Բերգենը կորոնայի ժամանակ

Երբ հունվարի վերջին վերադառնում էի Բերգենից, կոկորդս բորբոքված էր, հազում էի ու փռշտում էի։ Այն ժամանակ կորոնան դեռ նոր-նոր էր հայտնվում, ու չգիտեի՝ սեզոնային սուր շնչական վարա՞կ էր, թե՞ ԿՈՎԻԴ-19։ Այն ժամանակ դեռ աշխարհն իր բնականոն հունով էր գնում, ու մտքիս ծայրով էլ չէր անցել դիմակ կրել, չվերթս հետաձգել կամ ինքնամեկուսանալ։ Բաժակը բաժակի հետևից տաք թեյ էի դատարկում, ու միակ ուզածս շուտ տուն հասնելն ու անկողին մտնելն էր։

Բերգենում բոլոր մայրամուտներն էին սիրուն։ Տեսարան մեր փողոցից կեսգիշերից քիչ առաջ

Հետո եկան կորոնայի ժամանակները, իրար հաջորդող իրար նման օրերը, տնից դուրս չգալու ու տնից աշխատելու ճոխությունը, ու Բերգենը դարձավ իմ առօրյայի անբաժանելի մասը․ գրեթե ամեն օր Բերգենի իմ սիրելի յոգայի ստուդիայում Զումով կամ տեսագրությամբ յոգա էի անում։ Ու երբ կորոնայի հետ Կոպենհագենն իր տափակ տեղանքով գնալով ավելի խեղդող դարձավ, երբ պարզ դարձավ, որ մոտ ժամանակներս ոչ մի պետություն Հայաստանի հետ սահման չի բացելու, հենց հայտարարվեց, որ Դանիան Նորվեգիայի հետ սահմանները բացում է, Կոպենհագեն-Բերգեն ուղիղ չվերթի տոմսերը գնվեցին։

Այդ օրվան երկար էինք սպասում։ Չվերթը շատ ուշ ժամի էր․ ամբողջ օրն առջևում էր։ Մինչև օդանավակայան մեկնելը լիքը բան պիտի հասցնեինք։ Բայց նախաճաշին նկատեցի, որ մեր չվերթը չեղարկվել է։ Արագ կապվել ավիաուղիների հետ, նոր չվերթ ամրագրել, ինչը նշանակում էր, որ ուղիղ վեց ժամ ավելի շուտ էինք մեկնելու, նշանակում էր, որ նախաճաշից հետո ընդամենը երկու ժամ ունեինք օդանավակայան հասնելու համար։

Կոպենհագենի օդանավակայանում ու ինքնաթիռում դիմակները պարտադիր էին։ Ես չգիտեմ՝ Հայաստանում ոնց են մարդիկ հերոսաբար ժամեր շարունակ կրում այդ դիմակները, որովհետև մենք գումարային ընդամենը երեքուկես ժամ դիմակ կրելուց հետո արդեն խեղդվում էինք․ հենց Բերգենի օդանավակայանից դուրս եկանք, դիմակները հանեցինք ու խորը շունչ քաշեցինք։ Բերգենի օդը մաքուր էր, իսկ մենք կարոտել էինք մաքուր օդը։

Ես ու քաղաքը միասին

Քաղաքը հենց այն էր, ինչ ուզում էի․ լեռներ, առուներ արշավներ, բայց նաև քաղաքային աշխույժ կյանք ու սկանդինավյան երկար ամառային գիշերներ, յոգայի դասեր։ Ու որպես բոնուս մեր՝ այնտեղ գտնվելու օրերին անձրև ահագին քիչ եկավ, իսկ դա եզակի բան է Բերգենի համար։ Այստեղ անձրևն այնքան սովորական է, որ բնակիչները քայլում են հսկայական հովանոցները թևի տակ դրած, որ անհրաժեշտության դեպքում արագ բացեն՝ հաճախ նույնիսկ չնկատելով դրա ծանրությունը։

Բերգենն իմ հայկական ինքնության ու դանիական կյանքի մի յուրահատուկ խառնուրդ է․ օտար երկիր է, բայց լեզուն ու վարքուբարքը ծանոթ են, կարողանում եմ դանիերեն հաղորդակցվել տեղացիների հետ, բայց մյուս կողմից էլ լեռներ կան, անտառներ կան, ու դրանք Հայաստանն են հիշեցնում։

«Դիլիջան»

Մենք մեր օրերն անցկացնում էինք սարերը բարձրանալով ու նկատելով, որ ոնց որ Դիլիջանում լինենք։ Այն օրերին, երբ սար չէինք բարձրանում, քաղաքում էինք թափառում, մայրամուտներ նայում, գրախանութներ այցելում։ Հասցրի երկու անգամ յոգայի գնալ։ Ինգվիլդն այս անգամ կարիք չուներ հիշողությունը փորփրելու, որ ինձ հիշի․ կարանտինի միջով ամենատարօրինակ կերպով միասին ենք անցել, իսկ կարանտինի ընկերակիցներին չեն մոռանում։

Եթե որևէ մեկին հետաքրքրում է, թե ինչու են Նորվեգիայում կորոնավիրուսի թվերն ավելի փոքր, քան Դանիայում, ապա պարզապես պետք է մեկ անգամ ոտք դնել այնտեղ։ Թեև զգուշավորության կանոններն ընդհանուր առմամբ Դանիայում ու Նորվեգիայում նույնն են, Նորվեգիայում մարդկանց վարքը խիստ տարբեր է․ այնտեղ բավական լուրջ են ընդունում բոլոր կանոնները, ի տարբերություն Դանիայի, որտեղ շատերն իրենց էնպես են պահում, ասես կորոնան չի էլ եղել։ Բերգենում մարդիկ պարտադիր հերթերում հեռավորություն էին պահում։ Շատ սրճարաններ միայն QR կոդով մենյուներ ունեին, ու սրճարանում նստած ժամանակ առցանց էիր պատվիրում։ Էդպիսով մատուցողների հետ շփումը նվազագույնի էր հասցված։ Յոգայի ստուդիայում Ինգվիլդը խիստ հետևում էր, որ բոլորը ձեռքերը լվանան դասից առաջ, գորգիկների համար գծանշված տարածքներ կային, հանդերձարանը չէր գործում, բոլորը պիտի սեփական գորգիկներով գային, Ինգվիլդը ներկաներից ոչ մեկին չէր մոտենում, ուղղումներ չէր անում։ Էս բոլոր կանոնները թեև Կոպենհագենի յոգայի ստուդիաներում էլ կան, բայց իրականում ամբողջությամբ չեն գործում։

Նորվեգիայի չքնաղ բնությունը

Էս ամենի արդյունքում Բերգենում նաև ապահովության զգացում կար։ Ու խաղաղություն կար։ Ու չէինք ուզում էնտեղից հեռանալ։ Ու գիտեմ, որ ամառային Բերգենը խաբուսիկ չէ, որ հենց էնպես չեմ ասում, թե էնտեղ կապրեի, որովհետև Բերգենում եղել եմ նաև ամենացուրտ ու ամենամութ ժամանակ, եղել եմ ամենաանձրևոտ ժամանակ ու, միևնույն է, կապրեի էնտեղ։

Վերջին օրը չվերթից առաջ․ նավարկում ենք Նորվեգիայի արևմտյան ափի ֆյորդներով ու անցնում խայտառակ սիրուն տեղերով

Մեր վերադարձի չվերթն էլ էր չեղարկվել, բայց մինչ կհասցնեինք որևէ բան անել, մեզ համար Օսլոյով չվերթ էին ամրագրել, որը փոխել չկարողացանք։ Ճանապարհին երազում էինք, որ Բերգեն-Օսլոն կամ Օսլո-Կոպենհագենը չեղարկվի կամ Բերգեն-Օսլոյից չհասնենք մեր հաջորդ չվերթին, որ մի օր էլ մնանք Նորվեգիայում, մի օրով էլ երկարացնենք արձակուրդը։ Առաջին անգամ տուն գնալ չէինք ուզում։

Բայց Բերգենով ավարտվեց մեր ամառային արձակուրդը։ Իսկ Հայաստանը մնաց մյուս անգամ։ Տեսնես ե՞րբ։

Ինչպես է Հայաստանը զարգացնում Վրաստանի տուրիզմը

Հրանուշ Հակոբյանը երկու տարի առաջ սփյուռքահայերին կոչ էր արել չորս տարին մեկ Հայաստանում հանգստանալ։ Ես երևի սփյուռքահայերի մեջ չեմ մտնում, որովհետև հայկական անձնագիր ունեմ, Հայաստանում՝ ընկերներ ու հարազատներ, հետևաբար Հրանուշ Հակոբյանի կոչը չէ, որ պիտի ինձ Հայաստան բերի, այն էլ չորս տարին մեկ։ Հայաստանից նոր գնացած ինձ նման շատերը կան, որ տարին երկու-երեք անգամ գալիս են Հայաստան։ Ես էլ, երբ երեքուկես տարի առաջ գնացի, որոշել էի, որ անպայման տարին երկու արձակուրդ՝ ամառայինն ու ձմեռայինը, Հայաստանում եմ անցկացնելու. ազգականներիս ու ընկերներիս կտեսնեմ, էն փողն էլ, որ ուրիշ երկրում պիտի ծախսեի, Հայաստանի փոքր բիզնեսների վրա կգնա։

Բայց որոշելը քիչ էր։ Երբ Հրանուշ Հակոբյանը նման կոչեր է անում, իրեն չի հետաքրքրում, որ Հայաստան հասնելու ավիատոմսերն անխնա թանկ են, ճանապարհը՝ անտանելի հոգնեցուցիչ։ Առավելևս չի հետաքրքրում, որ կան տարին մի քանի անգամ Հայաստան գալ ցանկացողներ, որոնք կպակասեցնեն իրենց այցելությունները հենց ճամփորդության անհարմարության պատճառով։

Անցյալ տարի միայն մի անգամ Հայաստան եկա։ Նոր տարուց առաջ, երբ փորձում էի ավիատոմս գնել, գներն աստղաբաշխական թվերի էին հասնում։ Ավելի էժան էր Նյու Յորք հասնելը։ Ի վերջո, չորս օրով մեկնեցինք Փարիզ։ Կոպենհագեն-Փարիզ հետդարձով երկու ավիատոմսը, հյուրանոցն ու միջին թանկության ռեստորաններում ընթրելը միասին Կոպենհագեն-Վիեննա-Երևան հետդարձով երկու ավիատոմսի գին կազմեցին։

Այս ամառ որոշեցի ամեն դեպքում գալ Հայաստան, չնայած էլի Նյու Յորք հասնելը կամ Եվրոպայի որևէ այլ մասում արձակուրդ անցկացնելն անհամեմատ էժան էր։ Խելքին մոտ գնով՝ 470 եվրո արժողությամբ տոմսն այնքան էլ լավ պայմաններ չէր առաջարկում. Կոպենհագեն-Ֆրանկֆուրտ-Վիեննա-Երևան-Վիեննա-Կոպենհագեն։ Ընդ որում, հետդարձին Վիեննայում մոտ տասնչորս ժամ պիտի անցկացնեինք։ Այլընտրանքը մի քիչ ավելի էժան տոմսերն էին Մոսկվայով, բայց էնտեղ էլ օդանավակայանում մոտ տասնչորս-տասնհինգ ժամ պիտի անցկացնեինք, իսկ ընկերս Դանիայի քաղաքացի է, քաղաք դուրս գալու համար վիզա էր պետք։

Նույն գնային սահմաններում մեկ այլ այլընտրանք էր Վարշավայով գալը, բայց էս դեպքում էլ Կոպենհագենից դուրս եկող չվերթն առավոտյան անտանելի շուտ էր, իսկ Վարշավայից Երևան մեկնողը՝ ուշ երեկոյան։ Ընտրելով Ֆրանկֆուրտ-Վիեննա տարբերակը՝ գոնե երկու անքուն գիշերվա փոխարեն մեկն էինք անցկացնում։

KBH-EVN

Ու էսքանով ավարտվում են օդային ճանապարհով Կոպենհագենից Երևան հասնելու խելքին մոտ տարբերակները։ Պատկերացնու՞մ եք. Սկանդինավիայի ամենամեծ օդանավակայանը Հայաստանի մայրաքաղաքին կապվում է ընդամենը երեք ճանապարհով, այն էլ բոլոր տարբերակները չլոցի են։ Իսկ թռիչքային գումարային ժամանակը Կոպենհագենից Երևան ընդամենը հինգ ժամ է։ Եթե ուղիղ չվերթ լինի, երևի ավելի քիչ էլ լինի։ Բայց մարդ քսանհինգ ժամ է ծախսում դռնից դուռ հասնելու համար։ Հասկանու՞մ եք. մայրաքաղաքից մայրաքաղաք հասնելու վրա քսանհինգ ժամ է ծախսվում։

Մի քանի տարի առաջ ոնց որ Հայաստանում ավիացիայի խնդիրներ բարձրացվեցին։ Իբր չեխական ավիաուղիների հետ բանակցեցին, որ հետ գա: Հետ եկավ, մի քանի ամիս աշխատեց, գնաց։ Հիմա էլ իբր Բրյուսելի ավիաուղիներն են մտել։ Բայց արդյոք խնդրին անդրադառնու՞մ են ըստ պատշաճի։

Հիմա շատերը Թիֆլիսով են ճամփորդում, ինձ էլ են խորհուրդ տալիս անել։ Չեմ անում զուտ էն պատճառով, որ ճամփեքին չլվելուն ավելանում է նաև Թիֆլիսից Երևան հասնելու հարցը։ Բայց հարց է առաջանում. ինչու՞ են Թիֆլիսի տոմսերը երկու-երեք անգամ ավելի էժան։ Արդյոք պատճառը Զվարթնոց օդանավակայանի դրած շատ ավելի բարձր հարկե՞րն են։ Այդ դեպքում ինչու՞ է ՀՀ կառավարությունը Զվարթնոցի ղեկավարության հետ բանակցելու փոխարեն ավիաուղիների հետ բանակցում։ Չեմ կարծում, թե ավիաուղիները հաճույք են ստանում տոմսերի գինը թանկ դնելուց, որ ոչ ոք տոմս չառնի, հետո էլ թողնել-գնալուց։

Այստեղ ոչ միայն աշխարհով մեկ ապրող հայերի հարցն է, այլ նաև պոտենցիալ տուրիստների, որոնք Հայաստան ոտք չեն դնում՝ սարսափելով տոմսերի գներից ու ճամփորդության տևողությունից։ Իբր Հայաստանում ուզում են տուրիզմ զարգացնել։ Ո՞նց եք զարգացնելու, երբ առաջին բանը, որ տուրիստը տեսնում է, Հայաստան հասնելու դժվարությունն է։

Ես չգիտեմ՝ քանի հոգի Հրանուշ Հակոբյանին կլսի ու չորս տարին մեկ Հայաստան կգա։ Չգիտեմ՝ քանի հոգի է ջղայնանում ու զարմանում, թե ինչու է Վրաստանում տուրիզմն ավելի զարգացած, քան Հայաստանում։ Միայն մի բան գիտեմ. հաջորդ անգամ Թիֆլիսում ենք իջնելու ու մի քանի օր էլ էնտեղ անցկացնենք։ Փաստորեն, Հայաստանը զարգացնում է Վրաստանի տուրիզմը։

 

Հանգստի մշակույթը Հայաստանում և Դանիայում

Երեկ վերջապես գիտական հոդվածս ավարտեցի և ուղարկեցի ղեկավարիս: Պիտի դեռ հունիսի վերջին՝ արձակուրդ գնալուց առաջ ուղարկեի, բայց մի այլ կարգի սթրեսված էի, ու եթե նույնիսկ նստում էի, որ աշխատեմ վրան, մի քանի րոպեից ուշադրությունս շեղվում էր: Թողեցի, գնացի արձակուրդ, եկա, կենտրոնացա վրան ու մի քանի օրում ավարտեցի: Ավելին՝ աշխատանքի ընթացքից նույնիսկ հաճույք էի ստանում:

Իռլանդիայում հանգիստս ինձ մի ամբողջ տարվա էներգիա տվեց
Իռլանդիայում հանգիստս ինձ մի ամբողջ տարվա էներգիա տվեց

Մինչև արձակուրդ գնալս՝ հունիսին, ղեկավարիս հետ լիքը տարաձայնությունների մեջ էի: Անընդհատ իրար չէինք հասկանում, լուրջ խոսակցություններ էինք ունենում, ավելի ներվայնանում ու էդպես փակուղու մեջ էինք հայտնվել, ոչ մի կերպ չէինք կարողանում գործն առաջ տանել: Էդ ժամանակ միայն մի բան գիտեի. ես արձակուրդի կարիք ունեմ: Ու երևի ղեկավարս էլ, որովհետև երբ երկուսս էլ վերադարձանք արձակուրդից ու նույն թեմաներով հերթական զրույցն ունեցանք, ամեն ինչ շատ խաղաղ ու կառուցողական անցավ: Ես էլ բավական արդյունավետ սկսեցի աշխատել:

Դանիայում արձակուրդը կարևոր բան է: Այստեղ ամեն ամիս աշխատելով վաստակում ես երկու վճարովի արձակուրդային օր, որոնք կարող ես գործածել հաջորդ արձակուրդային տարում: Եթե մի ամբողջ տարի աշխատել ես Դանիայում, քեզ հինգ շաբաթ վճարովի արձակուրդ է հասնում: Արդյունքում՝ երբ արձակուրդ ես գնում, ստանում ես ամբողջական աշխատավարձդ: Ավելին՝ ամեն արձակուրդային տարվա սկզբից (մայիսի մեկից) առաջ, եթե գրանցել ես ամառային արձակուրդդ, ստանում ես նաև լրացուցիչ գումար՝ «արձակուրդային»: Ես դրա մասին իմացա միայն այն ժամանակ, երբ ապրիլի աշխատավարձս իմ իմացածից շատ էր եկել:

Երբ աշխատանքից դուրս ես գալիս, գնում ուրիշ տեղ, քո վաստակած արձակուրդային օրերը տեղափոխվում են նոր աշխատատեղ: Այսինքն, տեսականորեն կարող ես մի տեղից մյուսը գնալ ու անմիջապես արձակուրդ վերցնել: Այստեղ կարևորվում է ոչ թե կոնկրետ աշխատավայրում աշխատած ամիսները, այլ ընդհանրապես որևէ տեղ աշխատելու փաստը: Կարող ես վճարովի արձակուրդ գնալ նույնիսկ այն ժամանակ, երբ գործազուրկ ես:

Լավ, իսկ այդ ի՞նչ գումար է, որ անգամ գործազուրկ ժամանակ կարող ես ստանալ: Իմ կարճ խելքով, որքանով հասկացա, դրանք պահումներ են աշխատավարձից, մոտավորապես կենսաթոշակայինի նման: Էդ փողը քոնն է, ոչ ոք դրան ձեռք տալ չի կարող, բայց կարող ես ստանալ միայն այն դեպքում, եթե արձակուրդ գնաս: Հետևաբար, եթե այդքան չես հասկանում, որ քեզ հանգիստ է պետք, ապա գոնե հանուն լրացուցիչ գումարի կանես դա:

Հիմա գանք Հայաստան: Ըստ օրենքի, յուրաքանչյուր աշխատողի ամեն տարի չորս շաբաթ վճարովի արձակուրդ է հասնում (վտանգավոր մասնագիտությունների լրացուցիչ օրերը չեմ հաշվում): Հիմա ասեք. ձեզնից քանի՞սն է չորս շաբաթ արձակուրդ գնացել: Ինչու՞ չեք գնում: Շեֆը չի՞ թողնում: Բա ինչու՞ եք սուսուփուս հարմարվում:

Հայաստանում հանգիստը լուրջ թեմա չէ, ու դրան մատների արանքով են նայում թե՛ շատ գործատուներ, թե՛ աշխատողներ: Գործատուն թույլ չի տալիս, որ աշխատողն իրեն հասանելիք ամբողջ վճարովի արձակուրդը վերցնի, աշխատողն էլ դրանից մեծ թեմա չի սարքում: «Բա որ գործից հանի»,- մտածում է:

Իսկ գործատուն գիտակցու՞մ է, որ իր սեփական շահերից է բխում աշխատողներին արձակուրդ ուղարկելը: Գիտակցու՞մ է, որ հանգստացած աշխատողն ավելի լավ է իր գործն անում, քան ամիսներ անդադար սթրեսված, ամիսներով արձակուրդ չգնացածը: Գիտակցու՞մ է, որ հոգնած աշխատողին կարող է ամբողջ տասներկու ժամ պահել, բայց այդպես էլ իր ուզած արդյունքը չստանալ, մինչև հանգստացած աշխատողն այդ գործը կարող է մի քանի ժամում ու ավելի որակյալ անել: Իսկ աշխատողը գիտակցու՞մ է, որ երևի ոչ թե գործից է զզվում, այլ արձակուրդի կարիք ունի: Գիտակցու՞մ է, որ շեֆը ոչ թե անտանելի մարդ է, այլ ուղղակի վաղուց երկուսն էլ հանգստի չեն գնացել: Գիտակցու՞մ է, որ իր արածը կարող է ավելի որակյալ լինել, եթե մի երկու շաբաթով մեկնի ծովափ:

Բայց ի՞նչ եմ ասում: Գործատուին պե՞տք է արդյոք որակ: Պե՞տք է արդյոք գոհացուցիչ արդյունք: Թե՞ հերիք է էշից ցեխը հանել, մի կերպ աշխատողին քարշ տալ, մինչև հոգնածությունից շունչը փչի: Եվ ու՞մ է պետք հանգիստ, առողջ, ոչ ներվային հասարակություն: Ու՞մ է պետք տարբեր ոլորտներում որակ ստանալ: Չէ՞ որ Հայաստանը ցածր ստանդարտների երկիր է: