Կարուսել

Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում

19. Պատմություն իմ դեռահասությունից

Srtik-ը լավ նկատողություն արեց. արդեն մի տարի է անցել 30 պատմություն նախագծի մեկնարկից, բայց արի ու տես, որ շատերը կիսատ են թողել ու չեն էլ շարունակում: Էդպես, խոստացա, որ էսօրը մի բան կգրեմ ու գրում եմ:

Դեռահաս ժամանակ շատ տիպն եմ եղել: Տիպ ասելով նկատի ունեմ ահագին տարբերվում էի էն ժամանակների միջին վիճակագրական հայ թինեյջերներից: Նրանք Լեոնարդո ԴիԿապրիոներով ու Նատալյա Օրեյրոներով էին տարված, իսկ ես՝ ոչ ավել-ոչ պակաս, կատաղած Ալանիս Մորիսեթով, որը լուրջ-լուրջ ձյաձյաների մասին երգեր էր երգում, բայց մեկ ա ինձ տանում էր: Ու մենակ ինքը չէր. վերցրեք 90-ականների կեսից մինչև 2000-ականների սկզբի ռոքը, ու կհասակաք, թե ինչ երաժշտություն էի լսում:

fountain

Իմ հոլանդացի ընկեր Պոլի սարքածն է, բայց շատ համապատասխան է իմ դեռահասությանը:

Էն ժամանակ էլ հո ինտերնետ-բան չկար: Թարմ երաժշտության միակ աղբյուրը ռադիոն էր, ընդ որում՝ ոչ բոլոր ալիքներն էին իմ ճաշակով երաժշտություն միացնում: Հայ FM-ն ու Բուրգն էին (վերջինս հազար հատ անուն փոխեց տարիների ընթացքում), որոնց վրա ֆիքսված էի, ընդ որում՝ մեկից փոխում էի մյուսը, երբ ինչ-ինչ պատճառներով մեկից նեղանում էի: Բայց հետո ահագին կադրային տեղաշարժեր էլ էին լինում. մի ռադիոյի դիջեյները հայտնվում էին մյուսում ու հակառակը:

Ռադիո լսում էի շատ ակտիվ կերպով, այսինքն՝ մասնակցում էի ծրագրերին: Զանգում էի, երգեր էի պատվիրում, մրցանակներ շահում: Դա հաճախ ներվայնացնող էր դիջեյների համար. դե պատկերացրեք, ի՞նչ կլիներ, եթե մի սանձարձակ թինեյջեր անընդհատ զանգեր ու անկանխատեսելի բաներ ասեր: Ընդ որում, ես միակ թինեյջերը չէի: Ինձ հետ էր նաև ընկերուհիս՝ Անահիտը: Մեր ձայներն էլ շատերը չէին տարբերում, դրանից ավելի էին ներվայնանում, ոմանք կարծում էին՝ նույն մարդն ենք: Մենք էլ եթերում ստանդարտ տեքստեր ասողներից չէինք: Խիստ վտանգավոր բան էր մեզ եթեր թողնելը, որովհետև ոչ ոք չէր կարող ասել, թե մտքներիս ինչ կփչի:

Բայց դե կային դիջեյներ, որոնց հարգում էինք ու վատ-վատ բաներ չէինք ասում, կային այնպիսիք, որոնց անխնա կերպով ծաղրում էինք (նրանք հիմնականում ռադիո Արձագանքի ժողովուրդն էին. երբ մյուս ռադիոներով հետաքրքիր բան չէր լինում, միացնում էինք ու սկսում զվարճանալ): Կային նաև այնպիսիք, որոնց պաշտում էինք, կուռքի նման մի բան էին: Մեծ մասամբ մեր կարծիքները համընկնում էին, բայց լինում էին նաև խիստ տարաձայնություններ, որոնց շուրջ անընդհատ վիճում էինք:

Ռադիոներում հաճախ կադրային փոփոխություններ էին լինում: Մեզ շատ պե՞տք էր, թե ինչու էր էդ բոլորը տեղի ունենում: Բայց ահագին ջղայնանում էինք, որ երբեմնի սիրելի դիջեյական կազմը հանկարծ անհետանում էր եթերից ու որոշ ժամանակ անց նոր դեմքեր էին հայտնվում: Մենք էլ բռնում, մեր մուռն էդ խեղճ նորերից էինք հանում: Էդպես, օրինակ, երբ հանրահայտ Լուլուն էր առաջին քայլերն անում, զանգում, անկապ բաներ էինք ասում: Մի անգամ, հիշում եմ, եթերում ասաց՝ ժպտացեք բոլորին, նույնիսկ անծանոթներին: Զանգեցի, ասացի, որ մենք նման փորձ արել ենք, վեճ է ծագել (ու իսկապես նման բան եղել էր. մի անգամ այգում խելառ-խելառ ես ու Անահիտը ժպտալով բարևում էինք բոլորին, մեկ էլ մի ծիտ աղջիկ կանգնեց ու սկսեց հաշիվ պահանջել, թե ինչու ենք չճանաչելով հանդերձ նման բաներ անում):

Ռադիոն լրիվ լցրել էր մեր կյանքը: Երկուսով սերիալի սցենար էինք գրում՝ սերիալային բոլոր կարևոր կանոններով: Հերոսները դիջեյներն էին, բայց հմտորեն անունները փոխել էինք, որ մենակ մենք հասկանայինք՝ ով ով էր: Բանաստեղծություններ էինք ձոնում մեր սիրած դիջեյներին: Մեկ էլ ահավոր շատ սիրում էինք Հայ FM-ի միջանցքի պատերին խզբզել: Չգիտեմ՝ էդ պայծառ մտքի հեղինակն ով է եղել, որովհետև մենք ընդամենը շարունակել ենք խզբզելու սուրբ գործը, երբ տեսել ենք, որ մեզնից առաջ ինչ-որ մեկը դա արել էր: Ընդ որում, էլի չար բաներ էինք անում. նախորդ կազմի դիջեյների անուններ էինք գրում, որ նորերին ներվայնացնենք: Հա, մեկ էլ ես չէի մոռանում իմ սիրած երգերի բառերից դեսուդեն խզբզել:

Խոխմն էն էր, որ էս ամենը մեր արևին թաքուն էինք անում, բայց ռադիոյի ղեկավարությունը գլխի էր ընկել, որ էդ մենք ենք, պավիրել էր, որ գնանք, պատերը մաքրենք: Մենք էլ միամիտ-միամիտ մտածում էինք՝ չէ, բայց ո՞նց են իմացել: Էլ ո՞նց պիտի իմանային: Դա հո չափահաս մարդու արած չէ՞ր: Իսկ մեզ նման դեռահասներին մի ձեռքի մատների վրա հազիվ հաշվեիր: Ու բնականաբար, երկուսիցս բացի մեկ էլ էդ մի քանի տասնչորս-տասնհինգ տարեկան էին պատերը մխտռում:

Մի անգամ էլ էդ նույն Հայ FM-ի պատին մեծ-մեծ տառերով ներկով փչած ռուսերեն խուժան տեքստ կարդացինք ռադիո Վանի Սեմի մասին: Թե Վանն ի՞նչ կապ ուներ Հայ FM-ի պատին: Էն ժամանակ դրանք էնքան չխաչվող ռադիոկայաններ էին: Այ էդ մեկը հաստատ պուճուրներից ոչ ոք չէր արել, լավ էլ մեծ էր անողը: Ես նույնիսկ գիտեի՝ ով էր, բայց էդպես էլ երբեք ոչ մեկի չասացի ու չեմ էլ ասելու:

Հա, մեկ էլ մրցանակներն էին հավես: Ռադիոներով խաղարկվող ինչ մրցանակ ասես չեմ շահել. էլ կրեմներ, էլ կասետներ ու դիսկեր, էլ ինչ-որ շինարարական խանութի զեղչի տոմսեր, էլ սրճարանի քարտ անվճար խմորեղեն ուտելու, էլ համերգների տոմսեր, էլ փափուկ խաղալիքներ: Մի խոսքով, ինչ մտքներովդ անցնի: Ու դեռ լիքը բաներ էլ չեմ շահել, որովհետև հաճախ լինում էր, որ երբ զանգում էի, ինձ ասում էին՝ թող էս անգամ էլ ուրիշը շահի: Ես մեղավո՞ր էի, որ էնքան ուշադիր էի ռադիո լսում, որ ամեն տեսակի երաժշտական ինֆորմացիա դաֆթարներիս մեջ ֆիքսում էի, ու երբ մրցույթ էին հայտարարում, ինձ ընդամենը պետք էր լինում ճիշտ էջը գտնել պատասխանելու համար: Ես մեղավո՞ր էի, որ ուրիշներն էդքանը չէին ֆայմում, հետևաբար չէին կարողանում պատասխանել: Դե… սխալ ասացի, կային ֆայմողներ: Բայց էդպես բոլորս իրար հետ մի տասը հոգի էինք, մեկ-մեկ էլ իրար մեջ որոշում էինք, թե ով պիտի հաղթի: Պատասխանը որ իմանում էինք, զանգում, իրար ասում էինք: Մենք էլ իրար մեջ էինք հաղթելու հերթ պահում: Խոխմ թիմային աշխատանք էր:

Հիմա էս մրցույթները շատ անհամ են, որովհետև ցանկացած հարցի պատասխան կարելի ա գուգլել, էլ էն եքա դաֆթարները չեն աշխատում:

Համալսարան ընդունվելուց հետո ռադիո լսելը թարգեցի, տեղս զիջեցի նոր սերունդներին: Բայց մեկումեջ հայտնվում էի, ուրախացնում էի դիջեյներին: Ահա, հետո էլ հակառակն էր. ոչ թե ներվայնանում, այլ ուրախանում էին հին ձայներ լսելիս: Ու երևի ինչքա՜ն պիտի զարմանան, եթե հիմա տեսնեն ինձ. էն կատաղած դեռահասից ինչ լուրջ մարդ եմ դարձել:

Ընդհանրապես, ռադիոն ինձ շատ բան տվեց: Երաժշտական մասից ու մրցանակներից բացի: Նախ, ունկնդիրների տեսքով լիքը-լիքը իմ խելքի ընկերներ ձեռք բերեցի, իսկ այդ տարիներին եթե չլիներ ռադիոն, Անահիտից բացի ուրիշ ոչ մի ընկեր չէի ունենա: Հետո, սովորեցի ինձնից փոքրերի հետ շփվել: Տարօրինակ է, չէ՞. պիտի որ ես լինեի փոքրը, ինձնից փոքրերն ովքե՞ր էին: Բացատրեմ: Էն ժամանակ ես հիմնականում ինձնից մեծերի հետ էի շփվում (թե՛ դիջեյները, թե՛ ունկնդիրները), շատերի ներվերի վրա ազդում էի, ինձ կոպտում էին, նեղացնում էին, իսկ ես դեպրեսվում էի, օրերով լացում: Հիմա, երբ շփվում եմ դեռահասների հետ, ու հանկարծ սկսում են ներվերիս վրա ազդել, հիշում եմ ինձ էդ տարիքում ու հիշում եմ, թե ինչ էի զգում կամ ինչու էի ինձ այս կամ այն կերպ պահում, փափկում եմ, դեռահասներին վերաբերվում եմ որպես հավասարի. համենայնդեպս, նրանք էդպես են ուզում, ու էդպես հեշտ է բոլորիս համար:

1 Comment »

25. Պատմություն մի մարդու մասին, որի հետ այլևս չեմ շփվում

Դպրոցականների սիրած արգելված զբաղմունքներից էր մատյանները քչփորելը: Բավական էր, որ դասատուն մի րոպեով դուրս գար, որ ամբողջ դասարանը թափվեր մատյանի վրա, թերթեր, գնահատականներն ու «բացականերն» ուսումնասիրեր: Թե ինչու աշակերտներին չէր թույլատրվում մատյանին մոտենալ, բազմաթիվ պատճառներ կային: Եղել էին դեպքեր, որ մատյան էր կորել կամ գնահատականներ էին նկարվել: Պատահել էր, որ մեղավորներին չէին կարողացել գտնել, ամբողջ դասարանին էին պատժել: Բայց մատյանն աշակերտներից հեռու պահելու պատճառներից մեկն էլ հավանաբար այն էր, որ այնտեղ գաղտնիքներ կային, որոնց մասին ոչ ոք չպիտի իմանար:

Տասներորդ դասարանի երկրորդ կիսամյակն էր: Այն հազվագյուտ պահերից էր, որ ուսուցիչը դուրս էր եկել դասարանից, իսկ մենք թափվել էինք մատյանի վրա: Չեմ հիշում` ով էր, բայց նկատեց, որ մեր դասարանում հայտնվել է մի նոր աշակերտուհի, որին չնայած երբևէ չէինք տեսել, բայց «բացականեր» չէր ստանում, դեռ մի բան էլ տեղը տեղին գերազանցիկ էր. «5»-ից բացի ուրիշ գնահատական չուներ: Պատկերացրեք, թե որքան վիրավորական պիտի լիներ դասարանի գերազանցիկների համար, որոնք բուհի ընդունելության քննություններին պատրաստվելու հետ մեկտեղ դպրոցի դասերի տակ ճկռում էին, բայց մեկումեջ «4»-եր էլ էին ստանում: Իսկ շատ այլ աշակերտներ, չնայած ջանքերին, էդպես էլ «5»-ի երես չէին տեսնում: Էլ չեմ ասում պարտաճանաչորեն ֆիքսվող «բացակաների» մասին, որոնք անպայման հայտնվում էին մատյանում, եթե համարձակվում էի որոշ առարկաների առաջին ժամին չգալ` նախընտրելով մինչև գիշերվա հինգը ֆիզիկայի խնդիրներ լուծելուց հետո մի քիչ քնել:

Բնականաբար, խորհրդավոր աղջկա լուրը մեծ աղմուկ բարձրացրեց: Մեր օղորմածիկ դասղեկին հարցրինք` ինչ հաշիվ է: Ի պատասխան փնթփնթաց, որևէ կոնկրետ պատասխան չտվեց, բայց մի քանի օր անց մեր դասարանում հայտնվեց մի նոր աղջիկ, որի գլխին թափվեցինք ու սկսեցինք բազմաթիվ հարցեր տալ:

Էն գլխից էլ կռիս էի, լավ եմ հիշում` հարցրի, թե արդյոք այսուհետ դասի գալու է: «Ամեն օր չէ,- պատասխանեց,- բայց կգամ»: Շատ էլ որ փոքր էինք, անչափահաս, հո հիմար էլ չէինք: Բոլորս էլ լավ հասկացանք` ինչն ինչոց է, բայց երևի ուսուցիչները մեզ լրիվ էշի տեղ էին դրել, որովհետև այդ օրվանից սկսվեց թատրոնը:

Մի նոր ռուսերենի ուսուցչուհի ունեինք, որը համ էլ մեր ուսմասվարն էր: Նա անմիջապես որոշել էր, որ ես ռուսերեն վատ գիտեմ: Ասենք, ես էլ էի դրանով համոզված, քանի որ մեր տանը միայն հայերեն էինք խոսում, իսկ Հայաստանում ռուսերեն լավ իմանալու չափանիշը լեզվակիր լինելն է, դրանից ցածր ոչինչ չի ընդունվում: Էդ ուսուցչուհին սկզբում ինձ «3»-ներ էր շարում, հետո մի քիչ մեղմացավ, իր խոսքերով` ստանդարտներն իջեցրեց ու սկսեց «4»-եր ու «5»-եր դնել: Բայց հենց էդ նույն մարդն էր, ով մեր դասարանի նորեկին դաս հարցրեց: Էդ օրն ինչ-որ բանաստեղծություն պիտի անգիր անեինք: Էդ աղջիկը կանգնեց, ոչ էնքան վարժ, ուսուցչի օգնությամբ ու հազար ու մի սխալներով արտասանեց անգիրը: Հաշվի առնելով ուսուցչի խստությունը` պիտի որ «3» դներ, ու շատերս ներքուստ ուրախացել էինք, որ նրա մաքուր «5»-երի կողքին մի հատ էլ «3» է հայտնվելու:

Բայց հենց այդ նույն ուսուցչուհին, որ դրանից կարճ ժամանակ առաջ ամեն կերպ ուզում էր ինձ մեդալից հետ պահել` պնդելով, որ իմ ռուսերենն էդքան չի ձգի, որ մեդալը տաղանդավորների համար է, որ ստուգողներ կգան դպրոց և այլն, կանգնեց  ու հիացական բացականչություններ արձակեց, մի քանի րոպե գովեց աղջկան, թե որքան լավ արտասանեց ու որքան լավ ռուսերեն գիտի: Հետն էլ հարցրեց, թե ինչ է ուզում դառնալ: Աղջիկը պատասխանեց` բժիշկ: Փաստորեն, դեռ ընդունելության քննությունների ժամանակ էլ ինձ մրցակից էր լինելու:

Ամեն դեպքում, բոլոր ուսուցիչները չէին, որ էդպես ակնհայտորեն գնահատականներ էին շարում աղջկան: Մի աստղագիտության դասատու ունեինք` Հովհաննիսյանը: Սկզբում նրան առանձնապես չէի սիրում, որովհետև մեր դասարանին վերցրեց ամբողջ դպրոցի սիրելի Սվազյանի փոխարեն: Բայց կարծեմ էդ դեպքից հետո էր, որ հեսա պիտի գրեմ, որ էնքան սիրեցի նրան, որ Վերջին զանգին բոլոր ուսուցիչներին թողած հենց նրան ծաղիկներ տվեցի:

Հովհաննիսյանը հարուստ ամուսին ուներ, հավեսի համար էր դաս տալիս: Դրա համար էդքան կախված չէր աշխատավարձից: Չգիտեմ` եթե կախված լիներ` էդքան դուխ կունենա՞ր, թե՞ չէ, բայց ամեն դեպքում ի տարբերություն ռուսաց լեզվի ուսուցչուհու բացահայտ քծնանքի ու մնացածների լուռ հնազանդությանը, ինքը երևույթի դեմ դուրս եկավ: Մի օր կանգնեցրեց էդ աղջկան, ամբողջ դասարանի առաջ թուքումուր տվեց: Ինքը միակն էր, որ առաջին կիսամյակը «5» չէր փակել: Ասում էր` մինչև չգաս պատասխանելու, չեմ դնելու:

Հետո եկան ավարտական քննությունները: Երկու առարկա կենտրոնացված կարգով ուրիշ դպրոցում հանձնեցի, բայց գալիս էի տեսնեմ` մեր դասարանցիները ոնց են: Կարծեմ մերոնցից ոչ մեկին «20» չէին դնում, անգամ այդ աղջկան: Դա մի քիչ անարդար էր, որովհետև քաղաքի բոլոր դպրոցներում ավարտականներին շատ չէին նեղում, «20-երը» շարում էին, իսկ մեզ մոտ կային էրեխեք, որոնք հաստատ շատ ավելի խելացի էին, քան բազմաթիվ «20» ստացողներ:

Եկավ ատեստատ ստանալու օրը: Ես հո լավ էի հիշում այդ աղջկա գնահատականները ու համ էլ տեղը տեղին խորամանկ էի: Դրա համար խնդրեցի, որ տա ատեստատը: Նայեցի, տեսա, որ անգամ այն առարկաները, որոնք «18», թե «19» են հայտարարել, իր մոտ «20» են: Բայց մենակ նրա ատեստատն էր էդպիսին, մյուսներն իրենց իրական գնահատականներով էին:

Չեմ կարծում` բլոգիս ընթերցողների մեջ միամիտներ կան, բայց ամեն դեպքում հստակեցնեմ, որ այդ աղջիկը, փաստորեն, ատեստատ էր առնում ու դասի չէր գալիս, որ ժամանակը տրամադրի ընդունելության քննություններին պատրաստվելուն: Երևի կհետաքրքրվեք, թե որքան օգուտ տվեցին նրան այդ բացակայությունները: Ինձ էլ էր հետաքրքիր: Դրա համար ընդունելության քննությունների ցուցակում հատուկ նայեցի նրա գնահատականները: Ինքը երկու քննությունից միասին հավաքել էր ավելի քիչ, քան ես մենակ մի քննությունից: Ընդունվեց ԱՏ-ով, բայց դե աղջիկներին ԱՏ-ն ի՞նչ:

Հետո վեց տարի սովորել եմ նրա հետ մի կուրսում: Մտերիմ չեմ եղել, բայց կուրսում հայտնի էր նրանց ընկերական քառյակը, որը զանազան կասկածելի ճանապարհներով էր գնահատական ստանում: Մի խոսքով, մի կերպ վեց տարին սովորեց ու ավարտեց: Ասում են` էդպես էլ կլինիկական օրդինատուրա չգնաց (իսկ վեց տարին ավարտելուց հետո գոնե ինտերնատուրա չգնալն առնվազն անմտություն է, նշանակում է` չես կարող բժիշկ աշխատել), բայց հաջող ամուսնացավ: Արդեն չորս տարի է, ինչ նրանից տեղեկություն չունեմ: Հույս ունեմ` երջանիկ է:

Հ.Գ. Էս պատմությունն էսօր քնած ժամանակ միտս եկավ:

 

3 Comments »

Պատմություն 9. մի բան սովորելու մասին, որի համար չեմ փոշմանում

Չնայած գրառման վերնագիրն արդեն կա, արդեն նոր էջ եմ բացել, որ սկսեմ գրել, ես դեռ չգիտեմ՝ ինչ եմ պատմելու, որովհետև ես սովորելու գիժ եմ, ես սիրում եմ անընդհատ նոր բաներ փորձել, որոնք դուրս են իմ մասնագիտությունից, որոնք ուղեղս լիքը ավելորդ ինֆորմացիայով կլցնեն, որոնց շնորհիվ նոր հմտություններ ձեռք կբերեմ, որոնք չեմ իմանա՝ երբևէ կօգտագործե՞մ, թե՞ չէ:

Ես չեմ փոշմանում ո՛չ դպրոցում մաթեմատիկայի խնդիրների վրա անցկացրած անքուն գիշերներս, ո՛չ ռուսերենի ձեռքին տանջվելս, ո՛չ համալսարանի գրադարանում կենսաքիմիայի բարդ ու դաժան ռեակցիաներ կրծելս, ո՛չ նկարչության վրա ծախսած էներգիաս, չնայած արդեն ահագին ժամանակ է, ինչ վրձին չեմ բռնել, ո՛չ դարդից ու պարապությունից ֆրանսերեն սովորելս, ո՛չ անգամ այս երկու տարիները, որոնց ընթացքում ձեռք բերածս գիտելիքների հետ դեռ չգիտեմ ինչ եմ անելու:

Երևի, այնուամենայնիվ, կպատմեմ մի շատ անպետք գիտելիքի մասին, որը թինեյջեր ժամանակներում սպունգի պես ներծծում էի ուղեղիս մեջ, բայց հետո կամաց-կամաց սկսեցի մոռանալ, հետևողական չեղա, որովհետև ուղղակի ոչ մի բանի պետք չէր:

Նորություն չի, որ ես երաժշտությամբ տարված եմ: Հիմա ուղղակի լսում եմ, մեկ-մեկ գուցե քչփորեմ, թե որ երգն ինչի մասին է, որ երաժիշտը երբ է ծնվել ու ոնց է հայտնի դարձել: Բայց դա հենց էնպես, առանց խորանալու, առանց ֆիքսվելու: Իսկ մի ժամանակ, երբ դեռ հազիվ տասներեք-տասնչորս տարեկան էի, «ոտքերս տնկած ամբողջ օրը ռադիո էի լսում» (ինչպես մի անգամ արտահայտվեց իմ համադասարանցիներից մեկը): Ռադիոն ինձ գիտելիք էր տալիս ժամանակակից երգերի, ալբոմների, կատարողների մասին: Էն ժամանակ ինտերնետ չկար, որ ամեն ինչ վայրկենական գտնեինք: Ունեի տետրեր, որտեղ սիրուն-սիրուն ինֆորմացիա էի հավաքում տարբեր կատարողների մասին: Իմ գիտելիքների աղբյուրը, բացի ռադիոյից, նաև պոլիտեխի կանաչ դահլիճն էր, մի քիչ էլ ռոք հանրագիտարանները, որոնք նոր ինֆորմացիա չէին պարունակում, չեխերեն երաժշտական ամսագրերը, մեկ էլ էստեղից-էնտեղից ինտերնետներից ճարած, տպած տեքստերը:

Էդ անկապ ինֆորմացիան լցվում էր գլուխս, իսկ հետո մրցանակների տեսքով նյութականանում: Ռադիոների սաղ մրցանակները շահում էի՝ ներվայնացնելով դիջեյներին: Տանը ինչ ասես չէր հայտնվել. էլ զանազան կասետներ, էլ համերգի տոմսեր, էլ շարֆ, էլ շինարարական իրերի զեղչի քարտեր, էլ շամպուններ: Մի խոսքով, ինչ մտքներովդ անցնի:

Բայց հիմա հեչ չեմ փոշմանում էդքան անկապ բաներով ուղեղս լցնելու համար: Հավես էին էդ մրցանակները: Հիմա էլ ա հավես, երբ ինչ-որ բարում 90-ականների փախած երգ են միացնում, ու ես առաջին վայրկյաններից կռահում եմ կատարողին՝ ասես հաջորդ վայրկյանին վազելու եմ հեռախոսի մոտ, զանգեմ ռադիո ու ասեմ, թե ով է երգում: Բայց երբեմն էլ երգը չափազանց ծանոթ է թվում, ու այդպես էլ ոչ մի կերպ չեմ մտաբերում կատարողին, ուր մնաց թե նախկին սիրածներին ու ալբոմները թվարկեմ:

 

 

Ուֆ, էս գրառումս անկապ էղավ: Ես լրիվ ուրիշ բան էի պատկերացնում :Դ

2 Comments »

Պատմություն 3. իմ մանկությունից

BISPՄինչ պատմությունս պատմելը, մի հարց տամ. դուք հետևու՞մ եք մյուսներին, թե՞ ես էստեղ նստած մենակ-մենակ եմ վայելում բոլորի պատմությունները: Կուզե՞ք էն գլխավոր թեմայում անընդհատ նոր պատմությունների հղումներ ավելացնեմ, թե՞ դուք ինքնուրույն հետևում եք:

Հա, ուրեմն մանկություն… Ընդհանրապես, իմ մանկությունը երկու խիստ անհավասար կեսերի է բաժանվում. մինչև Պրահան ու Պրահան: Դրանից հետո, թեև Հայաստան վերադարձանք, երբ դեռ տասը տարեկան էի, մտա երկարատև ադապտացիայի փուլ, ու մի տեսակ ինչ հիշում եմ, ավելի շատ դեռահասային է թվում, քան մանկական:

Իսկ Պրահա մեկնեցինք, երբ դեռ ինը տարեկան չկայի: Երկու տարի էլ չի տևել մեր էնտեղ ապրելը, բայց մինչև հիմա էլ համոզված եմ, որ հենց էդ ժամանակն էր պատճառը (դե երևի մի քիչ էլ գեները, եսի՞մ), որ ես դարձա տարբեր ու շատ երկար ժամանակ չէի մերվում հայկական իրականության հետ: Լավ, սա ուրիշ թեմա է, թողնենք հետոյի, անցնենք մանկությանը: Պրահայի մանկությանը: Մի քանի պուճուր-մուճուր բան կպատմեմ:

Էնտեղ մենք բրիտանական դպրոցում էինք սովորում, որի աշակերտներն աշխարհի ամենատարբեր երկրներից էին: Հիշում եմ՝ երկար դասամիջոցներին տղաները ֆուտբոլ էին խաղում: Մի օր աղջիկներն էլ միացան, ու ոչ ոք չասեց՝ ֆուտբոլն աղջկա բան չէ: Էնտեղ մենք հավասար էինք: Ու կարճ ժամանակ հետո աղջիկներն էլ սկսեցին գոլեր խփել: Հա՛, մի հատ էլ էստոնացի Ռիվո ունեինք, մեր դասարանից էր: Հենց պարտվում էր իր թիմը, լացում էր:

Մենք կրտսեր դպրոցի ամենաավագ դասարանն էինք, դրա համար մեզ «ծանր» էինք պահում: Մեր դասասենյակը միակն էր, որ առաջին հարկում էր: Ասենք, դասասենյակ էլ չէր, գրադարանն էր, բայց որովհետև մենք «մեծ» էինք, շատ մեծ տարածքի կարիք չունեինք, էնտեղ էին խցկել: Բայց դե ճաշի ընդմիջմանը բոլորը մի տեղում էին հավաքվում երկրորդ հարկում (կարծեմ մեր նախկին դասասենյակն էր, որը մեծահոգաբար զիջել էինք մանկապարտեզին): Մեկ էլ մի Թոմ կար մեր դասարանում: Բելգիացի, թմբլիկ տղա էր: Ինքն ինձ համոզում էր, որ դասամիջոցներին մնանք առաջին հարկում՝ մեր դասարանում: Ես էլ սուսուփուս լսում էի նրան: Էս մեր դասարանցիները սկսել էին բամբասել, թե Թոմն ինձ է սիրահարվել: Վերջը էդ շշուկներն ինձ էլ հասան: Դրանից հետո ամաչեցի ճաշի ժամին ներքևում Թոմի հետ մնալ: Էշ խելքս ասեք:

Բոսնիայից մի աղջիկ կար, անունը՝ Սելմա: Հետը ահագին մոտիկ էի: Մի անգամ առավոտյան հանդիպման ժամանակ ականջիս շշնջաց.
– Դու ի՞նչ կրոն ունես:
– Քրիստոնյա եմ:
Դեմքը մռայլվեց: Ես էլ իրեն նույն հարցը տվեցի: Ասաց, որ մահմեդական է: Էն ժամանակ շատ չէինք հասկանում կրոնների տարբերությունները, բայց հասկացանք, որ ինչ-որ բան էն չէ, համատեղելի չէ: Այնուամենայնիվ, ֆուտբոլ խաղալիս, միասին նույն Աստծուն էինք աղոթում, որ պենալը գոլ լինի: Սելման Քեմբրիջ գնաց:

Մեկ էլ մեր դասարանում մի հայ աղջիկ կար, անունը՝ Դիանա: Սկզբում հետը լավ մոտիկ էի: Ինքը դեռ անգլերեն չգիտեր, դասամիջոցներին հետը հայերեն էի խոսում (դասի ժամանակ արգելված էր): Բայց հենց մի քիչ անգլերեն սովորեց, իր համար ընկերներ ճարեց, էդպես սկսեցինք մանրից ավելի քիչ շփվել: Երբ արդեն պիտի Հայաստան գայինք, մամաս խոսքի մեջ ասել էր, որ անգլիական դպրոց ենք գնալու, ես էլ ոգևորվել էի դրանից. երևի միակ ոգևորիչ բանն էր Հայաստան գալու հետ կապված: Իբր Դիանային ջիջիլ գցելու համար մի անգամ ասացի.
– Մենք որ գնանք Հայաստան, անգլիական դպրոց ենք գնալու: Իսկ դու ի՞նչ դպրոց ես գնալու, որ գնաս Հայաստան:
– Մենք երբեք Հայաստան չենք գնալու,- պատասխանեց:
Ու իմ մանկական ուղեղը հասկացավ, որ էդտեղ ինչ-որ բան սխալ է: Իսկ թե ինչը, մինչև հիմա չեմ կարողանում պատասխանը գտնել:

3 Comments »

Դպրոցից ու Վերջին զանգից. տասը տարի անց

Դպրոցը երևի իմ կյանքի ամենամղձավանջային հատվածն է եղել, որից ազատվելու միակ միջոցն ավարտելն էր: Երբ օրերն էի հաշվում, թե երբ պիտի Վերջին զանգ-քննություններ անցնեն-գնան, բոլորն ինձ ասում էին, թե տարիներ անց փոշմանելու եմ: Ուղիղ տասը տարի է անցել, բայց ամեն վայրկյան, երբ մտաբերում եմ դպրոցական կյանքս, միանգամից ուրախանում եմ, որ էդ ամենը հետևում է մնացել:

Երթուղայինում կիթառ նվագելիս

Երթուղայինում կիթառ նվագելիս

Էնպես չէր, որ իմ էդ ժամանակվա կյանքը զիբիլ էր: Չէ՛, մենակ դպրոցի հատվածը: Ես լիքը հետաքրքրություններ ունեի. նկարչության, բասկետբոլի ու կիթառի էի գնում, ռոք էի լսում, ճղած ջինսեր հագնում, բանդանա կապում, սենյակս պոստերներով զարդարում: Լիքը ընկերներ ունեի, որոնցից ոչ մեկը մեր դպրոցից չէր, իսկ շատերն ընդհանրապես մի քանի տարով մեծ էին ինձնից: Ու հենց էս ամենն ինձ տարբեր էր դարձնում: Չէի մերվում դպրոցի ընդհանուր մթնոլորտի հետ՝ ո՛չ դասատուների, ո՛չ էրեխեքի (որոշ բացառություններ չհաշված):

Իմ գլխավոր թշնամիները (օղորմածիկ) դասղեկս, որը նաև մեզ անգլերեն էր տալիս, ու հայերենի դասատուս էին (վերջինիս մասին մանրամասն այստեղ): Ինչքա՜ն են ինձ տնօրենի մոտ քարշ տվել վատ վարքիս համար, ինչքա՜ն են «երկուսներով» սպառնացել, բայց ոչ մի բան անել չէին կարողանում, որովհետև թարսի պես էդ երկու առարկաներից բավական ուժեղ էի: Ու երբ կատաղած ինչ ասես չէի ասում նրանց հասցեին, ուսմասվար-տնօրեն փորձում էին ինձ հանգստացնել՝ ասելով, որ ավարտելուց հետո նրանց կարոտով եմ հիշելու ու շնորհակալ եմ լինելու:

Տասը տարի է անցել, բայց դեռ շնորհակալ չեմ: Ինչի՞ համար: Որ ոչինչ չե՞ն սովորեցրել, որ իրենց դասերին ձանձրանու՞մ էի, որովհետև իրենց տվածից շատ գիտեի: Որ դպրոցական տարիներս դժոխքի վերածող գլխավոր մարդիկ իրե՞նք են եղել:

Հետո հիշում եմ նաև ֆիզկուլտի դասատուին: Մի գողական կնիկ էր, ամբողջ դասարանի սիրելին, բայց ես առանձնապես հետը գլուխ չէի դնում: Հիշում եմ, որովհետև Վերջին զանգի սցենար պետք էր առնել: Ես հայտարարեցի, որ ինքս կգրեմ, որ չարժե անիմաստ ստանդարտ բաների հետևից ընկնել:

Էդպես ես ու մամաս նստեցինք, սկսեցինք Վերջին զանգի սցենար գրել: Մամաս հիշում էր իր սեփական ավարտական հանդեսը, որի սցենարն էլ էր ինքը գրել, վերարտադրում էր, մի քիչ հարմարացնում էինք մեր օրերին, գրում: Հետաքրքիր ու օրիգինալ տեքստ էր ստացվել, բայց չհասցրինք վերջացնել:

Մի օր մեր ֆիզկուլտի դասատուն հայտնվեց մեր դասարանում իբր օգնելու, որ Վերջին զանգ անենք: Ինձնից գոհ սցենարը տվեցի նրան: Կարդաց: Սկզբում ջղայնացավ, որ ոչ մի տեղ հաղորդավարներ չկան, որովհետև ըստ սցենարի ավարտող աշակերտը դպրոցի հետ երկխոսության մեջ էր մտնում, ու միասին զանազան բաներ էին հիշում: Հետո երբ հասավ կիսախոսակցական զրույցին, լրիվ ափերից դուրս եկավ, թե՝ սա բանի պետք չի: Իսկ եթե ֆիզկուլտի դասատուն ասում էր, ուրեմն էրեխեքի համար օրենք էր: Մեկ էլ էն եմ հիշում, որ լացելով դասարանից դուրս եկա:

Սցենարը վերջը գրվեց ուրիշ դպրոցների նախկին տարիների պատվիրված սցենարներից պատառիկներ հավաքելով, իրար կպցնելով: Մի խոսքով, նույն շաբլոն կառուցվածքը, նույն անկապ կատակները, ինչ բոլոր դպրոցներում կարելի է տեսնել: Սկզբում չէի ուզում մասնակցել, բայց կամաց-կամաց ինքս ինձ համոզեցի, որ գոնե բեմ բարձրանամ (քեֆին էդպես էլ չգնացի): Ըստ շաբլոն սցենարի, բոլոր դասատուների համար առանձին-առանձին անկապ տեքստեր էին կարդում ու ծաղիկ տալիս: Էդ անկապ տեքստերի գործն իր վրա վերցրեց մեր դասարանի մեծն բանաստեղծ Սյուզին: Ասացի, որ իմը ես կգրեմ:

Լինելով դասարանի գերազանցիկներից՝ ամեն դեպքում կարող էի ինքս ընտրել, թե որ դասատուի տեքստն ասեմ: Չգիտեմ ինչու, Հովհաննիսյանին՝ աստղագիտության դասատուին ընտրեցի, որը մեզ ցածր դասարաններում ֆիզիկա էլ էր տվել, ու էն ժամանակ հեչ չէի սիրում նրան, ուզում էի, որ մեր նախկին դասատուն՝ Սվազյանը վերադառնա: Չէ՛, ավելի շուտ գիտեմ… ինձ մի արարքով շատ ուժեղ հիացրել էր Հովհաննիսյանը: Մի օր երևի էդ պատմությունն առանձին կպատմեմ: Մի քանի այլ պատճառ էլ կար, որ հրաժարվեցի իմ ամենասիրելի դասատուների տեքստն ասելուց, բայց հիմա լավ չեմ հիշում:

Փորձի ժամանակ, երբ Հովհաննիսյանի մասն ասացի, էրեխեքից մի քանիսն ինձ մոտեցան, խնդրեցին, որ իրենց համար էլ տեքստ գրեմ. Սյուզիի գրած անկապ չափածո բաները դուրները չէին եկել: Նրանց թվում իմ սիրելի դասատուներն էին: Թաքուն ուրախացա, որովհետև ստացվեց այնպես, որ թեև ծաղիկներ տանողը ես չէի, բայց հենց իմ խոսքը հնչեց նրանց համար: Ու երևի էդպես էլ երբեք չիմացան դրա մասին:

Չեմ հիշում՝ դասղեկինն ով էր ասել, չի էլ հետաքրքրում, բայց հաստատ մի գլուխ կեղծ խոսք էր: Ոչ մեկս չէինք սիրում նրան: Ուղղակի ես մյուսներից շատ չէի սիրում: Հայերենի դասատուինն էլ Արմինեին էր բաժին ընկել Սյուզիի տափակ չափածոյով: Արմինեն էլ մեր դասարանի մեղմ ասած ամենալավ սովորողներից չէր, ու մեր հայերենի դասատուն ահագին վիրավորվել էր, որ իր տեքստն այդքան կարճ էր ու որ ես կամ Գայանեն (մեր մյուս գերազանցիկը) չէինք ասել:

Վերջին զանգից հետո քննությունները սկսվեցին: Քրտնելով, մեջտեղից ճղվելով, իսկ մինչ այդ նաև դպրոցի տնօրինության ու լիքը դասատուների դեմ կռիվ տալով կարողացա առանց կաշառքի-բանի մեդալով ավարտել: Հետո պիտի տնօրենը գլուխ գովեր, թե էդ տարի դպրոցում մեդալակիր է եղել: Մոռացել էր, թե ոնց էր մերոնց կանչում, համոզում, որ հրաժարվենք, մամայիս ստից ասում էր, թե պատմությունից վատ եմ, մաթեմն էլ ոչ թե «չորսի» ու «հինգի», այլ «երեքի» ու «չորսի» խնդիր է եղել : Էդ պատմությունների մեջ մեկ էլ նույն ֆիզկուլտի դասատուին եմ հիշում, որ ասում էր՝ հրաժարվի, թե չէ հանձնաժողով կգա դպրոց, դասարանցիներդ չեն կարողանա ավարտել: Լավ էր, չէ՞: Տասը տարի շարունակ էդ նույն դասարանցիները մի կերպ քարշ են եկել առանց մատը մատին խփելու, իսկ ես սովորել եմ, հետո էլ հանուն նրանց պիտի հրաժարվեի (մեդալի պատմությունն ավելի մանրամասն այստեղ):

Ու հիմա ավարտելուց տասը տարի անց նստած մտածում եմ՝ ի՜նչ լավ է, որ պրծել եմ էդ դպրոցից: Մենակ թե կարոտում եմ Խոջոյանին, Յոլչյանին ու Սվազյանին: Կարծեմ նրանցից ոչ մեկն էլ մեր դպրոցում չի աշխատում. մեր ավարտելուց կարճ ժամանակ հետո երեքն էլ գնացին: Էրնե՜կ էս կողմերով անցնեին, իմանային, թե ինչքան շատ եմ սիրում նրանց ու թե ինչքան շնորհակալ եմ լինելու մինչև կյանքիս վերջ:

Իսկ էս թղթի կտորն աչքիս լույսի պես պահում եմ: Ամեն անգամ, երբ ինքնավստահությունս հավասարվում է զրոյի, երբ ուզում եմ ամեն ինչ թողնել ու կորչել-գնալ, կարդում եմ ու հիշում, որ դեռ պիտի կենսաբանության գաղտնիքները բացահայտեմ:

Leave a comment »

30 օր երաժշտության հետ. օր 29. երգ իմ մանկությունից

Կար ժամանակ, երբ չունեի սեփական երաժշտական ճաշակ ու լսում էի այն, ինչ ծնողներս: Կար ժամանակ, երբ առանձնապես երաժշտություն չէի սիրում ու ներվայնանում էի, երբ հեռուստատեսությամբ երաժշտական հաղորդումներ էին լինում (եթե, իհարկե, լույս լինում էր հեռուստացույց նայելու համար): Ու հենց էդ տարիքում էր, որ հավեսով լսում էի Ռուբեն Հախվերդյանի երգերը: Երբ մեծացա, ունեցա իմ սեփական ճաշակը, նա մնաց իմ սիրելի կատարողներից: Ու էս երգը, որ հիմա կդնեմ, մանկությունիցս եմ հետս բերել: Հիշում եմ՝ սիրում էի, երբ հեռուստացույցով ցույց էին տալիս տեսահոլովակը: Մի նիհար տղա էր, որը թղթե նավակը դնում էր գետի մեջ ու հետևից վազում: Ու մեկ էլ վերջին կադրն եմ հիշում, երբ իսկական մեծ նավ է հայտնվում: Ցավոք, youtube-ում չգտա տեսահոլովակը:

Իսկ ես մինչև հիմա սպասում եմ, որ նավակը նավ է դառնալու:

2 Comments »

Protected: Հիշողություն

This content is password protected. To view it please enter your password below:

Enter your password to view comments.

Protected: Շերտեր

This content is password protected. To view it please enter your password below:

Enter your password to view comments.

Հին օրերի առաջացրած ժպիտը

Անընդհատ նայում էի սենյակիս պատերին, պահարաններին ու չէի կշտանում: Իրոք շատ էի կարոտել: Երբեմն էլ բացում էի դարակները, գրքերը շոշափում, տարբեր իրեր հայտնաբերում: Գրապահարանիս ներքևում կա մի դարակ, որտե ղ զանազան բլոկնոտներ, տետրեր ու թղթապանակներ եմ պահում: Մինչև հիմա մենակ բացում ու նայում էի, բայց էսօր այս գրառումը կարդալուց հետո ոգևորվեցի և ուզեցի տեսնել` ինչ կա այնտեղ:

Դարակի առավել մութ անկյունում իրար վրա կուտակված էին օրագրերս, որոնք իմ ամբողջ պատմությունն էին պարունակում ու որոնցից հուշտ էի լինում վերջին տարիներին, իսկ ավելի վաղուց սիրում էի կարդալ ու վերապրել հին զգացմունքներս:

Մտածեցի` մեկը վերցնեմ ու բացեմ: Ուշադրությունս գրավեց  հանրահայտ կապույտ օրագիրս, որն այնքան մեծ էր, որ բոլորը գիտեին` օրագիրս է: Ստիպված հատուկ թաքցնում էի, որ եղբայրս չգողանա ու կարդա: Էնտեղ ամփոփված են զառանցանքներս 2004-2006թթ.: Մի քիչ թերթեցի, որոշ հատվածներ կարդացի ու ժպտացի: Որոշ տեղերում գտա մարդկանց անուններ, որոնք այն ժամանակ իմ ամբողջ աշխարհն էին, բայց հիմա նույնիսկ մոռացել եմ նրանց գոյության մասին: Կարոտեցի մի տեսակ: Ուզում եմ մի քանի ժպիտ առաջացրած հատված մեջբերել:

23.08.2004

Այսօր չաթում մեկը Phoebe նիքով էր: Հարցրի, թե արդյոք “Catcher in the Rye”-ից է վերցրել այդ անունը: Պարզվեց, որ այո: Ես ուրախացա, որովհետև բացի հորիցս նա իմ հանդիպած առաջին մարդն էր, որ այդ գիրքը կարդացել է:

Փաստորեն, էդքան նեղն էի էն ժամանակներում, որ շրջապատումս կարդացող մարդ  չկար:

30.08.2004

Սիրելի’ բախտավոր կամ դժբախտ կամ ինչպես ուզում ես, եթե գտել ես այս տետրս, ապա հետևյալ հասցեն էլ քեզ համար գաղտնիք չէ. http://www.livejournal.com/users/byurie

26.09.2004

– Դուք Amy-ն եք, չէ՞:

Զարմացա. նիքս էլ գիտի: Այն հարցիս, թե որտեղից գիտի, ասաց, որ Ալանիս միայն ես եմ լսում:

03.10.2004

Ես չեմ սիրում, որ երբ որևէ սիրային բանաստեղծության մասին բացասական կարծիք եմ հայտնում, ինձ ասում են, որ չեմ սիրահարվել, դրա համար էլ չեմ հասկանում:

Երևի էսքանը հերիք է, չնայած շատ ավելի շատ ժպտացի, քան գրել եմ էստեղ: Հետաքրքիր էր, թե ինչ ապրումներ էի ունենում, ինչերի միջով էի անցնում 7-9 տարի առաջ: Ու չնայած ահագին  տանջվում էի, ուրախ եմ, որ էդ ամենը ժպիտով եմ կարդում ու հիշում հիմա: Ափսոս: Կուզեի հիմա էլ ձեռագիր օրագիր ունենալ ու նույնքան անկեղծ ու մանրամասն գրել:

10 Comments »