյան կզարմանա, թե ինչու է իմ ննջարանի օդն ավելի թարմ: