Ալանիսի հարցերը 2018֊ի մասին ու դեպի 2019

2018թ. որո՞նք էին իմ ամենասիրած պահերը
– Առաջին այցելությունս Օրհուս որպես իրենց աշխատկցուհի
– Սանդբյերգում երեկոն, երբ մեր գիտական խմբով վիսկի էինք խմում ու դեբիլ խաղեր խաղում
– Դեպի Հռոմ կատարած ճամփորդությունն իր բոլոր դետալներով՝ սկսած պատշգամբում երգելուց, վերջացրած կատուների ապաստարան այցելությամբ
– Փարիզն ամբողջությամբ՝ քաղաքում զվռնելով, Քորթնի Բարնեթի ու Վաքսահաչիի համերգով գրախանութներով անցնելով
– Դուբլինը հուլիսին, երբ արևի տակ քաղաքը ոտքի տակ տվեցինք
– Ալանիս Մորիսեթի համերգը Դուբլինում
– Ալանիս Մորիսեթի համերգից հետոյի փարթին Դուբլինում (դա երևի կյանքիս ամենաերջանիկ պահերից էր, գտնված մի բան)
– Երևանում Անուկին սկզբում առանձին, հետո նաև ընտանիքով ու Ամառուի հետ հանդիպելը
– Երևանում Աննայի ու Սոնայի հետ Շանթիում թեյ խմելը
– Դիլիջանում Լիլիթի հետ սար բարձրանալը
– Դիլիջանում Լիլիթի տանը ինքնաբուխ համերգը
– Մեծ պապիս արձանի բացումը Գյումրիում
– Երևանի վերջին երեկոն Նանեի, Նարեի ու մյուսների հետ
– Կոպենհագենում ծովափին Մագդայի հետ վերընկնել ու պաղպաղակ ուտելը
– Կոպենհագենում Մորթենի հետ մի քանի անգամ ծովափ գնալն ու ջրում լողալը, մինչ Մորթենը ափին գիրք կկարդար
– Օրհուսում կին գիտնականների վորքշոփը ու մարդիկ, որոնց հետ այնտեղ ծանոթացա
– Օգոստոսին Օրհուսում գործից հետո ծովափ գնալը
– Վենետիկում Սիլվիայի, Սեչկինի ու մյուսների հետ ընթրիքը
– Վենետիկի Սուրբ Ղազար կղզի այցելությունը
– Դուբլինը հոկտեմբերին, երբ արդեն կարդացել էինք Սալլի Ռունիի երկու գրքերը, ու քաղաքի ամեն անկյունը գրքից մի դրվագ էր հիշեցնում
– Դուբլինում Սեդային հանդիպելը ու ինչ֊որ պարտեզներ գնալը (անունը չեմ հիշում)
– Բերգենում յոգայի դասերը
– Բերգենում Ստոլցըկլայվեն բարձրանալը
– Բերգենի առավոտները, հատկապես երբ անձրև չէր գալիս
– Քորթնի Բարնեթի համերգը Կոպենհագենում
– Վալերիայի հետ տաք շոկոլադ խմելու գնալը
– Յոենսու վերադառնալը ու իմ սիրելի սրճարանում մի քանի ժամ նստելը
– Մարի֊Լուիզի պաշտպանությունը
– Մանուի այցելությունը Կոպենհագեն

2018թ. սիրածս գրքերը
Էս տարի ահագին շատ եմ կարդացել ու ահագին շատ լավ գրքեր։ Փորձեմ մի քանիսն առանձնացնել.
– Հելլե Հելլե ֊ «Տուն֊տեղ»
– Հելլե Հելլե ֊ «Նրանք»
– Սյուզան Բրյոգեր ֊ «Նեֆրիտե կատուն»
– Սալլի Ռունի ֊ «Նորմալ մարդիկ»
– Սալլի Ռունի ֊ «Զրույցներ ընկերների հետ»
– Ռոբերտո Բոլանյո ֊ «2666. մաս I ու II» (ուղղակի շարունակությունը դեռ չեմ կարդացել, բայց առաջին ու երկրորդ մասերն իրենք իրենցով առանձին գրքեր են)
– Դորթե Նորս ֊ «Կանադայի քարտեզ» պատմվածքների ժողովածուից մի քանի պատմվածք


2018թ. սիրածս ֆիլմերը
«Մեղավորը»

2018թ. սիրածս հոդվածները
Որևէ բան չեմ մտաբերում։

2018թ. սիրածս համերգները
Ալանիս Մորիսեթի, Քորթնի Բարնեթի և Լիզա Հանիգանի երկու համերգները, Վաքսահաչիի մեկ համերգը

2018թ. սիրածս երգերը/կատարողները
– Lisa Hannigan – էլի At Swim ալբոմը․ երևի էս ալբոմն ամեն տարի նշելու եմ։ Արդեն պայմանական ռեֆլեքս ա առաջացել, որովհետև ամեն անգամ կենտրոնանալ փորձելիս հենց էս ալբոմն եմ միացնում
– Waxahatchee – Great Thundar
– Courtney Barnett – ամբողջ դիսկոգրաֆիան
– Լիլիթ Բլեյանի «Թափանցիկ երգերը»

2018թ. սիրածս հեռուստահաղորդումները
Առանձնապես բան չեմ նայել։

Ինչո՞վ եմ ամենաշատը հպարտացել 2018թ.
Միաժամանակ երկու քաղաքում ապրելու դժվարությունը պատվով հաղթահարելը ու քչից֊շատից աշխատող լուծումներ գտնելը

Ինչի՞ համար եմ ինձ ներում
Ներում եմ ընկերական շրջապատիցս ու ընտանիքիցս սովորականից ավելի կտրված լինելու համար։

Ո՞րն է 2017 և 2018թթ. դեկտեմբերների ամենամեծ տարբերությունը
Անցյալ տարվա դեկտեմբերն ահավոր էր, ահավոր բաներ էին կատարվում։ Հիմա ամեն ինչ ավելի լավ է, ավելի լավատես եմ, ու ապագայից չեմ վախենում։

Բավականաչափ զվարճացե՞լ եմ
Հենց բավականաչափ։

Արդյոք բավականաչափ հաճա՞խ եմ ասել «այո»
Հենց բավականաչափ

Արդյոք բավականաչափ հաճա՞խ եմ ասել «ոչ»
Երևի մի քիչ ավելի քիչ, քան պետք էր, բայց էս տարին առանձնահատուկ էր նաև նրանով, որ ահագին խորացել էի «ոչ» չասելու պատճառների մեջ, ու թե ինչն է դրդում ինձ անել բաներ, որոնք չեմ ուզում։ Ու էդ ինքնավերլուծության ֆոնի վրա ահագին բան սովորեցի։

2019-ի մասին.
Ի՞նչն է ինձ ամենից շատ ոգևորում
Գժական զբաղված կիսամյակը, որի ընթացքում պիտի թե՛ հիմնական գործերս անել, թե՛ նոր հմտություններ ձեռք բերել։ Ընդհանրապես, 2019֊ին ավելի եմ կենտրոնանալու սովորելու վրա ու կանոնավոր կերպով նոր հմտություններ ձեռք բերեմ։ Մասնավորապես, անհամբեր սպասում եմ բայեզյան ստատիստիկայի գրքիս։

Ի՞նչ նոր բաներ եմ փորձելու, որ մինչ այդ չեմ արել
Գիրք տպագրել

Ի՞նչ նոր բաներ կուզենայի անել ու ավարտել, որ 2018-ի դեկտեմբերին ուրախությամբ արձանագրեմ դրա մասին
– Գիրքս տպագրել
– Առնվազն երկու տպագրված հոդված, առնվազն մեկը՝ ընթացքի մեջ
– Նոր աշխատանք/ֆինանսավորում գտնել 2020֊ի համար
– Բայեզյան ստատիստիկան գոնե էն մակարդակով իմանալ, որ իմ աշխատանքում կարողանամ օգտագործել
– Ավելի շատ մասնագիտական գրականություն կարդալ ու սովորություն դարձնել պարբերաբար նոր հոդվածներ կարդալը
– Դանիերեն վարժ խոսել (ենթադրում ա զրույցի կեսից անգլերենի չանցնելը)
– Յոգայի գլխիվայր դիրքն առանց պատի անել
– Մի բան էլ, բայց չեմ ասի

Ի՞նչն է ինձ վախեցնում, և ես գիտեմ, որ պետք է անեմ
Գրանտներ գրելը/նոր աշխատանք ճարելը, բայց հավատում եմ, որ լավ կլինի։

Նոր ընկերնե՞ր, մտերիմնե՞ր, միջավայրե՞ր
Կուզեի Օրհուսի նոր֊նոր ձեռք բերածս շրջապատն ավելի ամրապնդել։ Կուզեի նաև արդեն եղած ընկերներիս հետ մտերմությունն ավելի ամրապնդել, որովհետև 2018֊ին աշխարհագրական խնդիրներով պայմանավորված գրեթե բոլոր ընկերներիս բարձիթողի էի արել ու գրեթե ոչ մեկի հետ չէի շփվում ո՛չ իրական կյանքում, ո՛չ վիրտուալում։

Ինչ-որ բան, որ չէի ուզենա այլևս անել
Սոցիալական ցանցերում ու ակումբում ժամանակ ու նյարդեր քայքայել։ Էդ ժամանակը կարելի ա ավելի կարևոր բաների վրա ծախսել։

2018. հետադարձ հայացք

2018֊ը կամաց֊կամաց ավարտվում է, ու ժամանակն է կամաց֊կամաց հետադարձ հայացք գցելու ու նոր պլաններ կազմելու։ Սկզբի համար երևի ուղղակի նայեմ 2018֊ի ծրագրերիս ու սպասելիքներիս, որ գրել էի 2017֊ի վերջին ու տեսնեմ, թե ուր եմ հասել։

2018-ի մասին.
Ի՞նչն է ինձ ամենից շատ ոգևորում
Նորից Իռլանդիա գնալու հեռանկարը, նոր աշխատանքը Կոպենհագենում, որը դեռ հորիզոնում չի երևում, բայց հույս ունեմ՝ կգտնեմ

Նորից Իռլանդիա իհարկե գնացի, գնացի երկու անգամ, ու երկուսն էլ հրաշալի ճամփորդություններ էին։ Գտա նաև նոր աշխատանք ընդամենը այս գրառումն անելուց մի քանի օր հետո, բայց Կոպենհագենում չէր, Օրհուսում էր, ինչից հեչ դժգոհ չեմ։

Ի՞նչ նոր բաներ եմ փորձելու, որ մինչ այդ չեմ արել
Գիրք տպագրել

Տպագրել չհասցրի, բայց արդեն կա գիրքը իր տասնհինգ պատմվածքներով ու վերնագրով։ Մնում է խմբագրել ու սրբագրել։ Իմ մասը մինչև տարվա վերջ հաստատ կհասցնեմ, հետո կուղարկեմ սրբագրիչներին ու խմբագիրներին, ու հույս ունեմ՝ 2019֊ի առաջին կեսին լույս կտեսնի։

Ի՞նչ նոր բաներ կուզենայի անել ու ավարտել, որ 2018-ի դեկտեմբերին ուրախությամբ արձանագրեմ դրա մասին
– Աշխատանք Կոպենհագենում
Կոպենհագեն չէր, Օրհուս էր, բայց ուրախությամբ արձանագրում եմ
– Տպագրված գիրք
Տեղափոխվեց 2019
– Առնվազն երկու նոր տպագրված հոդված
Հենց երկու հատ էլ ունեմ։
– Մի բան էլ, բայց չեմ ասի
Սա էլ տեղափոխվեց 2019

Ի՞նչն է ինձ վախեցնում, և ես գիտեմ, որ պետք է անեմ
Յոենսու վերադառնալը։ Հենց մյուս ուրբաթ։ Ուղղակի սարսափում եմ։
Հունվար֊փետրվար՝ վերջին երկու ամիսները Յոենսուում այնքան էլ սարսափելի չէին, ինչքան առաջին չորս ամիսները։

Նոր ընկերնե՞ր, մտերիմնե՞ր, միջավայրե՞ր
Եթե կարողանայի հները Կոպենհագենում պահել, երջանկությունից կթռվռայի։ Բայց նոր աշխատանքը կարող է նաև նոր բնակավայր ու նոր շրջապատ ենթադրել
Նոր շրջապատը, նոր ծանոթությունները կան, բայց մարդկանց հետ կապ պահպանելը դժվարացել է։ Ավելի մանրամասն առաջիկա գրառումներում կանդրադառնամ դրան։

Ինչ-որ բան, որ չէի ուզենա այլևս անել
Շաբաթ-կիրակի աշխատել։ Բայց երևի հունվար-փետրվարին դեռ անելու եմ
Ստացվեց։ Շաբաթ֊կիրակի և տոն օրերին խիստ հազվադեպ եմ աշխատում։ Հիմա էլ, երբ տոնական արձակուրդ է, հայտարարել եմ, որ ինձ չանհանգստացնեն, որովհետև մատս մատիս չեմ խփելու մինչև հունվարի 2֊ը։

Յոգան ու ես

Յոգայով սկսեցի զբաղվել հինգուկես տարի առաջ։ Խրոնինգենում մագիստրոսական թեզս էի գրում։ Իմ համակուրսեցի Սոֆյան հարցրեց՝ կուզենա՞մ իր հետ յոգայի գնալ։ Ես էլ առանց երկար֊բարակ մտածելու համաձայնեցի։

Յոգայի գնում էինք մի ֆիթնես կենտրոնում, որն ուսանողների համար բավական էժան բաժանորդագրություն ուներ։ Մեր ուսուցիչներն էին Խեռին (կներեք արտահայտությանս համար) ու Ջինան։ Մի երրորդն էլ կար, բայց անունը չեմ հիշում, հետո ինքը ավելի հազվադեպ էր դասավանդում ու համեմատաբար թույլ էր։ Բայց Խեռին ու Ջինան հրաշալի ուսուցիչներ էին։

Հենց սկզբից ահավոր սիրեցի յոգան։ Ինձ համար դարձել էր մարմինս ճանաչելու միջոց։ Դրան գումարած նաև ֆիզիկական ակտիվություն էր առանց իր հետ եկող տհաճ բաներով. քրտնել, դասից հետո ցնցուղ ընդունել, հսկայական պայուսակ ման տալ և այլն, էս բոլորը չկար։ Յոգայի հագուստը թեթև էր ու նկատելի ծանրություն չէր ավելացնում ուսապարկիս։ Քրտնել գրեթե չկար, ու կարելի էր հեշտությամբ առօրյայի մասը դարձնել։

Էդպես ես ու Սոֆյան գնալով ավելի հաճախ սկսեցինք դասերի գնալ, մինչև դա դարձավ ամեն օր, երբեմն օրը երկու անգամ։ Հիշում եմ՝ ոնց էի սիրում երկուշաբթի առավոտները սկզբում յոգայի գնալ, հետո գրադարանում թեզիս վրա աշխատել։

person rolling green gym mat
Photo by rawpixel.com on Pexels.com

Խրոնինգենի յոգայի խմբի առանձնահատկություններից մեկը նաև այն էր, որ խմբային զգացողություն կար. անընդհատ նույն մարդիկ էին գնում, ոմանց անուններով գիտեինք։ Ուսուցիչներն էլ մեզ բոլորիս անուններով գիտեին ու անհատական մոտեցում էին ցույց տալիս։ Էլ չասեմ, որ յոգան բավական դրական անդրադարձավ ոչ մի այն մարմնիս տեսանելի կողմին (քաշ առանձնապես չկորցրեցի, բայց մարմինս ավելի ձիգ ու սիրուն դարձավ), այլև առողջական կողմին։ Հետևաբար, Հայաստան վերադառնալիս իմ թիվ մեկ խնդիրը յոգայի դասերը շարունակելն էր։

Էդպես գտա Վահագնին ու Նելլիին, գնացի իրենց խմբակը։ Հիմնականում Նելլին էր դասավանդում։ Մի հրաշալի ուսուցիչ էլ նա էր։ Ճիշտ է՝ էս դեպքում ամեն օր դաս ունենալու ճոխությունը չկար, բայց շաբաթը երկու անգամն էլ հրաշալի էր։ Նելլին սովորեցրեց գլխիվայր վարժությունները, ու ինչպես Խեռին ու Ջինան էին, բոլորին անունով գիտեր ու բոլորին անհատական մոտեցում էր ցույց տալիս։ Էդպես Երևանում շարունակվեց իմ մարմնի ճանաչումը։

Բայց սա էլ կարճ տևեց, որովհետև Հայաստանից գնացի շուտով։ Կոպենհագենում յոգայի տեղ գտնելու փնտրտուքների մեջ չընկա։ Գրանցվեցի առաջին պատահած ֆիթնեսում՝ մտածելով, որ Խրոնինգենի պես կլինի։ Բայց Խրոնինգենի պես չէր։ Այս ֆիթնեսը երկրով մեկ հարյուրավոր կենտրոններ ուներ (Խրոնինգենինն ընդամենը երկուսն էր ու միայն քաղաքում)։ Էստեղ խմբերը բավական անդեմ էին։ Ուսուցիչների որակն էլ լրիվ սկսնակ ու ահավոր վատից տատանվում էին մինչև գիտակ ու փորձառուները։ Բայց նույնիսկ վերջիններս ոչ միշտ էին անհատական մոտեցում ցուցաբերում։

Հիշում եմ՝ մի ուսուցիչ կար Լուիզ Յուստեսեն անունով։ Իրեն ամբողջ քաղաքում գիտեին։ Իր դասերին գրանցվել չէր լինում, որովհետև երբ մտնում էիր, քեզնից առաջ 40-50 հոգի կար հերթագրված։ Բայց մի անգամ երեք շաբաթ առաջ գրանցվելով՝ հաջողացրի նրա դասին գնալ։ Ինչ խոսք, Լուիզը սիրուն մարմին ուներ, ճկուն էր, բոլոր դիրքերը լավ էր անում, բայց լավ ուսուցի՞չ։ Ամբողջ խումբը դիտարկում էր որպես անդեմ զանգված, ինչպես մյուս ուսուցիչները։

Ֆիթնեսում յոգա անելու ամենավախենալու կողմն այն էր, որ գլխիվայր վարժությունների ժամանակ շատ բացատրություններ չէին տրվում, թե ինչ պետք է արվի։ Ուսուցիչներն էլ ուշադրություն չէին դարձնում։ Սկզբում ինքս անում էի մտքիս մեջ Նելլիի ձայնով կրկնելով ինստրուկցիաները։ Հետո սկսեցի վախենալ ու այլևս չանել։

Ֆիթնեսում մի լավ ու գոնե մի միջին լավ ուսուցիչ ամեն դեպքում գտա։ Մեկը Էլլին էր։ Հղի էր, բայց էդ ո՜նց էր դասավանդում, ո՜նց էր սենյակի մի ծայրից մյուսը թռվռում ու հերթով բոլորին անհատական մոտեցում ցուցաբերում։ Հետո գնաց ֆիզարձակուրդ ու այլևս չվերադարձավ։ Միջին ուսուցիչը Վիբեկեն էր։ Ինքն էնքան մեծ փորձ չուներ։ Փորձում էր անհատական մոտեցում ցուցաբերել, որը ոչ միշտ էր լավ ստացվում։ Ամեն դեպքում, շուտով տեղափոխվեցի քաղաքի մյուս ծայրը, ու Վիբեկեի դասերին այլևս չգնացի։

էստեղ տեղին կլինի ասելը, որ մի քանի տարի առաջ մեջքս սկսել էր ցավել։ Գնացել էի բժշկի։ Ասել էր, որ պիտի մկաններս մարզեմ։ Ասացի, որ յոգայով եմ զբաղվում ու մտածում եմ, որ դասի ժամանակ եմ վնասել։ Ասաց, որ չի հավատում, չի կարող նման բան լինել։ Էդպես որոշեցի ֆիթնեսից հրաժարվել ու գրանցվեցի յոգայի մի խմբում մեր տնից ոչ շատ հեռու։ Էդ ժամանակ արդեն Մորթենի հետ էի ապրում։ Էստեղ էլ մի լավ ուսուցչի գտա, բայց շուտով ինքը գնաց այդ խմբից։ Մնացած ուսուցիչները ոչինչ, միջինոտ էին։ Բայց մեծ մասամբ տղամարդիկ ու մեծ մասամբ մոռանում էին, որ խմբում հիմնականում կանայք են տարբեր մկանային զանգվածով ու տարբեր ճկունությամբ։ Գուցե իրենց դասերը լավ լինեին իրենց կառուցվածքով տղամարդկանց համար, բայց խմբում մենք բոլորս տանջվում էինք։

Յոենսու գնալիս այս խմբից էլ հրաժարվեցի։ Իսկ Յոենսուում յոգայի երկու դասի եմ գնացել միայն էլի ոչ այնքան լավ ուսուցչի մոտ։ Հետո, երբ կարճ ժամանակով Կոպենհագենում էի, գնացի Բյորնի դասին, ու գժվելու չափ լավն էր։ Բայց Բյորնի դասերը ցաքուցրիվ էին, անընդհատ ճամփորդում էր, յոգայի խմբից խումբ տեղափոխվում։ Էդպես մի օր հոգնեցի անընդհատ հետևելուց, թե հաջորդ անգամ որտեղ է լինելու։ Վերջնականապես վերադառնալով Դանիա՝ Օրհուսում գտա մի խումբ, հետո նաև Կոպենհագենում, ու կախված երբ որ քաղաքում էի, գնում էի դասերին։ Կոպենհագենի ուսուցիչները համեմատաբար լավն էին, Օրհուսինը՝ էնքան էլ չէ։ Բանը հասել էր նրան, որ ամեն անգամ Օրհուսում յոգայի գնալիս վինյասայի ժամանակ ինչ֊որ պահից սկսած մեջքիս ցավն էնքան անտանելի էր դառնում, որ ստիպված էի լինում դադար տալ։ Ես հասկանում էի, որ ինչ֊որ բան սխալ եմ անում։ Բայց ուսուցիչը չէր ուղղում։ Մտածում էի նաև, որ գուցե ինչ֊որ բան սխալ անելու արդյունքում վնասել եմ մեջքս, ու հիմա եթե նույնիսկ դիրքը ճիշտ եմ անում, միևնույն է, ցավում է մեջքս։

Էդպես տարիների ընթացքում յոգան դարձավ իմ առօրյայի մի մաս, պարտականության նման մի բան, որը ստիպված էի անում, որովհետև գիտեի, որ մարմնիս համար լավ է։ Լինում էին դեպքեր, երբ հաճույք էի ստանում, լինում էին դեպքեր, որ ոչ այնքան։ Բայց շարունակում էի գնալ՝ լողի հետ դարձնելով իմ ֆիզիկական ակտիվության մի մաս։

Ու երբ եկա Բերգեն, յոգայով զբաղվելը նույնիսկ ավելի կարևոր դարձավ, որովհետև եթե Օրհուսում ու Կոպենհագենում հեծանիվով տեղաշարժվելն ապահովում է որոշակի ֆիզիկական ակտիվություն, ապա Բերգենում հեծանիվ չէի քշում ու շատ քիչ էի քայլում. համալսարանը տնից հինգ րոպե հեռավորության վրա էր, սուպերմարկետը՝ հենց տան տակ, ես էլ ապրում էի կենտրոնում։

Բերգենում ահագին դժվար եղավ յոգայի դասեր փնտրելը։ Սկզբում էքսպատների խմբում գրել, խորհուրդ էի հարցրել։ Երկու տեղ էին խորհուրդ տվել։ Մի տեղում դասերը միշտ լիքն էին, մյուսն էլ անհասկանալի գնային պայմաններ ուներ։ Գուգլեցի ու գտա յոգասենյակը, որը երկու շաբաթով էժան տարբերակ էր առաջարկում իրենց կենտրոն առաջին անգամ հաճախողների համար։ Ինձ հենց էդ էլ պետք էր. երկու շաբաթից, միևնույն է, գնում էի։

Սկզբում Ինգվիլդի դասին գնացի։ Ամբողջ դասն անգլերեն անցկացրեց իմ խաթր։ Հետո Բենեդիկտի դասին գնացի։ Ինքը նորվեգերեն էր խոսում (իսկ նորվեգերեն մի քիչ հասկանում եմ, քանի որ դանիերենին շատ մոտ է), բայց երբ առանձին ինձ էր ինստրուկցիա տալիս, անցնում էր անգլերենի։ Երկուսն էլ հրաշալի ուսուցիչներ էին։ Ամբողջ մարմնի անատոմիան անհատական տարբերություններով անգիր գիտեին։ Մկան առ մկան այնպես էին անում, որ դիրքը ճիշտ անես։ Մանրամասն ինստրուկցիաներ էին տալիս ամեն դիրքի համար, որ սկսած ոտքի մատների ծայրից մինչև ականջներդ գիտեիր՝ ինչ անես։ Յոգային գիտական մոտեցում էին ցուցաբերում ու հասնում նրան, որ դասը դառնում էր թե՛ ֆիզիկական ակտիվություն, թե՛ ինքնաճանաչում, թե՛ հանգստանալու միջոց։ Ամեն դասից հետո մկաններս հաճելիորեն թեթևակի բռնվում էին։ Էստեղ տեղին է ասելը, որ Օրհուսում ու Կոպենհագենում մկաններս երբեք չէին բռնվում, ու ես սխալմամբ մտածում էի, որ էնքան մարզված եմ, որ էլ չեն բռնվում։ Միայն Բերգենում հասկացա, որ իրականում բոլոր դիրքերը բավական ծույլ ու սխալ ձևերով էի անում, ուղղող էլ չկար։

Ու մեկ էլ, ով զարմանք, վինյասայի ժամանակ մեջքի ոչ մի ցավ։ Այդ ցավը, որ արդեն խրոնիկ է դարձել, անհետացավ։ Կարծես նորից մարմնիս հետ կապ հաստատեի ու սկսեի ճանաչել այն։ Դասից դուրս սկսել էի մարմինս զգալ, ինչպես Խրոնինգենում ու Երևանում էր։ Սկսեցի նաև իմ առօրյայում անընդհատ ժամանակ ազատել, որ ամեն օր յոգայի գնամ։ Ճիշտ նույն հաճույքով էի դասերին հաճախում, ինչ հինգուկես տարի առաջ Խրոնինգենում։ Ու տխուր էր, որ այս ամենը պիտի վերջանար։

Էստեղ հասկացա, որ տարիներ շարունակ հենց էսպիսի մոտեցմամբ ուսուցիչներ էի փնտրում ու չէի գտնում։ Բայց չէի էլ հասկանում՝ ինչ էի փնտրում։ Արդեն այնքան ժամանակ էր անցել Խրոնինգենից ու Երևանից, որ լավ ուսուցիչն ինձ համար սահմանվում էր նրանով, որ դասից մի քիչ հաճույք ստացա։ Մտածում էի՝ կորցնում եմ յոգայի հանդեպ հետաքրքրությունս, երևի ուրիշ բան պետք է մտածել։

Բայց վերջին օրը Ինգվիլդին ու Բենեդիկտին նամակ գրեցի՝ շնորհակալություն հայտնելով, որ հնարավորություն տվեցին մարմնիս հետ նորից կապ հաստատել։ Պատասխանեցին, որ ուրախ էին, հետն էլ Կոպենհագենում մի յոգայի կենտրոնի խորհուրդ տվեցին, որտեղ ո՛չ եղել էի, ո՛չ էլ զարմանալիորեն նույնիսկ անունը լսել։ Իմ հին տեղում դեռ վեց դաս ունեմ։ Մտածում եմ՝ չսպասեմ նույնիսկ լրանալուն, գնամ, այդ նոր տեղը փորձեմ։

 

Ամենուր և ոչ մի տեղ

Գրեթե բոլորի շնորհավորանքներում մի ընդհանուր գիծ կար. «Ե՞րբ ես գալիս…»։ Կետերը կարելի է փոխարինել բազմաթիվ քաղաքներով. Երևան, Բրյուսել, Գենտ, Փարիզ, Լիոն, Դուբլին, Լոնդոն, Կոպենհագեն, Լոս Անջելես, Պրահա, Բեռլին, Խրոնինգեն, Ուտրեխտ և այլն, և այլն, և այլն։

Նորվեգիայի Բերգեն քաղաքի իմ սենյակում նստած հերթով պատասխանում էի բոլորին, հերթով պլաններ էինք կազմում, թե մոտ ապագայում ով ում է այցելելու։ Բերգենում բացարձակապես ոչ մեկի չեմ ճանաչում ու առավոտից իրիկուն մեր ինքնաշեն երկու լաբերում նորվեգացիներին եմ հետազոտում։ Հետազոտվողներից մեկը դանիական հեռախոսի համար ուներ։ Հարցրի, թե արդյոք դանիացի է։ Ասաց, որ չէ, բայց Կոպենհագենի համալսարանում հանդիպել ենք։

DSC_2772.JPG
Բերգենը վերևից

Հիշեցի այն երեկոն, երբ Լանգեբրոյում գարեջուր էինք խմում, ու մի նորվեգացի կար մեզ հետ։ Հիշեցի, թե ինչպես էի փորձում հետը դանիերեն խոսել, ինքն էլ նորվեգերեն, ու իրար գրեթե չէինք հասկանում։ Դիթեն էլ էր մեզ հետ։ Դիթեն գրել էր՝ մյուս անգամ հետ գամ Կոպենհագեն, հանդիպենք։ Վերջին անգամ մի տարի առաջ ենք հանդիպել։ Ինքը Անգլիայից էր եկել, ես՝ Ֆինլանդիայից։ Երկուսս էլ նույն խնդիրներն ունեինք մեր նոր աշխատանքային միջավայրերում։ Դիթեն դեռ Անգլիայում է, իսկ ես այլևս Ֆինլանդիայում չեմ։

Բայց Բերգենում, միևնույն է, ոչ մեկի չէի ճանաչում։ Ու այդքան անծանոթ լինելն ինձ լրիվ անդեմ ու անտեսանելի էր դարձնում։ Դրա համար երբ յոգայի դասատուն ինձ հիշեց նախորդ դասից ու առաջարկեց դասն անգլերեն վարել, հաճելիորեն զարմացա. ուրեմն այնքան էլ անդեմ չեմ այստեղ։ Միջանցքներում ինձ բարևում են հետազոտությանս մասնակցած ուսանողները։ Իսկ ես շարունակում եմ հագնվել ինչպես ուզում եմ ու անել ինչ ուզում եմ. միևնույն է, ոչ ոք ինձ չի ճանաչում այստեղ։

Օրինակ անցյալ գիշեր չդիմացա իռլանդական փաբի կենդանի երաժշտությանը. բլյուզ էին զոռ տվել, իսկ ես հավես չունեի։ Դուրս եկա փաբից համերգի ավարտից շատ առաջ, ականջակալներս հագա, միացրեցի Լիզա Հանիգանի We, the Drowned֊ը ու սկսեցի վազել Բերգենի կենտրոնի նեղլիկ փողոցներով։ Այդ ժամին քաղաքի կենտրոնում երևի միակ մարդն էի, որ մենակ էր։ Երգն ավարտվում էր, նորից էի միացնում, նորից ու նորից։ Այնքան վազեցի, մինչև այլևս չէի կարող։

Ես ամենուր եմ ու ոչ մի տեղ։ Երևի չկա մարդ, որ էնքան շատ մարդկանց ճանաչի, ինչքան ես։ Երևի չկա մարդ, որ էնքան մարդկանց մտերիմ համարի, ինչքան ես։ Ու հանկարծ հայտնվել եմ մի քաղաքում, որտեղ ոչ ոք չկա, որտեղ ոչ մեկի չեմ ճանաչում ու չեմ էլ ուզում հետները ծանոթանալ. միևնույն է, կարճ ժամանակով եմ այստեղ։ Ոչ այնքան կարճ, որ չզգամ մենակությունն ու շփման պակասը։ Ու ոչ այնքան երկար, որ նոր ծանոթությունները որևէ իմաստ ունենան։

Հիմա Բերգենում եմ, իսկ Մառլենը՝ Կոպենհագենում։ Գրել էր, որ ծննդյանս օրվա մոտակայքում գալու է Կոպենհագեն։ Ափսոսանք էի հայտնել, որ չենք հանդիպի։ Մառլենին շատ եմ կարոտում։

Ալիրեզան գրում է՝ «Երեկ «Գիտություն և կոկտեյլներին» չկայիր»։ Գրում եմ՝ նոյեմբերին կգամ։ Վերենան գրում է՝ հանդիպենք սուրճ խմելու։ Ասում եմ՝ Դանիայում չեմ։ Շառլոթն իր ծնունդին է հրավիրում։ Ասում եմ՝ Օրհուսում գտնվելու օրերս դեռ չգիտեմ։ Ես չգիտեմ՝ ինչ եմ անում Բերգենում։ Ավելի ճիշտ, գիտեմ։ Բայց չգիտեմ՝ ինչու։ Մորթենն ասում է՝ հերթով բոլոր քաղաքները գրավում եմ, գնալով ընդլայնում եմ իմ աշխարհը։

Գնալով ընդլայնում եմ իմ աշխարհը ու գնալով ավելի անկարևոր է դառնում տարածությունը ու թե որտեղ եմ։ Գնալով ավելի անհնար է դառնում մտերիմ հարաբերություններ կառուցելը մի երկրում։ Ու ես ընտրում եմ արձակուրդային ընկերությունները. շաբաթ֊կիրակիներս ու արձակուրդներս նվիրվում են ճամփորդելուն։ Նվիրվում են սիրելի մարդկանց համար ճամփորդելուն։

 

Թերապևտիկ գրառում ամեն ինչի՝ թարս ընթանալու մասին

Առավոտը քնիցս վեր թռա։ Սովորաբար ութից մի քիչ առաջ աչքերս թեթևակի բացում եմ, կամաց֊կամաց արթնանում ու ուղիղ ութին ոտքի վրա եմ։ Բայց այս առավոտ ութից մի քիչ առաջ ուղղակի վեր թռա։ Երազ էի տեսնում։ Երևանում էի, ուրբաթ երեկո էր։ Հերթով ընկերներիս գրում էի, որ դուրս գանք միասին, ոչ ոք չէր պատասխանում կամ չէի գտնում նրանց ֆեյսբուքի ընկերներիս մեջ։Հենց աչքերս բացեցի, միանգամից անկողնուցս դուրս թռա։

Լողանալուց ու հագնվելուց հետո գնացի խոհանոց, որտեղ սովորաբար ամեն առավոտ տանտիրուհուս հետ մի կես ժամ զրուցում ենք։ Այս անգամ ժամանակ չունեի. ժամը տասին ձայնագրություն էի նշանակել, պիտի մի քիչ շուտ հասնեի, որ հասցնեի կոմպիս մեջ որոշ ֆայլեր պատրաստել, մեյլեր գրել ու այլ մանր֊մունր գործերով զբաղվել։ Էդպես փորձեցի թաքուն սողոսկել դեպի խոհանոց ու սուրճս սարքել, բայց տանտիրուհիս ինձ բռնացրեց ու սկսեց խոսել Շառլ Ազնավուրից, այն մասին, որ չգիտեր, որ հայ է, խոսեց դանիացի Ազնավուրի՝ Քիմ Լարսենի մասին, որը Ազնավուրից մի օր առաջ էր մահացել, խոսեց լիքը այլ բաների մասին։ Հյուրասենյակի մեջտեղում կանգնած էի՝ սուրճի բաժակը ձեռքիս։ Սիրտս էնքան արագ էր խփում, որ թվում էր՝ ուր որ է կուշաթափվեմ։ Բայց տանտիրուհիս խոսում ու խոսում էր։

Երբ մի կերպ պոկվեցի ու մտա սենյակս, արդեն համարյա 9֊ն էր։ Հիշեցի, որ չհասցրի որևէ ուտելու բան վերցնել խոհանոցից, բայց էնտեղ վերադարձողը չէի։ Էդպես սուրճս խմեցի ու ընթացքում մեյլերս գրեցի, որ հասցնեմ։ Հետո սկսեցի պայուսակս հավաքել. երեկոյան Կոպենհագեն էի գնալու։ Հավաքելու պահին էնքան լարված էի, որ համակարգիչս ընկավ գետնին։

Տնից համալսարան ամենաշատը տասնհինգ րոպեի ճանապարհ է։ Երբ հասա համալսարան, արդեն 9:40 էր։ Գրասենյակ գնալու իմաստ չկար. ստուդիան պիտի հասցնեի պատրաստել ձայնագրության համար։ Արագ մտա ճաշարան, մի քրուասան գնեցի ու ճամփին ուտելով բարձրացա ստուդիա։ Սարքավորումները տեղադրեցի, ամեն ինչ պատրաստ էր։ Մնում էր համակարգիչս բացել ու ֆայլերը սարքել։ Ու ինչպիսի երջանկություն. համակարգիչս ընկնելուց փչացել էր։ Արագ լուծում մտածեցի. մասնակցիս կասեմ, որ համակարգիչս չի աշխատում, կխնդրեմ, որ տվյալները մեյլով ուղարկի։

Էդպես էլ արեցի։ Ձայնագրություններն ընդհանուր առմամբ ահագին վատ անցան։ Չգիտեմ՝ ե՞ս էի հրահանգները վատ տալիս, թե՞ մասնակիցներն իմ փնտրած երկլեզուները չէին։ Հետո գնացի գրասենյակս, մի քիչ ուշքի եկա, որ գնամ լանչի։ Բայց ոչ ոք չեկավ ինձ վերցնելու, որ միասին գնանք լանչի։ Մենակով գնացի՝ հուսալով, որ մարդկանց կհանդիպեմ։ Ճաշարանի աշխատողը հրաժարվեց ինձ կարտոֆիլ մատուցել։ Ասաց, որ պիտի ամբողջ ուտեստը վերցնեմ, որը մսային բաղադրիչ ուներ։ Ահագին ջղայնացա։ Առանց էդ էլ ամիսներ շարունակ նեղվում եմ, որ բուսակերական ամբողջական ուտեստ չունեն։ Հիմա էլ մենակ մի մասն էի ուզում, չտվեցին։

Ճաշարանում մենակով նստեցի, երբ նկատեցի, որ կոլեգաներիցս ոմանք էնտեղ են, բայց գնացին ուրիշ սեղանի մոտ։ Ջղայնացած արագ֊արագ վերջացրի ու նստեցի հեծանիվս, որ գնամ մյուս մասնաշենք՝ խորհրդատվության։

Ընդհանրապես, էս խորհրդատվությունների իմաստը չեմ հասկանում։ Սովորաբար ես նրանց մոտ իմ ոտքով չեմ գնում, այլ ինձ կա՛մ քարշ են տալիս, կա՛մ ամբողջական դասընթացի մի մաս են կազմում։ Էս անգամ դասընթացի մաս էր։ Ու ասենք ինչքան էլ խոսեցի վախերիցս ու անհանգստություններիցս, մեկ է, խորհրդատուն իրոք լավ չէր պատկերացնում՝ ինչից եմ խոսում, հետն էլ իր առաջարկած բոլոր լուծումներն անգիր գիտեի, փորձել էի, ու օգուտ տալիս են։ Ասենք օրինակ խորհուրդ տվեց ինձնից կրտսերներին մենթորություն անել։ Ասացի՝ արել եմ, բայց ինքս մենթորության կարիք ունեմ, մենթորական ծրագրին էլ գրանցվել եմ։ Խորհուրդ տվեց հասակակիցներիս հետ նեթվորքինգ անել, ոչ թե ավագների հետ։ Ասացի՝ ավագների հետ չեմ էլ կարողանում, հասակակիցներիս հետ ավելի հեշտ ու բնական է։ Խորհուրդ տվեց ընկերոջս դիմել, որ էս ճամփորդությունների բեռի մի մասն իր վրա վերցնի։ Ասացի՝ խոսել ենք էդ մասին, արդեն վերցրել է։ Վերջում էլ ասաց՝ չգիտի, թե չի հասկանում ինչից եմ դժգոհ։

Խորհրդատվությունից վերադարձա գրասենյակս ու սկսեցի ձայնագրությունները մշակել ու տեսակավորել։ Հետո արդեն ժամը չորսն էր։ Պիտի գնայի մեր գրելու խումբ։ Փչացած սեփական համակարգիչս ու աշխատող աշխատանքային համակարգիչս լցրեցի պայուսակս ու հեծանիվով գլորվեցի ներքև։ Բոլորը զարմացան, երբ ինձ տեսան, որովհետև իվենթում չէի գրել, որ հաստատ գալու եմ։ Ես էլ հաստատ չգիտեի։ Հավես անցավ, բայց ինչպես միշտ է նման դեպքերում, շուտ թողեցի, գնացի, որովհետև գնացքիս պիտի հասնեի։

Հիմա գնացքում նստած եմ ու մտածում եմ՝ երևի խորհրդատուս ճիշտ էր։ Ամեն դեպքում, ամեն ինչ էնքան էլ վատ չի։ Գուցե թուլանամ, այլևս չփորձեմ տպավորություն թողնել ու հանգիստ աշխատեմ առաջիկա մեկուկես տարին։ Հաջորդ աշխատանքիս մասին մյուս տարի կմտածեմ։

Գրառում գրել չկարողանալու մասին

Վերջին ամիսներին բլոգումս բազմաթիվ անավարտ գրառումներ կան կուտակված, գլխումս՝ գրառումների մտքեր, որոնք էդպես էլ չեմ կարողանում բլոգին հանձնել։ Ընդամենը մի քանի օր առաջ մի երկար գրառում սկսեցի ամառվա մասին, դրանից առաջ՝ կին գրողների մասին, դրանից առաջ՝ Օրհուսի գրական փառատոնի մասին։ Ու բոլորը կիսատ մնացին։ Ուղեղիս մեջ գաղափարներ են ծնվում միաժամանակ երկու քաղաքներում ապրելու դժվարությունների, ինձ ոգեշնչած մարդկանց, Դուբլինի, ակադեմիայի բարդ ու բազմազան կյանքի ու լիքը այլ բաների մասին։

Բայց գրել չի լինում։ Որևէ գրառում ավարտել չի լինում։ Հետո նաև կիսատ թողած պատմվածքներն են ու այլ ստեղծագործական նախագծեր։ Լավագույնը, որ կարողանում եմ անել նրանց հետ, թեթևակի խմբագրելն է։ Բայց նոր նյութ գրելն ահագին դժվար է դարձել։

Իսկ ես ինձ ստիպում եմ գրել։ Հենց հիմա Կոպենհագեն֊Օրհուս գնացքում նստած ինձ ստիպում եմ գրել, որովհետև ամենաշատը չեմ ուզում կորցնել հայերեն գրավոր խոսքին տիրապետումս։ Առանց էդ էլ իմ առօրյայում հայերեն գրեթե չեմ խոսում։ Սահմանափակելով հայերեն կարդալս ու գրելս՝ ակամա նաև գրավոր խոսքիս դեմ եմ դուրս գալիս, իսկ ես գրել կարողանում եմ միայն հայերեն։ Ու չգիտեմ ինչ անեմ։

Նստած եմ բլոգիս հետ ու գլխիս մեջ հայերեն բառեր եմ փնտրում, որ մտքերս շարադրեմ։ Ես չեմ ուզում հայերենը կորցնել։ Ես չեմ ուզում գրելու ունակությունս կորցնել։ Ուրեմն պիտի գրեմ, ամեն օր գրեմ։ Բայց չգիտեմ ինչու չի ստացվում։ Չգիտեմ էլ՝ կհրապարակե՞մ արդյոք այս գրառումս։

– Որտե՞ղ ես քեզ տեսնում հինգ տարի անց

Էս հարցից մինչև հոգուս խորքը զզվել եմ։ Սկսած PhD֊իս հարցազրույցից մինչև էսօր անընդհատ էս հարցը հնչում է՛լ հարցազրույցների, է՛լ զանազան խորհրդատվությունների ժամանակ։ Որոշ տեղերում էլ պոստդոկի դիմելիս առանձին փաստաթուղթ պետք է կցեի դիմումիս, որտեղ մանրամասն նկարագրում էի, թե որտեղ եմ լինելու հինգ տարի անց ու ինչպիսի քայլերով եմ հասնելու դրան։

Ամեն անգամ հարցին պատասխանելիս ֆանտազիայիս զոռ եմ տալիս, սիրուն֊սիրուն մտքեր շարադրում, հնարավորության դեպքում նույնիսկ գաղափարներս պատկերների տեսքով ներկայացնում։ Այսօր էլ վորքշոփի ժամանակ նույն առաջադրանքը տվեցին։ Պիտի քսան րոպե նստեինք, մտածեինք, գրեինք, հազար ու մի հարցի պատասխանեինք, հետո էլ խմբով ևս կես ժամ քննարկեինք, կողքից ֆիդբեք լսեինք, թե ինչը ստրատեգիական քայլ կլինի։

Անգամ այդ ամենն անելուց հետո ես իսկապես չգիտեմ, թե որտեղ եմ լինելու։ Ես ամեն օր միտքս փոխում եմ, ամեն օր մի նոր բան եմ մոգոնում։ Դա չի նշանակում, թե որևէ բան ավարտին չեմ հասցնում։ Ո՜չ, հասցնում եմ, բայց հետո միանգամից նորն եմ սկսում, հաճախ՝ հնի հետ ընդհանրապես կապ չունեցող մի բան։ Ես չունեմ մեծ երազանքներ, չունեմ մեծ նպատակներ։ Ապրում եմ միայն այսօրվա օրով, հաճույք ստանում այսօրվա աշխատանքիցս ու փոքր քայլերով առաջ գնում։

Եթե ինձ հինգ տարի առաջ հարցնեին, թե որտեղ եմ տեսնում ինձ հինգ տարի անց, երևի կպատասխանեի Հայաստանի մի որևէ գյուղում հոգեբուժությամբ զբաղվելիս, ընտանիք֊երեխաներով, խախանդ ապրելիս։ Իմ ամենավառ երևակայությունն անգամ ինձ չէր տանի Օրհուսում պոստդոկի։

Երբ ընդամենը մի քանի ամիս անց PhD֊ի հարցազրույցիս ժամանակ հարցրին, թե որտեղ եմ տեսնում ինձ հինգ տարի անց, ասացի՝ պոստդոկ անելիս։ Դժգոհ էին, որ մանրամասներ չտվեցի, որ պատասխանս կոնկրետ չէր ու որ կոնկրետ նպատակներ չունեի։ Բայց հինգ տարի անց ոնց որ թե շատ չեմ շեղվել պլաններիցս, չէ՞։

Նույն կերպ հիմիկվա ղեկավարս ոչ մի կերպ չի կարողանում ինձնից դուրս քաշել, թե որտեղ եմ ինձ տեսնում հինգ տարի անց։ Ախր ապագան ինձ համար իրոք մշուշոտ է, ու անկեղծ ասած մեծ պլաններ կազմելը տրամադրությունս գցում է, մոտիվացիաս պակասացնում ու ինձ մեծ ճնշման տակ դնում։ Գուցե պարզապես բավարարվեմ հաջորդ քա՞յլս պլանավորելով։

Վերջին հինգ տարիների ընթացքում միայն մի բան եմ սովորել իմ մասին. իմ հետաքրքրությունների շրջանակը չափազանց լայն է, աշխատանքային նախընտրություններս՝ ճկուն։ Ու թեև չգիտեմ, թե որտեղ եմ լինելու հինգ տարի անց, միայն մի բանում եմ վստահ. որոշումներիս համար չեմ փոշմանելու։

Վերջին 26 օրը Ֆինլանդիայում․ օր 14, Վալենտին

Տարիներ առաջ, երբ սինգլ էի, Վալենտինն ինձ համար ամենածանր տոներից մեկն էր։ Ու միշտ ինչ-որ հետաքրքիր հնարքով փորձում էի էնպես անել, որ շատ ծանր չլինի։ Տարի է եղել, որ ինքս ինձ բացիկ եմ ուղարկել։ Տարի է եղել, որ սինգլ ընկերուհիներով ենք իրար բացիկներ նվիրել։ Տարի է եղել, որ ինքս ինձ համար նվեր եմ առել։ Տարի է եղել, որ ընկերներիս հետ խմելու եմ գնացել։ Մի խոսքով, աշխատել եմ միշտ էնպես անել, որ շատ մենակ չզգամ ինձ։

Բայց ինչ Մորթենի հետ եմ, զարմանալիորեն Վալենտինը կորցրել է իր կարևորությունը։ Հենց առաջին տարում միասին որոշեցինք տոնը չնշել։ Իրոք, երբ մեր համատեղ կյանքում մենք գրեթե ամեն օր տոնում ենք մեր սերը ու չենք սպասում տոների միմյանց ուրախացնելու համար, Վալենտինը լրիվ կորցնում է իր կարևորությունը։

Այնուամենայնիվ, մեր ամբիոնը որոշել էր Վալենտինի առթիվ գաղտնի ընկեր կազմակերպել։ Յուրաքանչյուրի գաղտնի ընկերը շաբաթվա ընթացքում պուճուր անակնկալներ է մատուցում: Մի խոսքով, Յոենսուի ձանձրալի կյանքն աշխուժացնող հրաշալի միտք է։

Ինձ էնպիսի անուն բաժին հասավ, որին ո՛չ ճանաչում էի, ո՛չ էլ երբևէ տեսել էի։ Անգամ գուգլեցի, որ նկար տեսնեմ։ Բայց դեմքը հեչ ծանոթ չէր։ Ու որոշեցի որպես գաղտնի ընկեր ամեն օր շոկոլադ դնել նրա փոստարկղում։ Ու անհամբեր սպասում էի, թե երբ է իմ գաղտնի ընկերն իր գոյությունը նկատել տալու։

Էսօր փոստարկղիս մեջ բացիկ կար, որով գաղտնի ընկերս ինձ հաճելի շաբաթ էր մաղթում։ Էնքա՜ն պուճուր բան էր, բայց տրամադրությունս էնպե՜ս բարձրացավ։

Իսկ ամբիոնում բոլորս էլ շատ լավ գիտենք, թե ինչքան գորշ է բոլորիս առօրյան։ Մտածում եմ՝ ինչու՞ պիտի գաղտնի ընկերը միայն մի շաբաթով լինի։ Ինչու՞ չլինի ամբողջ կիսամյակի երկայնքով։ Ինչու՞ չուրախացնենք իրար տոնական շաբաթվանից դուրս։ Ախր բոլորս էլ դրա կարիքն ունենք։ Ու էս փոքր բաները կարող են ահագին բան փոխել բոլորիս համար։

Ընդհանրապես, Յոենսուի լավ բաներից մեկը հենց աշխատակիցներս են։ Երևի ոչ մի աշխատավայրում էսքան ջերմություն էլ երբեք չտեսնեմ։ Իսկ էս ամենի մասին ավելի մանրամասն կգրեմ վաղը։

Վերջին 26 օրը Ֆինլանդիայում․ օր 13, նախաքննական սթրես

Յոենսուում քննություններն անտանելի շատ ժամանակ ու էներգիա են խլում ինձնից։ Ու էնքան հարցեր կազմելը (չհաշված ընդհանուր քննությունները) ու գրավոր ստուգելը չեն, ինչքան հենց քննությանը ֆիզիկապես ներկա գտնվելը։ Ասում են՝ կարող եմ որևէ ուրիշ գործով էդ երկու ժամերի ընթացքում զբաղվել։

Բայց քննությունների ժամանակ ահավոր վատանում եմ։ Չգիտեմ՝ ուսանողների ընդհանուր սթրե՞սն է ինձ փոխանցվում, թե՞ քննությունն ինքնին ինձ համար սթրեսային պրոցես է։ Ամեն դեպքում, կենտրոնանալ ընդհանրապես չի լինում, իսկ լսարանից դուրս գալուց հետո լրիվ ինձ կորցնում եմ։

Հինգշաբթի օրը ստատիստիկայի քննությունն է։ Չգիտեմ ինչու էին ուսանողներս որոշել հարցերը մեյլով տալու փոխարեն անձամբ գալ գրասենյակս։ Չգիտեմ նաև կիսամյակի վերջի սթրե՞սն էլ էր գումարվել, թե՞ հենց նախաքննականն էր։ Բայց կարող եմ ասել, որ օրվա ընթացքում գնալով վատանում էի։ Ֆիզիկապես էի վատանում։ Ամբողջ մարմինս քարացել էր, գլուխս վառվում էր, սիրտս խառնում էր։ Անգամ բազմոցին փռվեցի։

Իսկ գրասենյակիցս դուրս գալուց հետո բոլոր նշաններն անհետացան։ Գրասենյակումս մի տեսակ ծանր, նախաքննական մթնոլորտ էր գոյացել, ու դրանից շունչս կտրվում էր։

Երեկոն շատ սիրուն անցավ։ Մանուի ծնունդն էր էսօր, ու նշում էինք։ Կկարոտեմ Մանուին, երբ Յոենսուից գնամ։ Կկարոտեմ շատերին։