Գրքերի ֆետիշացում

Հունիսին Օրհուսում գրական փառատոնի գլխավոր հյուրերից մեկը՝ պորտուգալացի֊անգոլացի գրող Խոսե Էդուարդո Ագուալուսան, խոսեց գիրք կարդալու մասին։ Գրողը կյանքի մի մասն Անգոլայում է անցկացրել, ու պատմում էր, թե ինչպես գիրք կարդալու մշակույթը կտրուկ փոխվեց կապիտալիստական հեղափոխությունից հետո։ Ասում է՝ երբ իր առաջին գիրքը լույս տեսավ, ինքը հայտնի գրող չէր, Անգոլայում էլ սոցիալիստական կարգեր էին, բայց գիրքը մի ամսում 50 000 օրինակով վաճառվեց. էժան էր ու բոլորին հասանելի։ Իսկ հիմա Անգոլայի բնակչության մեծ մասի համար գրքերն անհասանելի են, հետևաբար իր ընթերցողն ընդհանրապես Աֆրիկայից դուրս է։ Ասում է՝ ինքն ու իր պես բազմաթիվ այլ գրողներ կարծես ամբողջ աշխարհի համար Աֆրիկայի դեսպան լինեն, Աֆրիկայի համար չեն գրում, որովհետև էնտեղ մարդիկ չեն կարդում։ Չեն կարդում, որովհետև փող չունեն, որ գիրք առնեն։

Image result for books

Բայց Ագուալուսան կարդալը շատ էր կարևորում։ Ասում է՝ իր ընկերներից շատերը լրագրողներ են ու հաճախ զանազան աֆրիկյան պետությունների բռնապետներից հարցազրույց են վերցնում։ Ընկերներին խնդրում է, որ հարցնեն, թե այս կամ այն բռնապետն ինչ գրքեր է կարդում։ Պարզվում է՝ բռնապետները գեղարվեստական գրականություն ընդհանրապես չեն կարդում։ Ագուալուսան եզրակացնում է, որ դա կարող է պատճառներից մեկը լինել, որ նրանք բռնապետ են, որովհետև գեղարվեստական գրականություն կարդացող մարդը բավական լավ զարգացած էմպաթիա ունի։  Իսկ այս պահին Ագուալուսան զբաղված է Անգոլայում հանրային գրադարաններ կազմակերպելով, որ գրքերը բոլորին հասանելի լինեն, որ բոլորը կարողանան կարդալ։

Հարցազրույցից հետո վաճառվում էր Ագուալուսայի «Մոռացության ընդհանուր տեսություն» վեպի դանիերեն թարգմանությունը։ Որպես փառատոնի մաս, գիրքը զեղչով էր վաճառվում ու արժեր 300 դանիական կրոն (մոտ 23 000 դրամ, զրոները ճիշտ եմ տեղադրել)։

Այդ գնից սարսափած՝ սկսեցի գրախանութներ գնալ ու ուսումնասիրել, թե ինչ արժեն դանիերեն գրքերը. մինչ այդ պահն ինքս դանիերեն գրքեր միայն նվեր էի ստանում ու գնում էի միայն անգլերեն կամ ֆրանսերեն գրքեր, որոնք թեև ավելի թանկ էին, քան այլ եվրոպական երկրներում, բայց նաև համեմատական էին Դանիայում կյանքի թանկությանը (անգլերեններն արժեն 100 – 120 կրոն, ֆրանսերենները՝ մի քիչ ավելի էժան)։ Իսկ 300 կրոնը չափից դուրս թանկ էր։

Պարզեցի, որ, այո՛, դանիերեն գրքերն անգլերեններից մի քանի անգամ ավելի թանկ են։ Դա վերաբերում էր նույնիսկ Կարեն Բլիքսենի պես դասականների գրքերին, որոնք վաղուց հանրային սեփականություն են։ Փորձեցի հարցուփորձ անել, թե ինչու է այդպես։ Ինձ պատասխանեցին, որ դանիերենը փոքր լեզու է, ու որպեսզի հեղինակներն ու թարգմանիչները (բայց ամենից շատ հրատարակչությունները) եկամուտ ունենալ, ստիպված են գրքերը թանկ վաճառել։

Իհարկե, Դանիան լրիվ անվճար բաժանորդագրությամբ հանրային գրադարաններ ունի, որտեղից կարելի է ձեռք բերել այդ թանկարժեք գրքերը, բայց ամեն գրքի համար հաճախ հերթեր են լինում, ու պատահում է, որ պիտի մի քանի ամիս սպասես, մինչև հերթդ հասնի։ Հետևաբար, հաճախ ընտրության առաջ ես կանգնում. ամիսներ շարունակ սպասել, չկարդալ գիրքը կամ գնել չափից դուրս թանկ տարբերակը։

Բայց թանկ վաճառելով կանգնում ենք մի այլ խնդրի առաջ. ովքե՞ր են գնում այդ գրքերը։ Հարցի պատասխանը կարելի է ստանալ գրական փառատոններ գնալով։ Բարձրագույն կրթություն ստացած, սպիտակ գինի խմող, դասական երաժշտություն լսող ու «բարձր գրականությունից» զրուցող միջին խավն է։ Այս խավը նաև ծաղրում ու քննադատում է չկարդացողներին՝ առանց հաշվի առնելու, որ գրքերը ավելի ստորին խավերին ուղղակի հասանելի չեն։

Սպիտակ գինի խմողների խավին անդրադառնում է նաև իռլանդացի երիտասարդ գրող Սալլի Ռունին իր «Նորմալ մարդիկ» վեպում. «Գրականությունը ֆետիշացվում է կրթություն ստացած մարդկանց կեղծ հուզական ճամփորդությունների տանելու ունակության համար, որպեսզի հետո վերևից նայեն կրթություն չստացած մարդկանց, որոնց հուզական ճամփորդությունների մասին սիրում են կարդալ»։

Գրականության ֆետիշացումը Սալլի Ռունին քննադատում է նաև իր հարցազրույցներից մեկում. «Գրքերը դարձել են կարգավիճակի խորհրդանիշ, ապրանք։ Կարդալու մեջ լիքը սնոբիզմ կա։ Իմ ընկերն այնքան էլ շատ չի կարդում։ Չգիտեմ՝ ինչու պետք է դա քեզ անհանգստացնի, եթե դու ողջամիտ մարդ ես։ Իհարկե, ավելի կարևոր է, որ մեկը բարի ու պարկեշտ լինի։ Ինտելեկտի շատ նեղ մի տեսակի ֆետիշացում կա, որը սահմանվում է բարձրագույն կրթությամբ ու բազմաթիվ գրքեր ունենալով։ Կարծում եմ՝ այդ բոլորն անիմաստ է։ Ուրիշներին նվստացնելու մի ձև է»։

Եվ իրոք. միջին խավի ցանկացած տուն մտնելիս կտեսնես բազմաթիվ գրքերով լի գրադարակներ։ Սովորաբար այդ տան բնակիչները գրքերից ոչ մեկը չեն կարդացել, իսկ երբեմն նույնիսկ ձևացնում են, թե կարդացել են։ Հիշում եմ՝ մի անգամ ընկերներիցս մեկի տուն էի գնացել, որը Սիլվիա Փլաթի ողջ գրական ժառանգությունը հատորներով ուներ։ Ասում էր, որ ինքն է գնել։ Ասում էր, որ չի կարդալու, բայց դրանք կարևոր գրքեր են, որ պետք է տանը ունենալ։ Հետո նաև ասում էր, որ ինքն ընդհանրապես գիրք չի կարդում, բայց կարդում է վիքիպեդիայում այս կամ այն գրքի համառոտ ամփոփումը, որ հանկարծ ոչ ոք չիմանա, որ այս կամ այն գիրքը չի կարդացել։

Ու նրա նման էսպես շատերը կան։ Եկամուտի մի կլորիկ մաս ծախսում են գրքերի վրա, վերցնում են գինու գավաթը, նստում իրենց տաքուկ տներում կամ ներկայանում զանազան գրական միջոցառումների, խոսում «բարձր գրականությունից» ու իրենց աղքատ, կրթություն չստացած խավից բարձր դասում։ Այդ շրջանակներում ընդունված է կոնկրետ գրքեր սիրել, կոնկրետ գրքեր՝ չսիրել։ Ու որևէ տարբերվող կարծիք ունեցողներին (օրինակ՝ «Էդպես էլ «Ուլիսեսը» չսիրեցի»), անպայման  վերևից են նայում. «Նա գրականությունից բան չի հասկանում»։ Եվ եթե հանկարծ այս կիրթ խավում գտնվեն մարդիկ, որոնք չեն սիրում կարդալ, անպայման պիտի ձևացնեն, որ կարդում են, որովհետև հակառակ դեպքում կստորադասվեն մյուսներից, կկորցնեն իրենց կարգավիճակը։

Գրքերի նկատմամբ նման ֆետիշացում կա նաև Հայաստանում։ «Անտարես» հրատարակչության պաստառներից մեկի վրա, օրինակ, գրված էր «Միայն ուղտը չի սիրում գիրք կարդալ»։ Փաստորեն, հասարակության մի հսկայական զանգված, որը չի կարդում, միանգամից վիրավորական պիտակ է ստանում։

Իհարկե, ինչպես Ագուալուսան է նշում, կարդալը կարևոր է ու մեծացնում է մարդու էմպաթիան։ Բայց գրականությունը սեփական առավելությունն ընդգծելու միջոց դարձնելու փոխարեն պետք է այն հասանելի դարձնել բոլորին։ Իսկ հասանելի դարձնելու միջոցներից մեկը դրանք էժանացնելն է, դրանք կարգավիճակի խորհրդանիշ չդարձնելն է ու չպարտադրելը, որ մարդիկ կարդան։

Ի վերջո, գիրք կարդալը բազմաթիվ հետաքրքրություններից մեկն է, որ մարդ կարող է ունենալ կամ չունենալ, ինչպես կինո նայելը, ֆուտբոլը, համակարգչային խաղերը և այլն, կարող է անել շատ կամ քիչ, կարող է գրքեր գնել, օնլայն կարդալ կամ գրադարանից վերցնել դրանք՝ նայած հարմարության։ Դարձնելով այն հարստության (դրամական և մտավոր) խորհրդանիշ՝ այն սահմանափակվում է կոնկրետ խավով, դառնում այդ խավի սեփականությունը, դուրս մղում բոլոր նրանց, ովքեր այդ խավից չեն։ Բայց նույն Սալլի Ռունիի ծնողները ու նրանց պես շատերը թեև բարձրագույն կրթություն չեն ստացել, սիրում են կարդալ ու սիրում են ոչ թե որովհետև իրենց սոցիալական կարգավիճակը պարտադրում է դա, այլ որովհետև պարզապես սիրում են։

Եվ եթե իսկապես ուզում եք կարդացողները շատանան, պարզապես պետք է գրքերի գներն իջեցնել, գրադարաններն ավելի հասանելի ու բազմազան դարձնել։ Այդ ժամանակ կտեսնեք, որ կարդալը միջին խավի մենաշնորհը չէ, իսկ տանը գրքեր կուտակել կարող են իրենց թույլ տալ նաև նրանք, ովքեր բարձրագույն կրթություն չեն ստացել ու չունեն նույն եկամուտները, ինչ միջին խավը։

Հելլե Հելլե «Տուն-տեղ»

Գրքի վերնագրի հայերեն թարգմանությունը երևի թողնեմ թարգմանիչներին։ Դանիերեն վերնագիրն է Hus og hjem: Hus֊ն այստեղ ֆիզիկական տունն է’ առանձնատունը (անգլ. house), իսկ hjem-ը՚ վերացական տունը, այն վայրը, որտեղ քեզ «տանն ես զգում» (անգլ. home)։

Թարմացում։ Քանի որ իմ դանիերենը վերջին ժամանակներս երկրաչափական պրոգրեսիայով է աճում, ընդամենը մեկ շաբաթ անց ինքս ինձ համար հայտնաբերեցի, որ Hus og hjem սարքել արտահայտությունը գործածվում է նոր բնակավայր տեղափոխվելիս այն հարմարավետ դարձնելիս։ Կարծում եմ՝ հայերեն համարժեքը կլինի «տուն-տեղ դնել»։ Հետևաբար, գրքի վերնագիրը կարելի է դարձնել «Տուն-տեղ»։

Այս տարի Հելլե Հելլեի «Նրանք» գիրքն է լույս տեսել։ Այն կարելի է գտնել ամենուր. գրադարանններում, գրախանութներում, թերթերի խանութներում ու անգամ սուպերմարկետներում։ Հելլե Հելլեի գրքի’ սուպերմարկետներում հայտնվելը ստիպեց վերանայել «սուպերմարկետային գրականություն» տերմինը, որն օգտագործում էի սուպերմարկետներում վաճառվող անորակ սիրավեպերն ու դետեկտիվները բնորոշելու համար։

Հելլե Հելլեն Դանիայի ժամանակակից ամենաճանաչված գրողներից է։ Սերնդակիցներս դպրոցում են կարդացել նրա գործերից։ Դանիա տեղափոխվելուց հետո նրա «Ռոդբյու֊Փութգարդեն»  վեպը դանիական գրականության երկրորդ նմուշն էր, որ կարդացի (Կարեն Բլիքսենից հետո)։ Ու նոր գրքին անցնելուց առաջ գրադարանից վերցրի «Տուն-տեղը»։

Գիրքը ջահել մի կնոջ’ Աննեի մասին է։ Աննեն ընկերոջ հետ իր ծննդավայրում, որն անանուն դանիական քաղաք է, առանձնատուն է գնում ու Կոպենհագենից տեղափոխվում այնտեղ, մինչ մի ամիս հետո ընկերը նույնպես կմիանա իրեն։ Աննեի ծնողները վաղուց մահացած են, ու փոքր քաղաքում նա մանկությունից ու պատանեկությունից մնացած ծանոթ նշաններ է փնտրում։ Նորից կապ է հաստատում դպրոցական ընկերուհիների հետ ու նրանց առօրյայի մասը դառնում։ Աննեն մտերմություն է փնտրում, խորը հարաբերությունների ծարավ է, բայց ընկերուհիները խիստ կենցաղային են, ու զրույցները սահմանափակվում են հարևանների կամ համադասարանցիների մասին բամբասանքներով։

27415475

Աննեն ծանոթանում է Յենսի՚ հարևան քահանայի հետ։ Նրա հետ կարողանում է մտերմանալ ու խոսել իրեն հուզող թեմաներից, այդ թվում’ ծնողներին կորցնելուց ու ընկերոջից։ Աննեն ու Յենսը սիրահարվում են, բայց ի տարբերություն մնացած այլ նման պատմությունների, Աննեն դրամատիկ քայլերի չի գնում, ընկերոջը չի դավաճանում, հրաժարվում է Յենսի առաջարկած մտերմությունից, մնում ընկերոջ հետ, որի հետ պատրաստվում է ամուսնանալ։

Ի տարբերություն «Ռոդբյու֊Փութգարդենի», որը բավական տեղայնացված վեպ է, ու հազիվ Դանիայից դուրս ապրող, այստեղի նիստուկացին անծանոթ որևէ մեկին հետաքրքրի, «Տուն և տունը» թեև էլի հասարակ ու աննշան մարդկանց մասին է պատմում, Աննեի միջոցով քննարկում է մի համընդհանուր խնդիր, որին տեղից տեղ վազող սերնդակիցներս հաճախ են բախվում. վերադառնա՞լ ծննդավայր, ու վերադարձից հետո ի՞նչ է սպասվում։ Աննեն մարմնավորում է այդ վերադարձողներին, որոնք ինչ֊որ բան են փնտրում ծննդավայրում, որոնք հանդիպելով մանկության ընկերներին’ զգում են, որ ոչ մի ընդհանուր բան չունեն, փորձում հարմարվել նոր ապրելակերպին’ անընդհատ ինչ֊որ միջոցառումներ կազմակերպելով։ Ու փորձում նաև ի վերջո տանը զգալ, ինչը շատերի մոտ չի ստացվում։ Կարողացա՞վ արդյոք Աննեն տանը զգալ։ Միայն գիտենք, որ դատարկեց արկղերը, ներկեց պատերն ու առանձնատունն ավելի հարմարավետ դարձրեց միայն ընկերոջ’ այնտեղ տեղափոխվելուց հետո։ Ու գիտենք նաև, որ վերջում երջանիկ էր։

Գիրքը, ցավոք, անգլերեն չի թարգմանվել։ Ու հենց էսպես փոքր լեզուներով գրված բազմաթիվ գրքեր անհասանելի են մնում ամբողջ աշխարհին միայն նրա համար, որ անգլալեզու գրականությունը գերիշխող է։ Հելլե Հելլեի «Տուն-տեղը» չի զիջում իմ կարդացած ժամանակակից ամերիկյան գրականության բազմաթիվ նմուշների, բայց նույն թվով մարդիկ չեն կարդում, որովհետև գործողությունները Նյու Յորքում տեղի չեն ունենում, իսկ գրքի լեզուն դանիերենն է։

Երևի մի օր ուզենամ հայերեն թարգմանել, որովհետև ներգաղթի կոչերի այս ֆոնի վրա երևի արժե փորձել հասկանալ, թե ինչ է զգում ներգաղթողը։ Իսկ Հելլե Հելլեն այդ զգացողությունները բառացի չի նկարագրում։ Դրանք խորը թաքնված են կերպարների երկխոսությունների հետևում, որոնք եթե մարդ ուշադիր չկարդա, կհամարի անկապ, ոչինչ չասող կենցաղային խոսակցություններ։

Յոհաննես Վ․ Յենսենի «Արքայի անկումը»

Տարիներ առաջ, երբ նոր էի տեղափոխվել Կոպենհագեն, ու առաջին անգամ ոտք դրեցի Արք գրախանութ, վաճառողուհուն խնդրեցի դանիական գրականության որևէ նմուշ խորհուրդ տալ։ Գրադարակը քրքրեց ու ընտրեց Յոհաննես Վ․ Յենսենի «Արքայի անկումը»՝ նշելով, որ հեղինակը Նոբելյան մրցանակակիր է և ընդհանրապես այդ գիրքն իր սիրելիներից է։

Image result for the king's fall johannes jensen

Գիրքն առա, տարա տուն ու դրեցի գրադարակումս։ Ու էդպես էնտեղ մնաց գրեթե չորս տարի։ Մի անգամ առավոտյան նախկիններիցս մեկը պարապությունից սկսեց առաջին էջերը կարդալ, ասաց՝ լավն է։ Մի անգամ էլ ընթերցողների ակումբում առաջարկեցի, ու ընտրվեց որպես այս դեկտեմբերի գիրք։ Բայց էդպես էլ կարդալը հետաձգեցի մինչև վերջերս, երբ հետս քարշ տվեցի Յոենսու, էնտեղից նորից Կոպենհագեն, հետո՝ Երևան, որտեղ նոր սկսեցի կարդալ։

«Արքայի անկումը» պատմավեպ է։ Գլխավոր հերոսը Միկել Թյորգեսենն է, որը հաջողացնում է Քրիստիան II թագավորին ծառայել։ Միկելը բավական տպատակասլաց, վրիժառու, կոշտ բնավորությամբ ու ոչ էնքան հաճելի մարդ է։ Բայց նրա կյանքի պատմության միջոցով հեղինակը պատմում է Քրիստիան II-ի մասին․ մի թագավոր, որն ազնվականության հետ կոնֆլիկտների մեջ էր, որովհետև գյուղացիների կողմն էր բռնել։

Վեպի իրադարձությունները տասնվեցերորդ դարում են տեղի ունենում։ Ու զարմանալի է, թե որքան է այն ժամանակվա Դանիան նման այսօրվա Դանիային։ Երբ, օրինակ հրեա Սյուզաննային բռնացնում են մի տղամարդու հետ, Կոպենհագենից վտարում են նրան։ Ու հեղինակը բացատրում է, որ եթե Սյուզաննայի մաշկը շագանակագույն չլիներ ու դանիացի լիներ, պարետն աչք կփակեր։

Պատմությունը բավական անսովոր ձևով է պատմվում։ Հետաքրքիր ուղղություններով ճյուղավորվում է, որ չես հասկանում՝ ինչու է այդպես։ Հետո նույն կերպարները հայտնվում են բոլորովին անսպասելի կոնտեքստներում ու կատարում բոլորովին անսպասելի գործողություններ։

Տեքստը տեղ-տեղ բավական պոետիկ է։ Հատկապես մահվան տեսարաններում էնպիսի մի քնարականություն կա, որ թվում է՝ հեղինակը մահը բոլոր կողմերից ուսումնասիրել է գիրքը գրելուց առաջ։

Գրքի օճառային մասերը բավական անհավանական էին թվում։ Անհավանական էր թվում, թե ոնց էին բոլոր կանայք մեկի հետ մի անգամ սեքս անելուց հետո միանգամից հղիանում։ Բայց հետաքրքիր էր, որ ինչ-որ մեկի՝ մեկ այլ կերպարի ապօրինի երեխա կամ թոռ լինելն ի վերջո ոչինչ չէր փոխում։

Դանիական որոշ լրատվամիջոցներ «Արքայի անկումը» ճանաչել են որպես դանիական գրականության՝ քսաներորդ դարի կարևորագույն գործ։ Ու իրոք․ թե՛ որպես գրական գործ հզոր է, թե՛ որպես դանիականությանն անդրադարձող գիրք իր մեջ ամփոփում է Դանիայի պատմության մի կարևորագույն դրվագ։ Մորթենին հարցրի, ասում է՝ դպրոցում սկի չեն էլ անցել։ Բայց եթե որևէ մեկին հետաքրքրում է Սկանդինավիայի պատմությունն ու դանիականությունը, անպայման խորհուրդ եմ տալիս կարդալ։

Հելլե Հելլեի «Ռոդբյու-Փութգարդեն» վիպակը

Image result for rødby puttgardenՄի անգամ գործիս տեղը նվնվում էի, թե լավ դանիական գրականություն չկա, որ կարդամ։ Որպես պատասխան գրասեղանիս հայտնվեց Ծննդյան տոների փաթեթավորմամբ մի նվեր։ Դանիացի գրող Հելլե Հելլեի «Ռոդբյու-Փութգարդեն» վիպակն էր, որն էդպես մի կողմ թողեցի մինչև էն օրը, երբ այլևս դանիերենի դասերի չէի գնում, ու լեզուն կենդանի պահելու համար որոշեցի կարդալ։

«Ռոդբյու-Փութգարդենը» Դանիան և Գերմանիան կապող լաստանավի երթուղի է։ Վիպակի հերոսների համար կենտրոնական դեր է կատարում այս երթուղին, որովհետև աշխատում են նավի օծանելիքի բաժնում ու բնակվում են Ռոդբյու բնակավայրում։

Վիպակի կենտրոնական դեմքը քսանամյա Ջեյնն է, որը բնակվում է իր քրոջ՝ Թինեի և քրոջ դստեր՝ Դիթեի հետ։ Ջեյնն ու Թինեն տարբեր հայրերից են։ Մեծացել են առանց հոր։ Նույն կերպ էլ պատահական սեռական կապից ծնված Դիթեն էլ է առանց հոր մեծանում։

Ջեյնը դեռ շատ ջահել է, չգիտի՝ կյանքից ինչ է ուզում։ Թինեն հույս ուներ, որ  Ջեյնը գոնե բարձրագույն կրթություն կստանա, բայց Ջեյնն ուսումը կիսատ է թողնում, վերադառնում Ռոդբյու՝ կառչելով մանկության հիշողություններից։

Վիպակի դեպքերի մեծ մասը տեղի են ունենում դանիական այդ աննշան քաղաքում իր աննշան հերոսներով։ Միայն մի դրվագ կա, որտեղ Ջեյնը սիրեկանի հետ մեկնում է Համբուրգ, բայց հետո մեծ հաճույքով վերադառնում է Ռոդբյու։ Մեծ հաճույքով, որովհետև ջահել Ջեյնը չգիտի տղամարդկանցից ինչ է ուզում, բայց հանկարծ Համբուրգում հայտնաբերում է, որ սիրեկանի՝ ամուսնացած լինելն իրեն անհանգստացնում է։

«Ռոդբյու-Փութգարդենի» ուժեղ կողմերից էր նաև Դիթեի կերպարը։ Մի քանի ամսական պստլիկ աղջիկն ի՞նչ կերպար պիտի ունենա որ։ Բայց հեղինակը հմտորեն մտցրել էր նրան պատմության մեջ՝ անձնավորելով ու դարձնելով վիպակի անբաժան մասը։ Դիթեն խաղում էր, Դիթեն լացում էր, Դիթեն ուշադիր նայում էր մարդկանց, Դիթեն որոշ բաներ սիրում էր, որոշ բաներ՝ չէ։

Հելլե Հելլեին անվանում են դանիական Հեմինգուեյ։ Հեղինակն ինքն էլ է խոստովանում, որ Հեմինգուեյից ահագին ազդված է։ Իսկ վիպակում տեսնում ես պարզ, կարճ նախադասություններ, կենդանի երկխոսություններ, որտեղ ամեն ինչ չէ, որ ասվում է։ Ու կերպարներին ճանաչում ես հենց իրենց ասածների ենթատեքստերից։ Ու հենց այդ պարզ, հասկանալի լեզուն անասելի սիրուն է թվում։ Այս գրեթե երեք տարիների ընթացքում դանիերենի սիրունությունն առաջին անգամ հենց այս գիրքը կարդալիս զգացի։

Հեղինակն աննշան քաղաքում ապրող աննշան մարդկանց պատմությունը նշանավոր ու հետաքրքիր է դարձրել՝ այդպիսով ցույց տալով, որ նրանք էլ ունեն հետաքրքրություններ, անհանգստություններ ու երազանքներ, կարևորելով այն կյանքերը, որոնց մեծ քաղաքների սնոբերը անվանում են հիմարներ ու կյանքից բան չհասկացողներ։

Իսկ այս ընթացքում Դանիայում լաստանավերի երթուղիները մեկը մյուսի հետևից փակվում են՝ փոխարինվելով կամուրջներով։ Մեկը մյուսի հետևից այդ աննշան բնակավայրերի բնակիչները զրկվում են աշխատանքից։ Ռոդբյու-Փութգարդեն երթուղին դեռ կա. Գերմանիան ու Դանիան կապող կամուրջ դեռ չի կառուցվել։ Հուսամ՝ չի էլ կառուցվի, որ Ջեյնն ու Թինեն չկորցնեն իրենց աշխատանքը։

Ադիչիեի «Ամերիկանան» որպես ռասիզմի մասին ոչ այնքան հաջող գիրք

22a8e000-ff3a-0133-f1c5-0aacbc4f5d01Մեր ուսանողներից մեկի ավարտական ցերեկույթն էր։ Ֆրանսուհի կոլեգաս, հարցրեց, թե արդյոք «Ամերիկանան» կարդացել ենք։ Շեֆս ասաց չէ, սկսեց Ուելբեքից խոսել։ Բայց ֆրանսուհին վերադարձավ «Ամերիկանային»։ Ասաց, որ գիրքը կարդացել է, որ իր տանն ապրող ուգանդացի փախստականին ավելի լավ հասկանա, ու դա ահագին օգնել է։ Չգիտեմ՝ կոլեգաս գրքից ինչ ստացավ, բայց ես առանձնապես հիացած չեմ։

Նիգերացի գրող Չիմամանդա Ադիչիեի «Ամերիկանա» գիրքը նիգերացի Իֆեմելուի մասին է, որը մեկնում է ԱՄՆ սովորելու, հետո հետ է գնում Նիգերիա։ Առաջին հայացքից՝ հետաքրքիր թեմա. սև իմիգրանտի պատմություն ԱՄՆ-ում։ Բայց թեմայի հետաքրքրականությունը կորում է ռասիզմի մասին անվերջ դատողությունների, ձանձրալի բլոգային գրառումների ու բազմաթիվ ավելորդ, պատմության հետ ընդհանրապես կապ չունեցող մանրամասների արանքում։

Իֆեմելուն Նիգերիայում թողնում է ընկերոջը՝ Օբինզեին: ԱՄՆ մեկնելուց հետո որոշ ժամանակ անց կապերը խզում է, հետո տարիներ անց հանդիպում են։ Նրանց ամբողջ սերը լցված է կլիշեներով («Նա հանկարծ հասկացավ, որ ուզում էր նույն օդը շնչել, ինչ Օբինզեն»), ու պրիմիտիվ սերիալային ռոմանտիկայից բացի ոչինչ չես տեսնում։

Իֆեմելուն ինքը բավական զզվելի բնավորությամբ կին է. աջ ու ձախ բոլորին քննադատում է, իրեն բոլորից վեր է դասում (թե՛ ԱՄՆ-ի սևերից, թե՛ իմիգրանտ սևերից, թե՛ սպիտակներից, թե՛ իր ընկերներից, թե՛ ծնողներից): Կյանքում որևէ նպատակ չունի, որևէ բանի հետևից չի գնում։ Ասես ընդունում է էն, ինչ գալիս է իր առաջ։ Ու անգամ Նիգերիա վերադառնալն էլ հստակ պատճառաբանություն չունի։ Իհարկե, զանազան իմիգրանտներ կվիճեն, թե բոլորս էլ մեր երկիրը վերադառնալու զգացողությունն ունենում ենք։ Բայց բոլորս չենք վերադառնում, չէ՞։ Իսկ եթե վերադառնում ենք, շատ կոնկրետ պատճառաբանություններ ենք ունենում։

Ուրեմն ինչու՞ հանկարծ Իֆեմելուն որոշեց Նիգերիա վերադառնալ։ Բլեյնից բաժանվե՞լն էր պատճառը (Իֆեմելուի սևամորթ ինտելեկտուալ ընկերն ԱՄՆ-ում)։ Նիգերիայում վերջապես ժողովրդավարական ընտրություննե՞րը։ Փրինսթոնից հետո ուղղակի որևէ պլան չունենա՞լը։ Օբինզեին տեսնելու ցանկությու՞նը։ Թե՞ ուղղակի կարոտախտը։ Բայց եթե վերջինը, ուրեմն ինչու՞ տասներեք տարի հետո, ոչ թե ավելի շուտ։

Գիրքն էդպես էլ անպատասխան է թողնում Իֆեմելուի այս որոշումը, ինչպես անպատասխան, կիսատ է թողնում նաև բազմաթիվ այլ հատվածներ։ Ասենք, Օբինզեին Լոնդոն հասցնելու իմաստը ո՞րն էր։ Էդ մասը հանենք, դուրս շպրտենք, ու վեպում դրանից ոչինչ չի փոխվի։ Կերպարները դրանից ուրիշ մարդ չեն դառնա։ Իսկ եթե հեղինակն ուզում էր ապօրինի իմիգրանտների թեման էլ շոշափեր, գուցե դա աներ մի ուրիշ գրքում ու չերկարացնել առանց այդ էլ հաստափոր գիրքը։

Ընթացքում անընդհատ ուզում ես ճանաչել Իֆեմելուին, իմանալ, թե ինչն է իրեն հուզում, ինչ է ուզում էս կյանքից, ինչն է իրեն անհանգստացնում։ Բայց միայն հանդիպում ես նրան, թե ինչից է դժգոհ։ Գրեթե ծայրից ծայր անհաղորդ ես մնում գլխավոր հերոսուհու ապրումներին, չնայած արի ու տես, որ ռասիզմի մասին բլոգ ունի։

Ուզում ես հասկանալ, թե ռասիզմն անմիջականորեն ինչպես է ազդում Իֆեմելուի վրա։ Բայց դրա մասին գրեթե ոչինչ չկա։ Կարծես ինքը չի տուժում, միայն դիտարկում է։ Ռասիզմի մասին միայն խոսվում է, բայց այն չի երևում գրքում։ Ես կուզեի դա տեսնել, հասկանալ, թե ինչպես է հերոսուհուն անհանգստացնում, ոչ թե դրա դրսևորումներին ծանոթանալ բլոգային գրառումների ու ինտելեկտուալ երկխոսությունների միջոցով։

Հատուկենտ հետաքրքիր մասերը հեղինակը կարճ է կապում ու անցնում առաջ։ Ասենք, Իֆեմելուի զարմիկ Դայքի ինքնության խնդիրը, որն իմ կարծիքով գրքում ամենահետաքրքիր մասն է, շատ հպանցիկ է ներկայացվում, որպես երկրորդական պատմություն։

Իֆեմելուի կերպարը միայն տեսանելի է դառնում այն ժամանակ, երբ տարիներ անց գրախանութում հանդիպում է Օբինզեին։ Էդ մասի երկխոսությունները կենդանի են։ Հազիվ կարողանում ես հասկանալ կերպարին։ Բայց դա ընդամենը մի քանի էջ է տևում։ Դրանից հետո գիրքը վերադառնում է իր նույն ձանձրալի ընթացքին։

Մի ուրիշ լուրջ թերություն է նորմալ խմբագրման բացակայությունը։ Բացի նրանից, որ ուժեղ պատմություն ստանալու համար գրքի 70 %-ն ուղղակի պետք է կտրել-թափել, հեղինակը նաև լիքը ժամանակային անճշտություններ է թույլ տվել։ Սկզբում տպավորություն է ստեղծվում, որ Իֆեմելուն 90-ականների կեսերին է ԱՄՆ մեկնում։ Բայց զանազան փաստեր ֆիքսելով՝ հասկանում ես, որ հեղինակն անընդհատ հետուառաջ է արել, ինքն էլ չգիտի, թե կոնկրետ երբ են գրքի իրադարձությունները տեղի ունենում։

Խմբագրման բացակայությունը հատկապես ակնհայտ է դառնում, երբ հենց գրքի բովանդակության անճշտություն ես նկատում։ Գրքի սկզբում Նիգերիա վերադառնալուց առաջ Իֆեմելուն Օբինզեին գրում է, որ Բլեյնից բաժանվել է, ու Օբինզեն շատ լավ ֆիքսում է էդ ինֆորմացիան։ Իսկ վերջում, երբ հանդիպում են, Օբինզեն հարցնում է, թե Բլեյնի հետ գործերը ոնց են։ Ասես էդ մեյլն ինքը չէր ստացել։

«Ամերիկանան» հաստատ պոտենցիալ ունեցող պատմություն է, ու հետաքրքիր է Նիգերիայի, ինչպես նաև ԱՄՆ-ում նիգերացի իմիգրանտի մասին կարդալը։ Բայց հենց խմբագրման բացակայությունն այն դարձնում է միջակություն ու ստիպում հեղինակի գրքերն այլևս չբացել, չնայած որ շատ տեղերում կարդացել եմ, որ նրա նախորդ վեպերն ավելի լավն են։

 

Ջենիֆեր Իգանի «Ժամանակը վերջինն է ծիծաղում» գիրքը

a-visit-from-the-goon-squadԵրեկոյան գործից գալիս եմ տուն: Փոստարկղում մի փաթեթ կա իմ անունով, որը ես չեմ պատվիրել: Բացում եմ: Մեջը Ջենիֆեր Իգանի «Ժամանակը վերջինն է ծիծաղում» գիրքն է (անգլերեն՝ “A Visit from the Goon Squad”, բառացի՝ «Ավազակախմբի այցելություն»): Կարիք չունեմ դեսուդեն ընկնելու: Միանգամից կռահում եմ, որ ուղարկողն ընկերս է. վերջերս ինքն էր էս գիրքը կարդում, ինձ էլ խորհուրդ էր տալիս: Երբ գիրքն իր ոտքով գալիս-հասնում է քո փոստարկղը, էլ ի՞նչ պիտի անես: Պիտի կարդաս:

Գրքի առաջին գլխում կլեպտոման Սաշայի ու Ալեքսի ժամադրությունն է: Էստեղ իմանում ենք նաև, որ Սաշան կլեպտոմանիայից ազատվելու համար հոգեթերապևտի է այցելում: Ռեակցիաս. «Ահավոր ամերիկյան գիրք է»: Բայց առաջին գլխի ավարտից հետո էլի ես ուզում ու շարունակում ես կարդալ:

Երկրորդ գլխում ծանոթանում ես Սաշայի շեֆի՝ Բեննիի հետ: Դրանից հետո ամբողջ գրքում պատմություններ են այս երկու կերպարների կամ նրանց հետ երբևէ կապ ունեցած մարդկանց մասին: Ու ամեն տեղ թեման նույնն է. ինչպես է ժամանակը խլում մարդու երիտասարդությունը, երազանքներն ու հաջողությունը: Թեև գրքի հերոսները փորձում են մաքրել ժամանակի հետքերը կամ կռիվ են տալիս դրա դեմ, միևնույն է, ժամանակը հարձակվում է նրանց վրա, ոնց կարողանում, վնաս տալիս: Եվ անգամ այն հերոսները, որոնք վերջում երջանիկ են, բնավ չեն ապրում այն կյանքով, ինչի մասին երազել են երիտասարդ տարիներին:

Կերպարներն այս կամ այն կերպ կապված են երաժշտական բիզնեսի հետ, ու թեև երաժշտությունը գրքում կենտրոնական թեմա չէ, ամեն գլուխ ոնց որ իր երաժշտական ձևավորումն ունենա. հիշատակվում են իսկական ու հորինված խմբեր ու երգեր, համերգներ, հաջողված ու կործանված գործունեություններ: Այստեղ հանդիպում ես նախկին ռոք աստղի, պրոդյուսերի, լրագրողի, երաժշտասերների ու հետևում նրանց կյանքի ընթացքին:

Գրքի տասներեք գլուխներն ավելի շատ առանձին պատմվածքների են նման: Սկզբում հենց էդպես առանձին-առանձին էլ տպագրվել են: Իսկ գրքի տարբերակը Իգանն ինքը նկարագրում է որպես պատմվածքների հավաքածուի ու վեպի արանքում ինչ-որ մի բան: Գլուխների ոչ գծային դասավորությունը սկզբում շփոթեցնող է, բայց հենց նկատում ես դա, ժամանակի ազդեցությունն ավելի նկատելի է դառնում:

Գրեթե ամեն գլխում պատմողը փոխվում է: Գլուխներ կան, որոնք առաջին դեմքով են՝ տվյալ կերպարի տեսանկյունից: Գլուխներ կան, որոնք երրորդով են: Եվ անգամ կա մեկը, որը երկրորդով է: Իգանը նաև փորձարկում է սլայդներով պատմելը. Սաշայի 12-ամյա դուստր Ալիսոնը սլայդներով նկարագրում է իր ընտանեկան առօրյան ու եղբոր տարվածությունը երգերի մեջտեղներում եղած դադարներով: Այս գլխում ժամանակը դառնում է նաև դադար, լռություն:

Գիրքն էնպես է գրված, որ անընդհատ շարունակելու տեղ կա, որովհետև ժամանակ անընդհատ կա ու կան կերպարներ, որոնց մասին չենք իմանում, թե ինչ է լինում: Բայց այստեղ չես կարող ասել, թե «վերջում ինչ է լինում», որովհետև չկա վերջ, ժամանակը վերջ չունի:

Բեռնարդ Շլինկի «Ընթերցողը»

Ուշադրություն. գրառումը պարունակում է բազմաթիվ սփոյլերներ:

Հոլոքոսթի մասին գրքեր ու ֆիլմեր շատ կան: Գերմանացիներն էլ հիմա մեծանում են մեղքի զգացումը վզներին: Իմ սերնդակիցները հաճախ ասում են. «Ախր մեր պապիկ-տատիկների սերունդն էր, ինչու՞ են մեզ դպրոցում սովորեցնում մեղքի զգացում ունենալ»:

Բեռնարդ Շլինկն «Ընթերցողը» վեպում Հոլոքոսթը ներկայացնում է մյուս՝ գերմանական տեսանկյունից, թե ինչու դա եղավ և ինչպես են սերունդներն ընկալում այն: Ամբողջ գիրքը կարդալիս սերնդակիցներս աչքիս առաջ էին:

Գրքում դեռահաս Միքայելը սիրահարվում է երեսունն անց Հաննային: Առաջին մեկ երրորդը նրանց սիրավեպն է նկարագրում: Հետո Հաննան անհետանում է, Միքայելի կյանքը խառնվում է իրար: Մեկ էլ Հաննային հանդիպում ենք դատարանում: Մեղադրվում է հրեա կանանց եկեղեցում վառելու մեջ: Ասում են՝ բանալիները մոտն էին, բայց չի բացել, դուրս չի թողել:

Էստեղից սկսած գիրքը բարդանում է: Իմանում ենք, որ Հաննան անգրագետ է: Անգրագետ է, բայց այդ մասին չի ասում, նախընտրում է մեղքն ընդունել, թե ինքն է դեպքերի զեկույցը գրել, հետևաբար մեղքի մեծ բաժինն իր վրա է ընկնում: Հաննան ամաչում է իր գրել-կարդալ չիմանալուց ու դա թաքցնում է բոլորից: Բայց իմանու՞մ է արդյոք, որ եթե իր անգրագիտությունը ջրի երես հանի, ավելի մեղմ պատիժ կստանա:

Դատավարության ժամանակ մի տեսարան կա, երբ դատավորը հարցնում է, թե ինչու եկեղեցու դուռը չբացեց: Հաննան պատասխանում է.

– Իսկ եթե դուք լինեիք իմ տեղը, ի՞նչ կանեիք:

Այս նախադասությունը պատմության հիմնական մեխն է: Մի կողմից, Հաննան իր անգրագիտությամբ Հոլոքոսթն իրականացրած գերմանացիների ներկայացուցիչն է: Ինքը վատ մարդ չէ, բայց ընկնելով համակարգի ազդեցության տակ, չունենալով բավարար գիտելիքներ ու կրթություն՝ չի հասկանում, թե ինչ է անում: Մյուս կողմից, կողքից մեղադրողներն են: Իսկ եթե դուք լինեիք նրանց փոխարեն, ի՞նչ կանեիք:

Քննվում է նաև Միքայելի մեղքի զգացումը. ինքը սիրել է հանցագործին, ու չի կարողանում ինքն իրեն ներել դրա համար: Ոնց որ Գերմանիայի նոր սերունդներն են, որ ապրում են և՛ մեղքի զգացումով, և՛ չեն կարող չսիրել իրենց տատիկ-պապիկներին: Նաև Միքայելի խորտակված կյանքն է. այլևս ոչ մի կնոջ չի կարողանում սիրել: Ներկայիս գերմանացիները շարունակում են Հոլոքոսթի կոմպլեքսով ապրել:

Բայց Հաննան գիտելիքի ծարավ ունի: Ու երբ դա հասկանում է Միքայելը, սկսում է գրքեր կարդալ ու ձայնագրել ու բանտ ուղարկել: Ի վերջո, Հաննան սովորում է գրել կարդալ, Միքայելին նամակներ է գրում:

Միքայելը Հաննայի մյուս կողմն է տեսնում: Տեսնում է ոչ թե դաժանաբար կանանց եկեղեցում այրած ֆաշիստի, այլ անգրագետ ու միամիտ մեկի, որն այդ ժամանակներում բանակից բացի ուրիշ տեղ աշխատանք չէր կարողացել գտնել գրել-կարդալ չիմանալու ու դրանից ամաչելու պատճառով: Տեսնում է ոչ թե թույլ աղջիկներին տանջող մեկի (Հաննան առավել թույլերին տանում էր մոտը, բարձրաձայն կարդալ տալիս), այլ մեկի, որը փորձել է աղջիկների կյանքի վերջին ամիսն ավելի տանելի դարձնել:

Բայց վերջում, երբ Հաննան արդեն չի լինում, ու Միքայելը կտակը հասցնում է Հոլոքոսթ վերապրած հրեա աղջկան ու պատմում իր պատմությունը, աղջիկը Հաննային հայհոյում է, թե՝ մի երեխայի կյանք էլ խորտակեց էդ կինը: Ու չես կարող աղջկան մեղադրել. էդ կնոջ պատճառով քիչ էր մնացել, որ ինքն այրվեր եկեղեցում:

Երբ գիրքը փակում ես, չես իմանում՝ ինչ մտածես Հաննայի մասին: Մենակ մի բան գիտես. անգրագիտությունն ու անկրթությունն ահավոր բան է, բոլոր չարիքների պատճառը: Դրա համար անգրագետ հասարակություն ունենալը շատ վտանգավոր է:

Պատրիկ Մոդիանոյի «Մութ կրպակների փողոցը»

Մոդիանոյի անունը լսած կայի՞ք մինչև Նոբելյան մրցանակ ստանալը: Ես լսել էի, անգամ կարդացել նրա ոչ հայտնի գործերից մեկը: Բայց երբ Նոբելյանը ստացավ, ռիսկով որոշեցի հայտնիներն էլ կարդալ: Սկսեցի «Մութ կրպակների փողոցից»:

«Ես ոչինչ եմ»,- հենց այս նախադասությամբ է սկսվում գիրքը, ու շուտով իմանում ենք, որ գրքի հերոսը՝ Գի Ռոլանը, սկսում է որոնել ինքն իրեն: Անհասկանալի պատճառներով ամնեզիա ունի ու չի հիշում՝ ով է եղել ինքը, ո՛չ անունը, ո՛չ ազգությունը, ոչ մի բան: Որոնումների ընթացքում տարբեր մարդկանց է հանդիպում, տարբեր հետքերի վրա հայտնվում:

Առաջին հայացքից սովորական դետեկտիվ վեպ է, բայց էստեղ գործ ես ունենում անցյալը կորցրած մարդու հուսահատության հետ: Փնտրում է իր ինքնությունը, փորձում պատկերացնել, թե ինչպիսին է եղել հիշողությունը կորցնելուց առաջ, լցնում բացերը: Սկզբում իրեն սխալ մարդու տեղ է դնում, հետո կամաց-կամաց պարզում է անուն-ազգանունը և ազգությունը: Իսկ այն մարդիկ, որոնք անմիջականորեն կապ են ունեցել հետը, կորած են, ստվերների նման հայտնվում են պատմության մեջ, նորից անհետանում:

Հիշողության պատառիկներ վերադառնում են: Ու դրանց մեջ նոստալգիա կա, ցավ կա, հուսահատություն կա: Բայց լիքը բաներ էդպես էլ բաց են մնում, հանելուկ, ընթերցողն է լցնում դրանք:

Ընթերցողը հասկանում է, թե օտարերկրացիների համար ինչքան դժվար է եղել կյանքը Փարիզում պատերազմի տարիներին: Հեղինակը չի ծամում, դնում բերանդ, այլ փոքրիկ ակնարկներ է անում: Այդ տարիներին մարդիկ կեղծ անձնագրեր են ձեռք բերում, փորձում սահման հատել, կորում ձյան մեջ, կորցնում հիշողությունը, կորցնում իրենց ինքնությունը: Իսկ վերջում պարզում ենք, որ գրքի հերոսը բնակվել է Հռոմի Մութ կրպակների փողոցում: Ասում են՝ հրեական գեթո է:

Ես սովորաբար երբ մի գիրք կարդում-վերջացնում եմ, բլոգումս գրմրում եմ, հետո սկսում եմ փնտրել, թե ուրիշներն ինչ են գրել էդ գրքի մասին: Միշտ մանթո եմ մնում, որովհետև ուրիշները լիքը բան են մեջը տեսած լինում, ես՝ չէ: Ճիշտ է՝ ոնց որ Հեմինգուեյի դեպքում, շատ ժամանակ ձուկն ուղղակի ձուկ է, բայց դե…

Մոդիանոյի «Մութ կրպակների փողոցի» դեպքում լրիվ հակառակ էֆեկտն էր: Կարդացածս վերլուծությունները շատ մակերեսային էին ու վերջանում էին նրանով, որ Գի Ռոլանը տենց էլ չի իմանում, թե էդ բոլոր մարդկանցից որ մեկն է ինքը: Իսկ ինձ թվում է՝ լավ էլ իմանում է, բայց դա բավարար չի լինում ինքնությունը վերականգնելու համար: Մեկ էլ ասվում է՝ էդ սաղ հիշողությունները չես հասկանում՝ իսկակա՞ն են, թե՞ մտացածին: Իմ կարծիքով, հեղինակը շատ հստակ տարբերակում է դնում երևակայության ու վերականգնվող հիշողության միջև: Ու մեկ էլ չնայած էստեղ թեման կոնկրետ կերպարի անձնական ողբերգության մասին է, իրականում դու տեսնում ես պատերազմի տարիների երիտասարդության ողբերգությունը, էստեղ մի այլ կորած սերունդ է նկարագրում Մոդիանոն, բառիս բուն իմաստով կորած:

Վիլյամսի «Սթոուները» որպես վերաբացահայտված դասական

60-ականներին գրված այս գիրքը ժամանակին շատ քիչ է վաճառվել ու մոռացվել, մինչև վերջերս, երբ վերաբացահայտվել, վերահրատարակվել ու բեսթսելեր է դարձել: Բայց արի ու տես նույնիսկ այսքանից հետո այն բեսթսելեր է Եվրոպայում. ամերիկացիները չեն սիրում այս գիրքը, չնայած հեղինակն ամերիկացի է, պրոտագոնիստն ամերիկացի է, դեպքերն էլ տեղի են ունենում քսաներորդ դարի առաջին կեսի Ամերիկայում: «Սթոուների» մասին գրում են. «Ձեր չկարդացած լավագույն վեպն է»:

Վիլյամ Սթոուները գյուղացի ընտանիքի տղա է, որը գնում է գյուղատնտեսություն սովորելու, բայց հանկարծ միտքը փոխում է, սիրահարվում անգլիական գրականությանն ու էդպես շարունակում՝ մնալով համալսարանում, բայց երբեք ասիստենտ պրոֆեսորից բարձր կոչման չարժանանալով: Պատերազմին չի մասնակցում, ամուսնությունը հաջող չի լինում, աշխատավայրում կոնֆլիկտներ է ունենում, իսկ ավելի ուշ չի կարողանում իր սիրուն տեր կանգնել: Իսկ հիմա այս պարզ, ոչ մի բանով աչքի չընկնող կենսագրությունն ավելի մանրամասն ուսումնասիրենք:

Սթոուներն ընդհանուր առմամբ զիջող մարդ է. զիջում է կնոջ բոլոր կապրիզներին, ոչ մի անգամ կոնֆլիկտի չի գնում, զիջում է, երբ կինն այնպես է անում, որ իրենց դուստրը հոր հետ քիչ շփվի, զիջում է նույնիսկ այն ժամանակ, երբ սիրուհու հետ կապված սկանդալը քիչ է մնում՝ ջրի երես դուրս գա, զիջում է, երբ ամբիոնի վարիչի պաշտոն է առաջարկվում: Բայց մի հարցում սկզբունքային է. իր աշխատանքում: Ինքը սիրում է անգլիական գրականությունն ու սիրում է դասավանդել: Դրա համար անում է ամեն ինչ աշխատանքը չկորցնելու համար: Համարյա ամեն ինչ, որովհետև միայն իմ պահ քիչ է մնում՝ կորցնի, բայց նույնիսկ այդ դեպքում աշխատանքի հանդեպ սիրուց է էդպես անում:

Մի տեսարան կա, որտեղ Սթոուները փորձում է մի ասպիրանտի կտրել և հեռացնել տալ համալսարանից, որովհետև պարզապես գիտելիք չունի: Սթոուները չի ուզում, որ իրենց ոլորտ թույլ մեկը մտնի: Բայց ասպիրանտի ղեկավարը՝ Լոմաքսը, Սթոուների հետ թարսվում է ու ամեն կերպ փորձում էնպես անել, որ ասպիրանտը մնա: Գրքի ամենալավ մասերն են, երբ սկզբունքային Սթոուները հրաշալի կերպով ցույց է տալիս ուսանողի անգրագետ լինելը, իսկ Լոմաքսը մանիպուլացնում, փորձում է ապացուցել, որ տղան հաշմանդամ է, դրա համար է հետն էդպես վարվում: Էստեղ գործ ենք ունենում պոզիտիվ դիսկրիմինացիա երևույթի հետ, երբ անգրագետ ասպիրանտին Լոմաքսն աջակցում է միայն նրա համար, որ հաշմանդամ է, իսկ Սթոուների՝ չզիջող վերաբերմունքը վերագրում նրան, որ տղան հաշմանդամ է:

Սթոուները մի լավ ընկեր ունի՝ Գորդոն Ֆինչը, որը պատերազմում կռվել է, հետո էլ ֆակուլտետի դեկան է դառնում: Ու այս մարդը, ի տարբերություն միամիտ, զիջող, ոչ ամբիցիոզ ու ամեն ինչ պարզ պատկերացնող Սթոուների, իսկական դիվանագետ է, ֆակուլտետի բարդ հարցերը փորձում է դիվանագիտորեն լուծել: Հետագայում դառնում է միջնորդ Լոմաքսի ու Սթոուների միջև:

Լոմաքսը չարանում է Սթոուների հանդեպ ու ամբիոնի վարիչ դառնալուց հետո օր ու արև չի տալիս: Էստեղ հանդիպում ենք ակադեմիական ներքին կոնֆլիկտներին, երբ դասախոսներն իրար ինադու բաներ են անում, իրար գլխի սարքում, ու մի հարցում մեկն է հաղթում, մյուս հարցում՝ մյուսը: Բայց Լոմաքսը գտնում է Սթոուներից վրեժ լուծելու մի միջոց՝ փորձելով աշխատանքից հեռացնել Քեթրինին՝ Սթոուների սիրուհուն:

Նրանց սիրավեպը սկզբում ահագին մանկական բաներ ունի: Քառասուննանց Սթոուները կյանքում առաջին անգամ բացահայտում է սերը. «Իր կյանքի քառասուներեքերորդ տարում Վիլյամ Սթոուներն իմացավ այն, ինչ մյուսները շատ ավելի երիտասարդ տարիքում իմացել են նրանից առաջ. որ այն մարդը, որին առաջինն ես սիրում, վերջին սիրածդ մարդը չէ, և որ սերը վերջ չէ, այլ ընթացք, որի միջոցով մեկը փորձում է ճանաչել մյուսին»:

Մեկ էլ Քեթրինի ու Սթոուների բաժանման պահն եմ սիրում: Երբ քիչ է մնում՝ սկանդալ սկսվի, երբ վճռական որոշում ընդունելու պահն է գալիս, Սթոուներն ընտրում է ընտանիքին, բայց որ ավելի կարևոր է, աշխատանքը չթողնելը: Ու դա բացատրում է այսպես. «Որովհետև այդ դեպքում այլևս ոչինչ նշանակություն չի ունենա, ո՛չ մեր արածները, ո՛չ այն, ինչ եղել ենք: Ես հավանաբար այլևս չեմ կարողանա դասավանդել, իսկ դու… դու ուրիշ բան կդառնաս: Մենք երկուսս էլ ուրիշ բան կդառնանք, մեզնից տարբեր ինչ-որ մի բան: Մենք կդառնանք… ոչինչ»:

Քեթրինը հաջորդ օրը հեռանում է, ու Սթոուներն այլևս նրան չի տեսնում: Զիջող է լինում նաև այս հարցում՝ այդպես էլ երբեք չփորձելով գտնել նրան կամ հետը կապ հաստատել, չնայած ժամանակ առ ժամանակ կարոտում է: Հետագայում Քեթրինից միայն մի նորություն է իմանում. կարդում է, որ հրատարակվել է նրա գիրքը, գնում է այն ու հայտնաբերում, որ այն նվիրված է «Վ.Ս.-ին»:

Ու մեկ էլ Սթոուների կյանքի վերջին պահերն են հուզիչ, երբ վերցնում է սեփական գիրքը, որը, փաստորեն, ոչ ոք չի կարդում: Իսկ երբ հասնում ես վերջին տողերին, հասկանում ես, որ հերոսին սիրեցիր, ոնց որ ընկերդ դարձած լիներ, ու ափսոսում ես, որ կյանքն ավարտվեց:

Այնուամենայնիվ, Սթոուներն ինքը բավական սովորական կենսագրությամբ, բավական աննշան ու մոռացվող մարդ է, որն իրականությունից փախչելու համար իրեն փակել էր ակադեմիայում (մի՞թե ես էլ նույնը չեմ անում հիմա՝ ակադեմիայից դուրս ոչ մեկի հետ չշփվելով): Բայց հեղինակը հավեսով փորփրել էր այդ աննշան մարդու ներքին աշխարհը, ջրի երես հանել նրա վախերը, անհանգստություններն ու գժական սերը մասնագիտության հանդեպ:

Այսօր գրադարանում քննարկեցինք «Սթոուները»: Բոլորս միաձայն ասացինք, որ կերպարին սիրեցինք, բացի մի հոգուց: «Նա էնպիսի մարդ է, որից կխուսափեի փարթիի ընթացքում»: Ու զարմանալիորեն այդպես ասողը մեջներիցս միակ ամերիկացին էր: Մեկ էլ քննարկեցինք պատմության տխուր-ուրախ լինելը, որովհետև բոլորը դա ընկալում են որպես տխուր պատմություն:

«Ի վերջո Սթոուները շատերից երջանիկ մարդ էր,- ասաց խմբի անդամներից մեկը,- նա սիրում էր իր աշխատանքը»:

«Հրեշտակային վրիժառուներ» (Կարեն Բլիքսեն)

Կարեն Բլիքսենը դանիացի ամենահայտնի գրողներից է: Հիմնականում տպագրվել է Իսակ Դինեսեն կեղծանվամբ:

Անկեղծ ասած, նրա գրքերից կարդալու մտադրություն բնավ չունեի, մտածում էի՝ դանիական գրականությունը պետք է դանիերեն կարդալ: Բայց այնպես ստացվեց, որ մեր ընթերցողների ակումբի այս ամսվա ընտրությունն էր: Հետո էլ պարզվեց, որ, միևնույն է, «Հրեշտակային վրիժառուների» օրիգինալ լեզուն անգլերենն է:

Հենց առաջին նախադասություններից վատացա. քաղցր-մեղցր, 19-րդ դարի անգլերեն, Ջեյն Էյրական շունչ, լրիվ վիկտորյանական գրականություն: Ճիշտ է՝ Անդերսենից բացի մինչև հիմա ոչ մի դանիացի հեղինակի չեմ կարդացել, բայց ամեն դեպքում դանիական գրականության մասին բնավ նման պատկերացումներ չունեի:

Շարունակելուց առաջ գուգլեցի: «Հրեշտակային վրիժառուները» գրվել է 1946 թվին, այսինքն՝ վիկտորյանական գրականության համար մեղմ ասած ուշացած շրջան էր: Հետո պարզեցի, որ այն հրատարակվել է Պիեռ Անդրեզել կեղծանվան տակ: Թեև շատերն անմիջապես կռահել են, որ դա Կարեն Բլիքսենն է, բայց մոտ տասը տարի չի խոստովանել, որ ինքն է: Իսկ դրանից հետո էլ «Հրեշտակային վրիժառուները» երբեք չի համարել իր լուրջ գործերից: Ավելին՝ շատերն այն վիկտորյանական գրականության պարոդիա են համարում:

Հենց հասկանում ես, որ դա պարոդիա է, սկսում ես հավեսով կարդալ գիրքը: Էն ձանձրալի քաղցր-մեղցր աղջկական ախմախ մասերը, պարահանդեսները, արհեստական երկխոսությունները, անբնական մտքերը լրիվ տեղն են ընկնում, ու սկսում ես կարդալու ընթացքում ահագին ծիծաղել: Հաշվի առնելով, որ «Հրեշտակային վրիժառուները» գրվել է Երկրորդ համաշխարհայինի ժամանակ, երբ Գերմանիան օկուպացրել էր Դանիան, կարելի է ընկալել, որ Կարեն Բլիքսենը որոշել է զվարճանալ: Հենց գրքից մեջբերված հետևյալ խոսքերով կարելի է բնութագրել այն. «Դուք՝ լուրջ մարդիկդ, չպիտի խիստ վերաբերվեք այն մարդկանց, որոնք ուզում են զվարճանալ, երբ փակված են բանտում և նույնիսկ իրավունք չունեն ասելու, որ բանտարկյալներ են: Եթե մի քիչ չզվարճանամ, կմեռնեմ»:

Այնուամենայնիվ, գրքի մեջտեղներում պատմությունը հետաքրքրանում է. երկու միայնակ մնացած աղջիկներ՝ Զոսինն ու Լուկանը, որդեգրվելով Ֆրանսիայում բնակվող մի զույգի տանը, հանկարծ հայտնաբերում են, որ այս երկուսը սպիտակ աղջիկների վաճառքով են զբաղվում: Մինչև այս պատմության հանգուցալուծումը գիրքն արժե կարդալ, բայց վերջին քառասուն էջն իր հեփի էնդերով, ազգակցական կապերով ու զանազան անկապ պատմություններով լրիվ համը հանում են: Ես որ թռնելով եմ անցել էդ մասերը:

Գրքի երկրորդական կերպարները՝ ծեր զույգը և սևամորթ Օլիմպիան, շատ հաջողված ու համով են: Իսկ գլխավոր հերոսուհիները՝ Լուկանն ու Զոսինը, տափակ, անհետաքրքիր, անդեմ աղջնակներ են, ուշքն ու միտքը ամուսնանալն ու սիրուն շորերը, շատ էլ որ լիքը արկածների միջով են անցնում: Ու էնքան անհետաքրքիր են, որ ընթացքում չես էլ տարբերում որը որն է, մենակ հազիվ հասկանում ես, որ Զոսինը ոնց որ մի քիչ ավելի պայծառ ուղեղ ունի, Լուկանը լրիվ դմբո է:

«Հրեշտակային վրիժառուներում» թեթևակի շոշափվում է 19-րդ դարում կանանց ճնշվածությունը (մասնավորապես, մի տեղ տղամարդկանց մասին խոսելիս նույնիսկ շեշտվում է որպես «վերադաս սեռ»): Խոսվում է նաև ռասիստական տրամադրությունների մասին (սևամորթ Օլիմպիայի համար Անգլիան ահավոր երկիր էր, բայց Ֆրանսիան նույնիսկ ավելի սարսափելի էր):

Դանիացի ընկերներս ասում են, որ իսկապես Կարեն Բլիքսենը շատ ավելի լավ գործեր ունի: Այնպես որ, գուցե չարժե այս գրքի վրա ժամանակ ծախսել, եթե, իհարկե տասնչորս տարեկան աղջնակ չեք ու տարված չեք ջեյնէյրատիպ գրականությամբ: