Ջինա Ռիփոնի «Գենդերացված ուղեղը» կոտրում է կանացի ուղեղի մասին միֆերը

Ընդհանրապես, ոչ գիտահանրամատչելի գրքեր խիստ հազվադեպ եմ կարդում. իմ մասնագիտական գիտական հոդվածներն ինձ լրիվ հերիք են։ Բայց նեյրոգիտնական Ջինա Ռիփոնի «Գենդերացված ուղեղ. թարմ նեյրոգիտությունը, որ մաս֊մաս է անում կնոջ ուղեղի մասին միֆերը» պատվիրեցի մի գեղեցիկ օր, երբ լսեցի, թե ինչպես է տղամարդ զեկուցողը հայտարարում, որ մտավոր ռոտացիան ինտելեկտի ամենալավ ցուցանիշն է, ու թե ինչպես են տղամարդիկ մտավոր ռոտացիայից ավելի լավ։

Image result for mental rotation task
Մտավոր ռոտացիայի առաջադրանք. արդյոք ձախ կողմի պատկերը նու՞յնն է, ինչ աջ կողմինը

Հիշեցի շաբաթներ առաջ Քրիստիանիայի գիտություն և կոկտելյների հյուրը Ջինա Ռիփոնն էր, որ մոտ մեկ ժամանոց հանրամատչելի դասախոսություն կարդաց կանացի ուղեղի, դրա մասին հետազոտությունների ու էն մասին, որ կանանց ու տղամարդկանց ուղեղներն առանձնապես չեն տարբերվում։ Ու պատվիրեցի Ռիփոնի գիրքը, որ ավելի մանրամասն ու խորությամբ ծանոթանամ թեմային ու որ անհրաժեշտ գրականությունն ամբողջությամբ ձեռքիս տակ լինի. հաստատ էլի է պետք գալու։

Image result for gendered brain

«Գենդերացված ուղեղը» Ռիփոնը սկսում է պատմական ակնարկով՝ անդրադառնալով, թե ինչպես դարեր շարունակ անընդհատ առիթներ են փնտրվել կանանց ստորադասությունն ընդգծելու համար։ Դրանցից մեկը, օրինակ, ֆրանսիացի գիտնական Լը Բոնի այն պնդումն է, թե բարձր ինտելեկտով կանայք այնքան հազվադեպ են հանդիպում, ինչքան երկգլխանի գորիլան։

Երկգլխանի գորիլայից իհարկե երկար ճանապարհ ենք անցել, ու հիմա մեծ մասամբ նման հարցադրումների չենք հանդիպի։ Բայց դա չի խանգարում, որ անգամ քսաներորդ դարի վերջին ու քսանմեկերորդ դարում գիտնականները կանանց ու տղամարդկանց ուղեղների տարբերությունների որսի դուրս գան ու ամեն ինչ անեն այդ տարբերությունները ցույց տալու համար։

Ջինա Ռիփոնը հերթով վերլուծում է այդ հետազոտությունները, ցույց տալիս թերացումները կամ էֆեկտի շատ փոքր լինելը, ինչը նշանակում է, որ շատ դեպքերում կանանց ու տղամարդկանց ուղեղներն ու վարքը շատ ավելի նման են իրար, քան տարբեր։ Անդրադառնում է նաև այդ չարաբաստիկ մտավոր ռոտացիային, որ այն տղամարդ գիտնականն այդքան հպարտությամբ նշել էր։ Այո, մտավոր ռոտացիայի հանձնարարություններում տղամարդիկ ավելի բարձր միավորներ են հավաքում, քան կանայք։ Բայց պարզվում է՝ այդ տարբերությունը վերանում է, երբ կանայք մի քանի ժամ տետրիս են խաղում, վերանում է նաև, երբ հաշվի է առնվում համակարգչային խաղերի հետ ունեցած փորձը։

Գրքում Ջինա Ռիփոնը պնդում է, որ գենդերացված աշխարհն է ստեղծում գենդերացված ուղեղ։ Նույն մտավոր ռոտացիայի օրինակով ցույց է տալիս, որ կանայք շատ ավելի լավ են կատարում առաջադրանքը, երբ իրենց ասվում է, որ այդ առաջադրանքից կանայք լավ են, ու ավելի վատ, երբ ասվում է, որ կանայք մտավոր ռոտացիայից վատ են։

Ավելին՝ գենդերացված աշխարհը սկսվում է շատ վաղ՝ երեխային կապույտ կամ վարդագույն հագցնելուց, գենդերացված խաղալիքներ երեխաների դիմաց դնելուց ու «աղջիկը չպիտի, տղան չպիտի» արտահայտություններից սկսած։ Բայց պարզվում է՝ նույնիսկ այսպիսի գենդերացված աշխարհում կանանց ու տղամարդկանց նմանությունները շատ ավելին են, քան տարբերությունները (էստեղ չենք խոսում որոշակի անատոմիական ու ֆիզիոլոգիական, այլ զուտ մտավոր վարքային տարբերությունների մասին)։

Գրքում քննարկվում է նաև, թե ինչու են կին գիտնականներն այդքան քիչ։ Նախ, փոքրուց եկած ազդակներն են իրենց դերը խաղում. աղջիկները մաթեմատիկայից վատ են, գիտությունը կնոջ համար չէ և այլն։ Հետո, հենց գիտական միջավայրերն են, որտեղ կանանց ներկայությունն այնքան էլ չի ողջունվում. ի վերջո, կանանց ու տղամարդկանց ուղեղների միջև տարբերություններ գտնելու հուսահատ փորձերը հենց գիտական միջավայրերից են դուրս գալիս։

Հետո, անդարդարձ է կատարվում հասարակական նորմերի պատճառով առաջացած վարքային տարբերություններին։ Մասնավորապես, հաճաճ տղամարդիկ շատ ավելի ինքնավստահ են ու ոչ միշտ համապատասխանաբար կոմպետենտ, մինչդեռ կանայք հաճախ անինքնավստահ են ու ցածր ինքնագնահատականով, ինչի արդյունքում էլ հաճախ սխալ պատկերացում է ստեղծվում տղամարդկանց ու կանանց ունակությունների տարբերությունների մասին։ Թե ինչպես է այս վարքագիծը ձևավորվում, լրացուցիչ հարցեր տալու ու հետազոտելու միջոցով կարելի է պարզել։

Վերջում Ջինա Ռիփոնն անդրադառնում է գենդերին՝ որպես հասարակության ստեղծած երևույթ։ Առաջարկում է գենդերային ինքնության խնդիրները նույնպես տեսնել հենց այդ լույսի ներքո. եթե հասարակությունը որոշել է, որ կոնկրետ անատոմիայով մարմինը կոնկրետ տեսակի վարք պիտի ունենա, կոնկրետ մասնագիտություն ընտրի, ուրեմն իհարկե այդ ամենին հակասող վարք ունեցողը պիտի անհաշտ լինի իր անատոմիայի հետ ու վիրաբուժական լուծում փնտրի։

Ջինա Ռիփոնը գիրքը եզրափակում է նրանով, որ կանանց ու տղամարդկանց տարբերությունների մասին հարցադրումները պետք է ճիշտ կատրավեն. ինչու՞ է դեպրեսիան կանանց մոտ ավելի հաճախ, աուտիզմը՝ տղամարդկանց։ Սա ֆիզիոլոգիական տարբերություններո՞վ է պայմանավորված, թե՞ այլ գործոններով։

Եթե երբևէ ֆեյսբուքում տեսել եք կամ անգամ կիսվել եք կանանց ու տղամարդկանց տարբերությունների մասին պսևդոգիտական նյութերով, եթե հավատում եք այդ տարբերություններին կամ ուզում եք հարցին խորապես ծանոթանալ հենց գիտական տեսանկյունից, խորհուրդ եմ տալիս կարդալ Ռիփոնի «Գենդերացված ուղեղը»։ Ինձ համար այս գիրքը մասնագիտականի ու հավեսի համար կարդալու մի հրաշալի համադրություն էր. մի կողմից, կոգնիտիվ նեյրոգիտություն՝ իմ հիմնական զբաղմունքը, մյուս կողմից՝ կոգնիտիվ նեյրոգիտության այն հատվածներից, որոնք իմ ուսումնասիրման թեման չեն, բայց որոնք կարևոր է իմանալը։ Կարևոր է յուրաքանչյուր կին գիտնականի, յուրաքանչյուր կնոջ, յուրաքանչյուր տղամարդու համար, որովհետև պակաս գենդերացված աշխարհը ավելի շատ պայծառ մտքեր կծնի։

Լավ գիտնականի ու գիտության ֆինանսավորման մասին

Տարիներ առաջ, երբ Տիգրան Սարգսյանը հայտարարեց գիտելիքահեն հասարակություն ու տնտեսություն ունենալու մասին, հույս ունեի, որ վերջապես Հայաստանում գիտության նկատմամբ վերաբերմունքը կփոխվի։ Տարիներ առաջ, երբ այն ժամանակվա կրթության և գիտության նախարար Աշոտյանին հանդիպեցինք ու կիսվեցինք մեր մտահոգություններով, թվաց՝ նախարարությունը մեր կողմից է, ու շուտով քայլեր կձեռնարկվեն թե՛ գիտության ֆինանսավորումն ավելացնելու, թե՛ որակը բարձրացնելու ուղղությամբ։

Տարիներն անցնում են, բայց կարծես գիտելիքահեն տնտեսություն չի ստեղծվում, ու չնայած որոշ քաղաքական գործիչներ երբեմն շեշտում են գիտությունը զարգացնելու կարևորությունը, ֆինանսավորումն ավելացնելու ուղղությամբ ոչինչ չի կատարվում։ Բնականաբար, հարց է առաջանում․ լավ, բա որ էդքան հասկանում են գիտության կարևորությունը, ինչու՞ պետական մակարդակով ոչինչ չի արվում ֆինանսավորումն ավելացնելու համար։

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը վերջապես տվեց այսքան տարի մութ մնացած հարցի պատասխանը․ «Գիտեք՝ լավ գիտնականը, եթե լավ խորացած է իր ոլորտում և ցանկանում է ձևավորել կոթողային արժեք, ի դեպ կապ չունի, թե որ բնագավառում է՝ արվեստ, հումանիտար գիտություն, թե բնագիտական, միևնույն է՝ ինքն իր ֆինանսավորման հիմնախնդիրները կարող է լուծել: Ֆինանսավորում կարող է լինել և՛ բարեգործական կազմակերպությունների, և՛ միջազգային համագործակցությունների, և՛ կոնկրետ համալսարանական ռեսուրսների միջոցով»:

L’image contient peut-être : texte
Նկարը Հրանտ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

Չգիտեմ՝ կրթության և գիտության նախարարն ինչ նկատի լավ գիտնական ասելով, բայց ուզում եմ որոշ պարզաբանումներ անել՝ հուսալով, որ այս գրառումը կարդալով կրթության ու գիտության նախարարը կհասկանա, թե ինչպես է որակյալ գիտություն ստեղծվում ու ով է լավ գիտնականը։

Սկսենք նրանից, որ գիտնականը, լինի լավը, թե միջակ, մարդ է իր մարդկային բոլոր պահանջներով, այսինքն՝ նրան աշխատավարձ է պետք սնունդ ձեռք բերելու համար։ Այսօրվա Հայաստանում գիտնականի աշխատավարձը կոպեկներ են։ Ուսանող ժամանակ մենք նույնիսկ կատակ էինք անում, որ անձի կրթության մակարդակը հակադարձ համեմատական է աշխատավարձին։

Իսկ Լևոն Մկրտչյանի լավ գիտնական դառնալու համար էնտուզիազմն ու անձնազոհությունը բավարար չեն։ Գիտեմ՝ Հայաստանում կան լաբորատորիաներ, որոնք գիտնականները սեփական միջոցներով են պահում։ Կան գիտնականներ, որոնք չնայած սեղմ ֆինանսավորմանը, կարողանում են տպագրվել միջազգային ամսագրերում։ Բայց նրանք բոլորը երջանիկ բացառություններ են ու նրանցից շատերն առաջին հնարավորության դեպքում մեկնում են արտերկիր՝ զարգացնելու էնտեղի գիտությունը։

Լավ գիտության համար նախ պետք է միջազգային գիտական գրականությունը հասանելի լինի։ Հայաստանում քանի՞ կրթական-գիտական հաստատություն կա, որոամսագրերին բաժանորդագրված են։ Իսկ առանց միջազգային գրականություն կարդալու ինչպե՞ս պետք է Հայաստանում գիտություն զարգանա, երբ գիտնականը տեղյակ էլ չէ, թե իր ոլորտում ինչ է կատարվում, տեյղակ չէ՝ իր գյուտը գյու՞տ է, թե՞ երեսուն տարի առաջ նույն բանը Չինաստանի գիտնականներն արդեն արել են։

Լավ գիտնական դառնալու համար պետք է լավ կրթություն։ Մեր կրթական համակարգի վիճակը տեսե՞լ եք։ Տեսե՞լ եք, թե պլագիատն ինչպես է ծաղկում Հայաստանում, ու նախարարությունը դրա դեմ ոչին չի կարող (թե՞ չի ուզում) անել։ Ինչ խոսք, կան հատուկենտ էնտուզիաստներ, որոնք զանազան ծառայություններից չեն օգտվում ու նվիրվում են ինքնակրթությանը։ Բայց նրանցից շատերն առաջին հնարավորության դեպքում հեռանում են Հայաստանից։

Ի վերջո, լավ գիտնական դառնալու համար պետք է լավ գիտություն անել, իսկ լավ գիտության համար փող է պետք։ Ու կապ չունի՝ հումանիտար, թե բնական գիտությունների ոլորտն է։ Գուցե հումանիտար ոլորտի գիտնականին լաբորատորիաներ թանկարժեք սարքավորումներով ու նյութերով պետք չեն, բայց վերևում նշված գրականության հասանելիությունը պետք է, տարրական տեխնոլոգիայի հասանելիությունը պետք է, միջազգային գիտաժողովների մասնակցելը պետք է։ Իսկ էս բոլորը օդից չեն ընկնում, փող արժեն։

Թե՞ դուք համոզված եք, որ լավ գիտնական չեն դառնում, ծնվում են։ Այդ դեպքում պիտի Հայաստանում լիքը լավ գիտնականներ ունենայինք, չէ՞։ Այդ դեպքում որտե՞ղ են նրանց տպագրությունները միջազգային ամսագրերում։ Ինչ խոսք, միջազգային ամսագրերում ինչ-որ հրաշքով տպագրվող հայաստանցի գիտնականներ, այնուամենայնիվ, կան։ Իսկ հրաշքը սովորաբար լինում է միջազգային համագործակցության արդյունքում կամ, որ ավելի վատ է, Հայաստանի բուհերն արտերկրում գիտությամբ զբաղվող գիտնականներին աղաչում-պաղատում են, որ հանուն հայրենիքի իրենց հոդվածի տակ հայկական բուհի անունն էլ գրեն։

Հերիք չէ՞ հանուն հայրենիքի գիտություն պահելը։ Դուք ուզում եք զրո ներդրում անելով լուրջ արդյունքներ ունենալ։ Ուզում եք միջազգային գիտական հաստատությունների հաշվին հայկական բուհերի ռեյտինգը բարձրացնել։ Ուզում եք, որ ոչնչից լավ գիտնականներ առաջանան։

Ու այո՛, ցավոք սրտի, արևմուտքում գիտնականը շատ է կախված գրանտներից, ու գուցե ինչ-որ չափով ճիշտ է, որ լավ գիտնականը ֆինանսավորման խնդիր չի ունենում (ավելի ճիշտ, լավ գիտնականի համար ավելի հեշտ է գրանտ ստանալը, չնայած էստեղ էլ բազմաթիվ քաղաքական հարցեր կան)։ Բայց Հայաստանում խնդիրը հենց լավ գիտնական պատրաստելու մեջ է, որովհետև լավ գիտնական դառնալու պոտենցիալ ունեցող գրեթե բոլոր երիտասարդներն ի վերջո հայտնվում են արտերկրի որևէ գիտական հաստատությունում, որտեղ իրենց աշխատանքը գնահատվում է։

Գուցե ուղղակի ժամանակն է անկեղծորեն խոստովանելու, որ կառավարությանը գիտությունը չի հետաքրքրում կամ ծիծիլյոներորդական կարևորություն ունի։ Ես էլ կասեմ՝ կառավարությունը հիմար է, ու էդպիսով Հայաստանի վերջն է նախապատրաստում։ Կասեմ, բայց գոնե երբևէ Հայաստանում գիտություն անելու հետ հույսեր չեմ անի։ Ու կիմանամ, որ տարիներ առաջ գիտափորձս խոչընդոտող բժիշկն ու ԵՊԲՀ հետբուհական կրթության բաժնի աշխատակիցը, որն ասաց, որ ինձ համար ասպիրանտուրայի տեղ չի լինելու, ավելի անկեղծ էին, քան կրթության ու գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։

 

Գիտություն և կոկտեյլներ Քրիստիանիայում

Ժամանակին խոստացել էի Քրիստիանիայի մասին էլի գրել: Այն ժամանակ բնավ մտքովս չէր անցնում, որ Կոպենհագենն իմ նոր տունն է դառնալու, իսկ Քրիստիանիան՝ վայր, որտեղ հաճախ եմ լինելու զանազան առիթներով: Ու հիմա բավականաչափ շատ գիտելիքներ եմ կուտակել իրեն անկախ հռչակած այս թաղամասի մասին, որ մանրամասն պատմեմ էնտեղի անցուդարձից:

Այս գրառմամբ կներկայացնեմ Քրիստիանիայի մի բոլորովին այլ կողմ, որի մասին սովորաբար չի խոսվում զանազան տուրիստական ձեռնարկներում:

Քրիստիանիան շատերն ընկալում են որպես ուռողների, թափառականների և այլ «ցածր» դասի մարդկանց հավաքատեղի: Տեղացիները հաճախ վերևից են նայում էնտեղ գնացողներին: Մոտավորապես՝ յա՜, Քրիստիանիայու՞մ էիր, ֆի՜: Բայց ինքն իրեն անկախ հռչակած այս թաղամասի «Քաղաքի լույս» կոչվող կինոթատրոնում պարբերաբար տեղի են ունենում «Գիտություն և կոկտեյլներ» կոչվող միջոցառումները:

Իմաստն այն է, որ գալիս է ինչ-որ հռչակավոր պրոֆեսոր, մոտ մեկ ժամանոց հանրամատչելի դասախոսություն կարդում հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների համար: Դասախոսությունից հետո ներկաները կոկտեյլներ են խմում: Կարող են նաև հարցեր տալ պրոֆեսորին:

Մի հատ պատկերացրեք. գիտությու՜ն, պրոֆեսո՜ր: Ո՞վ դրա զահլան ունի: Երեկոն կարելի է ավելի հետաքրքիր անցկացնել:

Բայց արի ու տես, որ չէ: Այս միջոցառումները չափազանց պոպուլյար են: Այն կարգի, որ հաճախ այնքան շատ մարդ է գալիս, որ տեղ չեն անում, դռները փակում են, մի մասին այլևս ներս չեն թողնում: Ու գալիս են ամենատարբեր մարդիկ՝ ուսանողներ, դասախոսներ, մարդիկ, որոնք ակադեմիայի հետ կապ չունեն, ջահելներ, մեծահասակներ: Գալիս են հավեսով, ուշադիր լսում են, հարցեր են տալիս:

Դռները բացվելուց տասնհինգ րոպե առաջ հերթը մուտքի մոտ
Դռները բացվելուց տասնհինգ րոպե առաջ հերթը մուտքի մոտ

Երեկվա թեման էլ հետևյալն էր. «Ուրախ միտքը. հաճույքի և երջանկության նեյրոգիտությունը»: Ներկայացնում էր պրոֆեսոր Մորտեն Կրինգելբախն Օքսֆորդի համալսարանից: Եղանակն ահավոր էր. անձրև, ցուրտ, քամի: Կինոթատրոնի դռները բացվելու էին դասախոսությունից մի ժամ առաջ, իսկ դրանից առաջ մարդիկ արդեն հերթ էին կանգնել՝ հաշվի չառնելով ահավոր եղանակը:

Բախտներս բերեց. մենք շուտ էինք գնացել, կարողացանք նստելու տեղ ճարել, բայց էդպես թրջված ու սառած դեռ մի ժամ էլ ներսում պիտի սպասեինք: Ամեն դեպքում, արժեր:

Մորտեն Կրինգելբախը շատ հանրամատչելի կերպով ներկայացրեց հաճույքի մասին իր հետազոտությունները՝ սկսած շոկոլադից, վերջացրած երաժշտությունով (կարծում եմ՝ վիդեոն կտեղադրվի կայքում, եթե հետաքրքրում է, կարող եք նայել): Ու այդ ամենը համեմված էր ուժեղ հումորով: Պատկերացնու՞մ եք՝ լուրջ գիտական թեման բեմի վրա պարերով, զանազան սուր կատակներով ու լիքը ծիծաղով; Ու էնպես ներկայացրեց բոլորին հասկանալի լեզվով՝ սկսած կոշկակարից, վերջացրած դոկտոր-պրոֆեսորներով:

DSCF7319

Վերջում ինձ համար take home message-ն էս էր. «Երջանկությունը հենց այստեղ ու հենց հիմա է»: Ուրիշ բան է, երբ հավատում ես դրան, բայց լրիվ ուրիշ է, երբ լսում ես Օքսֆորդի պրոֆեսորից, որն իր կյանքը նվիրել է երջանկության ուսումնասիրությանը:

Այս միջոցառումների շարքը կոտրում է ստերեոտիպները Քրիստիանայի ու գիտության մասին, այստեղ հավաքում ամենատարբեր մարդկանց ու ցույց տալիս, որ գիտությունը կարող է հետաքրքրել մարդկանց: Պարզապես պետք է այն ճիշտ մատուցել:

Մտածում եմ՝ լավ կլիներ, որ նման մի բան էլ Հայաստանում նախաձեռնվեր: Կարելի էր, ասենք, աշխարհահռչակ հայ ու ոչ միայն հայ գիտնականների պարբերաբար հրավիրել դասախոսություններ կարդալու: Գիտության նկատմամբ վերաբերմունքը կփոխվեր, հասարակությունն էլ ավելի շատ գիտելիք կունենար, էլ պսևդոգիտնականները սնկի պես չէին աճի:

Սեպտեմբերի 1. գործազուրկից մինչև էլիտա

– Դուք ամենապայծառներն ու ամենախելացիները չեք,- այսպես սկսեց իր ողջույնի խոսքը PhD դպրոցի ղեկավարը,- դուք ամենապայծառն ու ամենախելացին եք ամենապայծառներից ու խելացիներից:

Շարունակեց մի քանի անգամ շեշտելով, որ մենք էլիտա ենք: Բայց դրանում հասցրել էի համոզվել Դանիայում ապրածս գրեթե հինգ ամիսների ընթացքում. ամեն անգամ, երբ համալսարանից դուրս որևէ տեղ նշում էի, որ PhD ուսանող եմ, սկսում էին հարգանքով հետս խոսել, ինչքան էլ ինձնից տարիքով մեծ լինեին:

Կոպենհագենի համալսարանի հումանիտար ֆակուլտետի PhD ուսանող լինելն իսկապես մեծ պատիվ է. այստեղ մերժում են դիմորդների 96%-ին, իսկ ավարտողներն անպայման շատ լավ աշխատանք են ճարում: Դրան գումարած, որ PhD-ն վերջացնելու միջին տևողությունը երեք տարի ու երեք ամիս է (Կանադայում յոթ տարի է, բայց որակական տարբերություններ չկան): PhD ուսանողի աշխատավարձն էլ աշխարհում ամենաբարձրերից է (երևի միայն Նորվեգիան է ավելի շատ վարձատրում):

Այս բոլորը չգիտեի, երբ անցյալ աշնանը հուսահատությունից սկսեցի ծրագրեր փորփրել ու պատահաբար գտա այս մեկը, որն ինձ այնքան ոգևորեց, որ որոշեցի դիմել: Հիմա ինձ անտանելի բախտավոր եմ համարում, որ հայտնվել եմ այստեղ, ներսս էլ շոյվում է այն գիտակցությունից, որ այստեղ ես էլիտա եմ, այստեղ ինձ հարգում են թե՛ տեղացիները, թե՛ արտասահմանցիները:

Սեպտեմբերի 1-ն այսօր ինձ համար նշանակություն ունի: Ճիշտ է՝ արդեն չորս ամիս է, ինչ աշխատում եմ Կոպենհագենի համալսարանում, իմ ներածական կուրսն այսօր էր, այսօր էին ինձ բարի գալուստ ասում, քանի որ անցյալ կիսամյակ ուշ էի տեղ հասել: Դրա համար դասընթացի ավարտից անմիջապես հետո վերադարձա գրասենյակս ու շարունակեցի կիսատ հոդվածի վրա աշխատել: Ուղեղս զոռ տալով: Հաճելի բան է, երբ զգում ես, որ ուղեղդ աշխատացնում ես:

Բայց անցյալ տարվա սեպտեմբերի 1-ը լրիվ ուրիշ էր: Առաջին օրն էր, կյանքիս մեջ առաջին անգամ էր, երբ պաշտոնապես գործազուրկ էի: Սկզբում կատակում էի այդ թեմայով, երբ հարցնում էին՝ ինչով ես զբաղվում, ասում էի՝ գործազուրկ եմ: Իսկ հետո, երբ վռնդվեցի բժշկական համալսարանի կադրերի բաժնից ու Դիլիջանի հիվանդանոցից, այլևս բնավ ծիծաղելի չէր: Ծիծաղելի չէր նաև, որ երբ ի վերջո դուրս եկա գործազուրկների շարքից, ուղեղս բնավ կարիք չուներ առավելագույնս աշխատելու: Ոչ էլ ծիծաղելի էին մի շարք գործատուների անկեղծ զարմանքը. «Գիտությու՞ն: Հայաստանու՞մ»:

Եվ առավելևս ծիծաղելի չէին այն բոլոր մարդկանց քամահրական ռեպլիկները, թե՝ ինչ ա թե եվրոպական դիպլոմ ունես, պիտի քեզ բարձր աշխատավարձով աշխատա՞նք տան, թե՝ ի՞նչ մասնագիտություն ես ընտրել, չգիտեի՞ր, որ Հայաստանում գործ չես գտնելու, թե՝ փոխանակ մնաք, փոխեք երկիրը, գնում, ուրիշների ստեղծածն եք վայելում:

Փաստորեն, Հայաստանում զրո արժեք ունեցող եվրոպական դիպլոմս օգնեց, որ Դանիայում բարձր վարձատրվող ու հարգված աշխատանք ճարեմ, ընդ որում՝ մեծ մրցույթ հաղթահարելով: Փաստորեն, այստեղ գիտությամբ զբաղվելը խրախուսվում է, ու ոչ թե եկել եմ ուրիշների ստեղծածը վայելելու, այլ ուրիշների հետ միասին ստեղծելու: Այստեղ խրախուսվում է ստեղծելը:

Մինչև հիմա չէի հասկանում՝ մարդիկ ինչու են սեպտեմբերի 1-ը շնորհավորում: Այսօր նոր տեղ հասավ. այսպիսի բազմաթիվ սեպտեմբերի 1-երի շնորհիվ է, որ հասել եմ այստեղ: Անցյալ տարվա սեպտեմբերի 1-ին գործազուրկ էի, իսկ հիմա՝ էլիտա: 

Գնալ-մնալու ծեծված հարցը

Երևի արդեն զզվացրել եմ անընդհատ էս թեմայից խոսելով, իսկ ընկերներս ձեռքիս էնքան են գժվել, որ քիչ է մնում՝ խաղադրույք անեն այն մասին, թե արդյոք սեպտեմբերին կվերադառնամ Հայաստան, թե ոչ, և եթե վերադառնամ, ինչքան կմնամ:

Իսկ ես անընդհատ գրում եմ էս թեմայով, որովհետև այն իրոք ինձ անհանգստացնում է՝ երբեմն հասնելով գագաթնակետին, դարձնելով նյարդային, անքնության պատճառ դառնում, երազներս խառնում իրար: Ու ինչքան մոտենում է գործնական քայլեր անելու ժամանակը, էնքան ավելի եմ խառնվում իրար:

Ուրեմն վերջերս նորից մտածում էի, որ ամեն դեպքում արժե PhD դիմել: Դեռ նույնիսկ ուզում էի դասախոսներիցս մեկի հետ պայմանավորվել, խորհրդակցել Ֆինլանդիայում հնարավոր տարբերակների մասին: Էդ ցանկությունս գագաթնակետին հասավ, երբ էսօր մի վիդեո տեսա:

Ընդհանրապես, Հայաստանի մասին ցանկացած հոռետեսական նյութ կարդալիս, դիտելիս, նկատելիս փորձում եմ անտարբեր անցնել, հավատալ, որ ամեն ինչ էնքան էլ վատ չէ, բայց երբ բանը հասնում է անմիջապես ինձ կպչող թեմայի, գժվում եմ, խառնվում իրար, ինքս ինձ հարց տալիս. «Բայց ես է՞ս էի ուզում»:

Ու հիմա անտանելի կերպով ուզում եմ գիտությամբ զբաղվել: Ես իմացել եմ, որ սիրում եմ գիտությունը մինչև բժշկական ընդունվելս, մինչև ավարտելս, մինչև հոգեբույժ դառնալս: Կլինիկայի հանդեպ անտարբեր չմնալով՝ իմ օրդինատուրայի կարևորագույն մասն է կազմել գիտությունը, իսկ էս ամբողջ մաստեր ծրագիրն էլ որ անում եմ, ոչ այլ ինչ է, եթե ոչ դուռ դեպի մեծ գիտությունը:

Բայց արի ու տես, որ պետությունս թքած ունի: Պետությունս նորից ասում է՝ գիտությունն ինձ պետք չէ, դու ո՞վ ես, մնա տեղդ, հետ մի արի:

Էսօր ինձ անընդհատ կոմպից հեռու էի պահում, որ PhD-ներ չփորփրեմ ու չսկսեմ դիմել: Հա ասում էի՝ մի քիչ էլ համբերի, գարնանը Հայաստան ես գնալու, էդ ժամանակ մի հատ էլ կկողմնորոշվես՝ ուզու՞մ ես հետ գալ, թե ոչ, էդ ժամանակ կպարզես՝ աշխատանքի ու մասնագիտական աճի ի՞նչ հնարավորություններ կան:

Էհ, ընկերներ, ձեր կարիքը շատ ունեմ: Խոսեք ինձ հետ էս թեմայով, քննարկեք, փաստարկներ բերեք, միայն թե մի խրատեք, մի ասեք, թե Հայաստանն ապրելու տեղ չի կամ հայրենասիրական քարոզներ մի կարդացեք: Գուցե ամեն դեպքում ավելի շուտ խաղաղվեմ ու չտատանվեմ ընդունածս որոշումից հետո: