Արևելյան Ֆինլանդիայի համալսարանի ուսումնական ծրագրի առանձնահատկությունները

Ինչպես Ծլնգին խոստացել էի, այս գրառմամբ անդրադառնում եմ Արևելյան Ֆինլանդիայի համալսարանի կրթական ծրագրերին։

Սկսեմ նրանից, որ այստեղ ուսումնական տարին երկու կիսամյակից է բաղկացած, ինչպես գրեթե ամեն տեղ, բայց կիսամյակներն էլ իրենց հերթին երկուական study period-ներից են բաղկացած, ինչպես հին ու բարի Սովետում քառորդներ գոյություն ունեին։ Ի տարբերություն կիսամյակների, study period-ների սկզբի ու ավարտի միջև արձակուրդ կամ պաշտոնական անցում չկա։ Միայն չոր օրացուցային օրեր են, ու կարիքի դեպքում կարելի է դրանք թեթևակի խախտել։

Հենց study period-ներով է պայմանավորված, որ գրեթե ոչ մի առարկա մի ամբողջ կիսամյակ չի ձգվում, այլ ավարտվում է մոտավորապես տվյալ study period-ի ավարտին։ Բայց քանի որ ես դասավանդում եմ Էրազմուս մունդուսի կլինիկական լեզվաբանության միջազգային մաստերում, իմ կյանքը մի քիչ տարբերվում է սովորական ֆիննական ծրագրերում դասավանդողներինից թե՛ լավ, թե՛ վատ իմաստով։

Այս մաստերի ուսումնական ծրագիրն ու օրացույցը հարմարեցված է համագործակցող մյուս համալսարաններին, ու այդ ուսանողները միաժամանակ թե՛ օրենքից, թե՛ կիսամյակային բաժանումներից մի քիչ դուրս են։ Այդ ուսանողները Յոենսուում պետք է անցկացնեն մի կիսամյակ, ինչը համապատասխանում է էստեղի համալսարանի երեք study period-ի (երկուսն առաջին կիսամյակից, մեկը՝ երկրորդից)։ Փաստորեն, ստացվում է այնպես, որ երկրորդ կիսամյակի երկրորդ կեսին դասավանդելու պարտականություն չունեմ, եթե, իհարկե, նոր բաներ վզիս չփաթաթեն։

Հիմա գանք այն հինգուկես առարկաներին ու տեսնենք, թե ոնց է ստացվում, որ շնչելու ժամանակ, այնուամենայնիվ, մնում է։ Այդ առարկաներից յուրաքանչյուրը տասներկու կոնտակտային ժամ ունի, որոնք հիմնականում ձգվում են երեք շաբաթ՝ ամեն շաբաթ չորսական ժամով։ Այդ մի շաբաթը, երբ ութ կոնտակտային ժամ ունեմ, պայմանավորված է նրանով, որ առաջին study period-ը վերջանում է, երկրորդն է սկսվում, ու մի առարկայի վերջը համընկնում է երկրորդի սկզբի հետ։ Էդպիսի համընկնումներ կարող էին լինել նաև հենց առաջին study period-ի ներսում, բայց քանի որ մեթոդոլոգիա առարկայի ուղիղ կեսն էի դասավանդելու, մյուս կեսը դասավանդող պրոֆեսորիս հետ էնպես հարմարացրի, որ ոչ միայն չհամընկան, այլև մի ամբողջ շաբաթ դասավանդելու ժամեր չունեի։

Փաստորեն, եթե այս հինգուկես առարկաները համեմատեինք նորմալ, կիսամյակով մեկ ձգվող առարկաների հետ, կստացվեր ընդամենը երկուսը կամ երեքը՝ նայած ինչպես հաշվենք, ու դա կլիներ նորմալ ծանրաբեռնվածություն։ Անկեղծ ասած, ես կնախընտրեի կիսամյակով մեկ ձգվող երկու առարկա այս հինգուկեսի փոխարեն, որովհետև ամեն առանձին առարկա նաև լիքը ադմինստրատիվ աշխատանք է խլում ու առանձին մի քանի օր գնում է պլանավորելու ու նյութերն ընտրելու վրա։ Բայց էստեղ գալիս եմ իմ մյուս պարտականություններն ու ընդհանրապես այս համալսարանի ուսումնական ծրագրերի յուրօրինակությունները։

Այս բոլոր առարկաներից, որ դասավանդում եմ, հնարավոր է 1 – 10 կրեդիտ հավաքել։ Ուսանողը, օրինակ, ներկա գտնվելով հոգելեզվաբանության բոլոր դասերին ու քննությունը հաջողությամբ հանձնելով ստանում է 1 կրեդիտ։ Բայց ցանկության դեպքում կարող է 10 ստանալ, իսկ դրա համար պետք է լրացուցիչ առաջադրանք կատարի, ինչը նշանակում է լսարանից դուրս ուսանողի հետ անհատական աշխատանք։ Իհարկե, դա այնքան էլ վատ չէ, բայց միայն այդ մաստեր ծրագրում 23 ուսանող կա, ու նրանցից յուրաքանչյուրն առնվազն մեկ առարկայից լրացուցիչ աշխատանք կատարելու է, որ կարողանա կիսամյակային բոլոր կրեդիտները հավաքել։ Դրան էլ ավելացնենք, որ իմ դասերին հաճախում են նաև այդ մաստերից դուրս ֆին ու փոխանակային ուսանողներ։ Արդյունքում՝ կոնտակային ժամերից շատ ավելի շատ ժամանակ եմ անցկացնելու ուսանողներին ղեկավարելու վրա։

Բարեբախտաբար, այն կես առարկան, որ դասավանդել եմ, լրացուցիչ առաջադրանքի հնարավորություն չուներ, իսկ այս մեկը, որ հիմա եմ դասավանդում, ֆիքսված լրացուցիչ առաջադրանք ունի․ ով ուզում է նախատեսվածից շատ կրեդիտ ստանալ, քննությանն իրեն լրացուցիչ հարց կտրվի լրացուցիչ գրականությունից։ Բայց այ երբ կլինիկական լեզվաբանությունն ու հոգելեզվաբանությունը սկսվեն, չգիտեմ՝ ինչ է կատարվելու։

Էստեղի ուսումնական ծրագրի մեկ այլ առանձնահատկություն են էսպես կոչված գրքային քննությունները․ առարկան ոչ մի կոնտակտային ժամ չունի, ուսանողը նախատեսված գիրքը կարդում է, գալիս քննության։ Էդպես ես մոտ ութ առարկայի գրքային քննություն եմ կոորդինացնում։ Դրանցից հինգը նաև նրանք են, որոնք նաև կոնտակտային ժամեր ունեն, ու ինքս դասավանդում եմ, բայց մյուս երեքի հետ, կարելի է ասել, կապ չունեմ։

Եթե ինձ հարցնեք, կասեմ, որ այս գրքային քննություններն աշխարհի ամենաանհեթեթ բանն են։ Փաստորեն, քննություն եմ ընդունում էնպիսի գրքերից, որոնք ինքս էլ չեմ կարդացել։ Ինչ խոսք, հասկանալի է, թե ինչու այս ֆորմատն ընդհանրապես գոյություն ունի։ Ֆինլանդիան բավական նոսր բնակեցված մեծ երկիր է, ու գրքային քննությունները հնարավորություն են տալիս հեռակա սովորել։ Հենց էդ պատճառով Յոենսուն նաև MOOC-երով ու իր սեփական օնլայն կուրսերով է դասավանդում։ Բայց քննություն ընդունել գրքերից, որ ինքս ոչ միայն չեմ կարդացել, այլև ոլորտից միայն պերիֆերիկ գիտելիքնե՞ր ունեմ։ Այս դեպքում կարելի էր գոնե ցենզորների վերցնել, ինչպես Կոպենհագենի համալսարանն է անում․ ոչ մի քննություն առանց ցենզորի չի անցնում։

Մի խոսքով, ոնց որ սրանք էին դասավանդման հետ կապված պարտականություններս։ Արևելյան Ֆինլանդիայի համալսարանի այլ առանձնահատկություններից ուրիշ առիթով կգրեմ։

 

Պոստդոկի փնտրտուքներ․ ի՞նչ է ակադեմիան պահանջում մեզնից

Անցյալ տարի Դանիայի կառավարությունը կրճատեց համալսարանների ֆինանսավորումը։ Բազմաթիվ հետևանքներից մեկն էն էր, որ Կոպենհագենի համալսարանը դադարեցրեց միջդիսցիպլինար գիտական ծրագրերի ֆինանսավորումը։ Այսինքն, գործող խմբերը պիտի ստանային իրենց ֆինանսավորումը մինչև կոնկրետ ծրագրի վերջնաժամկետ, իսկ դրանից հետո երկարացման հնարավորություն չէր լինելու։

Բայց դա չխանգարեց, որ համալսարանը միլիոններ ծախսի ու աշխարհի հեղինակավոր համալսարաններից պրոֆեսորներ հրավիրի միջդիսցիպլինար գիտական ծրագրերի աշխատանքը գնահատելու։

Իմ PhD-ն էլ էր նման ծրագրի մի մաս։ Իսկ գնահատման շրջանակներում նախատեսված էր հանդիպում այդ ծրագրերի PhD ուսանողների հետ։ Երևի ծրագրիցս բողոքելու շատ բան ունեի։ Դրա համար ներկայացա հանդիպմանը։

Մեզ նստեցրին մեծ սեղանների շուրջ, ամեն սեղանի մոտ՝ վեց-յոթ PhD-ուսանող և մեկ գնահատող պրոֆեսոր։ Մեր սեղանի պրոֆեսորն Օքսֆորդի համալսարանից էր։ Սկզբում խոսեցինք, թե ինչից ենք դժգոհ ու ինչից ենք գոհ, քննարկեցինք միջդիսցիպլինարության մարտահրավերները և այլն։ Իսկ վերջում հասանք ապագայի մասին պլաններին։ Բոլորս պետք է պատասխանեինք, թե որտեղ ենք տեսնում մեզ տասը տարի անց։ Սեղանի շուրջ նստածները գիտեին ճիշտ պատասխանը, ու անպայման նշում էին որևէ ակադեմիական պաշտոն։ Տարբերությունը միայն նեղ ոլորտների մեջ էր․ ոմանք ուզում էին շարունակել միջդիսցիպլինար աշխատանքը, ոմանք ուզում էին վերադառնալ նեղ ոլորտ։ Իսկ Օքսֆորդի պրոֆեսորը շատ լավ կատարում էր իր դերը՝ մի քիչ շփոթվածներին կոնկրետ խորհուրդներ տալով, թե ոնց ակադեմիական կարիերան դասավորեն, ինչ ֆինանսավորման դիմեն, ում հետ համագործակցեն, ոնց տպագրվեն։

Երբ իմ հերթը հասավ, ընտրեցի սխալ պատասխանը․

-Տասը տարի անց լինելու եմ տնային տնտեսուհի ու հինգ երեխա եմ մեծացնելու։

Պրոֆեսորը խորը շունչ քաշեց։ Օքսֆորդում երևի երբևէ նման պատասխանի չի հանդիպել, ու չգիտեր՝ ինչ խորհուրդ տար։

-Էդպես էլ է պատահում,- ասաց ու անմիջապես անցավ հաջորդին։

Իրականում չգիտեմ՝ տասը տարի անց որտեղ եմ լինելու ու ինչ եմ անելու։ Ուղղակի ուզեցի Օքսֆորդի պրոֆեսորին ցույց տալ, որ տնային տնտեսուհի լինելն ու լիքը երեխա մեծացնելն էլ կարող է բարձրագույն կրթություն ստացած կնոջ նպատակ լինել։ Բայց ակադեմիան ստիպում է միատիպ մտածել։ Մտածել, որ միակ ճիշտը հաջող ակադեմիական կարիերան է։ Իսկ դրա համար պետք է ամեն ինչ զոհաբերել հանուն պրոֆեսոր դառնալու։ Ամեն ինչի մեջ կարող են լինել ընտանիք, երեխաներ, ընկերներ, բնակավայր, առողջություն, հանգիստ, սիրելի զբաղմունք և այլն։

Ընդհանրապես, վաղուցվանից գիտեի, որ սիրում եմ գիտությամբ զբաղվել։ Դեռ դպրոցական տարիներին բժշկականի փոխարեն ուզում էի կենսաբանական ընդունվել հենց գիտնական դառնալու համար։ Բայց դրանից հետո շատ ջրեր են հոսել, ու միտքս հազար անգամ փոխել եմ՝ ակադեմիա անընդհատ մտնելով ու դուրս գալով։ Եվ միայն PhD-իս վերջին կես տարում էր, որ հասկացա, որ գիտությունն իրոք էն է, ինչով ուզում եմ զբաղվել իմ մնացած ամբողջ կյանքում։ Սովորաբար թեզը գրելու վերջին ամիսներին մարդիկ զզվում են ակադեմիայից, ուզում են պաշտպանել ու հեռու փախնել։ Բայց պաշտպանությունից հետո սկսում են պոստդոկ ման գալ։

Իսկ ես պոստդոկի առաջին դիմումս ուղարկել եմ թեզս հանձնելուց կես տարի առաջ։ Թեզս հանձնելուց հետո շաբաթը մի դիմում եմ գրում, ու ոլորտը կապ չունի։

Երեք տարի առաջ, երբ տեղափոխվեցի Կոպենհագեն, համոզված էի, որ էստեղ եմ մնալու։ Կոպենհագենի համալսարանում նոր-նոր ձևավորվում էր նյարդա- և հոգելեզվաբանության գիտական խումբը, ու կարծում էի, որ իմ ներդրումը կունենամ, ու PhD-ից հետո կշարունակեմ մասնակցել խմբի կառուցմանը։ Բայց երկու տարի առաջ Դանիայում աջերն իշխանության եկան ու կրճատեցին գիտության ֆինանսավորումը։ Կոպենհագենում նյարդա- և հոգելեզվաբանության կենտրոնի ձևավորումն օդի մեջ մնաց։

Երկու տարի առաջ, երբ հանդիպեցի դանիացի ընկերոջս, համոզված էի, որ էստեղ եմ մնալու։ Որոշեցի ակադեմիայից դուրս գալ, ու ակտիվ մասնակցում էի PhD-ից հետո ոչ ակադեմիական աշխատանք ճարելու բոլոր տեսակի վորքշոփներին։ Պարզվեց՝ առանց նեթվորքինգի (կարդալ՝ ծանոթի) տարբերակ չկա։ Որոշեցի նեթվորքինգը սկսել թեզս վերջացնելուց մի տարի առաջ։

Մի տարի առաջ, երբ Դանիան իմիգրացիայի օրենքները նորից փոխեց, համոզված էի, որ էստեղ եմ մնալու։ Դանիերենի քննություն հանձնեցի ու փորձեցի հարմարվել նոր պահանջներին։ Բայց Դանիան իմիգրացիայի օրենքները նորից փոխեց։

Հունվարին, երբ պոստդոկի դիմում ուղարկեցի Կոպենհագենի համալսարան, էլի համոզված էի, որ էստեղ եմ մնալու։ Զուգահեռ նաև ոչ ակադեմիական աշխատանքի դիմումներ ուղարկեցի ու մերժվեցի։

Բայց թեզս հանձնելուց մի ամիս անց այլևս այնքան էլ վստահ չեմ, որ էստեղ եմ մնալու։ Դանիայում նյարդա- ու հոգելեզվաբանության միայն մի գիտական խումբ կա, այն էլ Օրհուսում է։ Ուրեմն պիտի կա՛մ ոլորտս փոխեմ, կա՛մ գնամ Դանիայից։ Ուղարկածս պոստդոկի դիմումներից միայն երեքն էին Դանիայում, միայն երկուսը Կոպենհագենում։ Երկուսից արդեն մերժվել եմ։

Ինձ ինչքան էլ ասեն, որ Դանիայում հայտարարված պոստդոկի դիմում ուղարկելն անիմաստ է, որովհետև իրենց ծանոթի համար հայտարարված տեղ է, միևնույն է, դիմում ուղարկում եմ։ Իմ PhD-ի տեղն էլ է էդպիսին եղել, ու իրենց ծանոթը վերջին պահին հրաժարվել է, ստիպված ինձ են ընդունել։

Աշխարհով մեկ պոստդոկի հայտարարություններում սովորաբար խելագար պահանջներ են լինում։ Ոչ միշտ եմ բոլորին բավարարում, բայց, միևնույն է, դիմում եմ։ Ամեն անգամ դիմելիս ինձ վատ եմ զգում, որ չեմ հասցրել իքս քանակով հոդված տպագրել, որ Դանիայում PhD-ի բուն գիտական մասը երկու տարի է, իսկ ուրիշ երկրներում՝ երեք-չորս կամ ավելի, հետևաբար ավելի լուրջ սպասելիքներ ունեն, որ ղեկավարս ծանոթությունների մեծ ցանց չունի, հետևաբար չի կարող ինձ համար բարեխոսել։ Ամեն անգամ խելագարվում եմ մրցակցությունից․ իմ գիտական խմբի պոստդոկները, որոնք երեք տարի առաջ ավագ գործընկերներ էին, հիմա դարձել են ինձ մրցակից։ Ինձ մրցակից են նաև ուսանողական ընկերներս։

Ու ամեն անգամ մի նոր դիմում ուղարկելիս մտածում եմ․ բայց ես ուզում եմ գիտությամբ զբաղվել։ Ինչու՞ պիտի էսքան բարդ լինի ցանկությունս իրականացնելը։ Ինչու՞ պիտի մրցեմ ինձ մտերիմ մարդկանց հետ, երբ ուղղակի կարող էինք համագործակցել ու լավ արդյունքների հասնել։ Ինչու՞ պիտի ապացուցեմ, որ սենց ու նենցն եմ, որ սենց ու նենց նվաճումներ ունեմ։ Ուղղակի ուզում եմ գիտությամբ զբաղվել ու աշխատել նույն գործընկերներիս հետ։ Կատարյալ աշխարհում մրցակցություն չէր լինի։ Կատարյալ աշխարհում կախված չէինք լինի ֆինանսավորողներից։

Տասը տարի անց չգիտեմ՝ որտեղ կլինեմ ու ինչով կզբաղվեմ։

 

Կրթական համակարգերից. ինչով են Հայաստանի ու Դանիայի ուսանողները տարբերվում իրարից

8izneabatԴանիական կրթական համակարգին ավելի լավ ծանոթանալու համար ընդամենը պետք էր մի կիսամյակ ամբողջական առարկա դասավանդել մագիստրատուրայի ուսանողներին: Երեկ ստուգեցի բոլոր գրավորները, նստեցի ու խորը շունչ քաշեցի. նույն առարկան Նիդեռլանդներում, Հայաստանում ու Դանիայում ու այսքան տարբե՞ր: Իհարկե, Նիդեռլանդներից կարող եմ միայն ուսանողի տեսանկյունից խոսել, ու չգիտեմ՝ դասախոսն ինչ էր մտածում մեր տեքստերը կարդալիս: Բայց մյուս կողմից, ես հո հիշում եմ իմ ու դասընկերներիս աշխատանքների որակը: Ու հո տեսնում եմ, որ այն, ինչ կարդացի վերջին օրերին, շատ հեռու էր մեր այն ժամանակվա աշխատանքից:

Ուրեմն երեք համալսարան, մագիստրատուրայի ուսանողներ, նույն առարկան, նույն պահանջը, բայց արդյունքի մեջ սարուձոր տարբերություն:

Նիդեռլանդներում մենք տարբեր երկրներից ժամանած ու մեծ մրցույթ հաղթահարած ուսանողներ էինք: Աֆազիոլոգիայի միջլեզվաբանական հիմունքներ առարկայի պահանջն էր թեստ մշակել ու դրա մասին էսսե գրել: Ինչքա՜ն ենք գլուխ ջարդել, օրերով գրադարաններում նստել, ինչքան ծանոթ-անծանոթ ունենք, Սկայփով հետազոտել: Վերջնական արդյունքը գուցե կատարյալ չէր, ու աշխատելու տեղ շատ կար: Համենայնդեպս, անում էինք մեր կարողացածը: Ու դասախոսն էլ շատ գոհ էր մեզնից:

Երևանում լոգոպեդ ուսանողներին դասավանդում էի խոսքի խանգարումների նյարդահոգեբանական ու նյարդալեզվաբանական հիմունքներ: Էլի կար նույն պահանջը. կատարել փոքրիկ հետազոտական աշխատանք ու արդյունքները ներկայացնել պրեզենտացիայում: Կային ուսանողներ, որոնք լավագույնն էին անում, բայց գրականության հետ աշխատել չէին կարող, որովհետև նախ լեզու չգիտեին, երկրորդ գոնե այն ժամանակ համալսարանը միջազգային գիտական ամսագրերի մուտք չէր ապահովում: Էլ չասեմ, որ ընդհանրապես էդ տեսակի աշխատանքի ուղղակի սովոր չէին, ու շատ բարդ է մագիստրատուրայի ուսանողի հոգեբանությունը փոխելը:

Շատ բարդ է հատկապես սովորեցնելը, որ արտագրել չի կարելի: Բազմաթիվ ուսանողներ ինձ էշի տեղ դրած ոչ էլ էդ պուճուր հետազոտությունն արել էին: Ինտերնետից նկարներ էին քաշել, հետազոտված անձանց մասին թվեր նկարել ու իրենցից գոհ պրեզենտացիա սարքել: Ու երբ տեսնում էի էդ բոլոր պրեզենտացիաները, չգիտեի՝ ղալմաղալ անեի՞, թե՞ աչքերս փակեի: Քանի որ արդեն գիտեի, որ շատ շուտով Դանիա եմ գնալու, ու ղալմաղալը ժամանակատար էր լինելու, ընտրեցի երկրորդը:

Բացի էս համատարած արտագրոցիից ու կեղծիքից, հաճախ պատահում էր, որ ուսանողներն ինձ մոտենում էին ու խնդրում «մարդկային լինել», որովհետև հղի են, որովհետև երեխա ունեն, որովհետև հիվանդ սկեսուր են պահում: Ես էլ մարդկային էի լինում, ու մինչև չէին պատասխանում, չէի դնում, որովհետև գիտելիքն ու դասերի հետ չկապված խնդիրներն իրար չեն փոխարինում:

Հետո արդեն եկավ նմանատիպ՝ աֆազիոլոգիա առարկան Դանիայում դասավանդելու ժամանակը: Պիտի սպասեի, որ մոտավորապես էնպես է լինելու, ինչպես Նիդեռլանդներում, որովհետև էստեղի ուսանողներին խորթ է արտագրելը, թվեր կեղծելն ու դասախոսներին խաբելը: Բայց պարզվեց՝ ուսանողները դասախոսին ջղայնացնելու ուրիշ միջոցներ էլ ունեն:

Էլի մագիստրատուրայի ուսանողներին էի դասավանդում (մի մասը՝ լոգոպեդ, մի մասը՝ լեզվաբան): Լսարանի երկու երրորդը դանիացիներ էին, մեկ երրորդը՝ զանազան երկրներից եկած ուսանողներ: Ի տարբերություն Հայաստանի ուսանողների, այստեղ գրականությունը հասանելի է, անգլերեն էլ բոլորը գիտեն (առարկան անգլերեն էի դասավանդում), իսկ դասավանդման էսպիսի մեթոդին ու պահանջներին սովոր են դեռ ցածր կուրսերից: Բայց արի ու տես, որ էստեղ էլ դանիացի ուսանողներն անտանելի ալարկոտ են: Եթե բոլորն էդպիսին լինեին, գուցե ինքս ինձ մեղադրեի, թե բավականաչափ խիստ չեմ եղել կամ պահանջները հստակ չեմ ձևակերպել: Բայց արի ու տես, որ հինգ լավագույն աշխատանքներից միայն մեկի հեղինակն էր դանիացի (իսկ լավագույն ասելով նկատի ունեմ այն որակի, ինչ մենք Նիդեռլանդներում էինք անում):

Էստեղ ուսանողներն ինձ չէին խաբում: Որևէ մեկի ծնողն էլ չհայտնվեց գնահատական խնդրելու: Ոչ ոք չասաց՝ դե լավ, մարդկային էղի, թեև կուրսում կային մարդիկ, որոնք մեն-մենակ երեխա էին մեծացնում կամ առողջական խնդիրներ ունեին: Բայց սարսափելի ծույլ էին: Տասը գիտական հոդված կարդալու փոխարեն մեկն էին կարդում, պրեզենտացիան պատրաստելու վրա հինգ ժամ ծախսելու փոխարեն կես ժամ էին ծախսում, թեստերի նախադասություններ կազմելու փոխարեն արդեն գոյություն ունեցողներն էին վերցնում, հարմարացնում դանիերենին: Ինձ կողքից ասում են՝ առարկադ ստուգարքային է, դրա համար էլ էդպիսի վերաբերմունք է, բայց երբ խոսում եմ այլ ֆակուլտետներում դասավանդող ընկերներիս հետ, բոլորը նույն կարծիքին են. դանիացիները շատ ավելի ծույլ են:

Դանիական կրթական համակարգի լրջագույն թերություններից է նաև այն, որ դասախոսները շատ են ուսանողների հետևից վազում: Էստեղ շատ դասախոսների ճակատագիրը կախված է ուսանողների տված գնահատականներից, հետևաբար անում են ամեն ինչ, որ ուսանողները լավ զգան: Ասենք, կարող ես լսել դժգոհություններ, թե կարդալու նյութերը շատ են: Կամ՝ էսինչ հոդվածը չենք գտնում, խնդրում եմ՝ գտի, ուղարկի: Երևի դա էլ է հանգեցնում ծուլության ամրապնդման:

Մեկ-մեկ մտածում եմ՝ ի՜նչ հրաշալի կլիներ, որ Հայաստանի լավ ուսանողներն էլ կարողանային էն ռեսուրսներից օգտվել, որոնք հասանելի են դանիացի ուսանողներին, բայց արի ու տես կարգին չեն գործածում: Մյուս կողմից էլ, փորձում եմ հասկանալ, թե ինչու են հատկապես արտասահմանցի ուսանողներն իրենց ավելի լավ դրսևորում (հիշենք, որ Նիդեռլանդներում բոլորս էլ արտասահմանցի ուսանող էինք): Չգիտեմ, երևի կրթություն ստանալու համար հեռու երկիր մեկնած մարդիկ ավելի լուրջ են վերաբերվում դասերին: Արդյոք սա նշանակու՞մ է, որ կրթության արդյունավետությունը բարձրացնելու համար պետք է բոլորին արտասահման ուղարկել: Չէ, կարծում եմ ուղղակի պետք է պահանջները խստացնել ընդհանրապես ու մոռանալ «մարդկային լինելու» մասին, որովհետև միշտ էլ կգտնվեն ուսանողներ, որոնք միայն նվազագույն պահանջները բավարարելով կավարտեն համալսարանը, բայց այդ նվազագույն պահանջը նրանց մասնագետ չի դարձնի:

Սթրեսի դեմ կռվելու PhD-ական միջոցներ

Երկուշաբթի երեկոյան տանտերս տուն մտավ, տեսավ՝ խմոր եմ հունցում:

-Թխելու համար մի քիչ ուշ չի՞,- հարցրեց:
-Ուշը ուշ, բայց սթրեսս եմ հանում:
-Լավ, ուրեմն չհարցնեմ՝ օրդ ոնց ացավ,- ասաց ու գնաց իր գործերին:

Իսկ օրս անցել էր հոդվածիս մյուս չորս համահեղինակների հետ կռիվ տալով: Երկուսը պրոֆեսոր, մեկը՝ դոցենտ, մեկը՝ ասիստենտ: Երկուսը Դանիայում, մեկը՝ արձակուրդ, մեկը՝ Ֆրանսիայում: Իրար չեն հասկանում, իրար հետ համաձայն չեն, միմյանց գրածները խմբագրում են: Իսկ ես պիտի փորձեմ բոլորին գոհացնել: Էլ սթրեսը ո՞նց է լինում:

PhD անելիս էնքան ընդհանուր ծանրաբեռնվածությունը չէ, որքան աշխատանքի բնույթը, որ սթրեսի անսահման աղբյուր է, ու հաճախ օրվա վերջում ուզում կա՛մ մեկի հետ կռիվ անել, կա՛մ պատեպատ խփվել: Եթե սթրեսի դեմ կռվելու իմ միջոցները չունենայի, երևի էսքան չձգեի: Ու մեկ-մեկ որ նայում եմ առօրյայիս, լիքը հետաքրքիր լուծումներ եմ նկատում, որոնցով երևի արժե կիսվել:

Որևէ բան թխելը
Հաց կամ խմորեղեն շատ եմ թխում: Սրանք նենց բաներ են, որ հանգիստ կարող ես խանութից առնել: Բայց խանութինը նույն էֆեկտը չունի: Տան թխածը քո ստեղծածն է, քո աշխատանքի դրական արդյունքը: Երբ օրվա ընթացքում տանջվում-տանջվում ես ու վերջը չես կարողանում որևէ կոնկրետ գործի արդյունք տեսնել, ջեռոցից տաք-տաք հանած պուլլայից (ֆիննական քաղցր հաց) լավ բան չկա: Երիցուկով թեյ ես սարքում, պուլլան վերցնում, քեզուքեզ կրկնում «էս ես եմ սարքել» ու ատամներդ խրում տաք ու փափուկ խմորի մեջ:

Զբոսանքը
Երբ երկուշաբթի ղեկավարիցս լիքը մեկնաբանություններով հոդվածս վերջապես ստացա, առաջին ռեակցիաս էր՝ էս ինչ էր: Իմ գյոզալ, պարզ լեզուն բարդացրել, անհասկանալի ինչ-որ բան էր սարքել: Եթե իմպուլսիվ պատասխան տայի, պիտի մի յոթ հարկանի քֆուր գիտեի: Դրա փոխարեն վեր կացա, գնացի համալսարանում զբոսնելու: Մի տասը րոպե քայլեցի, հետ եկա, շունչ քաշեցի ու շատ ավելի ադեկվատ, հանգիստ պատասխան գրեցի:

Ուղղակի վերընկնելը
Մեր դարում մեզ էնպես են սովորեցրել, որ ոչինչ չանելը ծուլության նշան է: Ու երբ վեր ես ընկնում բազմոցին, ֆեյսբուքի ֆիդովդ վերև ներքև անում, մեղավորության զգացում է առաջանում, թե՝ ժամանակս գնաց, գործ չարեցի: Իսկ իմ փորձից նկատել եմ, որ սթրեսային օրերից առաջ կամ հետո եմ վեր ընկնում: Մեկ-մեկ առավոտներն է լինում, երբ գիտեմ՝ էս ու էն գործը պիտի անեմ, դրանից սթրեսվում եմ: Տնից կես ժամ ուշ դուրս գալն ու էդ ընթացքում սուրճի բաժակով վերընկնելն ավելի է օգնում, քան աչքերդ բացելուն պես գործի վազելը, որովհետև գործի հասնում ես սթրեսը վրադ, չես կարողանում նորմալ կենտրոնանալ:

Ֆիզիկական ակտիվությունը
Աշխատում եմ գոնե շաբաթը մեկ յոգայի գնալ: Դա օգնում է, որ նախ գործիս տեղը մինչև ժամը հազարը չլռվեմ, երկրորդ ձգվում-մգվում ես, կռացած ու սթրեսված մարմինդ մի քիչ շունչ է քաշում: Բայց էն ամենավատ ժամանակները յոգան լուծում չէ: Մեկ էլ դասից դուրս ես գալիս, զգում ես՝ սրտխփոցդ չի թեթևանում: Էս դեպքում պետք է քրտնել: Իսկ թե ոնց, արդեն ճաշակից է կախված: Ես տրեդմիլի վրա վազում էի, ու երբ իջնում էի, աշխարհի լրիվ դարդերը վերանում էին: Էս վերջերս էլի մազ էր մնում, որ հասնեմ սթրեսի էդ աստիճանին: Բռնեցի, սկսեցի քրտնելու հարմարանքներս հետս ման տալ (սպորտային շորերին ու կոշիկներին գումարած սրբիչ, որ հետո դուշի տակ մտնեմ): Էն էլ էդպես էլ կարիքը չեղավ:

Խոսելը
PhD ուսանողներից շատերն ինտրովերտ են, շատերը վախենում են արտահայտվել՝ մտածելով, որ մենակ իրենք են էդ վիճակում: Բայց գրողը տանի, էդ խոսելը սթրեսահան էֆեկտ ունի: Մեկ-մեկ էլ արտահայտվելով պարզում ես, որ մենակ դու չես էդ վիճակում: Դրա համար խոսիր: Խոսիր նաև ակադեմիայից դուրս մարդկանց հետ՝ դեմքիդ լուրջ արտահայտություն տալով: Ձևացրու, որ շատ կարևոր գործով ես զբաղվում ու որ դրա համար մի օր Նոբելյան մրցանակ ես ստանալու: Մեկ էլ տեսար՝ դա ավելի ճիշտ դուրս եկավ, քան էն համոզմունքդ, որ արածդ ոչ մեկի պետք չէ, նույնիսկ քեզ, որովհետև պոտենցիալ գործազուրկ ես:

Խմելը
Չեմ ասում՝ ալկաշ դարձիր: Որ ալկաշ դարձար, դիսերտացիադ վերջացնողը չես: Բայց չկա ավելի լավ բան, քան սթրեսային շաբաթվանից հետո մի երկու բաժակ գարեջուր խմելը: Լրիվ դարդերդ կորում-գնում են մինչև երկուշաբթի: Բացի դրանից, խմելն օգնում է նաև խոսելուն, հատկապես երբ գործ ունես դանիացիների հետ:

Ֆեյսբուքում ստատուս գրելը (կարող ես ջնջել կամ էնպես անել, որ մենակ դու տեսնես)
Եթե շուրջդ մարդ չկա (իսկ դա շատ հավանական է հատկապես հուլիսին կամ Զատկի արձակուրդից մի օր առաջ), ու չես կարող տեղը տեղին բողոքել, մտնում ես ֆեյսբուք, էնպիսի բան գրում, որ մենակ դու ես հասկանում, մի հինգ րոպե հետո ջնջում: Կամ էլ կարող ես թողնել, բայց լայքող չի լինելու, իսկ դա կդառնա սթրեսի մի նոր աղբյուր, որովհետև կսկսես մտածել՝ ինձ ոչ ոք չի հասկանում:

Ամեն ինչ մի կողմ շպրտելն ու որևէ կայֆ բան անելը
Մեկ էլ զգում ես՝ ամբողջ օրդ գնաց, բայց ոչ մի կերպ չես կարողանում էքսպերիմենտիդ սկրիպտն աշխատացնել: Ուղեղդ արդեն կախում ա: Մտածում ես՝ էս ծրագրավորողները ոնց են օրուգիշեր սենց բաների վրա նստում: Մտածում ես՝ էս ինչ վատն ա իմ ուղեղը, որ սենց ստից խնդիրը չի կարողանում լուծել: Եթե դրա վրա մի երեք ժամ էլ ծախսես, միևնույն է, չի լուծվելու: Էդ դեպքերում պետք է ուղղակի կոմպն անջատել, դուրս գալ, գնալ: Իսկ թե ինչով կարելի է զբաղվել, լիքը տարբերակներ կան: Ասենք, համերգ կամ կինո գնալ, ընկերներիցդ մեկին զանգել, ասելը՝ տեսնվե՞նք: Կամ ասենք մենք էստեղ ճոխ ենք ապրում: Կարելի է ուղղակի տոմս առնել ու շաբաթ-կիրակի եվրոպական որևէ քաղաք ցվրվել: Ի վերջո, էսօր արև էր դուրս եկել: Կարելի է դուրս գալ և ուղղակի արևի տակ կանգնել:

Հա, ու էս բլոգը գրելն էլ սթրեսի դեմ կռվելու մի միջոց է: Էսօր վերընկնելուց հոգնեցի, մտածեցի՝ մի հանրօգուտ բան անեմ, կողքից էլ քաջալերեցին: Էնպես որ, եթե ինձ սթրեսված տեսնեք, ասեք՝ գնա, բլոգումդ մի բան գրի: Էս ընթացքում, որ գրում էի, չաշխատող սկրպիտիս լուծումն էկավ: Վաղը էքսպերիմենտս կաշխատի: Գնամ պուլլաս տաքացնեմ:

Այն, ինչ չեն ասում PhD ուսանողներին

19:51: Դեռ համալսարանում ես: Հենց նոր վերջացրիր նոր հոդվածիդ սևագիրը, մի քիչ շունչ ես քաշում, որ սկսես երկուշաբթի օրվա դասախոսությանը պատրաստվել: Ինչի՞ համար:

Մինչև ուշ երեկո գրասենյակում մնալը վաղուց արդեն սովորություն է դարձել: Չնայած խիստ ճկուն աշխատանքային ժամերին, դու գիտես, որ օրը ութ-ինը ժամ պիտի աշխատես, շաբաթ-կիրակին էլ հետը, որ հասցնես: Հասցնես վերջացնել այն դիսերտացիան ու PhD ստանալու մնացած բոլոր պահանջները, որոնք մի օր քեզ գործազրկության շեմին են կանգնեցնելու կամ պարզապես դիպլոմդ դնելու ես բարձիդ տակ, ասես՝ հաջող ակադեմիա, գնաս մարդկային աշխատանք ճարելու: Էս ամենի մասին խոսում են բոլորը: Խոսում են համալսարաններում, խոսում են կրթության նախարարություններում, խոսում են հետազոտական կենտրոններում: Բայց կան բաներ, որոնք չեն բարձրաձայնվում, ու ամեն PhD-ուսանող իր տանը կամ աշխատասենյակում փակված մտածում է, թե մենակ ինքն է էդ վիճակում:

phdcartoon

PhD սկսելուց առաջ մեզ շատ բաներ չեն ասում: Մենք սկսում ենք մեզնից գոհ, թե ինչ լավն ենք, որ ընդունվել ենք, ֆինանսավորում ստացել, թե տեսեք, շուտով կստանանք բարձրագույն ակադեմիական աստիճանը ու քիթներս ցից ման կգանք: Մեզ զգուշացնում են, որ հեշտ չի լինելու, բայց չեն ասում, թե ինչի հետ ենք բախվելու:

Մեզ չեն ասում, որ ղեկավարի հետ հարաբերությունը բարդ ու դժվարին ուղի է

Մագիստրոսական թեզս գրելուց հետո հաստատ որոշեցի, որ PhD անելիս ղեկավարիս զգուշորեն եմ ընտրելու, որ վստահ լինեմ՝ երեք տարի կձգեմ: Այն ժամանակ չգիտեի, որ ղեկավար-PhD-ուսանող հարաբերությունը շատ ավելի ջանջալ բան է, քան հասարակ շեֆ-ենթակա հարաբերությունը: Ու կապ չունի՝ ում ես ընտրում: Տարաձայնություններ, դժգոհություններ, իրար չհասկանալ միշտ էլ լինելու է: Հաջողությունը ոչ թե պայմանավորված է նրանով, թե ով ես դու կամ ով է նա, ոչ թե նրա կամ քո կոմպետենտությամբ, այլ նրանով, թե ինչպես եք փորձում հաղթահարել դժվարությունները:

Մեզ չեն ասում, որ մի տարի անց ճգնաժամ ենք ունենալու

Եթե մի այլ կյանքում նորից PhD անելու լինեի, անպայման կընտրեի PhD ուսանողների մի տարվա ճգնաժամն ու կփորձեի բացահայտել պատճառները: Կարծում եմ՝ դեռ չեմ հանդիպել որևէ PhD ուսանողի, որը սկսելուց մի տարի անց ճգնաժամի մեջ չի հայտնվել: Ու դա կարող է տարբեր դրսևորումներ ունենալ: Մեկն ասում է՝ մի տարի է սկսել եմ, բայց ոնց որ բան արած չլինեմ: Մյուսը հարց է տալիս՝ չէ, բայց իրո՞ք էս եմ ուզում անել: Մի երրորդը հայտնվում է հոգեբուժարանում:  Չորրորդը որոշում է կիսատ թողնել, ուրիշ բանով զբաղվել:

Իմ ճգնաժամը ղեկավարիս հետ տուրուդմփոց էր: Մի քանի ամիս տևեց, մինչև կարողացանք ամեն ինչ հարթել ու շարունակել միասին աշխատել: Ընկերներիցս մեկը պատմում է, որ ինքն էլ մտել է ղեկավարի աշխատասենյակ ու ասել. «Էլ չեմ կարող», որից հետո ղեկավարի հետ քննարկել են խնդիրները ու փորձել հարթել: Բայց քանի որ էս ամենի մասին ոչ ոք չի խոսում, բոլորին թվում է, թե միայն իրենք են էդ վիճակում հայտնվել: Շատերը չեն բարձրաձայնում, որովհետև վախենում են ալարկոտի տպավորություն թողնելուց:

Մեզ չեն ասում, որ մենք լավագույնը չենք

Որպես կանոն, PhD անողները լավագույններից լավագույններն են: Նրանք շատ լավ են սովորել դպրոցում, հետո համալսարանում, հետո էլ հազար տեսակի մրցույթ են հաղթահարել, որ PhD անեն: Ու թվում է՝ վերջ, հասել են հաջողության գագաթնակետին: Բայց հենց էստեղ սկսվում են դժվարությունները, որովհետև կողքդ չկա ծույլիկ ուսանող, որի հետ կարող ես համեմատվել ու ասել՝ ես նրանից լավն եմ: Չկան գնահատականներ, որ ինքդ քեզնից դժգոհ կամ գոհ լինես: Անգամ ղեկավարիդ գովեստները շատ անորոշ են, ու չես հասկանում՝ քեզ մխիթարելու համա՞ր է ասում, թե՞ իսկապես քեզնից գոհ է:

Բայց ամենավատն այն է, որ երբ խոսում ես Հայաստանի ազգականներիդ հետ, որոնք այդքան մեծ սպասումներ ունեն քեզնից, անպայման պիտի ասեն. «Քեզնով հիացած են չէ՞ այդտեղ»: Ո՞նց ասես, որ այստեղ լավագույններ չկան, որ ոչ ոք ոչ մեկով չի հիանում, որովհետև բոլորը նույնն են՝ իրենց շրջապատի լավագույնները: Ու անգամ երբ վերջապես ինքդ գիտակցում ես դա, միևնույն է, չես հասկանում, թե ինչ որակի է քո արտադրանքը, որովհետև գնահատական չկա:

Մեզ չեն ասում, որ սա ուրիշ տեսակի կրթություն է

Դեռ մի տարի ու մի քիչ ունեմ մինչև պաշտպանությունս: Բայց այս ընթացքում հասկացել եմ մի բան. ամեն ինչ սովորում ես, բացի այն ոլորտից, որում աշխատում ես: Հավանաբար շատերդ մագիստրոսական թեզ գրել եք ու դրա վրա չորսից վեց ամիս աշխատել: Հիմա պատկերացրեք, որ զուտ կրթական տեսանկյունից PhD անելը մոտավորապես նույնն է, ինչ երեք տարի մագիստրոսական թեզի աշխատանք անելը: Ուղղակի էդ բոլոր թեզերը պիտի կպչեն իրար, մի պատմություն դառնան: PhD անելիս ուրիշ բաներ ավելի շատ ես սովորում:

Սովորում ես գիտական հոդվածն առանց կարդալու կարևոր ինֆորմացիան միջից քաղել, դեռ հետն էլ բոլոր մանր-մունր թերությունները նկատել: Սովորում ես, որովհետև երբ ունես երկու օր ժամանակ ու հիսուն հոդված, ուրիշ կերպ ուղղակի չես կարող կարդալ: Սովորում ես ամեն տեսակի մարդկանց հետ աշխատել ու լեզու գտնել, որովհետև գործ ես ունենում նաև պոստդոկերի հետ, որոնց հետ շատ ավելի բարդ է, քան ղեկավարիդ: Սովորում ես նաև, թե ինչպիսի պոստդոկ չես ուզում լինել: Սովորում ես նույնիսկ ամենավատ ֆիզիկական վիճակում լսարանում կանգնել ուսանողների առաջ ու ցույց չտալ, որ հազիվ ես ոտքի վրա մնում: Սովորում ես ժամանակդ կառավարել էնպես, ինչպես նախկինում երբեք չես կարողացել: Ու դա սովորում ես, որովհետև հասկանում ես՝ ոչ ոք քո փոխարեն չի անելու: Սովորում ես նաև էքստրավերտ խաղալ, երբ նույնիսկ ամենաինտրովերտ վիճակներում ես: Սովորում ես դեդլայնից կարճ ժամանակ առաջ ասել թքած ու համերգ գնալ, և դա անում ես, որովհետև հասկանում ես, որ տասը տարի անց համերգը հիշելու ես, դեդլայնը՝ չէ:

Մեզ չեն ասում, որ մենք նման ենք իրար

Մեկ-մեկ ֆեյսբուքում որ PhD կյանքի հետ կապված որևէ բան եմ պոստում, լայքերի քանակից մեկ էլ հասկանում եմ, որ աշխարհով մեկ շրջապատումս լիքն են PhD ուսանողները: Ու զարմանալիորեն անկախ նրանից, թե որ ոլորտում ենք՝ մոլեկուլյար կենսաբանություն, թե գրականագիտություն, մեր կյանքերն ավելի նման են իրար, քան նույն մասնագիտությունն ունեցող, բայց տարբեր տեղերում աշխատող երկու կամայական անձանցը: Իսկ ամենասիրունն էստեղ էն է, որ մենք չենք մրցակցում, որովհետև չնայած մեր նմանությանը, մենք նաև խիստ տարբեր նպատակներ ունենք, ու հաստատ պաշտպանությունից հետո նույնի գործին չենք դիմի:

Մեզ չեն ասում, որ կողքից տարօրինակ ենք նայվում

Մենք այնպես ենք փակվում ակադեմիական պղպջակում, որ մոռանում ենք դրսի աշխարհի գոյության մասին: Ու եթե մեկը մեր ականջներից չբռնի, դուրս չքաշի, էդպես էլ չենք իմանա, որ աշխարհն ակադեմիայով չի վերջանում: Իսկ երբ դրսում սկսում ենք մտքեր արտահայտել, դրանք տարօրինակ ու անսովոր են թվում: Հաճախ մեզ խելառի տեղ են դնում: Բայց երևի ինչ-որ ձևով խելառ ենք, որ ապահով ու հանգիստ կյանքը թողած էդ երեք տառերի հետևից ենք ընկել: Ու երևի ինչ-որ իմաստ կա, որ կապ չունի՝ որ ոլորտից ես, միևնույն է, վերջում դառնում ես PhD, ասել կուզի՝ փիլիսոփայության դոկտոր:

Պետությանը խաբող ուսանողը

Բարև ձեզ, ես Բյուրակնն եմ: Ապրում եմ Դանիայում: Աշխատում եմ Կոպենհագենի համալսարանում որպես ասպիրանտ (հա, էստեղ ասպիրանտները հարկատու աշխատողներ են): Ինձ այսօր ՀՀ ԿԳ նախարարն անվանել է խաբող ուսանող:

Ութ տարի պետության հաշվին սովորել եմ (մի կողմ թողնենք, որ կլինիկական օրդինատուրան բոլոր խելքը գլխին երկրներում վարձատրվում է, ոչ թե ուսման տեսակ է համարվում), հետո խաբել-թռել եմ, որովհետև մարզում չեմ աշխատել, տո Երևանում էլ համարյա չեմ աշխատել:

Երբ 2009-ին կարմիր դիպլոմով ավարտեցի բժշկական համալսարանը, գնացի հոգեբուժության կլինիկական օրդինատուրա: Գրողը տանի, կարմիր դիպլոմ: Գրեթե որ մասնագիտության վրա մատս դնեի, անվճար օրդինատուրան իմն էր: Բայց հոգեբուժություն գնացի, որովհետև սիրում էի ու որովհետև հետո գործ գտնելը դժվար չէր լինի. Հայաստանում հոգեբույժների պահանջ կա:

Բայց 2009-ի սեպտեմբերի 1-ին հոգեբուժության ամբիոնի վարիչը գործի չէր եկել, ու հետբուհական բաժնի տեղեկանքը ձեռքից շվարած ման էի գալիս Նորքի հոգեբուժարանի բակում: Ու էդպես սկսվեց իմ պայծառ կլինիկական օրդինատուրան: Ամբիոնի վարիչի միակ պահանջը հնացած կապույտ գիրքն անգիր իմանալն էր: Իսկ դրանից ավելի շատ գիտելիքի բախվելիս պաշտպանական դիրք էր բռնում: Բաժանմունքում հիվանդների հետ աշխատանքս հինգ րոպե էր տևում, թղթաբանությունը՝ ժամեր, որովհետև բժիշկների ձեռքի տակ համակարգիչ չկար, ու հիվանդության պատմությունը ձեռքով էր գրվում, ձեռքով արտագրվում: Ո՜նց էի երազում, որ ինչ-որ հրաշքով գրիչով գրվածը քոփի-փեյսթ անել լիներ:

Երկու տարում ես ոչինչ չսովորեցի, բացի մի քիչ գիտություն անելուց (ինչը, ի դեպ, ամբիոնի վարիչը չէր խրախուսում) ու նրանից, որ Հայաստանում մնալ չեմ ուզում: Երկու տարի անց պետությանը խաբեցի ու մարզում աշխատելու փոխարեն իրերս հավաքեցի, գնացի Եվրոպայում սովորելու:

Երկու տարի Եվրոմիության հաշվին սովորեցի: Իսկ երբ ավարտեցի, ոչ ոք վրաս մատ թափ չտվեց, թե՝ պարտավոր ես պետությանը ծառայել, գնա, էսինչ երկրում աշխատի: Ու հենց դրա համար նորից իրերս հավաքեցի ու եկա Հայաստան՝ երազելով մարզային որևէ հիվանդանոցում հոգեբույժ աշխատելու մասին: Պիտի որ խնդիր չլիներ, որովհետև լիքը թափուր աշխատատեղերի հայտարարություններ կային: Ու թքած, որ եվրոպական դիպլոմս Հայաստանում ոչ մեկի ոչ մի տեղին չէր. դրանով գործ ճարելու հույս ընդհանրապես չկար:

Կներեք, որ փորձեցի էնպիսի բնակավայր ընտրել, որտեղից մայրաքաղաքն ամեն շաբաթ-կիրակի հասանելի էր: Կներեք, որովհետև Երևանում եմ մեծացել, ծնողներս էլ են Երևանում մեծացել, ու մարզերում ոչ մեկի չեմ ճանաչում: Ու մարզերում ոչինչ չի կատարվում: Ու կներեք, որ մի քիչ շատ բան էի ուզում՝ միջին աշխատավարձ:

Հա, մի քիչ շատ բան էի ուզում, որովհետև էդպես էլ իմ ուզած մարզերում գործ չճարեցի: Պարզվեց՝ Վանաձորի տեղի վրա նպատակային կլինիկական օրդինատոր կար: Մի քանի ուրիշ տեղերում էլ էին արդեն մարդ ճարել: Արարատի հիվանդանոցի հետ էդպես էլ չկարողացա կապվել: Վերջին հույսս Դիլիջանն էր: Գնացի-հասա էնտեղ: Գլխավոր բժշկուհին սկսած՝ էդպիսի աշխատավարձ քեզ չենք տալու, եթե շտապօգնությունում էլ չհերթապահես, վերջացրած՝ բայց մենք հոգեբույժ ունենք, ես չեմ կարող նրան թոշակի ուղարկել: Տպավորություն էր, որ ես եմ իրեն համոզում, որ ինձ գործի ընդունի:

Բայց դե ես շատ հայրենասեր մարդ եմ, հո էդքան հեշտ չհանձնվեցի՞: Վերջը Նուբարաշենում գործի ընդունվեցի իմ պատկերացրածից երեք անգամ ավելի ցածր աշխատավարձով, որի միայն մեկ երրորդը տրանսպորտի վրա էի ծախսում: Ու էլ չխոսեմ, թե ինչ տխուր պայմաններում էր հոգեբուժարանը:

Եվրոմիությունն իր փողերը հետ չուզեց, չէ՞: Բայց էդ դիպլոմը Դանիայում պետք եկավ: Էդ դիպլոմը, որի երեսին Հայաստանում նայել չէին ուզում, ինձ բարձր աշխատավարձով աշխատանք տվեց: Դե հա, Եվրոմիությունն ինչու՞ հետևիցս ընկներ, իր փողերը հետ ուզեր: Գիտեր, որ վաղ թե ուշ Եվրոպայում եմ գործ ման գալու: Վստահ էր, որ էնպիսի աշխատանքային պայմաններ է ստեղծելու, որ ինքս եմ ուզենալու աշխատել:

Հիմա հարգելի Աշոտյան, պետպատվերի փողերը հետ ուզելու ու կոռուպցիոն ռիսկերը մեծացնելու փոխարեն ավելի լավ չէ՞ր լինի մարզերում էնպիսի պայմաններ ստեղծվեին, որ շրջանավարտները վազելով գնային մարզեր: Էլի կսկսեք, թե՝ պետությունը փող չունի, սենց-նենց: Պետությունը փող չունի, ուրեմն սսկվեք, նստեք ձեր տեղները, ոչ թե մարդկանց ձեր ստրուկը սարքեք:

Կրթական խնդիրներ. ընթացքի միակողմանիությունը

Երբ մանկավարժականում պիտի դասավանդեի, իմ՝ պաշտպանած չլինելը խնդիր էր, բայց քանի որ մագիստրոսի կոչումս դրսում էի ստացել, կարծես ինչ-որ իմաստով կոմպենսանում էր թեկնածու չլինելս: Այն ժամանակ կարծում էի, որ արդարացի է, որ ամեն դեպքում պահանջում են, որ դասախոսները պաշտպանած լինեն: Հիմա ամենևին այդ կարծիքին չեմ:

Դասախոսների առաջ դնելով նման պահանջներ՝ ավելի է խորանում կրթության միակողմանիության խնդիրը: Իսկ Հայաստանում հենց Սովետի ժառանգ լինելու հետևանքով կրթությունը միակողմանի ընթացք ունի, ինչի պատճառով էլ ծագում են բազմաթիվ խնդիրներ՝ սկսած դասախոսների գիտելիքների հնանալուց, վերջացրած մտածող ուսանողություն չունենալով:

Փորձենք պատկերացնել բարձրագույն ուսումնական համակարգը: Ուսանողը մտնում է լսարան, դասախոսը գալիս է, գիտելիք մատուցում, գնում տուն: Հետո ուսանողը քննություն է հանձնում և/կամ դիպլոմային, կուրսային գրում ինչ-որ թեմայով, ապացուցում, որ ինչ-որ տեսակի գիտելիք ունի, գնահատական ստանում: Ու էսպես շարունակ: Ո՞վ է գիտելիք տվողը: Իհարկե դասախոսը: Ո՞վ է գիտելիք ստացողը: Իհարկե ուսանողը: Բայց արդյոք ճի՞շտ է այսպես:

Դանիայում PhD-ուսանողներին պարտադրում են մի կիսամյակ դաս տալ: Նման պարտադրանքի բազմաթիվ պատճառներից մեկն այն է, որ այստեղ հանգել են այն եզրակացության, որ գիտելիք ստանալու լավագույն միջոցներից մեկը հենց դասավանդելն է: Այսինքն, երբ PhD-ուսանողն իր նեղ ոլորտի որևէ թեմա մի կիսամյակ դասավանդում է, կարելի է եզրակացնել, որ այդ թեման լավ յուրացնում է, հետևաբար աստիճան շնորհելիս կամ աշխատանքի ընդունելիս այլևս գիտելիքները կասկածի տակ չեն առնվում:

Բայց այստեղ ամենազարմանալին այն է, որ դանիացի PhD-ուսանողներից շատերը դասավանդման նախկին փորձ ունեն: Մագիստրատուրայում եղած ժամանակ բակալավրիատին են դաս տվել, բակալավրիատում եղած ժամանակ՝ դպրոցականներին: Ոմանք նույնիսկ լեզվի դպրոցներում օտարերկրացիներին դանիերեն են սովորեցրել: Փաստորեն, այստեղ խիստ ընդունված պրակտիկա է, որ ավագը կրտսերին դասավանդում է: Եվ ուսման ընթացքը ոչ թե միակողմանի է՝ դասավանդողից դասավանդվողին, այլ երկկողմանի. դասավանդողը նույնպես սովորող է: Այստեղ չեն վախենում «չպաշտպանածներին» դաս վստահելուց, որովհետև գիտեն, որ դրանից շահելու են երկու կողմերը:

Մյուս կիսամյակ մագիստրատուրայի ուսանողներին դասավանդելու եմ: Դասավանդելու եմ մի առարկա, որից ինքս էլ գաղափար չունեմ, ու ղեկավարությունը շատ լավ գիտի դրա մասին, հենց դրա համար էլ հանձնարարել է, որպեսզի դասավանդելուց հետո տիրապետեմ առարկային:

Իմ կոլեգաներից մեկը, որը պոստդոկ է, մի անգամ ասաց. «Ակադեմիան հենց նրա համար եմ սիրում, որ անընդհատ սովորում ես»: Իսկապես, եթե կողքից հետևեք մեր թիմի աշխատանքներին, կնկատեք, որ անընդհատ բոլորս սովորում ենք՝ լինի դա պրոֆեսոր, թե մագիստրատուրայի ուսանող: Թիմում կան մարդիկ, որոնք մի բանից լավ են, մյուսից՝ չէ: Դրա համար իրարից խորհուրդներ ենք հարցնում, քննարկում, հարցեր տալիս: Պրոֆեսորն ինքը բերում, տեսությունը մեր առաջ է դնում, պոստդոկերին ասում՝ սրանից էքսպերիմենտ ստացեք, ես լավ չեմ էքսպերիմենտներից:

Այդպե՞ս է արդյոք Հայաստանում: Որպես ուսանող և դասախոս ունեցածս փորձից եզրակացրել եմ, որ մեզ մոտ դասախոսն անսխալականն է, այն մարդը, որն այլևս սովորելու տեղ չունի, եթե անգամ գիտելիքները հնացած են, սովորեցնողն է, գիտելիքը միայն մի ուղղությամբ փոխանցողը: Եվ ո՞վ է ուսանողը, որը համարձակվում է հակառակ ուղղությամբ ինֆորմացիա ուղարկել: Իհարկե, ես սա չեմ ասում բոլորի մասին, այլ ներկայացնում եմ որպես համակարգային մոտեցում:

Գուցե պարզապես ապահովելով գիտելիքի երկկողմանի հոսքը, բազմաթիվ խնդիրներ լուծվե՞ն հայկական կրթական համակարգում: Գուցե չվախենանք ուսանողներին դպրոցներ ուղարկելուց, ավագներին կրտսերների կամ նույնիսկ այլ ֆակուլտետների լսարաններ մտցնելուց (օրինակ, ինչու՞ չի կարող ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողը բժշկականում ֆիզիկա դասավանդել կամ բանասիրականի ուսանողը՝ ֆիզիկայի ֆակուլտետում հայերեն): Ու չվախենանք ուսումնական հաստատությունը գիտելիքի անընդհատ ու երկկողմանի շրջապտույտի վայր սարքել, որտեղ բոլորը, անկախ տարիքից ու փորձից, անընդհատ սովորում են:

Կրթական խնդիրներ. դասախոս-ուսանող հարաբերություններ

Կլինիկական օրդինատուրայում էր, որ առաջին անգամ լսարան մտա: Ամբիոնի վարիչը հետս եկավ, որ ինձ ներկայացնի: Ճանապարհին հարցրեց հայրանունս: Ասացի, որ չեմ սիրում անուն-հայրանունով դիմելաձևը: Լսարանում ազգանունով ներկայացրեց ինձ: Ու ես դարձա «ընկեր Իշխանյան», մի դիմելաձև, որ այդ ժամանակվա ուսանողներս այդպես էլ չօգտագործեցին այն պարզ պատճառով, որ մենք չափից դուրս նույն սերնդից էինք նման պաշտոնական հարաբերությունների անցնելու համար: Ես նրանց համար մնացի «Բյուր», իսկ Վարդավառին ուսանողուհիներիցս մեկին փողոցում պատահաբար տեսնելով դույլով լի ջուրը դատարկեցի գլխին:

Հաջորդ դասախոսական փորձս արդեն Եվրոպայում սովորելուց հետո էր: Առաջին շոկն այն էր, որ երբ մտա լսարան, ուսանողները ոտքի կանգնեցին: Երկրորդ շոկը նրանց համար «ընկեր Իշխանյան» լինելն էր, երրորդը՝ որ հետս Դուքով էին խոսում, չորրորդը՝ որ հարցերիս պատասխանելիս ոտքի էին կանգնում: Երևում էր՝ լավ հետ էի սովորել հայկական գերպաշտոնական դասախոս-ուսանող հարաբերություններից:

Իմ սովորած երկրներում դասախոս-ուսանող հարաբերությունների պաշտոնականությունը տարբեր աստիճանի էր, բայց երբեք չէր հասնի Հայաստանյանին: Նիդեռլանդներում դասախոսներին դիմում էինք անուններով, ոմանց հետ գնում էինք սուրճ կամ գարեջուր խմելու, անգամ իրենց տներ էին հրավիրում: Ֆինլանդիայում նորից անուններով էինք, անգամ տարեց պրոֆեսորին ուղղակի Յուսի էինք ասում, բայց մեր հարաբերություններն ավարտվում էին լսարանում: Գերմանիան շատ ավելի պաշտոնական էր. ճիշտ է՝ կային դասախոսներ, որոնց անուններով էինք դիմում, բայց մի մասին էլ «պրոֆեսոր այսինչ-այնինչ» էինք ասում (չնայած արդարության համար պիտի ասեմ, որ լսարան մտնելիս սկի չէին էլ ներկայանում, մենք էլ ապահովության համար էինք «պրոֆեսորով» դիմում. միշտ էլ ավելորդ պաշտոնականությունը չի խանգարում):

Բայց դասախոս-ուսանող հարաբերությունների ոչ պաշտոնականությամբ Դանիան բոլորին ծալած ունի: Էստեղ ոչ միայն անունով են դիմում դասախոսներին, այլև «դուով» են խոսում (դե «դուք» ամբողջ երկրում մենակ թագուհին է): Ավելին՝ մի առարկայի դասախոսը կարող է մյուս առարկայի համար ուսանող դառնալ: Բոլորն իրարից սովորում են, հետո բոլորն իրար հետ գնում խմելու: Իսկ երբ մտնում են քննության, անձնական հարաբերությունները քննության գնահատականների վրա չի ազդում:

Ինչը չես ասի Հայաստանի մասին: Եթե որևէ դասախոսի հետ անձնապես մտերիմ ես, ուրեմն դա ենթադրում է, որ պիտի բարձր գնահատական դնես՝ անկախ գիտելիքներից: Այդպես կարող է ենթադրել թե՛ ուսանողը, թե՛ նրա դասընկերները, թե՛ դասախոսն ինքը: Այդպիսի պատկերացումներից վերանալու համար հաճախ դասախոսը մի բան էլ ավելի ցածր է նշանակում ուսանողին, որ ցույց տա, թե՝ տեսեք-տեսեք, մեր անձական հարաբերությունները կապ չունեն:

Բայց ես կարծում եմ, որ հայկական դասախոս-ուսանողական խիստ պաշտոնական հարաբերություններն ուղղակի խանգարում են կրթական պրոցեսին: Այսպես պատրանք է ստեղծվում, թե դասախոսն ուսանողի թշնամին է, ու նրա կյանքի իմաստը հնարավորինս ցածր նշանակելն է, իսկ ուսանողի համար գերնպատակ է դառնում հնարավորինս քիչ գիտելիքներով բարձր գնահատական ստանալը: Կարծես պատերազմ լինի, դասախոսը՝ մի կողմում, ուսանողը՝ մյուս:

Մինչդեռ արևմտյան կրթական համակարգում դասախոսն ու ուսանողը նույն ճամփով են գնում: Դասախոսի նպատակն ուսանողին գիտելիք տալն ու ուսանողից սովորելն է, ուսանողի նպատակը՝ հնարավորինս շատ գիտելիք քաղելն ու որոշակի երևույթների մասին կարծիք ձևավորելը: Դասախոսն ամեն ինչ անում է, որ ուսանողն իր լավագույն որակը ցույց տա: Օրինակ, Նիդեռլանդներում էսսե գրելիս մաս-մաս ուղարկում էինք դասախոսին, մեկնաբանություններ էր անում, խմբագրում էինք, որ վերջնական տարբերակը հնարավորինս անթերի ու լավը լինի, որ հնարավորինս բարձր գնահատական դնի դասախոսը:

Հայաստանում, երբ ուսանողներիս առաջարկեցի իրենց պրեզենտացիաները նախապես ուղարկել, որ նայեմ և ուղղումներ անեմ, ահագին զարմացել էին, թե ինչպես է դա հնարավոր: Իսկ ես ընդամենն ուզում էի, որ պրեզենտացիաները հնարավորինս անթերի լինեն, որպեսզի բարձր գնահատականներ դնեմ: Երևի այս դեպքում կասեիք՝ «բարձր ես ուզում դնել, դիր, ո՞վ է խանգարում»: Բայց այստեղ կարևոր է հասկանալը գնահատական-գիտելիք համապատասխանությունը: Հայաստանում շատ քիչ է պատահում, որ գնահատականը գիտելիքի անմիջական արտացոլումը լինի, այլ գործոններ էլ են ազդում, մինչդեռ իմ սովորած բոլոր երկրներում դասախոսն ամեն ինչ անում էր, որ գնահատականը համապատասխանի գիտելիքին: Եթե դասախոսն ինքն իր վրա վստահ չէր լինում, լրացուցիչ միջոցների էր դիմում: Օրինակ, Նիդեռլանդներում մեր հոլանդերենի դասախոսը, որի հետ եքա ճամփա էինք անցել. է՛լ սուրճ խմելու գնացել, է՛լ քանի անգամ հավաքվել նրա տանը, է՛լ ճամփորդել միասին, հասկանալով, որ ուղղակի չի կարող քննությանն օբյեկտիվ լինել, իր ընկերուհուն էր բերել մեզ քննելու համար: Իսկ Գերմանիայում որոշ դասախոսներ նախընտրում էին անոնիմ գնահատել ու հատուկ զգուշացնում էին, որ թղթիկի վրա միայն ուսանողականի համարը գրենք:

Բայց մեկ-մեկ մտածում եմ՝ ի՞նչ կլիներ, եթե Հայաստանում էլ Նիդեռլանդների կամ անգամ Դանիայի ոչ-պաշտոնականությանն անցնեինք: Արդյոք ուսանողները չէի՞ն նստի դասախոսների գլխին, քննությանը չէի՞ն ներկայանա անպատրաստ՝ հուսալով, որ բարձր կստանան: Եթե նման փորձ չունենայի, գուցե իսկապես կասկած հայտնեի: Բայց բարեբախտաբար ունեմ փորձ, ու պիտի ասեմ, որ դա միայն ավելացնում է ստացած գիտելիքի քանակը, մեծացնում սովորելու մոտիվացիան: Էնպես որ, սկզբի համար գուցե դադարեցնե՞նք անուն-հայրանունով ու «ընկերով էսինչյան» դիմելաձևերը: Կարծում եմ՝ դա ահագին բան կփոխի:

Կրթական խնդիրներն ուսանողների աչքերով

Անցյալ շաբաթվա ընթացքում զրուցեցի բազմաթիվ ուսանողների հետ ու որոշեցի պարզել, թե իրենք ինչ խնդիրներ են տեսնում հայկական կրթական համակարգում: Հավաքեցի դրանք, խմբավորեցի և որոշեցի ներկայացնել տասնյակի ձևով (գաղափարի համար շնորհակալություն Սոնային):

Զրուցակիցներս եղել են տարբեր բուհերի ուսանողներ, և ես հավաքել եմ միայն այն կետերը, որոնք այս կամ այն չափով ընդհանուր են ողջ համակարգի համար: Առանձին բուհերի խնդիրներին (մասնավորապես, ԵՊԲՀ-ին) ապագայում առանձին կանդրադառնամ:

Այս կետերի մեջ գուցե տեսնեք թեմաներ, որոնց արդեն առանձին անդրադարձել եմ կամ գուցե կուզենաք, որ անդրադառնամ, էդ դեպքում նշեք մեկնաբանություններում): Ամեն դեպքում, նպատակս է ուսանողների աչքերով տեսնել, թե ինչ է կատարվում մեր կրթական համակարգում:

Խնդիրները կարելի է բաժանել երկու մեծ խմբի. հնության հետ կապ ունեցողներ (այսինքն, չթարմացվածության, Սովետի մնացորդության արդյունք) և ուղղակի համակարգային բացեր: Դրանք, բնականաբար, որոշ տեղերում կհատվեն: Տասնյակը ներկայացվում է առանց հատուկ հերթականության:

1. Քաղաքականացվածություն – այս կետի տակ կարելի է հասկանալ թե՛ ուսանողական կառույցների ՀՀԿ-ացվածությունը, թե՛ բողոքի ցույցերին մասնակցող ուսանողներին զանազան պատժամիջոցներով վախեցնելը: Փաստորեն, ուսանողական խորհուրդներն իրենց դերը կատարելու, այսինքն՝ ուսանողի շահերը պաշտպանելու փոխարեն պաշտպանում են որոշակի քաղաքական ուժերի շահեր:

2. Ուսանողների նկատմամբ վատ վերաբերմունք – զրուցակիցներիցս մեկը նույնիսկ նշել էր, որ շատ դասախոսներ ուսանողին մարդ չեն համարում և վարվում են այնպես, ինչպես ուզում են:

 

3. Ճկունության բացակայություն – մի կողմից, դասախոսներից շատերն իրենք իրենց իմացածը դոգմա են համարում, դժվարությամբ են հարմարվում նորին: Մյուս կողմից, կրթական ծրագիրն ինքը ճկուն չէ ու հաշվի չի առնում ուսանողի հետաքրքրությունները: Բացակայում է ստեղծագործ միտքը, ամեն ինչ հիմնված է անգիրի վրա:

4. Ուսանողների ոչ կոմպետենտություն – պարզվում է՝ մագիստրատուրայում հնարավոր է մասնագիտություն փոխել, սակայն այդ փոխողներն իրենք իրենց վրա աշխատում, որպեսզի հասնեն մյուսներին: Արդյունքում՝ նշաձողն իջեցվում է մյուսների համար, և իսկապես սովորող ուսանողի համար ուսումնական պրոցեսը դառնում է խիստ ձանձրալի:

5. Դասախոսների ոչ կոմպետենտություն – սրա տակ կարելի է հավաքել ալարկոտ դասախոսներին, որոնք աշխատում են հնարավորինս քիչ ժամանակ անցկացնել լսարանում կամ այն դասախոսներին, որոնք դասի ընթացքում նյութից անընդհատ շեղվում են՝ հաճախ արդարանալով. «Էս էլ ա պետք»: Իսկ ամենավատն այն է, որ նրանցից շատերի գիտելիքները վերջին 20-30 տարիների ընթացքում չեն թարմացվել: Այս կետի տակ կմտնի նաև դասախոսություն «թելադրելու» երևույթը:

6. Հայերեն գրականության բացակայություն – այս խնդիրը մատնանշող ուսանողը դժգոհում էր, որ շատ բարդ է նյութը կարդալ անգլերեն կամ ռուսերեն, հետո դրանից հայերեն քննություն հանձնել: Եվ դժգոհությունը տեղին է. եթե կրթությունը հայերեն է, պետք է դասագրքերն էլ հայերեն լինեն: Բայց կարծես շատ դանդաղ է ընթանում գրականության թարգմանության պրոցեսը, եթե ընդհանրապես տեղի է ունենում: Իսկ որևէ տեսակի հայերեն նյութ հեղինակած դասախոսները հաճախ իրենց ոչ այնքան որակյալ գրքերը զոռով վաճառում են ուսանողներին:

7. Պրակտիկ գիտելիքների պակաս – իհարկե, սա աշխարհի բոլոր կրթական համակարգերի խնդիրն է, բայց Հայաստանում պրակտիկի ու տեսականի միջև անդունդը չափից դուրս մեծ է: Ու չես հասկանում՝ ինչի համար ես այդ ամենն անգիր անում, եթե դա աշխատանքում քեզ պետք չի գալու:

8. Կրթական միջավայրի բացակայություն – այստեղ կարելի է խոսել ժամանակակից ու անընդհատ թարմացվող գրականությամբ հարուստ գրադարանների, ինքնուրույն պարապելու հարմարությունների, դասախոսներին հարցախեղդ անելու հնարավորության բացակայության մասին:

9. Կրթության տևողության ձգձգվածություն – զրուցակիցս նշեց, որ այն, ինչ անցնում են բակալավրիատի չորս տարում, կարելի է խտացնել երեքում, մագիստրատուրայի երկուսը՝ մեկում:

10. Ղեկավար կազմում երիտասարդների պակաս – արդյունքում՝ հնություններն ավելի խորը արմատներ են գցում, դժվարացնում նորի մուտքը:

Իսկ թե ինչպես կարելի է այս խնդիրները լուծել, առաջարկում եմ քննարկել հենց այստեղ՝ մեկնաբանություններ թողնելով: