Վալերիա Լուիզելիի «Կորած երեխաների արխիվը»

Լուիզելիի «Կորած երեխաների արխիվը» վաղուց էր գրապահարանումս ինձ սպասում․ Մորթենն արդեն կարդացել էր, ուզում էր կարծիքս իմանալ, իսկ Էնջըլն արդեն քանի ամիս է անընդհատ խորհուրդ է տալիս։ Ես ինքս էլ դեռ Լուիզանայի գրական փառատոնից սպասում էի այս գրքին․ հարցազրույցի ժամանակ Լուիզելին ասել էր, որ ԱՄՆ-ի փախստական երեխաների համար թարգմանիչ է աշխատում ու ուզում է այդ թեմայով գիրք գրել։

Lost Children Archive by Valeria Luiselli — Lonesome Reader

«Կորած երեխաների արխիվն» ԱՄՆ-ում մեքենայով ճամփորդության դուրս եկած մի ընտանիքի պատմություն է՝ հայր, մայր, որդի և դուստր։ Հայրն ու մայրը վավերագրողներ են։ Մայրը խիստ հետաքրքրված է Կենտրոնական Ամերիկայից եկած ԱՄՆ-ի սահմանը հատող փախստական երեխաների ճակատագրով, հայրը՝ ապաչների պատմությամբ։ Էսպիսով, թեև տարբեր պատճառներով, երկուսին էլ հետաքրքրում է ԱՄՆ-ի հարավային սահման գնալը։

Գրքի կենտրոնում ընտանեկան դրաման է․ տղամարդն ու կինը բաժանման եզրին են, ու գուցե վերջին անգամ են միասին ճամփորդում։ Մենք ականատես ենք լինում նրանց հարաբերությունների փլվելուն, ու թե ինչպես է դա ազդում երեխաների վրա։ Բայց այս ամենին միախառնված են նաև այլ՝ կորած երեխաները, որ մեն-մենակ սահման են հատում, բռնվում, հայտնվում փախստականների ճամբարում՝ բավական դաժան պայմաններում, ու մեծ մասամբ հետ ուղարկվում այնտեղ, որտեղից եկել են, հաճախ անհետանում, կորում անապատում։ Իսկ կորած երեխաների պատմությանը միահյուսվում է նաև ապաչների պատմությունը, թե ինչպես է ԱՄՆ բանակը տեղահանել բնիկ ամերիկացի ապաչներին իրենց բնակավայրերից։

Ամբողջ գիրքը լի է «ձայնային էֆեկտներով»։ Կինն էլ, տղամարդն էլ ձայնագրիչներով են ամեն տեղ գնում։ Մենք լսում ենք բնության ձայները, լսում ենք իրենց փախստական հարազատներին կանչողների ձայները, ապաչների՝ անցյալից եկող ձայները, լեռներում ընտանիքի անդամների ձայնի արձագանքները։ Լսում ենք նաև երգեր ու աուդիո գրքեր, որոնք միացնում են մեքենայով շարժվելիս։

«Կորած երեխաների արխիվը» հիմնականում պատմվում է ընտանիքի մոր, մի քիչ էլ որդու տեսանկյունից։ Ընտանիքի մոր համար գերխնդիր է փախստական երեխաներին օգնել ապաստան ստանալ։ Դրա համար վավերագրում է ու ռադիոյի համար նյութ պատրաստում այդ թեմայով։ Բայց նաև հարցեր է տալիս․ «Ինչպե՞ս կարող է ռադիո վավերագրությունն օգնել, որ ավելի շատ անփաստաթուղթ երեխաներ ապաստարան ստանան։ Մյուս կողմից, ինչու՞ պետք է որևէ ձայնային գործ կամ պատմություն պատմելու այլ ձև որևէ հատուկ նպատակի ծառայի»։ Շարունակելով հարցերի շարանը՝ անդրադառնում է նաև էթիկական խնդրին․ «Եվ ինչու՞ եմ ընդհանրապես կարծում, թե ուրիշի տառապանքով պետո է արվեստ ստեղծեմ»։ Այստեղ Լուիզելին կերպարի ձայնով կարևոր հարց է բարձրացնում ուրիշի տառապանքով արվեստ ստեղծելու մասին, մի բան, որ հենց ինքն անում է այս գրքով, անում է, որովհետև փախստական երեխաների թեման ուղղակի իրեն հանգիստ չէր տալիս տարիներ շարունակ, անգամ այդ թեմայով մեկ այլ՝ ոչ գեղարվեստական գիրք գրելուց հետո («Ասա ինձ, թե ինչպես է այն ավարտվում․ 40 հարցով էսսե»)։

Վեպի ողջ ընթացքում հղումներ են կատարվում տարբեր գրքերի։ Դրանք կարդացած լինելն ընթերցողին օգնում է «Կորած երեխաների արխիվն» ավելի լավ հասկանալ։ Հիշատակվում է, օրինակ, Բոլանյոյի «2666»-ը (ի դեպ, Բոլանյոն Լուիզելիի սիրած գրողն է)։ Պետք է գրքին ծանոթ լինես, որ հասկանաս, թե կորած երեխաներն ինչից կարող են փախչելիս լինել, ինչու է նրանց համար այդքան կարևոր նման վտանգավոր ճամփորդության գնալ ու ԱՄՆ սահմանը հատել։ Պետք է Գոլդինգի «Ճանճերի տիրակալը» կարդացած լինես, որ հետևես առաջարկվող այլընտրանքին՝ իրական կորած, առանց մեծահասակների մնացած երեխաներին։ Պետք է Սամանթա Շվեբլինի «Տենդային երազի» բովանդակությունն իմանաս, որ նկատես «փրկարարական հեռավորության» հիշատակումը, ու թե ինչ կատարվի, երբ երեխաները դրանից այն կողմ անցնեն։

Ինչպես «Դեմքեր ամբոխի մեջ վեպում», այնպես էլ «Կորած երեխաների արխիվում» Լուիզելին նույն հնարքին է դիմում․ այստեղ նույնպես կա գիրք գրքի մեջ, որը հետագայում առարկայանում, միաձուլվում է իրականությանը, կորում է անցյալի ու ներկայի միջև սահմանը։ Այս հնարքով Լուիզելին փորձում է ընթերցողին մոտեցնել կորած երեխաների ողբերգությանը, որին միջին վիճակագրական ամերիկացին խիստ անհաղորդ է։

«Կորած երեխաների արխիվում» ընտանիքի փոքրիկ տղան պոլարոիդներով լուսանկարներ է անում, որոնք պահում է կարմիր գրքի մեջ։ Գրքի վերջում տեղադրված են այդ լուսանկարները՝ որպես լրացուցիչ վավերագրական նյութ կորած երեխաների մասին։

Ընդհանուր առմամբ, այս վեպում Լուիզելին նախկինի համեմատ ավելի համարձակ քայլերի է դիմում․ տեքստից բացի գործածում է նաև այլ միջոցներ՝ ձայն, պատկեր, արկղեր իրենց պարունակությամբ։ Վեպի միջի վեպն ավելի շատ տեղ է զբաղեցնում։ Փորձարկում է նաև բոլանյոական հնարք՝ տասնյոթ էջանոց նախադասություն։ Տեղ-տեղ այս փորձերը ձախողվում են։ Մասնավորապես, գրքի միջի՝ կորած երեխաների մասին պատմող գիրքը, դժվարությամբ է իր նկատմամբ հետաքրքրություն առաջացնում, քանի որ խիստ անդեմ ու անանձնական է, ի տարբերություն հենց վեպի միջի երեխաների՝ ընտանիքի մոր ընկերուհի Մանուելայի երկու դստրերի պատմության։

«Կորած երեխաների արխիվը» Լուիզելիի առաջին վեպն է անգլերեն։ Կարելի է հարցնել, թե ինչու է այս անգամ նախընտրել ոչ թե իսպաներեն, այլ անգլերեն գրել։ Այստեղ, կարծում եմ, բազմաթիվ պատճառներից մեկն այն է, որ գիրքը հենց ամերիկացիներին է ուղղված՝ նրանց, ում քթի տակ փախստական երեխաներն անմարդկային վերաբերմունքի են արժանանում, ու ովքեր ամեն օր լսում են լուրերը կորած երեխաների մասին, հետո հանգիստ շարունակում իրենց կյանքը, ասես ոչին չի պատահել։

Սեմա Քայգուսուզի «Ամեն կրակ, որին հետևում ես»

Ծննդյանս օրվա առթիվ Մորթենի ծնողները գումար էին տվել ու պատվիրել Արցախ չուղարկել։ Ես էլ որոշեցի մտնել գրախանութ ու ամբողջ գումարով գրքեր գնել։ Մինչ հերթով անցնում էի դարակներով, Մորթենը մոտեցավ գիրքը ձեռքին․
— Սա քեզ կհետաքրքրի։

Få Every Fire You Tend af Sema Kaygusuz som Paperback bog på engelsk


Ջղայնացած ասում եմ՝ թե ոնց թե, ո՞նց է մտքովդ անցնում, որ թուրքական գիրք կուզենամ կարդալ։ Շուռ է տալիս գիրքը, նկարագրությունը կարդում․ «1938 թվին արևելյան Անատոլիայի հեռավոր Դերսիմ մարզում Թուրքիայի Հանրապետությունը զազա քրդերի համայնքը վերացնելու օպերացիա սկսեց․․․»։ Գիրքը գնում եմ, բերում տուն, ավելացնում ձմեռային տրցակիս։

«Ամեն կրակ, որին հետևում ես» գիրքը Քայգուսուզը գրել է իր՝ կոտորածից փրկված զազա տատիկի պատմածներից ոգեշնչված։ Ինչպես հեղինակն է նշում վերջաբանում, տատիկը շատ բան չէր պատմում, միայն ասում էր․ «Մեզ կոտորեցին», իսկ նրա պատմած մնացած ամեն ինչը փոխաբերություն էր՝ համեմված ալևիների դիցաբանությամբ։

Էդպիսին էր նաև գիրքը։ Պատմողը դիմում էր ինչ-որ անհայտ երկրորդ դեմքի, որը ֆոտոխցիկը ձեռքին շրջում էր, ու պատմում նաև տատիկի մասին։ Հետագայում հասկանում ես, որ այդ երկրորդ դեմքը պատմողի ու տատիկի միաձուլումն է, սերնդեսերունդ փոխանցվող տրավմայի մարմնավորումը։ Գրքում հանդիպում ես Հըզըր առասպելական կերպարին, որ կար Մովսեսի ժամանակներում, կար նաև մեր օրերում՝ անտուն թափառականների տեսքով, որոնց պատմողի տատիկը միշտ լավ էր նայում, որ մերթ մոտենում է, մերթ հեռանում է, ու միաժամանակ թե՛ չարն է, թե՛ բարին։ Ու կարծես հենց նույն Հըզըրն է, որ փրկել է տատիկին կոտորածից։ Գրքի կենտրոնում է նաև թուզը՝ որպես պտուղ ու որպես ծառ, որպես շարունակականության ու դրա ընդհատման խորհրդանիշ, որպես լեզու, որն օգտագործվում է ցավի մասին խոսելու համար։ Թզենին նաև լսում է․ «Արի խոստովանենք ծառին, որ մեր այդ տները, որ պետք է քանդվեին ու ավերվեին, և այդ մարմինները մեր, խարսխված մեր տներին, այդ ընտելացված բանալ մարմինները մեր, մեր միակ միջոցն են մեզ տեսանելի դարձնելու»։

Պատմությունները հաճախ կցկտուր են, անավարտ։ Ինչպես Քայգուսուզի տատիկի պատմածներում, էնպես էլ գրքում չես գտնի կոտորածների ուղղակի մանրամասներ։ Դու դրանք հասկանում ես տողերի արանքում, որովհետև ինքդ էլ մեծ տատիկ ունեիր, որ զանազան պատմություններ էր պատմում առանց ցեղասպանության ուղղակի մանրամասների մեջ խորանալու։ Քայգուսուզը կարծես պատմի մի բան, որ միայն նույն սերնդեսերունդ փոխանցված տրավման ունեցողները կարող են հասկանալ։ Գիրքը թեև գրվել է թուրքերեն, թարգմանվել է անգլերեն, ի տարբերություն մերձավորարևելյան այլ հեղինակների գործերի, չի թիրախավորում բանից անտեղյակ արևմուտքցուն, որին ամեն աշխարհագրական անունը պետք է բացատրել։ Այն պարզապես կա, ու կհասկանաս, թե ինչ է ասում, եթե գիտես լեզուն՝ թզի լեզուն, որով, ըստ հեղինակի, գրված է գիրքը։

Every Fire You Tend by Sema Kaygusuz review – Turkey's violent legacy |  Fiction in translation | The Guardian
Սեմա Քայգուսուզ

Սեմա Քայգուսուզի տատիկի պատմությունը շատ նման է Ֆեթհիյե Չեթինի «Մեծ մորը»․ ցեղասպանության սարսափներ, ու լռություն տարիներ շարունակ, որովհետև խոսելը կհակասեր մեծամասնության ընդունած նորմերին, որովհետև պարզապես վտանգավոր էր, ու պատառիկներ կամ ամբողջական պատմություն՝ ժառանգված թոռներին, որ պատմում են, փորձում լսելի դարձնել իրենց ձայնը։ Երկու դեպքում էլ թուրքերի կատարած կոտորածների հետևանք, մեկը՝ հայերի, մյուսը՝ զազա քրդերի։

Հայ ընթերցողի համար Քայգուսուզի գիրքը կարևոր ահազանգ է։ Այն հիշեցում է, որ 1915 թվականին ոչ թե հայերն են ինչ-որ բան սխալ արել, ոչ թե թուրքական ֆաշիզմն ուղղված է հենց հայերի կամ ընդհանրապես քրիստոնյաների դեմ, այլև բոլոր նրանց, ովքեր ապրում են նույն տարածքում ու խոսում են ուրիշ լեզվով կամ ուրիշ կրոն ունեն։ Սա հիշեցում է, որ մեր արևմտյան հարևանի ֆաշիզմն ավարտված չէ, որ թուրքերն իրենց ինքնությունը կառուցում են մյուսներին ոչնչացնելու հաշվին, որ այդ ոչնչացումից խոսելն անգամ քսանմեկերորդ դարում դեռ տաբու է՝ լինի հայերի, թե զազաների մասին։ Ու սրա մասին պետք է լավ հիշել՝ Թուրքիայի հետ սահմանների բացման ու առևտրական հարաբերությունների մասին երազելուց առաջ։

Եթե հայկական դպրոցներում համաշխարհային գրականություն առարկա մտցվեր, կառաջարկեի Սեմա Քայգուսուզի «Ամեն կրակ, որին հետևում ես» գիրքը դրա մի մասը կազմել, որ հենց դպրոցական տարիքից էլ բազմակողմանիորեն ծանոթ լինենք թուրքական ֆաշիզմին ու զգոնությունը երբեք չկորցնենք։

«Դեմքեր ամբոխի մեջ»․ Վալերիա Լուիզելի

Էնջըլը գրեց, թե՝ քեզ գրքեր եմ բերում։ Հարցրի՝ ինչ գիրք։ Պատասխանեց՝ որ չիմանաս, չի՞ լինի։ Չէ, չի լինի։ Մինչև հեղինակի կենսագրությունը չկարդամ, չիմանամ հեղինակն առավոտը զարթնելիս ինչ է մտածում, մինչև Գուդրիդսի գնահատականները չստուգեմ, հինգաստղանի ու միաստղանի ռիվյուները չկարդամ, չնայեմ ընկերներիցս ում է դուր եկել, ում՝ չէ, ով է կարդացել, ով է ուզում կարդալ, հարցազրույցներ չլսեմ, չեմ կարդա։ Ասաց՝ Վալերիա Լուիզելիի «Դեմքեր ամբոխի մեջ»։ Ընտիր։ Գրքի գոյության մասին վաղուց գիտեի։ Մեքսիկացի Լուիզելիին դեռ 2016 թ․ Լուիզիանայի գրական փառատոնի ժամանակ էի տեսել։ Կարդացել էի նաև «Ատամներիս պատմությունը» գիրքը․ զվարճալի պատում մի կերպարի մասին, որ հայտնի մարդկանց ատամներ էր հավաքում։ «Դեմքեր ամբոխի մեջն» էլ վաղուց էի փնտրում։ Ուղղակի էն ժամանակ գրախանութներում չկար, էդպես էլ մտքիցս թռավ։

Faces in the Crowd - Kindle edition by Luiselli, Valeria ...

Սրճարանում Էնջըլը պայուսակից հինգ գիրք հանեց։ Երկուսն իմն էր՝ վերադարձնում էր։ Երկուսը շվեդ գրողի կոմիքսներ էին, մեկը կարդացի, դուրս չեկավ, մյուսը չբացեցի։ Երրորդն էլ «Դեմքերն» էր։ Ասաց՝ լավն է, բայց շատ դանդաղ է կարդացվում։

Ու իրոք, 150 էջանոց գիրքը երկու շաբաթում հազիվ վերջացրեցի։ Բայց նրանից չէր, որ վատն էր կամ ծանր էր։ «Դեմքեր ամբոխի մեջն» էն գրքերից էր, որ ամեն նախադասությունը մի քանի անգամ ես կարդում, որովհետև էնքան սիրուն է գրել, որ ափսոսում ես հաջորդ նախադասությանն անցնել։

Գիրքը զուգահեռ մի քանի պատմություն ունի։ Մեխիկոյում ապրող երիտասարդ կինը պատմում է Նյու Յորքում ապրած իր երիտասարդությունից, որտեղ փորձում է մեքսիկացի բանաստեղծ Ջիլբերտո Օուենի բանաստեղծություններն անգլերեն թարգմանել ու տպագրել։ Մյուս պատմությունը մետա-վեպն է, որտեղ պատմողը վերլուծում է գրելու ընթացքը, ընդգրկում նաև ամուսնու հետ զրույցները և Նյու Յորքի պատմության մասին նրա մեկնաբանությունները։ Ավելի ուշ միանում է նաև Ֆիլադելֆիայի՝ Օուենի պատմությունը։ Ու այստեղ է, որ անհետանում են իրականության ու հորինվածի, կյանքի ու մահվան, անցյալի ու ապագայի սահմանները։ Գրքի տարբեր կերպարներ ու պատմություններ ձուլվում են իրար, հետո առանձնանում, հետո նորից ձուլվում։ Որոշ կերպարներ ուրվական են դառնում, բայց երբեմն այնքան իրական ու շոշափելի, որ ընթերցողին թվում է՝ գոյություն ունեցող մարդիկ են, բայց նրանք պարզապես դեմքեր են ամբոխի մեջ, որ անցնում են մեր կողքով ու որոնց կենդանի կամ մեռած լինելը մենք հարցականի տակ չենք դնում։

Լուիզելիի «Դեմքեր ամբոխի մեջ» վեպը շատ էր տարբերվում «Ատամներիս պատմությունից»։ Ու երկուսն էլ հրաշալի ձեռագրեր են։ Լուիզելին նաև նրանով է հետաքրքիր գրող, որ ԱՄՆ-ի փախստականների ճամբարներում փախստականներին գրական ստեղծագործական դասեր է տվել։ Իսկ «Ատամներիս պատմությունը» գրել է Մեքսիկայում գործարանների աշխատողների համար՝ գլուխ առ գլուխ տալով նրանց, որ բարձրաձայն կարդան ու խորհուրդներ տան, ու հաջորդ գլուխները գրելիս հաշվի է առել նրանց կարծիքը։ Լուիզելին գրականությունը բարձրագույն կրթություն ստացած միջին խավի սեփականությունը չի դարձնում, այլ այն հանրայնացնում է, դարձնում բոլորինը։

Տնային տնտեսուհու իրականությունը Զոյա Փիրզադի «Չասված խոսքերում»

Պարսհակայ գրող Զոյա Փիրզադի «Չասված խոսքերը» (պարսկերեն բնագրի վերնագիրը՝ «Լույսերը ես կհանգցնեմ») Իրանի Աբադան քաղաքում բնակվող միջին խավի հայ ընտանիքի մասին է։ Պատմությունը պատմում է տնային տնտեսուհի Կլարիսը, որի ամուսինը՝ Արտուշը, նավթային ընկերությունում է աշխատում, դինջ ու անտարբեր, քաղաքական հովերով տարված մեկն է։ Երեք երեխաների խնամքով ու տնային գործերով հիմնականում զբաղվում է Կլարիսը, որը նաև պետք է հասցնի մոր ու քրոջ հետ լեզու գտնել, ընկերուհու խաթրը չկոտրել, լավ հարևանություն անել։

Things We Left Unsaid af Zoya Pirzad

Կլարիսի՝ սովորական տնային տնտեսուհու կյանքը խառնվում է իրար, երբ իրենց դիմացի մայթին հայտնվում են նոր հարևանները՝ մի արիստոկրատ տատիկ իր կանաչաչյա որդու և դպրոցական թոռան հետ։ Փիրզադը վարպետորեն ստեղծում է խիստ բարդ ու խճճված հարաբերություններ վեպի գործող անձանց միջև, ու ընթերցողն այդ ամենին ծանոթանում է Կլարիսի տեսանկյունից։

Կլարիսի կերպարի շնորհիվ կոտրվում է տնային տնտեսուհիների մասին բազմաթիվ կարծրատիպեր։ Վեպում Կլարիսը բոլորի հետ լեզու գտնողի, բոլորին հաշտեցնողի ու որևէ բան համոզողի դեր է կատարում։ Օգնության համար նրա մոտ են վազում բոլորը՝ ամուսինը, երեխաները, ընկերուհին, անգամ դիմացի հարևանը։ Բոլորին օգնելով՝ Կլարիսը մոռանում է իր մասին, բայց նաև հոգնում է, մի օր ափերից դուրս է գալիս ու սկսում պահանջել, որ նաև իր ցանկությունները հաշվի առնվեն։

Վեպը կարդալիս հաճախ գլխացավ էի ունենում։ Կարծում եմ՝ հենց գլխացավ առաջացնելու ունակությունը գրքի ամենաուժեղ կողմն է։ Քանի որ այն պատմվում է տնային տնտեսուհի Կլարիսի տեսանկյունից, ընթերցողը նաև առաջին ձեռքից իմանում է, թե ինչ է նշանակում տնային տնտեսուհի լինել։ Կլարիսի ուշադրությունն ամեն վայրկյան որսում է շրջապատում բացարձակապես ամեն ինչ․ հատակին փշուր կա, պետք է մաքրել, ամուսինը հետը խոսում է, երեխաներն ինչ-որ բան են ուզում կամ կռվում են, հյուրեր են գալիս, պետք է հասցնել, պետք է միաժամանակ նաև ընթրիքը սարքել, հեռախոսին պատասխանել, սեփական մտքերը կառավարել, հույզերը զսպել։ Սովորական ընթերցողի մոտ այս ամենից գլխացավ է առաջանում, իսկ տնային տնտեսուհի էսպիսի հսկայական աշխատանք կատարելու վարպետ է, մի վարպետ, որի հմտությունները ոչ ոք չի գնահատում։

Երբ պատվիրում էի գիրքը, մտածում էի՝ անգլերեն կարդամ, որովհետև, միևնույն է, հայերենն էլ թարգմանություն կլինի․ ի՞նչ տարբերություն։ Ի վերջո, Մերձավոր արևելքում տեղի ունեցող բազմաթիվ վեպեր եմ կարդացել անգլերեն, Փիրզադի «Չասված խոսքերը» դիտարկում էի որպես դրանցից մեկը։ Բայց Փիրզադի վեպը իմ կարդացած անգլերեն գրքերից ամենահայկական գիրքն է, ու անգլերեն կարդալը սխալ էր թվում, այն աստիճանի, որ ուզում էի վերջացնելուց հետո մի անգամ էլ հայերեն կարդալ, մինչև որ իմացա, որ հայերեն թարգմանություն, ցավոք, չկա։ Բայց գիրքը հայ ընթերցողի համար է գրված․ այնտեղ չի ասվում, թե Հովհաննես Թումանյանն ու Սայաթ-Նովան ովքեր են, «բարև» բառը չի թարգմանվում, չի բացատրվում, թե հալվան ինչ է (շատ ուշ միայն նկատեցի, որ հատուկ ոչ հայ ընթերցողի համար գրքի վերջում բառարան կա)։

Ու քանի կորոնավիրուսը գնալով ավելի է հետաձգում Հայաստան գալս, իմ՝ ձեռք բերվելից հայերեն գրքերի ցանկին ավելանում են նաև Զոյա Փիրզադի երկու գրքերի հայերեն թարգմանությունները։

Հանան ալ-Շայխի «Եղնիկի մուշկը» կամ «Ավազի և զմուռսի կանայք»

Լիբանանցի գրող Հանան ալ-Շայխի «Եղնիկի մուշկը» վեպի արաբերեն վերնագիրն անգլերեն դարձել է «Ավազի և զմուռսի կանայք»։ Ու հենց այդ վերնագրով գիրքն էր, որ մեր մոտակա գրախանութից պատվիրեցի՝ առանց իմանալու, թե ինչ եմ կարդալու․ կորոնավիրուսի օրերին գրքերս վերջանում են շատ արագ, իսկ մեր տարածքի փոքր բիզնեսներին աջակցություն է պետք։

Women of Sand and Myrrh by Hanan Al-Shaykh

Բայց պարզեցի, որ վերնագիրը միակ փոփոխությունը չէ, որ վեպի անգլերեն թարգմանությունը կրել է․ վերադասավորվել են նաև առանձին հատվածները։ Միշել Հարթմանի վերլուծությունը քննադատում է այս փոփոխությունները՝ պնդելով, որ անգլերեն թարգմանությունը փորձել է նաև փոխել այն, թե ինչի մասին է վեպը ու մեկ ուրիշ կերպարի շեշտադրել որպես գլխավոր հերոսի։ Երբ կարդում ես գրքի հետևի կազմի նկարագրությունը, թվում է՝ գովազդվում է մի գիրք այն մասին, թե ինչ վատ է ամեն ինչ արաբական աշխարհում, թե ինչպես է ծայրահեղ հայրիշխանությունը ճնշում կանանց ու թե ինչպես են այս խեղճ կանայք ազատություն ուզում։ Այդպե՞ս է արդյոք։

Ասել, թե «Ավազի և զմուռսի կանայք» օպրեսիվ համակարգում ազատության տենչացող կանանց մասին գիրք է կնշանակի վեպը պրիմիտիվացնել ու բաց թողնել բազմաթիվ նրբերանգներ ու ենթաշերտեր ու կնշանակի նաև պարզապես չնկատել այն պատմությունը, որը հեղինակը փորձում է պատմել վեպի չորս կանանց անունից։

Վեպը տեղի է ունենում մի անանուն անապատային արաբական պետությունում, որտեղ բազմաթիվ այլ հիմնարար իրավունքներից բացի նաև մեքենա վարելու ու առանց ամուսնու թույլտվության ճամփորդելու իրավունք չունեն (Սաուդյան Արաբիա անունը ոչ մի տեղ չի հիշատակվում)։ Վեպի չորս բաժինները չորս տարբեր կանանց պատմություններ են՝ իրենց տեսանկյունից։ Նրանց պատմությունները տարբեր տեղերում հատվում են, թեև չորսն էլ ապրում են շատ տարբեր կյանքերով։ Լիբանանից ամուսնու ու որդու հետ եկած Սուհան է, որ անապատում ձանձրանում է․ էնտեղ կանանց համար աշխատանք գտնելը շատ բարդ է, իսկ գտնելիս էլ ոչ մասնագիտական աշխատանք է կատարում։ Ինչ-որ ինստիտուտում (հավանաբր լեզվի դպրոց) և խանութում աշխատելուց հետո բուհավարտ Սուհան դուրս է գալիս աշխատանքից, իսկ հետո որոշում է վերադառնալ Լիբանան․ անապատում չի դիմանում։ Տեղացի Թամրն է, որը ստիպված է լինում հացադուլ անել, որ եղբայրը թույլ տա, որ կրթություն ստանա (Սուհան նրա ուսուցիչն է)։ Ամերիկացի Սյուզանն է, որը նույնպես անապատ եկել է ամուսնու հետ ու իրար հետևից արաբ սիրեկաններ է ձեռք բերում, չնայած որ ակնհայտորեն արաբներին վերևից է նայում։ Սուհայի ընկերուհին է։ Չորրորդ կինը նույնպես տեղացի է՝ Նուռը, ահավոր հարուստ, որն ամուսնուն օրերով ու ամիսներով չի տեսնում, բազմաթիվ սիրեկաններ ունի, ու այդ սիրեկաններից մեկը Սուհան է։

Այս չորս կանայք սկզբունքորեն շատ տարբեր են ու շատ տարբեր կերպ են հարաբերվում իրենց միջավայրի հետ։ Նրանցից երկուսը՝ Սուհան ու Սյուզանը, օտար են։ Ու թեև Սուհան ինքն էլ արաբ է ու տեղի լեզուն գիտի, դա չի խանգարում, որ իր միջավայրը խիստ հետամնաց ու պահպանողական ընկալի։ Նույնն էլ Սյուզանն է անում, բայց ի տարբերություն Սուհայի, Սյուզանն ուզում է անապատում մնալ, որովհետև այստեղ իրեն յուրահատուկ է զգում․ արաբ տղամարդիկ հետևից ընկած են։ Իսկ ԱՄՆ-ում հասարակ տնային տնտեսուհի էր։

Թամրն ու Նուռը, թեև տեղացի են, երկուսը խիստ հակադիր կյանքեր ունեն․ Թամրն աղքատ ընտանիքից է, Նուռը՝ հարուստ, Թամրի համար ազատությունը չամուսնանալն է․ իր նախկին երկու ամուսինները սահմանափակում էին իր կյանքը։ Նուռի համար ազատությունն ամուսնանալն է, որ ստիպված չլինի հոր հաշվին ապրել։ Թամրն անապատից ոչ մի տեղ գնալ չի ուզում, իսկ Նուռն անընդհատ փորձում է արտասահման փախչել, մինչև ամուսինը թաքցնում է Նուռի անձնագիրը։ Թամրը ճանապարհ է հարթում ու իր ազատությունը գտնում հենց պահպանողական միջավայրի մեջ՝ միջավայրն իրեն ենթարկելով, իսկ Նուռի ազատությունը անապատից դուրս է․ հենց ինքնաթիռ է նստում, զուգարանում հագուստը փոխում է։ Ի վերջո, Թամրը հասնում է նրան, որ բացում է իր երազած հագուստի արհեստանոցը, չնայած որ ստիպված է լինում թե՛ խիստ պահպանողական եղբոր, թե՛ համակարգի դեմ կռիվ տալ․ անգամ բանկ գնալիս իր անչափահաս որդուն պիտի հետը տանի, ինքը դրսում սպասի, որ որդին գործարքը կատարի, դուրս գա։

Թամրի ու Նուռի պատմությունները նաև բացահայտում են, որ անապատում ազատությունը դասակարգային է․ հարուստները կարող են անձնական ինքնաթիռով մեկնել Եվրոպա, ուզածների չափ շրջել գիշերային ակումբներում, հագնել ինչ ուզում են, քնել ում հետ ուզում են, հետո հետ գալ անապատ, աբայան քաշել վրաները ու պարկեշտ մահմեդական ձևանալ։ Անգամ անապատում էլ հարուստներն ունեն իրենց մասնավոր փարթիները, որտեղ նորից ինչ ուզում հագնում են, ինչ ուզում, անում են։ Իսկ աղքատ Թամրը չունի այդ հնարավորությունը․ նրան տասներկու տարեկանից ամուսնացնում են ու նրան շրջապատող տղամարդիկ ամեն կերպ արգելում են անել իր ուզածը, մինչև իր համառության շնորհիվ կարողանում է արհեստանոց բացել։

Սուհայի ու Նուռի սիրավեպը բացահայտում է առաջադեմ լինելու հարաբերականությունը։ «Հետամնաց» անապատի տեղացի Նուռի համար կնոջ հետ հարաբերություն ունենալը տարօրինակ չէ․ ինքն ամուսնացած է եղել նույնասեռական տղամարդու հետ, ինքն էլ բազմաթիվ թե՛ կին, թե՛ տղամարդ սիրեկաններ է ունեցել։ Բայց «առաջադեմ» Սուհայի համար կնոջ հետ լինելը սարսափելի մի բան է, չի կարողանում մարսել ու ընդունել, չնայած որ սեռական ցանկությունը կա, առաջին անգամվանից հետո նորից ու նորից է գնում Նուռի մոտ։ Ու ի վերջո հավանաբար հենց Նուռի հետ հարաբերությունն է պատճառ դառնում, որ վերջնականապես որոշի հեռանալ անապատից։

Նուռի օրինակով նաև կոտրվում է այն կարծրատիպը, թե արաբ կանայք միայն երեխա ունենալու ու տուն պահելու համար են․ Նուռը չի ուզում երեխա ունենալ, երբ հղիանում է, ուզում է աբորտ անել, նորածնին չի ուզում խնամել, իր հին կյանքին է ուզում է վերադառնալ։ Տան գործերով չի զբաղվում և կարող է իրեն այդ ճոխությունը թույլ տալ․ ծառաներն են տան գործերն անում։

Վեպում հետաքրքիր կերպարներ են նաև երկու տղամարդիկ՝ Մաազը և Սալեհը։ Առաջինը Սյուզանի արաբ սիրեկանն է, որի հետ Սյուզանն ամուսնանալ է ուզում, իսկ երկրորդը Նուռի՝ ԱՄՆ-ում կրթություն ստացած ամուսինն է։ Մաազն ավանդապաշտ մահմեդական է, առանձնապես հարուստ չէ, անապատից դուրս ոչ մի տեղ չի եղել, կարծես առանձնապես կրթություն էլ չունի։ Բայց գլուխը կորցրել է Սյուզանի մազերի ու աչքերի գույնից։ Սյուզանը Մաազի հետ մեկնում է եվրոպական ինչ-որ պետություն, որտեղ Սյուզանը սկսում է ամաչել Մաազի խիստ անմիջական պահվածքից։

Սալեհը, ի տարբերություն Մաազի, խիստ առաջադեմ է կամ համենայնդեպս ուզում է էդպիսին լինել։ Երբ Նուռի հետ նոր էր սկսել հանդիպել, երկար-բարակ փիլիսոփայական ճառեր էր ասում, որ «իրար լավ ճանաչեն», մինչդեռ Նուռը միայն ու միայն մի պարզ բան էր ուզում․ սեքս։ Ամուսնանալուց հետո էլ փորձում է կնոջը կրթել՝ զանազան գրքեր տալով, որ կարդա, անգլերեն սովորացնելով ու սխալներն ուղղելով, իսկ հետագայում նաև թույլ տալով, որ ուզածի չափ ճամփորդի։ Բայց Սալեհը, ինչքան էլ փորձի առաջադեմ ձևանալ, միևնույն է, օգտվում է իրեն շնորհված իրավունքից՝ կնոջը պարտադրելով, որ Լոնդոնից վերադառնա ու պահելով անձնագիրը․ պատվի հարց է, մարդիկ սկսել էին բամբասել Նուռի արտասահամանյան արկածներից։

Մաազն ու Սալեհը մի ընդհանրություն ունեն․ երկուսն էլ ամերիկացիներին պաշտում են, բայց Մաազի համար դա զուտ բնազդային, սեռական մակարդակի է (դե ամերիկացի կանայք իրենց մարմինները չեն ծածկում), իսկ Սալեհի համար՝ ինտելեկտուալ․ ամերիկացի Սալլիին հարգում-պատվում է, Նուռին էլ կշտամբում, որ Սալլիին բանի տեղ չի դնում։

Վեպում նաև հակադրվում են ամերիկյան ագահությունն ու եսասիրությունն ու արաբական առատաձեռնությունը։ Երբ Սյուզանենց ծառան հիվանդանում է ու բժշկի կարիք է ունենում, Սյուզանն անհանգստանում է, որ իրենք պիտի վճարեն բժշկի համար։ Այդ պահին Մաազը գրպանից փող է հանում ու վճարում ծառայի բուժման համար։ Մաազը նաև Սյուզանին է նվիրում ցանկացած զարդեղեն, որ Սյուզանի դուրը գալիս է։ Իսկ երբ Սյուզանի ամուսինն աշխատանքը կորցնում է, ու հինգ օրից պիտի մեկնեն անապատից, Սյուզանն ուզում է Մաազին օգտագործել՝ անապատում մնալու կեցության իրավունքը երկարացնելու համար։ Չնայած որ այլևս չէին հանդիպում, գնում է Մաազենց տուն, դուռն այնքան ծեծում, որ բացեն, բացելուց հետո նոր նկատում է, որ Մաազը հիվանդ է, հիվանդ է նաև նորածին որդին ու Մաազի կինը․ բոլորը սիֆիլիս ունեն։ Սյուզանը եզրակացնում է, որ Մաազն իրեն օգնել չի կարող, ու լավ է, որ իրեն էլ չի վարակել, հեռանում է։

Վեպի արաբերեն տարբերակում պատմությունների հերթականությունն է․ Սուհա, Նուռ, Սյուզան, Թամր, իսկ անգլերենում՝ Սուհա, Թամր, Սյուզան, Նուռ, Սուհայի էպիլոգ։ Թե՛ գրականագիտական, թե՛ ընթերցողների ռիվյուներում տեսել եմ, որ հերթականությունը փոխելը փոխում է նաև, թե ում մասին է պատմությունը․ արաբերեն տարբերակում այն ավարտվում է Թամրի պատմությամբ, հետևաբար նրանով, որ խիստ պահպանողական հայրիշխանական միջավայրում Թամրը կարողացել է հասնել իր ուզածին, իսկ անգլերեն տարբերակում՝ Նուռ-Սուհայով, հետևաբար Նուռի ու Սուհայի սիրավեպն առաջին պլան է մղվում։ Իհարկե, արաբերեն տարբերակի մասին ոչինչ ասել չեմ կարող, բայց դժվար՝ անգլերեն տարբերակը նման նպատակ ունենար։ Համենայնդեպս, ես նույնասեռական սիրավեպի շեշտադրություն չտեսա, այն պարզապես շոշափված բազմաթիվ թեմաներից մեկն էր։ Իսկ Սուհայի էպիլոգով վերջանալը լրիվ տրամաբանական էր․ ի վերջո, Սուհան մյուս երեք կերպարներին կապող օղակն էր թե՛ պարզապես որովհետև հենց ինքն էր երեքին էլ ճանաչում, թե՛ որովհետև Սուհան մյուսների արանքում էր․ արաբ, մշակույթին մոտ, ինչպես Նուռն ու Թամրը, բայց նաև օտար, դրսից եկած, ինչպես Սյուզանը։

Դյուրասի «Գրելը» կորոնավիրուսի օրերին

Կորոնավիրուսի օրերին կարդալ չի լինում։ Այս օրերին փնտրում եմ գրքեր, որոնք կհամապատասխանեն կարանտինային օրերի տրամադրությանը՝ տանը մնալուն, անորոշ ապագային, համընդհանուր անհանգստությանը։ Դիստոպյան վեպերի տրամադրություն չկա։ Ինձ հիմայի մասին գրքեր են պետք՝ հիմայի ամենալայն իմաստով։ Հիմա մոդիանական տրամադրություն է։ Դրա համար Մոդիանոյի «Վիլլա տրիստը» հեշտությամբ կարդացվեց, մնացած գրքերը զոռով էի կարդում։

Marguerite Duras, Ecrire au 20ème - série d'été - Première Pluie

Մարգերիտ Դյուրասի «Գրելը» կարդացի, որովհետև կարանտինի ժամանակ նաև գրել չի լինում․ գուցե գրելու մասին կարդալը տրամադրի։ Բացում եմ դեռևս անանուն վեպս ու բլոկնոտներս ու ամենաշատը մի պարբերություն գրում։ Հետո ուշադրությունս շեղվում է, չգիտեմ ուր է գնում, չգիտեմ ինչ եմ մտածում։ Բայց մի պարբերությունից չեմ անցնում։ Նույն կերպ էլ կարդում եմ։ Պարբերություն առ պարբերություն, նախադասություն առ նախադասություն։ Իսկ Դյուրասի «Գրելը» գրքում պարբերությունների միջև սպիտակ տարածությունը մեծ է, ուշադրության շեղումն ավելի բնական է ստացվում, քեզ չես մեղադրում։

Մարգերիտ Դյուրասի «Գրելը» ոնց որ էս օրերի մասին լինի․ խելագարության հասցնող միայնություն, պահեստի նկարագրություն, որտեղ պատերազմի համար սնունդ են պահեստավորում, լռություն կամ աննկատելի ձայներ, որ խախտում են լռությունը, կոտրում են բացարձակ միայնությունը։

Գրքում հավաքված են հինգ էսսեներ, որոնցից յուրաքանչյուրը կենտրոնանում է հեղինակին հուզող ինչ-որ դրվագի, հույզի, գործողության կամ վայրի վրա, որոնք բոլորը պտտվում են ընդհանուր թեմայի՝ գրելու շուրջ։ Գիրքը գրված է դյուրասական ոճով՝ կարճ, պատկերավոր, երբեմն նաև կրկնվող նախադասություններով։

«Գրելը» էսսեում Դյուրասը մտորում է, թե ինչ է գրելը, ինչու է գրում, ինչպես է գրում, որտեղ է գրում, երբ է գրում։ Միայնությունն ու գրելը միախառնված են միմյանց, առանց միայնության ու լռության գրել չի լինում։ Էստեղ նաև մանրամասն նկարագրում է մի ճանճի մահ։ Ճանճի մահը կարևորվում է, որովհետև կա նկարագիր, կա ժամանակի կոնկրետ պահ, կոնկրետ վկա, որ տեսել է այդ մահը։

«Բրիտանացի երիտասարդ օդաչուի մահը» էսսեում ճանճի մահը հակադրվում է բրիտանացի օդաչուի մահվանը։ Օդաչուն երևի Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին զոհերից էր։ Պատերազմի ավարտի օրն է մահացել իր ինքնաթիռում՝ ընկնելով Ֆրանսիայի Վովիլ գյուղում ծառերի մեջ։ Նրա մահվան ժամանակը ոչ ոք չգիտի, նրա մահը ոչ ոք չի տեսել, բայց կա գերեզմանը ու կա գերեզմանի այցելուն՝ ծերունին, որ ամեն տարի գալիս է, հետո մի տարի չի գալիս, հետո էլ երբեք չի գալիս։ Երիտասարդ օդաչուն մարմնավորում է պատերազմը, մարմնավորում է նաև դրա ավարտը։

«Ռոման» Հռոմի մի հյուրանոցում երկու հոգու զրույցի արտատպում է։ Զրույցը Հռոմի մասին է, նրա գոյության ու կարևորության։ Հյուրանոցը պիացցա Նավոնայում է։ Պիացցա Նավոնա։ Փորձում եմ մտաբերել, թե ինչ տեսք ունի։ Եթե այս ապրիլին մեր Հռոմի չվերթը չեղարկվեր, ավելի թարմ հիշողություն կունենայի։ Բայց հիմա հետ եմ գնում դեպի 2016՝ իմ ու Մորթենի առաջին համատեղ ճամփորդությանը․ Հռոմ էինք գնացել։ Պիացցա Նավոնայով էլ անցանք։ Շատրվանները հիշում եմ, հիշում եմ նաև այնտեղից ցայտող ջուրը, որ շուրջբոլորը թրջում էր։ Պիտի այս շաբաթ էլ Հռոմում ժամերով թափառեինք, հոգնեինք։ Բայց Հռոմը չկա, կա կարանտինը ու կան հիշողությունները, կա Մարգերիտ Դյուրասի տեքստը Հռոմի մասին։

«Մաքուր թիվը» մաքուր բառի մասին մտորումներ են՝ որպես բառ ու որպես երևույթ։ Գիրքը եզրափակվում է «Ցուցահանդեսով», որտեղ Դյուրասը ներկայացնում է մի նկարչի ու նրա կտավները, ներկերի՝ ներկապնակից կտավին անցնելու ընթացքը։ Այստեղ արդեն ստեղծագործելու մեկ այլ ձևի մասին է խոսվում։ Գիրքը սկսվում է գրելու մասին գրելով, ավարտվում՝ նկարելու մասին գրելով։

Ավարտեցի գրելու մասին գիրքը ու էդպես էլ ոչ մի նոր բառ չգրեցի։ Վաղը նորից կփորձեմ։

 

Էլիֆ Շաֆաք․ «10 րոպե 38 վայրկյան այս տարօրինակ աշխարհում»

Image result for elif shafak 10 minutes 38 seconds in this strange world"«Ստամբուլի բիճը» կարդալուց գրեթե տասը տարի անց նորից Էլիֆ Շաֆաք կարդալը կարծես տարիներ անց հին ընկերոջ հետ հանդիպում լիներ։ Այդ ծանոթ գիրը, ձայնի ծանոթ տոնայնությունը, համի ու հոտի մանրամասներն ու որոշակի թեմաների մասին խոսելու քաջությունը․․․ Կարծես հանդիպում ես հին ու հասունացած ընկերոջ։ Բավական տպավորվել էի, թե ինչքան էր Էլիֆ Շաֆաքի գրվածքը հասունացել «Ստամբուլի բճից» հետո։

«10 րոպե 38 վայրկյանը» Լեյլայի պատմությունն է՝ մարմնավաճառ, որին սպանել են ու մարմինն աղբանոցը նետել։ Մինչ նրա ուղեղը կամաց-կամաց հանգչում է սրտի կանգ առնելուց հետո, Լեյլան հիշում է իր կյանքի կարևորագույն դրվագները։ Այստեղ հանդիպում ենք նրա հինգ ընկերներին, որոնցից առնվազն չորսը «նորմալ» հասարակությունից դուրս են ապրում, իսկ հինգերորդը երկակի կյանք է վարում։ Այդ հինգ ընկերներն են Զայնաբ122-ը` լիբանանցի թզուկ, որ հասարակաց տանը որպես մաքրուհի է աշխատում, Հոլիվուդ Հումեյրան՝ գիշերային ակումբների երգչուհի, Ջամիլան՝ սոմալացի մարմնավաճառ, Նոստալգիա Նալանը՝ տրանսգենդեր, Սաբոտաժ Սինանը՝ Լեյլայի մանկության ընկերը Վանից ու միակը, որ բարեկեցիկ, նորմալ կյանք է վարում, բայց գիշերները Լեյլայենց ընկերախմբին է հանդիպում։ Այս բոլոր մարդիկ տարբեր ազգերից, մշակույթներից ու կրոններից են, տարբեր մայրենի լեզուներ ու գենդերային ինքնություններ ունեն, բայց ընկերանում են միմյանց հետ, որովհետև էս բոլոր չափանիշներն այլևս կարևոր չեն, երբ դու հասարակությունից դուրս ես։

Որպես հայ գիրքը կարդալը նաև ահագին ծանոթ էր ինձ․ է՛լ ատամհատիկ, է՛լ կարմիր խնձոր․ բոլորը ծանոթ ավանդույթներ էին։ Իսկ գրքի վերջում տեղ գտած բառարանը, որ անգլալեզու ընթերցողի կյանքը հեշտացնելու համար էր, ինձ ընդհանրապես պետք չէր․ թուրքերեն համապատասխան բառերը ծանոթ էին։ Վանում Լեյլայի ծնունդն ու մանկությունը պատմելիս նաև թեթևակի անդրադարձ է կատարվում ցեղասպանությանը ու հայերի լքված տներին, որ թուրքերը հետագայում գրավել էին։

Գրքի առաջին մասը պարզապես հիանալի է։ Պատմությունները շատ լավ են պատմվածք․ որպես ընթերցող չես կարողանում պոկվել գրքից։ Կերպարները կենդանի են ու յուրօրինակ։ Շաֆաքը կյանք, պատմություն ու բնավորություն է տալիս Լեյլային, որին շատերը դեհումանիզացրել են՝ սեռական բռնության ենթարկելով, վաճառելով ու նույնիսկ սպանելով։ Այսպիսով Շաֆաքը ցույց է տալիս, որ մարմնավաճառը պատմություն ունի, որն արժանի է պատմվելու ու որ այս պատմությունները կարող են ողբերգական ու ցավոտ լինել։

Գրքի երկրորդ մասում Շաֆաքը բավական համարձակ փորձարկում էր արել․ պատմությունը շարունակվում էր, չնայած որ գլխավոր հերոսը մահացած էր։ Բայց արդյունքում երկրորդ մասից սկսած ահագին դժվար էր կարդալը։ Վեպի թույլ կողմերից էր նաև Դ\Ալիի կերպարը ու նրա հետ կապված ամեն ինչ։ Եթե այս կերպարն իր ամեն ինչով դուրս թողնվեր, ամբողջ վեպը դրանից միայն կշահեր։

Շաֆաքը գործածում էր ցույց տուր-մի պատմիր տեխնիկան բավական նորարական ձևով։ Սկզբում ցույց էր տալիս, և եթե ուշադիր ընթերցող ես, կնկատեիր ցույց տրվածը, բայց ավելի ուշ նաև պատմում էր այն, ինչ ցույց էր տվել, եթե հանկարծ չէիր նկատել։

Ընդհանուր առմամբ գիրքը տառապանքի, ցավի ու բռնության մասին էր, բայց նաև սիրուն ընկերության, որ մշակութային կամ կրոնական սահմաններ չի ճանաչում։

Գիրքը հայտնվել է 2019-ի Բուքերյան մրցանակի կարճ ցուցակում, բայց մրցանակ չի ստացել։

Featured

«Դժվար հիշվող անուն» պատմվածքների ժողովածուն

Քանի որ բլոգիս բազմաթիվ ընթերցողներ գրում են ու բազմաթիվ հարցեր տալիս գրքիս մասին, որոշեցի այս գրառմամբ պատասխանել հաճախակի տրվող հարցերին. մարդ ես, գուցե ոմանք չեն համարձակվում հարցնել։

1. Որտեղի՞ց կարելի է գիրքը ձեռք բերել։
Եթե Երևանում եք, կարող եք ձեռք բերել Իլիկից, Նոյյան տապանից, Զանգակից ու Բուկինիստից (պիտի որ բոլոր մասնաճյուղերում լինի, բայց վստահ չեմ)։

ByurMap.png
Եթե արտերկրում եք, կարող եք առցանք պատվիրել իմ կայքից։

2. Լինելու՞ է արդյոք էլեկտրոնային տարբերակ։
Հավանաբար այո։ Առայժմ թիմիս հետ քննարկում ենք ֆորմատը, հարթակը և այլն։

3. Արդյոք գիրքը բլոգի բովանդակության արտատպու՞մն է։
Ո՛չ։ Թեև որոշ պատմվածքների նախնական տարբերակներ կարելի է գտնել բլոգումս, «Թագուհի Լուիզայի կամուրջի» ու «Ջազ կաֆեի» վերջնական տարբերակներն էլ Ինքնագրում, գրքի պատմվածքների մեծ մասը նախկինում առցանց հարթակներում չհրապարակված գործեր են։

4. Ինչի՞ մասին են պատմվածքները։
Այս հարցին ընթերցողները երևի ավելի լավ կպատասխանեն, բայց մի երկու բառով ասեմ. պատմվածքների իրադարձությունները տեղի են ունենում տարբեր քաղաքներում, ու բոլոր կերպարներին մի բան է միավորում. սեր ու մտերիմ հարաբերություններ են փնտրում այլ մարդկանց հետ։ Ոմանց մոտ ստացվում է, ոմանց մոտ՝ ոչ, ոմանց մոտ էլ ոչ այնպես, ինչպես իրենք էին ուզում։

5. Քո՞ անունն է դժվար հիշվող անունը։
Չէ։ Հարցի ավելի մանրամասն պատասխանը ստանալու համար կարդացեք այստեղ։

6. Ինչու՞ գիրքը գուդրիդսում չկա։
Կա, ուղղակի անունս լատինատառ է, գիրքը՝ հայատառ, դրա համար շփոթություն է առաջացնում։

Փոփոխվող քաղաքներն ու Այշեգյուլ Սավաշի «Առաստաղի վրայով քայլելով» գիրքը

Այդ օրն աշխատանքից հետո ահագին անտրամադիր էի. դեռ մի ամիս առաջ կազմակերպածս Կոպենհագենի համալսարանի նախկին ասպիրանտների հանդիպմանը ոչ ոք չեկավ։ Ու չնայած հաջորդ շաբաթ օրացույցս պայթում էր զանազան ընկերների հետ հանդիպումներից, միևնույն է, ոչ մեկի չգալն առիթ դարձավ, որ տրամադրությունս ահավոր ընկնի։

Տուն գնալու ճանապարհին որոշեցի մետրոյից շուտ իջնել ու գրախանութ մտնել. նման դեպքերում գրախանութը միշտ հանգստացնող ազդեցություն է ունենում։ Իսկ մետրոյի նոր գծի գոյությունն ուղղակի չեմ կարողանում ընդունել։ Տարիներ շարունակ կառուցվում էր այն, բայց հենց բացվեց, հենց մարդիկ սկսեցին հոսել դեպի մետրո, Կոպենհագենը հանկարծ բազմամիլիոնանոց քաղաքի զգացողություն առաջացրեց։ Իսկ ես այնքա՜ն շատ էի սիրում Կոպենհագենը հենց նրա համար, որ չափսերով Երևանից շատ չէր տարբերվում։

Գրախանութում իջա նկուղային հարկ՝ տուրիստական ուղեցույցների բաժին։ Էդ մասերում հազվադեպ եմ հայտնվում. տուրիստական ուղեցույցներն ինձ համար ճամփորդության սփոյլերներ են։ Ինքնուրույն բացահայտելու փոխարեն ամեն ինչ քեզ նախապես ասում է, ու ճամփորդությունդ լրիվ հարամվում է։ Բայց այդ օրը տուրիստական ուղեցույցերն ուսումնասիրելը հրատապ էր ինձ համար. ուզում էի տեսնել՝ արդյոք Իլիկը կա՞ այնտեղ։

Դեռ մի շաբաթ էլ չկար, ինչ Երևանից հետ էի եկել։ Վերջին տարիների այցելություններիս ընթացքում առաջին անգամ էի նկատում, որ Երևանն այլևս իմ պատանեկության քաղաքը չէր։ Ավելի ճիշտ, նախկինում էլ էի նկատել, բայց առաջին անգամ էի արձանագրում նկատածս։ Երևանում ես վաղուց արդեն տուրիստ եմ, իսկ Իլիկը՝ իմ սիրած տեսարժան վայրը, որտեղ Երևանի նորն ու հինը էնքա՜ն լավ են խառնվում իրար։ Ու դրա համար ուզում էի, որ ուղեցույցում Իլիկն անպայման լիներ։ Չկար։

Բարձրացա նորից առաջին հարկ ու սկսեցի գեղարվեստական գրականությունն ուսումնասիրել։ Սիրում եմ նայել, թե գրքերն ինչպես են դասավորում, որ գրքերն են էնպես տեղադրված, որ գրախանութ մտնող յուրաքանչյուր անձ կտեսնի, ու որոնք են գնորդների աչքերից հեռու պահված։ Մի անկյունում գրախանութի աշխատողների խորհուրդ տված գրքերն էի բոլորի համար տեսանելի դասավորված։ Սալլի Ռունին ու Աննա Բըրնսն էին էր այնտեղ ու էլի կին գրողներ, որոնց գրքերը կարդացել էի կամ ուզում էի կարդալ։ Մի այլ անկյունում էլ Շահրնուշ Պարսիպուրի «Կանայք առանց տղամարդկանց» գրքի դանիերեն թարգմանությունն էր գովազդվում։

Image result for aysegul savas

Բայց չգովազդվող, իրար կողք շարված գրքերով դարակները քչփորելուց էր, երբ Այշեգյուլ Սավաշի (հույս ունեմ՝ անունը ճիշտ եմ տառադարձել) «Առաստաղի վրայով քայլելով» գիրքը ձեռքս ընկավ։ Ու երևի ինչպես վերցրել էի, էնպես էլ նորից տեղը կդնեի, եթե գրքի հետևում չկարդայի, որ Սավաշը Դանիայում է ապրել ու չտեսնեի, որ Դորթե Նորսը՝ միջազգայնորեն ամենահայտնի դանիացի գրողը, գովեստի խոսքեր էր ասել։

Որևէ գրքի մասին գրելիս սովորաբար այսքան երկար նախաբան չեմ գրում։ Բայց նախաբանս հենց Սավաշի գիրքն էր որ կար. փոփոխվող, անճանաչելի դարձող քաղաքների, այդ քաղաքներում միայնակ լինելու ու մտերմիկ հարաբերություններ փնտրելու ծարավի, հարազատ քաղաքների ու մարդկանց հիշողությունների մասին էր։

«Առաստաղի վրայով քայլելով» վիպակը Նունու անունով երիտասարդ կնոջ մասին է։ Նունուն Ստամբուլից է, մոր մահվանից հետո տեղափոխվել է Փարիզ՝ այնտեղ գրող լինելու ռոմանտիկ երազանքի հետևից։Այստեղ նա ծանոթանում է Մ.֊ի հետ՝ գրող, որի վեպերը կարդացել է ու սիրել։

Ամենալավ գրքերը ծանոթ գրքերն են։ Ու սա դրանցից մեկն էր։ Սա միայն Նունուի պատմությունը չէր, այլև այն կանանց, ովքեր երիտասարդ տարիքում մեն֊մենակ ու առանց որևէ մեկի ճանաչելու տեղափոխվել են եվրոպական մեծ քաղաք։ Սա նրանց պատմությունն է, ովքեր էնպիսի ընկերություն են փնտրում, ինչպիսին Նունուն ուներ Մ.֊ի հետ, բայց ի տարբերություն Նունուի, երբեք չեն գտնում։ Սա մեր պատմությունն է, որ մեր նախկին կյանքը թողել ենք հետևում՝ փորձելով ինքներս մեզ պոկել ու հեռացնել մեր ծագումից, բայց էդ բոլորը վերադառնում է հիշողությունների ու պատմությունների տեսքով։ Ու մենք պատմում ենք դրանք մեզ հանդիպած մարդկանց։ Սա մեր արմատների հետ հաշտվելու ու դրանք վերագտնելու պատմությունն է։

Հեղինակը նաև անդրադառնում է թուրք կանանց։ Նրանց ու այլ մերձավոր արևելյան կանանց արևմուտքում շատերը վերևից են նայում («մահմեդական կանայք, որոնք չեն աշխատում ու պետության վզին են նստում»)։ Սավաշը վերաիմաստավորել է այս կանանց, նրանց ուժն ու ազդեցությունը վեր հանել, ցույց տվել, որ խոհանոցում հավաքվող կանայք իմաստուն, պինդ ու հզոր են։

Նաև ծաղրում է տիպիկ արևմուտքցի սպիտակ տղային, որը թուրք կնոջը փորձում է կյանք սովորեցնել իր կարդացած բազմաթիվ սելֆ֊հելփ գրքերի հիման վրա։

Գրքում կա նաև նուրբ անդրադարձ Թուրքիայի ներքաղաքական կյանքին, ու թե ոնց է էդ քաղաքականությունը փոխում Ստամբուլը։ Բայց ընթերցողը դա չի նկատի, եթե Թուրքիայի վերջին տարիների պատմությանը ծանոթ չլինի։

Գիրքը վերջացրեցի Օրհուսի իմ սիրած սրճարանում նստած՝ պատվիրելով երկրորդ բաժակ թեյը։ Վերջացրեցի էնպես, ինչպես Նունուն սրճարանում սուրճ էր պատվիրում ու միշտ սխալ սուրճ ստանում։ Օրհուսում այնքա՜ն շատ են Նունուի նման կանայք, բայց երևի դեռ չգիտեն դրա մասին։

Ռոբերտո Բոլանյոյի 2666֊ը

Երբ մոտ մեկուկես տարի առաջ Ծննդյան տոներին Բոլանյոյի 2666֊ը նվեր ստացա, վստահ չէի՝ կկարողանա՞մ հաղթահարել գրքի 900 էջերը։ Հսկայական գիրք մանր տառերով։ Հատուկ նվիրում էր պետք, հատուկ մոտիվացիա այն սկսելու ու հետո նաև ավարտելու համար։ Այն, որ Փաթի Սմիթի սիրած գրքերից է, որ Բոլանյոն Վալերիա Լուիզիելին Լուիզիանայի փառատոնի ժամանակ հենց Բոլանյոյի անունը տվեց որպես լավագույն լատինաամերիկյան գրողի, համոզիչ չէին։ Բայց երբ գիրքը նվեր ես ստանում, այն էլ սիրելի մարդուց, ուրեմն վաղ թե ուշ պիտի սկսես։

Image result for 2666

Ու սկսեցի գիրքը նվեր ստանալուց մի տարի անց։ Կես տարի տևեց մինչև վերջացրեցի։ Բայց դադարներ էի տալիս արանքում. 2666֊ը, լինելով ահռելի մեծության գիրք, այնուամենայնիվ, բաղկացած է հինգ առանձին մասերից, որոնք բավականաչափ անկախ են իրարից։ Բոլանյոն ինքը ցանկացել է այդ մասերն առանձին գրքերով հրատարակել, որ ժառանգները շատ փող աշխատեն, բայց Բոլանյոյի մահվանից հետո ժառանգները որոշել են որպես ամբողջական գիրք հրատարակել։ 2666֊ը հետմահու տպագրված գործ է։

Առաջին գիրքը գրականագետների մասին է։ Եվրոպական չորս տարբեր երկրների համալսարաններում աշխատող չորս գրականագետների միավորում է իրենց սերը գերմանացի գրող Բեննո ֆոն Արչիմբոլդիի նկատմամբ։ Սկզբում ակադեմիական կյանքն է նկարագրվում իր բոլոր յուրահատկություններով. գիտաժողովներ, հոդվածներ, անկայուն սիրավեպեր և այլն։ Բայց գրակագետները նաև ուզում են Արչիմբոլդիին բռնացնել։ Ու նրան հանդիպելու բոլոր փորձերն ապարդյուն են անցնում։ Ի վերջո, փնտրտուքները նրանցից երեքին տանում են Մեքսիկայի Սանտա Թերեզա քաղաք, որտեղ հարյուրավոր կանանց բռնաբարում ու սպանում են, իսկ հանցագործը դեռ չի գտնվել։

Գրքի առաջին հատվածում եվրոպացիների անտարբերությունն է իրենց հետ կապ չունեցող ողբերգությունների նկատմամբ։ Սանտա Թերեզան գրականագետների համար պարզապես մի էկզոտիկ վայր է, որտեղ կարող են տեղացի աղջիկների հետ արիշ֊վերիշներ անել, Բեննո ֆոն Արչիմբոլդիին փնտրելով ու արևի տակ տաքանալ։ Իսկ սպանությունները պարզապես նրանց կողքով են անցնում։ Էդ անտարբերությունն էնքա՜ն ծանոթ է, էնքա՜ն լավ է նկարագրված, իսկ Բակունցի ասածն է. «ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր բզեզին մանուշակը ճոճք էր թվում էր, աշխարհը ծիրանագույն բուրաստան»։

Գրքի երկրորդ հատվածը Սանտա Թերեզայում բնակվող պրոֆեսոր Ամալֆիտանոյի մասին է։ Քաղաքում տեղի ունեցող սպանությունների հողի վրա, թե՞ դրա հետ չկապված, բայց Ամալֆիտանոն խելքը թռնցնում է։ Իր սևեռուն միտքը դստերը քաղաքի սպանություններից պաշտպանելն է։

Երրորդ հատվածում ամերիկացի լրագրող Օսկար Ֆեյթը հայտնվում է Սանտա Թերեզայում բռնցքամարտ մեկնաբանելու ու պատահաբար բախվում է քաղաքի սպանություններին։ Չնայած որ Ֆեյթին խիստ հետաքրքրում է թեման, ու ուզում է հոդված գրել սպանությունների մասին, թերթից կարգադրություն է ստանում, որ չգրի։ Այս հատվածում սպանություններին ավելի մոտիկից ես ծանոթանում, ավելի շոշափելի են դառնում, ու որպես ընթերցող սկսում ես կամաց֊կամաց գուշակություններ անել։

Չորրորդ հատվածում հենց սպանություններն չորուցամաք թվարկված ու դրանց արանքում ոստիկանության վարքը։ Հերթով բոլոր դիակները նկարագրվում են, ոմանց կյանքից մանրամասներ են պատմվում, ծանոթանում ենք նաև ոստիկանների հետ։ Անտարբե՞ր են։ Լավ չե՞ն աշխատում։ Սխա՞լ մարդկանց հետևից են գնում։ Հանցագործը խիստ խելացի՞ է։ Ովքե՞ր են զոհերը։ Ի՞նչ դասակարգից են։ Հարցեր են, որոնց այս հատվածը պատասխանում է։

Հինգերորդ հատվածը վերադառնում է Արչիմբոլդիին ու պատմում նրա կենսագրությունը։ Այստեղ հայտնվում ենք Երկրորդ համաշխարհային պատերազմում, տեսնում, թե ինչպես մի մարդ, որը քիչ առաջ հրեաներին կերակրում ու տաքացնում էր, հաջորդ վայրկյանին սկսում է նրանց հերթով վերացնել։ Հրեաների սպանությունը հակադրվում է Սանտա Թերեզայի սպանություններին։ Դրանք նման են իրար, որովհետև անխղճորեն անմեղ ու անօգնական մարդկանց են սպանում, երկու դեպքում էլ զոհերը խեղճ են ու անպաշպան, երկու դեպքում էլ անարժեք են։ Բայց հրեաները միայն կանայք չեն, նրանք նաև անուն չունեն, պատմություն չունեն Սանտա Թերեզայի կանանց մի մասի պես, պարզապես հրեաներ են, որոնցից պետք է ազատվել։

2666֊ի բոլոր թելերն իրար են կապվում գրքի վերջին հատվածում։ Բոլանյոն անպատասխան հարցեր չի թողնում, բայց պետք է ուշադիր կարդալ, որ դետալները բաց չթողնվեն։ Ու ամբողջ գիրքը գրված է հեռավորության վրա։ Կարծես հետևես գրքի հերոսներին, բայց երբեք չկարողանաս բավականաչափ լավ մոտենալ, որ տեսնես նրանց, լսես խոսակցությունները, ընկալես հույզերը։ Նրանք ոչ թե միագիծ, չստացված կերպարներ են, այլ ամբողջական, իրենց դրական ու բացասական կողմերով մարդիկ են, պարզապես հեռու են, ու դու չես հասնում նրանց, որ մոտիկից ճանաչես նրանց։

2666֊ը վեպի մասին բազմաթիվ պատկերացումներ է կոտրում։ Այստեղ չկան ընդգծված գլխավոր հերոսներ։ Չկա ինչ֊որ բանի կարիք ունեցող կերպար, որն ինչ֊որ խոչընդոտի է հանդիպել։ Չկա կոնկրետ մի պատմություն. հինգ առանձին մասերից բացի պատմություններն իրար մեջ միահյուսվում են։ Իսկ առանձին մասերն էլ երբ ավարտվում են, քեզ թողնում են որոշակի հուզական վիճակում, ու էլի ես ուզում նույնից, ուզում ես շարունակել, բայց հաջորդ մասը ոնց որ լրիվ զրոյից սկսվի։ Դրա համար էլ կարդալիս անընդհատ դադարներ էի տալիս. ամեն նոր հատված սկսելը նոր գիրք սկսելու նման էր։

Ամփոփելով կարելի է ասել, որ Բոլանյոյի 2666֊ը լիքը տարբեր բաների մասին է. գրաքննադատության, կարևորի ու երկրորդականի, հանցագործությունների ու դրանց պատճառների, մարդկանց միջև մտերմության ու հեռավորության ու էլի ու էլի լիքը տարբեր բաների մասին է։ 2666֊ն էն գրքերից է, որ նույնիսկ ավարտելուց անմիջապես հետո գիտեի, որ էլի եմ կարդալու։

Խորհուրդ եմ տալիս կարդալ գիրքը։ Երբևէ կարդացածս լավագույն վեպերից է, հույս ունեմ՝ ձեզ էլ դուր կգա։

Հ.Գ. Իսկ երգը որպես բոնուս։ Թորի Էյմոսի «Խուարես» երգը Մեքսիկայի Խուարես քաղաքի սպանությունների մասին է, իսկ Սանտա Թերեզան հենց Խուարեսի վրա հիմնված հորինված քաղաք է։