Լիբանանի քաղաքացիական պատերազմի հետևանքները Հոդա Բարաքաթի «Կորածների ձայներում»

Լիբանանցի գրող Հոդա Բարաքաթի «Կորածների ձայները» ձեռքս ընկավ Արք գրախանութում, որտեղ կորոնավիրուսի՝ գրեթե կես տարի տևած լոքդաունից հետո առաջին անգամ էի հայտնվում։ Եթե ուզում ես ստանդարտ բեսթսելերներից դուրս, թարգմանված գրականություն կարդալ, գնա Արք գրախանութ, ու աշխարհի գրեթե ցանկացած անկյունից մի բան կգտնես։

Voices of the Lost - Hoda Barakat

«Կորածների ձայները» շղթայական նամակների հավաքածու է. ամեն հաջորդ նամակի հեղինակի ձեռքը պատահաբար ընկնում է նախորդի նամակը։ Էդպիսով, նամակներից ոչ մեկը (բացի գուցե վերջինից) հասցեատիրոջը չի հասնում։ Նամակների հեղինակները խիստ տարբեր պատմություններով մարդիկ են, հասցեատերերը նույնպես։ Առաջին երկուսը մտերմիկ նամակներ են նախկին սիրուհու ու սիրեկանի ուղղված։ Երրորդը պատերազմի հանցագործ ու ապօրինի միգրանտ է, որ մորն է գրում՝ խոստովանելով, որ իրեն իր տուն վերցրած կնոջը սպանել է։ Չորրորդը նախկին մարմնավաճառ է, որ բանտում նստած եղբորն է գրում։ Իսկ վերջինն իր սիրեցյալին ՁԻԱՀ-ին կորցրած նույնասեռական է, որ հորն է գրում ու ինքնաթիռի տոմս խնդրում վերադառնալու համար։

Այս բոլոր հեղինակները գտնվում են օտար երկրում, գրում են արաբերեն ու հավանաբար Լիբանանից են։ Բոլորը փախչում են իրենց հայրենիքում տեղի ունեցող ահավոր բաներից, ու տեղ-տեղ հիշատակվում է քաղաքացիական պատերազմը։ Բոլորը գաղտնիքներ ունեն, որոնց մասին գրում են հենց նամակներում։ Բոլորը դժբախտ ու միայնակ են։ Նամակներն ընթերցողին փոխանցում են օտար երկրում գտնվողների հուսահատությունը, երբ հայրենիքում պատերազմ է։ Նրանք հարց են տալիս, թե որն է իրենց հայրենի երկիրը և արդյոք կարելի է հայրենի երկիր համարել այն մեկը, որն ավերակների է վերածվել։ Ու ամեն հաջորդ հեղինակ ապրումակցում է նախորդին. անծանոթ մարդ, որը պարզապես կարդացել է ոչ իրեն հասցեագրված նամակը։

Գրքի երկրորդ հատվածում կարդում ենք հասցեատերերի տեսանկյունը, որը ոչ միշտ է հակասում նամակների հեղինակի ասածներին, պարզապես տեսանկյունն է ուրիշ։ Առաջին երկուսը ակնհայտորեն սպիտակ արևմուտքցիներ են, ու կարծես իրենց սիրեցյալների տառապանքն ու ցավը նրանց հասու չէ։ Նրանցից մեկը նույնիսկ մտորում է այդ մասին. «Որքա՞ն լավ մենք կարող ենք ճանաչել մարդկանց, որոնք քաղաքացիական պատերազմի միջով են անցել։ Ի՞նչ չափով կարող ենք երբևէ իմանալ բռնության ու ավերածության, կորուստների, ամայացման մասին։ Անհաղթահարելի ցավի մասին, որ պետք է որ զգան ամեն օր։ Կարո՞ղ ենք իսկապես հասկանալ, թե ինչպես են նրանք փոխակերպվում, ինչն է փոխվում նրանց ներսում, և ինչն է կարծրանում»։

Միայն երրորդի դեպքում պատմությանը ծանոթանում ենք ոչ թե հասցեատիրոջ, այլ նամակի հեղինակի ալբանացի անտուն ընկերոջ տեսանկյունից։ Այստեղ իմանում ենք, որ չնայած նամակի հեղինակ հանցագործը գրել էր, թե ուղղակի սպանել էր իրեն տուն վերցրած ծեր կնոջը, պարզվում է՝ նաև մարմինն էր մասնատել, սիրտն էլ չէին կարողանում գտնել։ Հետաքրքիր է, որ մինչ այդ իր մորն ուղղված նամակում հեղինակը հիշում է «Մոր սիրտը» ավանդապատումը (Իսահակյանն էլ ունի իր մեկնաբանությունը) ու սկսում ծաղրել այն։ Արդյոք ծեր կնոջը, որի հետ սեռական հարաբերություն էր ունենում, ընկալում էր որպես իր մո՞ր։

Դեպքերի իրենց տեսանկյունը ներկայացնողներին էլ է մի բան միավորում. անկախ նրանից, թե որտեղից են, ապրումակցումն ի սպառ բացակայում է, բոլորն ատելությամբ կամ առնվազն անտարբերությամբ են լցված։ Բայց ընթերցողը մնում է նամակների հեղինակների կողմից, ընթերցողը հաղորդակից է դառնում այն ամենին, ինչը հասցեատերերն էդպես էլ չեն իմանում։

Վեպը եզրափակվում է փոստատարի նամակով։ Փոստատարն ինքը կարծես ամփոփում է պատերազմի ողջ դաժանությունը ու դրա հետևանքները, պատմելով, որ նամակներն այլևս չեն կարող հասնել հասցեատերերին, որովհետև չկան հասցեատերերը, չկան հասցեները։ Այստեղից հասկանում ենք, որ նույնիսկ հինգերորդ նամակը, լինելով միակը, որ դրոշմանիշվել ու ուղարկվել է, միևնույն է, չի հասնում հասցեատիրոջը։ Բայց փոստատարը խնամքով հավաքում, պահում է հասցեատերերին չհասած նամակները. գուցե մի օր մի ուրիշ փոստատար գա, հասցեները վերականգնվեն, հասցեատերերը՝ վերադառնան, ու նամակները տեղ հասնեն։

Դասակարգային անհանդուրժողականությունը Զապէլ Եսայեանի «Սպասման սրահին մէջ» վեպում

Զապէլ Եսայեանին երիտասարդ հայ ֆեմինիստներն աստվածացնում են։ Բայց ի վերջո հասկանալու համար, թե ինչն է այդքան գրավիչ, պետք է ծանոթանալ նրա գեղարվեստական ստեղծագործություններին։ Այսպիսով, սկսեցի հենց առաջին վեպից՝ «Սպասման սրահին մէջ»։

Սպասման սրահին մէջ: In the Waiting Room: A Novel in Western Armenian: Zabel  Yesayan, Zabel Yessayan, Զապէլ Եսայեան, Krikor Beledian: Amazon.com: Books

Վեպի գլխավոր իրադարձությունները տեղի են ունենում Փարիզի մի ծննդատան սպասասրահում։ Այստեղ աղքատ կանայք, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն կարող իրենց երեխաներին կրծքով կերակրել, հավաքվում են կաթ ստանալու։ Նրանցից է նաև Էվան՝ հրեա մի կին, որ ամուսնացել է ֆրանսիացի Անտրէի հետ ու տեղափոխվել Ֆրանսիա։

Սպասման սրահն այն վայրն է, որտեղ աղքատները հանդիպում են նախկին աղքատներին. հիվանդապահուհիները, թեև նույն ստորին դասակարգից են, աշխատանքի են տեղավորվել ծննդատանը, հետևաբար իրենց ապրուստի հարցը լուծել են, մինչ կաթ ստացող կանայք ծայրահեղ աղքատ են, բացարձակապես ոչ մի կոպեկ չունեն գպանում։ Հիվանդապահուհիների մեջ սաստիկ չարություն կա այցելու կանանց նկատմամբ։ Նրանց ստորացնում են, ծաղրում, ըստ իրենց քմահաճույքի անգամ զրկում կաթից։

Էդպես կաթից զրկում են նաև Էվային։ Էվան ու Անտրէն այնքան աղքատ են, որ ամիսներով պարտքեր ունեն կուտակած, իրենք էլ օրերով ոչինչ չեն ուտում, բայց երեխային կերակրելը հրատապ է։ Սակայն մի վեճի ժամանակ հիվանդապահուհին Էվային էլ է զրկում կաթից, ու ընտանիքով հայտնվում են լրիվ անելանելի դրության մեջ։ Ընտանիքի բարեկամ Սատարօֆը միջնորդում է, բժիշկ Բրացը հիվանդապահուհիների վրա ճնշում գործադրի, ու Էվային կաթ տան։

Ու Էվան սպասման սրահում երկարուձիգ ժամեր է անցկացնում՝ սպասելով Բրացին։ Էվան նաև թեթևակի սիրահարվել է նրան, փրկության է սպասում։ Բայց Բրացը, թեև սիրալիր է Էվայի նկատմամբ, լինելով այլ դասակարգից, վերևից է նայում աղքատներին. «Ա՜Հ անանկ տգիտութիւն մը, յամառութիւն մը կայ այդ ստորին դասակարգին մէջ որ հակառակ բոլոր բարի կամեցողութեան բան մը ընել կարելի չէ»։

Այսպիսի վերաբերմունքն աղքատների նկատմամբ շատ ծանոթ է ժամանակակից Հայաստանի միջին խավի կողմից, երբ լինի կորոնավիրուսի համաճարակ ու պատվաստումներ, թե սոցիալական խնդիրներ, անընդհատ մեղադրանքները լցվում են աղքատների վրա, թե իրենք են մեղավոր իրենց աղքատության համար։ Ու միջին խավն ապրում է իր համար՝ իրականությունից կտրված, վայելում կյանքը, մեկումեջ հայհոյում աղքատներին՝ մեղադրելով ծուլության կամ տգիտության մեջ։

Սպասման սրահը նաև այն վայրն է, որտեղ աղքատների ժամանակը չի գնահատվում, ու կարելի է նրանց սպասեցնել այնքան, որքան ուզենան։ Վերջում, երբ Անտրէն հիվանդանոց է ընկնում, Էվան ու Սատարօֆը գնում են տեսակցության ու ժամերով սպասում են սպասասրահում, մինչ բժիշկները կճաշեն, կհանգստանան ու կբարեհաճեն իրենցով զբաղվել։

Ընդհանուր առմամբ, «Սպասման սրահին մէջ» վեպով Զապէլ Եսայեանը ցույց է տալիս, թե աղքատները որքան մենակ են իրենց խնդիրներով, ու դրանց որքան անհաղորդ են մնացածները՝ լինեն նրանք նախկին աղքատներ, թե առավել բարեկեցիկ կյանք ունեցողներ։

«Ոչ մի տեղ. արտաքսման մի պատմություն». Աննա Աստվածատուրյան Թերքոթի հուշագրությունը Բաքվի փախստականների մասին

Ամերիկաբնակ Աննա Աստվածատուրյան Թերքոթի «Ոչ մի տեղ. արտաքսման մի պատմությանը» հանդիպեցի պատերազմի ժամանակ։ Այն ժամանակ էր, երբ դանիացի ընկերներիս հետ Արցախի հարցից էի խոսում, ու նրանք ամենագետի տոնով փորձում էին ինձ բան սովորեցնել, էդ թվում՝ մեջտեղ բերելով հարյուր հազարավոր ադրբեջանցի փախստականների ու չհավատալով, որ նույնքան էլ հայ փախստականներ կան, լսած չլինելով Բաքվի ու Սումգայիթի ջարդերի մասին, ընդհանրապես տեղյակ չլինելով, որ հայի համար Ադրբեջան ոտք դնելը խիստ վտանգավոր է։

Բայց հայ փախստականների մասին ինքս էլ շատ բան չգիտեի։ Տեսել էի հորս հոդվածները, մանկությունիցս հիշում էի «բաքվեցի» աբստրակտ տերմինը, որ գործածվում էր հանրակացարաններում ապրող ռուսախոս հայերի մասին խոսելիս։ Բայց էս ամենը հեռու էր թվում, զուգահեռ մի իրականությունից, որի հետ կարծես ոչ մի կապ չունեի։

Nowhere, a Story of Exile: Amazon.co.uk: Astvatsaturian Turcotte, Ms. Anna,  Sonentz-Papazian, Mr. Tatul: 9780985786410: Books

«Ոչ մի տեղ. արտաքսման մի պատմությունը» հենց ինձ նման մարդկանց համար է, որ հայ փախստականների մասին շատ քիչ գիտեն, ու նաև դանիացի ընկերներիս համար է, որ հայերի ու ադրբեջանցիների միջև հավասարության նշան դնելուց առաջ մի լավ մտածեն։

Հուշագրությունը Աննա Աստվածատուրյան Թերքոթի մանկությունն է նկարագրում, սկզբում Բաքվում, հետո՝ Երևանում։ Հեղինակն օգտվել է սեփական օրագրերից ու ԱՄՆ մեկնելուց հետո դեռ տասնչորս տարեկանում թարգմանել անգլերեն։ Դրա համար գիրքը դեռահասի ձայնով է պատմված, առանց չափահասին հատուկ գրաքննության, ընթերցողի առաջ դնում Ադրբեջանում հայ, իսկ հետո Հայաստանում փախստական լինելու բոլոր դժվարությունները։

Դեռ գրքի սկզբերում Աննան բացատրում է, որ իրենց ազգանունն Աստվածատուրով/Աստվածատուրովա է. պապիկը շատ տարիներ առաջ էր փոխել՝ վախենալով ադրբեջանցիների թշնամանքից։ Ադրբեջանցիները չեն խորանում, որ «աստվածատուրը» հայերեն բառ է, կարևորը վերջավորությունն է, որ «-յան» չլինի։ Բայց 80-ականների վերջին կարծես դա էլ չի փրկում, ու հայերի նկատմամբ թշնամանքը գնալով աճում է, էդ թվում՝ ադրբեջանցի երեխաները հայ երեխաների նկատմամբ։ Հայերի համար գնալով ավելի վտանգավոր է դառնում Բաքվում ազատ ման գալը։ Օրինակ, ամռանն այլևս չեն կարողանում ծովափ գնալ, որովհետև հայերին խեղդում են ծովում։ «Այս պատմությունը լսելուց հետո շաբաթներ շարունակ խեղդված հայերի պատկերը մտքիցս դուրս չէր գալիս։ Սիրտս վախով էր լցվել։ Դա մթում հրեշներից կամ վայրի կենդանիներից վախ չէր։ Դա անմեղ, մանկական վախ չէր։ Դա ես լինելու, հայ լինելու անհաղթահարելի վախն էր»։

Ես երկար եմ մտածել, թե ինչպես է սահմանվում հայը. քաղաքացիությա՞մբ, ազգանվան «յան» վերջավորությա՞մբ, հայերեն խոսելու ունակությա՞մբ։ Բայց Աննա Աստվածատուրյան Թերքոթը Բաքվում ապրելիս չուներ Հայաստանի քաղաքացիություն, չուներ «յանով» վերջացող ազգանուն ու հայերեն չգիտեր, մինչդեռ իր և ընտանիքի կյանքը վտանգի տակ էր։ Ուրեմն հայ լինելը կապ չունի քաղաքացիության, ազգանվան ու լեզվի հետ։ Հայ լինելը մեր կյանքին սպառնացող վտանգն է հենց հայ լինելու համար։

Մի դրվագում էլ ազերի հարևանի երեխաները դադարում են շփվել Աննայի հետ ու սկսում են նրա ու ընդհանրապես հայերի հետևից ահավոր բաներ ասել, մասնավորապես, որ բոլոր հայերն արժանի են խփվելու։ Հետո նաև 1988-ի երկրաշարժն է տեղի ունենում, ու ազերիները սկսում են միմյանց շնորհավորական բացիկներ ուղարկել։ Իսկ հետո արդեն ատելությունը գնալով ավելի է աճում՝ վերածվելով բռնության ու հասնելով Բաքվի ջարդերին։

Աննան նաև մտորում է, թե ազերիների անբացատրելի ատելությունը հայերի նկատմամբ որտեղից է գալիս։ Գտնում է պատասխաններ կրոնից սկսած, վերջացրած նրանով, որ պարզապես հայերն ավելի լավ էին ապրում Բաքվում, ավելի լավ բնակարաններ ունեին, ավելի սիրուն ամանեղեն ունեին Չեխոսլովակիայից բերված։

Երբ Բաքվում կյանքն այլևս անտանելի է դառնում, Աստվածատուրյանների ընտանիքը տեղափոխվում է Երևան՝ ապրելու Քանաքեռում մի շենքի նկուղում։ Սակայն այստեղ նոր մարտահրավերների են հանդիպում. Հայաստանը պատրաստ չէ փախստականներ ընդունելու, իսկ հայաստանցիներն անհանդուրժող են փախստականների հանդեպ։ Նրանց վերևից են նայում, հաճախ հալածում, «թուրք» անվանում, ծաղրում ու նեղում հայերեն խոսել չկարողանալու համար։ Ընդ որում, էդպիսի վերաբերմունքի են արժանանում թե‘ դպրոցում ուսուցիչների ու աշակերտների, թե‘ անծանոթների, թե‘ նույնիսկ ազգականների կողմից (մի քանի բացառությունները չհաշված)։ Հետաքրքիր է, որ Բաքվից փախել են հենց հայ լինելու համար, մինչդեռ Հայաստանում նրանց հայ չէին համարում։

Այս բոլոր զգացողությունների արդյունքում Աննան բանաստեղծություն է գրում, կիսվում իր միակ ընկերուհու՝ Լիզայի հետ, որը նույնպես Բաքվից եկած փախստական է, ընտանիքի հետ թատրոնի հանդերձարանում է ապրում։ Լիզայի աչքերը լցվում են։ Իսկ Աննան բացատրում է. «Այդ տողերն այն ցավոտ իրականությունն էին պարունակում, թե ինչպես մեր տունը մեզ դավաճանեց։ Մեր հայրենիքը մեզ դավաճանեց։ Եվ մեր պետությունը մեզ չպաշտպանեց»։ Չդիմանալով Հայաստանի պայմաններին՝ ընտանիքը փախստականի կարգավիճակ է ստանում ու մեկնում ԱՄՆ։

Փաստորեն, հայերի՝ միմյանց նկատմամբ անհանդուրժողականությունը դեռ վաղուցվանից է գալիս։ Իսկ հիմա, երբ արցախցիների, սյունեցիների, սփյուռքի ու հայերի այլ խմբերի նկատմամբ ատելությունը պետական մակարդակով է խրախուսվում, այլևս անհնար է քննարկել, թե ինչ անել այս անհանդուրժողականության դեմ։

Գրքում թեթևակի խոսվում է նաև Հայաստանը լքած ազերիների մասին, թե ինչպես էին իրենց տները վաճառում Ադրբեջանից գաղթած հայերին ու հեռանում. «Ազերիների մեծ մասը վաճառում են իրենց հողերն ու տները ու դրա դիմաց մեծ գումար ստանում հուսահատ հայերից, որոնք Բաքվից պետք է հնարավորինս շուտ հեռանան։ Ազերիները, հակառակը, չեն շտապում ու լավ գործարքներ են անում»։ Ահա ևս մեկ հսկայական տարբերություն հայ ու ազերի փախստականների մասին, մինչդեռ առաջինների մասին Հայաստանը լրիվ մոռացել է, իսկ երկրորդների մասին Ադրբեջանն այնքան է ամեն տեղ թմբկահարում, որ հասնում է նույնիսկ դանիացի ընկերներիս, ու հայ լինելով հանդերձ որևէ բան բացատրել չեմ կարողանում։

«Ոչ մի տեղ. արտաքսման մի պատմությունն» կարևոր վավերագրություն է, ու իր կարևորությամբ Աննա Ֆրանկի օրագիրն է հիշեցնում։ Այս գիրքը պետք է հայ դպրոցականները կարդան, որ ուղեղների մեջ մեխվի խաղաղ համակեցության անհնարինությունը, պետք է կարդան խաղաղություն քարոզողները ու ի վերջո պետք է կարդան Արցախի հարցով հետաքրքրվողները, հատկապես նրանք, ովքեր ջանք չեն խնայում հայերի ու ադրբեջանցիների միջև հավասարության նշան դնելու։

Իսկ 44-օրյա պատերազմից հետո նոր փախստականներ կան։ Պետությունը նորից ոչինչ չի ձեռնարկում։ Նորից հայաստանցիներից շատերն ատելությամբ են լցված փախստականների նկատմամբ։ Բայց Աննա Աստվածատուրյան Թերքոթը ձեռքերը ծալած չի նստում. «Աստվածատուրյան հիմնադրամի» միջոցով մարդասիրական օգնություն է տրամադրում փախստականներին և վավերագրում արցախցիների ֆինանսական, անձնական և անշարժ գույքի կորուստները։ Հիմնադրամին կարող եք նվիրատվություն անել այստեղ։

Զեյդի Սմիթի «Սվինգի ժամանակը»

Էնջըլը գիրքը տվեց, ասաց՝ կարդա, դուրդ կգա, «Քուինիի» ավելի լավ տարբերակն է։ Ես էլ Էնջըլին «Սիրեցյալը» տվեցի ու անցա «Սվինգի ժամանակը» կարդալուն։

Զեյդի Սմիթն ինձ համար նոր գրող չէ այն իմաստով, որ անունն առաջին անգամ չէի լսում։ Գրական փառատոններին եղել է, գրքերը գրախանութներում տեսել եմ, կարդացածս այլ գրքերի վրա նրա կարծիքն էլ է եղել։ Բայց իր գործերից առաջին անգամ էի կարդում։

«Սվինգի ժամանակը» Լոնդոնում մեծացող աշխատավոր խավի երկու շագակագույն աղջիկների մասին է։ Կամ, ավելի ճիշտ, էդպես է սկսվում։ Երկու հերոսուհիների մի ծնողը սև է, մյուսը՝ սպիտակ։ Երկուսն էլ պարի են գնում, բայց միայն նրանցից մեկը՝ Թրեյսին է շարունակում պարը որպես մասնագիտություն, իսկ մյուսը, որը նաև առաջին դեմքից պատմողն է, լրիվ ուրիշ ուղղությամբ է կյանքը շարունակում։

Book review – Swing Time by Zadie Smith | Just Retiring

Մոտավորապես առաջին հարյուր էջից հետո, որտեղ երկու ընկերուհիների մանկությունն էր նկարագրվում, գիրքը սկսում է չհիմնավորված ժամանակային թռիչքներ կատարել։ Իմանում ենք, որ քսաներկու տարեկանից հետո ընկերուհիներն այլևս իրար հետ չեն շփվում։ Անանուն ընկերուհին դառնում է աշխարհահռչակ փոփ աստղ Էյմիի անձնական ասիստենտը։

Գրքի իրադարձությունները Լոնդոնից տեղափոխվում են նաև Նյու Յորք և արևմտյան Աֆրիկա։ Այստեղ հանդիպում ենք Էյմիի ինքնասիրահարված, արտոնյալ կերպարին, որ ուզում է աշխարհում որևէ բան փոխել, բայց ահագին միամիտ է ու բնավ չի պատկերացնում, թե Աֆրիկայի աղքատ բնակչությունն ինչ մարտահրավերների առաջ է կանգնած ու ինչ առաջնահերթ կարիքներ ունի։

Վեպի հետաքրքիր կերպարներից է պատմողի մայրը՝ Ճամայկայից ձախ ֆեմինիստ ակտիվիստ, որը հետագայում նաև բրիտանական պառլամենտում է հայտնվում։ Մոր կերպարը հակադրվում է երբևէ որևէ զրկանք չկրած, ճոխությունների մեջ ապրող Էյմիի հետ։ Ինչ-որ պահից նաև թշնամիներ են դառնում, որովհետև մայրը արևելյան Աֆրիկայի բռնապետների դեմ ելույթներ է ունենում ու հարցականի տակ դնում Էյմիի՝ նրանց հետ համագործակցելը։

Թեև Զեյդի Սմիթը վարպետորեն է գրում, վեպը շատ լուրջ կառուցվածքային թերություններ ուներ։ Նախ, ժամանակային թռիչքները ոչ մի հիմնավորում չունեին։ Կարծես Սմիթը մի տեխնիկա էր փորձարկում, որին լիովին չէր տիրապետում։ Երկրորդական պատմություններից ու կերպարներից շատերը կարծես ոչ մի դեր չունենային հիմնական պատմության հետ։ Իրականում նույնիսկ դժվար է ասել, թե որն էր հիմնական պատմությունը, ու ինչի մասին էր գիրքը։ Երկու ընկերուհիների ընկերության պատմությու՞նն էր։ Այդ դեպքում ինչու՞ ենք այդքան շատ ժամանակ անցկացնում արևելյան Աֆրիկայում։ Արդյոք այն հայտնի լինելու ու դրա՝ մարդկանց վրա թողած ազդեցության մասին էր, թե՞ մայր-դուստր հարաբերությունների։

Մի քանի տեղերում վեպում մի նոր գիծ է առաջ քաշվում ու մի կողմ թողնվում։ Ինչու՞ են գլխավոր հերոսուհու քույրն ու եղբայրը ներկայացվում, եթե նրանց հետ ոչինչ չի արվելու, անհետանալու են էդպես էլ։ Ինչու՞ է մի տեղ ցույց տրվում, որ գլխավոր հերոսուհին շատ լավ երգում է, եթե դրան անդրադարձ այլևս չի լինելու։ Ե՞րբ, ինչու՞ ու ինչպե՞ս հայրը մահացավ։ Ինչու՞ էր Թրեյսիի նամակն այդքան ազդեցիկ, որ երկու ընկերուհիները տարիներ շարունակ չխոսեցին իրար հետ։ Ավելին՝ շատ վաղ նշվում է, որ Թրեյսին ու ընկերուհին այլևս չեն խոսում, որովհետև Թրեյսին «ինչ-որ վատ բան էր արել», ու ընթերցողի մոտ մեծ սպասում է առաջանում, թե ինչ էր այդ վատ բանը։

«Սվինգի ժամանակում» Զեյդի Սմիթը խիստ մակերեսորեն տարբեր թեմաներ է շոշափում՝ մաշկի գույն, ինքնություն, ընկերություն, դասակարգ, մայր-դուստր հարաբերություններ, հայտնիություն, պար, «աղքատության զբոսաշրջություն» (երևույթ, երբ միջին խավի արևմուտքցիներն այցելում են աղքատ պետություններ և ուսումնասիրում տեղի բնակչությանը), բայց երբեք թեմաներից ոչ մեկի մեջ այդպես էլ չի խորանում, էդպես էլ համը մնում է բերանումդ։ Ու նաև այս մակերեսայնության արդյունքում է, որ գիրքը տեղ-տեղ չափազանց ձանձրալի է դառնում։

Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ հեղինակն ինքը լինելով ոչ սպիտակ անգլիացի (նրա մայրն էլ է Ճամայկայից)՝ գրքում մի կոպիտ սխալ է թույլ տալիս։ Սկզբում ներկայացնում է «անհեթեթ պարսիկ» կերպարին, իսկ մեկ այլ տեսարանում, որտեղ մի արաբ թենիսիստի են դիտում, այդ նույն կերպարն ասում է. «Արաբական միտքը բարդ մեքենա է, նուրբ։ Մենք հայտնագործել ենք մաթեմատիկան։ Մենք հայտնագործել ենք աստղագիտությունը»։

Մի խոսքով, Զեյդի Սմիթի «Սվինգի ժամանակը» բավական միջակ գիրք է, իսկ էնտեղ շոշափվող թեմաները շատ ավելի խորը շոշափվել են շատ ավելի լավ գրքերում։

Մարգըրեթ Էթվուդի «Կույր մարդասպանը»

Էթվուդի «Կույր մարդասպանը» հորս խորհրդով կարդացի։ Հետո, Էթվուդը նաև Կանադայի վարչապետ Ջասթին Թրուդոյին ուղղված բաց նամակը ստորագրողներից էր, որում պահանջում էին միջոցներ ձեռնարկել, որ Թուրքիան դադարեցնի իր մասնակցությունը պատերազմին։

The Blind Assassin by Margaret Atwood: 9780385720953 |  PenguinRandomHouse.com: Books

«Կույր մարդասպանը» բավական բարդ գիրք է այս ժամանակներում կարդալու համար․ երբ կենտրոնացումդ հազիվ հինգ րոպե է, ու անընդհատ լուրերն ես ստուգում, երբ մի քանի էջ կարդում ես՝ առանց ուշադրություն դարձնելու բովանդակությանը, երբ ամեն օր մի նոր ահավոր լուր նորից քեզ ներվայնացնում է, գիրք կարդալն ահավոր դժվար մի գործ է դառնում։ Ու առավել դժվար է «Կույր մարդասպանը»։

Վեպը բավական բարդ կառուցվածք ունի։ Այնտեղ կա պատմություն պատմության մեջ, որի մեջ նույնպես պատմություն կա, ու պիտի ուշադրությունդ լարես, որ էս բոլորը կարողանաս ուղեղիդ մեջ պահել։ Գիրքը սկսվում է պատմողի քրոջ՝ Լաուրա Չեյսի մահվամբ, որ հավանաբար ինքնասպանություն է։ Այնուհետև պատմողը՝ Իրիսը, ընթերցողին տանում է դեպի իր մանկություն քսաներորդ դարասկզբին, Տորոնտոյից ոչ հեռու մի հորինված քաղաքում ու պատմում իր ընտանիքի, իր քրոջ մասին, անցնում երկու համաշխարհային պատերազմներով՝ ներկայացնելով բոլոր դեպքերը, որոնք բերեցին քրոջ մահվանը։

Այս պատմությունը ժամանակ առ ժամանակ ընդհատվում է Լաուրա Չեյսի՝ հետմահու հրատարակված «Կույր մարդասպանը» վեպից հատվածներով երկու սիրահարների մասին։ Այստեղ էլ կերպարներից մեկն իր հերթին մի այլ պատմություն է պատմում կույր մարդասպանի մասին։ Վեպը կարդալու ընթացքում կամաց-կամաց հասկանում ես, թե հիմնական պատմությունն ինչ կապ ունի այս «վեպի մեջ վեպի» հետ։

Էթվուդն ուղղակի վարպետորեն է գրել վեպը։ Կտոր-կտոր իրականությունը բացահայտելով՝ ուշադիր ընթերցողին պարգևատրում է ավարտին հասնելուց շատ առաջ։ Եթե ուշադիր ընթերցող ես և եթե հետ ես գնում, սկզբի որոշ հատվածներ վերընթերցում, որոշ բաներ հասկանում ես շատ ավելի շուտ, քան դրանց մասին բացահայտ գրվում է։ Հետևաբար, վերջի սյուժեի շրջադարձն իրականում շրջադարձ չէ, այլ մի բան, որ հեղինակը քեզ արդեն ասել է։

Մի բան, որ այդպես էլ չի բացահայտվում, այդպես էլ կերպարներից ոչ ոք չի իմանում, բայց կարծես բանից տեղյակ ընթերցողն ինքը հասկանում է, կերպարներից մեկի՝ Ալեքս Թոմասի ազգությունն է։ Ալեքսը որբ է լինում, կենսաբանական ծնողներին չի հիշում։ Կանադա բերված է լինում առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Նրան գտել են այրված տան փլատակներում, որտեղ բոլորը մահացած են լինում։ Հարցին, թե որտեղ են գտել նրան, Ալեքսը պատասխանում է․ «Չգիտեն։ Ֆրանսիան կամ Գերմանիան չէր։ Դրանից արևելք, այն փոքր պետություններից մեկում»։ Հետո գրքում մի քանի անգամ հղում է արվում նաև Ալեքսի մգոտ մաշկին։ Գիտենք նաև, որ պրեսբիտերականներն են նրան որդեգրել ու Կանադա բերել։

Գրքում սկզբում աղջիկների մայրը, իսկ նրա մահվանից հետո՝ նրանց խնամող աղախինը, երբ աղջիկներն ուտելիքը կիսատ էին թողնում, ասում էր․ «Հիշիր սոված հայերին»։ Հետո, մեկ այլ կոնտեքստում, երբ աղջիկներն ուտելիք էին հասցնում Ալեքսին, Իրիսն ասաց․ «Ալեքս Թոմասը պիտի որ սոված հայերը լինի»։ Իսկ Լաուրայի համար դա ծիծաղելի չէր, այլ ճշմարտություն։ Ընթերցողն էլ այս բոլոր կտորները միացնելով մտածում է, որ հավանաբար Ալեքսը հայ է։

Հետաքրքիր է նաև, թե ով է իրականում կույր մարդասպանը։ Իհարկե, վեպի միջի վեպի պատմության մեջ կա հենց բառի ամենաուղղակի իմաստով կույր մարդասպան, բայց փոխաբերական իմաստով կարծես վեպում մեկ ուրիշին էլ է վերաբերում կույր մարդասպան լինելը, բայց դա թողնում եմ ընթերցողին, որ ինքներդ պարզեք։

«Կույր մարդասպանը» բուքերյան մրցանակի է արժանացել։ Հետաքրքիրն այն է, որ այն շատ նման է տարիներ անց բուքերյան մրցանակ ստացած մեկ այլ վեպի՝ Ջուլիան Բարնսի «Վերջի զգացմանը» (նկատեցի, որ վերջինիս երբևէ չեմ անդրադարձել բլոգումս, չգիտեմ ինչու)։ Երկուսի պատմողներն էլ ծեր մարդիկ են, մի դեպքում կին, մյուսում՝ տղամարդ։ Երկուսն էլ հետ են գնում դեպի անցյալում կատարված դեպքերի ու երկուսում վերջում էլ սյուժեի շրջադարձ կա։ Բայց Բարնսի համեմատ Էթվուդը շատ ավելի մեծ վարպետությամբ է գրել վեպը․ նախ «Կույր մարդասպանի» կառուցվածքն է բարդ, երկրորդ ուշադիր ընթերցողին հուշումներ միայն Էթվուդն է տալիս, իսկ Բարնսը ստիպում է, որ «սպասես» վերջին, որ իմանաս ինչն ինչոց է (բայց հանուն արդարության դնում է կերպարի մաշկի մեջ, քանի որ նա էլ է վերջում ամեն ինչ իմանում)։

Գիտեմ, որ շատերիդ Էթվուդը «Աղախնի պատմությունով» է հայտնի։ Վերջերս, ի դեպ, հայերեն թարգմանությունն է լույս տեսել։ Չնայած որ «Կույր մարդասպանով» իրոք հիացած եմ, չգիտեմ՝ երբևէ Էթվուդից ևս մեկ գիրք կկարդա՞մ։ Ամեն դեպքում, «Կույր մարդասպանը» խորհուրդ եմ տալիս, չնայած չեմ կարող ասել, թե ինչքանով է «Աղախնի պատմությանը» նման, ավելի լավը կամ ավելի վատը։

«Փաստեր Ֆինլանդիայի մասին»․ Էռլենդ Լո

Հունվարին երբ մտա Բերգենի իմ սիրելի գրախանութն ու ուզեցի նորվեգերեն գիրք գնել, վաճառողն Էռլենդ Լոյի «Նաիվ։ Սուպերն» առաջարկեց։ Ռիսկ չարեցի․ նորվեգերեն էդքան կձգե՞մ որ, անգլերեն թարգմանությունը գնեցի։ Գիրքն ահագին դուրս եկավ։ Իսկ կորոնայի օրերին էնքան շատ էի նորվեգերենի մեջ, որ երբ հաջորդ անգամ հայտնվեցի Բերգենում, առանց երկար-բարակ մտածելու նույն գրախանութից ձեռք բերեցի Լոյի՝ արդեն նորվեգերեն «Փաստեր Ֆինլանդիայի մասին» գիրքը։ Հետո, երբ պիտի սկսեի տարբեր մարդկանց խորհուրդ տալ գիրքը կարդալ, պիտի հայտնաբերեի, որ այն երբևէ անգլերեն չի թարգմանվել։

Ժամանակակից նորվեգերեն կարդալն էնքան էլ հեշտ գործ չէր։ Ուղղագրությունը մտքիդ մեջ վերածում ես դանիերենի, որ հասկանաս, որոշ բառեր անծանոթ են, պիտի բառարանում նայես, չգիտես անգամ կարդացածդ ոնց է արտասանվում (երբեմն Մորթենի համար բարձրաձայն կարդում էի դանիերեն հնչողությամբ)։ Բայց արժեր հանուն էսպիսի հրաշալի գրքի մի քիչ տառապել նորվեգերենի ձեռքը։

«Փաստեր Ֆինլանդիայի մասին» գրքի հերոսը Նորվեգիայում Ֆինլանդիայի դեսպանատան պատվերով Ֆինլանդիան նորվեգացի զբոսաշրջիկների համար գովազդող բրոշյուր պետք է պատրաստի։ Եթե երբևէ Սկանդինավիայում ապրել եք, կիմանաք, որ էս փաստն ինքնին ծիծաղելի է․ Սկանդինավիայի բնակիչների համար Ֆինլանդիան վերջին պետությունն է, որտեղ մտքներով կանցնի հանգստանալ։ Այն հայտնի է իր տափակ մակերեսով ու միապաղաղ անտառներով ու լճերով։

Ամբողջ գիրքը կառուցված է հենց էդ բրոշյուրը ստեղծելու շուրջ։ Գրքի հերոսը հերթով փորձում է տարբեր փաստեր հիշել Ֆինլանդիայի մասին, որոնք արժե ներառել։ Հիշում է նրանց սերն ալկոհոլի նկատմամբ, հիշում է, որ էնտեղ լիքը ջուր կա (ինքը հիդրոֆոբ է, ջրի հետ կապված ամեն ինչից սարսափում է), հիշում է Նոկիան, ֆիննական դիզայնը և այլն, և այլն։ Ու էս ամեն ինչն էն սկանդինավյան հատուկ հումորով է պատմում, որով սկանդինավցիները սիրում են խոսել իրենց հարևանների մասին։ Կարդալու ողջ ընթացքում հռհռոցս դրել էի։

Ու էս ամենի հետ մեկտեղ քննարկում է նաև այլ հարցեր։ Գլխավոր հերոսը սկզբում հարցնում է, թե ինչու են մարդիկ տեղից տեղ տեղափոխվում, թե ինչու են իմիգրանտները թողնում իրենց տները, գալիս, լցվում Նորվեգիա։ Իսկ գրքի վերջում քննադատում է ֆիններին, որ իրենցից մի քիչ տարբերվող մարդկանց հանդեպ անհանդուրժող են։ Ծաղրելով Ֆինլանդիան՝ ծաղրում է նաև Նորվեգիան․ Ֆինլանդիայի փոխարեն պատվիրում է Նորվեգիայի նկարներ։ Եթե ֆյորդներ մեջը չլինեն, Նորվեգիան Ֆինլանդիայի տեղ կանցնի։

Քննվում է նաև հերոսի միայնությունը։ Ինքը քննարկում է ընկերուհի ունենա, թե չէ։ Բայց հաճելի կնոջը նորից հանդիպելու համար երկրորդ անգամ մեքենան ապօրինի կայանում է, որ գնա, տուգանային հրապարակից վերցնելու, նորից հանդիպի սպասարկող կնոջը։ Հետո, երբ այդ նույն կնոջ տանը գիշերը կնոջ փոքր եղբորը՝ մտավոր խնդիրներ ունեցող Բիմին է հետևում, զանազան մտքեր են այցելում տան ու միայնության մասին ու թե ինչպես ինքը տուն չունի․ «Բայց ես տուն եմ ուզում, ամեն գնով տուն եմ ուզում, բայց այլևս տուն չունեմ, ոչ մի բան տուն չէ, ու հենց դա է ցավը, դա է բոլորը մեկում, ջուրն այստեղից է գալիս, դա հենց ինքն աղբյուրն է, որ ամեն ինչ տունն է և ոչինչ տունը չէ, որ երբեք հնարավոր չի լինի տուն վերադառնալ, որովհետև տուն գալ նշանակում է սովորել հեռվում ապրել»։

Այս նույն հերոսը, որ գրքի սկզբում իմիգրանտների գալուց նեղվում է, Բիմին փրկում է ֆաշիստների ձեռքից ու փորձում ֆաշիստական մտքերը Բիմի ուղեղից հանել։ Դե Բիմն էլ, որ սկզբում իսլանադական սագաներով էր տարված, հետո սկսում է ֆաշիստական ու Հոլոքոսթը հերքող մտքեր է արտահայտել, հայտարարում, որ մեծ հաճույքով Լենի Ռիֆենշտալի գիրքն է կարդում, որովհետև ուզում է ռեժիսոր դառնալ։

Գիրքն ամբողջությամբ անանուն գլխավոր հերոսն է պատմում, ու մտնում ես նրա աշխարհը։ Ինքն էն տիպիկ «փոքր քաղաքի», «մեծ աշխարհ չտեսած», «քառակուսի մտածող» սկանդինավցիներից է, բայց հեղինակը հերոսին սիրել է տալիս, ընթերցողին ցույց է տալիս նրա հաճախ միամիտ, բարի ու հակասական, բայց նաև կարծրատիպերով առաջնորդվող արժեհամակարգը։ Ու ի վերջո, հերոսը, ինչպես մնացած բոլորս, ընդամենը մի բան է ուզում․ միայնակ չլինել։

«Փաստեր Ֆինլանդիայի մասին» գրքի հերոսը «Նաիվ։ Սուպերի» հերոսին շատ նման է․ նույն միամիտ, նեղմիտ ու բարի աշխարհայացքն է։ Բայց եթե «Նաիվ։ Սուպերում» հումորն ուղղակի էստեղ-էնտեղ էր շպրտվում, ապա «Ֆինլանդիայում» այն ավելի կատարելագործվել ու իմաստավորվել էր, ավելի նպատակաուղղված էր ծաղրելու Ֆինլանդիան, Նորվեգիան ու ընդհանրապես Սկանդինավիան։

Մտածում եմ՝ գիրքը հայերեն թարգմանեմ։ Լավ հեշտ կթարգմանվի։

«Երազանքների տանը» Կարմեն Մարիա Մաչադո

— Էս մեկը մեմուար է,- ու Էնջըլը հաստ կազմով մի գիրք ձեռքս դրեց։

Ինչ կորոնան մեջտեղ է ընկել ու մեր ընթերցանության ակումբը կանգնել է, ես ու Էնջըլը պարբերաբար հանդիպում ենք ու գրքերով փոխանակվում։ Կա մի կարևոր կանոն․ նախապես միմյանց չենք ասում, թե ինչ ենք բերելու։ Մեր գրապահարանից որևէ գիրք մեր ճաշակով ընտրում, բերում ենք, հետո քննարկում ենք։ Էս անգամ որոշել էր Կարմեն Մարիա Մաչադոյի «Երազների տանը» գիրքն ինձ տալ։

Amazon.com: In the Dream House: A Memoir eBook: Machado, Carmen ...

Հուշագրությունն իմ սիրած ժանրերից չէ, հեղինակն էլ անծանոթ էր։ Սկզբում մտածում էի՝ բռնեմ ու չկարդամ։ Բայց երբ մտա Գուդրիդս ու պարզեցի, որ գիրքը նույնասեռական հարաբերությունում բռնության մասին է, երբ կարդացի առաջին մի քանի էջը ու նկատեցի, որ շատ լավ է գրված, հետաքրքրեց, մինչև վերջ գնացի։

Երկու կանանց նույնասեռական հարաբերություններում կարծես բռնությունն անպատկերացնելի է․ բռնությունը հայրիշխանության ծնունդն է, ուրեմն այնտեղ, որտեղ չկա տղամարդ, պիտի որ չլինի նաև բռնություն։ Համենայնդեպս, այդ նախատրամադրվածությամբ սկսեցի կարդալ գիրքը, որտեղ Մաչադոն քննում էր իր հարաբերությունը մի այլ կնոջ հետ։ Սկզբում ամեն ինչ լավ էր ու սիրուն, հետո սկսվեցին սարսափները։ Թեև Մաչադոյի ընկերուհին ֆիզիկական բռնություն չէր գործադրում (չնայած կարելի է վիճել, որ որոշ դրվագներ ֆիզիկականի էին հասնում), հոգեբանորեն լրիվ քայքայում ու ոչնչացնում էր հերոսուհուն։ Մաչադոն քննում էր այդ քայքայումը․ որտեղից էր գալիս, ինչ արմատներ ուներ, ինչու էր տեղի ունենում նույնասեռական հարաբերության մեջ։

Գիրքն ընդհանուր առմամբ խիստ մասնատված էր․ կարճ գլուխներն առանձին դրվագներ էին կամ նույնասեռական հարաբերությունների մասին վերլուծություններ, գծայնություն գրեթե չկար։ Խորանալով իր սեփական և նույնասեռական հարաբերությունների մասին գրականության մեջ՝ հեղինակը ոչ միայն փորձում է ապաքինվել հին վերքերից, այլև կարևոր հարց բարձրացնում․ երկու կանանց նույնասեռական հարաբերություններում բռնությունը կարո՞ղ է տեղ ունենալ, թե ոչ։ Լինելով բռնության զոհ՝ Մաչադոն ինքը կարծես կռվում է ԼԳԲՏ անձանց՝ հենց այդ բռնության իրավունքի համար․ «Մենք արժանի ենք, որ մեր սխալ պահվածքը ներկայացված լինի ճիշտ նույնքան, որքան մեր հերոսությունը, որովհետև երբ հերքում ենք մարդկանց մի խմբի սխալ վարքի հավանականությունը, մենք հերքում ենք նրանց մարդկայնությունը»։

Այսպիսով, Մաչադոն նաև մարդկայնացնում է բռնարարին՝ բռնությունը համարելով ոչ թե հայրիշխանական, այլ մարդկային, որ սեռ, գենդերային ինքնություն, սեռական կողմնորոշում, ազգություն, ռասսայական պատկանելություն չի ճանաչում․ բռնարարը միշտ գտնում է իրեն հարմար զոհին։

Գիրքը տեղ-տեղ սարսափի մոտիվներով է, տեղ-տեղ՝ խիստ գիտական, տեղ-տեղ՝ վառ, դրական հիշողություններով։ Ընդհանուր առմամբ հրաշալի է գրված ու կարևոր հարցեր է բարձրացնում։ Արժե կարդալ։