Featured

«Դժվար հիշվող անուն» պատմվածքների ժողովածուն

Քանի որ բլոգիս բազմաթիվ ընթերցողներ գրում են ու բազմաթիվ հարցեր տալիս գրքիս մասին, որոշեցի այս գրառմամբ պատասխանել հաճախակի տրվող հարցերին. մարդ ես, գուցե ոմանք չեն համարձակվում հարցնել։

1. Որտեղի՞ց կարելի է գիրքը ձեռք բերել։
Եթե Երևանում եք, կարող եք ձեռք բերել Իլիկից, Նոյյան տապանից, Զանգակից ու Բուկինիստից (պիտի որ բոլոր մասնաճյուղերում լինի, բայց վստահ չեմ)։

ByurMap.png
Եթե արտերկրում եք, կարող եք առցանք պատվիրել իմ կայքից։

2. Լինելու՞ է արդյոք էլեկտրոնային տարբերակ։
Հավանաբար այո։ Առայժմ թիմիս հետ քննարկում ենք ֆորմատը, հարթակը և այլն։

3. Արդյոք գիրքը բլոգի բովանդակության արտատպու՞մն է։
Ո՛չ։ Թեև որոշ պատմվածքների նախնական տարբերակներ կարելի է գտնել բլոգումս, «Թագուհի Լուիզայի կամուրջի» ու «Ջազ կաֆեի» վերջնական տարբերակներն էլ Ինքնագրում, գրքի պատմվածքների մեծ մասը նախկինում առցանց հարթակներում չհրապարակված գործեր են։

4. Ինչի՞ մասին են պատմվածքները։
Այս հարցին ընթերցողները երևի ավելի լավ կպատասխանեն, բայց մի երկու բառով ասեմ. պատմվածքների իրադարձությունները տեղի են ունենում տարբեր քաղաքներում, ու բոլոր կերպարներին մի բան է միավորում. սեր ու մտերիմ հարաբերություններ են փնտրում այլ մարդկանց հետ։ Ոմանց մոտ ստացվում է, ոմանց մոտ՝ ոչ, ոմանց մոտ էլ ոչ այնպես, ինչպես իրենք էին ուզում։

5. Քո՞ անունն է դժվար հիշվող անունը։
Չէ։ Հարցի ավելի մանրամասն պատասխանը ստանալու համար կարդացեք այստեղ։

6. Ինչու՞ գիրքը գուդրիդսում չկա։
Կա, ուղղակի անունս լատինատառ է, գիրքը՝ հայատառ, դրա համար շփոթություն է առաջացնում։

«Ազգային թանգարան»

FrontcoverՀիշեցնեմ, որ գիրքս լույս կտեսնի հոկտեմբերին։ Շնորհանդեսի օրվա ու տեղի մասին, ինչպես նաև գիրքն օնլայն ձեռք բերելու մանրամասների մասին շուտով կհայտնեմ։ Իսկ մինչ այդ հատված «Ազգային թանգարան» պատմվածքից.

– Թանգարանի այս հատվածը նախատեսված է ընտանիքների համար,- ասաց,- բոլորդ էլ երեւի հիշում եք ձեր մանկությունից, թե ինչ ձանձրալի էր թանգարան գնալը։ Այս բաժինը կառուցվել է այնպես, որ երեխաները խաղան ու միաժամանակ նոր բաներ սովորեն… Սա տասնիններորդ դարի դանիական դպրոցն է։

Գիդը ցույց տվեց նեղլիկ սենյակը, որտեղ դպրոցական նստարաններ ու գրատախտակ կային։ Միան մոտեցավ առաջին շարքի նստարանին, չկարողացավ նստել. հագով բավական փոքր էր։
Յուրաքանչյուր նստարանի վրա փոքր գրատախտակ կար, կողքը՝ կավիճ։ Գրեց. «Ես կրեցի, դու ինձնից տխուր ես»:

– Ուսուցիչն օրը սկսում էր տերունական աղոթքով։ Հետո երեխաներն օդի մեջ տառեր էին գրում ու թվեր գումարում-հանում…
Միան օդի մեջ մատով ինչ-որ բան գրեց՝ մեջքի հետեւում զգալով Էմիլի հայացքը։

– Այդ ի՞նչ գրեցիր,- հարցրեց Միայի կողքին կանգնածը։ Դեմքը ծանոթ էր, բայց Միան չէր հիշում՝
որտեղ էր հանդիպել, բայց տեղը բերեց՝ գերմանացի է, ֆիզիկոս ու պոստդոկ։
Հետ նայեց, որ համոզվի՝ Էմիլն իրեն է նայում ու
լսում, պատասխանեց.
– Մեկին գումարած մեկ։
– … Դասամիջոցներին տղաները կռվում էին, աղջիկները՝ երգում… Իսկ հիմա առաջանանք դեպի
մերձավորարեւելյան շուկա։
Միան ոտքի կանգնեց, հետեւեց բազմությանը։ Էմիլն աննկատ մոտեցավ նստարանին ու կարդաց
գրատախտակին գրվածը։ Մատով ջնջեց մի քանի տառ եւ կավիճով դարձրեց. «Ես կրեցի, ես քեզնից
տխուր եմ»։

Կունդերայի «Անմահությունը»

Հետաքրքիր բան է եվրոպական միայնությունը: Ինձ համար դա գետի ափի նստարանն է, թափված տերևները, կիսամութն ու լապտերը: Կունդերայի հերոսուհի Ագնեսը փնտրում է այդ միայնությունը՝ երանի տալով այն օրերին, երբ ամուսինն իրենից շուտ է դուրս գալիս տնից, իսկ աղջիկը դեռ նկատած չի լինում իրեն: Հետո հայացքներն են կոտրում միայնությունը, անթիվ-անհամար անծանոթ հայացքները: «Նա անհամբերությամբ սպասում էր մեքենա վարելուն, որովհետև այդ ժամանակ ոչ ոք չէր խոսում հետը և ոչ ոք չէր նայում նրան: Այո, ամենակարևորն այն էր, որ ոչ ոք չէր նայում նրան: Միայնություն. հայացքների քաղցր բացակայություն»: Երևի պիտի Ագնեսը Դանիա գար, որտեղ ոչ ոք ոչ մեկի չի նայում:

Կունդերայի «Անմահությունը» սկսվում է նրանով, որ հեղինակն Ագնեսին ֆիրմային ժեստն է նկատում: Տպավորություն է ստեղծվում, որ վեպն առաջին դեմքով է շարունակվելու: Խաբուսիկ է: Չես էլ նկատում, թե ինչպես հանկարծ հեղինակը կորում է, ու առաջին պլանում մնում է հերոսուհին՝ Ագնեսը, որին հայրը քրոջից շատ էր սիրում, որն ամուսնացած է Պոլի հետ, բայց կարծես առանձնապես չի սիրում ամուսնուն ու որը մեռնելու պահին հասկանում է, որ հայրը միակ մարդն է եղել, որին սիրել է:

Բայց պատմությունը միատարր չէ: Կունդերան սովորության համաձայն դեսուդեն է թռչում, կողքից զանազան հետաքրքիր տեղեկություններ տալիս: Բայց այստեղ առաջին հայացքից թվում է՝ շատ անհամասեռ է, իրար չկպչող հատվածներ են, զոռով կարկատած: Ի՞նչ կապ ունեն Գյոթեի ու Բետինայի հարաբերությունները կամ Գյոթեի ու Հեմինգուեյի երևակայական հանդիպումը Ագնեսի, նրա քրոջ ու ամուսնու կյանքի հետ: Ինչու՞ է Ռուբենսն ընդհանրապես հայտնվում, ի՞նչ իմաստ կար այս կերպարը մտցնելու:

Ուղեղդ սկսում է կայծեր արձակել, երբ հեղինակը նորից հայտնվում է վեպում, հանդիպում է իր սեփական հերոսներին ու նրանց քննարկում պրոֆեսոր Ավենարիուսի հետ: Հերոսները տեղյակ չեն, որ իրենց մասին գիրք է գրվում: Առավելևս տեղյակ չեն, որ գիրքն ավարտվում է այն գրել-վերջացնելու առիթը տոնելով:

Իսկ արդյոք իսկական ավարտն այնտեղ չէ՞ր, որտեղ հեղինակն առաջին անգամ փաստում էր Ագնեսի մահը: Թե՞ այնտեղ, որտեղ մանրամասն նկարագրում է մահվան պահը: Վեպն էնպիսին է, որ ինչպես էլ շրջես առանձին մասերի հերթականությունը, ոչինչ չի տուժի, որովհետև այստեղ խնդիրը գծային ժամանակը չէ, այլ ստատիկ վիճակը՝ անմահությունը:

Ու հասկանում ես, որ Լաուրան Բետինան է անմահության մեջ, Գյոթեն՝ Պոլը: Բայց Լաուրան հասնում է Պոլին Ագնեսի մահվանից հետո, Բետինայի խնդիրն ուրիշ է՝ անմահությունը: Լաուրան Բետինայի պես նստում է Պոլի գիրկը, երեխա ձևանում: Լաուրան սեփականացնում է նաև Ագնեսի ֆիրմային ժեստը: Գրքի վերջում Ագնեսը չկա, բայց կա նրա ժեստը, դարձել է անմահ Լաուրայի շնորհիվ:

Իսկ Հեմինգուեյի ու Գյոթեի հանդիպմամբ անմահությունը դառնում է շոշափելի երևույթ: Նրանց զրույցն այնքան բնական է, Հեմինգուեյն այնքան ինքն է, որ կասկած չի հարուցում նման հանդիպման իրական լինելը: Ու նրանք էն մարդիկ են, որոնք հասել են անմահություն: Ուրեմն ինչու՞ չհանդիպեն որ:

Տեղ-տեղ գիրքը «Լինելիության անտանելի թեթևությունն» է հիշեցնում: Կունդերան մտնում է կերպարների մաշկի տակ, խախտում նրանց անձնական տարածքը ու բոլոր թաքուն մտքերը ջրի երես հանում: Փորփրում է նրանց կյանքի տարբեր էպիզոդներ, որոնք հենց հեղինակի խոսքերով կենսագրության մաս չեն դառնում: Բայց հենց այդ էպիզոդներն են, որոնք կերպարներին մեկը մյուսից տարբեր են դարձնում: Ու հենց այդ էպիզոդներն են ամբողջանում ու գիրք դառնում:

Հույս ունեի՝ գոնե էս տարի Կունդերային Նոբելյան կտան: Ափսոս: