Վալերիա Լուիզելիի «Կորած երեխաների արխիվը»

Լուիզելիի «Կորած երեխաների արխիվը» վաղուց էր գրապահարանումս ինձ սպասում․ Մորթենն արդեն կարդացել էր, ուզում էր կարծիքս իմանալ, իսկ Էնջըլն արդեն քանի ամիս է անընդհատ խորհուրդ է տալիս։ Ես ինքս էլ դեռ Լուիզանայի գրական փառատոնից սպասում էի այս գրքին․ հարցազրույցի ժամանակ Լուիզելին ասել էր, որ ԱՄՆ-ի փախստական երեխաների համար թարգմանիչ է աշխատում ու ուզում է այդ թեմայով գիրք գրել։

Lost Children Archive by Valeria Luiselli — Lonesome Reader

«Կորած երեխաների արխիվն» ԱՄՆ-ում մեքենայով ճամփորդության դուրս եկած մի ընտանիքի պատմություն է՝ հայր, մայր, որդի և դուստր։ Հայրն ու մայրը վավերագրողներ են։ Մայրը խիստ հետաքրքրված է Կենտրոնական Ամերիկայից եկած ԱՄՆ-ի սահմանը հատող փախստական երեխաների ճակատագրով, հայրը՝ ապաչների պատմությամբ։ Էսպիսով, թեև տարբեր պատճառներով, երկուսին էլ հետաքրքրում է ԱՄՆ-ի հարավային սահման գնալը։

Գրքի կենտրոնում ընտանեկան դրաման է․ տղամարդն ու կինը բաժանման եզրին են, ու գուցե վերջին անգամ են միասին ճամփորդում։ Մենք ականատես ենք լինում նրանց հարաբերությունների փլվելուն, ու թե ինչպես է դա ազդում երեխաների վրա։ Բայց այս ամենին միախառնված են նաև այլ՝ կորած երեխաները, որ մեն-մենակ սահման են հատում, բռնվում, հայտնվում փախստականների ճամբարում՝ բավական դաժան պայմաններում, ու մեծ մասամբ հետ ուղարկվում այնտեղ, որտեղից եկել են, հաճախ անհետանում, կորում անապատում։ Իսկ կորած երեխաների պատմությանը միահյուսվում է նաև ապաչների պատմությունը, թե ինչպես է ԱՄՆ բանակը տեղահանել բնիկ ամերիկացի ապաչներին իրենց բնակավայրերից։

Ամբողջ գիրքը լի է «ձայնային էֆեկտներով»։ Կինն էլ, տղամարդն էլ ձայնագրիչներով են ամեն տեղ գնում։ Մենք լսում ենք բնության ձայները, լսում ենք իրենց փախստական հարազատներին կանչողների ձայները, ապաչների՝ անցյալից եկող ձայները, լեռներում ընտանիքի անդամների ձայնի արձագանքները։ Լսում ենք նաև երգեր ու աուդիո գրքեր, որոնք միացնում են մեքենայով շարժվելիս։

«Կորած երեխաների արխիվը» հիմնականում պատմվում է ընտանիքի մոր, մի քիչ էլ որդու տեսանկյունից։ Ընտանիքի մոր համար գերխնդիր է փախստական երեխաներին օգնել ապաստան ստանալ։ Դրա համար վավերագրում է ու ռադիոյի համար նյութ պատրաստում այդ թեմայով։ Բայց նաև հարցեր է տալիս․ «Ինչպե՞ս կարող է ռադիո վավերագրությունն օգնել, որ ավելի շատ անփաստաթուղթ երեխաներ ապաստարան ստանան։ Մյուս կողմից, ինչու՞ պետք է որևէ ձայնային գործ կամ պատմություն պատմելու այլ ձև որևէ հատուկ նպատակի ծառայի»։ Շարունակելով հարցերի շարանը՝ անդրադառնում է նաև էթիկական խնդրին․ «Եվ ինչու՞ եմ ընդհանրապես կարծում, թե ուրիշի տառապանքով պետո է արվեստ ստեղծեմ»։ Այստեղ Լուիզելին կերպարի ձայնով կարևոր հարց է բարձրացնում ուրիշի տառապանքով արվեստ ստեղծելու մասին, մի բան, որ հենց ինքն անում է այս գրքով, անում է, որովհետև փախստական երեխաների թեման ուղղակի իրեն հանգիստ չէր տալիս տարիներ շարունակ, անգամ այդ թեմայով մեկ այլ՝ ոչ գեղարվեստական գիրք գրելուց հետո («Ասա ինձ, թե ինչպես է այն ավարտվում․ 40 հարցով էսսե»)։

Վեպի ողջ ընթացքում հղումներ են կատարվում տարբեր գրքերի։ Դրանք կարդացած լինելն ընթերցողին օգնում է «Կորած երեխաների արխիվն» ավելի լավ հասկանալ։ Հիշատակվում է, օրինակ, Բոլանյոյի «2666»-ը (ի դեպ, Բոլանյոն Լուիզելիի սիրած գրողն է)։ Պետք է գրքին ծանոթ լինես, որ հասկանաս, թե կորած երեխաներն ինչից կարող են փախչելիս լինել, ինչու է նրանց համար այդքան կարևոր նման վտանգավոր ճամփորդության գնալ ու ԱՄՆ սահմանը հատել։ Պետք է Գոլդինգի «Ճանճերի տիրակալը» կարդացած լինես, որ հետևես առաջարկվող այլընտրանքին՝ իրական կորած, առանց մեծահասակների մնացած երեխաներին։ Պետք է Սամանթա Շվեբլինի «Տենդային երազի» բովանդակությունն իմանաս, որ նկատես «փրկարարական հեռավորության» հիշատակումը, ու թե ինչ կատարվի, երբ երեխաները դրանից այն կողմ անցնեն։

Ինչպես «Դեմքեր ամբոխի մեջ վեպում», այնպես էլ «Կորած երեխաների արխիվում» Լուիզելին նույն հնարքին է դիմում․ այստեղ նույնպես կա գիրք գրքի մեջ, որը հետագայում առարկայանում, միաձուլվում է իրականությանը, կորում է անցյալի ու ներկայի միջև սահմանը։ Այս հնարքով Լուիզելին փորձում է ընթերցողին մոտեցնել կորած երեխաների ողբերգությանը, որին միջին վիճակագրական ամերիկացին խիստ անհաղորդ է։

«Կորած երեխաների արխիվում» ընտանիքի փոքրիկ տղան պոլարոիդներով լուսանկարներ է անում, որոնք պահում է կարմիր գրքի մեջ։ Գրքի վերջում տեղադրված են այդ լուսանկարները՝ որպես լրացուցիչ վավերագրական նյութ կորած երեխաների մասին։

Ընդհանուր առմամբ, այս վեպում Լուիզելին նախկինի համեմատ ավելի համարձակ քայլերի է դիմում․ տեքստից բացի գործածում է նաև այլ միջոցներ՝ ձայն, պատկեր, արկղեր իրենց պարունակությամբ։ Վեպի միջի վեպն ավելի շատ տեղ է զբաղեցնում։ Փորձարկում է նաև բոլանյոական հնարք՝ տասնյոթ էջանոց նախադասություն։ Տեղ-տեղ այս փորձերը ձախողվում են։ Մասնավորապես, գրքի միջի՝ կորած երեխաների մասին պատմող գիրքը, դժվարությամբ է իր նկատմամբ հետաքրքրություն առաջացնում, քանի որ խիստ անդեմ ու անանձնական է, ի տարբերություն հենց վեպի միջի երեխաների՝ ընտանիքի մոր ընկերուհի Մանուելայի երկու դստրերի պատմության։

«Կորած երեխաների արխիվը» Լուիզելիի առաջին վեպն է անգլերեն։ Կարելի է հարցնել, թե ինչու է այս անգամ նախընտրել ոչ թե իսպաներեն, այլ անգլերեն գրել։ Այստեղ, կարծում եմ, բազմաթիվ պատճառներից մեկն այն է, որ գիրքը հենց ամերիկացիներին է ուղղված՝ նրանց, ում քթի տակ փախստական երեխաներն անմարդկային վերաբերմունքի են արժանանում, ու ովքեր ամեն օր լսում են լուրերը կորած երեխաների մասին, հետո հանգիստ շարունակում իրենց կյանքը, ասես ոչին չի պատահել։

Սեմա Քայգուսուզի «Ամեն կրակ, որին հետևում ես»

Ծննդյանս օրվա առթիվ Մորթենի ծնողները գումար էին տվել ու պատվիրել Արցախ չուղարկել։ Ես էլ որոշեցի մտնել գրախանութ ու ամբողջ գումարով գրքեր գնել։ Մինչ հերթով անցնում էի դարակներով, Մորթենը մոտեցավ գիրքը ձեռքին․
— Սա քեզ կհետաքրքրի։

Få Every Fire You Tend af Sema Kaygusuz som Paperback bog på engelsk


Ջղայնացած ասում եմ՝ թե ոնց թե, ո՞նց է մտքովդ անցնում, որ թուրքական գիրք կուզենամ կարդալ։ Շուռ է տալիս գիրքը, նկարագրությունը կարդում․ «1938 թվին արևելյան Անատոլիայի հեռավոր Դերսիմ մարզում Թուրքիայի Հանրապետությունը զազա քրդերի համայնքը վերացնելու օպերացիա սկսեց․․․»։ Գիրքը գնում եմ, բերում տուն, ավելացնում ձմեռային տրցակիս։

«Ամեն կրակ, որին հետևում ես» գիրքը Քայգուսուզը գրել է իր՝ կոտորածից փրկված զազա տատիկի պատմածներից ոգեշնչված։ Ինչպես հեղինակն է նշում վերջաբանում, տատիկը շատ բան չէր պատմում, միայն ասում էր․ «Մեզ կոտորեցին», իսկ նրա պատմած մնացած ամեն ինչը փոխաբերություն էր՝ համեմված ալևիների դիցաբանությամբ։

Էդպիսին էր նաև գիրքը։ Պատմողը դիմում էր ինչ-որ անհայտ երկրորդ դեմքի, որը ֆոտոխցիկը ձեռքին շրջում էր, ու պատմում նաև տատիկի մասին։ Հետագայում հասկանում ես, որ այդ երկրորդ դեմքը պատմողի ու տատիկի միաձուլումն է, սերնդեսերունդ փոխանցվող տրավմայի մարմնավորումը։ Գրքում հանդիպում ես Հըզըր առասպելական կերպարին, որ կար Մովսեսի ժամանակներում, կար նաև մեր օրերում՝ անտուն թափառականների տեսքով, որոնց պատմողի տատիկը միշտ լավ էր նայում, որ մերթ մոտենում է, մերթ հեռանում է, ու միաժամանակ թե՛ չարն է, թե՛ բարին։ Ու կարծես հենց նույն Հըզըրն է, որ փրկել է տատիկին կոտորածից։ Գրքի կենտրոնում է նաև թուզը՝ որպես պտուղ ու որպես ծառ, որպես շարունակականության ու դրա ընդհատման խորհրդանիշ, որպես լեզու, որն օգտագործվում է ցավի մասին խոսելու համար։ Թզենին նաև լսում է․ «Արի խոստովանենք ծառին, որ մեր այդ տները, որ պետք է քանդվեին ու ավերվեին, և այդ մարմինները մեր, խարսխված մեր տներին, այդ ընտելացված բանալ մարմինները մեր, մեր միակ միջոցն են մեզ տեսանելի դարձնելու»։

Պատմությունները հաճախ կցկտուր են, անավարտ։ Ինչպես Քայգուսուզի տատիկի պատմածներում, էնպես էլ գրքում չես գտնի կոտորածների ուղղակի մանրամասներ։ Դու դրանք հասկանում ես տողերի արանքում, որովհետև ինքդ էլ մեծ տատիկ ունեիր, որ զանազան պատմություններ էր պատմում առանց ցեղասպանության ուղղակի մանրամասների մեջ խորանալու։ Քայգուսուզը կարծես պատմի մի բան, որ միայն նույն սերնդեսերունդ փոխանցված տրավման ունեցողները կարող են հասկանալ։ Գիրքը թեև գրվել է թուրքերեն, թարգմանվել է անգլերեն, ի տարբերություն մերձավորարևելյան այլ հեղինակների գործերի, չի թիրախավորում բանից անտեղյակ արևմուտքցուն, որին ամեն աշխարհագրական անունը պետք է բացատրել։ Այն պարզապես կա, ու կհասկանաս, թե ինչ է ասում, եթե գիտես լեզուն՝ թզի լեզուն, որով, ըստ հեղինակի, գրված է գիրքը։

Every Fire You Tend by Sema Kaygusuz review – Turkey's violent legacy |  Fiction in translation | The Guardian
Սեմա Քայգուսուզ

Սեմա Քայգուսուզի տատիկի պատմությունը շատ նման է Ֆեթհիյե Չեթինի «Մեծ մորը»․ ցեղասպանության սարսափներ, ու լռություն տարիներ շարունակ, որովհետև խոսելը կհակասեր մեծամասնության ընդունած նորմերին, որովհետև պարզապես վտանգավոր էր, ու պատառիկներ կամ ամբողջական պատմություն՝ ժառանգված թոռներին, որ պատմում են, փորձում լսելի դարձնել իրենց ձայնը։ Երկու դեպքում էլ թուրքերի կատարած կոտորածների հետևանք, մեկը՝ հայերի, մյուսը՝ զազա քրդերի։

Հայ ընթերցողի համար Քայգուսուզի գիրքը կարևոր ահազանգ է։ Այն հիշեցում է, որ 1915 թվականին ոչ թե հայերն են ինչ-որ բան սխալ արել, ոչ թե թուրքական ֆաշիզմն ուղղված է հենց հայերի կամ ընդհանրապես քրիստոնյաների դեմ, այլև բոլոր նրանց, ովքեր ապրում են նույն տարածքում ու խոսում են ուրիշ լեզվով կամ ուրիշ կրոն ունեն։ Սա հիշեցում է, որ մեր արևմտյան հարևանի ֆաշիզմն ավարտված չէ, որ թուրքերն իրենց ինքնությունը կառուցում են մյուսներին ոչնչացնելու հաշվին, որ այդ ոչնչացումից խոսելն անգամ քսանմեկերորդ դարում դեռ տաբու է՝ լինի հայերի, թե զազաների մասին։ Ու սրա մասին պետք է լավ հիշել՝ Թուրքիայի հետ սահմանների բացման ու առևտրական հարաբերությունների մասին երազելուց առաջ։

Եթե հայկական դպրոցներում համաշխարհային գրականություն առարկա մտցվեր, կառաջարկեի Սեմա Քայգուսուզի «Ամեն կրակ, որին հետևում ես» գիրքը դրա մի մասը կազմել, որ հենց դպրոցական տարիքից էլ բազմակողմանիորեն ծանոթ լինենք թուրքական ֆաշիզմին ու զգոնությունը երբեք չկորցնենք։

«Դեմքեր ամբոխի մեջ»․ Վալերիա Լուիզելի

Էնջըլը գրեց, թե՝ քեզ գրքեր եմ բերում։ Հարցրի՝ ինչ գիրք։ Պատասխանեց՝ որ չիմանաս, չի՞ լինի։ Չէ, չի լինի։ Մինչև հեղինակի կենսագրությունը չկարդամ, չիմանամ հեղինակն առավոտը զարթնելիս ինչ է մտածում, մինչև Գուդրիդսի գնահատականները չստուգեմ, հինգաստղանի ու միաստղանի ռիվյուները չկարդամ, չնայեմ ընկերներիցս ում է դուր եկել, ում՝ չէ, ով է կարդացել, ով է ուզում կարդալ, հարցազրույցներ չլսեմ, չեմ կարդա։ Ասաց՝ Վալերիա Լուիզելիի «Դեմքեր ամբոխի մեջ»։ Ընտիր։ Գրքի գոյության մասին վաղուց գիտեի։ Մեքսիկացի Լուիզելիին դեռ 2016 թ․ Լուիզիանայի գրական փառատոնի ժամանակ էի տեսել։ Կարդացել էի նաև «Ատամներիս պատմությունը» գիրքը․ զվարճալի պատում մի կերպարի մասին, որ հայտնի մարդկանց ատամներ էր հավաքում։ «Դեմքեր ամբոխի մեջն» էլ վաղուց էի փնտրում։ Ուղղակի էն ժամանակ գրախանութներում չկար, էդպես էլ մտքիցս թռավ։

Faces in the Crowd - Kindle edition by Luiselli, Valeria ...

Սրճարանում Էնջըլը պայուսակից հինգ գիրք հանեց։ Երկուսն իմն էր՝ վերադարձնում էր։ Երկուսը շվեդ գրողի կոմիքսներ էին, մեկը կարդացի, դուրս չեկավ, մյուսը չբացեցի։ Երրորդն էլ «Դեմքերն» էր։ Ասաց՝ լավն է, բայց շատ դանդաղ է կարդացվում։

Ու իրոք, 150 էջանոց գիրքը երկու շաբաթում հազիվ վերջացրեցի։ Բայց նրանից չէր, որ վատն էր կամ ծանր էր։ «Դեմքեր ամբոխի մեջն» էն գրքերից էր, որ ամեն նախադասությունը մի քանի անգամ ես կարդում, որովհետև էնքան սիրուն է գրել, որ ափսոսում ես հաջորդ նախադասությանն անցնել։

Գիրքը զուգահեռ մի քանի պատմություն ունի։ Մեխիկոյում ապրող երիտասարդ կինը պատմում է Նյու Յորքում ապրած իր երիտասարդությունից, որտեղ փորձում է մեքսիկացի բանաստեղծ Ջիլբերտո Օուենի բանաստեղծություններն անգլերեն թարգմանել ու տպագրել։ Մյուս պատմությունը մետա-վեպն է, որտեղ պատմողը վերլուծում է գրելու ընթացքը, ընդգրկում նաև ամուսնու հետ զրույցները և Նյու Յորքի պատմության մասին նրա մեկնաբանությունները։ Ավելի ուշ միանում է նաև Ֆիլադելֆիայի՝ Օուենի պատմությունը։ Ու այստեղ է, որ անհետանում են իրականության ու հորինվածի, կյանքի ու մահվան, անցյալի ու ապագայի սահմանները։ Գրքի տարբեր կերպարներ ու պատմություններ ձուլվում են իրար, հետո առանձնանում, հետո նորից ձուլվում։ Որոշ կերպարներ ուրվական են դառնում, բայց երբեմն այնքան իրական ու շոշափելի, որ ընթերցողին թվում է՝ գոյություն ունեցող մարդիկ են, բայց նրանք պարզապես դեմքեր են ամբոխի մեջ, որ անցնում են մեր կողքով ու որոնց կենդանի կամ մեռած լինելը մենք հարցականի տակ չենք դնում։

Լուիզելիի «Դեմքեր ամբոխի մեջ» վեպը շատ էր տարբերվում «Ատամներիս պատմությունից»։ Ու երկուսն էլ հրաշալի ձեռագրեր են։ Լուիզելին նաև նրանով է հետաքրքիր գրող, որ ԱՄՆ-ի փախստականների ճամբարներում փախստականներին գրական ստեղծագործական դասեր է տվել։ Իսկ «Ատամներիս պատմությունը» գրել է Մեքսիկայում գործարանների աշխատողների համար՝ գլուխ առ գլուխ տալով նրանց, որ բարձրաձայն կարդան ու խորհուրդներ տան, ու հաջորդ գլուխները գրելիս հաշվի է առել նրանց կարծիքը։ Լուիզելին գրականությունը բարձրագույն կրթություն ստացած միջին խավի սեփականությունը չի դարձնում, այլ այն հանրայնացնում է, դարձնում բոլորինը։