Դանիան կորոնակիսամյակին ընդառաջ

Այս տողերը սկսում եմ գրել Դանիայի Օրհուս քաղաքի «փափուկ լոքդաունի» պայմաններում, երբ մեզ՝ Օրհուսի համալսարանի աշխատողներիս, երկու շաբաթով, հետո ևս երկու շաբաթով տուն ուղարկեցին՝ էդպիսով կիսամյակի սկիզբն անորոշության մատնելով։ Ու տողերս գրելու ընթացքում Օրհուսի քաղաքապետը հայտարարում է ռիսկի նվազման մասին ու նախատեսվածից մեկ շաբաթ շուտ մեզ թույլ տալիս աշխատավայր վերադառնալ. ուրեմն կիսամյակը նորմալ սկիզբ կունենա։

Վերևում նկարագրածն այս տարվա աշնանային կիսամյակի անորոշության ու շիլաշփոթի ընդամենը մի փոքր մասն է ներկայացնում։ Դեռ հունիսից ամեն օր մի նոր հրահանգ, նոր որոշում է գալիս, ու դասախոսներս պիտի անընդհատ փոփոխենք մեր ծրագրերը, հարմարվենք նորին։ Իսկ ինձ նման աշխատավայրից 200 կմ այն կողմ ապրողի համար էսպիսի անորոշությունը լրացուցիչ բարդություն է. ես պետք է հստակ ծրագրեմ, թե որ օրերին որ գնացքով եմ գնալու Օրհուս, քանի գիշեր եմ այնտեղ մնալու ու երբ եմ վերադառնալու։

Nobelparken Arts | Aarhus Universitet: Arts

Սկզբում խոսակցություններ էին պտտվում, թե ամբողջ կիսամյակն առցանց է լինելու։ Ավելի ուշ մեզ լղոզված հրահանգ եկավ, որ պատրաստվենք սոցիալական հեռավորություն պահպանելու պահանջի պայմաններում դասավանդելուն՝ պատրաստ լինելով, որ սահմանափակումները կարող են լրիվ հանվել կամ ուսուցումը կարող է լրիվ առցանց դառնալ։ Հետո նաև ստացվեցին լսարանների տվյալները, թե սոցիալական հեռավորություն պահպանելու դեպքում որ լսարանը քանի ուսանողի կարող է ընդունել։ Իսկ որ ամենավատն էր, լսարան ամրագրող կառույցը կտրականապես մերժում էր լսարանային որևէ փոփոխություն. առարկայիդ համար այս օրն ու ժամն է տրված, կա՛մ պիտի հարմարվես, կա՛մ ուրիշ լուծում գտնես։ Հարմարվել կնշանակի, որ ուսանողներիդ թիվը լսարանի տարողունակության չափ է կամ դրանից քիչ։ Ուրիշ լուծումն առցանցն է, որովհետև այլ դասախոսների հետ պայմանավորվել, լսարաններով փոխանակվել չի թույլատրվում։ Մի ուրիշ լուծում է մեկուկես ժամանոց դասախոսությունը կրճատել, քառասունհինգ րոպեանոց դարձնել և կարդալ երկու անգամ՝ սկզբում կուրսի մի կեսի, հետո մյուս կեսի համար։ Բակալավրի և մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողներին առավելություն է տրվելու, ու նրանց ուսումը հնարավորինս առկա է կազմակերպվելու։

Այս պայմաններում բավական քիչ էին այնպիսի լսարանները, որտեղ ուսանողները տեղավորվում էին սոցիալական հեռավորության պայմաններում, հետևաբար փաստացիորեն լիարժեք առկա ուսուցում կազմակերպելն ահնար էր դառնում։ Ուսանողների ու դասախոսների բազմաթիվ բողոքներից հետո մինչև 30 հոգանոց կուրսերի դեպքում սոցիալական հեռավորության կանոնը չի գործելու, այսինքն՝ մինչև 30 հոգանոց կուրսերը կարող են հանգիստ իրենց դասերն անցկացնել նախատեսված լսարաններում, բայց եթե կուրսում թեկուզ 31 հոգի կա, ուրեմն պետք է հաշվի առնել սոցիալական հեռավորությունը։

Այս կիսամյակ երկու առարկա եմ դասավանդելու. ճանաչողական սեմիոտիկայի (cognitive semiotics) մագիստրատուրայի առաջին կուրսում սոցիալական ճանաչողություն (social cognition) և ճանաչողական գիտության (cognitive science) բակալավրի երկրորդ կուրսում էքսպերիմենտալ մեթոդներ 3։ Առաջին առարկայի դեպքում ամեն ինչ շատ սիրուն տեղավորվում է պահանջների մեջ. 14 ուսանողի տարողությամբ լսարան, կուրսում 14 հոգի, ոչ մի խնդիր։ Երկրորդի դեպքում կուրսում 53 ուսանող է գրանցված։ Դասախոսության լսարանն ավելի փոքր տարողություն ուներ։ Բոլորի կյանքը հեշտացնելու համար առաջարկեցի նախապես տեսագրված կարճ դասախոսություններ ու դրանց հետ զուգակցված առցանց վարժություններ՝ Զումով կենդանի դասախոսությունների փոխարեն։ Տեսագրված դասախոսությունները, ի դեպ, երկար ծանրութեթև արած մանկավարժական ընտրություն է, որ թեև իմ աշխատանքը մի քիչ բարդացնելու է, բայց օգնելու է ուսանողներին. նրանցից շատերը չունեն արագ ինտերնետ, ու Զումով չեն կարող կտրտված ձայնով հետևել։ Երկար առցանց դասախոսության դեպքում ուշադրությունը կարող է շեղվել, կարևոր մասերը բաց թողնեն։ Իսկ տեսագրված կարճ դասախոսությունը կարող են ուզածի չափ դիտել, դադարներ տալ, լրացուցիչ ժամանակն օգտագործել առաջադրանքները կատարելու համար։

Էքսպերիմենտալ մեթոդաբանություն 3֊ը նաև գործնականներ ունի, որտեղ ուսանողները կիսվում են երկու մասի։ Այս դեպքում ունենում ենք 30֊ից փոքր խմբեր 27 հոգի տարողունակությամբ լսարանում, հետևաբար նորից խնդիր չի լինում։ Գործնականները հատկապես կարևոր են լսարանում կազմակերպելը, որովհետև առարկան լրիվ կոդ գրելու վրա է հիմնված, ու ուղղություն ցույց տալն ու խնդիրներ հայտնաբերելն ավելի հեշտ է, երբ ուսանողի հետ անձամբ ես հաղորդակցվում։

Թվում է՝ կիսամյակն ինձ համար գոնե կազմակերպված է, ամբիոնի վարիչը հաստատել է որոշումներս, ու մնում է միայն դասերը պատրաստելը։ Բայց Օրհուսը դառնում է Դանիայում կորոնավիրուսի նոր օջախ, նոր սահմանափակումներ են մտցվում՝էդպիսով ամեն ինչ շատ անորոշ դարձնելով։ Մյուս կողմից, ճանաչողական գիտության երկրորդ կուրսի ուսանողները բողոքում են առցանց ուսուցման դեմ, որ թե նախորդ կիսամյակ ոչինչ չեն սովորել, որ առցանցը կրթություն չէ և այլն։ Ու նորից ընկնում ենք, սկսում լուծումներ փնտրել՝ վերադառնալով հենց սկզբնական մոդելին, որովհետև, միևնույն է, լսարաններ ամրագրող կառույցն անսասան է, ու ավելի մեծ լսարան մեզ չի առաջարկի։

Չնայած սահամնափակումներին, հայտարարվում է, որ մենք կարող ենք աշխատանքի գնալ միայն դասավանդելու նպատակով։ Էջերով նորանոր նամակներ ու կանոններ ենք ստանում համալսարանի ղեկավարությունից. ամեն դասից առաջ ու հետո պետք է լսարանն օդափոխել, պետք է հետևել, որ ուսանողները ձեռքերը և իրենց շրջապատը մաքրեն մաքրող հեղուկով։ Դասախոսների պատասխանատվությունն է նաև հետևելը, որ լսարաններում մաքրող հեղուկ կա։ Հիվանդ ուսանողները տանն են մնում (ինչպես նաև մեկուսացվում է նրանց 30 հոգանոց խումբը)։ Հաճախումները որպես պարտադիր պայման վերացվում է։ Մեզ նաև կորոնավիրուսի ժամանակ լսարանում ճիշտ վարքի սլայդներ են ուղարկում, որ դասի ժամանակ ուսանողներին ցույց տանք։

Այս պահին, երբ գրում եմ այս տողերը, նախատեսում եմ, որ վաղը կնկարահանեմ առաջին դասախոսությունս ու կտեղադրեմ մեր առցանց հարթակում, հինգշաբթի դիմակս կդնեմ, կնստեմ գնացք, կհասնեմ Օրհուս ու երկու խմբերին էքսպերիմենտալ մեթոդներ 3֊ի գործնականը կդասավանդեմ, ուրբաթ առավոտյան՝ սոցիալական ճանաչողությունը։ Օրվա երկրորդ կեսին կմիանամ գործընկերներիս հետ գրելու ակումբին, որտեղ մի երեք ժամ գիտությամբ կզբաղվեմ, հետո դիմակս կդնեմ, կնստեմ գնացք, կվերադառնամ Կոպենհագեն։ Բայց հաշվի առնելով, թե ինչքան արագ է ամեն ինչ փոխվում վերջին ամիսներին՝ չգիտեմ, թե առաջիկա շաբաթվա ընթացքում ծրագրածիս որ մասն իրականություն կդառնա։

Վստահություն

Էս շաբաթ Օրհուսում սենյակ ճարելն ահագին բարդ գործ էր։ Ավելի ճիշտ, ուզում էի նաև շաբաթ֊կիրակի մնալ, ու Մորթենը գար մոտս, բայց որևէ խելքին մոտ տեղում գտնվող սենյակ էդ ընթացքում հասանելի չէր։ Վերջը որոշեցի գոնե երեք օր մնալ, Մորթենը հինգշաբթի կգա մոտս, ուրբաթ իրար հետ կվերադառնանք Կոպենհագեն։ Իսկ հինգշաբթի էստեղ գալու իմաստն էն էր, որ պիտի միասին լինելու մեր երրորդ տարեդարձը նշենք։

Էդպես ամրագրեցի ոչ այնքան հարմար մի սենյակ, որը մնացած անհարմարություններից բացի նաև խոհանոց ու վայֆայ չուներ ու որոշեցի, որ ամեն դեպքում Օրհուսում մշտական սենյակ ունենալու հարցը լուծել վերջապես. ամեն շաբաթ դեսուդեն չեմ ընկնի, ու շաբաթ֊կիրակի քաղաքում մնալն էլ խնդիր չի լինի։ Իրականում վերջին երեք ամիսների ընթացքում լիքը սենյակներ էի գնում նայելու, բայց ոչ մեկը չէի վերցնում. համալսարանից հեռու, կասկածելի տանտեր, ոչ հաճելի ռումմեյթ, անբավարար կահավորում և այլն, և այլն։ Այս ընթացքում միայն մի սենյակ էր եղել, որ ուզեցել եմ վերցնել, այն էլ տանտիրուհին գրել էր, թե լողարանի վերանորոգումը հունվարից տեղափոխվում է օգոստոս, ու սենյակը չի կարողանա վարձով տալ։

Այս շաբաթվա սենյակն ամրագրելիս նաև նորից փորփրեցի բնակարանային հայտարարությունները, չնայած հույս չունեի, որ մի բան կգտնեմ. ուսանողների սեզոնն էր։ Ամեն դեպքում, համալսարանի պորտալում հարմար գնով երկու սենյակ գտա ու կապվեցի տանտիրուհիների հետ։ Երկուսի հետ էլ պայմանավորվեցի այս շաբաթ հանդիպել։

Երեկ, երբ հասա այս շաբաթվա սենյակս, քիչ էր մնում՝ լացեի։ Սպասածիցս ահավոր էր. սենյակում մահճակալից բացի ուրիշ ոչինչ չկար, դարակները լիքն էին տանտիրոջ իրերով, հետևաբար ուսապարկիս պարունակությունը պիտի գետնին լցնեի։ Ու թեև գիտեի, որ խոհանոց չկար, բայց չէի պատկերացնում, թե որքան բառացի էր դա. որևէ տեսակի հարմարանք՝ թեյնիկ, գդալ, ափսե, բաժակ և այլն չկար, այսինքն՝ այս շաբաթ լրիվ դրսում եմ ուտելու։

Էս բոլորը հերիք չէ, առավոտյան պարզվեց, որ այսօր տաք ջուր չի լինելու։ Բարեբախտաբար, գործից հետո պիտի լողավազան գնայի, ու էնտեղ կարող էի ցնցուղ ընդունել։ Սառը ջրով մարմինս շփեցի ու հետո սուրճս սարքեցի. աչքաչափով մի քիչ սուրճ լցրեցի թերմոսիս մեջ, վրան սառը ջուր ավելացրի ու սկսեցի թափահարել։ Սովորաբար սառը սուրճ խմում եմ միայն շոգ ժամանակ, բայց այսօր կարծես այլընտրանք չկար։

Օրվա վերջին պիտի սենյակներից մեկը տեսնեի։ Ուրեմն այս շաբաթվա տեսնելիք երկու սենյակներն էլ քաղաքի կենտրոնում էին ու համալսարանից հեռու չէին։ Սա Օրհուսի համար բացառիկ համադրություն է. քանի որ համալսարանը բլրի վրա է, բլրի ստորոտում կամ մոտակա մեկ այլ բլրի վրա գտնվող բնակարաններից համալսարան հասնելն ահագին լուրջ տանջանք է։

Երկու տանտիրուհիներն էլ նույն անունն ունեին, ու երկու սենյակների գներն էլ նույնն էին։ Միակ տարբերությունն այն էր, որ նրանցից մեկը բավական ջերմ ու հետաքրքիր էր իր նամակներում, իսկ մյուսը չոր ու մի տեսակ վերևից նայողի տոնայնությամբ։ Առաջինի հետ հենց այսօր էի հանդիպելու, ու եթե ամեն ինչ լավ գնար, երկրորդի հետ հանդիպումս պիտի չեղարկեի։

Ուղիղ ժամը հինգին հասա բնակարան։ Բլուրն ի վար գնացող իմ սիրած փողոցի վրա էր։ Էդտեղից Օրհուսը հատկապես սիրուն է երևում, ու ի՜նչ հավես պիտի լիներ գործից տուն գնալիս ամեն օր հենց էդտեղով անցնել։ Տանտիրուհին տարիքն առած մի շատ հաճելի կին էր։ Տարածքը ցույց տվեց։ Տեսա, որ լիքը գրքեր ունի։ Ասաց, որ թոշակի անցած ուսուցիչ է, իսկ հիմա գրող է, ու իրեն լռություն է պետք, որ գրի։ Էստեղ պիտի ասեմ, որ ի տարբերություն Հայաստանի, Դանիայում ուսուցիչներն ամենազարգացած, լայնախոհ ու խելացի խավերից են։ Երբ նոր էի եկել Դանիա, Հայաստանի փորձից ելնելով՝ թերահավատությամբ էի լցված նրանց հանդեպ։ Բայց հետո տեսա, որ իմ ընկերներից շատերն իրենց PhD֊ն վերջացնելուց հետո դպրոցներում են աշխատանքի ընդունվում, շփվեցի նաև ուսուցիչների հետ, որոնք իրենց աշակերտների համար գիտությունը գովազդող ծրագրեր էին անցկացնում, ու համոզվեցի, որ քանի էսպիսի ուսուցիչներ կան էս երկրում, կարող ենք հանգիստ լինել, որ դեբիլ սերունդ չի մեծանա։

Մի խոսքով, այս տանտիրուհին էլ, սենյակն էլ անմիջապես դուրս եկան, ու դեռ էնտեղից դուրս չեկած ասացի, որ սենյակը վերցնում եմ։

֊ Էդքան արա՞գ։ Գուցե մտածե՞ս,֊ ասաց։
֊ Լիքը սենյակներ եմ տեսել։ Սրանից լավը չկա։ Ես սա եմ ուզում։
֊ Լավ,֊ ասաց,֊ ահա քեզ բանալին։

Ու միանգամից բանալին տվեց։ Վերցնելիս տատանվեցի.
֊ Ինձ էսքան վստահու՞մ ես։
֊ Դանիացիներս վստահող ազգ ենք,֊ ասաց,֊ միայն թե վարձը փոխանցիր։
Ես գիտեմ, որ դանիացիները վստահող ազգ են, բայց վստահում են միայն իրար, ու նրանցից շատերը իրենց երկրի հետ կատարվող ցանկացած վատ բան օտարերկրացիների վրա շառ անում։ Ու երևի հասկացավ մտքերիս ընթացքը, որովհետև անմիջապես ավելացրեց.
֊ Ես օտարեկրացիներին վստահում եմ։

Ու էստեղ հասկանում ես, որ էս երկրում մարդկայնությունը բնավ կորած չէ։ Երանի՜ բոլորն այս երկրում այս տիկնոջ նման լինեին։ ԴՖ֊ն այլևս երբեք քսան տոկոս չէր հավաքի։

Նրա տնից դուրս գալուց հետո հենց համակարգչովս նստեցի, վարձը փոխանցեցի, իսկ մյուս տանտիրուհուն գրեցի, որ չեմ գա սենյակը նայելու, որ արդեն գտել եմ սենյակ։

 

 

Սեր-ատելություն․ դանիերեն սովորելու իմ ուղին

Մի երկու խոսք դանիերենի մասին

Դանիերենը գերմանական լեզու է, ինչպես օրինակ անգլերեն ու շվեդերենը, բայց ունի որոշակի առանձնահատկություններ, որոնց պատճառով շատերը դժվարանում են այն սովորել։ Առանձնահատկություններից մեկն այն է, որ բաղաձայնները գնալով վերանում են այս լեզվում, ինչը լեզուն դարձնում է բավական դժվար հասկանալի․ բաղաձայնները սովորաբար լեզվի իմաստային կրիչներն են։ Դանիերենը երեսուն ձայնավոր ունի, որոնցից ոչ բոլորն են մեր ականջին ընկալելի։

Մեկ այլ առանձնահատկություն է գրավոր ու բանավոր լեզուների կիլոմետրերով հեռու լինելը։ Ուղղագրական կոնկրետ կանոններ չկան։ Ու դրա պատճառով լեզուն սովորելիս ոչ թե գրավորն ու բանավորն իրար լրացնում են, այլ կարծես սովորում ես երկու առանձին լեզու։

Այս ամենին գումարենք նաև, որ դանիերենը համարվում է «անհյուրընկալ» լեզու․ լեզվակիրներն օտար առոգանությունները դժվարությամբ են հասկանում։

Առաջին տարի․ մոտիվացիա ու դրա կորուստը

Իմ PhD-ի հայտարարության մեջ բազմաթիվ պահանջներից մեկն այն էր, որ հարմար թեկնածուն կա՛մ պետք է դանիերեն իմանա, կա՛մ այն սովորելու պատրաստակամություն ունենա։ Լեզուն ի՞նչ է, որ չսովորեմ։ Հարցազրույցի ժամանակ էդպես էլ ասացի, պատմեցի բազմաթիվ լեզուներ սովորելու փորձիս մասին ու կարծես բոլորին համոզեցի, որ վաղ թե ուշ սահուն խոսելու եմ դանիերեն։

Չորս տարի առաջ, երբ ոտք դրեցի Կոպենհագեն, առաջին բաներից մեկը, որ արեցի, լեզվի դասերին գրանցվելն էր։ Պիտի մի ամիս սպասեի մինչև սկսնակների հաջորդ խումբը բացվեր։ Այն ժամանակ մի ամիսը հսկայական ժամանակ էր թվում․ դանիերեն սովորելս ամբողջ մի ամսով հետաձգվում էր։ Հետո էլ պիտի արանքում ամառային արձակուրդ լիներ․ երկու ամիս էլ էստեղ ենք կորցնում։ Իսկ ես սարսափելի անհամբեր էի․ միամտորեն հավատում էի, որ մի տարում սահուն խոսելու եմ, ու այդ ընդմիջումներն այդ մի տարուց խլված ժամանակ էին։

Billedresultat for learning danish funny

Սկզբում այնքան էլ վատ չէր։ Դանիերենիս դասախոսը Ջուլին էր՝ սոցիոլեզվաբանության ուսանողուհի, որի համար դանիերենը որպես օտար լեզու դասավանդելը ոչ միայն աշխատանք էր, այլև հետազոտական պրոյեկտ։ Իսկ քանի որ կոնկրետ այդ լեզվի դպրոցը համալսարանի կազմում էր ու համալսարանի աշխատակիցների համար, նյութերը հենց դրան էլ հարմարեցված էին ու նույնքան փորձարարական էին, որքան Ջուլիի դասավանդման մեթոդները։

Ջուլին քերականություն գրեթե չէր բացատրում։ Կարծեմ իմ խմբեցիներից շատերը միայն մի քանի ամիս անց իմացան, որ դանիերենում գոյականները երկու սեռ ունեն։ Մինչ այդ չէին հասկանում, թե ինչու է մեկ մի, մեկ մեկ այլ անորոշ հոդ գործածվում։

Հենց սկզբից լսելու վարժությունները իրական խոսակցություններ էին, իսկ սկսնակի համար դրանք հասկանալը տաժանակիր աշխատանք էր։ Տնայինների վրա տանջվելուց հետո ի վերջո լսարանում նստում էինք սղագրությունը ձեռքներիս, բառ առ բառ անցնում վրայով ու մի կերպ գաղափար կազմում, թե Կարեն-Մարգարեթն ինչի մասին է խոսում։

Չնայած դժվարությանը, մոտիվացիաս չէր իջնում։ Տնայինները միշտ անում էի։ Գործիս տեղն էլ կոլեգաներս ինձ ամեն օր մի նոր բարդ բառ էին սովորեցնում, ու էդպիսով ավարտած չլինելով սկսնակների մակարդակը, գիտեի այնպիսի բառեր, ինչպիսիք էին «նյութափոխանակությունը» կամ «մոծակի խայթոցը»։

Մի անգամ ղեկավարիս փորձեցի դանիերեն մի երկու բառ ասել։ Չհասկացավ։ Հետո ասաց, որ ավելի լավ է ակադեմիական հաղորդակցությունը թողնենք անգլերեն։ Ու էդպես էլ երբեք նրա հետ դանիերեն չխոսեցի ու չեմ էլ խոսի։

Հենց դրանից հետո եկավ մի պահ, երբ սկսեցի աստիճանաբար ավելի հազվադեպ տնայիններս անել։ Իսկ երբ պարզեցի, որ խմբում միակ տնային անողը ես եմ, ընդհանրապես դադարեցրի։ Մեր փորձարար ուսուցիչն էլ տեմպերը դանդաղեցնում էր, տնայինները լսարանում էր անել տալիս ու անսահման ներողամիտ էր մեր ծուլության նկատմամբ։ Էստեղ հարկ է նշել, որ տնային չանելն ու ծուլանալն ինձ վրա շատ ավելի թանկ էր նստում, քան մնացած խմբեցիներիս. մի քանի ամիս անց շատերը դժվարությունից նեղվելով թողել էին դանիերենը, ու մնացել էինք ես ու գերմանախոսները։ Գերմանախոսները, գործածելով գերմաներենի իրենց գիտելիքները, ամեն ինչի տակից մի կերպ դուրս էին գալիս, իսկ ես գնալով հետ էի ընկնում ու դեմոտիվացվում։

Իսկ մեր ամբիոնը Կոպենհագենի համալսարանի ամենադանիախոս ամբիոնն էր։ Ես երևի առաջին օտարերկրացին էի, որին առանց լեզվի իմացության ընդունել էին։ Ընդունել էին ու չգիտեին՝ ինչ անել, որովհետև ամբողջ պաշտոնական նամակագրությունը դանիերեն էր։ Քարտուղարուհին էլ անգլերեն չէր խոսում։ Դրա համար ստիպված միշտ հետս թարգմանիչ էի տանում նրա հետ հաղորդակցվելու համար։

Լեզվի դպրոցը, որ հաճախում էի, «լեզվի զուգահեռ գործածման» քաղաքականություն էր որդեգրել։ Այսինքն, ողջ նպատակն այն էր, որ Կոպենհագենի համալսարանում անգլերենն ու դանիերենը գործածվեն որպես զուգահեռ աշխատանքային լեզուներ՝ իրավիճակից ելնելով մեկից մյուսն անցնելով։ Բայց մեր ամբիոնի հեչ պետքը չէր։ Երբ դեռ ընդամենը չորս ամիս էր, ինչ էնտեղ էի, մի անգամ նույնիսկ խնդրեցի, որ PhD ուսանողների հետ հանդիպումն անգլերեն անցկացվի, բայց կազմակերպիչը պնդեց, որ դանիերեն է լինելու։ Ես էլ վեր կացա ու ցուցադրաբար դուրս եկա լսարանից։ Ու էսպիսի իրավիճակներն էին, որ պարբերաբար կոտրում էին դանիերեն սովորելուս մոտիվացիան ու թշնամանք ձևավորում լեզվի նկատմամբ։

Բայց երբ արդեն ութ ամիս էր անցել, ու դանիերենիս գիտելիքները սկսնակից առաջ չէին անցնում, սկսեցի անհանգստանալ։ Հիշում եմ` ֆրանսերեն սովորելիս նույն ժամանակահատվածում արդեն B1 մակարդակի էի հասել։ Դանիերենի դեպքում երկրում ապրելու առավելությունն ունեի, բայց նույնիսկ ութ ամիս անց, երբ պատահական մարդ դանիերեն հարցնում էր «Անունդ ի՞նչ է», հարցը չէի հասկանում։ Իհարկե, էստեղ հարկ է նշել դանիերենի հնչյունաբանական առանձնահատկությունների մասին ու որ դանիացիները մյուս ազգերի համեմատ էլ ավելի շատ են վանկեր կուլ տալիս։ Ամեն դեպքում, պետք էր միջոցներ ձեռնարկել։

Հիշեցի, որ ֆրանսերեն սովորելիս օրվա հսկայական հատված անց էի կացնում ֆրանսերեն ֆիլմեր նայելով, երգեր լսելով ու գրքեր կարդալով։ Մտածեցի` մշակույթի նկատմամբ հետաքրքրվածությունը կօգնի, որ լեզուն ավելի լավ սովորեմ։ Ցուցակագրեցի բազմաթիվ դանիերեն գրքեր ու ֆիլմեր, փորփրեցի մի քանի լավ կատարողի։ Բայց նրանց մեծ մասը թղթին մնացին, իսկ հայտնաբերածս միակ լսվող դանիացի կատարողին ուղղակի լսում էի` առանց բառերի մեջ նորմալ խորանալու։

Երկրորդ տարի․ նոր լեզվի դպրոց

Մի տարի անց դեռ դանիերեն չէի խոսում։ Մեր ամբիոնում ես երևի յուրահատուկ բացառություն էի, որովհետև միակ ոչ դանիացին էի, որը դանիերեն չէր խոսում։ Կողքի ամբիոնում էլի կային ինձ նմանները, բայց մի տարի անց բոլորը սկսել էին ազատ խոսել, իսկ ես տեղում դոփում էի։ Մի կոլեգա` ավստրալացի Դեյվիդը, որը մեր ամբիոնում հայտնվել էր միայն դանիերեն սովորելուց հետո, ասում էր, որ իրեն երկու տարի պետք եղավ դանիերեն վարժ խոսելու համար։ Ինքս ինձ հանգստացնում էի. մյուս տարի երևի կստացվի։ Կոլեգաներիցս ոմանք արդեն թարս էին նայում։ Իսկ ֆրանսիացի մի կոլեգա, որը վարժ դանիերեն է խոսում ու դանիացու հետ է ամուսնացած, խորհուրդ տվեց դանիացի ընկեր ճարել։ Երբ նրան հարցնում էի` ոնց է դանիերեն սովորել, ասում էր` գործի էր ընդունվել, որտեղ ստիպված էր խոսել, էդպես սովորել է։

Ամիսներ անց ծանոթացա Մորթենի հետ։ Մեր հարաբերությունները հենց առաջին օրվանից անգլերեն էին ու երկուսուկես տարի անց անգլերեն էլ շարունակվում են։ Նույն այդ ֆրանսիացի կոլեգաս խորհուրդ տվեց մի օր կտրուկ որոշել դանիերենի անցնել ու միայն դանիերեն խոսել. ինքն էդպես է արել ամուսնու հետ։ Մորթենի հետ հազար անգամ փորձել ենք դանիերենի անցնել, ու դա միշտ մի քանի րոպե է տևել։ Շատ արագ կա՛մ ինքը, կա՛մ ես նորից անցել ենք անգլերենի։

Հենց Մորթենի հետ ծանոթանալու օրերին էր, որ համալսարանին կից լեզվի դպրոցում հանձնեցինք վերջնական քննությունը, որ տեղափոխվենք լայլ դպրոց։ Բավական բարձր միավորներ հավաքած, պետական փաստաթուղթը ձեռքիս տեղափոխվեցի ամենահեղինակավոր դպրոցը, որ էնտեղից չորրորդ մակարդակից շարունակեմ։ Էնտեղ փաստաթղթիս ուշադրություն չդարձրին, առանձին քննություն նշանակեցին։

Քննությունն ընդունող կինը հսկայական մարմին ուներ ու դեմքի արտահայտություն, որը ոչ մի տեսակի հույզ չէր հաղորդում։ Նրա կողքին ինձ զգում էի որպես մի խեղճ ու անօգնական  ճնճղուկ։ Թարս նայեց գրավորիս թե` քերականություն չգիտես։ Բանավոր հարցազրույցից հետո թե` անցյալ ժամանակը չգիտես։ Էստեղ հարկ է նշել, որ թեև գրավոր դանիերենում անցյալն ու ներկան իրարից տարբերվում են, բանավորում տարբերությունն այնքան նուրբ է հնչում, որ ինձ նման օտարերկրացիները ո՛չ լսում են, ո՛չ կարողանում են արտաբերել։ Ու զարմանալի զուգադիպությամբ ներկայիս գիտափորձերիցս մեկը հենց անցյալի ու ներկայի միաձուլման մասին է։

Մի խոսքով, կինը փնթփնթաց, թե չորրորդ մակարդակի չեմ համապատասխանում, փաստաթղթիս թարս նայեց, բայց ի վերջո չորրորդում տեղավորեց (քանի որ փաստաթուղթս պետական էր, իրավունք չուներ այն արհամարհելու)։ Հետագայում իմացա, որ այդ կինն ուրիշ լեզվի դպրոցից եկած ցանկացած նոր ուսանողի ոնց կարողանում է, նվաստացնում է, ու դեռ ես լավ էի պրծել։

Բայց հենց այստեղից դանիերեն սովորելու մոտիվացիաս սկսեց գնալով ավելի ու ավելի իջնել։ Չնայած դրան, դասերին հաճախում էի ու տնայինները մեծ մասամբ անում էի։ Բայց դասից դուրս դանիերեն գործածելու որևէ տեսակի մոտիվացիա չունեի։

Երրորդ տարի․ քննությունը

Անցավ երկու տարի, ու ես դեռ դանիերեն չէի խոսում։ Կոլեգաներս է՛լ ավելի թարս էին նայում։ Մի քանիսը, որ համեմատաբար ավելի ըմբռնումով էին մոտենում իրավիճակին, հետս մի էսպիսի համաձայնության էին եկել. իրենք դանիերեն էին խոսում, ես անգլերեն էի պատասխանում։ Իմ դանիերենի հաղորդակցությունն իմ PhD֊ի ընթացքում հենց էդպես էլ շարունակվեց աշխատավայրում։

Աշնանը պիտի B2 մակարդակի պետական քննություն հանձնեի։ Այ քննությանն ահագին լավ պատրաստվեցի. հոդվածներ էր, որ կարդում էի, էսսեներ էր, որ գրում էի, պրեզենտացիաներ էր, որ սարքում էի։ Ահագին մոտիվացվել էի։ Մորթենն էլ ահագին օգնում էր։

Գրավոր քննությունից հետո երբ գնացի համալսարան, լանչի ժամանակ կոլեգաներիս հետ դանիերեն էի խոսում։ Ինձ լրիվ գերհերոս էի զգում։ Բայց դա կարճ տևեց, որովհետև կոլեգաներս պարզապես չէին հասկանում, թե ինչ եմ ասում։ Եվ երբ մի քանի փորձից հետո վերջապես բառի անգլերեն թարգմանությունն էի ասում, պատասխանում էին՝ հա՜, սա նկատի ունես՝ կրկնելով իմ ականջի համար գոնե նույն բառը, որը քիչ առաջ արտաբերել էի։ Ու դա վերջին անգամը եղավ, որ այդ միջավայրում դանիերեն խոսելու փորձ արեցի։

Կարդալու մասից ահագին բարձր ստացա, էսսեից` ցածր։ Շոկի մեջ էի, որովհետև գիտեի, որ ինչ֊ինչ, բայց իմ դանիերեն գրավոր խոսքն ահագին լավ էր, ու հենց գրավորի տնայինները երբեք բաց չէի թողնում, ու մի լավ աշխատել էի դրա վրա։ Որոշեցի բողոքարկել։ Բայց դրանից առաջ խոսեցի դանիերենիս ուսուցչի հետ։ Ասաց, որ կխոսի գրավորը ստուգողի հետ, հետո կվերցնի, կնայի։

Հաջորդ դասին եկավ դանիերենի ուսուցիչս, ասաց, որ խոսել է ստուգողի հետ, ու ստուգողն ասել է, որ պիտի գոհ լինեմ՝ ավելի ցածր չեմ ստացել։ Բայց հաջորդ օրը ուսուցիչս մեյլ գրեց, ասաց, որ կարդացել է գրավորս ու զարմացել, թե ինչու է ցածր նշանակել, ու որ անպայման բողոքարկեմ․ մի քանի քերականական սխալ կար, բայց շարադրանքը լավն էր, ու էսսեի պահանջը շատերից լավ բավարարել էի։ Որոշեցի բանավորից անմիջապես հետո բողոքարկել։

Բանավորը երկու մասից էր բաղկացած․ նախապես տրված թեմայով պրեզենտացիա ու անծանոթ թեմայի շուրջ զրույց։ Երբ մտա լսարան, քննողը դիմացս էր նստած, իսկ ցենզորն այնպիսի անկյան տակ էր, որ չէի տեսնում նրան, միայն ներկայությունն էի զգում ու ձայնը լսում, երբ հարցեր էր տալիս։ Դրանից լարվածությունս է՛լ ավելի մեծացավ։

Պրեզենտացիայիս թեման ուսուցիչս էր ընտրել։ Կոչվում էր բիզնես և կամավորություն, հետն էլ դանիացի բիզնեսմեն եղբայրների անուններ էին նշված, որոնց օրինակի մասին պիտի խոսեի։ Երբ խմբիս էրեխեքը տեսան էդ թեման, շշմել էին ու փառք էին տալիս աստվածներին, որ իրենց չի ընկել։ Բայց դե ես ընկել էի, պիտի քաշեի։ Մի ամբողջ շաբաթ ամբողջ դանիալեզու մեդիան փորփրել էի, ինչ հոդված ասես չէի գտել։ Տանջվելով պրեզենտացիա էի սարքել ու էնքան լավ պատրաստվել, որ կողքս ռումբ էլ պայթեր, անսխալ կներկայացնեի թեման։

Քննասենյակում էլ չնայած լարվածությանս, պրեզենտացիան բավական լավ արեցի, իրենց տված լրացուցիչ հարցերին էլ պատասխանեցի։ Բայց առանձին թեմայի զրույցի ժամանակ լեզուս լրիվ քարկապ ընկավ, ու բառերը հազիվ էին դուրս գալիս։ Այնուամենայնիվ, հիշում եմ՝ արտաբերածս յուրաքանչյուր քերականորեն սխալ նախադասությունը տեղում ուղղում էի։

Բանավորից էլ ահագին ցածր ստացա։ Ասացին, որ պրեզենտացիայիս բովանդակությունն այս ու այն պիտի լիներ, ոչ թե այն, ինչ պատրաստել էի։ Չգիտեմ՝ ինչ նյութ էին սպասում, բայց ամեն դեպքում հետագայում պարզել էի, որ ուսուցիչս այս թեմայով կոնկրետ հոդված նկատի ուներ, իսկ այդ հոդվածը ճարել ու ներառել էի պրեզենտացիայիս մեջ։ Հետո էլ ասացին, որ քերականական սխալներ եմ անում, ու կապ չունի, որ հետո ուղղում եմ դրանք (փաստորեն, B2 մակարդակում անսխալ քերականություն են ակնկալում։ Հետաքրքիր է)։

Քննությունից հետո գնացի տուն, ու ինչ դանիերենի դասագիրք ունեի, տետր կամ այլ նյութեր ունեի, նետեցի աղբարկղը։ Դրանից հետո շատ դժվար էր լինելու ինձ համոզել, որ նորից դանիերեն խոսեմ։

Բանավոր քննության օրը մեկ այլ դեպք տեղի ունեցավ, որը վերջնականապես մոտիվացիաս զրոյի հավասարեցրեց։

Այդ երեկո մեր ամբիոնում ամեն ամյա յուլեֆրոկոստն էր՝ Ծննդյան տոների ճաշկերույթը։ Ամեն տարի պարտճանաչ կերպով գնում եմ այնտեղ ու մասնակցում զավզակություններին։ Առաջին տարին ամբիոնի վարիչի ելույթից ոչինչ չէի հասկանում, ու կողքս նստած դանիացիները թարգմանում էին։ Երկրորդ տարին էստեղից֊էնտեղից մի երկու բառ հասկանում էի, իսկ կողքս նստած դանիացիները թարգմանելու հավես չունեին։ Իսկ երրորդ տարին հենց այդ բանավոր քննության օրն էր, ու ամբիոնում այլևս դանիերեն չիմացող միակ օտարերկրացին չէի։ Հենց էդ պատճառով հարցին հրաշալի լուծում տալու համար բոլորիս առանձնացրել էին դանիացիներից, հավաքել մի սեղանի շուրջ, ու արդեն ես էի կողքիս նստածների համար թարգմանում ամբիոնի վարիչի ելույթը։

Մեր ամբիոնում վատ վերաբերմունքն օտարերկրացիների նկատմամբ նորություն չէր, բայց առաջին անգամ էր այդքան աչք ծակող։ Երբ հետագայում կազմակերպիչներին հայտնեցի դժգոհությունս, ասացին, որ մեզ առանձնացնելու ամբողջ նպատակն այն է եղել, որ կարողանանք միմյանց հետ շփվել։ Ու թեև դա հարցի բոլոր հնարավոր լուծումներից ամենավատն էր, այնուամենայնիվ, ամբիոնում կար խնդիր. դանիացիներն օտարերկրացիների հետ չէին շփվում։

Այդ ձմեռ հայտնվեց Ջուլին և ասաց, որ իր մագիստրոսական թեզն է գրում, ու իրեն մասնակիցներ են պետք։ Անմիջապես հայտնեցի, որ պատրաստ եմ օգնել։ Քանի որ Ջուլիին հետաքրքրում էին դանիերեն սովորելու սոցիալ կոնտեքստները, պիտի երկու ամիս օրագիր պահեի ու մանրամասն նկարագրեի իրավիճակներ, որոնք օգնում էին դանիերեն խոսելուն և իրավիճակներ, որոնք չէին օգնում։ Երևի հենց Ջուլիին եմ պարտական, որ դանիերենի վրա լրիվ խաչ չքաշեցի, ու մի փոքրիկ հույսի նշույլ երևաց, որ մի օր այս լեզվին կտիրապետեմ։ Ու սկսեցի իրավիճակները գրի առնել։

Հիշում եմ՝ սկզբում ոգևորվել էի, որ մեր ամբիոնն այդքան դանիական է։ Մտածում էի՝ամեն օր դանիերենի մեջ լինելով շատ արագ կսովորեմ։ Բայց հենց սկզբից պարզվեց, որ այդ դանիերենն ինձ համար չէ, ու այն գործածվում է ինձ ու մյուս օտարերկրացիներին դուրս մղելու համար։ Եվ երբ լանչերի ժամանակ երկար խոսակցություններ էին գնում, լսելու փոխարեն պարզապես անջատվում էի ու պատուհանից դուրս մի կետի նայում։ Ինձ անտեսանելի էի զգում։ Անգամ քննությունը հաղթահարելուց հետո, անգամ հայտնաբերելուց հետո, որ ամեն դեպքում սեղանի շուրջ ծավալվող խոսակցությունների մեծ մասը հասկանում եմ ինքս ինձ այդ շրջանակից դուրս էի զգում։

Այդ ձմեռ նաև հիվանդանոցում գիտափորձ էի անում։ Էնտեղ միջավայրն ավելի միջազգային էր, բայց հստակ բաժանված էր դանիերեն իմացողների ու չիմացողների։ Ինչ խոսք, ի տարբերություն ամբիոնի, էնտեղ միշտ անգլերենի էին անցնում չիմացողների ներկայությամբ։ Բայց երբ իմացան, որ քննությունը ես էլ եմ հանձնել, զարմացած հարցրին, թե ինչու հետները դանիերեն չեմ խոսում։ Իրականում ամիսներ առաջ փորձել էի, ու էնտեղ աշխատող կոլեգաներիցս մեկը բացականչել էր, թե՝ ոնց որ աֆազիկ լինեմ։ Էդպիսով, հիվանդանոցը գումարվել էր այն միջավայրերի թվին, որտեղ դանիերեն չեմ խոսում։

Գիտափորձիս մասնակիցների հետ մեյլերով դանիերեն էի հաղորդակցվում, բայց հենց զանգում էին կամ գալիս էին, անմիջապես ներողություն էի խնդրում ու անցնում անգլերենի՝ ասելով, որ իրենք կարող են դանիերեն շարունակել, եթե էդպես հարմար է, բայց իմ դանիերենն այնքան էլ լավ չէ, ես անգլերեն եմ խոսելու։ Իրականում այն մասնակիցները, որոնք նախընտրում էին շարունակել դանիերեն խոսել, դրդում էին, որ ինքս էլ մեկումեջ դանիերենի անցնեմ։ Ու ամեն անգամ, երբ գիտափորձի ժամանակ հաջողացնում էի մեկ֊երկու դանիերեն նախադասություն ասել, ինձնից ահավոր գոհ էի լինում։

Այդ նույն ձմեռ դանիերենս մարզելու համար կարդացի Կնուտ Համսունի «Սովը», որը նորվեգերեն էր։ Միանգամից ասեմ, որ գրավոր նորվեգերենն ու դանիերենը լրիվ նույն լեզուն են, ու էստեղ զարմանալի բան չկա, որ առանց լուրջ դժվարության կարողացել եմ այն կարդալ։ Կարդացի նաև Հելլե Հելլեի «Ռոդբյու֊Փութգարդենը»։Գրքերն ու թերթերը դանիերեն սովորելու ապահով միջավայր էին։

Չհասկանալով, թե դանիերենն ինչ թշնամի է, սկսեցի լեզու սովորելու, մասնավորապես բանավորի լիքը մեթոդներ հավաքել։ Պիտի փորձես դանիերեն խոսել, եթե նույնիսկ անգլերեն են պատասխանում, պիտի խոսակցությունների մեջ ընկնես, պիտի խնդրես, որ հետդ դանդաղ խոսեն։ Բայց էս բոլորը սիրուն ու կիրառելի են, երբ մոտիվացիա ունես։ Ես մոտիվացիա չունեի։ Ավելին՝ խորը հոգեբանական փոսի մեջ էի, որից դուրս գալ չէի կարողանում։ Մտածում էի նույնիսկ, որ երևի կօգնի նոր մարդկանց հետ ծանոթանալ ու նորերի հետ միայն դանիերեն խոսել՝ հույս չունենալով, որ հների հետ երբևէ կհաջողվի ամբողջովին դանիերենի անցնել։

Նոր տարուց հետո նաև փոխեցի յոգայիս տեղը։ Նոր տեղում երբ հարցրին, թե դանիերեն գիտեմ, ասացի՝ հա։ Թեև էնտեղ ընդամենը կես տարի գնացի, բայց ընթացքում ոչ մի անգամ անգլերենի չեմ անցել։ Յոգայի տեղը գրանցվեց որպես մի միջավայր, որտեղ դանիերեն խոսում էի։

Մեկ այլ տեղ, որտեղ դանիերեն խոսելուց չէի քաշվում, Մորթենի ծնողների տունն էր։  Օրագրում նաև նշում էի, որ Մորթենի հետ էլ եմ երբեմն դանիերեն խոսում, հատկապես երբ օտար երկրում ենք, ու գաղտնի լեզու ունենալու կարիք կար։ Այդքանով ավարտվում էին իմ բոլոր ապահով միջավայրերը։

Չորրորդ տարի․ լեզու սովորելը լսարանից դուրս

Գարնան վերջին Ջուլին գրեց’ խնդրելով հարցազրույց վերցնել թեզի համար։ Եկավ մեր տուն։ Ջուլիի հետ միշտ դանիերեն եմ խոսել։ Նույնիսկ այն ժամանակ, երբ խոսել չգիտեի։ Դրա համար բնական էր հենց սկզբից դանիերեն շփվելը, բայց երբ հասավ հարցազրույցին, անցանք անգլերենի։ Վերջում ասաց, որ լեզուս ահագին լավացել է, ու քաշվելու կարիք չկա։ Ու դրանից հետո էր միայն, որ սկսեցի լուրջ միջոցներ ձեռնարկել։

Սկսեցի հաճախել լեզվի ակումբներ, որտեղ լեզվափոխանակությամբ էինք զբաղվում։ Առանձնապես չէր օգնում, որովհետև չգիտեմ ոնց անընդհատ անգլերենի անկյունում էի հայտնվում։ Բայց նաև ինձ իր օգնությունն առաջարկեց մի դանիացի՝ ասելով, որ ինքը Բելգիայում է ապրել, ու խնդիրը շատ լավ հասկանում է։ Էդպես մի օր գնացինք սուրճ խմելու։ Երկու ժամ զրուցեցինք դեսից֊դենից։ Վերջում ասաց՝ տեսնու՞մ ես, ուղիղ երկու ժամ դանիերեն խոսեցիր։ Հետո էլ ասում ես՝ չես կարողանում։

Ոգևորված, որ մի բան ստացվում է, որոշեցի շարունակել դանիերենս մարզել։ Բայց շատ շուտով Ֆինլանդիա տեղափոխվելու ժամանակը եկավ, ու որպես մարզանքի նյութ ինձ հետ վերցրի Աստրիդ Լինդգրենի «Ավազակադուստր Ռոնյայի» դանիերեն թարգմանությունը, որը չորս ամսում միայն հասցրի վերջացնել ոչ թե գրքի դժվարության, այլ զուտ Յոենսուում գտնվելու պատճառով։

Ֆինլանդիայում, բնականաբար, դանիերենս մարզելու առիթ չէր լինում։ Իսկ երբ ժամանակ առ ժամանակ գնում էի Դանիա, զգում էի, թե ոնց է լեզուն արագ տեմպերով հետ զարգանում։ Մի անգամ նույնիսկ հանդիպեցի նախկին կոլեգաներիցս մեկին, որը նկատեց, որ Ֆինլանդիա տեղափոխվելուց հետո սկսել եմ ավելի վատ հասկանալ։

Արդեն գրեթե կես տարի էր, ինչ Ֆինլանդիայում էի, երբ Օրհուսում աշխատանքի համար Սկայփով հարցազրույց վերցրին։ Առաջին հարցազրույցը մոտ մի ժամ տևեց, ու վերջում պրոֆեսորն ասաց, որ պիտի անցնենք դանիերենի։ Խառնվեցի իրար, ասացի, որ ամաչում եմ։ Բայց տարբերակ չկար։ Մոտ տասնհինգ րոպե դանիերեն խոսեցինք։ Այդ օրվանից մինչև հիմա նրա հետ միայն դանիերեն եմ հաղորդակցվում։

Երբ առաջին օրը եկա աշխատանքի, գրեթե բոլորը հետս դանիերեն էին խոսում։ Ես էլ ամաչեցի անգլերենի անցնել։ Ի տարբերություն Կոպենհագենի համալսարանի, էստեղ հենց ինձ հետ են դանիերեն խոսում, ոչ թե միմյանց հետ՝ ինձ դուրս թողնելով շրջանակից։ Քրիստինան՝ մեր թիմի PhD ուսանողը ու կրտսերներից միակ դանիացին, ծով համբերություն ունի։ Կարող է կողքինի հետ անգլերեն խոսել, բայց շրջվել ու ինձ հետ անցնել դանիերենի՝ շատ լավ հասկանալով, որ դա է իմ ուզածը։

Կոպենհագենի «լեզվի զուգահեռ գործածման» քաղաքականությունը Օրհուսում շատ լավ աշխատում է՝ առանց դրան հատուկ անուն տալու, առանց հատուկ ջանքեր թափելու։ Երբեմն նույնիսկ ուզում եմ նամակ գրել Կոպենհագենի համալսարանին, ասել, որ գան ու ուսումնասիրեն, թե ինչ է Օրհուսն այլ կերպ անում, որ այսքան հեշտ ստացվում է։

Դանիական գրականության մի սիրուն ցանկ սարքեցի, ու հենց վերջացնեմ այն գիրքը, որ հիմա կարդում եմ, կանցնեմ այդ գրականությանը։ Դանիացիները հրաշալի ու չգնահատված գրականություն ունեն։ Ամեն երեկո դասական դարձած «Մատադոր» սերիալի մի սերիա եմ նայում։ Մորթենի հետ ավելի ու ավելի շատ եմ դանիերեն խոսում։ Զանազան միջավայրերում էլ անծանոթ մարդկանց հետ դանիերեն խոսելն ավելի հեշտ է դարձել։ Վերջապես սկսվել է լեզուն սովորելու իրական պրոցեսը։

Յոհաննես Վ․ Յենսենի «Արքայի անկումը»

Տարիներ առաջ, երբ նոր էի տեղափոխվել Կոպենհագեն, ու առաջին անգամ ոտք դրեցի Արք գրախանութ, վաճառողուհուն խնդրեցի դանիական գրականության որևէ նմուշ խորհուրդ տալ։ Գրադարակը քրքրեց ու ընտրեց Յոհաննես Վ․ Յենսենի «Արքայի անկումը»՝ նշելով, որ հեղինակը Նոբելյան մրցանակակիր է և ընդհանրապես այդ գիրքն իր սիրելիներից է։

Image result for the king's fall johannes jensen

Գիրքն առա, տարա տուն ու դրեցի գրադարակումս։ Ու էդպես էնտեղ մնաց գրեթե չորս տարի։ Մի անգամ առավոտյան նախկիններիցս մեկը պարապությունից սկսեց առաջին էջերը կարդալ, ասաց՝ լավն է։ Մի անգամ էլ ընթերցողների ակումբում առաջարկեցի, ու ընտրվեց որպես այս դեկտեմբերի գիրք։ Բայց էդպես էլ կարդալը հետաձգեցի մինչև վերջերս, երբ հետս քարշ տվեցի Յոենսու, էնտեղից նորից Կոպենհագեն, հետո՝ Երևան, որտեղ նոր սկսեցի կարդալ։

«Արքայի անկումը» պատմավեպ է։ Գլխավոր հերոսը Միկել Թյորգեսենն է, որը հաջողացնում է Քրիստիան II թագավորին ծառայել։ Միկելը բավական տպատակասլաց, վրիժառու, կոշտ բնավորությամբ ու ոչ էնքան հաճելի մարդ է։ Բայց նրա կյանքի պատմության միջոցով հեղինակը պատմում է Քրիստիան II-ի մասին․ մի թագավոր, որն ազնվականության հետ կոնֆլիկտների մեջ էր, որովհետև գյուղացիների կողմն էր բռնել։

Վեպի իրադարձությունները տասնվեցերորդ դարում են տեղի ունենում։ Ու զարմանալի է, թե որքան է այն ժամանակվա Դանիան նման այսօրվա Դանիային։ Երբ, օրինակ հրեա Սյուզաննային բռնացնում են մի տղամարդու հետ, Կոպենհագենից վտարում են նրան։ Ու հեղինակը բացատրում է, որ եթե Սյուզաննայի մաշկը շագանակագույն չլիներ ու դանիացի լիներ, պարետն աչք կփակեր։

Պատմությունը բավական անսովոր ձևով է պատմվում։ Հետաքրքիր ուղղություններով ճյուղավորվում է, որ չես հասկանում՝ ինչու է այդպես։ Հետո նույն կերպարները հայտնվում են բոլորովին անսպասելի կոնտեքստներում ու կատարում բոլորովին անսպասելի գործողություններ։

Տեքստը տեղ-տեղ բավական պոետիկ է։ Հատկապես մահվան տեսարաններում էնպիսի մի քնարականություն կա, որ թվում է՝ հեղինակը մահը բոլոր կողմերից ուսումնասիրել է գիրքը գրելուց առաջ։

Գրքի օճառային մասերը բավական անհավանական էին թվում։ Անհավանական էր թվում, թե ոնց էին բոլոր կանայք մեկի հետ մի անգամ սեքս անելուց հետո միանգամից հղիանում։ Բայց հետաքրքիր էր, որ ինչ-որ մեկի՝ մեկ այլ կերպարի ապօրինի երեխա կամ թոռ լինելն ի վերջո ոչինչ չէր փոխում։

Դանիական որոշ լրատվամիջոցներ «Արքայի անկումը» ճանաչել են որպես դանիական գրականության՝ քսաներորդ դարի կարևորագույն գործ։ Ու իրոք․ թե՛ որպես գրական գործ հզոր է, թե՛ որպես դանիականությանն անդրադարձող գիրք իր մեջ ամփոփում է Դանիայի պատմության մի կարևորագույն դրվագ։ Մորթենին հարցրի, ասում է՝ դպրոցում սկի չեն էլ անցել։ Բայց եթե որևէ մեկին հետաքրքրում է Սկանդինավիայի պատմությունն ու դանիականությունը, անպայման խորհուրդ եմ տալիս կարդալ։

Հելլե Հելլեի «Ռոդբյու-Փութգարդեն» վիպակը

Image result for rødby puttgardenՄի անգամ գործիս տեղը նվնվում էի, թե լավ դանիական գրականություն չկա, որ կարդամ։ Որպես պատասխան գրասեղանիս հայտնվեց Ծննդյան տոների փաթեթավորմամբ մի նվեր։ Դանիացի գրող Հելլե Հելլեի «Ռոդբյու-Փութգարդեն» վիպակն էր, որն էդպես մի կողմ թողեցի մինչև էն օրը, երբ այլևս դանիերենի դասերի չէի գնում, ու լեզուն կենդանի պահելու համար որոշեցի կարդալ։

«Ռոդբյու-Փութգարդենը» Դանիան և Գերմանիան կապող լաստանավի երթուղի է։ Վիպակի հերոսների համար կենտրոնական դեր է կատարում այս երթուղին, որովհետև աշխատում են նավի օծանելիքի բաժնում ու բնակվում են Ռոդբյու բնակավայրում։

Վիպակի կենտրոնական դեմքը քսանամյա Ջեյնն է, որը բնակվում է իր քրոջ՝ Թինեի և քրոջ դստեր՝ Դիթեի հետ։ Ջեյնն ու Թինեն տարբեր հայրերից են։ Մեծացել են առանց հոր։ Նույն կերպ էլ պատահական սեռական կապից ծնված Դիթեն էլ է առանց հոր մեծանում։

Ջեյնը դեռ շատ ջահել է, չգիտի՝ կյանքից ինչ է ուզում։ Թինեն հույս ուներ, որ  Ջեյնը գոնե բարձրագույն կրթություն կստանա, բայց Ջեյնն ուսումը կիսատ է թողնում, վերադառնում Ռոդբյու՝ կառչելով մանկության հիշողություններից։

Վիպակի դեպքերի մեծ մասը տեղի են ունենում դանիական այդ աննշան քաղաքում իր աննշան հերոսներով։ Միայն մի դրվագ կա, որտեղ Ջեյնը սիրեկանի հետ մեկնում է Համբուրգ, բայց հետո մեծ հաճույքով վերադառնում է Ռոդբյու։ Մեծ հաճույքով, որովհետև ջահել Ջեյնը չգիտի տղամարդկանցից ինչ է ուզում, բայց հանկարծ Համբուրգում հայտնաբերում է, որ սիրեկանի՝ ամուսնացած լինելն իրեն անհանգստացնում է։

«Ռոդբյու-Փութգարդենի» ուժեղ կողմերից էր նաև Դիթեի կերպարը։ Մի քանի ամսական պստլիկ աղջիկն ի՞նչ կերպար պիտի ունենա որ։ Բայց հեղինակը հմտորեն մտցրել էր նրան պատմության մեջ՝ անձնավորելով ու դարձնելով վիպակի անբաժան մասը։ Դիթեն խաղում էր, Դիթեն լացում էր, Դիթեն ուշադիր նայում էր մարդկանց, Դիթեն որոշ բաներ սիրում էր, որոշ բաներ՝ չէ։

Հելլե Հելլեին անվանում են դանիական Հեմինգուեյ։ Հեղինակն ինքն էլ է խոստովանում, որ Հեմինգուեյից ահագին ազդված է։ Իսկ վիպակում տեսնում ես պարզ, կարճ նախադասություններ, կենդանի երկխոսություններ, որտեղ ամեն ինչ չէ, որ ասվում է։ Ու կերպարներին ճանաչում ես հենց իրենց ասածների ենթատեքստերից։ Ու հենց այդ պարզ, հասկանալի լեզուն անասելի սիրուն է թվում։ Այս գրեթե երեք տարիների ընթացքում դանիերենի սիրունությունն առաջին անգամ հենց այս գիրքը կարդալիս զգացի։

Հեղինակն աննշան քաղաքում ապրող աննշան մարդկանց պատմությունը նշանավոր ու հետաքրքիր է դարձրել՝ այդպիսով ցույց տալով, որ նրանք էլ ունեն հետաքրքրություններ, անհանգստություններ ու երազանքներ, կարևորելով այն կյանքերը, որոնց մեծ քաղաքների սնոբերը անվանում են հիմարներ ու կյանքից բան չհասկացողներ։

Իսկ այս ընթացքում Դանիայում լաստանավերի երթուղիները մեկը մյուսի հետևից փակվում են՝ փոխարինվելով կամուրջներով։ Մեկը մյուսի հետևից այդ աննշան բնակավայրերի բնակիչները զրկվում են աշխատանքից։ Ռոդբյու-Փութգարդեն երթուղին դեռ կա. Գերմանիան ու Դանիան կապող կամուրջ դեռ չի կառուցվել։ Հուսամ՝ չի էլ կառուցվի, որ Ջեյնն ու Թինեն չկորցնեն իրենց աշխատանքը։

Նեթվորքինգ կամ օրինականացված կոռուպցիա

networkingՀինգ ամսից գործազուրկ եմ։ Ավելի ճիշտ, պիտի նոր աշխատանք ճարեմ։ Ակադեմիայում մնալու ցանկություն էնքան էլ չունեմ. հոգնել եմ մի քանի տարին մեկ գործազրկության վտանգի առաջ կանգնելուց։ Դրա համար կարիերայի ոչ մի վորքշոփ բաց չեմ թողնում։ Փորձում եմ պարզել՝ PhD անելուց հետո դանիական աշխատաշուկայում ինչ հնարավորություններ կան։

Սիվին սիրուն սարքելուց ու LinkedIn-ի գրավիչ պրոֆիլ ունենալուց բացի բոլորը միաձայն մի խորհուրդ են տալիս. նեթվորքինգ։ Շատ վորքշոփների ժամանակ նույնիսկ խորհուրդներ են տալիս, թե ինչպես պետք է կատարել նեթվորքինգը։

Սկզբում ընտրում ես այն ընկերությունը, որտեղ ուզում ես աշխատել։ Հետո քո ծանոթների շրջապատում գտնում ես մեկի, ով ճանաչում է այդ ընկերությունում աշխատող որևէ մեկի։ Խնդրում ես ծանոթացնել։ Հանդիպում ես նոր ծանոթիդ, հարցեր տալիս ընկերության մասին։ Երբ նրանց մոտ թափուր աշխատատեղ է հայտնվում, դիմում ես ու անպայման նշում նոր ծանոթիդ անունը։ Շանսերդ մի քանի անգամ մեծանում են։

Նեթվորքինգով գործ ճարելու ուրիշ հազար ու մի տարբերակ էլ կա։ Ամենահարմար տարբերակն այն է, երբ ծանոթներիցդ որևէ մեկի աշխատավայրում թափուր աշխատատեղ կա, զանգում է քեզ, ասում՝ էսինչ աշխատատեղն ունենք, կուզե՞ս։

Ոչ հարմար, բայց արդյունավետ տարբերակ է որևէ կոնֆերանսի կամ այլ կարևոր իրադարձության ժամանակ որևէ կարևոր մարդու հետ ծանոթանալը։ Հետո նրան նամակ ես գրում, մի գլուխ գովերգում։ Կարող ես անգամ դուռը ծեծել, ասել՝ ինձ գործ տվեք։ Երբ ասում է՝ գործ չկա, գալիս ես մի քանի ամիս հետո, նույնն ասում։ Էնքան, մինչև լինի։

Առաջին հայացքից էնքան էլ վատ չի թվում, բայց պարզվում է՝ Դանիայի աշխատատեղերի 80%-ը չեն էլ հայտարարվում ու հենց նեթվորքինգով են լցվում։ Իսկ հայտարարվելիս էլ հիմնականում արդեն նախապես իմանում են, թե ում են վերցնելու։ Անգամ իմ PhD-ի աշխատատեղն էլ է էդպիսին եղել։ Ուղղակի երջանիկ պատահականությամբ այն անձը, որի համար նախատեսված էր այդ տեղը, հանկարծ որոշել էր չդիմել, տեղը թափուր էր մնացել։ Ստիպված նորմալ մրցույթ էին անցկացրել։

Հենց նեթվորքինգի արդյունքում հաճախ աշխատանքի են անցնում պակաս կոմպետենտ մարդիկ, իսկ ավելի կոմպետենտները մնում են ստվերում մինչև էն պահը, երբ հասկանում են, որ իրենք էլ պետք է մտնեն նեթվորքինգի խաղի մեջ։

Բայց եթե խորանանք, էսքան անմեղ ու ոմանց կարծիքով պրոֆեսիոնալ հնչող «նեթվորքինգ» տերմինը ոչ այլ ինչ է, եթե ոչ բոլորիս քաջ հայտնի «ծանոթով գործի ընդունվելը», որը Հայաստանում ու մի շարք արևելաեվրոպական երկրներում համարում են կոռուպցիա։ Դանիայում դա դիտվում է որպես աշխատանք գտնելու նորմալ բաղադրիչ, ու շատ հազվադեպ է քննադատության արժանանում (վերջերս մի երիտասարդ նեթվորքինգը համեմատել էր մարմնավաճառության հետ, բայց հոդվածն առանձնապես մեծ արձագանք չստացավ):

Նեթվորքինգը միայն դանիական երևույթ չէ։ Ողջ արևմտյան աշխարհում միջազգային կոնֆերանսներ, վորքշոփներ ու այլ միջոցառումներ կազմակերպում են հենց նեթվորքինգի նպատակով (ասել կուզի՝ որ մի օր գործ պետք լինի, ծանոթն արդեն ճարված լինի):

Ամիսներ շարունակ մտածում եմ՝ որն է նեթվորքինգի ու ծանոթով գործի ընդունվելու տարբերությունը։ Վերջը գտա. եթե արևմուտքում է, ուրեմն պուպուշ է, կարելի է, կոչվում է նեթվորքինգ։ Եթե նախկին սովետական պետություն է, ուրեմն քըխ է, կոռուպցիա է, կոչվում է ծանոթով գործի ընդունվել, պետք է դրա դեմ պայքարել։

Ինչն է դուրս գալիս Դանիայում. մաս 3. աշխատանք-կյանք բալանս

Մաս 1
Մաս 2

Մեր ֆակուլտետում PhD անելու ողջ ընթացքում երեք անգամ ղեկավարի հետ հարցազրույց է տեղի ունենում։ Էդ ընթացքում քննարկում ենք զանազան հարցեր. ո՞նց է պրոյեկտն ընթանում, ի՞նչ դժվարություններ ունեմ, ի՞նչը կարելի է բարելավել և այլն։ Էս բոլորի հետ մեկտեղ կա մի շատ կարևոր հարց. «Ինչպե՞ս է աշխատանք-կյանք բալանսդ»։

phdcomics-thesis
Ամերիկյան ակադեմիայի օրինակներից, երբ գիտական աշխատանքից կարևոր բան չկա

Անցյալ շաբաթ իմ վերջին նման հարցազրույցն էր։ Աշխատանք-կյանք բալանս հարցին հասնելիս ղեկավարս ուզեց ճշտել, թե արդյոք հասցնում եմ հանգստանալ։ Ասացի, որ կես տարի է մնացել, ու հիմա ամենակարևորը թեզս ժամանակին հանձնելն է, մնացածը երկրորդական է։ Հարցրեց, թե արդյոք ընկերս հասկանում է, որ առաջիկա կես տարում զբաղված եմ լինելու։

Եթե նայենք ԱՄՆ-ի, ՄԹ-ի ու այլ պետությունների PhD ուսանողներին, կտեսնենք, որ մի այլ կարգի են ճռռում. առավոտից մինչև ուշ երեկո լաբերում են, շաբաթ-կիրակի կամ արձակուրդ չունեն։ Արդյունքում՝ չնայած հասցնում են ավելի շատ գիտական հոդվածներ տպագրել, քան դանիացի PhD-ները, շատերը հոգեկան խնդիրներ են ձեռք բերում։

Իսկ Դանիայում PhD ուսանողից պահանջվում է աշխատել շաբաթը 37 ժամ, կատարել գիտական, աշխատանքային և կրթական պարտականությունները, տարին 6 շաբաթ արձակուրդ գնալ ու բնագավառից կախված մի քանի հոդված տպագրել։ Ճիշտ է՝ իրականում ի վերջո որոշ PhD ուսանողներ ավելի շատ են աշխատում կամ աշխատավայրում հայտնվում են նաև վիքենդին, բայց դա ոչ մի կերպ չի համեմատվի ԱՄՆ-ի 10-12 ժամյա աշխատանքային օրերի հետ։

Նաև թույլատրվում է աշխատել մեր ընտրած ժամերին։ Եթե ես առավոտյան ժամերին լրիվ անջատված եմ, չի նշանակում, որ պիտի տառապելով 8։30 հասնեմ աշխատանքի ու մի երկու ժամ կռիվ տամ, մինչև ուղեղս միանա։ Կարող եմ աշխատանքի գալ 10։00-ին և մնալ մի քիչ ավելի երկար։ Արդյունքում՝ ոչ թե իմ ռիթմն եմ հարմարացնում աշխատանքիս, այլ աշխատանքս՝ ռիթմիս։

Բայց դանիացի PhD ուսանողից ամենակարևոր պահանջն աշխատանքից հաճույք ստանալն է։ Չնայած ղեկավարիս հետ բազմաթիվ տարաձայնություններին ու վեճերին, չնայած մեր՝ տարբեր հետաքրքրություններին ու լավ հետազոտության պատկերացումներին, ղեկավարս անընդհատ փորձում է ճշտել, թե արդյոք որևէ բան որ անում եմ, հաճույք ստանում եմ դրանից։

Ու սա միայն ակադեմիայում չէ։ Դանիական բազմաթիվ աշխատավայրերում պայմաններն անպայման էնպիսին են, որ աշխատակիցները կարողանան տուն գնալ ու ընտանիքի-երեխաների հետ ժամանակ անցկացնել։ Ղեկավարները տարին մեկ անգամ իրենց ենթակաների հետ հարցազրույց անցկացնելով բոլոր մնացած հարցերի հետ փորձում են պարզել, թե արդյոք աշխատանքից հաճույք ստանում են կամ կան արդյոք ինչ-որ բաներ, որ անհանգստացնում են կամ հո չափից շատ չե՞ն աշխատում։

Իհարկե, աշխատանքն այսքան շատ կյանքին հարմարացնելն իր բացասական կողմերն էլ ունի։ Շատ աշխատողներ ուղղակի ծուլանում են ու լավագույն արդյունքը չեն ցուցաբերում։ Բայց էստեղ հարց է առաջանում. ո՞րն է ավելի կարևոր։ Ունենալ գերազանց արդյունք ու սթրեսված-անքուն աշխատո՞ղ, որը սկի երեխաներին տեսնել չի հասցնում, թե՞ միջինից մի քիչ բարձր արդյունք, բայց առողջ ու երջանիկ աշխատող, որն աշխատանքից հաճույք է ստանում։ Ու 37 ժամյա աշխատանքային շաբաթվա աշխատավարձերն էլ, ի դեպ, բնավ ցածր չեն։

Աշխատանք-կյանք բալանսը չեմ ուզում Հայաստանի հետ համեմատել, որովհետև էնտեղ ուղղակի ոչինչ չի կարգավորվում, ու հաճախ ուղղակի ապրելու համար անհրաժեշտ փող վաստակելու համար օրը 12 ժամ պիտի աշխատես։ Բայց համեմատելի է այլ զարգացած պետությունների հետ, նույն ԱՄՆ-ի, որտեղ մարդիկ անընդհատ առաջընթացի, արդյունքի, արտադրանքի ճնշման տակ են, ու մարդու ինքնազգացողությունն ու երջանկությունը երկրորդ պլան է մղվում։

Ինչն է դուրս գալիս Դանիայում. մաս 2. ինտրովերտ հասարակություն

Առաջին մասն այստեղ

introvertsՎերջերս Կոպենհագենում բնակվող ընկերներիցս մեկը ֆեյսբուքում ստատուս էր գրել։ Ասում էր, որ երբեմն հարևանների կամ որդու դպրոցի երեխաների ծնողների հետ զրուցում է։ Հաճելի ու ընկերական են։ Բայց երբ նորից ինչ-որ տեղ տեսնում են իրար, չեն բարևում, ասես հեչ էլ ծանոթ չեն։ Այդ ընկերս չէր հասկանում, թե ինչու է այդպես, իսկ նրա դանիացի կինը մշակույթին էր վերագրում։ Հետևեցին բազմաթիվ այլ էքսպատների մեկնաբանություններ այն մասին, թե դանիացիներն ընդհանրապես կարճ խոսակցություն (small talk) անել չգիտեն, թե սոցիալական հմտություններ չունեն։ Մի քանիսն էլ կիսվեցին իրենց նմանատիպ փորձով։

Կիսածանոթ մարդուն չբարևելը Դանիայում մշակութային է։ Դա չի արվում որևէ մեկին արհամարհելու կամ չճանաչելու տալու համար, այլ մի քիչ դիմացինին հարգելու արդյունք է, մի քիչ էլ ուղղակի պարտադրված շփումից խուսափելու միջոց։ Դիմացինին հարգել նշանակում է, որ գուցե այդ մարդը խոսելու հավես չունի, ասելիք չունի, ուզում է իր մտքերի հետ մնալ։ Ինչու՞ անկապ սկսել եղանակից խոսել մենակ խոսելու համար։ Ու նաև հենց դանիացին հաճախ ուզում է շփումներից, կարճ խոսակցություններից զերծ մնալ։ Ինչու՞ բարևել ու խոսել, եթե դրա ցանկությունը չունես։ Եթե դիմացինը կարևոր ասելիք ունենա, ինքը կմոտենա։

Հայաստանում բոլոր տեսակի սոցիալական պարտականություններն ինձ խեղդում էին։ Զանազան հավաքույթներ, երբ գալիս, ձեռքերիցս քաշում, համոզում էին, որ տանեն պարելու։ Կամ երբ ուղղակի որևէ քեֆի ժամանակ առանձնանում էի, հազար հոգի կարող էր թափվել գլխիս ու հարցներ՝ ինչ է պատահել։ Չէ, բան չի եղել, ուղղակի չեմ կարողանում շփվել մարդկանց հետ, ուզում եմ մի քիչ մենակ մնալ։ Սրճարանում մենակ նստելն ամենատարօրինակ բանն էր (բայց էս մեկը ոնց որ վերջին տարիներին փոխվում է)։ Իսկ երբ այգիներում վեր էի ընկնում ու գիրք կարդում, պարտադիր մեկը մոտենում էր ու սկսում խոսել։

Իմ անձնական տարածքն ավելի մեծ էր, քան մեր մշակույթով սահմանվածը, ու երբ անծանոթ մեկը մոտենում, սկսում էր խոսել, շունչս կտրվում էր։ Դանիայում ահագին մեծ են անձնական տարածքները։ Ներխուժում առանձնապես չեմ նկատել։ Բայց այ հերիք է, որ գնամ Գերմանիա ու գնացքի տոմսի հերթ կանգնեմ, որ նույն «օդի պակասի» զգացողությունն առաջանա։

Ու միայն ֆիզիկական տարածքս չէր, որ ոտնահարվում էր։ Հայաստանում պետք է բոլորը բոլորի մասին ամեն ինչ իմանային։ Ուսանողական տարիներին գնահատականներն էին կամ ավարտելուց հետոյի պլանները։ Մինչև ծայրից ծայր չքրքրեին, հանգիստ չէին թողնի։ Հետո արդեն հասնում էին անձնականին, ամուսնանալուն ու նախատում, որ ուշացնել չի կարելի։ Իմ փոխարեն որոշում էին, թե որն է ճիշտ կյանքը ու ինչն է լավ ինձ համար։ Մինչև հիմա էլ անում են։ Մինչև հիմա էլ շատերը նախատում են ինձ Հայաստանից գնալու համար, ինչքան էլ փորձում եմ բացատրել, որ իմ կյանքն է, ու որոշումներ ընդունողը ես եմ։

Իհարկե, Դանիայում էլ են նման խոսակցություններ տեղի ունենում, բայց շատ զգույշ։ Ու երբ շատ ուղիղ ասում եմ, որ չեմ ուզում որևէ թեմայով խոսել, զրուցակիցն անմիջապես փոխում է թեման, ոչ թե նեղանում կամ շարունակում քրքրելը՝ մինչև իր ուզած ինֆորմացիան կորզի։ Հիշում եմ՝ մի անգամ նոր ամուսնալուծված գործընկերներիցս մեկի մասին մեկ այլ գործընկեր ասաց. «Փաստորեն, դու նորից սինգլ ես»։ Պատասխան. «Ես պիտակներ չեմ սիրում։ Եկեք փոխենք թեման»։ Ու զրույցը միանգամից ուրիշ ուղղություն ստացավ։

Այստեղ ապրելով նաև լիցքավորվելու ժամանակ եմ ունենում։ Ինձ համար կարևոր է շաբաթը մի քանի ժամ բազմոցին վեր ընկնելը, ոչ մեկի հետ չշփվելն ու ոչինչ չանելը (ոչինչ չանելու տակ հասկանանք բլոգ գրել, ֆեյսբուք բզբզալ, գիրք կարդալ ու այլ ժամանցային բաներ)։ Դա ծուլություն չէ, ֆիզիկական հոգնածություն չէ, հիվանդություն չէ։ Ուղղակի հոգեբանորեն դրա կարիքն ունեմ։ Եթե չեմ անում, հաջորդ ամբողջ շաբաթս վարի է գնում. հոգնածություն, ուշադրության կենտրոնացման դժվարություն, ոչ էնքան պրոդուկտիվ աշխատանք։ Երևանում ընդհանրապես անհնար էր էդպես վեր ընկնելը։ Հեռախոսս չէր լռում։ Եթե անջատում էի, որևէ ուրիշ բան էր մեջտեղ ընկնում։ Ու հնարավոր չէր լինում որևէ ծակ գտնել ու շունչ քաշել։ Միակ տեղը, որ դա հնարավոր էր, տատիկիս տանն էր, բայց բջջային հեռախոսների ի հայտ գալու հետ տատիկիս տանն էլ ուղղակի վեր ընկնելն անհնար դարձավ։ Դանիայում իրար զանգել հազվադեպ, միայն խիստ անհրաժեշտության դեպքում է լինում։ Մնացած դեպքերում մարդիկ շփվում են սմս-ներով ու ֆեյսբուքով։ Ու դա նույնպես թույլ է տալիս շնչել։

Ընդհանրապես, մենակ մնալու ցանկությունը կամ նույնիսկ պահանջը դանիացիների համար շատ կարևոր է, ու երբեք դիմացինը չի վիրավորվում, երբ մեկն այդ մասին բարձրաձայնում է։ Անցյալ տարի դանիական պատվիրակությամբ մեկնել էինք Անգլիա կոնֆերանսի։ Ամբողջ շաբաթ միասին էինք, լիքը մարդկանց հետ էինք շփվում, ասում-խոսում։ Բայց երբ եկավ վերջին օրը, բոլորս ուժասպառ էինք եղել։ Ու նախաճաշից հետո պայմանավորվեցինք, որ ցրվում ենք տարբեր կողմերով, զբաղվում ինչով ուզում ենք, հետո հանդիպում, միասին գնում օդանավակայան։ Հիմա պատկերացրեք էս նույն բանը հայկական պատվիրակության հետ։ Մի քանի երկուսը նեղանում են, մի երկուսը կպչում, հետդ գալիս են։ Իսկ եթե մեկն էլ ուզում է առանձնանալ, թաքուն անհետանում է, որ ոչ ոք չնեղանա ու ոչ ոք հետը չգա։

Մեկ էլ Հայաստանում գժվում էի վերջին վայրկյանին պլանների փոխվելուց։ Չգիտեմ՝ զբաղվածությունիցս էր, թե բնույթիցս, բայց ինձ ավելի հարմար էր լինում, երբ մի երկու շաբաթ առաջ նախապես պլանավորած էի լինում, թե երեկոներն ինչով եմ զբաղվելու։ Շատ ընկերներ նեղանում էին, երբ զանգում էին, առաջարկում հանդիպել, իսկ ես օրացույցս էի քրքրում ու հարմար օր փնտրում հաջորդ երկու շաբաթների ընթացքում։ Շատ ընկերներից էլ ես էի նեղանում, երբ վերջապես օրը գալիս էր, զանգում, ասում էին, որ չեն կարող գալ։

Դանիայում մարդիկ ամեն ինչ նախապես են պլանավորում, ու ճիշտ ինձ նման նեղվում են, երբ պլանները փոխվում են։ Իհարկե, մի երկու արտասահմանցի ընկեր ունեմ, որոնց հետ հանդիպելը գլխացավանք է դառնում, որովհետև միշտ առաջարկում են հանդիպել վերջին վայրկյանին, իսկ ես հազվադեպ եմ սպոնտան լինում (չնայած փորձում եմ, աշխատում եմ դրա վրա, բայց սպոնտանությունը ևս մի բան է, որ շատ արագ էներգիաս սպառում է)։ Ու մի երկուսն էլ զարմանում են դանիացիների՝ ամեն ինչ շատ շուտ պլանավորելու վրա։ Օրինակ, վերջերս ֆեյսբուքում ծննդյանս օրվա իվենթի էի բացել, հրավիրել  ընկերներիս։ Իվենթին գրեթե երկու ամիս կար։ Հրավիրելուս հաջորդ օրն ամերիկացի ընկերներիցս մեկին եմ տեսնում, ասում է՝ հո չե՞ս գժվել, երկու ամիս առաջ իվենթ ես բացել։ Ասում եմ՝ բայց մենք Դանիայում ենք։ Շառը գցում եմ Դանիայի վրա, բայց թաքուն ուրախ եմ, որ էստեղ էդպես է, որ երկու ամիս, ոչ թե երկու օր առաջ եմ իմանում ովքեր են գալու ու ինչ եմ եփելու։

Իրականում ինտրովերտ ու էքստրավերտ հասարակությունները լավ ու վատ հասարակություններ չեն, այլ տարբեր են։ Բայց ինտրովերտի համար դժվար է էքստրավերտների մեջ լինելը, էքստրավերտների համար՝ ինտրովերտների։ Դանիայում բազմաթիվ ամերիկացիներ, իսպանացիներ ու գուցե նաև հայեր նեղվում են, որ հասարակությունը «փակ» է, դանիացիները «սառն» են։ Բայց ես, որպես մասամբ ինտրովերտ, գտել եմ ինձ հարմար հասարակությունը, որտեղ կարողանում եմ մարդկանց հետ շփման ու առանձնանալու կատարյալ բալանս ապահովել ու հետևաբար ինձ լավ եմ զգում գրեթե ամեն օր։

 

Ինչն է դուրս գալիս Դանիայում. մաս 1. գենդերային հավասարություն

screen-shot-2013-12-11-at-2-45-56-pm-300x267Փետրվարին, երբ գրեցի, թե ինչը դուրս չի գալիս Դանիայում, հաստատ գիտեի, որ կարճ ժամանակ անց անդրադառնալու եմ նաև լավ բաներին։ Բայց ամիսներ անցան, ու չէի կարողանում գրել։ Չէի կարողանում ոչ թե նրա համար, որ Դանիայում լավ բան չկա (որովհետև շատ կա), այլ որովհետև չէի կարողանում ձևակերպել ասելիքս։ Բայց երկար մտածելուց հետո հասկացա, որ շատ բաներ կարելի է ամփոփել մեկ բառով. գենդերային հավասարություն։

Տեսականորեն գենդերային հավասարություն ասելով հասկանում ենք կնոջ ու տղամարդու հավասար իրավունքներ ու հնարավորություններ։ Սիրուն, բայց աբստրակտ երևույթ է։ Հաստատ մեկը կգտնվի ու կասի՝ կարո՞ղ ա դու Հայաստանում տղամարդկանց հավասար իրավունքներ ու հնարավորություններ չունեիր։ Իսկապես, եթե էդպես սահմանենք, ոնց որ դժգոհելու տեղ չունեմ. կրթություն ստացել եմ, աշխատանք ունեի, կարող էի մինչև ժամը հազարը փաբերում թրև գալ։

Բայց Հայաստանում շատ էի նեղվում։ Նեղվում էի բազմաթիվ պատճառներով։ Դրանցից մեկն էլ էն էր, որ ինձ թվում էր, թե իմ ներսում ի սկզբանե ինչ-որ բան սխալ է։ Կողքից ինձ անընդհատ ասում էին՝ խելքդ տվել ես ուսմանը, էդքան չի կարելի, մի քիչ արտաքինիդ հետևիր, բա անձնականը, բա սենց, բա նենց, քեզ աղջիկ ասողին (շարունակեք ցանկը)։ Միայն իմ նեղ շրջապատում էի կարողանում ես ես լինել, իսկ դրանից դուրս անընդհատ ինչ-որ բանով սխալ էի, անընդհատ նկատողությունների էի արժանանում, անընդհատ մատնանշվում էր, որ ես ինչ-որ բանով նորմալ չեմ։ Կանայք քննադատում էին ինձ, տղամարդիկ հուշտ էին լինում։ Ուղեղս դիտվում էր որպես սպառնալիք, ոչ թե որպես արժանիք։ Արդյունքում՝ ինձ թվում էր, թե կարիերայի վրա կենտրոնացած այն տգեղ կինն եմ, որը երբևէ անձնական կյանք չի ունենալու։

Բայց եկա Դանիա, ու հանկարծ ամեն ինչ փոխվեց։ Հանկարծ պարզվեց, որ խելացիությունը տղամարդկանց մենաշնորհը չէ ու գնահատվում է անկախ անձի գենդերային պատկանելությունից։ Պարզվեց նաև, որ տղամարդիկ ոչ թե հուշտ են լինում խելացի կանանցից, այլ ձգտում դեպի նրանց։ Իմ շուրջն էլ լիքը դանիացի տղամարդիկ էին պտտվում։ Ու էն զգացողությունը, որ ինչ-որ բան սխալ է իմ մեջ, վերացավ։

Այստեղ տղամարդիկ կնոջ խելքը ոչ թե սպառնալիք են համարում, այլ արժանիք։ Ու մենակ էն, որ ասում եմ՝ PhD եմ անում, հետաքրքրվածությունը կրկնապատկում է։ Որևէ մեկի մտքով չի անցնում ասել՝ խելքդ տվել ես գիտությանը։ Որևէ մեկը չի սկսում անկապ մրցակցել կամ փորձել ոչնչացնել դիմացինին՝ կպնելով արտաքինին, ինչպես հաճախ տեղի էր ունենում Հայաստանում։ Ու այ քեզ բան. պարզվեց, որ համ էլ լավ էլ սիրուն եմ առանց կոսմետիկայի։ Հայաստանում «չխնամված» եմ, էստեղ՝ կանացի։

Դանիայում կինը եփող-թափող, մաքրող ու ծննդաբերող օբյեկտ չէ, որովհետև տղամարդիկ էլ, կանայք էլ դեռ շատ վաղ տարիքից իրենք են իրենց ճաշերը եփում ու իրենց հետևից հավաքում։ Ու բնականաբար, կան տղամարդիկ ու կանայք, որոնք չեն սիրում եփել կամ հավաքել, բայց դա սեռից անկախ է։ Միայն դրսում ճաշող աղջկան չեն ասում «քեզ աղջիկ ասողին» կամ «տանողիդ տանը մնաս»։ Իսկ ճաշ եփող տղամարդը ղզիկ չէ։

Էս բոլորը տեսականորեն շատ հեշտ ու հասկանալի է թվում։ Երևի շատերդ եք կարդացել, թե «էդ կեղտոտ Եվրոպայում» ոնց են «սեռերը վերացել»։ Բայց հենց էս գենդերային հավասարությունն է, որ Դանիան շատ տարբեր է դարձնում աշխարհի բազմաթիվ երկրներից։ Ու հենց Դանիայում հասկացել եմ, որ ոչ թե իմ մեջ է ինչ-որ բան սխալ, այլ ապրում էի սխալ երկրում, որտեղ միայն ու միայն սեռիս պատճառով հասարակությունն ինձնից լրիվ ուրիշ սպասելիքներ ուներ, այնպիսի սպասելիքներ, որոնք չէի կարող արդարացնել։

Էստեղ նաև հասկացա, որ կարիերան ու անձնական կյանքը շատ էլ լավ համատեղելի են, որովհետև անձնական կյանքը ոչ թե ուրիշի համար ճաշ եփելն ու հետևից հավաքելն է, այլ երկու կյանքեր իրար միացնելը։ Ու հենց այս կիրակի օրով մինչ ես տունն էի մաքրում, ընկերս դարչնաոլոր էր թխում։ Չկա ավելի համեղ բան, քան նրա թխած դարչնաոլորը։ Ու Հայաստանյան իմ ամբողջ կյանքի ընթացքում երբևէ ինձ այնքան կանացի չեմ զգացել, ինչքան իմ դանիացի ընկերոջ կողքին։

Դանիական ավանդական Սուրբ Ծնունդ

Ֆիֆի տոնածառը
Ֆիֆի տոնածառը

Սուրբ Ծնունդը դեկտեմբերի 25-ին տոնելու գաղափարն էդպես էլ իմ ուղեղի մեջ չի տեղավորվում ու երևի չի էլ տեղավորվի, ինչքան էլ երկար ապրեմ արևմուտքում: Բայց իմ աշխատավայրում դա չէին հասկանում, ու գործընկերներս անհանգստացած հարցնում էին, թե որտեղ եմ լինելու 24-ի երեկոյան: Երբ իմանում էին, որ 25-ին պիտի ճանապարհ ընկնեմ, ավելի էին խառնվում իրար, թե՝ ինչու՞ էդքան դաժան:

Ինձ համար առանձնապես կարևոր չէր, թե որտեղ կլինեմ 24-ի երեկոյան: Երևի ավելի շատ կնախընտրեի տանը մնալ ու ճամպրուկներս հավաքել, որ հանկարծ որևէ բան չմոռանամ հետս վերցնել: Բայց այնպես պատահեց, որ միթափում հայտարարություն հայտնվեց, թե՝ սահմանափակ թվով մարդկանց հրավիրում եմ իմ տուն, միայն առաջին գրանցվողները կկարողանան գալ: Ես այն հաջողակներից էի, որ հասցրի գրանցվել: Դրանից հետո անընդհատ մտածում էի՝ չեղարկեմ, իմ գործերով զբաղվեմ: Հավես ունե՞մ անծանոթ մարդկանց հետ երեկո անցկացնելու:

Հայտարարություն գրողը Ֆիֆ անունով մի կին էր: Ընթացքում գրանցվածներին նամակներ էր գրում, նշում, որ ինքը հիսունն անց է ու Սուրբ Ծնունդը շատ կարևոր տոն է իր համար և սիրում է ավանդույթներով նշել, հետևաբար հույս ունի, որ հյուրերը կհարգեն դա: Ավանդույթներից նշել էր, որ ինքը պիտի դաշնամուր նվագի, հյուրերը՝ քերոլներ երգեն:

Սկզբում ինձ թվաց՝ ամերիկուհի է, որովհետև միթափում հիմնականում նրանք են ակտիվ: Միայն նրա տուն հասնելուց ու հարցնելուց հետո պիտի իմանայի, որ դանիացի է: Ֆիֆն ապրում է Կոպենհագենի արվարձաններից մեկում՝ Թոսթրուփում: Ունի տասնչորս տարեկան տղա, որն այս տարի Սուրբ Ծնունդը հոր հետ է անցկացնում, ունի նաև երկու կատու և մի ձի:

Սեղանի շուրջ հինգ հոգով էին. Ֆիֆը, մի ամերիկացի պարոն, մի հնդիկ ու մի բրազիլացի երիտասարդ ու ես: Մեկ էլ կատուներն էին ժամանակ առ ժամանակ անցնում կողքներովս ու քսմսվում: Ֆիֆն ավանդական դանիական տոնական ընթրիք էր պատրաստել: Միայն միսը փոխարինել էր բուսակերական պաթեով, որովհետև ինքն էլ է բուսակեր: Կարմիր կաղամբ, քաղցր կարտոֆիլ, իսկ որպես դեսերտ՝ բրնձով ու նշով պուդինգ, վրան՝ տաքացրած բալի մուրաբա:

Գինու բաժակները հերթով դատարկվում են: Ֆիֆը ժպտերես, աշխույժ, շփվող ու մնացած բոլոր դանիացիների նման ուղղախոս է: Երբ իմացավ, որ Հայաստանից եմ, հայերեն «բարի լույս» ասաց: Պատմում է, որ սիրում է Սուրբ Ծնունդն իր ընտանեկան ավանդույթներով անցկացնել, բայց արդեն մի քանի տարի է, ինչ չի ստացվում, որովհետև մայրը հիվանդ էր, իսկ վերջերս էլ մահացել է:

Ընթրիքից հետո ինձ պատվիրեց հետը դուրս գալ հյուրասենյակից, որ տղաները տոնածառի մոմերը վառեն: Երբ հարցրի, թե ինչու է այդպես: Ասաց, որ չգիտի, բայց միշտ մոմերը հայրն ու եղբայրն էին վառում, իսկ ինքը մոր ու քրոջ հետ գնում էր մի ուրիշ սենյակ, ու միասին տոնական պատմություններ էին կարդում:

Տղաները զանգը տվեցին, երբ մոմերն արդեն վառված էին: Ֆիֆը նստեց դաշնամուրի մոտ: Սկսեցինք դանիերեն քերոլներ երգել: Ավելի ճիշտ, Ֆիֆը նվագում ու երգում էր, իսկ մենք կողքից ինչ կարողանում, անում էինք: Ընթացքում մեկ էլ կատուներից մեկը վազեց դաշնամուրի վրայով:

Քերոլներից մեկի ժամանակ Ֆիֆը պատվիրեց, որ իրար ձեռք բռնած պտտվենք տանը, որովհետև ավանդույթն այդպես է պահանջում: Նայեցինք իրար, ոչինչ չարեցինք: Բոլորս իրար առաջին անգամ էինք տեսնում, մի տեսակ անհարմար էր իրար ձեռք բռնելն ու տանը պտտվելը:

Հետո մոմերն անջատեցինք, որ կատուները տոնածառը շուռ չտան: Ու շարունակեցինք զրուցել: Դանիայից, այստեղ ապրող օտարերկրացիներից, ռասիզմից ու լիքը այլ բաներից: Զարմացավ, երբ իմացավ, որ Դանիան դուրս գալիս է, որովհետև շատ է լսել օտարերկրացիների բողոքներ:

Կեսգիշերին մոտ բավական խմած ճանապարհ ընկանք: Ֆիֆն ասաց, որ իր դուռը միշտ բաց է մեզ համար, կարող ենք զանգել, այցելել: Ու գնացինք կայարան, կես շիշ գինի էլ գնացքին սպասելիս դատարկեցինք:

Լիքը, լիքը ջերմություն կար այդ գիշերվա մեջ: Ու ես ո՜նց եմ սիրում իմ դանիական կյանքը: