Թե ինչու չեմ սիրում Վենետիկը

Անկեղծ չեմ հասկանում, թե մարդիկ Վենետիկի ինչն են այդքան սիրում ու ինչու է այդքան մեծ թվով տուրիստների գրավում։ Մտածում էի՝ երկրորդ այցելությանս ժամանակ գուցե ուրիշ տպավորություն կստանամ, գուցե կտարվեմ այդքան ռոմանտիկ թվացող ջրանցքներով, կամրջակներով ու նավակներով։ Բայց առաջին օրվանից հետո տպավորություններս շատ քիչ են տարբերվում նախորդ անգամվանից։

dsc_2606

Վենետիկը ոնց որ դեկորացիա լինի. ոչինչ այնտեղ իրական չէ։ Ճաշի համար նորմալ ռեստորան ճարելը, որ քսանմեկերորդ դարում պիտի որ տրիվիալ մի բան լինի, ահագին բարդ էր. ամեն քայլափոխին տուրիստական թակարդներ, որոնցում սնվելուց հետո չգիտես՝ կենդանի կմնա՞ս, թե՞ չէ, իսկ համի մասին էլ չեմ էլ խոսում։ Ու ամեն քայլափոխին տուրիստների անվերջանալի հոսք է։

Երբ ավտոբուսից դուրս եկա ու խրվեցի մարդկանց հեղեղի մեջ, մտածեցի՝ մի քիչ առաջանամ, տուրիստական հատվածներից դուրս գամ։ Բայց փոխարենը մարդկանց բազմությունն է՛լ ավելի էր խտանում։ Իսկ նորմալ ռեստորան գտնելուց ու ճաշելուց հետո փորձեցի շարժվել դեպի Լիդո կղզի, որտեղ մեր կոնֆերանսն էր տեղի ունենալու։ Դրա համար պետք էր ավտոբուս֊նավ նստել։ Դրա համար պետք էր կենտրոն հասնել։ Բայց մինչ հասնելս հեռախոսիս լիցքը նստեց, ու մնացի Վենետիկի կենտրոնում էդպես առանց իմ տեղի մասին հստակ տեղեկության։ Կանխատեսելով նման ընթացքը՝ օդանավակայանից թղթե քարտեզ էի վերցրել։ Բացեցի քարտեզը ու չկարողացա գտնել՝ որտեղ եմ։ Փորձեցի սլաքներին հետևելով Ռիալտոյի կամուրջ հասնել։ Քայլում էի ու քայլում, մի նեղլիկ փողոցից մյուսը, մի հրապարակից մյուսը, մի կամրջից մյուսը։ Քայլում էի ու նորից հայտնվում նույն կետում, այնքան, մինչև շունչս սկսեց կտրվել, սկսեցի տագնապել։ Մարդկանց բազմության մեջ անընդհատ թվում էր, թե ինչ֊որ մեկը ծանոթ է, կպտտվի, ու ինձ հարազատ դեմք կլինի։ Ու դա անընդհատ Don’t Look Now ֆիլմն էր հիշեցնում, ինչից է՛լ ավելի էի վատանում։

Անցորդներից ճանապարհ հարցնելու իմաստ չկար. բոլորը տուրիստ էին, բոլորը հոսքերով շարժվում էին ու չգիտեին՝ ուր են գնում։ Ի վերջո, երբ հերթական անգամ նորից նույն տեղում հայտնվեցի, սլաքին հակառակ շարժվեցի ու շուտով հայտնվեցի Ռիալտոյի կամրջին։ Լիդո հասնելն իսկական թեթևացում էր։ Լիդոյում Յոենսուի ուսանողներիս հանդիպեցի։

Հյուրանոցում Սիլվիան էր։ Գնացինք միասին տեկիլա խմելու։ Խոսեցինք ակադեմիայից, խոսեցինք մեր անհանգստություններից։ Դժգոհեցինք, տխրեցինք, ուրախացանք։ Ու մտքիս մեջ անընդհատ չորս տարի առաջվա կոնֆերանսի վերջին գիշերն էր, երբ նավի վրա վեր ընկած աստղերին էինք նայում։ Չորս տարի առաջ մտքներովս կանցնե՞ր, որ Սիլվիան Կոպենհագեն կգա, իսկ հետո գործազուրկ կլինի։ Մտքներովս կանցնե՞ր, որ չորս տարի անց Օրհուսում կաշխատեմ, որ Մորթենը կլինի։ Էնքա՜ն հեռու ու էնքա՜ն միամիտ են թվում այդ ժամանակները։

Չէ՛, Վենետիկը չսիրեցի որպես քաղաք, բայց սիրում եմ որպես իմ ակադեմիական ընտանիքի հավաքատեղի։

Մտորումներ «ուժեղ» և «թույլ» ուսանողների և աշակերտների մասին

Երբ դեռ դպրոցական էի, մեր հարևանի աղջիկը հաճախ էր դասագրքերն ու տետրերը ձեռքին գալիս ինձ մոտ, որ տնայինները գրեմ։ Ընդհանրապես, մեր հարևանները հայտնի էին սերնդեսերունդ իրենց ոչ փայլուն մտավոր ունակություններով, իսկ մերը հայտնի էր իր ակադեմիական հաջողություններով։ Դրա համար մեր ընտանիքի՝ իրենց տնայիններն անելը սերնդեսերունդ փոխանցվում էր։ Բայց երբ մեր հարևանի աղջիկը դասագրքերով ու տետրերով գալիս էր մեր տուն, նրա տնայինները չէի գրում։ Նստում էի կողքը ու երբեմն ժամերով դասը բացատրում էնքան, մինչև մաթեմատիկայի գոնե պարզագույն, երբեմն էլ միջին բարդության վարժությունները կարողանում էր գրել կամ հայերենից շարադրություն հիշեցնող ինչ֊որ տեքստ էր ստանում։ Իհարկե, երբեք տնայինների համար «գերազանց» չէր ստանում, բայց ստացած «3»֊ներն ու «4»֊երը լրիվ իր վաստակածն էին։

Ես էս դեպքը հիշում եմ ամեն անգամ, երբ հանդիպում եմ «թույլ» ուսանողի։ Յոենսուում դասավանդելիս ինձ մոտ էր եկել Խրոնինգենի կոորդինատորն ու հարցնում էր, թե ովքեր են «թույլ» ուսանողները, որ լրացուցիչ ուշադրություն դարձնեն։ Ես հերթով թվարկեցի բոլոր ուսանողների ուժեղ ու թույլ կողմերը ու մի քանի անգամ շեշտեցի, որ կուրսում թույլ ուսանող որպես էդպիսին չկա ու որ ոմանց ցածր գնահատականները մի շարք այլ գործոններով են պայմանավորված (եվրոպական կրթական համակարգին ու մասնավորապես ֆիննականին անծանոթ լինելը, նոր երկիր տեղափոխվելու պատճառով ադապտացիայի խնդիրները, հոգեկան խնդիրները, ինքնավստահության խնդիրները և այլն), ու խնդրեցի, որ հատկապես այս հարցերում ուշադիր լինեն։

Բայց իմ փորձերը ձախողվեցին, ու մտավախությունս, ցավոք, արդարացավ, որովհետև ուսանողներիցս առնվազն մեկը դասակարգվեց որպես «թույլ»։ Ինչ խոսք, իր բոլոր փորձերն էդպիսի տպավորություն չթողնելու բավական խղճուկ էին ու անհաջող. արևմտաեվրոպական կրթական համակարգին ծանոթ չլինելով՝ ահագին ջանքեր էին պահանջվում նրանից էդ համակարգին ինտեգրվելու ու տպավորություն թողնելու համար, բայց ինքն էնքան ուրիշ աշխարհից էր եկել, որ էդ ինտեգրումը մի քանի ամսում տեղի չէր ունենալու։

Յոենսուում էդ բոլորը տեսնում էի ու իմ աշխատանքային պարտականություններից դուրս գալով՝ փորձում էի օգնել նրան։ Մասնավորապես, քննություններից մեկից անընդհատ կտրվում էր (ընդ որում, առանց գնահատականի քննություն էր, ուղղակի պետք էր ստանալ կիսամյակն ավարտուն համարելու համար)։ Ու շատ լավ գիտեի, որ էդպես էլ անվերջ կտրվելու էր, որովհետև առարկայի նյութերն օնլայն էին գրեթե առանց կոնտակտային դասավանդման։ Դրան էլ գումարենք առարկայից նախնական գիտելիքների իսպառ բացակայությունը։ Ու առարկան պարզապես դարձել էր իսկական մղձավանջ նրա համար։ Դրա պատճառով գիշերները չէր քնում, մյուս առարկաների վրա կենտրոնանալ չէր կարողանում, ամբողջ օրը լացում էր։ Մի անգամ էլ էդպես լացելով ինձ մոտ եկավ։ Հանգստացրի, նստեցի հետը, մի ժամում առարկայի ամբողջ նյութը բացատրեցի։ Հաջորդ օրը քննությունը ստացավ, ու ուսերից մի հսկայական բեռ ընկավ։

Չնայած էս բոլոր դժվարություններին, ես բնավ էս ուսանողիս «թույլ» չէի անվանի։ Ինքը լիքը ուժեղ կողմեր ուներ. լիարժեք տիրապետում էր երկու գրեթե իրար հետ կապ չունեցող թեմաների ողջ տեսությանը, ու թեև մյուսների պես վարժ չէր ակադեմիական տեքստ գրելիս (մի քիչ անգլերենն էր կաղում, ու որոշ չոր օրենքների չէր տիրապետում), բայց մտքերը շատ հետաքրքիր էր կառուցում, էնպես, որ էսսեները կլանված կարդում էի։ Շշմելու բան էր. իրոք հատուկ տաղանդ է պետք ակադեմիական տեքստերն էնպես գրելու համար, որ թե՛ ակադեմիական մնան, թե՛ հավեսով ընթերցվեն։

Բայց Խրոնինգենում սովորություն կա ուսանողների ուժեղ կողմերը ոտնատակ անելու ու թույլ կողմերի համար նրանց պատժելու։ Ժամանակին նույնն ինձ հետ են արել. ինձ հետաքրքրող բոլոր թեմաները հերթով հողին են հավասարեցվել, իսկ պրոյեկտներումս «պատժվել» եմ լեզվաբանական կրթություն չունենալու համար։ Հիմա մտածում եմ, թե որքան թե՛ ես, թե՛ համալսարանը կշահեր, եթե ինձ լեզվաբան չլինելու համար պատժելու փոխարեն քաջալերեին բժշկական գիտելիքներս ներդնել պրոյեկտներիս մեջ (իսկ ուսումնական ծրագիրը դրա հնարավորությունը տալիս է)։

Նույն ուսանողս հիմա էդ վիճակում է։ Շատ խիստ պատժվել է որոշակի հմտությունների չտիրապետելու համար, որոնք եվրոպացի ուսանողներն ունեն, որովհետև մի քանի տարի նույն համակարգում սովորել են։ Իսկ երբ պրոյեկտ անելու համար բարձրաձայնել է իրեն հետաքրքրող թեման, միանգամից խորը արհամարհանքի է արժանացել, ու առաջարկել են փոխել թեման՝ հարմարեցնելով իրենց հետաքրքրություններին (էստեղ էլ հատուկ նշեմ, որ ուսանողի թեման դուրս չէր գալիս դասավանդվող առարկաների սահմաններից), ու հիմա ինքը լրիվ տագնապային վիճակում չգիտի՝ ինչ անի։

Ահավոր ափսոսանք եմ ապրում։ Այս ուսանողը կարող է մեր ոլորտի մի կոնկրետ ենթաոլորտում հրաշալիագույն գիտնական դառնալ, եթե միայն թույլ տան խորանալ իր թեմայի մեջ։ Բայց փոխարենը խցկում են մեկ այլ ենթաոլորտ, որն իրեն շատ չի հետաքրքրում, որտեղ իր ուժեղ կողմերը չեն դրսևորվելու ու որտեղ լիքը հրաշալիագույն գիտնականներ արդեն կան։

Ես չգիտեմ՝ արդյոք ճի՞շտ է այսպես։ Ճի՞շտ է կրթական համակարգում մարդկանց էսպես նվաստացնելը ու ճի՞շտ է ժամանակ տրամադրելու փոխարեն աշակերտներին ու ուսանողներին բաժանել «ուժեղների» ու «թույլերի», ու վերջիններիս պատժել առաջինների արդյունքները չցուցաբերելու համար։ Արդյոք մենք բոլորս որպես հասարակություն ու անհատներն իրենք ավելի շատ չէի՞նք շահի, եթե բոլորի ուժեղ կողմերը գնահատվեին ու ջրի երես հանվեին, ոչ թե ճնշվեին ու ոչնչացվեին, իսկ թույլ կողմերի վրա աշխատանք տարվեր, բայց որևէ մեկը չպատժվեր դրանց համար (ի վերջո, նշածս ուսանողը գիտի իր թույլ կողմերն ու աշխատում է դրանց վրա, բայց արդյունքի հասնելու համար ժամանակ է պետք, իսկ դասերը խեղդում են)։

Մի գրանտի պատմություն

Երեկ Մորթենի հետ նստած էինք արևի տակ, ու մինչ Կոպենհագենի ավտոբուսը կնստեր, խոսում էինք այն մասին, թե որքան դժվար է էսպես շաբաթվա կեսն իրարից հեռու անցկացնելը։ Հետո հիշեցրեց ինձ, թե որտեղ էինք անցյալ տարի այս ժամանակ ու թե որքան փոքր են մեր հիմիկվա անհանգստություններն այն ժամանակվա համեմատ։

Խոսելով Կոպենհագեն տեղափոխվելու մասին՝ ասացի, որ այն գրանտից դեռ պատասխան չկա, բայց եթե նույնիսկ լինի, Օրհուսի գործս չեմ թողնելու Կոպենհագենի համար։ Գուցե բանակցեմ, որ Օրհուսի պայմանագրից հետո ինձ վերցնեն, բայց ոչ ավելի շուտ։

Այդ գրանտի դիմումն էդպես էլ առանց իմ անվան էր ուղարկվել, բայց ղեկավարս ներողություն էր խնդրել ու հազար տարբեր ձևերով բացատրել, որ եթե ստանան այն, անպայման իմ ու Սիլվիայի միջև կիսվելու է։ Սիլվիան էլ մյուս կողմից ինձ հավատացնում էր, որ եթե երկուսիս էլ աշխատանքի վերցնելու տարբերակ չլինի, ինքը կհրաժարվի իր տեղից, որ ինձ տան էդ տեղը։ Ասում էր, որ ինքը մի քանի ուրիշ գրանտի էլ է դիմել, ու գուցե դրանք ստացվեն։ Իսկ ես ուղղակի լռում էի։

Էսօր մինչև աշխատանքային օրվա ավարտը փորձում էի գիտափորձիս նախապիլոտի սկրիպտի վերջին փոփոխություններն անել, երբ նախկին ղեկավարիցս նամակ եկավ։ Տեղեկացնում էր, որ գրանտը չեն ստացել ու հույս հայտնում, որ ուրիշ գրանտային ծրագրեր ունեմ, ու որ լավ է, որ Օրհուսի գործը ստացվեց։ Հետո իբր ինձ դուխ տալու համար ավելացնում էր, որ էս ֆոնդն այս անգամ ոչ մի լեզվաբանական ծրագիր չի ֆինանսավորել։

Պատասխանեցի, որ ունեմ ուրիշ գրանտային ծրագրեր ու որ առաջիկա երկու տարին Օրհուսում եմ աշխատելու։ Ղեկավարս գիտե՞ր արդյոք, որ ներկայիս աշխատանքը հենց նույն ֆոնդից է ֆինանսավորվում։ Բայց հաստատ չիմացավ, որ ինչ-որ տեղ ուրախացա, որ գրանտը չեն ստացել։ Ինչ-որ տեղ ուրախ եմ, որ հիմա Օրհուսում եմ աշխատում, չնայած Կոպենհագենում ապրելու ու Օրհուսում աշխատելու պրակտիկ դժվարություններին։ Թեև Կոպենհագենում թե՛ ղեկավարս, թե՛ շատ ուրիշներ վերևից են նայում այս աշխատանքին, որ ընդունել եմ, փաստը մնում է փաստ, որ այս թիմը կարողանում է այդ ֆոնդից գրանտ ստանալ, իսկ Կոպենհագենը՝ ոչ։ Փաստը մնում է փաստ, որ էստեղի գիտական միջավայրը շատ ավելի առողջ ու որակյալ է, ավելի համագործակցային ու թիմային, ու մեկ անգամ չէ, որ Կոպենհագենում այդ մասին բարձրաձայնել եմ։

Վերջին 28 օրը Ֆինլանդիայում․ օր 2, ուսանողներս

Վիքենդներն ամենադաժանն են։ Երջանիկ պատահականությամբ այս տարվա ընթացքում Յոենսուում աշխատանքային շաբաթվանից հետո դեռ չզբաղված վիքենդ չեմ ունեցել․ առաջին վիքենդին, երբ մազ էր մնում, որ նույն վիճակում հայտնվեմ, Մորթենն արագ ինքնաթիռ նստեց ու եկավ։ Երկրորդ վիքենդին Սիլվիան էր էստեղ, իսկ երրորդին ես էի Կոպենհագենում։ Էսպիսով, սա տարվա մեջ առաջին վիքենդն է, որ մենակ եմ լինելու Յոենսուում։

Երբ երեկ Մորթենի հետ էի խոսում, հարցրեց, թե ուրբաթս ինչ տեսք ունի։ Սկսեցի արագ-արագ պատմել, թե ինչ պիտի հասցնեմ անել, աչքերը ճակատին թռան։ «Էդքանը ո՞նց ես ութ ժամում անելու,- հարցրեց,- տասներկու ժամվա գործ ես նկարագրում»։ Բացատրեցի, որ ինչը չհասցնեմ, կմնա շաբաթ-կիրակի։ Այս շաբաթ-կիրակի չեմ հանգստանա, ոչինչ։ Դա ամենալավ մեթոդն է էմոցիոնալ վատ վիճակներից ազատվելու համար։

David snowbear.jpg
Ուսանողներիս սարքած ձնարջը։ Շարֆ կապեցի, որ չմրսի

Ու առավոտյան լրիվ տրաքած, մի կերպ արցունքներս զսպելով նստած էի լսարանում ու ուսանողներիս պրեզենտացիաներն էի լսում։ Հրաշք մի բան է նկատելը, թե ինչքան են աճել մի քանի ամիսների ընթացքում, ինչքան շատ գիտելիք են ձեռք բերել ու ինչքան լավ է փոխանցածս տեղ հասել։ Երևի դասավանդումը հենց դրանով է հրաշալի աշխատանք, որ անմիջապես ես պարգևատրվում ուսանողների գիտելիքների տեսքով։ Դիմացինին կրթելն ամենալավ զգացողություններից մեկն է։

Ցերեկն էլ վերաքննություն ունեի։ Էս առարկան փետրվարին արդիականությունը լրիվ կորցրել է։ Իմաստ ուներ հոկտեմբերին, բայց այս ընթացքում ուսանողներս էնքան են աճել ու բարդ առարկաներ հաղթահարել, որ ներածական էդ առարկայի իմաստը լրիվ կորում է։

Հիշում եմ՝ կիսամյակի սկզբին ի՜նչ վախվորած ու անվստահ էին ուսանողներս։ Հիշում եմ նրանցից յուրաքանչյուրի հետ առանձին զրույցներս։ Ու հիմա ինձ համար ամենամեծ նվերն է էսպիսի աճ տեսնելը։ Էստեղ ես պարզապես դասախոս չէի, որ մտնեի լսարան, դասս տայի ու դուրս գայի։ Էստեղ նաև նույն մագիստրոսական ծրագրի ինչ-որ բաների հասած շրջանավարտ էի, ու շատ էին ուսանողները, որոնք ինձնից խորհուրդ էին հարցնում։ Էստեղ ես դասավանդում էի աշխարհի տարբեր ծայրերից եկած ուսանողների, որոնցից շատերը մոլորվել էին օտար երկրում ու օտար միջավայրում։ Ու դասավանդում էի մեկից ավելի առարկա։ Ականատես էի լինում նրանց առօրյա խնդիրներին, որոնք հաճախ կարող էին ազդել ուսումնական պրոցեսի վրա։

Մտածում եմ՝ Յոենսուում մի հարցում է բախտս մի այլ կարգի բերել, այն է՝ աշխատանքիս բնույթը։ Այս սարսափելի ծանրաբեռնվածության մեջ ինձ փրկում էր գերագույն հաճույքով աշխատանքի գնալը։ Ինձ փրկում էին նաև ուսանողներս իրենց կատակներով, երախտագիտությամբ, առաջադիմությամբ ու պարզապես մարդ լինելով։ Յոենսուում իմ բոլոր լավագույն պահերն ուսանողներիս հետ են կապված ու մարդկային են շատ։ Նրանք իմ մարդ լինելու վրա էին զարմանում, ես՝ իրենց։ Ու ինչքա՜ն բան սովորեցի հենց ուսանողներիցս։ Ինչքա՜ն հիացա նրանց խելացիությամբ, ներողամտությամբ, հոգատարությամբ, բարությամբ ու հասունությամբ։

Բայց մյուս կողմից մտածում եմ՝ նաև ուսանողներիս այսքան նվիրվածությունը նպաստեց, որ էսպես կտոր-կտոր լինեմ։ Ես կյանքում երբեք այս աստիճանի չեմ ընկղմվել գործի մեջ, որ գործի ու հանգստի միջև տարանջատում չլինի, ու անգամ երեկոյան ժամերին ուսանողներիս մեյլերին պատասխանեմ։ Երբեք չի պատահել, որ այսքան մտահոգվեմ ուսանողներովս ու այսքան իմ կյանքի, անգամ ազատ ժամանցի մաս դառնան նրանք։ Երբեք այսքան շատ չեմ տվել, որ ինձ ոչինչ չմնա, ու օրվա վերջում ուժասպառ լինեմ։

Այս ուրբաթ երեկոյան էլ նստած անհանգստանում եմ, որ իմ ղեկավարած վեց գիտական խմբերից ոչ մեկից այս շաբաթ թարմացում չեմ ստացել։ Անհանգստանում եմ, բայց ուսանողներիցս մեկն ինձ հիշեցնում է, որ այս շաբաթ շատ խառն էին։ Ուրեմն կսպասեմ մինչև մյուս շաբաթվա սկիզբ։

Ամեն դեպքում, չեմ փոշմանում այս վեց ամիսների համար։ Իրոք աննկարագրելի փորձառություն էր, ինչի հնարավորությունը երևի այլևս երբեք չեմ ունենա։ Ու շատ լավ գիտեմ, որ ուսանողներիցս ոմանց հետ ապագայում լիքը աշխատելու եմ, ինչպես Սիլվիան էր իմ դեպքում։ Հինգ տարի առաջ, երբ վախվորած մոտեցա նրան ու խնդրեցի թեզիս երկրորդ ղեկավարը լինել, կպատկերացնեի՞ արդյոք, որ հինգ տարի անց Յոենսուում միասին սառած լիճն ենք մտնելու։

Օրհուս․ ակադեմիան և քաղաքը

Աշխարհում միայն մի քաղաք կա, որտեղ ուզում եմ ապրել գրեթե նույնքան, որքան Կոպենհագենում։ Տարօրինակ զուգադիպությամբ այդ քաղաքը գտնվում է Դանիայում ու անունը Օրհուս է։ Մինչև այնտեղ հայտնվելս Կոպենհագենի սնոբներից Օրհուսի պրովինցիալության մասին անեկդոտներ էի լսել ու պատկերացում չունեի, թե քաղաքն ինչ ունի առաջարկելու։

20160531_215126.jpg
Ծովափը Օրհուսում

Բայց մեկուկես տարի առաջ մասնակցեցի PhD ուսանողների համար Օրհուսի համալսարանի կազմակերպած ստատիստիկայի դասընթացին։ Մասնակցեցի ու սիրահարվեցի քաղաքին, սիրահարվեցի նաև համալսարանին։

Ստատիստիկայի այդ դասընթացն իմ PhD-ի ընթացքում ամենամեծ ձեռքբերումն էր։ Դասախոսները՝ Ռիկարդոն ու Ջոշը, բավական բարդ հասկացություններ շատ լավ էին բացատրում, ու երբ որոշ ժամանակ անց ինքս պիտի սկսեի ստատիստիկա դասավանդել, ահագին բաներ իրենց մեթոդներից գործածում էի։ Ավելին՝ իմանալով, որ Ռիկարդոն ու Ջոշը հոգելեզվաբանությամբ են զբաղվում, հասցրել էի նկատել, որ Օրհուսի համալսարանում գոնե մեր ոլորտի վիճակը շատ ավելի լավ է, քան Կոպենհագենի համալսարանում։

Ու դեռ այն ժամանակներից Օրհուսի համալսարանում աշխատելու ուղղությամբ էի մտածում։ Եթե անկեղծ լինենք, միայն մտածում էի ու առանձնապես քայլեր չէի ձեռնարկում։ Երևի միակ լուրջ քայլը որպես թեզիս պաշտպանության օպոնենտ էնտեղի պրոֆեսոր, նյարդալեզվաբան Յուրի Շտուրովին հրավիրելն էր, բայց Շտուրովն այդ օրերին զբաղված էր, ու էդպես էլ Օրհուսի համալսարանի հետ կապ չհաստատեցի։

DSC_1626.jpg
Գիշերային Օրհուս

Չգիտեմ՝ ինչ աստիճանի բախտավոր պիտի լինեմ, որ հանգամանքներն էնպես դասավորվեցին, որ իրենց մոտ հոգելեզվաբանության պոստդոկի տեղ ազատվեց, ու հարցազրույցների շարքից հետո այդ տեղն ինձ հասավ։ Իսկ ամենազարմանալին այն է, որ այն գիտական պրոյեկտի ղեկավարը, որտեղ պիտի աշխատեմ, այն նույն ամերիկաբնակ պրոֆեսորն է, որի խոսքերը մեջբերելով ավարտել էի թեզիս պաշտպանությունը։ Այնուամենայնիվ, պատճառ կար, որ այդ պրոֆեսորն Օրհուսի, ոչ թե Կոպենհագենի համալսարանի հետ է համագործակցում։ Ու նույն թիմում էի լինելու Ռիկարդոյի հետ, իսկ Ջոշը դառնում է ամբիոնի վարիչ։

20160601_171115.jpg

Երկու օրով մեկնել էի Օրհուս իմ նոր թիմի հետ ծանոթանալու։ Համալսարանի մասին պատկերացումներս ևս մեկ անգամ հաստատվեցին։ Ինձ համար ակադեմիական դրախտ է․ համագործակցության ոգին ամենուր է ու ամեն կերպ խթանվում է։ Ամեն տեսակի պայմաններ ստեղծված են ամենախելառ գիտափորձերն անցկացնելու համար։ Ու ինչքան ասես միջդիսցիպլինար պրոյեկտներ կան։ Ասենք, ֆիզիկոսը համագործակցում է լեզվաբանի հետ, հնաբանը՝ հոգեբանի հետ։

Կոպենհագենի համալսարանում բոլորը խորացած էին իրենց նեղ ոլորտներում ու դրանցից դուրս գալ չէին ուզում, ինչից իմ PhD-ի ընթացքում շատ էի նեղվում։ Հենց իմ ղեկավարը, լինելով տեսական լեզվաբան, փորձում էր ինձ անընդհատ ներքաշել տեսության մեջ, մինչդեռ ես ձգտում էի տեսական, հոգե- ու նյարդալեզվաբանության միջև կամուրջներ կառուցել։ Միջդիսցիպլինար համագործակցություն միայն հիվանդանոցի լաբում կար, բայց էնտեղ էլ հետաքրքրություններն էին սահմանափակ, իսկ հիվանդանոցը, ի տարբերություն Օրհուսի, համալսարանից խիստ առանձնացած էր։

Զարմանալի տարբերություն կար նաև ապագա աշխատակիցներիս վերաբերմունքի մեջ։ Կոպենհագենում իմ թիմի անդամներից ու PhD ուսանողներից բացի ուրիշ ոչ մեկի հետ չէի շփվում։ Չէի շփվում, որովհետև իրենք իրենց հեռու էին պահում։ Մենք բաժանված էինք օտարերկրացիների ու դանիացիների։ Ու դանիացիներն իրենց պարտքն էին համարում օտարերկրացիներին չնկատել։

Օրհուսի նույն ամբիոնում նախևառաջ ավելի շատ օտարերկրացի կա, քան դանիացի, ինչն արդեն խոսում է այն մասին, որ որակն ավելի կարևոր է, քան ԽԾԲ-ն։ Իսկ հետո նույնիսկ դանիացիները բավական բաց են ու հետաքրքրվող։ Էնտեղ չկա մենք ու նրանք։ Սեղանի շուրջ անգլերենն ու դանիերենն իրար հերթագայում են էնպես, որ բոլորի համար հասկանալի լինի, ու երբեք լեզուն չի դառնում որևէ մեկին շրջանից դուրս դուրս թողելու գործիք։

Սիրում եմ նաև Օրհուս քաղաքը։ Կոպենհագենի համեմատ փոքր է, բլրոտ, բայց Կոպենհագենի պես հյուրընկալ է, ու քեզ տանն ես զգում հենց առաջին վայրկյաններից։  Բայց նաև ավելի իրական է, Կոպենհագենի մայրաքաղաքային սնոբիզմից զուրկ։ Ծովային քամին այստեղ ավելի ուժեղ է, ու մեջը գարնան շունչ կա։ Օդի մեջ խաղաղություն ու ստեղծագործականություն կա։ Թվում է՝ Դանիայի ստեղծագործ խմբերն ավելի շատ Օրհուսում են կուտակված, քան Կոպենհագենում։

Ու իսկապես զարմանում ու ուրախանում եմ, որ հանգամանքներն էնպես դասավորվեցին, որ վերջապես աշխատելու եմ իմ երազանքների ակադեմիական միջավայրում իմ ուզած երկրում ու իմ ուզած քաղաքներից մեկում։ Ես երևի անչափ բախտավոր մարդ եմ, որովհետև իմ երազանքներն իրականանալու հակում ունեն։

Սերը և օբյեկտիվությունը դասավանդման մեջ

Ընդհանրապես, որպես դասախոս այս կամ այն մոտեցումն ընտրելիս միշտ հիշում եմ իմ սեփական ուսանողական փորձը ու թե ինչպես էր այս կամ այն մոտեցումն ինձ վրա ազդում։ Իհարկե, ինձնով չափելը մի քիչ սահմանափակ է, որովհետև ուսանողներն էլ տարբեր են լինում ու տարբեր մոտեցումների կարիք ունեն, բայց ամեն դեպքում գոնե օգնում է խուսափել մի շարք սխալներից։

Երբ հետ եմ նայում իմ ուսանողական տարիներին, նկատում եմ, որ հատկապես այն դասախոսների առարկաներն եմ հատկապես լավ սովորել, որոնց սիրում էի։ Հիմա չգիտեմ՝ սիրո պատճառ-հետևանքային կապը․ արդյոք առարկայի նկատմամբ սե՞րն էր տարածվում դասախոսի վրա, թե՞ հակառակը։ Ամեն դեպքում, հաշվի առնելով, որ առարկաներ են եղել, որոնք մի կիսամյակ մի դասախոս է դասավանդել, երկրորդը՝ մի ուրիշ, կարելի է ասել, որ դասախոսն իր դերն ունեցել է։

Ամենացայտուն օրինակը կենսաքիմիան էր։ Առաջին կիսամյակում սովորել եմ էնքան որ «գերազանցի» հասնեմ։ Ինձ համար ամենաանհետաքրքիր ու ձանձրալի առարկան էր։ Իսկ երբ երկրորդ կիսամյակում ուրիշ դասախոս մտավ լսարան, որին անմիջապես սիրեցի, կենսաքիմիայի նկատմամբ հետաքրքրությունս կտրուկ աճեց, ու ահագին խորացա՝ լրացուցիչ աշխատանք կատարելով ու ի վերջո քննությունից «10» ստանալով (բժշկականում «9» սովորական «գերազանցն» էր, «10»-ը՝ բացառիկ):

Ինչ խոսք, դասախոսին սիրելը հենց էնպես չի լինում ու մի քանի հանգամանքներից է կախված․ ինչպե՞ս է դասախոսը դասավանդում, ինչպե՞ս է տրամադրված իր ուսանողների և առարկայի նկատմամբ։ Կոնկրետ ինձ համար սարսափելի վանող է դասախոսի անտարբերությունը դասավանդվող նյութի ու լսարանում ներկաների նկատմամբ։ Էդպես մաստերիս ընթացքում մի առարկայի քննական առաջադրանքը չէի կարողանում կատարել հենց մենակ դասախոսին չսիրելու պատճառով։ Ահռելի կամքի ուժ եմ գործադրել, որ ի վերջո մի բան հանձնեմ։

Բայց դասախոս-ուսանող հարաբերություններում միմյանց նկատմամբ լավ տրամադրված լինելը մեկ այլ վտանգավոր հետևանք ունի․ օբյեկտիվության կորուստ։ Անձամբ ինքս իմ անվերջանալի ուսանողական տարիների ընթացքում շատ եմ բախվել դասախոսների ոչ օբյեկտիվ վերաբերմունքին։ Ունեցել եմ դասախոսներ, որոնք ակնհայտորեն նախընտրել են տղա ուսանողներին, ու իմ պատասխանն ինչքան էլ կատարյալ է եղել, միշտ ցածր են նշանակել։ Ունեցել եմ դասախոսներ, որոնք ուսանողուհիներին բաց ծիծիկների համար են բարձր գնահատել, իսկ գիտելիքն իրենց մոտ հաշիվ չէր։ Եվ անգամ զարգացած Եվրոպայում ունեցել եմ դասախոսներ, որոնք իրենց ոլորտի գիգանտներ են եղել, բայց ուսանողներին գնահատական նշանակել են ոչ թե ըստ գիտելիքների, այլ ըստ նրանց նկատմամբ տրամադրվածության։

Բայց հանուն արդարության ասեմ, որ ունեցել եմ նաև դասախոսներ, որոնք ինձ են շատ սիրել։ Մի դեպք գոնե հիշում եմ, որ հյուսվածաբանության գնահատականս սուբյեկտիվ դրական վերաբերմունքի արդյունք է եղել։ Բայց դրանից ամոթից գետինն էի մտել, ու առարկայի մնացած 3/4-ն էնպես եմ սովորել, որ դասախոսս արդեն ամբիոնից ուրիշ դասախոսների էր կանչում, որ զմայլվեն գիտելիքներովս։

Ունեցել եմ նաև դասախոսներ, որոնք ինձ շատ սիրելով հանդերձ օբյեկտիվությունը չեն կորցրել ու պետք եղած դեպքում ցածր են նշանակել: Ու դասախոսական ամենակարևոր դասս հենց նրանցից եմ սովորել․ սիրել ուսանողներին, չկորցնել օբյեկտիվությունը։ Իսկ դա սարսափելի բարդ է։

Ամեն անգամ նոր առարկա դասավանդելիս փորձում եմ նախ ինքս ինձ տրամադրել ու սիրել այն։ Առայժմ մենակ ձևաբանություն-շարահյուսություն առարկայի դեպքում դա չէր ստացվում, բայց երրորդ դասից սկսած ոնց որ դա էլ հաղթահարեցի ու սկսեցի սիրով լսարան մտնել։ Հետո փորձում եմ ուսանողներին սիրել։ Ցավոք, դա ոչ բոլորի դեպքում է ստացվում։ Բայց նույնիսկ այդ դեպքում աշխատում եմ որևէ մեկի նկատմամբ անտարբեր չլինել ու չատել, ինչպես անում էին մաստերիս ընթացքում ինձ դասավանդած գրեթե բոլոր դասախոսները։ Ու արդյունքը շատ արագ եմ տեսնում։ Շատ արագ տեսնում եմ տեղ հասած գիտելիք, հետաքրքրվածություն առարկայի նկատմամբ, սովորելու ծարավ։

Իսկ երեկ առաջին քննությունն էր։ Ուսանողներիցս երեք հոգու կտրեցի։ Իրականում եթե շատ ուզեի, կարող էի «անցողիկ» նշանակել։ Բայց կարդալով իրենց պատասխանները՝ հասկացա, որ մեթոդաբանության որոշ ֆունդամենտալ հարցեր լավ չեն հասկացել, իսկ դա իրենց շատ կխանգարի մաստերի հետագա ընթացքում։ Դրա համար լավ կլինի՝ էդ բոլորը մի անգամ էլ բացատրեմ, վերաքննություն հանձնեն ու տեղը տեղին գիտելիք ցուցադրեն։

Կտրվողներից մեկն էլ իմ սիրելի ուսանողներից էր։ Երևի նաև շատ սիրելուց կտրեցի, որովհետև գիտեմ, որ եթե էս ամենը հիմա լավ չիմանա, հետագայում մագիստրոսական թեզի որակի վրա ահագին վատ կանդրադառնա։ Չգիտեմ, երևի ինքը դա չի հասկանա։ Երևի ես էլ սխալ եմ անում վերաքննության ավելորդ սթրեսի ենթարկելով։ Բայց իմ սերն ուսանողներիս նկատմամբ հենց էդպես է դրսևորվում․ ինչքան շատ սեր, էնքան մեծ ցանկություն գիտելիքն ամբողջությամբ տեղ հասցնելու։

Արևելյան Ֆինլանդիայի համալսարանի ուսումնական ծրագրի առանձնահատկությունները

Ինչպես Ծլնգին խոստացել էի, այս գրառմամբ անդրադառնում եմ Արևելյան Ֆինլանդիայի համալսարանի կրթական ծրագրերին։

Սկսեմ նրանից, որ այստեղ ուսումնական տարին երկու կիսամյակից է բաղկացած, ինչպես գրեթե ամեն տեղ, բայց կիսամյակներն էլ իրենց հերթին երկուական study period-ներից են բաղկացած, ինչպես հին ու բարի Սովետում քառորդներ գոյություն ունեին։ Ի տարբերություն կիսամյակների, study period-ների սկզբի ու ավարտի միջև արձակուրդ կամ պաշտոնական անցում չկա։ Միայն չոր օրացուցային օրեր են, ու կարիքի դեպքում կարելի է դրանք թեթևակի խախտել։

Հենց study period-ներով է պայմանավորված, որ գրեթե ոչ մի առարկա մի ամբողջ կիսամյակ չի ձգվում, այլ ավարտվում է մոտավորապես տվյալ study period-ի ավարտին։ Բայց քանի որ ես դասավանդում եմ Էրազմուս մունդուսի կլինիկական լեզվաբանության միջազգային մաստերում, իմ կյանքը մի քիչ տարբերվում է սովորական ֆիննական ծրագրերում դասավանդողներինից թե՛ լավ, թե՛ վատ իմաստով։

Այս մաստերի ուսումնական ծրագիրն ու օրացույցը հարմարեցված է համագործակցող մյուս համալսարաններին, ու այդ ուսանողները միաժամանակ թե՛ օրենքից, թե՛ կիսամյակային բաժանումներից մի քիչ դուրս են։ Այդ ուսանողները Յոենսուում պետք է անցկացնեն մի կիսամյակ, ինչը համապատասխանում է էստեղի համալսարանի երեք study period-ի (երկուսն առաջին կիսամյակից, մեկը՝ երկրորդից)։ Փաստորեն, ստացվում է այնպես, որ երկրորդ կիսամյակի երկրորդ կեսին դասավանդելու պարտականություն չունեմ, եթե, իհարկե, նոր բաներ վզիս չփաթաթեն։

Հիմա գանք այն հինգուկես առարկաներին ու տեսնենք, թե ոնց է ստացվում, որ շնչելու ժամանակ, այնուամենայնիվ, մնում է։ Այդ առարկաներից յուրաքանչյուրը տասներկու կոնտակտային ժամ ունի, որոնք հիմնականում ձգվում են երեք շաբաթ՝ ամեն շաբաթ չորսական ժամով։ Այդ մի շաբաթը, երբ ութ կոնտակտային ժամ ունեմ, պայմանավորված է նրանով, որ առաջին study period-ը վերջանում է, երկրորդն է սկսվում, ու մի առարկայի վերջը համընկնում է երկրորդի սկզբի հետ։ Էդպիսի համընկնումներ կարող էին լինել նաև հենց առաջին study period-ի ներսում, բայց քանի որ մեթոդոլոգիա առարկայի ուղիղ կեսն էի դասավանդելու, մյուս կեսը դասավանդող պրոֆեսորիս հետ էնպես հարմարացրի, որ ոչ միայն չհամընկան, այլև մի ամբողջ շաբաթ դասավանդելու ժամեր չունեի։

Փաստորեն, եթե այս հինգուկես առարկաները համեմատեինք նորմալ, կիսամյակով մեկ ձգվող առարկաների հետ, կստացվեր ընդամենը երկուսը կամ երեքը՝ նայած ինչպես հաշվենք, ու դա կլիներ նորմալ ծանրաբեռնվածություն։ Անկեղծ ասած, ես կնախընտրեի կիսամյակով մեկ ձգվող երկու առարկա այս հինգուկեսի փոխարեն, որովհետև ամեն առանձին առարկա նաև լիքը ադմինստրատիվ աշխատանք է խլում ու առանձին մի քանի օր գնում է պլանավորելու ու նյութերն ընտրելու վրա։ Բայց էստեղ գալիս եմ իմ մյուս պարտականություններն ու ընդհանրապես այս համալսարանի ուսումնական ծրագրերի յուրօրինակությունները։

Այս բոլոր առարկաներից, որ դասավանդում եմ, հնարավոր է 1 – 10 կրեդիտ հավաքել։ Ուսանողը, օրինակ, ներկա գտնվելով հոգելեզվաբանության բոլոր դասերին ու քննությունը հաջողությամբ հանձնելով ստանում է 1 կրեդիտ։ Բայց ցանկության դեպքում կարող է 10 ստանալ, իսկ դրա համար պետք է լրացուցիչ առաջադրանք կատարի, ինչը նշանակում է լսարանից դուրս ուսանողի հետ անհատական աշխատանք։ Իհարկե, դա այնքան էլ վատ չէ, բայց միայն այդ մաստեր ծրագրում 23 ուսանող կա, ու նրանցից յուրաքանչյուրն առնվազն մեկ առարկայից լրացուցիչ աշխատանք կատարելու է, որ կարողանա կիսամյակային բոլոր կրեդիտները հավաքել։ Դրան էլ ավելացնենք, որ իմ դասերին հաճախում են նաև այդ մաստերից դուրս ֆին ու փոխանակային ուսանողներ։ Արդյունքում՝ կոնտակային ժամերից շատ ավելի շատ ժամանակ եմ անցկացնելու ուսանողներին ղեկավարելու վրա։

Բարեբախտաբար, այն կես առարկան, որ դասավանդել եմ, լրացուցիչ առաջադրանքի հնարավորություն չուներ, իսկ այս մեկը, որ հիմա եմ դասավանդում, ֆիքսված լրացուցիչ առաջադրանք ունի․ ով ուզում է նախատեսվածից շատ կրեդիտ ստանալ, քննությանն իրեն լրացուցիչ հարց կտրվի լրացուցիչ գրականությունից։ Բայց այ երբ կլինիկական լեզվաբանությունն ու հոգելեզվաբանությունը սկսվեն, չգիտեմ՝ ինչ է կատարվելու։

Էստեղի ուսումնական ծրագրի մեկ այլ առանձնահատկություն են էսպես կոչված գրքային քննությունները․ առարկան ոչ մի կոնտակտային ժամ չունի, ուսանողը նախատեսված գիրքը կարդում է, գալիս քննության։ Էդպես ես մոտ ութ առարկայի գրքային քննություն եմ կոորդինացնում։ Դրանցից հինգը նաև նրանք են, որոնք նաև կոնտակտային ժամեր ունեն, ու ինքս դասավանդում եմ, բայց մյուս երեքի հետ, կարելի է ասել, կապ չունեմ։

Եթե ինձ հարցնեք, կասեմ, որ այս գրքային քննություններն աշխարհի ամենաանհեթեթ բանն են։ Փաստորեն, քննություն եմ ընդունում էնպիսի գրքերից, որոնք ինքս էլ չեմ կարդացել։ Ինչ խոսք, հասկանալի է, թե ինչու այս ֆորմատն ընդհանրապես գոյություն ունի։ Ֆինլանդիան բավական նոսր բնակեցված մեծ երկիր է, ու գրքային քննությունները հնարավորություն են տալիս հեռակա սովորել։ Հենց էդ պատճառով Յոենսուն նաև MOOC-երով ու իր սեփական օնլայն կուրսերով է դասավանդում։ Բայց քննություն ընդունել գրքերից, որ ինքս ոչ միայն չեմ կարդացել, այլև ոլորտից միայն պերիֆերիկ գիտելիքնե՞ր ունեմ։ Այս դեպքում կարելի էր գոնե ցենզորների վերցնել, ինչպես Կոպենհագենի համալսարանն է անում․ ոչ մի քննություն առանց ցենզորի չի անցնում։

Մի խոսքով, ոնց որ սրանք էին դասավանդման հետ կապված պարտականություններս։ Արևելյան Ֆինլանդիայի համալսարանի այլ առանձնահատկություններից ուրիշ առիթով կգրեմ։

 

Յոենսուի մի աշխատանքային օրը

Տասներկու ժամ աշխատելուց ու դասախոսությունս վերջնական տեսքի բերելուց հետո վերջապես վեր էի ընկել խոհանոցում։ Քնելու հավես չկար․ ոնց որ ուղեղս միացած լիներ ու հրաժարվեր անջատվել։ Ես չեմ հիշում, թե վերջին անգամ երբ եմ տասներկու ժամ աշխատել։ Երևի վերջին էքսպերիմենտիս օրերին էր, բայց անգամ էն ժամանակ տասներկու ժամ մտավոր աշխատանք չէի կատարում․ գործիս մեծ մասը կա՛մ տեխնիկական էր, կա՛մ էնքան էի արել, որ արդեն ավտոմատացել էր։

Երբ գրասենյակիցս դուրս եկա ու միջանցքի լույսը վառեցի, նկատեցի, որ ևս մեկ բաց դուռ կա։ Կոպենհագենում երեկոյան ժամը տասի կողմերն ո՞վ բաց դուռ կտեսներ։ Այն բացառիկ օրերին, երբ ժամը տասին գրասենյակումս եմ եղել, պահակն էր գալիս ու ստուգում՝ ինչ գործ ունեմ համալսարանում էդ ժամին։ Ու սովորաբար գործ չէի ունենում։ Գրասենյակումս երկար մնալու պատճառը հիմնականում էմոցիոնալ էր․ որևէ բան անհանգստացնում էր, ու տուն գնալ չէի ուզում։

Թե ինչու է այնպես ստացվել, որ ուշ երեկոյան ժամերին Յոենսուում կգտնես աշխատողների, իսկ Կոպենհագենում՝ ոչ, մի առանձին ու երկար գրառման թեմա է։ Ու եթե ինձ հարցնեն, թե որն եմ նախընտրում, կասեմ՝ Կոպենհագենը, բայց իմ կյանքի ներկայիս հանգամանքներում լավ է, որ Յոենսուում նման վարքագիծն ընդունելի է։

Իսկ այդքան երկար աշխատելու պատճառն այն էր, որ այն ժամանակ, երբ պիտի այսօրվա դասախոսությունս պատրաստեի, զբաղված էի գրանտի դիմումը գրելով։ Դեռ այն ժամանակ գիտեի, որ դասախոսությանը ժամանակ չտրամադրել նշանակում էր, որ հետ գալուն պես պիտի լծվեմ գործի ու ճռռամ, որ հասցնեմ։ Այն ժամանակ դա ինձ չէր հուզում, որովհետև գրանտը կարևոր էր։ Բայց իրադարձությունների այդպիսի շրջադարձից հետո ամեն նոր սլայդը պատրաստելիս նայում էի դուրս, նայում էի չդադարող քամուն ու թափվող տերևներին, ծառից ծառ թռչկոտող ու ինչ-որ բանի համար կռվող երկու սկյուռիկներին և ուզում դրսում լինել։ Բայց դա երկար չտևեց, որովհետև մի կողմից ամպամած էր, մի կողմից մութն ընկավ, ու հետո արդեն սկսեցի երազել տաք ընթրիքի մասին։

Ինն անց էր, երբ գրասենյակիցս դուրս եկա։ Գործս դեռ չէի վերջացրել, բայց մտածեցի՝ դուրս գամ, սննդիս հարցերը լուծեմ․ քաղաքի բոլոր սուպերմարկետները փակվել էին, ու միակ տեղը, որտեղ հնարավոր էր սնունդ ճարել, պակիստանցիների պիցցերիան էր։

Քշեցի այնտեղ մանր անձրևի միջով։ Իրականում տարածություններն այստեղ շատ փոքր են, ու հանգիստ կարելի է քայլել։ Բայց երեկ սառցակալեցի, մինչև համալսարանից տուն հասա։ Դրա համար որոշեցի, որ սրանից հետո ամեն տեղ հեծանիվով եմ գնալու։

Պակիստանցիների պիցցան առանձնապես լավը չէ, բայց քաղաքի երկու պիցցերիաներից մեկն է, իսկ մյուսն ավելի վատն է ու ավելի շուտ է փակվում։ Մարգարիտա պատվիրեցի՝ նախապես իմանալով, որ չեմ կարողանալու ուտել։ Հարցրին՝ տեղու՞մ եմ ուտելու, թե՞ հետս տանելու եմ։ Խելամիտ կլիներ հետս տանելը․ տանն էլ դեռ պիտի մի քիչ աշխատեի, ու պետք չէր ժամանակ կորցնել։ Բայց նաև ուզում էի ուղղակի հանգիստ նստել մի կես ժամ հետո, հետո տուն գնալ։

Երևի վերջին հաճախորդն էի․ պիցցերիան տասին փակվում էր։ Նստել էի պատուհանի մոտ ու տեսնում էի արտացոլանքս՝ հոգնած ու մենակ։ Յոենսուի մենակության հետ հաշտվել եմ, ու էդպիսի աշխատանքային օրերն են, որ օգնում են ընդհանրապես մոռանալ սոցիալիզացիայի մասին։

Հեռախոս մոտս չկար։ Դա օգնում էր աշխարհից լրիվ անջատված լինել։ Վերջին օրերին ընդհանրապես հետս հեռախոս ման չեմ տալիս․ սմարթֆոնս տանն եմ թողնում, ֆիննական հեռախոսս՝ գրասենյակում։

Զոռով ինձ ստիպելով պիցցայի կեսը կերա։ Աշխատողը տեսավ, որ կիսատ եմ թողնում, խնամքով փաթաթեց, որ հետս տանեմ։ Լավ միտք էր, բայց չգիտեմ՝ մեկ էլ երբ եմ տանն ուտելու։ Ինչ եկել եմ Յոենսու, սկսել եմ ահավոր վատ սնվել ու չշարժվել։ Չգիտեմ՝ մարմինս ինչքան կդիմանա էսպիսի ապրելակերպի։ Ամեն անգամ ջիմում դաս եմ վերցնում ու ամեն անգամ քենսըլում, որովհետև տեսնում եմ՝ չեմ հասցնում։ Կոլեգաներիցս Լարիսան երեկ եկավ, առաջարկեց իր հետ վազելու գնալ։ Սպորտային համազգեստս մոտս չէր։ Բայց եթե նույնիսկ լիներ էլ, չէի գնա։

Գիշերը մեջքս պոկվում էր։ Ուզում էի մի քիչ յոգա անել․ գորգիկս հետս բերել էի Կոպենհագենից։ Բայց մյուս կողմից էլ չափից դուրս հոգնած էի։ Մի քիչ ձգվեցի ու պառկեցի քնելու։ Իսկ քնել չէր ստացվում։ Նորից մտածում էի ղեկավարիս արածի մասին ու հատ-հատ հիշում, թե անցյալում ինչպես է նման վարք դրսևորել իմ ու ուրիշների նկատմամբ ու գլխիս խփում, թե ինչու ինքս ինձ թույլ տվեցի նույն քաքի մեջ նորից ընկնել։ Սիլվիան համոզում էր, որ լեզու գտնեմ հետը, որովհետև ես կորցնելու բան ունեմ, ղեկավարս՝ չէ։ Իսկ Մորթենն ասաց, որ ավելի շուտ ինքը կտեղափոխվի Յոենսու, քան թույլ կտա, որ Կոպենհագենում նման վերաբերմունքի արժանանամ։

Մտածում եմ՝ երկրորդ ղեկավարիս գրեմ։ Չգիտեմ՝ ինչն է մինչև հիմա հետ պահել, բայց երկրորդ ղեկավարս հենց էն գիտնականն է, որի աշխատանքով հետաքրքրվելով եմ դիմել PhD ծրագրիս, ու ամբողջ PhD-իս ընթացքում ինքը լրիվ Կասպերի հակակշիռն է եղել՝ ոգևորելով, քաջալերելով ու հավանություն տալով համարձակ պրոյեկտներիս։

Գնամ հիմա։ Դասախոսությունը մի ժամից կսկսվի։ Յոենսուի համալսարանական համակարգի մասին շուտով կպատմեմ։ Չեմ մոռացել։

Մի քիչ ակադեմիայից

Երբ ամիսներ առաջ ակումբում այս գրառումն արեցի՝ ինքս ինձ հարցնելով, թե արդյոք պետք էր Սիլվիային Կոպենհագեն բերել, դեռ գաղափար չունեի, թե էս փլավն ինչքան ջուր էր քաշելու։ Այս ընթացքում շատ բան եղավ․ ղեկավարիս կռվով-դավով համոզեցի, որ երեք ամսով աշխատանքս երկարաձգի, թեզս հաջողությամբ պաշտպանեցի ու աշխատանքի անցա Ֆինլանդիայում։ Մեր գիտական թիմի անդամներից մեկը հարկայինում գործի ընդունվեց, մյուսը՝ մեկ այլ դանիական համալսարանում պոստդոկ ճարեց ու մնաց Սիլվիան իր՝ մինչև հաջորդ տարվա մարտի վերջի պայմանագրով։

Սիլվիան շատ էր ուզում, որ միասին ինչ-որ բան անենք, իսկ ես չէի ուզում ղեկավարիս հետ աշխատել։ Բայց թեզս հանձնելուց հետո մտածեցի՝ PhD-ի դառնությունն է, բոլորն էլ ունենում են իրենց ղեկավարների նկատմամբ։ Ու էդպես սկսեցի փորփրել բոլոր տեսակի գրանտների հնարավորությունները, դրանք ստանալու հավանականությունն ու ինձ հետ համագործակցել ցանկացող գիտական հաստատությունները։ Երկու հեշտ ուղի կար․ մեկը ղեկավարիս հետ, մյուսը՝ հիվանդանոցի թիմի հետ։ Հեշտ էր, քանի որ երկու դեպքում էլ ոտքս արդեն էնտեղ էր։

Հիվանդանոցի թիմի հետ խոսեցի։ Իրենք համաձայն էին, բայց թեման էին ուզում մի քիչ փոխել։ Նոր թեման էլ ինձ համար մի քիչ ջանջալ է, քանի որ նոր մեթոդ է ներառում։ Որոշեցի ամեն դեպքում աշխատել դրա վրա։ Ու տեսականորեն դեռ աշխատում եմ, թեև էս մի ամսվա մեջ հազիվ մեկ-երկու հոդված եմ կարդացել էդ թեմայով (կեցցե զբաղվածությունս):

Խոսեցի նաև ղեկավարիս հետ։ Ասաց, որ ավելի հեշտ տարբերակ է, երբ դիմողն ինքն է, ու դիմումի մեջ նշում է, որ պոստդոկի է գործի ընդունում։ Իրոք, էդպիսի դիմումները ֆինանսավորվելու ավելի բարձր հավանականություն ունեն (10-15%, մինչդեռ անհատական պոստդոկը՝ 2-5%): Ես էլ համաձայնեցի, ու օգոստոսից պաշտպանություն-բան թողած սկսեցի ղեկավարիս բզել, որ գրենք դիմումը։

Երբ արդեն աշխատում էինք դիմումի վրա, անձնակազմում հանկարծ Սիլվիան էլ հայտնվեց։ Անկեղծ ասած, ես դեմ չէի։ Եթե ֆինանսավորումը ստանայինք, ընտիր բան էր լինելու․ ես ու Սիլվիան նույն թիմում էինք աշխատելու։ Հետո մի առանձին խոսակցության մեջ Սիլվիան նշելու էր, որ ղեկավարս իրեն ասել է, թե ես էլ եմ դիմումի մեջ, հո դեմ չէ՞։ Ծիծաղելու էինք դրա վրա, առաջ անցնեինք։

Եկավ սեպտեմբերը, ու ես արդեն Ֆինլանդիայից ևս մեկ անգամ բզեցի ղեկավարիս․ ի վերջո, գրանտն իր անունով էր գրվելու, պետք էր ամեն ինչ հարամարցնել իրեն։ Ասաց, որ սեպտեմբերի առաջին երկու շաբաթներին զբաղված է, բայց հետո կգրի ինձ։ Դեդլայնն էլ հոկտեմբերի սկիզբ էր։

Համբերատար սպասեցի երկու շաբաթ։ Ձեն-ձուն չկար։ Էդ ընթացքում ուրիշ թեմայով էի ղեկավարիս գրել, նամակիս չէր պատասխանել։ Էդպես Սիլվիային գրեցի, հարցրի՝ ինչ կա-չկա։ Ասաց, որ դեռ բան չեն արել, առաջիկա օրերին են նստելու աշխատելու։ Երկու օր անց Սիլվիայից առանձին նամակ ստացա, թե՝ էս տեքստն եմ ուղարկել Կասպերին (ղեկավարս): Էս ամենը շատ տարօրինակ թվաց ինձ․ ինչու՞ մեյլերի մեջ ինձ չեն ընդգրկում։ Հարցրի, թե արդյոք ես դեռ ընդգրկված եմ դիմումի մեջ։ Սիլվիան պատասխանեց, որ դա քննարկման ենթակա չէ։

Դրանից մի շաբաթ անց գնացի Կոպենհագեն։ Անգամ Կոպենհագենում եղած ժամանակ ես պաշտոնապես Ֆինլանդիայում եմ աշխատում, հետևաբար էնտեղի աշխատանքիս հետ կապ չունեցող բաների ժամանակ տրամադրելը մոտենում է թույլատրելիի սահմանին։ Այդուհանդերձ, երեք օր շարունակ գնացի համալսարան ու հանդիպեցի Կասպերին ու Սիլվիային ու մի ամբողջ կեսօր անցկացրի դիմումն ամբողջացնելու վրա։ Դրանից հետո Սիլվիան ու Կասպերը պիտի հանդիպեին, դիմումը վերջնական տեսքի բերեին։

Յոենսու հասնելուն պես իրենց նամակ գրեցի՝ հարցնելով, թե ինչ է մնացել անելու, կարող եմ օգնել։ Իրականում դեդլայնը երեքշաբթի է, իսկ ես երկուշաբթի մեծ լեկցիա ունեմ, երեքշաբթի՝ ռուսերեն լեկցիա, ևս մեկ լեկցիա չորեքշաբթի։ Եվ դրանցից միայն երկուշաբթի օրվան եմ պատրաստ։ Բայց ասում էի՝ թքած, գրանտը կարևոր է, ժամանակ տրամադրեմ, մենակ թե ստանանք ֆինանսավորումը։

Եվ այսօր առավոտյան ղեկավարիցս էսպիսի նամակ եմ ստանում․ «Մեր նոր գործընկերը՝ պրոֆեսորը Բիսպեբյերգի հիվանդանոցից, գտնում է, որ դիմումն ավելի համոզիչ կլինի, եթե ամբողջ չորս տարվա համար նույն անձը լինի, ոչ թե երկու կամ երեք հոգի, և ես համաձայն եմ, այնպես որ ջնջեցինք քո անունը դիմումից։ Բայց կարող ես հանգիստ լինել, որ մի քիչ փող կառանձնացնենք քեզ համար, եթե դրա կարիքն ունենաս»։

Էստեղ նորից նստեցի ու փորձեցի փոշմանել, որ Սիլվիային բերել եմ տվել Կոպենհագեն․ փաստորեն, նա անընդհատ իմ ճամփին է հայտնվելու ու ստանալու է այն, ինչ ես պիտի ստանայի։ Հետո նստեցի ու ավելի խորը մտածեցի։ Արդյոք ուզու՞մ եմ շարունակել համագործակցել էս տիպի անպատասխանատու մարդու հետ։ Հաստատ չէ։ Ու էսպիսի պատասխան գրեցի․ «Ես կարծում եմ՝ անհարգալից ու անընդունելի է, որ իմ անունը ջնջել եք դիմումից։ Եթե սկզբից իմանայի, ժամանակս կծախսեի մեկ այլ անձի հետ դիմում գրելու վրա, ով վստահաբար անունս չէր ջնջի վերջին պահին։ Հիմա դու ինձ թողնում ես դեդլայններին մոտ առանց որևէ դիմումի։ Անչափ շնորհակալ եմ դրա համար»։

Ավելի լավ է՝ հիվանդանոցի հետ դիմումս արագացնեմ։

Աշխատանքային միջավայրը Յոենսուում

Յոենսուում մենակ մի լավ բան կա․ աշխատանքս։ Բացի նրանից, որ մի այլ կարգի հաճույք է միջազգային մաստեր անող ընտրյալ ուսանողների դաս տալը, նաև աշխատանքային միջավայրս է հրաշալի։ Որպեսզի պարզ դառնա, թե ինչ նկատի ունեմ, հետ գնանք Դանիա։

Դանիական աշխատանքային մշակույթում ընդունված բան է, որ նորեկը հերթով մոտենում է բոլորին ու ներկայանում։ Երբ նոր էի սկսել PhD-ս, չգիտեի դրա մասին, ոչ էլ երևի կանեի, եթե իմանայի։ Արդյունքում՝ ամբիոնում մարդկանց հետ ծանոթությունս սահմանափակվեց խոհանոցում առաջին լանչով, երբ ղեկավարս ծանոթացրեց ինձ ներկաների հետ։ Դրանից հետո մեր գիտական խմբի անդամներից ու մի քանի PhD-ուսանողներից բացի ոչ մեկի հետ առանձնապես չեմ շփվել։

Այդ երեք տարիների ընթացքում մեր ամբիոնում ինձ հաճախ անտեսանելի էի զգում։ Սկզբում միակ դանիերեն չիմացողն էի, ու ամեն ինչ՝ նամակագրություն, հանդիպումներ, ոչ ֆորմալ հավաքույթներ դանիերեն էին իրականացվում։ Մի քանի անգամ բողոքել եմ․ մի անգամ, երբ PhD-կոորդինատորը հրաժարվեց հանդիպման լեզուն անգլերեն դարձնելուց, վեր կացա ու դեմոնստրատիվ դուրս եկա սենյակից։ Դրա մասին տեղյակ պահեցի նաև վերևներին։ Դրանից հետո այդ հանդիպումները գոնե երկլեզու էին անցնում (ոչ թե թարգմանությամբ, այլ նյութի կեսը անգլերեն էր մատուցվում, կեսը՝ դանիերեն, այսինքն՝ դանիերեն չիմացողն ուղիղ կեսը բաց կթողներ)։ Բայց լեզվի ֆրոնտում դա միակ հաջողությունս էր․ ղեկավարիս ու ամբիոնի վարիչին հասցրած անթիվ-անհամար բողոքներս զուր էին անցնում։

Իսկ ամբիոնում ունեցածս ամենավատ զգացողությունը վերջին Ծննդյան տոների խնջույքն էր։ Ներկա գտնվող բոլոր արտասահմանցիներին հավաքել էին առանձին սեղանի շուրջ, իսկ բոլոր ելույթներն ու խաղերը դանիերեն էին, ընդ որում՝ համեմված լիքը ներքին կատակներով, որոնք լեզվին կատարյալ տիրապետողն անգամ չէր հասկանա․ պետք էր Դանիայում ծնված-մեծացած լինել։ Իսկ մեր այդ ութ հոգանոց սեղանը կարծես գոյություն չունենար, ու խնջույքը մեզ համար չէր։

Էսպիսի պատմություններ շատ կարող եմ հիշել Կոպենհագենի համալսարանում անցկացրածս երեքից մի քիչ ավելի տարիների մասին։ Ու ամբիոնի էսպիսի վերաբերմունքն իմ ընկեր PhD-ուսանողները շատ լավ նկատում էին։ Դրա համար ընդմիջման ժամանակ միշտ փորձում էին հետս խոսել, օրվա ընթացքում էլ մտնում էին գրասենյակս, տեսնեն՝ ոնց եմ։ Բայց միայն այդ մի քանի հոգին։

Այս տեսանկյունից Յոենսու գալս ահագին վախենալու էր․ ֆինները դանիացիներից բեթար հայտնի են իրենց տարածքը գծելով ու այդ տարածքից որևէ մեկի ներս չթողնելով։ Դրա համար երբ առաջին օրը եկա աշխատանքի, թաքնվեցի գրասենյակումս ու մտքիս մեջ որոշեցի, որ անելու եմ այն, ինչ անում էի Կոպենհագենում․ արհամարհելու եմ ֆիններեն գրված բոլոր նամակները։

Նամակների լեզուն առաջին զարմանքս էր։ Ճիշտ է՝ դրանք միշտ ֆիններեն են գալիս, բայց տեքստում որևէ տեղ հայացքս մեկ-երկու անգլերեն նախադասություն բռնում է։ Էդպես գոնե իմանում եմ նամակն ինչի մասին է։ Էդպես ինձ ընդունված եմ զգում ու հասկանում, որ նամակի հեղինակը գիտի իմ ու մյուս ոչ-ֆիննախոսների գոյության մասին։

Հետո նաև ուսումնական տարվա բացման արարողությունն էր։ Ռեկտորը ու մի շարք այլ բարձրաստիճան համալսարանականներ ելույթ ունեցան։ Ելույթները ֆիններեն էին։ Բայց սկզբում միշտ անգլերեն ողջույն կար, վերջում՝ անգլերեն ամփոփում։ Էսպիսի բան Կոպենհագենի համալսարանում չէիր տեսնի։

Բայց ամենահետաքրքիրը կոլեգաներիս հետ շփումն էր։ Ինչպես արդեն ասացի, դանիական ձևով չգնացի հերթով դռները ծեծելով։ Իմանալով, որ ֆիններն ավելի փակ ազգ են՝ մտածում էի, որ էստեղ երևի որևէ մեկի խանգարել պետք չէ։ Երևի ճիշտ էլ անում էի, որովհետև ինչպես հետագայում իմացա, մեր ամբիոնում ուրիշ ավանդույթ է։

Առաջին երկու շաբաթների ընթացքում ամբիոնի աշխատակիցները հերթով մտնում էին գրասենյակս, ներկայանում, պատմում իրենց մասին, իրենց օգնությունն առաջարկում, կանչում սուրճ խմելու, որպիսիությունս հարցնում։ Արդյունքում՝ ընդամենը երկու շաբաթվա ընթացքում հասցրի ոչ միայն իմանալ գրեթե բոլորի անունները, այլև ծանոթանալ մասնագիտական հետաքրքրություններին ու թեթևակի ճանաչել նրանց։ Էսպիսի բան Կոպենհագենի համալսարանում չէր եղել։

Անցյալ շաբաթ էլ աշխատակազմի հանդիպումն էր։ Քանի որ բավական լավ էի զգում, ռիսկով որոշեցի գնալ։ Ամբողջ հանդիպումը ֆիններեն անցավ։ Բայց ամբիոնի վարիչին փոխարինողը ոտքով-ձեռքով հասկացրեց, որ ներկայանամ։ Անգլերեն ներկայացա առանց նեղվելու։ Կոպենհագենում դանիերեն հանդիպումների ժամանակ չգիտեի որ ծակը մտնեմ, որ ինձ չտեսնեն։ Բայց ծակը մտնելու կարիք չկար, որովհետև չէին տեսնում։

Աշխատակազմի հանդիպման ժամանակ երբ ներկայացա ու ասացի, որ ֆիններեն չգիտեմ, անմիջապես մի հոգի եկավ, կողքս նստեց ու ամբողջ ընթացքում թարգմանեց։ Անգլերեն հազիվ էր խոսում։ Հանդիպումից հետո եկավ գրասենյակս ու ներկայացավ։ Պարզվեց՝ ռուս է։

Ընդհանրապես, ամբիոնում շատ են մարդիկ, որոնք անգլերեն հազիվ են խոսում։ Ամբիոնի վարիչին փոխարինողն էլ նրանցից մեկն է։ Իսկը ստերեոտիպային պրոֆեսոր․ երկար սպիտակ մազերով ու մորուքով, իր գրասենյակում խառըխշտիկ գրքեր ու թղթեր են, ունի պրոֆեսորին հատուկ ցրված քայլվածք։ Նա էլ եկավ գրասենյակս, ներկայացավ։ Հետո պարզվեց, որ ռուսերենի պրոֆեսոր է։ Անցանք ռուսերենի։

Էսօր էլ կոլեգաներիցս ամերիկուհի Քեթին կանչեց սուրճ խմելու։ Պատմեցի, որ ամբիոնն ինձ ահագին դուր է գալիս, ու զարմացած եմ, թե որքան օգնող ու հասնող են բոլորը։ Ասաց՝ հա, իրոք զարմանալի բան կա էդ ամբիոնում․ մարդիկ իրար տակ չեն փորում, մրցակցությամբ իրար չեն խեղդում, այլ ամեն կերպ համագործակցում են։

Ոնց որ իմ երազանքների ակադեմիական միջավայրում եմ հայտնվել, հա՞։ Ախր ինչու՞, ինչու՞ է էս անտեր համալսարանն էսպիսի կորած-մոլորած մի տեղում։