Վիլյամսի «Սթոուները» որպես վերաբացահայտված դասական

60-ականներին գրված այս գիրքը ժամանակին շատ քիչ է վաճառվել ու մոռացվել, մինչև վերջերս, երբ վերաբացահայտվել, վերահրատարակվել ու բեսթսելեր է դարձել: Բայց արի ու տես նույնիսկ այսքանից հետո այն բեսթսելեր է Եվրոպայում. ամերիկացիները չեն սիրում այս գիրքը, չնայած հեղինակն ամերիկացի է, պրոտագոնիստն ամերիկացի է, դեպքերն էլ տեղի են ունենում քսաներորդ դարի առաջին կեսի Ամերիկայում: «Սթոուների» մասին գրում են. «Ձեր չկարդացած լավագույն վեպն է»:

Վիլյամ Սթոուները գյուղացի ընտանիքի տղա է, որը գնում է գյուղատնտեսություն սովորելու, բայց հանկարծ միտքը փոխում է, սիրահարվում անգլիական գրականությանն ու էդպես շարունակում՝ մնալով համալսարանում, բայց երբեք ասիստենտ պրոֆեսորից բարձր կոչման չարժանանալով: Պատերազմին չի մասնակցում, ամուսնությունը հաջող չի լինում, աշխատավայրում կոնֆլիկտներ է ունենում, իսկ ավելի ուշ չի կարողանում իր սիրուն տեր կանգնել: Իսկ հիմա այս պարզ, ոչ մի բանով աչքի չընկնող կենսագրությունն ավելի մանրամասն ուսումնասիրենք:

Սթոուներն ընդհանուր առմամբ զիջող մարդ է. զիջում է կնոջ բոլոր կապրիզներին, ոչ մի անգամ կոնֆլիկտի չի գնում, զիջում է, երբ կինն այնպես է անում, որ իրենց դուստրը հոր հետ քիչ շփվի, զիջում է նույնիսկ այն ժամանակ, երբ սիրուհու հետ կապված սկանդալը քիչ է մնում՝ ջրի երես դուրս գա, զիջում է, երբ ամբիոնի վարիչի պաշտոն է առաջարկվում: Բայց մի հարցում սկզբունքային է. իր աշխատանքում: Ինքը սիրում է անգլիական գրականությունն ու սիրում է դասավանդել: Դրա համար անում է ամեն ինչ աշխատանքը չկորցնելու համար: Համարյա ամեն ինչ, որովհետև միայն իմ պահ քիչ է մնում՝ կորցնի, բայց նույնիսկ այդ դեպքում աշխատանքի հանդեպ սիրուց է էդպես անում:

Մի տեսարան կա, որտեղ Սթոուները փորձում է մի ասպիրանտի կտրել և հեռացնել տալ համալսարանից, որովհետև պարզապես գիտելիք չունի: Սթոուները չի ուզում, որ իրենց ոլորտ թույլ մեկը մտնի: Բայց ասպիրանտի ղեկավարը՝ Լոմաքսը, Սթոուների հետ թարսվում է ու ամեն կերպ փորձում էնպես անել, որ ասպիրանտը մնա: Գրքի ամենալավ մասերն են, երբ սկզբունքային Սթոուները հրաշալի կերպով ցույց է տալիս ուսանողի անգրագետ լինելը, իսկ Լոմաքսը մանիպուլացնում, փորձում է ապացուցել, որ տղան հաշմանդամ է, դրա համար է հետն էդպես վարվում: Էստեղ գործ ենք ունենում պոզիտիվ դիսկրիմինացիա երևույթի հետ, երբ անգրագետ ասպիրանտին Լոմաքսն աջակցում է միայն նրա համար, որ հաշմանդամ է, իսկ Սթոուների՝ չզիջող վերաբերմունքը վերագրում նրան, որ տղան հաշմանդամ է:

Սթոուները մի լավ ընկեր ունի՝ Գորդոն Ֆինչը, որը պատերազմում կռվել է, հետո էլ ֆակուլտետի դեկան է դառնում: Ու այս մարդը, ի տարբերություն միամիտ, զիջող, ոչ ամբիցիոզ ու ամեն ինչ պարզ պատկերացնող Սթոուների, իսկական դիվանագետ է, ֆակուլտետի բարդ հարցերը փորձում է դիվանագիտորեն լուծել: Հետագայում դառնում է միջնորդ Լոմաքսի ու Սթոուների միջև:

Լոմաքսը չարանում է Սթոուների հանդեպ ու ամբիոնի վարիչ դառնալուց հետո օր ու արև չի տալիս: Էստեղ հանդիպում ենք ակադեմիական ներքին կոնֆլիկտներին, երբ դասախոսներն իրար ինադու բաներ են անում, իրար գլխի սարքում, ու մի հարցում մեկն է հաղթում, մյուս հարցում՝ մյուսը: Բայց Լոմաքսը գտնում է Սթոուներից վրեժ լուծելու մի միջոց՝ փորձելով աշխատանքից հեռացնել Քեթրինին՝ Սթոուների սիրուհուն:

Նրանց սիրավեպը սկզբում ահագին մանկական բաներ ունի: Քառասուննանց Սթոուները կյանքում առաջին անգամ բացահայտում է սերը. «Իր կյանքի քառասուներեքերորդ տարում Վիլյամ Սթոուներն իմացավ այն, ինչ մյուսները շատ ավելի երիտասարդ տարիքում իմացել են նրանից առաջ. որ այն մարդը, որին առաջինն ես սիրում, վերջին սիրածդ մարդը չէ, և որ սերը վերջ չէ, այլ ընթացք, որի միջոցով մեկը փորձում է ճանաչել մյուսին»:

Մեկ էլ Քեթրինի ու Սթոուների բաժանման պահն եմ սիրում: Երբ քիչ է մնում՝ սկանդալ սկսվի, երբ վճռական որոշում ընդունելու պահն է գալիս, Սթոուներն ընտրում է ընտանիքին, բայց որ ավելի կարևոր է, աշխատանքը չթողնելը: Ու դա բացատրում է այսպես. «Որովհետև այդ դեպքում այլևս ոչինչ նշանակություն չի ունենա, ո՛չ մեր արածները, ո՛չ այն, ինչ եղել ենք: Ես հավանաբար այլևս չեմ կարողանա դասավանդել, իսկ դու… դու ուրիշ բան կդառնաս: Մենք երկուսս էլ ուրիշ բան կդառնանք, մեզնից տարբեր ինչ-որ մի բան: Մենք կդառնանք… ոչինչ»:

Քեթրինը հաջորդ օրը հեռանում է, ու Սթոուներն այլևս նրան չի տեսնում: Զիջող է լինում նաև այս հարցում՝ այդպես էլ երբեք չփորձելով գտնել նրան կամ հետը կապ հաստատել, չնայած ժամանակ առ ժամանակ կարոտում է: Հետագայում Քեթրինից միայն մի նորություն է իմանում. կարդում է, որ հրատարակվել է նրա գիրքը, գնում է այն ու հայտնաբերում, որ այն նվիրված է «Վ.Ս.-ին»:

Ու մեկ էլ Սթոուների կյանքի վերջին պահերն են հուզիչ, երբ վերցնում է սեփական գիրքը, որը, փաստորեն, ոչ ոք չի կարդում: Իսկ երբ հասնում ես վերջին տողերին, հասկանում ես, որ հերոսին սիրեցիր, ոնց որ ընկերդ դարձած լիներ, ու ափսոսում ես, որ կյանքն ավարտվեց:

Այնուամենայնիվ, Սթոուներն ինքը բավական սովորական կենսագրությամբ, բավական աննշան ու մոռացվող մարդ է, որն իրականությունից փախչելու համար իրեն փակել էր ակադեմիայում (մի՞թե ես էլ նույնը չեմ անում հիմա՝ ակադեմիայից դուրս ոչ մեկի հետ չշփվելով): Բայց հեղինակը հավեսով փորփրել էր այդ աննշան մարդու ներքին աշխարհը, ջրի երես հանել նրա վախերը, անհանգստություններն ու գժական սերը մասնագիտության հանդեպ:

Այսօր գրադարանում քննարկեցինք «Սթոուները»: Բոլորս միաձայն ասացինք, որ կերպարին սիրեցինք, բացի մի հոգուց: «Նա էնպիսի մարդ է, որից կխուսափեի փարթիի ընթացքում»: Ու զարմանալիորեն այդպես ասողը մեջներիցս միակ ամերիկացին էր: Մեկ էլ քննարկեցինք պատմության տխուր-ուրախ լինելը, որովհետև բոլորը դա ընկալում են որպես տխուր պատմություն:

«Ի վերջո Սթոուները շատերից երջանիկ մարդ էր,- ասաց խմբի անդամներից մեկը,- նա սիրում էր իր աշխատանքը»:

Կոպենհագենի գրադարանները ու գրքերի ակումբը

Կոպենհագենի քաղաքապետարանը քսան գրադարաններից բաղկացած ցանց ունի, որտեղ կարող է գրանցվել քաղաքի յուրաքանչյուր օրինական բնակիչ (ասել է թե դեղին քարտ ունեցող) ու անվճար օգտվել ծառայություններից. կարող ես գրքեր ու դիսկեր տուն տանել, ընթերցասրահներն էլ մինչև ժամը հազարը բաց են: Ու նաև բազմաթիվ մշակութային միջոցառումներ են կազմակերպվում:

Միակ պատճառը, որ դեռ չէի հայտնվել այս ցանցում այն էր, որ Կոպենհագենի մշակութային երևույթների մասին ինֆորմացիան ամեն անգամ ստանում էի միանգամից մեծ դափոնով, ու չէի կարողանում փորել, ինձ հետաքրքրողներն առանձնացնել: Եվ միայն վերջերս հերթական դափոնը ստանալուց առաջ պրեզենտացիա անցկացնող դանիուհին սխալվեց ու հարցրեց, թե որտեղ եմ բնակվում: Լսելով Օստերբրոյի անունը՝ ասաց, որ բախտս բերել է, որովհետև հենց Օստերբրոյի գրադարանում է ընթերցողների անգլալեզու ակումբը հավաքվում:

Այսօր վերջապես առաջին անգամ գնացի գրադարան: Գրանցվեցի շատ արագ, ու մինչ ակումբի մնացած անդամները կգային, զբոսնեցի տարածքով: Ահագին անգլալեզու գրականություն կար: Բայց ֆրանսերենն ու գերմաներենը մեկական պուճուր պահարանիկներ էին: Ու ամենաուժեղն էն էր, որ ֆրանսերեն հազիվ տասը գրքերից մեկն էլ Մարտին Մելքոնյանի «Հայուհին» էր:

Ժամը եկավ, հավաքվեցին անգլախոս ընթերցողները: Այս ամսվա գիրքը Տարյայ Վեսոսի «Թռչուններն» էր: Ակումբում էլ մի երկու դանիացի էին, մնացած բոլորն արտասահմանցիներ ու բոլորը լավ կարդացած: Էնքան հավես էր, մեջներից ամենաջահելը ես էի, մնացած բոլորը տուն-տեղ, ընտանիքով, լուրջ աշխատանքով մարդիկ էին: Շատ հավես քննարկում ստացվեց: Ահագին զարմացել էին, որ ռուսերեն եմ կարդացել: Ես էլ հակադարձեցի, թե՝ դուք էլ անգլերեն կամ դանիերեն եք կարդացել, օրիգինալ լեզուն չի, ի՞նչ տարբերություն ինչ թարգմանություն ա: Ու իրոք տեղ-տեղ հայտնաբերեցինք, որ ռուսերեն թարգմանությունը նույնիսկ ավելի մոտ էր օրիգինալին (խմբի լիդերը նորվեգացի է, նորվեգերեն էր կարդացել «Թռչունները»):

Վերջում էլ գիրքը գնահատեցինք (դանիական գնահատում) ու ամբողջ 2015-ին կարդացվելիք գրքերն ընտրեցինք (բա, դանիական պլանավորում):

Ընտրելուց հետո մի քանի հոգի խառնված իրար ասում են, թե չէ հասցնի էսինչ ու էնինչ գրքերը գրադարանից վերցնել, որովհետև գրքի հերթի մեջ մեկը 35-րդ տեղում է, մյուսը՝ ութսունքանի: Պատկերացնու՞մ եք: Կոպենհագենում գիրք կարդալու համար մարդիկ հերթ են կանգնում: Ու ասենք նենց պոպուլյար գրքեր էլ չէին, որ ասեինք՝ բոլորն ուզում են կարդալ:

Դանիացիներից մի տարիքն առած տատիկ մեկ էլ սկսեց Հեմինգուեյից խոսել: Ասում է՝ ինչ-որ տեսարան է հիշում, որ Հեմինգուեյը Մադրիդում ինչ-որ կաֆեում նստած խմում ու նուշ է ուտում: Հիմա ուզում է գտնել, թե որ գրքից էր, դրա համար հերթով բոլորը վերընթերցում է: «Եդեմի պարտեզն» առաջարկեցի: Կպավ, թե՝ դա Հեմինգուեյը չի գրել: Ես էլ թե՝ Հեմինգուեյն է, ուղղակի ամենահայտնի գործերից չէ: Ասաց, որ հիմա «Մահը կեսօրին» գիրքն է պատվիրել, որովհետև իր հիշելով գեղարվեստական չէր: Բայց ախր «Մահը կեսօրին» գրքի դեպքերը Սևիլյայում են տեղի ունենում: Էս որ ասացի, տատիկը ջոկեց, որ մեղմ ասած անտեղյակ չեմ Հեմինգուեյի գործերից, հանկարծ սկսեց հետս Մարգըրիտ Դյուրասից խոսել, թե՝ իր ֆրանսերենը հերիքում է Դյուրասի համար, պարզ է գրված և այլն: Ու մեկ էլ որ իմացավ հայ եմ, սկսեց՝ ցեղասպանություն-բան:

Հաջորդ ամսվա համար Նիլ Գեյման է ընտրվել մինչև խմբին միանալս: Գիրքը կարդացել եմ, էս ընթացքում ուրիշ բաներ կկարդամ, բայց անպայման դեկտեմբերին կգնամ քննարկմանը: Ես էլ Մոդիանո առաջարկեցի: Ընտրվեց մայիսի համար:

Երեկ կոլեգայիս ոգևորված պատմում էի ընթերցողների ակումբի մասին: Զարմացավ, որ գնացել եմ: Ասաց, որ իր սկեսուրը երեք տարբեր ակումբների անդամ է ու որ հիմնականում տարիքով մարդիկ են հաճախում նման ակումբներ: Ձեն չհանեցի. իրոք նկատել էի, որ խմբում ամենաջահելն էի: Բայց հազիվ ակադեմիայից դուրս նորմալ միջավայր եմ գտել: Ու հետաքրքիրն էն է, որ ընթերցողների ակումբները դանիական առօրյայի ամենասովորական մասն են կազմում:

Լավ բաները Հայաստանում

hetso5Քանի որ վերջին երկու ամիսներին ինչ ասես գլխիս չի գալիս ու քանի որ անընդհատ քիչ է մնում` իրերս հավաքեմ, նորից գնամ Հայաստանից, նստեցի ու սկսեցի մտածել, թե էստեղ ինչն է ինձ ուրախացնում: Կետերը շարում եմ առանց հատուկ հերթականության:

1. Հեծանիվ – ամեն անգամ հեծանիվ նստելիս ու A կետից B-ն շարժվելիս ինքս ինձ ասում եմ, թե որքան երջանիկ մարդ եմ, որ հասարակական տրանսպորտի հույսին չեմ: Երբեմն պատահում է, որ ուզած-չուզած երթուղայինից, ավտոբուսից կամ տաքսուց եմ օգտվում, ինչի արդյունքում համոզվում եմ, թե որքան լավ է, որ հեծանիվ ունեմ:

2. Յոգա – Հայաստան եկած-չեկած առաջին բանը, որ արեցի, յոգայի դասեր գտնելն էր: Հիմա հաճախում եմ Հիմալայան յոգայի կենտրոն, ու դա մի այլ կարգի երջանկություն է ինձ համար, հատկապես ժամերով կոմպի մոտ նստած աշխատելուց հետո: Դասից հետո ներվերս անջատած տուն եմ գալիս:

3. Ամերիկյան համալսարանի գրադարան – երևի չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ արթուն ժամերս ավելի շատ էնտեղ են անցնում, քանը տանը կամ մի ուրիշ տեղ; Մտավոր աշխատանք կատարելու համար տրամադրող մթնոլորտ է: Ձեռի հետ էլ հին ու նոր ընկերներիս եմ տեսնում, հաճելի ընդմիջումներն ապահովված են:

4. Ուսանողներս – ի՞նչ էի անելու, եթե մանկավարժականում շաբաթը մեկ դասերս չլինեին: Իսկ ես էդ դասերից մի այլ կարգի հաճույք եմ ստանում հենց ուսանողների, նրանց հետաքրքրվածության ու վերլուծական ունակությունների շնորհիվ: Համ էլ մի տեսակի ինչ-որ բանի համար պիտանի եմ զգում ինձ:

5. Համով մրգերը – մեկ էլ ինձ համար դրախտային երջանկություն է ամեն երեկո հայկական միրգ ուտելը: Պայուսակիս մեջ միշտ խնձոր է լինում (ամերիկյանում հանդիպածս ընկերները կհաստատեն, իրենց էլ եմ հյուրասիրում), տանն էլ անընդհատ դեղձ ու տանձ եմ ուտում: Հրաշք:

6. Փոսթքրոսինգ ու բացիկներ – էն ամենաներվային ժամանակ բացիկներս հանում եմ, սկսում դասավորել, նորերն եմ գրում, որ ուղարկեմ: Նյարդերս լավ անջատվում են: Ու ընդհանրապես ինչ Հայաստան եմ եկել, ինձ սկսել են լավ նայել.  ոչ թե առանձին մի բացիկ եմ ստանում, այլ միանգամից երեք-չորսը, սիրուն նամակներ, իսկ մի անգամ նույնիսկ գիրք եմ ստացել:

Քանի որ էսօր դրական բաներից էինք խոսում, մոռանում ենք բացասականների ցուցակը. միևնույն է, առանց դրանց մասին բարձրաձայնելու էլ անընդհատ պտտվում են գլխավերևումս ու թունավորում առօրյաս:

30 օր երաժշտության հետ. օր 6. երգ, որն ինձ ինչ-որ վայրի մասին է հիշեցնում

Հենց «վայր» բառը լսում եմ, միանգամից երեք երգչուհիներ են աչքիս առաջ գալիս. Լիլիթ Բլեյան (Պոտսդամի տունս եմ հիշում), Թորի Էյմոս (նրա վերջին ալբոմի երգերը Խրոնինգենն են հիշեցնում) ու մեկ էլ Լհասա դե Սելա (երգից կախված՝ զանազան գրադարաններ ու խոտածածկ այգիներ): Քանի որ առաջին երկուսին պատրաստվում եմ մեկ այլ օր անդրադառնալ, որոշեցի այս մի գրառումս նվիրել Լհասային ու մասնավորապես La confession երգին:

Այս երգն առաջին անգամ ուշադրությունս գրավեց երկու տարի առաջ, երբ ամերիկյանի գրադարանում ֆրանսերեն էի պարապում, պատրաստվում էի ԴԵԼՖ-ին: Գրավեց, որովհետև բոլոր բառերը հասկացա ու արագ-արագ գրի առա, հետո էլ վրա-վրա մի քանի անգամ լսեցի: Դրա համար հենց էս երգը միանում է իմ փլեյլիսթում (որովհետև ուրիշ ոչ մի տեղ չեմ լսել), ամերիկյանի գրադարանն եմ հիշում:

Գրադարանային նոստալգիա

Թվեր ու վերլուծություններ
Թվեր ու վերլուծություններ

Երեկ այն օրերից էր, երբ հատկապես երկար մնացի ամերիկյան համալսարանի գրադարանում: Ու հենց էդ ժամանակ էր, որ հիշողություններս էնքան կենդանացան, որ նույնիսկ շոշափելի դարձան, ու նույնիսկ հին զգացողություններս վերապրեցի:

2011-ի ապրիլը խառը շրջան էր ինձ համար. մի կողմից, կլինիկական օրդինատուրան էի ավարտում, մյուս կողմից պատրաստվում գնալ Եվրոպա սովորելու: Դրան էլ գումարենք, որ պատրաստվում էի DELF հանձնել (ֆրանսերենի միջազգային ճանաչում ունեցող քննություն), հետն էլ աշխատում էի: Իսկ ի՞նչ կապ ունի ամերիկյան համալսարանի գրադարանը, կհարցնեք:

Ամեն օր Նորքում կլինիկական օրդինատորի պարտականություններս ավարտելիս քայլում էի դեպի կանգառ, նստում 45 համարի ավտոբուսը ու շարժվում դեպի ամերիկյան, որտեղ ֆրանսերենի վրա էի քրտնում (էս էլ ապացույցը): Դա էնքան հետաքրքիր պրոցես էր. բացի ֆորմալ գրքերով պարապելուց, արանքներում ֆրանսերեն կինոներ էի նայում, երգեր թարգմանում, գրքեր կարդում: Միշտ, միշտ մենակ էի լինում, չնայած պատահում էր, որ ընթերցասրահում ծանոթ մարդկանց էի հանդիպում: Նրանք բոլորը TOEFL էին պարապում: Նրանք բոլորն այլևս Հայաստանում չեն:

Էնտեղ քողարկում էի ներվայնությունս, հավատ ներարկում, որ կհաղթահարեմ քննությունս, ժպտում, ծիծաղում ինքս ինձ վրա, վախենում Հայաստանից գնալուց, ուղղակի ապրում մի կյանքով, որտեղ մենակ ես կայի, որի մանրամասներն ինձնից բացի ոչ ոք չգիտեր:

Հիմա ամերիկյանի գրադարանը վերանորոգել են, սեղաններն այլ դասավորություն ունեն, ահագին փոխվել է: Բայց էլի շուրջս լիքը TOEFL պարապողներ են, մեկ էլ մեկումեջ մեր համալսարանի էրեխեքից, որոնք քրտնում են անատոմիայի նկարների վրա, իսկ ես թաքուն ժպտում եմ: Սովորականի պես ես լրիվ ուրիշ գործով եմ զբաղված, սովորականի պես կապ չունեն էնտեղի մարդկանց հետ, բայց ինչ-որ հարազատություն, ինչ-որ ջերմություն կա պատերի ներսում, որտեղ մեռնում է իմ միայնությունը ու կամաց-կամաց մաշվում երիտասարդությունս: