Հայալեզու ակտիվ բլոգներ

Վերջին ժամանակներս հայկական բլոգոլորտն ահագին ակտիվացել է թե՛ գրառումներով, թե՛ քննարկումներով։ Այստեղ կտեղադրեմ և պարբերաբար կթարմացնեմ հայերեն ակտիվ բլոգների հասցեները: Եթե գիտեք ակտիվ բլոգներ, որոնք այստեղ հիշատակված չեն, կարող եք մեկնաբանություն թողնել կամ այլ միջոցով ինձ տեղեկացնել, ու ես կթարմացնեմ ցուցակը։

Դեղձան

Պարանոյիկ բլոգ

Մարիօլենդ

Արևիկ Բադալյանի բլոգը

Մատեան ծլնգութեան․ լաչառ հեռախոսի ծլնգոցներ

Անուկապատում․ մի նապի օրագիր

Ուրիշ բաներ․ my alternative blog

Chaotic insomniac. Ա՜խ, թե նորից գտնեմ ճամփան դեպի էնտե՜ղ, դեպի տու՜ն

iparika

Մի օր․ մի օրվա կամ մի կյանքի պատմություն

Ոմն թափառական

Կարուսել․ ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

Հարցում բլոգիս վերաբերյալ

Քանի որ վերջին ժամանակներս խիստ պակասել է բլոգումս ակտիվությունը, ու ես ինքս էլ առանձնապես հաճույքով չեմ գրում՝ բլոգ պահելը դարձնելով պարտականության նման մի բան, կխնդրեի, որ այստեղով անցնողները քվեարկեին, թե որ թեմաներն են հավեսով կարդում իմ բլոգում: Կարող եք նաև մեկնաբանություններ թողնել ձեր ընտրությունն ավելի մանրամասն ներկայացնելու համար: Եվ եթե դժվար չէ, մեկնաբանություններում նաև նշեք, թե ինչ հաճախականությամբ կուզեիք գրառումներ տեսնել: Հավատացեք, ձեր կարծիքը կարևոր է, ու դրա հիման վրա կորոշվի, թե ինչպես շարունակեմ բլոգ գրելը (թե ընդհանրապես փակեմ):

15. Ինտերնետի հետ կապված պատմություն

Մեր օրերում ինտերնետի շնորհիվ մարդկային հարաբերությունները լրիվ ուրիշ բնույթ են ստացել: Չեմ ուզում վերլուծել դրա դրական ու բացասական կողմերը, հաստատ ամեն մեկն իր փորձն ու իր զգացողություններն ունի այս երևույթի վերաբերյալ: Բայց այդ ամենի մեջ դասախոս-ուսանող հարաբերություններն էլ բացառություն չեն:

Մինչև երեկ իմ ուսանողներից միայն մեկը կար Ֆեյսբուքի ընկերներիս մեջ: Բայց նրա դեպքը մի քիչ ուրիշ էր. նա հաստատ մի օր հայտնվելու էր ընկերներիս մեջ` անկախ նրանից, որ իմ ուսանողուհին է: Մենք հաստատ լսարանից դուրս ինչ-որ տեղ ծանոթանալու էինք, որովհետև չափից դուրս հաճախ էինք միաժամանակ հայտնվել նույն վայրում, նույն իրադարձությանը: Եվ ամենակարևորը` բազմաթիվ ընդհանուր ընկերներ ունեինք:

Ուրեմն այս ուսանողուհուս (և մի խումբ այլ մարդկանց) ինչ-որ մեկը նշում է Ֆեյսբուքյան մի ստատուսում, որտեղ ասվում է, որ ընկեր Իշխանյանի (այսինքն` իմ) հաջորդ օրվա դասախոսությունը այսինչ լսարանում է լինելու: Ես էլ էդ պահին, ինչ մեղքս թաքցնեմ, Աչաջուրում Մանուի հետ նստած հաջորդ օրվա դասախոսությունս էի պատրաստում, մեկումեջ էլ հայացքս գցում Ֆեյսբուքին:

Տեսնում եմ ստատուսը, ժպտում եմ, Մանուին էլ ցույց տալիս. ես էլ իմացա լսարանի տեղը: Մեկ էլ հաջորդ վայրկյանին ստատուսի տակ քոմենթ է հայտնվում. «Կլինի՞ չգանք»: Դե խեղճ ուսանողուհին որտեղի՞ց իմանար, որ Մեծ եղբոր  ընկեր Իշխանյանի ամենատես աչքը հետևում է իրենց: Էստեղ մի հատ խորը շունչ եմ քաշում, մտնում իմ կռիս դասախոսական կերպարի մեջ ու ավելացնում իմ քոմենթը. «Չէ, չի լինի»: Լռություն: Հետո ուսանողներս սկսում են հերթով ընկերության առաջարկներ ուղարկել: Հաստատում եմ: Ու մի տեսակ հետաքրքիր, բայց հաճելի վիճակ է ստեղծվում. դասախոս-ուսանող հարաբերությունները տեղափոխվում են Ֆեյսբուք:

Ամենայն հայոց վիրտուալ աղբանոցների մասին

Էսօր առավոտն աչքովս ընկավ բլոգիս ստատիստիկան, տեսնեմ՝ տարօրինակ թռիչք է տվել: Մտածեցի՝ էս ինչ հաշիվ է, էս վերջերս ոչ մի վեհ գաղափար չեմ արտահայտել, մտա, այցելությունները մանրամասն նայեցի: Ու ի՞նչ հայտնաբերեցի: Գրեթե բոլոր այցելությունները մի կայքից էին, որը մտա և պարզեցի, որ ոչ ավել, ոչ պակաս, ևս մեկ հայոց վիրտուալ աղբանոց է, որը բռնել ու որոշել է այսօր իմ գրառումներից մեկը գողանալ:

Բլոգնյուզից մի կերպ պրծանք, հիմա էլ սա (անկեղծ ասած, չէի ուզի հղումը դնել, բայց ուզում եմ, որ կայքի տերերն իմանան, որ գրառումս իրենց է ուղղված): Տակը՝ ֆեյսբուքի օգտատերերի լիքը լատինատառ ջղային գրառումներ, հեղինակի հասցեին ինչ ասես չէին ասում: Ու էս ամենն առանց ինձնից թույլտվություն ստանալու:

Ախր չէ էլի, չէ, ի՞նչ եք անում այ մարդիկ: Դուք կոնտեքստից ու լսարանից կտրում եք իմ գրառումն ու գրեթե չորս ամիս անց հանձնում կասկածելի ինտելեկտի տեր մարդկանց: Ախր ես էդ գրառումն արել եմ մարտի 11-ին՝ Հայաստան գալուցս երկու օր անց, երբ երկարատև բացակայությունից հետո մինի-մշակութային շոկ էի ապրում: Արել եմ իմ ընկերների համար, որոնք շատ լավ հասկանում են՝ ինչի մասին եմ խոսում: Ախր ինչների՞դ է պետք էդ գրառումը, որ էդպես թաքուն-թաքուն գողացել, տարել եք ձեր կայք: Ջղայնացած լատինատառ մեկնաբանությունների՞ եք կարոտ (ի դեպ, էդ աղջիկների բազմաթիվ հատկանիշներից մեկին կարելի է ավելացնել լատինատառ գրելը): Խնդրեմ, արեք, բայց ինձ համար խիստ տհաճ է, երբ դա կատարվում է իմ սեփական գրառման տակ: Ձեզ համար ուրիշ աղբյուր գտեք:

Ու էս ամեի մեջ ամենաահավորն էն է, որ չկարողացա հետադարձ կապի միջոց գտնել, որ պահանջեմ՝ գրառումս հեռացնեն իրենց աղբարկղից: Ֆեյսբուքում էլ չկամ, որ գոնե էնտեղով հետները կապվեի: Ես արդեն մտածում եմ՝ էսպիսի աղբանոցային կայքերի հետ ուրիշ կերպ է պետք խոսել: Թե չէ ուղեղներին չի հասնում, որ չի կարելի կոնտեքստից ու լսարանից գրառումը կտրել ու տանել իրենց մութ նպատակների համար:

Թե ինչպես է Ֆեյսբուքը կյանքը բարդացնում

Ողջույններ անդրշիրիմյան անֆեյսբուք կյանքից: Արդեն յոթ շաբաթ է, ինչ Ֆեյսբուքում չկամ: Մեկումեջ պատմում եմ իմ անֆեյսբուք կյանքից, հետևեք համապատասխան թեգին:

Դուք՝ Ֆեյսբուքում գտնվողներդ, չեք պատկերացնում, թե ինչքան է այդ անտեր սոցիալական կյանքը ներխուժել ձեր վիրտուալ կյանք: Սարսափելին այն է, որ ամեն ինչ հիմա էնպես է կառուցված, որ եթե Ֆեյսբուքի հաշիվ չունես, կյանքն ահագին դժվարանում է: Ի դեպ, խոսքը բնավ հենց էնտեղի ինֆորմացիայի մասին չէ, այլ ուրիշ կայքերի, որոնցից օգտվելու համար Ֆեյսբուքը մեծահոգաբար իր ծառայություններն է առաջարկում:

Սկզբում գուդրիդսն էր: Էնտեղ գրանցվել էի Ֆեյսբուքի հաշվով: Բարեբախտաբար, ընթացքում մեյլիս էլ էի կապել: Էնպես որ, ջնջվելուց հետո մենակ լոգին լինելը դժվարացավ. պիտի ամեն անգամ անուն-փաս հավաքեի, ոչ թե ավտոմատ լոգին լիներ:

Հետո եկան զանազան լրատվական կայքեր, որտեղ մեկնաբանելու համար պարտադիր պիտի Ֆեյսբուքի հաշիվ ունենաս: Դե ես էլ՝ լեզուս երկար, ասելիքս շատ: Ուզում եմ մի բան գրեմ, նեղվում եմ, որ ասում է՝ չես կարող, պիտի լոգին լինես Ֆեյսբուքում:

Էս ամենը դեռ ոչինչ, մի կերպ կմարսվի: Ամենադաժանը սփոթիֆայի պատմությունն էր:

Ով չգիտի, ասեմ, որ սփոթիֆայը մի էդպիսի ծրագիր է, որով անվճար երգեր ես լսում: Համարյա ամեն ինչ կա: Ճիշտ է՝ Հայաստանում դա չի աշխատում, բայց դե քանի Եվրոպաներում եմ, հավեսով լսում էի: Համ էլ եթե ռադիոն էի միացնում, շատ լավ հարմարացնում էր ճաշակիս, վատ երգ համարյա չէր լինում:

Դե քանի որ Սփոթիֆայ էլ էի Ֆեյսբուքիս հաշիվով մտնում, ջնջվելուց հետո խնդրի առաջ կանգնեցի: Ուրեմն չալարեցի, մտա Սփոթիֆայի պաշտոնական էջ, որ նոր հաշիվ բացեմ: Ու բացեցի. մեկ այլ մեյլի հասցեով գրանցվեցի ու շարունակեցի երգերս լսել: Բայց…

Մեկ էլ նկատում եմ՝ աջ  անկյունում ինչ-որ մարդկանց անուններ է բերում ու առաջարկում հետևել նրանց երաժշտական ընթացքին: Չէ՛, նրանք ինչ-որ մարդիկ չէին, նրանց բոլորին էլ շատ լավ ճանաչում էի. իմ ընկերներն էին: Կոմպից չհասկացող կարճ խելքովս մտածում եմ՝ երևի Սփոթիֆայը ջոկել է, որ նույն մարդն եմ, շատ էլ որ տարբեր մեյլերով եմ: Ինչքան էլ չլինի, նույն կոմպից եմ մտնում, նույն անուն-ազգանունով եմ: Բայց պարզվում է՝ ամեն ինչ շատ ավելի հեռու է գնում:

Ուրեմն մոտ մի տարի առաջ, երբ Ֆեյսբուքից արդեն զզվել էի ու այլընտրանք էի փնտրում, մի նոր հաշիվ բացեցի այն նույն մեյլով, որով Սփոթիֆայում գրանցվել եմ: Հետո ձանձրացա, էդ հաշիվն ապաակտիվացրեցի:  Իսկ էս անտեր Սփոթիֆայը բռնել, նորից ակտիվացրել էր: Կամ էլ ուղղակի ես էի մոռացել, իրականում էդպես թողել էի, ոչ էլ ապաակտիվացրել էի:

Մեկ էլ ահազանգ է գալիս, թե՝ դու հաստա՞տ Ֆեյսբուք չես մտնում: Ասում եմ՝ հաստատ: Հարցնում են՝ բա էս երգերն ո՞վ է լսում: Դու մի ասա, Սփոթիֆայը ոչ միայն հաշիվս ակտիվացրել է, այլև իրենից դուրս պոստեր է անում պատիս: Ջղայնացա: Մտա Սփոթիֆայի կարգավորումներ, էլ չթողեցի իմ անունից պոստել:

Էս վերջերս ընկերներիցս շատերն են շփոթվում, Ֆեյսբուքի էդ չեղած հաշվիս նամակ գրում, ընկերության առաջարկ ուղարկում ու նեղանում, երբ չեմ պատասխանում: Ջղայնացա, նորից մտա ապաակտիվացնելու: Ու արեցի: Հետո փորձեցի Սփոթիֆայ մտնել: Ավտոմատ լոգաութ էր եղել: Մեյլի հասցես հավաքելով լոգին եղա: Մեկ էլ մեյլ եմ ստանում. Ֆեյսբուքի հաշիվս ավտոմատ ակտիվացել էր:

Եվ ի՞նչ եք կարծում, ի՞նչ եմ անելու: Հանուն Սփոթիֆայի պահելու՞ եմ էդ հաշիվս: Չգիտեմ՝ հաշվիս հետ ինչ կանեմ, բայց սփոթիֆայից դուրս եկա այլևս էնտեղ չմտնելու նպատակով: Ինչ արած, ստիպված երգերն ապօրինի կքաշեմ կամ էլ youtube-ով կլսեմ:

30 պատմություն նախագծի մասին

Եկել եմ ասելու, որ չեմ փախել, չեմ կորել, ձեռք չեմ քաշել նախագծից: Բոլորիցդ շա՜տ շնորհակալ եմ, որ կիսվում եք հիանալի պատմություններով: Ինձ ահագին դուր է գալիս հայկական բլոգոսֆերայում տիրող այս աշխուժությունը: Ու հատկապես դուրս գալիս է, որ կարծես կապ է ստեղծվում տարբեր բլոգային հարթակների միջև: Որպեսզի բոլորդ կարողանաք բոլորիդ պատմությունները կարդալ, մի քիչ առաջ նստեցի, հղումները հավաքեցի այս գրառման մեջ: Պարբերաբար կթարմացնեմ: Կխնդրեի, որ եթե նկատեք՝ ինչ-որ հղում պակասում է, անպայման տեղյակ պահեք, ավելացնեմ: Ու մեկ էլ՝ փակ գրառումների հղումները չեմ դրել, սակայն եթե կամենում եք, որ դրանք էլ լինեն, կա՛մ առանձին նամակ գրեք, կա՛մ մեկնաբանություն թողեք, դրանք էլ կավելացնեմ:

Հա, ուրեմն սկսեմ արդարանալ, թե ինչու եմ կորած ման գալիս: Ահագին զբաղված եմ էս օրերին: Դրան գումարած՝ բրաուզերս սահմանափակել է ժամանցային կայքերի գործածումը (ինքս եմ որոշել՝ որոնք են դրանք): Դրա համար ձեզ կարողանում եմ կարդալ միայն առավոտյան սուրճի հետ, մեկ էլ երեկոյան տուն գալուց հետո (չնայած էսպես թե էնպես օրվա ամենահարմար ժամերն են), բայց չեմ հասցնում ո՛չ ինքս գրել, ո՛չ մեկնաբանություն թողնել: Ուզում եմ ասել՝ դուք գրեք, շա՜տ գրեք, մի մտածեք, թե կարդացող չկա: Մեկը ես հաստատ կարդում եմ:

Լավ, թռա բաց թողածս գրառումները կարդալու, քանի ինտերնետս չի անջատվել: Էս երկու օրը խոստանում եմ՝ ես էլ նոր պատմություն կգրեմ: Ու նորից՝ շա՜տ շնորհակալություն մասնակցության համար: Չեք պատկերացնի, թե ոնց եմ ուրախանում ամեն նոր գրառում կարդալով:

30 պատմություն բլոգերների համար

Գիտնականներն ասում են, որ մենք ատոմներից ենք կազմված, բայց մի ծիտիկ ինձ պատմել է, որ մենք պատմություններից ենք կազմված:

Բլոգինգում ամենաշատը սիրում եմ մյուսների պատմությունները կարդալ ու կիսվել իմոնցով: Ինձ համար բլոգը պատմությունների հավաքածու է, ինչ-որ մեկի կենսագրություն, որն ավելի շատ բան է ասում այդ մարդու մասին, քան սիվին: Ու քանի որ հայկական բլոգոսֆերայում գնալով պակասում են պատմությունները, 30 օր երաժշտության հետ նախագծից ոգեշնչված որոշեցի ինքս պատմությունների նախագիծ ստեղծել, որին կարող են մասնակցել բացարձակապես բոլորը (ես էլ եմ մասնակցելու):

Կանոնները.

  • Ձեր բլոգում տեղադրում եք ներքևի ցուցակը կամ հղում անում այս էջին
  • Մեկնաբանություն եք թողնում այս գրառման տակ՝ հղում անելով Ձեր բլոգին
  • Ստեղծում եք 30 պատմություն անունով պիտակ կամ կատեգորիա և բոլոր գրառումները դրա մեջ հավաքում
  • Ընտրում ձեզ հարմար պարբերականություն գրառումներ կատարելու համար (ամեն օր, շաբաթը երկու օր, անկանոն, և այլն)
  • Կատարում գրառումներ ներքևի ցուցակի թեմաներով (պարտադիր չէ նույն հերթականությամբ, բայց որ ձեզ էլ հեշտ լինի, ընթերցողին էլ, լավ կլինի՝ հերթականությունը պահեք)
  • Փորձում եք լինել կրեատիվ. թեև նախագիծը կոչվում է պատմություններ, բայց պարտադիր չէ, որ միայն տեքստով սահմանափակվեք: Կարող եք նկարներ, վիդեոներ, երգեր դնել: Մի խոսքով, ինչ մտքներիդ գա: Գրառումները կարող են լինել ցանկացած երկարության՝ սկսած մի նախադասությունից, վերջացրած մի քանի էջով
  • Ինձ ամենաշատը դուր եկած պատմության հեղինակ(ներ)ին նվեր կտամ (ազատ եղեք դուք էլ զանազան նոմինացիաներ ու մրցանակներ սահմանել)

Ցուցակը

  1. Պատմություն մի բանի մասին, որ ոչ ոք չէր սպասի՝ դուք կանեք
    mar_amirchanyan
    arega
    srtik
    Մի օր…
    Թաքնված անկյուն…
    Վոլտերա
    byurie
    apasionade
    dangxuan
  2. Պատմություն մի մարդու մասին, որից վախենում եք
    arega
    srtik
    Մի օր…
    Թաքնված անկյուն…
    Agnes Gasparbek
    Վոլտերա
    byurie
    mar_amirchanyan
    ֆիկուս
    apasionade
    dangxuan
  3. Պատմություն ձեր մանկությունից
    arega
    srtik
    Մի օր…
    Թաքնված անկյուն…
    Վոլտերա
    byurie
    mar_amirchanyan
    ֆիկուս
  4. Պատմություն ձեր արձակուրդից
    srtik
    Մի օր…
    Թաքնված անկյուն…
    arega
    ֆիկուս
    Վոլտերա
    byurie
  5. Պատմություն ձեր ամենամեծ նվաճման մասին
    Թաքնված անկյուն…
    srtik
    byurie
    Մի օր…
    arega
    mar_amirchanyan
    ֆիկուս
  6. Պատմություն, որ երբևէ որևէ մեկի չեք պատմել
    Թաքնված անկյուն…
    srtik
    byurie
    mar_amirchanyan
    ֆիկուս
    arega
    Վոլտերա
  7. Պատմություն ձեր ամենաուժեղ վախի մասին
    Թաքնված անկյուն…
    srtik
    Agnes Gasparbek
    ֆիկուս
    byurie
    arega
  8. Պատմություն կախվածության մասին
    Թաքնված անկյուն…
    srtik
    byurie
    arega
  9. Պատմություն մի կարևոր բան սովորելու մասին, որի համար չեք փոշմանում
    Թաքնված անկյուն…
    Մի օր…
    srtik
    byurie
  10. Ուրիշի պատմած պատմություն, որն ուժեղ տպավորվել է
    Թաքնված անկյուն…
    Մի օր…
    srtik
  11. Պատմություն ձեր երազանքների մասին
    Թաքնված անկյուն…
    byurie
    srtik
    arega
  12. Պատմություն ձեր սիրելի վայրի մասին
    Վիշապների կղզի
    Թաքնված անկյուն…
    Մի օր…
    srtik
    byurie
  13. Մի սիրո պատմություն
    Թաքնված անկյուն…
    Մի օր…
    srtik
  14. Մի երգի պատմություն
    Մի օր…
    Թաքնված անկյուն…
    mar_amirchanyan
    srtik
    byurie
  15. Ինտերնետի հետ կապված պատմություն
    Թաքնված անկյուն…
    srtik
    Մի օր…
  16. Պատմություն չհասկանալու կամ սխալ հասկանալու մասին
    Agnes Gasparbek
    Թաքնված անկյուն…
    srtik
    Մի օր…
  17. Անհավատալի պատմություն
    srtik
    Թաքնված անկյուն…
  18. Պատմություն ձեր տատիկ-պապիկներից
    Թաքնված անկյուն…
    srtik
  19. Պատմություն ձեր դեռահասությունից
    Թաքնված անկյուն…
    srtik
    byurie
  20. Հուզիչ պատմություն
    Թաքնված անկյուն…
  21. Պատմություն որևէ իրի մասին
    Թաքնված անկյուն…
    srtik
    Մի օր…
  22. Բամբասանքային պատմություն
    Թաքնված անկյուն…
  23. Պատմություն մրցակցության մասին
    Վիշապների կղզի
    Թաքնված անկյուն…
    Մի օր…
    byurie
    srtik
  24. Գժական պատմություն
    Թաքնված անկյուն…
  25. Պատմություն մի մարդու մասին, որի հետ այլևս չեք շփվում
    Մի օր…
    Թաքնված անկյուն…
    srtik
    byurie
  26. Պատմություն ձեր ունեցած ամենազարմանալի զգացողության մասին
    Մի օր…
    srtik
    Թաքնված անկյուն…
  27. Պատմություն մի տան մասին
    Թաքնված անկյուն…
  28. Պատմություն ինչ-որ բան տհաճությամբ անելու մասին
    srtik
    Թաքնված անկյուն…
  29. Պատմություն ինչ-որ բան հաճույքով անելու մասին
    byurie
    Թաքնված անկյուն…
  30. Պատմություն, որը կուզենայիք պատմել, բայց այս ցուցակում չեք գտել համապատասխան կետ
    agnesgasparbek
    Թաքնված անկյուն…

Բարի ժամանց բոլորիդ 🙂

Թարմացում: Այս գրառման մեջ պարբերաբար կավելացնեմ արդեն եղած գրառումների հղումները, որ բոլորը մի տեղում հավաքվեն: Ինձ օգնելու համար խնդրում եմ՝ եթե որևէ բան տեսնեք բաց եմ թողել, ասեք, ավելացնեմ:

Ֆեյսբուքը որպես ժամանակակեր

Ասում են՝ էսօր Երևանում ընտրություններ են, բայց էնքան կտրված եմ էդ ամենից, որ համարձակվում եմ էս «ազիզ օրով» բլոգումս լրիվ ուրիշ թեմայով գրել: Անկեղծ ասած, ուրախ եմ, որ արդեն կարողանում եմ հայկական անցուդարձից ինձ հեռու պահել, բայց դա լրիվ ուրիշ թեմա է, և այդ մասին կխոսվի մեկ այլ գրառմամբ:

Էսօր ինձ համար կարևոր օր է. լրանում է Ֆեյսբուքում չլինելուս երկու շաբաթը, այսինքն՝ այսօր վերջնականապես ջնջվում է հաշիվս, անվերադարձ վերանում եմ էնտեղից: Ավելի ճիշտ, գոնե ինձ այդպես ասաց Ֆեյսբուքը, երբ սեղմեցի ջնջելու կոճակը: Գուցե խաբել է, չգիտեմ: Բայց չեմ պատրաստվում ստուգել: Ուղղակի տոնի առթիվ կանդրադառնամ մեկ այլ թեմայի, այն է՝ Ֆեյսբուքի՝ ահռելի քանակությամբ ժամանակ խլելու մասին:

Երբևէ մտածե՞լ եք՝ Ֆեյսբուք չմտնեի, էս կանեի, էն կանեի, էս կհասցնեի, էն կհասցնեի, վայ էս Ֆեյսբուքն ինչքան ժամանակ է խլում, բայց կախվածություն ունեմ, մի օր պրծնեմ դրանից, և այլն, և այլն: Եթե այո ու եթե դեռ Ֆեյսբուքում եք, ապա շտապեմ ասել, որ չարժե իզուր ծրագրեր մշակել, երազել անելիք նորանոր բաների մասին, որովհետև Ֆեյսբուքից դուրս գալը բնավ չի նպաստում լրացուցիչ կարևոր և հետաքրքիր գործերով զբաղվելուն. օրը շարունակում է քսանչորս ժամ ունենալ: Իրականում ընդամենը օգնում է անել այն, ինչ պիտի անեիք, ուղղակի Ֆեյսբուքի պատճառով ավելի դանդաղ էիք աշխատում (ու գուցե ավելի վատ):

Հիմա բացատրեմ, թե ինչպես է դա ստացվում: Չգիտեմ՝ դուք ինչպես, բայց Ֆեյսբուքն ինձ երբեք չի կտրել արտակոմպային գործերից, այսինքն՝ երբեք մարդկանց հետ հանդիպումս կիսատ չեմ թողել Ֆեյսբուք մտնելու համար կամ անքուն չեմ նստել հանուն Ֆեյսբուքի: Տեսեք, թե օրս ինչ կառուցվածք ունի. ութ ժամ քնում եմ, երկու ժամ գնում է սպորտի վրա, մեկ ժամ՝ ընթրիքի (խոհարարությունն էլ հաշված), երեկոյան չորս ժամ ծախսում եմ մտերիմներիս հետ շփվելու ու լիցքաթափվելու վրա (լինի դա հանդիպելով, թե օնլայն), առավոտյան մի ժամ անցնում է, մինչև արթնանում, պատրաստվում, դուրս եմ գալիս ու հասնում գրադարան: Տակը մնա՞ց ութ ժամ: Ութից ևս երկուսը հանենք սուրճի և ճաշի ընդմիջման, ուշադրության շեղման համար, կմնա ընդամենը վեց լավ ժամ, երբ աշխատում եմ: Էդ ընթացքում հազիվ եմ հասցնում թեզիս հետ կապված գործերս: Ֆեյսբուքը կարող էր միայն մուտք գործել երեկոյան չորս ժամերի մեջ, այն էլ շատ բան չէր փոխի, մեկ էլ աշխատանքայինների մեջ, այն էլ մեծ հաճույքով բլոկ էի անում, չէր խանգարում:

Իսկ ես ասում էի՝ Ֆեյսբուքը թարգեմ, հոլանդերե՜նս կլավացնեմ, դեռ գուցե ֆիններենն ու գերմաներե՜նն էլ հասցնեմ, մի քիչ շա՜տ կարդամ, կուրսերայի դասե՜րն անեմ: Չէ՛: Լավ, ասենք, կուրսերայի դասերս էլ եմ խցկում էդ վեց ժամվա մեջ ու մի կերպ հասցնում եմ (բայց մեկ այլ կուրսից, միևնույն է, հրաժարվեցի, որովհետև ժամանակս չէր հերիքում): Բայց մնացածը՝ հը-ը: Օրը միայն քսանչորս ժամ ունի, ու դրանից փախչել չի լինի՝ անկախ նրանից Ֆեյսբուքում կամ, թե ոչ:

Հ.Գ. Քոմենթներից և անձնական չաթերից հասկանում եմ, որ շատերի մոտ տպավորություն է ստեղծվել, որ Ֆեյսբուքը թողնելուս գլխավոր պատճառը ժամանակն է (հատկապես այս պահին, երբ թեզս եմ գրում): Չհասկացվածությունից խուսափելու համար տեղադրում եմ այս հղումը, որտեղ քննարկում եմ Ֆեյսբուքից ջնջվելուս իրական պատճառները: Իսկ ժամանակի համար կա StayFocusd կոչվածը, ինչի շնորհիվ աշխատանքային ժամերին բլոկ եմ անում ուշադրությունս շեղող կայքերը: Օգնում է:

Ֆեյսբուքի ստեղծած պատրանքը

Առիթը բաց չեմ թողնում իմ շրջապատում հայտարարելու, որ Ֆեյսբուքում չկամ: Զարմացած հայացքների ներքո երբեմն կարճ պատասխան եմ տալիս, երբեմն էլ բանավեճի մեջ մտնում ու մանրամասն բացատրում, թե ինչպես է Ֆեյսբուքում գտնվելը սահմանափակում մարդու ազատությունը: Հաճախ նաև հարցնում են՝ ո՞նց ես դիմանում, սկսում թվարկել Ֆեյսբուքի առավելությունները, պնդում, թե ինչքան բան եմ կորցնում այնտեղ չլինելով: Իսկ իմ հակափաստարկն է, որ այդ բոլոր առավելությունները թերություն են, որ կորցնելու ոչինչ չունեմ, այլ փոխարենը միայն շահում եմ:

Ֆեյսբուքից ջնջվելուց դեռ շատ առաջ ամենայն մանրամասնությամբ քննել էի այն պատճառները, թե ինչու այնտեղ կամ, ինչ կլինի, եթե չլինեմ, ինչից կզրկվեմ ու ինչպես կյանքս ավելի կդժվարանա: Այս բոլոր հարցերին պատասխաններ տալուց ու նույն ճանապարհով գնացած մի երկու հոգու հետ շփվելուց հետո հասկացա, որ ամեն դեպքում Ֆեյսբուքից դուրս կյանքը շատ ավելի հրաշալի է ու պետք է ձգտել դրան: Ավելին՝ պարզեցի նաև, որ այնտեղ գտնվելու պատճառներից շատերն իրականում պատրանքներ են, խելացի ձևով մտածված խաբելու միջոցներ, որպեսզի մարդկանց կանչեն էնտեղ: Էստեղ կքննարկեմ այդ պատրանքներից մի քանիսը:

Ֆեյսբուքը կապի միջոց է

Երբ նոր-նոր առաջին քայլերս էի անում Ֆեյսբուքում, ինձ համար անսպասելիորեն նկատեցի, որ Պրահայի դպրոցի համադասարանցիներս էլ այնտեղ կան: Հերթով բոլորին ընկերության առաջարկ ուղարկեցի, պրոֆիլներն ուսումնասիրեցի, որ տեսնեմ՝ ով ուր է հասել, մի քանիսի հետ էլ մի երկու նամակով փոխանակվեցի: Ընկերներիս մեջ կային նաև զանազան համակուրսեցիներ, տարբեր մարդիկ, որոնց հետ ծանոթացել եմ իմ կյանքի տարբեր հատվածներում, ազգականներ, նաև լրիվ անծանոթներ: Թվում է՝ Ֆեյսբուքում չլինելով անմիջապես կապը կորցնում ես նրանց հետ, ու դա քեզ հետ է պահում նման քայլի գնալուց: Բայց ես ինքս ինձ հարց տվեցի. իսկապե՞ս այդպես է:

Վերցնենք Պրահայի համադասարանցիներիս: Ինչի՞ս են պետք նրանք: Երկու հոգուց բացի մնացածներին վերջին տասնվեց տարիների ընթացքում չեմ էլ տեսել: Իսկ ում էլ տեսել եմ, մեկ է, դրանից հետո էլ առանձնապես կապ չեմ պահել: Հետո ի՞նչ, որ Ֆեյսբուքի ընկերներիս մեջ կան: Հիմա ամեն մեկն իր ճամփով է գնացել: Նույնն էլ կարելի է ասել զանազան համակուրսեցիների մասին:

Այնուամենայնիվ, կա, չէ՞, այնպիսի մարդիկ, որոնց հետ ուզում եմ հաղորդակցվել: Փառք Աստծո, այսօր կապի այնքան բազմազան միջոցներ կան, որ կարելի է շփվել Ֆեյսբուքից դուրս (օրինակ՝ Սկայփով, մեյլով, բլոգային տարածքներում, ակումբում, սփյուռքում): Վերջիվերջո, եթե ինչ-որ մեկին գտնելու կարիք ունեմ, հաստատ գետնի տակից էլ կհանեմ նրան: Նույնն էլ հակառակը. եթե ինչ-որ մեկն իսկապես ուզում է հետս կապ պահել, ինչ-որ կերպ միջոց կգտնի: Ի դեպ, հենց երեկ մեկի հետ բանավիճում էի այս թեմայով: Ասաց, որ եթե ուզենամ իր հետ կապվել, չեմ կարողանա, որովհետև մեյլի հասցեն չունեմ: Թվարկեցի լիքը մարդկանց անուններ, որոնց կարող էի դիմել նրա մեյլի հասցեն իմանալու խնդրանքով, դեռ մի բան էլ եկա տուն ու պարզեցի, որ իրականում ունեի նրա հասցեն:

Ինձ թվում է՝ Ֆեյսբուքում մենք ծանրաբեռնում ենք մեր սոցիալական միջավայրը լիքը ավելորդ մարդկանցով: Ու հենց նրանցից կախվածություն ենք ձեռք բերում: Հավատում ենք, որ նրանց ստատուսը կամ նկարը տեսնելը կարևոր է մեզ համար, մինչդեռ իրականում դա ոչինչ չի փոխում մեր կյանքում:

Ֆեյսբուքի շնորհիվ քեզ հետաքրքրող իրադարձությունները բաց չես թողնում

Մի հատ փորձեք հիշել. վերջին ամսվա ընթացքում Ֆեյսբուքում հայտարարված քանի՞ իրադարձության եք գնացել: Ես մի քանիսին, այն էլ դրանց մասին Ֆեյսբուքից չէ, որ իմացել եմ: Ինձ հետաքրքրող կազմակերպությունների միջոցառումների մասին տեղեկացումներ ստանում եմ մեյլով, իսկ եթե նեղ շրջանակի ընկերական հանդիպում է, ապա սովորաբար մի հատ էլ զանգում են: Ավելին՝ էստեղ քանի որ համակուրսեցիներս գիտեն, որ Ֆեյսբուքում չկամ, քանի որ մեր համալսարանում պոստդոկ անող Սիլվիան էլ չկա, սուրճ-գարեջրի գնալիս մեյլով ենք իրար տեղեկացնում:

Կարծում էի, որ Ֆեյսբուքում չլինելով իրադարձություններ բաց կթողնեմ: Իրականում բաց եմ թողնում այն իրադարձությունների մասին տեղեկացումները, որոնց էսպես թե էնպես ներկա չէի գտնվելու: Իսկ դա օգնում է, որ ուղեղս չծանրաբեռնվի ավելորդ ինֆորմացիայով:

Ֆեյսբուքում լիքը նկար ունես

Ասե՞մ, թե վերջերս ոնց է սիրտս սկսել խառնել նկարներից, հատկապես երբ ինձնից են ուզում: Հա, բան չունեմ ասելու. ես սիրում եմ աջ ու ձախ բոլորին ու ամեն ինչ նկարել, բայց դրանք Ֆեյսբուքում տեղադրելն արդեն դարձել էր գործողություն հակառակ իմ կամքի, մի բան, որ անում էի ուրիշների խնդրանքներին տեղի տալով կամ երբեմն էլ դրանք կանխարգելելով: Ավելի հաճախ դրանք լցնում էի պիկասա կամ դրոփբոքս, ու ում պետք էր, տեղն ասում էի:

Ֆեյսբուքի շնորհիվ վերջին նորություններն ես իմանում

… բայց դա քեզ պե՞տք ա: Իմ սիրտն արդեն խառնում էր ամեն առավոտ պատիս հայկական անցուդարձը, իրար կպնոցին ու քրֆոցին կարդալը: Ընկերներիցս մի քանիսին հայդ արեցի, մի քանիսին ջնջեցի: Բայց հայտնվում էին նորերը: Աննկարագրելիորեն զզվել էի ինֆորմացիայի այդպիսի մեծ քանակից: Իսկ հիմա խախանդ ապրում եմ՝ առանց ավելորդ ծանրաբեռնվածության: Եթե շատ ուզենամ որևէ բան կարդալ, թվիթերը կա ու կա, իսկ էլեկտրոնային լրատվամիջոցների տեղը գիտեմ:

Ֆեյսբուքի շնորհիվ բլոգդ ավելի շատ մարդ է ընթերցում

Հաստատ: Դրա համար դեսուդեն էի վազում, գրառումներս փակի տակ դնում, նորանոր բլոգներ բացում ու մարդկանց տեղը չէի ասում, որովհետև մեծն Ֆեյսբուքն ում ասես չէր ուղարկում ինձ մոտ: Ու հա, վերջին մեկ շաբաթվա ընթացքում բլոգիս այցելությունները մի այլ կարգի անկում են ապրել, բայց ես դրանից միայն ուրախանում եմ, որովհետև հիմա արդեն անգիր գիտեմ ով է այստեղ լինում, ու դա հնարավորություն է տալիս, որ ավելի ազատ լինեմ ու ավելի անմիջական շփման գնամ ընթերցողի հետ, ոչ թե ամբողջ էջս գաղտնաբառերով զարդարեմ:

Որպես ամփոփում պիտի ասեմ, որ իրականում կյանքը շատ էլ հեշտ ու հնարավոր է առանց Ֆեյսբուքի: Պարզապես այն այնպես է կառուցված, որ պատրանք ստեղծվի, թե առանց դրա անհնար է ապրելը կամ լիքը բան բաց կթողնես: Իհարկե, Ֆեյսբուքն իր դրական կողմերն ունի. հետազոտությանս մասնակիցներից երկուսին էնտեղով գտա, բայց նույնիսկ այդ դեպքում եթե Ֆեյսբուքը չլիներ, ուղղակի ստիպված կլինեի մի քիչ շատ ջանք թափել, ինչն ամեն դեպքում անհնար չէ:

Մեկ այլ գրառմամբ էլ ավելի մանրամասն կպատմեմ, թե ինչպիսին է կյանքը Ֆեյսբուքից դուրս:

Եթե չլիներ ինտերնետը…

Վերջերս հաճախ եմ ինքս ինձ այս հարցը տալիս. երբ ինտերնետ չկար, մարդիկ ո՞նց էին ծանոթանում, ո՞նց էին գաղափարակիցներ ու հետաքրքրությունները կիսողներ գտնում: Այդ հարցը ծագեց, երբ մի քանի շաբաթ առաջ հայտնաբերեցի իմ հին օրագրերից մեկը, որտեղ մի չաթի մասին էի պատմում, ու անկեղծորեն զարմացել էի, որ զրուցակիցս Սելինջեր էր կարդացել: Լավ, մի՞թե էդքան տխուր էր կյանքն այն ժամանակ, որ անգամ Սելինջերի ամենածեծված գործը կարդացած լինելն այդքան հազվագյուտ երևույթ էր իմ շրջապատում:

Երկար մտածեցի այս հարցի մասին: Սկսեցի ինտերնետում գտածս ընկերներիս համեմատել իրական կյանքում գտածներիս հետ, հաշվեցի պլյուսներ ու մինուսներ, փորձեցի պարզել, թե որտեղ են մեր հետաքրքրություններն ու գաղափարները հատվում ու որտեղ իրար ընդհանրապես չեն հանդիպում: Ու լիքը հետաքրքիր բաներ նկատեցի, որոնք կփորձեմ ամփոփել այս գրառման մեջ:

Շատ քիչ է պատահել, որ իմ վիրտուալ ընկերներին նպատակային կերպով իրականություն եմ տեղափոխել: Հիմնականում նրանց հանդիպել եմ զանազան միջոցառումների ժամանակ, երբեմն պատահաբար, երբեմն էլ նախապես իմացել եմ, որ այս կամ այն վիրտուալ ընկերս այս կամ այն միջոցառմանը ներկա է գտնվելու: Եթե հաշվի առնենք ընդհանրապես Հայաստանի ու հատկապես Երևանի փոքրությունը, կարո՞ղ ենք եզրակացնել, որ եթե ինտերնետը չլիներ, էսպես թե էնպես այդ մարդկանց հանդիպելու էի: Ինձ թվում է՝ հա, հաստատ հա: Ուղղակի հարաբերություններն ուրիշ որակի կլինեին, եթե ընդհանրապես լինեին:

Հայտնագործություն արած չեմ լինի, եթե ասեմ, որ ինտերնետում մարդիկ կարողանում են ներկայանալ էնպիսին, ինչպիսին ուզում են: Էստեղ սկսվում է զանազան ֆեյքերի, իրենց երազած մարդու տեղ դնելու, վիրտուալ ու իրական կերպարների կտրուկ տարբերությունների ու լիքը այլ ծեծված ու շատերիս հոգնեցրած պատմություններ: Բայց բնավ դա նկատի չունեմ: Վերադառնանք գրառմանս սկզբում բերած օրինակին: Ես որտեղի՞ց իմացա, որ չաթում զրուցակիցս Սելինջեր է կարդացել: Հո օդից չգրեցի՞, թե՝ «Տարեկանի արտը» քեզ ինչ-որ բան ասու՞մ ա: Չէ: Ուղղակի զանազան խայտաբղետ ծածկանունների կողքին նկատեցի վիպակի հերոսուհու անունը: Հենց դա ինձ ստիպեց հարցնել, թե արդյոք Սելինջեր կարդացել է: Մեկ այլ դեպքում էլ մի ուրիշը գուշակել է, որ Թորի Էյմոս եմ լսում, որովհետև ծածկանունս նրա երգերից մեկի վերնագիրն է եղել: Ու հենց էդպես է սկսվել մեր բազմամյա մտերմությունը, որը հետագայում նաև իրական կյանք է տեղափոխվել:

Ծածկանվան ընտրությունը մի օրինակ է: Մեկ այլ օրինակ կարող է լինել մարդկանց թեմատիկ կայքերում հանդիպելը. եթե այսինչ անձն ակտիվ է Ալանիս Մորիսեթի ֆորումում, ուրեմն մեծ հավանականություն կա, որ նա էլ է լսում այդ երգչուհուն: Կամ եթե բլոգում հաճախ է գրքերի մասին գրում, ուրեմն շատ է կարդում:

Հիմա տեղափոխվենք իրական կյանք: Էնտեղ մենք մեր սեփական անուններն ունենք, որոնք ոչինչ չեն ասում մեր հետաքրքրությունների մասին, մեր սիրած երգերի ու գրքերի մասին էլ սովորաբար ամեն պատահածի հետ չենք խոսում: Ու ստացվում է, որ ինքներս մեզ ներկայացնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են: Էդպես կարող ես տարիներ շարունակ ապրել հետաքրքրություններդ կիսողի հետ ու երբեք չիմանալ այդ մասին: Այ, էդպիսի օրինակ է իմ հոլանդուհի ընկերուհի Քրինան, որի հետ ծանոթացել եմ իրական կյանքում, բայց շատ երկար ժամանակ չգիտեի, որ ինքն էլ է գրում ու կարդում, մինչև մի օր բոլորովին պատահաբար չհայտնաբերեցինք, որ երկուսս էլ մասնակցել ենք նույն գրական մրցույթին:

Ստացվում է, որ իրական կյանքում պատահականություններն են մեզ մոտեցնում, իսկ վիրտուալում մեր ուզած կերպով մեզ ներկայացնելու շնորհիվ գտնում ենք համախոհների կամ ուղղակի մեզ նման մարդկանց: Ստացվում է, որ վիրտուալը ինքներս մեզ ներկայացնելու ավելի լայն հնարավորություններ է տալիս, քան իրականությունը:

Բայց էստեղ գալիս է հարցի մյուս կողմը. ինչքանո՞վ է դա մեզ պետք: Հիմա կհիշեմ akumb.am-ը, որի առաջին հանդիպումներն իրական կյանքում ուղղակի չէին ավարտվում, որովհետև չէր սպառվում միմյանց հետ զրույցի թեման: Չգիտեմ՝ մյուսների մասին, բայց ես ահագին զարմացել էի հայտնաբերելով, որ Հայաստանում ինձ մի քիչ նման ուրիշ մարդիկ էլ կան, ու էդ հանդիպումները կարծես տարիներ շարունակ կուտակած զրուցելու պահանջը բավարարելու համար էին:

Լավ, ասենք դա ակումբն էր: Իսկ հետո՞: Ինտերնետով գտել եմ լիքը մարդկանց, որոնք գրում են, որոնք լսում են նույն երաժշտությունը, ինչ ես, սիրում են հայերենը,  հետաքրքրվում են գրականությամբ, եղել են այն քաղաքներում, որտեղ ես էլ եմ եղել, կիսում են քաղաքական հայացքներս: Հետո ի՞նչ: Ինձ պե՞տք է դա: Չէ՞ որ շարունակում եմ ռոք համերգներ գրեթե միշտ մենակ գնալ, կարդացածս գրքերը չքննարկել, քաղաքական զրույցներից ամեն կերպ խուսափել, մեն-մենակ ճամփորդել, ու եթե ինտերնետով ծանոթացած լիքը մարդիկ դարձել են շատ լավ ընկերներ նաև իրական կյանքում, բնավ ընդհանուր հետաքրքրությունների շնորհիվ չէ, որովհետև դրանք վիրտուալից դուրս գրեթե չեն շոշափվում: