Featured

«Դժվար հիշվող անուն» պատմվածքների ժողովածուն

Քանի որ բլոգիս բազմաթիվ ընթերցողներ գրում են ու բազմաթիվ հարցեր տալիս գրքիս մասին, որոշեցի այս գրառմամբ պատասխանել հաճախակի տրվող հարցերին. մարդ ես, գուցե ոմանք չեն համարձակվում հարցնել։

1. Որտեղի՞ց կարելի է գիրքը ձեռք բերել։
Եթե Երևանում եք, կարող եք ձեռք բերել Իլիկից, Նոյյան տապանից, Զանգակից ու Բուկինիստից (պիտի որ բոլոր մասնաճյուղերում լինի, բայց վստահ չեմ)։

ByurMap.png
Եթե արտերկրում եք, կարող եք առցանք պատվիրել իմ կայքից։

2. Լինելու՞ է արդյոք էլեկտրոնային տարբերակ։
Հավանաբար այո։ Առայժմ թիմիս հետ քննարկում ենք ֆորմատը, հարթակը և այլն։

3. Արդյոք գիրքը բլոգի բովանդակության արտատպու՞մն է։
Ո՛չ։ Թեև որոշ պատմվածքների նախնական տարբերակներ կարելի է գտնել բլոգումս, «Թագուհի Լուիզայի կամուրջի» ու «Ջազ կաֆեի» վերջնական տարբերակներն էլ Ինքնագրում, գրքի պատմվածքների մեծ մասը նախկինում առցանց հարթակներում չհրապարակված գործեր են։

4. Ինչի՞ մասին են պատմվածքները։
Այս հարցին ընթերցողները երևի ավելի լավ կպատասխանեն, բայց մի երկու բառով ասեմ. պատմվածքների իրադարձությունները տեղի են ունենում տարբեր քաղաքներում, ու բոլոր կերպարներին մի բան է միավորում. սեր ու մտերիմ հարաբերություններ են փնտրում այլ մարդկանց հետ։ Ոմանց մոտ ստացվում է, ոմանց մոտ՝ ոչ, ոմանց մոտ էլ ոչ այնպես, ինչպես իրենք էին ուզում։

5. Քո՞ անունն է դժվար հիշվող անունը։
Չէ։ Հարցի ավելի մանրամասն պատասխանը ստանալու համար կարդացեք այստեղ։

6. Ինչու՞ գիրքը գուդրիդսում չկա։
Կա, ուղղակի անունս լատինատառ է, գիրքը՝ հայատառ, դրա համար շփոթություն է առաջացնում։